Վահագն Ամիրջանյան/Նրանց և մեզ

1.

Ես վերադառնում եմ անցյալ,
տեսնում եմ պատերազմ բաց աչքերով,
տղաները ընկնում են հերոսաբար,
տղաների արյունը ներկում է կանաչ դաշտերը,
տղաները ընկնում են թաց հողի վրա, թևերը՝ տարածած,
ասես մի ամբողջ հայրենիք են փորձում գրկել,
տղաները ընկնում են հպարտ,
աչքներին՝ լույս, շրթունքներին՝ կարոտ, սրտերում՝ հայրենիք,
ու նրանց արյունոտ ափերին անգամ պարզ երևում է,
թե ինչ երկար են նրանց կյանքի գծերը…

2.
Հավերժ փառք հերոս տղերքին,
հավերժ խոնարհում նրանց առաջ,
բայց ի՞նչ են անում նրանք այնտեղ,
ի՞նչ կարևոր է երկնքում փառքը, խոնարհումը,
եթե այստեղ պոռնիկները և լածիրակները
պետք է վայելեն կյանքը,
բոլորին փրկել են, բայց իրենք չեն մնացել,
ինչի՞ համար է պետք զոհվածներին այդ փառքը:

3.
Ես չեմ հասկանում օրենքներն աշխարհի,
չեմ հասկանում մարդկանց,
չեմ հասկանում ոչ մեկին
և առավել ևս չեմ հասկանում
հայրենքի համար կյանքը տվողին․
նրանք երկնքում անվերջ թռչող հույսեր են,
իսկ մենք մի կերպ քարշ եկողներ,
որ չգիտենք հաջորդը ում զոհենք։
Նրանք թռչում են վստահ, սավառնում սարերով, ձորերով,
իսկ մենք ավելի ու ավելի խրվում հողի մեջ․․․
Բայց զոհվել են նրանք,
իսկ մենք ապրում ենք,
ապրում ենք մեռածների նման:

4.
Ես ուզում եմ իջեցնել նրանց երկնքից,
տալ նրանց ո՛չ փառք, ո՛չ խոնարհում,
այլ կյանք տալ մինչ ծերություն,
մի լավ կյանք տալ նրանց, ընկածներին,
որ մենք մեռածներս, ապրենք արժանի,
բայց անգամ, եթե ամբողջ երկինքը հսկայական մի ծառ դառնա,
իսկ նրանք միշտ փայլող տերևներ,
ապա աշխարհի բոլոր մարդիկ թափ տան այդ ծառը,
մեկ է նրանք չեն ընկնի երկնքից և չեն գա մեզ մոտ:

5.
Ես անվերջ լսում եմ այդ ծանր ցավեցնող երգերը,
քայլում եմ գլուխս կախ,
անվերջ սգում եմ,
ու հասկանում եմ՝
պարտավոր եմ դառնալ մի ես,
որ բոլորի անունից, բոլորի սրտից,
պետք է հավերժական փառք տա նրանց,
պետք է հավերժ խոնարհվի նրանց առաջ,
տղաները ընկան իրենց հայրենիքի համար,
տղաները ընկան բոլորիս համար,
ասում են՝ տղաները հիմա երկնքում են՝
Աստծո մոտ,
բայց ի՞նչ անեմ ես,
եթե աստված չունեմ:

6.
Ի վերջո այդ հավերժ փառքը, այդ խոնարհումը,
բոլոր երգերը, բանաստեղծական տողերը,
այն ամենը, ինչ արվում է նրանց համար,
այդ ոչ թե զոհվածներին է պետք,
այլ մեզ է պետք,
մեզ է պետք, որ կարողանանք ապրել,
մեզ է պետք, որ հաշտվենք սգի հետ,
մեզ է պետք, որ հավատանք կյանքին,
մեզ է պետք, որ չանիծենք աստծուն,
մեզ է պետք, որ հավատանք նրան,
մեզ է պետք, որ չբռնենք ոչնչի ճամփան:

7.
Ու քանի կյանքը հյուսում է այս պատմությունը,
որի ո՛չ սկիզբն է մեզ պարզ և ո՛չ էլ ավարտը,
որի ո՛չ իմաստն է մեզ պարզ և ո՛չ էլ չիմաստը,
մենք պարտավոր ենք միշտ
ոչ թե փառք ու խոնարհում տալ նրանց,
ինչը իրենց պետք չէ,
այլ պետք է հիշենք նրանց, հիշե՛նք,
քանի դեռ ապրում ենք,
քանի դեռ կարողանում ենք ինչ-որ բան ստեղծել
և եթե հանկարծ մոռացանք նրանց,
այդ ժամանակ կբռնենք ճամփան մահվան:

Please follow and like us: