Ջորջո Ագամբեն/Հպման փիլիսոփայությունը

Հպվելիս երկու մարմին շփվում են: Բայց ի՞նչ է նշանակում հպվել: Ի՞նչ է շփումը:

Ջորջո Քոլլին դրա ճշգրիտ սահմանումը տվեց՝ նշելով, որ երկու կետ դիպչում են, երբ դրանք բաժանված են միայն ներկայացուցչական վակուումով: Շփումը հպման կետը չէ, որն ինքնին չի կարող գոյություն ունենալ, քանի որ ցանկացած շարունակական մեծությություն կարելի է բաժանել: Ասում են, որ երկու սուբյեկտներ շփվում են, երբ նրանց արանքում միջնորդ չկա, երբ նրանց շփումն անմիջական է։ Երբ երկուսի միջեւ ներկայացման որոշակի փոխադարձ հարաբերություն կա (սուբյեկտ-օբյեկտ, ամուսին-կին, տեր-ծառա, հեռավորություն-մերձություն), ապա չի կարելի ասել, թե նրանք շփվում են։ Սակայն եթե ամեն տեսակի ներկայացուցչական գործողություն ձախողվում է, եթե նրանց միջեւ կապ չկա եւ չկա ոչինչ, այնժամ եւ միայն այնժամ կարելի է ասել, որ նրանք շփվում են։ Դա կարելի է նաեւ այլ կերպ արտահայտել՝ ասելով, որ կապը ներկայացուցչական չէ, որ հնարավոր չէ ներկայացնել դիտարկվող հարաբերությունները կամ, ինչեպես գրում է Քոլլին, «կապը, հետեւաբար, ներկայացման ոչնչի, մետաֆիզիկական բացատի ցուցանումն է»։

Այս սահմանման թերությունն հետեւյալն է․ քանի որ այն ստիպված է դիմել զուտ բացասական արտահայտությունների, ինչպիսիք են «ոչ մի բան»-ը և «ոչ ներկայացուցչական»-ը, վտանգ կա, որ այն կտարրալուծվի խորհրդապաշտության մեջ: Քոլլին ինքն էլ նշում է, որ շփումը կարելի է անմիջական համարել միայն մոտավորապես, և որ ներկայացումը երբեք չի կարող ամբողջությամբ վերացվել: Վերացական բաների մեջ ընկնելու վտանգից խուսափելու համար օգտակար կլինի վերադառնալ ելման կետ և նորից ինքներս մեզ հարցնել, թե ինչ է նշանակում «դիպչել», այսինքն ՝ կասկածի տակ դնել շոշափելիքի զգայարանի այդ ամենապարզ ու անմիջական զգացողությունը։

Արիստոտելն անդրադարձել է շոշափելիքի զգայարանի առանձնահատկությանը, որը տարբերում է այն մյուս զգայարաններից: Յուրաքանչյուր զգացողության համար կա միջավայր (metaxy), որը որոշիչ գործառույթ է խաղում. տեսողության համար միջավայրը թափանցիկությունն է (diaphane), որը գույնով լուսավորված լինելով՝ ներգործում է աչքերի վրա, լսողության համար օդն է, որը շարժվելով ձայնի մարմնից՝ հարվածում է ականջին: Ինչն է տարբերում շոշափելիքը մյուս զգայարաններից։ Այն, որ մենք շոշափելին ընկալում ենք ոչ թե «որովհետև միջավայրը ներգործում է մեզ վրա, այլ միջավայրի հետ միասին (ama)»: Այդ միջավայրը, որը մեր հանդեպ արտաքին չէ, այլ գտնվում է մեր ներսում, մեր մարմինն է (sarx): Դա նշանակում է, որ շոշափվում է ոչ միայն արտաքին օբյեկտը, այլեւ նրա շարժած եւ տեղափոխված մարմինը։ Որ, այլ կերպ ասած, շոշափելիս մենք դիպչում ենք մեր սեփական զգայունությանը, ազդում ենք մեր սեփական ընկալունակության վրա: Մեր հայացքի մեջ չենք կարող տեսնել մեր աչքերը և լսելիս չենք կարող ընկալել լսելու մեր ունակությունը, մինչդեռ շոշափելիս դիպչում ենք հպվելու և շոշափված լինելու մեր սեփական ունակությանը: Այլ մարմնի հետ շփումը, այսինքն, միասին և, առաջին հերթին, շփումն է ինքներս մեզ հետ: Շոշափելիքը, որը կարծես թե երկրորդական է մյուս զգայարանների նկատմամբ, հիմա ինչ-որ առումով առաջնայինն է, քանի որ հենց դրանում է ծնվում մի բան, որ կարող ենք սուբյեկտ համարել, որը տեսողական եւ մյուս զգայարանների դեպքում միայն վերացականորեն ենթադրվում է։ Մենք ինքներս մեր առաջին փորձառությունն ունենում ենք, երբ այլ մարմնի դիպչելով, միասին շոշափում ենք մեր մարմինը։

Եթե մենք վերացնենք բոլոր շփումները, ինչպես այսօր այլասերված կերպով փորձում ենք անել, եթե ամեն ինչ և բոլորը իրարից հեռու մնան, ապա մենք կկորցնեինք ոչ միայն այլ մարմինների փորձը, այլև առաջին հերթին մեր մարմինը զգալու անմիջական փորձը, այսինքն ՝ մենք պարզապես կկորցնենք մեր մարմինը:

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: