Վանեցի, Եղեռնից մազապուրծ Սրբուհի տատս տաճկահայերեն էր խոսում: Փոքր էի, չէի հասկանում: Ասում էր․
– Պալա, գետին պաղ ի, մի նստի…
Սախո պապս՝ Սարգսյան Սահակը, Սալմաստից էր։ Շատ բան չգիտեմ նրանից, միայն էն, ինչ մայրս է պատմել։ Ասում էին` պայծառատես է եղել։ Գուցե երազներս իրենից եմ ժառանգություն ստացել։ Պատմում էին, որ ինսուլտից հետո ոտքերը չէին աշխատում, բայց ոչ ոքի թույլ չէր տալիս իրեն գրկել, տանել բնական պահանջները հոգալու։ Քռքաշ, ոտքերը քարշ տալով աստիճաններով ցած էր իջնում ու գնում դեպի դրսի զուգարան, որն այն թվերին տնից բավական հեռու էին կառուցում գյուղերում՝ այգու վերջում։
Բոյով, նիհար, կապուտաչյա ու բեղերով…
Տասը երեխա են ունեցել տատս ու պապս, 36 թոռ, 61 ծոռ այս պահի դրությամբ (դեռ ծնվում են) ու 31 կոռ առայժմ… Թոռներից շատերը բնակվում են հենց այն գյուղում, որի հիմնադիրներից ու առաջին բնակիչներից էին պապս ու տատս…
Մի անգամ եմ գիշերել տատիկիս տանը, տասը տարեկան էի։ Երեկոյան՝ երկար, սպիտակ հյուսքը քանդեց, մազերը սանրեց, նստեց մահճակալիս ու սկսեց «Կռունկը» երգել, երգել ու պատմել… Տասնվեց երեխա էին եղել, մեծ եղբայրներին իրենց աչքի առաջ մորթել էին․․․ Տասն ու վեցից միայն տատս ու նրա փոքր եղբայրը` Հոխո պապին էին փրկվել, էն էլ գաղթի ճամփին դիակների տակ էին մնացել, թուրքերը չէին տեսել…
Հոխո պապին ճանաչածս ամենաբարի պապիկն էր, երեխաներ չուներ։ Պատմում էին, որ միակ երեխան փոքր տարիքում ընկել էր, մահացել։ Ժպիտը դեմքին էր միշտ, իսկ աչքերը՝ տխուր, շատ տխուր։ Միշտ գրպանում կոնֆետներ ուներ՝ ճանապարհին հանդիպող փոքրերի համար։Գալիս էր տատիկիս տուն միշտ նույն վելվետե բաճկոնով։ Մտածում էի՝ տեսնես Հոխո պապին չի շոգո՞ւմ։ Տասը տարեկանում դժվար հասկանայի, որ սիրտը սառել էր։
Նստում էր դրսի թախտին, տատս փռթած մածուն էր բերում, որ ուտի, հետո նստում էին կողք-կողքի ու երկար լռում։ Կյանքումս հանդիպսծ ամենախոսուն երկխոսությունն էր դա։
Հայրս ինստիտուտն ավարտելով գործուղվել էր մորս գյուղ՝ որպես անգլերենի ուսուցիչ։ Սովետական Հայաստանում շրջանավարտներին պարտադիր գործուղում էին շրջաններ՝ աշխատանքի։ Հայրս, լինելով մոլի հայրենասեր, հայոց լեզվի ու պատմության նկատմամբ սեր էր տարածում ամենուր։
Մի ադրբեջանցի տղայի ապտակել էր։ Ուժերը չէր հաշվարկել, հարվածն ուժեղ էր ստացվել, տղան ուշաթափվել էր։ Մի օր երեկոյան փողոցով քայլելիս ադրբեջաներեն խոսք էր լսել։ Երեք ադրբեջանցի խոսում էին՝ չպատկերացնելով, որ հայրս հասկանում է։ Երիտասարդ ադրբեջանցին ասել էր` դանակով խփենք, փախնենք, մարդ չկա, չեն իմանա։ Մեծահասակն ասել էր՝ չէ, սրան պետք չի խփել, սա մեր երեխեքին դեռ պետք է, անգլերեն պիտի սովորացնի։
Հորս վրա երեք մահափորձ են արել ադրբեջանցիները Սովետական Հայաստանում՝ մորս հայրական գյուղում, որ հայկական գյուղ էր:
Մեր գյուղը Արարատյան դաշտավայրում է: Արարատ քաղաքի գյուղերից է՝ Նոյակերտը: Մինչեւ 1988 թվականը գյուղն ուներ այլ անուն՝ Խալիսա, եւ գյուղում շատ ադրբեջանցիներ էին ապրում, ինչ-որ պահի՝ հայերից շատ։ Կային նաև մի քանի տուն քուրդ ու եզդի: Գյուղսովետի նախագահը միշտ հայ էր, կոլխոզինը՝ խառը, դպրոցի տնօրենը՝ ադրբեջանցի:
Մեր փողոցում(մեր մայլեն, որտեղ մեր ամառանոցն էր) հայերի երեք տուն կար՝ կողք-կողքի: Դիմացի տանն ապրում էր մի ադրբեջանցի տատիկ՝ Սոնա բաջին: Ամեն ամառ, երբ գնում էինք ամառանոց, առաջինը Սոնա բաջին էր մեզ դիմավորում՝ մի թաս ձու ձեռքին, որ մայրս գնում էր նրանից:
Իր ասելով շատ սիրում էր ծնողներիս, բայց եթե պատահում էր՝ հացի սեղանին էր գալիս, ու մայրս առաջարկում էր միասին ճաշել, ասում էր․
– Ես գյավուրի* տանը հաց չեմ ուտում:
Տարիներով իրար հետ, իրար մեջ ապրելով, Սովետական Հայաստանի Խալիսա գյուղում ազգամիջյան սիրահարության երկու դեպք եղավ․ մի ադրբեջանցի աղջիկ սիրահարվել էր հայ տղայի, եւ հայրն ու եղբայրը նրան սպանեցին (գյուղացիների բառով՝ մորթեցին), մի հայ աղջիկ էլ սիրահարվել էր ադրբեջանցի տղայի եւ նրա հետ մեկնեց Բաքու։
Վանեցի տատս, ում ընտանիքին մորթել էին աչքի առաջ գաղթի ճանապարհին, ասաց․
– Իդա իշու անդեր զարնեիր քու ոռ, ավելի լավ էր:
Մայրս եղբորովս հղի էր, գնացել էինք գյուղ։ Տատիկիս տան դիմաց կանգառն էր, կանգառում կանգնած էինք մորս հետ։
Կանգառի հետևի տանն ադրբեջանցի ընտանիք էր ապրում, տասնվեց երեխա ուներ՝ փնթի, սոված, անշոր, փսլնքոտ, ամառ-ձմեռ գցած էին դրսում էդ երեխաները։
Էդ կինը երկար ու մռայլ նայեց մորս փորին եւ ասաց․
– Համ աղջիկ ունես, համ տղա, ինչու՞ ես էլի երեխա բերում։
88-ի ապրիլին, երբ հայկական զորքը մտավ մեր գյուղ, բոլոր թուրքերը լքեցին իրենց տները ու գնացին Ադրբեջան։ Մայիսին, երբ դասերն ավարտվեցին ու գնացինք գյուղ՝ ամառային արձակուրդներն այնտեղ անցկացնելու, տեսանք, որ գյուղում տանկեր են կանգնած։ Թուրքերը վերադարձել էին ռուսական զորքի հետ։ Եկան, իրենց տները վաճառեցին, շատերն էլ փոխանակեցին Ադրբեջանում հայերի շատ ավելի լավ տների հետ։
* Գյավուր (թուրք․՝ gâvur), թուրքերեն նշանակում է անհավատ, ոչ մուսուլմաններին անվանելու մի ձև, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ։