Հարևանս հրավիրեց սուրճ խմելու: Նրա խոշոր, կանաչ աչքերի արտահայտությունը չփոխվեց, երբ ես ներս մտա: Նրա մսոտ, վարդագույն շուրթերը մնացին նույնը, ասիմետրիկ:
Հարևանիս անունը ես չգիտեի, չնայած մենք ծանոթացել էինք մի քանի ամիս առաջ:
Նա գրկից վայր դրեց իր 2 տարեկան երեխային, ձեռքերով բռնեց շրջազգեստը և արտասանեց.
– Գնանք քաղաք, խանութներ, կզբոսնենք, կոֆե կխմենք, կինո կգնանք։ Եթե ուզես:
– Բա երեխա՞ն։
– Մամաս կնայի:Ամուսինս էլ գնացել է Ղարաբաղ, վաղը երեկոյան կգա, – շտապեց ավելացնել նա:
Ճանապարհին վարորդն անդադար խոսում էր: Առհասարակ այդ վարորդը, ամեն օր, նույն բանն էր պատմում: Ամեն նախադասությունը սկսելով «ես ճիշտ եմ ասում» արտահայտությամբ:
Կենտրոնը մարդաշատ էր: Մենք որոշեցինք գնալ խանութ, որտեղ աննակարագրելի զեղչեր էին: Ինչպես միշտ:
Ես ուրախ էի, որ հարևանս համարյա չի խոսում, որովհետև չգիտեի, թե ինչ կարելի է խոսել կենցաղով ապրող մարդու հետ` ուտելիքներից, հագուստից ու երեխաներից բացի:
Հարևանս գնեց դեղին շոր: Ես նկատել էի, որ նա դեղին շատ է հագնում:
Խանութի աղմուկի մեջ նա հանկարծ հարցրեց.
– Դու քեզ լավ չես զգում վերջերս, ինչ-որ բա՞ն է պատահել։
Ես շրջվեցի՝ ձևացնելով, թե չեմ լսել հարցը:
Մենք դուրս եկանք փողոց:
Ես հույս ունեի, որ նա չի կրկնի իր հարցը, բայց…
– Մի անգամ ես շատ վատ էի, ու պատճառ չկար, – սկսեց նա,- հետո հասկացա, որ հիշել եմ շատ վատ բան: Դե ոչ թե հիշել եմ, այլ զգում եմ դա, հասկանո՞ւմ ես։
Նա քայլերն արագացրեց:
– Ամուսինս հարցրեց՝ Անուշ, ի՞նչ է կատարվում քեզ հետ, իսկ ես չկարողացա նրան բացատրել թե ինչ է կատարվում։
Անուշ: Հարևանիս անունը Անուշ է: Ես սկսեցի նյարդայնանալ:
– Անուշ, արի գնանք, խմենք:
Ճաշարան հիշեցնող բարը համարյա դատարկ էր:
– Երկու հատ վիսկի կոլայով:
Մենք միանգամից դատարկեցինք բաժակները:
– Կրկնեք,- հրամայեց Անուշը:
Երկու հատը դարձավ չորս, հետո վեց:
– Ես հարբել եմ, հիմա զանգիր մամայիս ու ասա, որ մենք ուշ ենք գալու:
– Ե՞ս։
– Հա, ես չեմ կարող խոսել:
– Քո կարծիքով ես կարո՞ղ եմ։
– Հա, դու ինձանից լուրջ ես, – ասաց Անուշը և այնքան բարձր ծիծաղեց, որ ինձ թվաց, թե վզի երակները կպայթեն ու արյունը կժայթքի իմ ապուշ կտրած դեմքին:
Բերանս բաց էր, ու ես վախեցած այն փակեցի:
Դուրս եկա փողոց: Օդը սառն էր, երկինքը աստղաշատ, քամին մարմինս օրորում էր այս ու այն կողմ:
– Ալո, տիկին Մարի, մենք ուշ կվերադառնանք… Ի՞նչ։ Չէ, նա զուգարանում է: Ես որոշեցի ձեզ զգուշացնել: Այո, չանհանգստանաք:
Տիկին Մարին շատ բարի կին էր, նա ուրախացել էր, ինձ թվում է, որ մենք ուրախանում ենք:
Ես ներս մտա և հայտնաբերեցի Անուշին սեղանի վրա նստած, նա երգում էր, իսկ մատուցողն ու բարմենը զինվորների պես կանգնած ունկնդրում էին և չէին համարձակվում նույնիսկ ժպտալ:
Ես մոտեցա Անուշին և փորձեցի նրան տեղաշարժել:
Երգն ընդհատվեց:
– Երկու հատ վիսկի կոլայով, – գոռաց նա ականջիս տակ:
– Մուզիկա, գդե մուզիկա, յա նե պոնիմայու, – շարունակեց նա նորից գոռալով:
Անուշը սկսեց պարել, ավելի ճիշտ ճոճվել և հետո սկսեց երգել: Ես պտտվում էի սեղանի շուրջը և փորձում էի նրան պաշտպանել անհաջող վայրէջքից:
Մատուցողը մոտեցավ ինձ և խնդրեց, որ ես իջեցնեմ Անուշին սեղանի վրայից:
– Նա ինքը կիջնի, մի քիչ հետո կհոգնի և կիջնի,- ասացի ես:
– Ոչ, դուք հենց հիմա կիջեցնեք և դուրս կգաք այստեղից:
– Հարգելիս, այստեղ մեզանից բացի ոչ ոք չկա, մենք այսպես թե այնպես դուրս ենք գալու մի տասը րոպեից, բերեք մեր հաշիվը:
– Դուք երևի լավ չեք հասկանում ինձ, – ձայնը բարձրացրեց մատուցողը,- հենց հիմա:
Անուշը շրջվեց դեպի մեզ և բարմենին ձեռքով նշան արեց, որ վերջինս անջատի երաժշտությունը:
– Սսսիրելի մատուցող, դուք ինչ- որ բա՞ն ասեցիք,- հարցրեց Անուշը շատ մտահոգված տոնով, վերջին բառն արտասանելիս նրա շունչը կտրվում էր:
– Անուշ,- փորձեցի ցրել լարված մթնոլորտը,- իջի սեղանի վրայից, մենք գնում ենք, մեք դեռ երկար ճանապարհ ունենք գնալու, հիշո՞ւմ ես:
– Իջեք սեղանի վրայից, տիկին, – նորից ակտիվացավ մատուցողը,- իջեք և հենց հիմա դուրս կորեք այստեղից:
Մոտեցավ բարմենը:
– Դուք, երկու ցնդածներ, ռադներդ քաշեք այստեղից: Ահա ձեր հաշիվը:
Ես սկսեցի փողեր փնտրել գրպանումս և հաշվել դրանք:
Անուշը խնդրեց՝ իրեն փոխանցեմ իր կաշվե, դեղին պայուսակը:
Մատուցողն ու բարմենը չարացած խոսում էին իրար հետ, շշուկով:
Հանկարծ Անուշը սկսեց ձեռքը թափահարել օդում, և մի քանի ակնթարթից միայն հասկացա, որ նա թափահարում է իր դեղին պայուսակից հանած ատրճանակը:
Բոլորս մեխվեցինք մեր տեղերում:
Նա կրակեց բարմենի սրտին՝ աղաղակելով.
– Սա քեզ, ստոր արարած:
Հետո ատրճանակն ուղղեց մատուցողի վրա.
– Խնդրում եմ, խնդրում եմ,- սկսեց մատուցողն ու չհասցրեց ավարտել իր նախադասությունը:
Անուշը կրակեց նրա վզին:
Մատուցողն ընկավ բարմենի վրա:
– Հիմա կարող ենք գնալ,- ասաց Անուշը:
Բարի կարմիր լույսերի փայլերն արտացոլվեցին արյան մեջ:
Մենք դուրս թռանք փողոց և նստեցինք առաջին պատահած տաքսին:
– Ինչ լավ էր,- ասաց Անուշը,- ես այսօր ուրախացա այնպես, ինչպես երբեք: Եթե նկատեցիր, մենք հաշիվը չփակեցինք: Շատ բարի մարդիկ էին, շատ լավն էին նրանք:
Ես ոչինչ չասացի, մտածում էի՝ տեսնես Անուշը որտե՞ղ է սովորել այդքան լավ կրակել:
Այդ դեպքից հետո ամիսներ են անցել: Ոչ ոք չեկավ մեր հետևից, ոչ ոք չէր էլ կասկածում, որ մարդասպանը դեղին շրջազգեստով, 2 երեխաների մայրն է: Քչախոս Անուշը:
Մենք երբեմն սուրճ ենք խմում արևածագին կամ էլ աստղերի տակ ու լռում ենք: Շատ երկար: