Կոմիտաս Հակոբյանը ծնվել է Արցախում, 1972-ին եւ զոհվել 1994-ի մայիսի 5-ին՝ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի ազատագրական մարտում, 22 տարին չբոլորած։ Մի քանի օր էր մնում հաղթանակին եւ նրա ու սիրած աղջկա` Նունեի հարսանիքին:
Կոմիտասն առաջին արցախյան պատերազմին մասնակցած գրողներից է, որի ստեղծագործությունը արժանացել է ուշադրության, տեղ գտել գրչակից ընկերների ու գրականագետների գնահատականներում։ Նրա բանաստեղծությունները լի են երիտասարդական ավյունով, սիրելու ու սիրվելու ցանկությամբ, հայրենքի ու գրականության հանդեպ սիրով։ Սակայն պակաս հետաքրքիր չեն նաեւ նրա օրագրային գրառումները, որոնցում բացի արժեքավոր տեղեկություններից զինակից ընկերների ու հայտնի հրամանատարների մասին, պահպանված է նաեւ այն յուրահատուկ բարոյահոգեբանական մթնոլորտը, որ բնորոշ էր անկախությամբ եւ արցախյան ազատամարտով նշանավորված 90-նականների առաջին կեսին։
«Գրողուցավ»
Ապրիլի 7, 1993, Քերթ
Վաղուց գրիչ չեմ վերցրել ձեռս: Այսօր որոշեցի մի քանի տող գրել անցած ու անցնող օրերից: Մի ամսից ավել է, ինչ չեմ եղել Ամարասում:
Տխուր, սևով երիզված օրեր եղան… Կորցրինք Թևոսին, մեր ընկերոջը, մտերիմին… Կորցրինք էլի շատերին:
Իսկ 5 օր առաջ ազատագրեցինք Ղաջարը, Խազազը: Ամեն ինչ հաջող անացավ: Հիմա դիրքերը լինելու են Ղաջարում, որտեղ ամեն ժամի «գրադը» կարկուտ է թափում:
Գյուղում ամեն ինչ նորմալ է: Ղաջարից հետո տղերքի հետ հանգստանում ենք: Իսկ օրերը տաք են, ու հաճելի կանաչով է պատվել գյուղը: Զվարճալի րոպեներ լինում են: Շարունակում եմ դասերս դպրոցում:
Ստեփանակերտում ունեմ բնակարան, իսկ օգոստոսին կամուսնանամ և… նշանակալի իրադարձություն կլինի իմ կյանքում: Իսկ եթե կռիվը շարունակվի, արդեն վատ է…
Ապրիլի 24, 1993
Առեղծվածային օրեր են: Դիրքերի փոփոխություն, ժամանակավոր (եռօրյա ) զինադադար է… Սգո օրեր: Կորցրինք Մանվելին: Եվ ապրեցինք ծանր դրվագներ: Այդ օրը թուրքական ականանետերը կարկուտ էին թափում մեր դիրքերին: Զոհվեցին 7 հոգի: Իսկական աղետ էր: Մի օր առաջ ձյուն եկավ, իսկ այսօր հրաշալի եղանակ է: Եթե տա Աստված, պատերազմը շուտափույթ վերջանա, հոյակապ կյանք ենք վարելու:
Ապրիլի 29, Քերթ
Երաժշտություն է: Ազդող: Վայելքի րոպեներ են, անջատման պահ: Յասամանի մի առատ փունջ` անկրկնելի նազանքով խոնարհված մոմակալում նվազող մոմին: Մոխրամանի մեջ վերջացող սիգարետի ծուխը՝ ձգված դեպի մոմը: Կիսաբաց մի գիրք ու լուցկի:
Գեղեցկություն է սա, կյանք: Առանձնահատուկ ու անկրկնելի:
Մայիսի 21, Քերթ
Ես մի օր անցած-անցնող օրերի վերհուշը կապրեմ ու հոգիս կփառավորվի:
Ես ապրում եմ ուրախ ու անուրախ օրեր, իմ հիշողության մեջ դաջվում են վայելքի ու բերկրանքի օրեր: Ես մեծանում եմ, ու իմ առօրյան, գիր ու գրականության պակասից հալումաշ լինող առօրյան, թրծվում է ժամանակի խայտաբղետ դեպքերի ու իրողությունների հոսքում:
Իմ վաստակա՞ծն է շատ, թե՞ կորցրածը: Առայժմ չգիտեմ: Դա ցուց կտա ժամանակը: Միայն մի բան ակնհայտ է, մտավոր այս արձակուրդը միևնույն ժամանակ աշխարհայացքի ձևավորման մի ուրիշ ձև է: Առ այսօր անորոշ այս ժամանակաշրջանում այլ կերպ ապրելն անհնար է:
***
Կարոտացավից արյունս… վարակվել է: Արյունս տենչում է քեզ: Դու գիտե՞ս… դու գիշերն ես իմ: Դու շնչում ես իմ մեջ: Բայց դու չկաս հիմա: Ու ես տառապում եմ կա-րո-տա ցա-վից:
Իմ գիշերները այրվում են քեզնով, իմ երազները քեզնով են սնվում: Դու գունավոր իմ երազների վերելքն ես հեռավոր ու պատրանքային:
Բայց դու… Գունավոր իմ երազների ճերմակ թագուհի, դու կհայտնվես ինձ մոտ, տեսիլքի պես, ու այնժամ Արյունս չի ցավի այլևս, և դու կդառնաս իմ իսկական գիշերը:
Մատներս քեզ կսիրեն երկար, տենչերս կփշրվեն քո մեջ: Ու երբ սեր-գիշերը հայտնվի վերջալույսի մատույցներում, մենք կնվաղենք երազային մակույկում…
Սեպտեմբերի 8, Քերթ
ԱՎՈ: Նա ոչ լեգենդ էր, ոչ էլ առասպել: Նա ՄԱՐԴ ԷՐ: Հողողեն:
Ես նրա մասին հուշն այս գրում եմ ոչ իբրև մտերիմի կամ ընկերոջ, այլ իբրև զինվորը պաշտպանական այն շրջանի, որի հրամանատարն ինքն էր: Իմ գիտակցական կյանքում հանդիպածս միակ մարդը, որը կատարյալ է մարդկային իր ամբողջ ներաշխարհով, Մոնթեն էր՝ այն հումանիստ, կատակասեր ու վերին աստիճանի աչալուրջ մարդը:
Ես ունեմ քաղցր մի հիշողություն, որը վերապրելուց փառավորվում է հոգիս: 92-ի նոյեմբերի 8-ն էր: Այդ օրը ինձ բախտ վիճակվեց նրա հետ նետվել մարտի, և այդ մարտը դաս կդառնա ինձ համար, որի ամբողջ տեսարանը կնքված է իմ հիշողության էկրանին: Մարտադաշտում նա ոգի էր, առյուծ: Ճարտարի գումարտակը հաջողությամբ գրավեց Ուրյան սարը, մենք էլ բարձրացանք Խազազ: Ղաջարի դարպասը հանդիսացող դիրքերի մոտ ծավալված դաժան մարտում ունեցանք զոհեր և մի շարք վիրավորներ: Թշնամու արկը ընդհատել էր հրմանատար Արմենի կյանքը անտառում:
Ավոն տեղյակ էր դրան: Գիտեր նաև, որ վատթար է դրությունը: Երբ թշնամու ուղղաթիռները օդ բարձրացան, մենք պատրաստվում էինք թողնել բարձունքը: Թշնամու օգնության հասած ուժը նեղում էր:
Եվ լսեցինք Ավոյի ձայնը ռադիոկապի մեջ: «Անդառը, անդառը պահեք»,- գոչում էր: Մենք միայն մարտից հետո ի մացանք, թե ինչու է քաջ հրամանատարը ստիպում անտառը պահել: Մենք կրկին վերադարձանք մեր դիրքերը, իսկ Ուրյանում տղերքն արդեն դիրքեր էին պահում:
«Թուք իմ պես զինվոր պիտի ըլլաք»,-հաճախ էր ասում, երևի ինքն էլ չըմբռնելով, որ իր նման զինվոր լինելու համար հարկավոր է առաջին հերթին իր նման մարդ լինել:
Բարի էր և, ի տարբերություն բոլոր հրամանատարների, երբեք չէր հայհոյում, և իր համար ամենածանր հայհոյանքը , որը ստիպված օգտագործում էր ջղայնացած րոպեներին, այս էր ընդամենը՝ «Թուն էշ ես»:
Միշտ խուսափում էր ավելորդ զոհեր տալուց ու յուրաքանչյուր զինվորի կորստյան համար տառապում էր: 92-ի սեպտեմբերին, երբ մեր գումարտակը հերոսաբար դիմադրում էր թուրքական տասնյակ տանկերին ու հարյուրավոր հետևակին, մի օր մարտից հետո հավաքեց մեզ ու ասաց. «Թուք արծիվներ եք: Լավ ջարդ տվիք ազերիներին, բայց տղաների կորուստը ինձ շատ կլացացնե»:
Նա բյուրեղյա հոգի ուներ և յուրաքանչյուր զինվորի հոգեբանության մեջ ոգեշնչել էր ամենավեհ զգացմունքը՝ հայրենասիրությունը, որ ամենակարևորն էր կործանվող հայրենիքի համար: Չէր խմում ու չէր ծխում, միայն… շատ էր մածուն ուտում: «Ադիկա թույն է»,-հաճախ էր կրկնում, երբ օղի էին առաջարկում:
Մենք ծանր տարանք նրա կորուստը: Ոմանք երկյուղում էին, որ մենք տանուլ կտանք այս պատերազմը: Սակայն նա հայտնվում էր մեզ մոտ ամեն մարտի ժամանակ, ու նրա դասերն ու ոգին մեզ առաջ էին մղում:
Մարզիլլուն նրա համար ճակատագրական եղավ: Մենք չէինք ուզում հավատալ… Ես ռադիոկապով Նորայրից (քեռուս տղան է) կամեցա իմանալ ճշմարտությունը: Լսեցի նրա հուսահատ ձայնը. «Բոլորին, բոլորին…»։ Միայն այսքանը, ու ինձ համար ամեն ինչ հասկանալի էր: Վախճանվել է «Օ- Օ»-ն:
Նա ոչ լեգենդ էր , ոչ էլ առասպել էր նա: Նա ՄԱՐԴ էր: Հողեղեն, որը Միացյալ նահանգներից եկել էր կործանվող Արցախը փրկելու: Նա փրկեց Հողը, Երկիրը, Մարդկանց, ինքն այդպես էլ հավիտենից հավիտյանս զրկվելով Տիրոջ լույսից: Նա դարձավ լեգենդ ու առասպել՝ սերունդներին կտակելով ապրելու իրավունքը:
Սեպտեմբերի 17, 1993
ԱՄԱՐԱՍ
ՊԱՏԴ ԶՐԱՀ Է
ՈՒ ՀԱՎԱՏ Է ԶԱՆԳԴ
Պատերազմական իմ առօրյան անցել է Ամարասում: Վանքը գտնվում էր չեզոք դիրքում:
Ես երբևէ չեմ մեկնաբանել իմ օրագրային գրառումներում սկզբնական ժամանակաշրջանում զինվորական իմ կարիերան: Այն տագնապոտ էր և զվարճալի, ձանձրալի էր և ուրախ: Երկու գիշերվա ընթացքում խրամատավորվեցինք վանքից 100- 50 մետր հեռավորության վրա: Առաջին գիշերները չէինք թարթում աչքներս, և ամեն չխկոցից ձորը որոտում էր մեր կրակահերթերից: Հետո… Անցան օրեր, և մենք կարծես առնականացանք ու ավելի վստահ դարձանք:
Գիշերը շրջանցում էինք ականապատված դաշտը ու մոմեր վառում վանքում: Հետո այնքան սովորական էր դարձել այդ ամենը, որ մի օր որոշեցինք ոչխար խորովել վանքում:
Բայց սթափվեցինք ու զգացինք , որ վտանգավոր է…
Դրանից հետո ինչքան գնդացիր ու ավտոմատներ են որոտացել վանքի պատերի տակ, քանի տասնյակ զրահամեքենաներ են հռնդացել ու շարժվել դեպի մեր դիրքերը: Ինչքան արցունքներ են կսկծացրել մեր աչքերը՝ նահատակաց համար: Ուժերի ու ջղերի գերլարումով մնացել ենք անսասան, իսկ թուրքը իր մահն է գտել այստեղ:
«Գրադի» ինչքան հրթիթներ ու արկեր են կպել վանքի պատերին: Բայց… Պատը զրահ է: Քարի մի կտոր անգամ չի լքել իր դիրքը:
Այս է Ամարասը՝ ազատ, արևանիստ տաճարը մեր հոգու:
Ձմռանը այնտեղ ցեխ էր ու ցուրտ, հաճախ մինչև ծնկները հասնող ձյուն, բայց հետաքրքիր էր ու զվարճալի: Բլին դաժում տաք էր լույս էլ ունեինք : Համարյա չէինք քնում: 8-9 ժամ անց էինք կացնում խրամատում, իսկ մնացած ժամերին զրուցում ու հազվադեպ խմում ու ծիծաղում էինք:
Մենք գետի աջ ափին էինք, իսկ Մաճկալաշենի վաշտը՝ ձախ ափին: Իրար միացնող կամուրջը կար, որտեղով գիշերն անցնելը վտանգավոր է: Այն փայտե երկու տախտակներից էր շինված և գիշերը սառցակալում էր: Մի գիշեր այդ պատճառով մնացինք հարևան բլինդաժում: Ձմռանը երկու օրով էինք կանգնում և ճաշերի ժամին պատրաստ սպասում, թե երբ կգա «Գաթան» (Հրաչիկը Մաճկալաշենից)՝ ավանակը բարձած որևէ կերակրով: Ու սառցակալած ափսեներով շտապում էինք գետի ձախ ափ՝ սառցակալած շուրթերով տաք կերակուր ուտելու: Իսկ հերթափոխի ժամանակ ոտքով 2-3 կիլոմետր շարժվում էինք վերև՝ ծանրացած ու անքուն մարմիններիս վեցօրյա հանգիստ շնորհելու:
Մարտի 5, 1994, Քերթ
Ասում եմ ՍԵՐ ու խորանում եմ: Գիշերվա տափաստաններում:
Ապրումն ընկալելու համար պետք է թափանցել տողատակերը: Եթե իմ փոխարեն մի ռոբոտ լիներ՝ անպայման կդադարեր ռոբոտություն անել: Մի օր ես քեզ կպատմեմ բոլորը ու դու կասես. «Այդ ինչպե՞ս է, որ դու դեռ չես գժվել»: Ու դու կզարմանաս, որ դեռ սիրում եմ խելագարի պես:
Իմ հոգին առեղծվածային է: Իմ մեջ պատերազմում են լացն ու ծիծաղը: Այնտեղ հաշիվը հավասար է: Եթե հաղթի առաջինը, ես կդադարեմ պայքարել և զզվելի կդառնամ:
Ես կռվում եմ: Պայքարում եմ: Պատերազմում եմ: Սա ճակատագիր է, որ բաժին է ընկած ի վերուստ: Մեր սերնդին բաժին հասավ, ուրեմն մենք պետք է դիմանանք:
Ասացի ՍԵՐ ու խորացա: Դեռ շատ բաներ ունեմ ասելու: Հիմա վերջ կտամ այս աբսուրդ փիլիսոփայությանը և կպատմեմ. ես իմ բաժին պայքարն ունեմ այս պատերազմում: Այս ապրումն ինձ համակել է 19 տարեկանում, երբ առաջին անգամ ավտոմատը վերցրի ձեռքս, ու սկսվեց մարտական իմ կենսագրությունը: Այն ժամանակ ես կյանքին ու գեղեցկությանը սիրահարված մի հոգի էի ու գիշերները բանաստեղծություններ էի գրում: Սակայն այս երեք տարում այնքան մեծացա, այնպես արագորեն փոխվեցին իմ հայացքները: Ես զարմանում եմ:
Պատերազմն ահավոր երևույթ է: Շաբաթներով տնից ու տեղից բացակայելը՝ ոչ դյուրին: Սա դեռ ահավոր չէ: Կա ահավոր մի ուրիշ բան: Մարտի գնալուց առաջ հայտնի է բո- լորին, որ զոհվել կա: Բայց իմ ընկերներն այնպիսի տղերք էին, որ կամովի էին գնում մահվան: Մեռնողը մեռնում է: Նրանց լուսե մարմինները հանձնում ենք հողին, հերթով համբուրում հողաթումբը ու գնում մարտի՝ նրանց սուրբ անունները կրելով մեր մեջ: Մենք չենք կորցնում մեր ոգին: Ծիծաղում ենք, ուրախանում ենք, երաժշտություն ենք լսում, ծննդյան տոներ ենք նշում: Բայց այդ րոպեներին կարող ենք դառնանալ, փոթորկվել ու… հասկանալ է պետք, որ մենք ռոբոտ չենք, մեր ուղեղները միս ու արյունից են:
Դե արի ու, Կոմիտաս Հակոբյան, սիրիր այնպես, որ քո Նունեն չվշտանա, նրան մի կոպտիր, որ չասի, թե՝ դու ինձ չես սիրում, միշտ նստիր մոտը ու «սիրեմ-սիրեմ» խաղա: Չէ՞ որ ուրիշ տեղեր այդպես են սիրում:
Ուրիշ տեղեր այդպես են սիրում, այո: Բայց ուրիշ տեղեր ինձ պես չեն սիրում: Սա, իհարկե, վիճելի հարց է, բայց մի բան ակնհայտ է՝ պատերազմ է, ու մենք էլ՝ ԶԻՆՎՈՐ:
Մի օր կվերջանա ամեն ինչ, ու հոգնած մարմինս հանգիստ կվայելի (եթե կամենա Աստված): Ու դու կնայես մազերիս ճերմակին ու կհարցնես. «Այդ ե՞րբ ճերմակեցիր, ինչու՞ ճերմակեցիր…»: