Թխսի պես՝ տաքությունը պահելու համար թեյնիկին նստեցրած տիկնիկի նման, լայնազատ հանդերձանքի մեջ ու մոտը կանգնած Էդուարդո Յալանուզյանի վերձիգ հասակի կողքին իրականից էլ ավելի փոքր թվացող կամավորական զինվորը ճամփեզրին կքած, անձնական իրերն ուսապարկի մեջ դասավորելով, ինչ-որ բան էր պատմում, այնինչ ընկերը վաղուց հագուկապով, առավելագույնս զինավառ, համբերատար սպասում էր հանգիստ, ճանապարհվելուն պատրաստ։ Վռազել պետք չէ, եթե շտապում ես։ Որ նույն բանը երկու անգամ չանես։ Մի բան մոռանալ կա, թերանալ կա, հանգամանքների անսպասելի զուգադիպման թարսություն կա, մի բան աչքաթող անել, ի վերջո՝ սխալվել կա։ Այդ գործը հանգիստ է սիրում։ Եվ Էդուարդո Յալանուզյանը համբերությամբ այդպես սպասում էր ու, ընկերոջ պատմածին երբեմն արձագանքելով, ցուցադրում էր, թե որքան ուշադիր է լսում ու թե այդ ամենն ինչքան հետաքրքիր է։ Այս անգամ ասաց՝ օ՜․․․
– …Էդպես անկախ ու մի տեսակ վերևից, կանաչ աչքերով նայում էր,- ասաց զինվորը։
– Մանչին։
– Հա, ինձ։ Մի տեսակ կարևորություն չտալով նայում էր, բայց ոնցոր իր համար մի բան հետաքրքիր էր։ Ոնցոր ասեր՝ ամեն մարդ իր համար, բայց դու մի բան գիտես՝ ուզում եմ ես էլ իմանամ…
– Դու։
– Հա։ Ու ոնցոր մեջներս մի գաղտնիք լիներ…
-Երկուքիդ։
– Բայց առաջին անգամ էինք հանդիպում,- չտեսնող, կարճ հայացք գցեց ընկերոջ կողմը։- Ու էդպես նայում էր։
-Էդպես՝ տեսակ մը։
Զինվորը գործն ընդհատեց.
-Է’դ,- ասաց ծանր, լուրջ,- աշխարհը ոտնատակ տված մարդ ես, Է’դ, օվկիանոսի վրայով էլ թռել ես… Ո՞նց է լինում՝ վճռել ես, հոգիդ խաղաղ, պիտի ճանապարհվես ու…
– Մեկեն ու մեկ կնային։ Տեսակ մը։
– …
-Աչքերն ալ՝ կանաչ։
– …Ծաղրում ես։
-Ատանկ է, մանչս,- այլևս բարձրաձայն, խնդաց Էդուարդո Յալանուզյանը։- Ըսել կուզիմ՝ առաջ ու առաջ կանաչ կսեպվե։ Կանաչը հետաքրքիր է։ Ճահիճին գույնն է, ծպտյալ խորքեր կպարունակե։
Նոփ-նոր, ճիշտ իր վրայով համազգեստն ուսապարկի մեջ տեղավորելիս՝ հիմա ի՞նչ, ասաց զինվորը, փաղաքուշ զննելով։
– Ժամանակը սեղմ է, կանուխ վերադառնանք պիտի։- Ապա ավելացրեց՝ մանչս․
«Մանչս,- ասաց,- ճիշտն է համազգեստդ բեռ չանես։ Նորը հագիր, հինը ձգե»։
– Որ մաքուր մնա։ Էնտեղ կհագնեմ թարմ։
– Երկու օր… Սա տղուն պարզ խոսք չի պիտի հասկցվի… Մեկ օր երթանք, մեկ օր դառնանք պիտի։ Հրամանատարին հաշվարկն ստույգ է, տղա՛։
– Թող,- ասաց զինվորը։- Թող, որ երկու օր։ Բայց՝ շրջանցող, երկար ճանապարհով… – Ուղիղը վտանգավոր կդիտվե։ Ապահովության համար է շրջանցողը։
– Ի՞նչ ապահով…
Աքլորի պես վիզը ցցած, լայնանիստ հանդերձանքի մեջ խճճուն ընդվզման հանկարծահաս այդ ցույցում զավեշտ կար, Էդուարդո Յալանուզյանն ասաց․
– Որ ամպ է ու հով։
Ապա խստաբար լուրջ. «Առաջադրանքը կատարվի պիտի, զինվո՛ր։ Ապահո՜վ… Կարևորն ապահովն էր՝ մնայինք տանը»։
– Ահա՜,- կանգնածի իր վերևներում ասես դրան էր սպասում՝ ցավոք, այդպես էլ եղավ, Էդուարդո Յալանուզյանը ցուցանող մատը տնկեց։- Անդրանիկը Զանգեզուրեն գալիս էր եղեր, ետ դարձուցին։ Նախիջևանն ազատագրեր էր, ո՞ւր է։ Կա’րսը… Կարսում միսմի կենտ՝ կայազորին պետի ինքնասպան կրակոցն եղեր է… Ալեքպոլցի մեծ մամ ունեցեր եմ, հերոս կինմարդ կսեպեին… Ինչո՞ւ հերոս, գիտե՞ս։ Ինչ է թե տակավին մինչև Կարսը հանձնելը, Կարսը լքած ութ էրիկմարդ իրենց մառանում ծածուկ պահեր էր եղեր։ Ութ զինվո’ր։ Դասա’կ մը։ Թուրքից ու մերիններից ալ ծածուկ։
Զինվորը կապիչ թելն ուսապարկի վզով, բութ մատի վրայով երեք պտույտ փաթաթեց, դուրս հանած մատի տեղով թելն անցրեց, ասաց. «Ուրեմն գյուղ չմտնենք»։ Ջղային ձգելով, կապը պնդեց ամուր։
– Ասել կուզիմ,- Էդուարդո Յալանուզյանը կարճ դադար տվեց,- Անդրանիկը ետ թե չդառնար… Ի՛ր մեղքը չէր, բա՛յց։ Ամեն սերունդ իր բաժինն անի պիտի, որ հետոյի եկողն ալ… Հասկցա՞ր։
Գործն ավարտած՝ զինվորը գլուխը բարձրացրեց, դեպի իրենց մեկը գալիս էր փութանակի, հետ մնացածի լայն-լայն քայլերով։ Պիտի հարցներ՝ էն ո՞վ… Եկողն այնքան արագ էր գալիս, չհասցրեց հարցնի, ասաց՝ հույսդ դիր էշ Հակոբի վրա…
Գյուղն ազատելու հաջորդ օրն էր Հակոբը տեղ հասել, ազատագրվածն էլ մի քանի անգամ ձեռքից ձեռք անցած, ավերած-սրբած, ասել ու ասածը կրկնել էր՝ էշ-էշ հելա եկա էսքան ճամփեն, էշ-էշ հելա եկա… Փնթփնթոցից միայն էշ-էշն էր հասկանալի, հարցրել էին՝ էշն ի՞նչ ես անում, հազար թալան տեսած գյուղից ի՞նչ ես էշին բարձելու… Բայց ավանակին բեռ չլինի էլ, իր գլուխն իրեն բեռ է, Հակոբի «մարտական» անունը կպավ։ Հիմա ճանապարհով լայնաքայլ գալիս էր, զինվորն ասել էր՝ էշ Հակոբը, ընկերը կասկածեց՝ ավանակը բեռ կրող է, Հակոբից ի՞նչ ավանակ… Զինվորն, արդեն հարմար կանգնած՝ «Եկա՞ր,- ասաց Հակոբին,- դե օգնի պարկն ուսեմ»։
– Ձեր հետ գալիս եմ։
– Հարկա՜վ,- լայն ժպիտի մեջ Էդուարդո Յալանուզյանի վերաբերմունքն այնքան էլ հստակ չէր,- անշո՜ւշտ…
Ուսին գցած դատարկ պարկին տարակուսալի հայացքներին ի պատասխան Հակոբն ասաց.
– Գտել եմ։
-Եթե որ գտեր ես, մեկն ալ ուրեմն կորսուցեր է։
– Ինչ իմանաս․․․ Ձերինի պես էլ լիքը չի, բայց պետք կգա…
– Բա իհա’րկե,- ընկերոջ հանգույն ասաց զինվորը։ Ու այդպես կանգնած էին։ Ասես շարժվելու հրաման պիտի լիներ, իսկ հրամանն ուշանում էր։
– Գումարտակի ցուցակում չկամ։ Կամավոր եկել եմ՝ իմ կամքով էլ գնում եմ։
– Բա իհա’րկե,- նորից ասաց զինվորը։ Անթափանց դեմքի մյուս կողմից Հակոբն, ի միջիայլոց, նկատեց՝ «Ծանր բեռ ու բարով տուն եք գնում… Երևի ոսկի-բան…»։
Կամա թե ակամա, միասին ճանապարհ էին գնալու, զինվորն այլևս չասաց՝ բա իհարկե։ Էդուարդո Յալանուզյանը ծիծաղեց՝ «Հարկավ, բեռ է, սակայն մերի’ն բեռն է, ո՞ւմ բառնայինք»։
Գյուղից դուրս, ոլորաններում երթակարգն արդեն ձևավորվել էր՝ առջևից զինվորն էր կայտառ ոսոստում, Էդուարդո Յալանուզյանն իր երկարոտն ճոճաքայլքով՝ հետևից։ Հակոբն առաջ ընկնելով, ետ մնալով, երբեմն երկուսի կողքից, թեթև-թեթև ներկա էր երթակարգից դուրս, բայց այդպես մասնակից։ Մինչև մութն ընկնելը պիտի ճամփաբաժանին հասնեին։ Շրջանցելով, պիտի անցնեին երկու ավերակ գյուղեր, ընթացքում երկու անգամ գետանց էին կատարելու ( մեկը կիսաքանդ կամրջով )։ Երրորդ գյուղը ճիշտ ճամփաբաժանի վրա էր։
Առաջին գյուղը որ շրջանցեցին, զինվորն ասաց՝ հիմա ի՞նչ… Կիսավեր, գրեթե բացակա կամուրջն անցնելուց առաջ, Էդուարդո Յալանուզյանը մի պահ կանգնեց, ասաց՝ դժվար է։ Կամուրջը որ անցան, ասաց. «Այնտեղից գյուղ չորս ժամու կորուստ է, ժամանակին դառնալ… դժվար է»։
-Տուն եք ուզում մտնե՞ք,- Հակոբն աշխուժացավ։ Էդուարդո Յալանուզյանի նման մատը տնկեց, զինվորի հանգույն ասաց.- Բա իհա’րկե։- Հետո հայացքը հատ-հատ, տպավորիչ պահելով ուղեկիցների պատկառազդու ուսապարկերի վրա, ասես ծանրութեթև էր անում, ցից մատով ձեռքն օդում բարդ կորեր գծելով, ասաց սուլելու պես՝ Անշո՜ւշտ…
Իսկ ուսապարկերն իրոք ծանր էին։ Մանավանդ ճանապարհի թեքությունը գնալով աճում էր, գետին հակառակ էին գնում։
Արևը վաղուց թեքվել, հասած ծիրանի պես կախվել էր հորիզոնի վրա։ Չէր տաքացնում, բայց արևմուտք էին գնում ու միշտ աչքի առաջ էր։ Ուր որ է մայր էր մտնելու։ Երևի միանգամից մթներ։ Սարերում լույսը մարելու պես է, արև կա՝ ցերեկ է, չկա՝ ուրեմն գիշեր է։
Այդպես, արևի հետևից հասան երրորդ գյուղին ու մինչև աջ, ապահով, շրջանցող ճանապարհը կերևար, Էդուարդո Յալանուզյանի քայլը կախ էր և հայացքը թափառիկ՝ չէր բռնվում… և զինվորը վճռական ասաց՝ … Ոչինչ չասաց, ուսերը թոթվեց, առանց թեքվելու, քայլերն ավելի արագացնելով, ուղիղ շարունակեց ընթացքը։
-Ի՞նչ ասեց,- Հակոբն էր։
Ընկերոջ հետքով, առանց երթակարգը խախտելու, Էդուարդո Յալանուզյանը… Նույնպես ոչինչ չասաց, ուսերը ձգեց վեր, ափերն ի ցույց՝ ինչ արած, «մեծ գործը» զոհաբերություն է պահանջում… Եվ երթակարգն այդպիսով նույնն էր ու նույն ուղղությամբ գնում էին։
– Ինձ ասել էին աջով…- կանչեց Հակոբը։
– Ուղիղով կես օր շահում ենք։
– Ուղիղ ես չեմ գալիս։
– Դե հա, դու շտապելու բան չունես,- բավականին հեռացած, հաշտ-անվրդով տրամաբանեց զինվորը, ընթացքից հերթական անգամ ուսապարկի դիրքը մեջքին հարմարեցնելով։ Վերելքը հետզհետե ավելի էր ծանրանում։- Վտանգ կա, բայց մինչև անտառ մտնենք՝ կմթնի,- ասաց հետևից եկող Էդուարդո Յալանուզյանին։
– Բա մթով ինձ թողնում էիք մենա՞կ…
Հակոբն, ուրեմն, գալիս էր։
Հորիզոնի մարող կարմիր շողերում, շրջադարձից հետո միանգամից բացված բնակավայրի ամայի տները ճանապարհը թեքել էին աջ, էլի աջ և արդեն բլուրը ծածկում էր, ու մեծ շրջանը պետք է, որ սարերի մյուս կողմում լիներ՝ երևի վտակի հունով ու վտակին զուգահեռ, մինչև կշրջվեր ջրբաժան լեռնապարի մյուս երեսը։ Բայց այդ ամենը գյուղի հետ մնացել էին աջ կողմում, գետի մյուս ափին, և անտառի ներկայությունն արդեն զգացվում էր, մութ էր, բավականին խորացել էին անտառամիջյան արահետով, երբ թեքվեցին ու շարունակությունն արդեն զառիվեր էր, ու ուղեցույցը վերելքի զգացումն էր, և քանի դեռ բարձրանում էին՝ ուրեմն ճիշտ էին գնում։
Տարին տարու վրա դարսած խաշամը ոտքերի տակից փախչում էր փերթ-փերթ, բացվող սևահողը լպրծուն խոնավ էր, ու հաճախակի դարձած սայթաքումներից ուսապարկերն էլ ավելի էին ծանրանում, քաշում հետ, հավասարակշռություն պահելը լարված ճիգեր էր պսհանջում։
-Թերևս…
Էդուարդո Յալանուզյանի ձայնն էր, թե քամու սվվոցը… Քամին, համենայնդեպս, արդեն սուլում էր, և գլխավերևներում սաղարթի ներկայությունն այդքանով իրական էր ու փաստ։
– Հը՞…
Տերևների ուժգնացող խշշոցին կամ ոտքի տակից փախած քարի հանած աղմուկին արձագանքեց… երևի զինվորը։ Աշնան պաղ շունչ էր, հավանաբար ցուրտ, այնինչ աղահամ քրտինքը գլխարկների տակից քունքերով, քթարմատներով ծորում, աչքները կսկծացնում էր։
– Հը՞…
Այո, զինվորն էր։ Կանգնեց, գլխարկով ճակատը սրբեց, պարանոցը սրբեց, երեսը սրբեց, նայեց շուրջը, ապա նոր ուսապարկն իջեցրեց, դրեց գետնին, գլխարկը դրեց ուսապարկի վրա։
Արդեն շունչը տեղն էր բերել, ասաց՝ էստեղ։
Այնուհետև երկուսով համերաշխ փորում էին կարևոր բանն արագ թաքցնելու տենդով բռնված կատվի ինքնամոռաց եռանդով։ Խաշամը ետ էին տարել, ձեռքերով փորում էին։ Հասակին ոչ վայել մանկական զբաղմունքի մեջ ինքն իրեն հանկարծ բռնեցրածի ծիծաղով, Էդուարդո Յալանուզյանը շուրջը նայեց։ Մի քանի քայլից Հակոբը լուռ դիտում էր։ Հետո ինչ-որ բան Հակոբի ուշադրությունը գրավեց, ուշադիր զննեց, ասաց՝ իսկական թրիք։
-Ի՞նչ։
-Թրիք,- ասաց Հակոբը,- պատերազմի էս նեղ օրով։
-Ձեռք չտաս,- մի պահ գործն ընդհատեց Էդուարդո Յալանուզյանը։ Լուրջ։ Ասես կարող էր պայթել։ Երևի ձեռ էին առնում։
-Էս ուղղությամբ վերև ենք գնալո՞ւ,- լուռ չմնալու համար, ասաց Հակոբը։ Նույնիսկ երկու քայլ գնաց։ Գործն արագ առաջ էր գնում։ Երբ խորությունը բավարար համարվեց, ուսապարկերը դրեցին փոսի մեջ, հողով, վրայից խաշամով ծածկեցին։ Խաշամը՝ զգույշ, թարմ սևահողի հետք չմնար։ Հետո, ասես կիսատ միտքն էր շարունակում, Էդուարդո Յալանուզյանն ասաց. «Սա աղբը լավ աղբ է», տակի չոր տերևների հետ թրիքը բերեց։Մինչ այդ քողարկումն այնպես վարպետորեն էր արվել, երկվայրկյան տատանվեց՝ ճի՞շտ տեղն է դնում… Մոտակա ծառից ճյուղ կոտրեց, կախ գցեց, մի անգամ ևս նայեց շուրջն ու ներկա բոլորին ի հիշողություն, նշեց՝ կոտրած ճյուղով ծառին քովի ծառը։
Զինվորն արդեն ճանապարհ էր ընկել։
«Էսպես հաստատ կհասցնենք», մոտովն անցնելիս ասաց Հակոբին։ Վերելքն այնուհետև անհամեմատ դյուրին էր ու արագ։
# # #
Եկած ճանապարհի հակառակ ուղղությամբ գիշերային հեռվում լուսնալույսի տակ իր ձյուներով աղոտ ուրվագծվող, այն կողմից հովիտ բերող միակ լեռնանցքի հորիզոնի գծից ներքև լուսատտիկների պես ինչ-որ առկայծումներ էին երբեմն նկատելի։ Ապա հաճախակի դարձան, և ընթացքի ուղղությունն արդեն ըմբռնելի էր։ Հավանաբար մեքենաների շարասյուն էր իջնում գետահովիտ։ Բայց դա շատ հեռու էր։
Չնկատվելու համար, զգուշությունը երբեք ավելորդ չէ, ու նաև ժամանակի կորուստ կլիներ, կրակ չէին վառել, թեև վերելքից հետո քրտինքի սառելը տհաճորեն զգալի էր։ Ստիպողական դադար էր, սարի ուսագծի մոտ անտառն ավարտվել էր, վերջին ծառի տակ նստել էին։ Ուսագծով գնալու ուղղությունը փոխվելու էր, սպասում էին Հակոբին, մինչև գար-հասներ՝ լուռ ծխում էին ափերի մեջ։
-Կառնավալեի պատրաստություն կտեսնին,- հեռվի լույսերն ակնարկեց Էդուարդո Յալանուզյանը։- Երկու օրմե։ Գուցե ավելի վաղ։
– Երևի մսաղաց լինի։
-Ատ է, կառնավալեի ատենն ալ միսեր կցուցադրեն, շատ միսեր։
Հակոբն ուշանում էր։ Զինվորն անհանգիստ շարժվեց, ինչ-որ բան պիտի ասեր։
– Ատ բեռն մեր գլխուն չէ, ազգիս կռնակին են ատ Հակոբ կոչվածնին։ Կարսում մարդ-շունչ շատ է եղեր, համա կրակող չի եղեր բնավ…
Խոսքն ընդհատվեց ձորից եկած հանկարծահաս պայթյունի ձայնից։ Ծխախոտներն անմիջապես մարեցին։
– Նկատել են,- տագնապով, վստահ ասաց զինվորը։- Մեր հետևից գալիս են։ -Ծածուկ հետապնդում, ապա զգուշացնո՞ւմ են… -Էդուարդո Յալանուզյանին դա անհավանական թվաց։
– Հասել են անտառին,- զինվորը ոտքի ելավ,- ուսապարկիս կապիչի թելը մեջի նռնակի ձգանին էի կապել, ուսապարկս բացող է եղել…
– Հակոբը…
Հակոբը վաղուց հասած պիտի լիներ։
Հակոբը չկար։
«Ռազմավար պատմվածքներ» գրքից (Երևան, Զանգակ, 2001)