Կարին Գրիգորյան/Իրականության ընկալումը պատկերների միջոցով

Գոյությունը շատ ավելին է, քան մեր ամենաշռայլ պատկերացումները դրա մասին:
Միսակ Խոստիկյան

Ինչ որ կասեմ՝ ենթադրության, կասկածի կամ վերլուծության եղանակով անցել է ձեր մտքով: Հետեւաբար այստեղ եք եւ կարդում եք ոչ թե նոր բան իմանալու, այլ հենց այդ ենթադրություններն ու կասկածները ակտուալացնելու, ձեր մտքերին ու վերլուծություններին թարմ սնունդ ավելացնելու համար:

Երեկ երեկոյան նայե՞լ եք լուսնին: Ես ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան շատ է այն ցուցադրում իրեն գյուղական վայրում՝ բաց տարածության մեջ, ավելի շատ, քան քաղաքում: Մի քանի անգամ մտքովս անցել է լուսանկարել տեսածս: Ի՞նչն է ինձ դրդել չլուսանկարելու: Իսկապես, վստահ չեմ, որ լուսանկարը կփոխանցի պահի զգացողությունները: Դրանք անգրանցելի են, ամեն անգամ տարբեր: Կարող եմ մի ճապաղ տեքստ, ասենք՝ ենթագիր գրել ու կցել այդպիսի մի լուսանկարի: Կօգնի՞: Կամ թողնել լուսանկարն առանց մեկնաբանության, որ յուրաքանչյուրն աշխատեցնի իր երեւակայությունը: Մինչդեռ լուսնի լուսանկարը չի կարենալու վերարտադրել տեսածի ազդեցությամբ ծնված զգացողությունները: Ավելին, այն պատրաստի պատկեր/պատկերացում է լինելու այն մասին, թե ինչ է լուսինը:

Մենք տեսնում ենք անհաշիվ քանակության, բնույթի ու տեսանկյան լուսնի լուսանկարներ կամ պատկերներ: Դրանք բոլորը հաստատում են, որ լուսինը կա եւ այն երբեք նույնը չէ: Մենք գիտենք դա, բայց գիտենք նաեւ, որ կարող ենք գործունեություն ծավալել լուսնի պատկերներով՝ գնել, վաճառել, նվիրել, պատճենել դրանք, օգտագործել ինչպես կամենանք: Լուսնի լուսանկարը՝ թվանշային, թե տպագիր, ենթակա է կիրառման՝ սպառման: Սա ամենագռեհիկ տարբերությունն է լուսնի եւ լուսնի լուսանկարի միջեւ: Լուսնի լուսանկարը օգտագործման է դնում լուսինը՝ որպես բնական երեւույթ, եւ որպես իրական աշխարհի մասին մեր պատկերացում: Ի՞նչու գռեհիկ, որովհետեւ այդ տարբերության խորությունը ներկայացնելու համար մարդիկ գրքեր են գրում:

Լուսնին ուղղված իմ հայացքը, դրանից առաջացող մտքերն ու զգացողությունները, քանի դեռ չեն վերածվել բանաստեղծության կամ կտավի, լուսանկարի կամ երաժշտության, ենթակա չեն կիրառման: Եթե նույնիսկ ես կիսվեմ իմ տեսածի զգացողությամբ խոսակցության ընթացքում, խոսքերս ենթակա չեն մայրցամաքների միջեւ ազատ տեղաշարժման, եւ Ամերիկայում գտնվող որեւէ մեկը չի կարող խոսքերիս հիման վրա լուսնին նվիրված ցուցադրություն կազմակերպել:

Գարիկի եւ Սոնայի «Լուսին» երգը՝ գրված Էդգար Էլբակյան կրտսերի բառերով, արցունքներ է քամում վաղամեռ երիտասարդի ծնողների աչքերից: Նայում ենք տեսագրությունը, անկարող ենք չհուզվել: Անցողիկ կյանքի, մահվան, ծնողական սիրո մասին մեր պատկերացումներն ու զգացմունքներն արթնանում են եւ սկսում մեզ էքստրա ապրեցնել: Լուսինը մորը նվիրելու ցանկությունը՝ բառեր ու երաժշտություն դարձած, ապրեցնում են մեզ: Տեղափոխվենք ֆեյսբուք. այդ տեսանյութի մեկնաբանության դաշտում մենք կարող ենք պատրաստի էմոցիաներ՝ գիֆեր տեղադրել: Դրանք չափազանց շատ են եւ կարելի է ընտրել, թե որ մեկն է ցույց տալիս հենց ձեր էմոցիան: Ձերը: Դա դուք եք, բայց այլածնված: Այս մասին քիչ հետո ավելի մանրամասն կխոսենք:

Չափազանց շատ են լուսնի պատկերները, իսկ լուսինը մեկն է: Մենք կարող ենք երբեւէ չտեսնել լուսինը (թույլ տեսողություն ունեցողները չեն տեսնում աստղերը) եւ միաժամանակ պատկերացնել/մտապատկերել այն լուսանկարների, արվեստի գործերի կամ արբանյակներից արված պատկերների միջոցով: Պատկերները կարող են եւ կազմակերպում են իրականության մեր ընկալումը, դրանք պատրաստի ընկալումներ են տալիս իրականության վերաբերյալ: Վա՜յ, ինչ սիրուն է լուսինը՝ կասենք մի լուսանկարի վերաբերյալ: Լուսինը կնույնացնենք լուսնի պատկերի հետ եւ աստիճանաբար կսովորենք ապրել այդպես, պատկերների միջոցով կառուցելով լուսինը, աստղերը եւ ոչ միայն երկնակամարի, այլեւ երկրի բնական գեղեցկությունները, աշխարհն առհասարակ: Մենք աստիճանաբար կդադարենք նայել լուսնին եւ կառուցել իրականության մեր սեփական ընկալումը, մեր սեփական աշխարհի կերտումը, մեր մեջ ծնվող յուրօրինակը, եթե շարունակ զբաղված ենք լուսանկարելով եւ մեր իրականությունը ստեղծում ենք լուսանկարների մեջ, այլ ոչ թե դրանցից դուրս:

Հարց. ինչի՞ս է պետք լուսնի մասին մտքերի գեղեցիկ բառակույտը, եթե այն անօգտագործելի է: Հարց տվեք ձեզ: Ի՞նչու հենց այս երեկո լուսնի լուսանկար արեցիք: Որ ձե՞զ մոտեցնեք աշխարհը, որ հասկանա՞ք աշխարհը, ձեր տեղը գտնեք դրանո՞ւմ, թե՞ ուզում եք, որ ձեր արած լուսանկարը իր տեղը գտնի այնտեղ, ուր պատկերները՝ արտադրվելով ու շրջանառվելով, իրենց դնում են աշխարհի կամ իրականության տեղը:

Եթե ինչ-որ մեկին կթվա, որ չքնաղ լուսանկարի միջոցով բացահայտում է լուսնի գեղեցկությունը, նա պարզապես ընկնում է աշխարհը գեղեցկացնելու լուսանկարչական թակարդը: Արդյո՞ք աշխարհը գեղեցիկ է. մենք շրջապատված ենք գեղեցիկ պատկերներով, եւ շատերիս համար դա միակ «հնարավորությունն» է՝ գաղափար կազմելու աշխարհի գեղեցկության եւ առհասարակ գեղեցկության մասին:

Տեխնոլոգիաների շնորհիվ մեզ վրա թափվող պատկերներն ավելի ու ավելի են գրավում պատկերացումների տեղը:

Սա Մարտիկի երգից մի հատված է. Խոսքերի հեղինակը Գեղամ Սարյանն է, երաժշտությունը գրել է Աշոտ Սաթյանը: Նվիրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին․

Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն,
Կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:

Ժամանակին յուրաքանչյուրս կարող էր մտքով տուն թռչել եւ պատկերացնել իրեն սպասող մայրիկին, իսկ այժմ զանգում ենք կամ միանում սկայպով: Այս բանաստեղծությունը ցույց է տալիս, որ այսօր ծնողին, տունը, սարն ու գարունը պատկերացնելու կարիք չկա: Հատկապես, երբ մեր խնդրանքով, եւ եթե առուն դեռ չի ցամաքել, մայրիկը կարող է «վիդեո անել» այն մեզ համար: Մի քանի տասնամյակ անց այս բանաստեղծությունը կարող է թվալ պատմության ժանրից: Իսկ այսօր, երբ մայրիկի, տան ու առվի մասին կարելի է պատկերացում կազմել լուսանկարի, տեսանյութի կամ լայվի օգնությամբ, միտքն արդեն երեւակայություն չի օգտագործում, այլ պատրաստի պատկերացումներ: Երեւակայությունը մեռնում է, երբ իրականը չենք կառուցում դրա օգնությամբ:

Այո՛, ես ցանկանում եմ, որ այդ լուսանկարը կամ տեսանյութը լինեն իրական, ցանկանում եմ, որ դրանք ոչ թե կառուցեն իրականը, այլ լինեն հենց իրականը, քանի որ «ռեալ թայմ»-ում մտովի տուն թռչելը եւ անքուն մորը պատկերացնելը ցավեցնող է, ու ահավոր է հիշել մանկության առուն, որ առանց ինձ կարկաչում է սարերում, ու ինձ չի կարող փոխանցել կյանքի հրճվանքը, որովհետեւ վաղուց լքել եմ այն ու ապրում եմ այլ աշխարհում:

Մենք կարիք ունենք պատկերացնելու, կառուցելու իրականը եւ հիմնականում անում ենք դա պատկերների, ոչ թե անմիջական ընկալման միջոցով: Այդպես ավելի անցավ է, քանի որ եթե պատկերները չհամապատասխանեն մեր ուզածին, մեր հավատալիքին, համոզմունքին կամ ցանկությանը, դրանք հեշտորեն կարելի է փոխարինել ուրիշներով, այնպիսի պատկերներով, որոնք «ճշմարիտ» են, այսինքն՝ այդպիսին ենք ուզում, որ լինի մեր աշխարհը:

Իսկ ո՞րն է այդ աշխարհը, այլ աշխարհը:

Երեխաները կբացատրեն: Ամեն ծնվող երեխայի հետ աշխարհը նորից է ծնվում. կարծեմ մոտավորապես այսպես էր ասում Թորոն: Երեխան՝ աղջիկս, տարբերություն չի տեսնում համակարգչի էկրանին տեղի ունեցողի ու «իրականի» միջեւ: Եթե խոսում ենք պատկերներից ու դրանց ընկալումից, ապա մուլտֆիլմի պատկերները նա ընկալում է նույնքան իրական, որքան պատուհանից այն կողմ երեւացող ծառերը կամ սարը: Պարզապես նա աշխարհն ընկալում է մեծամասամբ պատրաստի պատկերների միջոցով, եւ առայժմ տարբերություն չի դնում դրանց միջեւ: Երբ ես՝ էկրանե դարից առաջ ծնված մարդս, միջամտում եմ, ու ասում, որ մուլտֆիլմի պատկերները «իրականում» գոյություն չունեն, ես սայթաքում եմ նրա այլ աշխարհում: Այդ պատկերները, որոնցով նա կառուցում է իր աշխարհը, օրգանական կերպով տեղավորված են վիրտուալ աշխարհում, այսօրվա կարծես-ներկայությունների աշխարհում, որտեղ մեր մարմինները բազմապատկված են եւ միաժամանակ գտնվում են բազմաթիվ «այստեղ եւ հիմա»-ներում: Մեր մարմինն այսօր կարող է ճամփորդել եւ միաժամանակ աշխատել, լուսանկարվել եւ նույն ակնթարթում հրապարակվել սոցիալական ցանցերում, ուտել եւ ուտելու մասին գրառում կատարել միեւնույն ժամանակ, պարել եւ պարելու լայվ անել ֆեյսբուքում միեւնույն ժամանակ:

Այս ամենն ընդլայնում է իրականության մեր գիտակցումը: Մինչեւ վերջին տարիները, երբ սոցիալական ցանցերը դեռ մեծ տարածում չունեին, մարդիկ մեծամասամբ տարանջատում էին իրական եւ վիրտուալ աշխարհները մեր երկրում: Այսինքն՝ իրական էր այն, ինչ տեղի էր ունենում համացանցից դուրս, մինչդեռ համացանցում կենդանություն առնող աշխարհն անիրական էր ու կեղծ:

Ընդամենը մի քանի տարվա ընթացքում կեղծի` ֆեյքի վերաբերյալ մեր պատկերացումը հեղափոխություն ապրեց, բայց չթողնենք, որ այս հետաքրքիր թեման մեզ շատ շեղի:

Մի քանի մեջբերում Պիեռ Լեվիից.

Լսելով, նայելով ու կարդալով մենք հանգում ենք ինքնաստեղծման, օգնում ենք կառուցելու իմաստի այն լանդշաֆտը, որում բնակվում ենք:

Վիրտուալացնելով իրեն՝ մարմինը բազմապատկվում է:

Վիրտուալացումը ներառում է ինքնության փոփոխություն, մասնավոր լուծումից անցում դեպի ընդհանուր դժվարության, մասնավոր եւ սահմանափակ ակտիվությունից դեպի ապատեղայնացած, ոչ համաժամանակյա եւ խմբավորված գործունեության: Մարմնի վիրտուալացումը, հետեւաբար, ապամարմնացման ձեւ չի, այլ վերաստեղծում, վերածնում, բազմապատկում, վեկտորականացում եւ մարդկային տեսակի այլածագում (հետերոգենեզիս): Այսինքն՝ մեր ինքնաստեղծումը հենց այդ այլաստեղծումն է, երբ դիմում ենք վիրտուալության:

Վիրտուալ իրականության համակարգերը փոխանցում են ավելին, քան պատկերը, դրանք փոխանցում են կարծես-ներկայություն:

Վիրտուալացումը շոկի է ենթարկում ավանդական պատումը՝ ստեղծելով ժամանակային միասնություն առանց տարածական միասնության:

Տեխնոլոգիաներ, ֆինանսներ, մեդիա. սրանք ամենից վիրտուալացվածն են եւ կառուցում են մեր սոցիալական իրականությունը ամենամեծ թափով եւ թերեւս ամենամեծ բռնությամբ:

Վիրտուալացումը իրականության ստեղծման վճռորոշ վեկտորներից է:Այն չի հղում ինչ-որ կեղծ կամ երեւակայական աշխարհի: Հակառակը, վիրտուալացումը բոլորիս միջեւ կիսվող աշխարհի դինամիկան է, դա այն է, ինչի միջոցով մենք կիսում ենք իրականությունը: Վիրտուալը ոչ թե սահմանագծում է ստերի շրջանակը, այլ այն գոյության ձեւ է, որից առաջանում են եւ՛ ճշմարտությունը, եւ՛ կեղծիքը:

Ի՞նչպես զանազանենք վիրտուալն ու ակտուալը: Ակտուալացումը տանում է խնդրից դեպի լուծում, վիրտուալացումը՝ տվյալ լուծումից դեպի (այլ) խնդիր: Այն փոխակերպում է նախնական ակտուալությունն ավելի ընդհանուր խնդրից մասնավոր դեպքի: Եթե մենք այժմ, այստեղ հավաքված, խոսում ենք իրականության ընկալումից ու դրա վերաբերյալ մեր պատկերացումներից, ապա ակտուալացնում ենք տվյալ թեման: Հետեւաբար, մենք խնդրից գնում ենք դեպի հնարավոր լուծում/լուծումներ: Եթե մենք այս խոսակցությունը տեղափոխենք դեպի վիրտուալ հարթակ, այնտեղ ներմուծենք մեր կարծես-ներկայությունները, ապա այս մասնավոր եւ սահմանափակ ակտիվությունից կգնանք դեպի ապատեղայնացած, ոչ համաժամանակյա եւ խմբավորված գործունեության: Մենք, կարծես, փոխում ենք մեր խնդրի վեկտորը: Խնդիրը շարունակում է մնալ իրական, բայց ակտուալությունը փոխարինվում է վիրտուալությամբ, հետեւաբար մենք դուրս ենք գալիս մեր ակտուալության շրջանակից ու թողնում դրա լուծման հնարավորությունը, քանի որ փոխում ենք հարցի գոյության ձեւը:

Պիեռ Լեւին ասում է. «Վիրտուալացումն առաջացնում է անդիմադրելի վակուում: Եվ քանի որ ակտուալն այդքան թանկարժեք է, մենք պետք է միանգամից ձգտենք ընդունելու եւ յուրացնելու վիրտուալացումը, որն ապակայունացնում է այն: Ես վստահ եմ, որ առանց հասկանալու վիրտուալացման դիմելու պատաճառով առաջացող տառապանքը մեր ժամանակի խելագարության ու բռնության հիմնական պատճառներից է» (1998):

Վերադառնանք լուսնին ու ամփոփենք:

Լուսանկարելով՝ մենք գեղեցկացնում ենք ոչ թե աշխարհը կամ մեզ, այլ աշխարհի կամ մեր մասին մեր իսկ պատկերացումները: Լուսնի պատկերը փոխարինում է լուսնին: Հենց այս կետում է լղոզվում իրականի ու երեւակայականի սահմանը: Լուսնին նայելիս մենք ընկալում ենք այն տարբեր զգայարաններով, ոչ միայն տեսողությամբ (սահմանելով, օրինակ, մեր մարմնի ու լուսնի միջեւ հեռավորությունը), իսկ երբ նայում ենք լուսնի պատկերներին, գերակշռում է տեսողական հաճույքը, քանի որ մեր մարմինը (աչքերը) ոչ թե լուսնի հետ է հարաբերվում, այլ, ասենք, էկրանի կամ կտավի: Թե՛ պատկերին, թե՛ լուսնին նայելիս մենք, անշուշտ, զբաղված ենք մեր աշխարհը կառուցելով: Եթե փորձենք հարց բարձրաձայնել, ապա մենք առհասարակ չենք կարող կողմնորոշվել, թե ինչն է արժանի մեր տեսողությանը, իսկ ինչը՝ ոչ, եւ այսօր առաջնորդվում ենք տեսողության համար առաջարկվող թրենդերով: Դրանք հիմնականում առաջարկում են մեդիաները:

Երբ պատահաբար կամ միտումնավոր շեղվենք այդ թրենդերից, կթվա, թե անսպասելիորեն բացահայտեցինք ինչ-որ նոր բան, նոր իրողություն: Ի՞նչ տեղի ունեցավ. սկսեցինք նայել իրողությանը այլ լույսի ներքո, սկսեցինք ընկալել այլ կերպ: Ոչ մի նոր բան չբացահայտեցինք, պարզապես հայացքը փոխվեց, տեսողության հորիզոնն՝ ընդլայնվեց:

Please follow and like us: