Ջորջո Ագամբեն/Գալիքի մասին

Այն, ինչ կատարվում է այսօր մոլորակի մասշտաբով, անկասկած, աշխարհի վերջն է: Բայց ոչ այն իմաստով, որ թեւակոխում ենք այլ՝ մարդկային կոնսորցիումի կարիքներին առավել համապատասխանող աշխարհ, ինչպես կարող է թվալ նրանց, ովքեր փորձում են ղեկավարել աշխարհն իրենց շահերին համապատասխան։ Ավարտվում է բուրժուական ժողովրդավարությունների դարաշրջանը՝ իր իրավունքներով, սահմանադրություններով եւ խորհրդարաններով. բայց մի կողմ թողնելով իրավունքի պատմուճանը, որ առանձնապես նշանակալի էլ չէ՝ ավարտվում է աշխարհը, որ սկսվել է արդյունաբերական հեղափոխությամբ, անցել երկու կամ երեք համաշխարհային պատերազմների միջով և դրանք ուղեկցող տոտալիտարիզմի ՝ բռնապետական կամ ժողովրդավարական:

Եթե ​​աշխարհը կառավարող տերությունները զգում էին, որ պետք է դիմեն այնպիսի ծայրահեղ միջոցների, ինչպիսիք են կենսաանվտանգությունն ու սանիտարական տեռորն են, որ նրանք հաստատել են ամենուր ու անվերապահ, եւ որոնք այժմ սպառնում են դուրս գալ վերահսկողությունից, ապա ամենն այն պատճառով է, որ նրանք ըստ ամենայնի վախենում էին, թե գոյատեւումից զատ իրենց այլ ընտրություն չի մնացել: Եվ եթե մարդիկ ընդունել են բռնապետական ​​միջոցներն ու աննախադեպ սահմանափակումները, որոնց ենթարկվել են առանց որևէ երաշխիքի, դա ոչ միայն համաճարակի վախի պատճառով է, այլեւ միգուցե այն պատճառով, որ քիչ թե շատ հասկանում են՝ այն աշխարհը, որում ապրել են մինչ այդ, չի կարող շարունակել, այն չափազանց անարդար էր և անմարդկային:

Ինքնին հասկանալի է, որ կառավարությունները նախապատրաստում են էլ ավելի անմարդկային, էլ ավելի անարդար աշխարհ, բայց ամեն դեպքում երկուստեք դա հուշում է, որ նախկին աշխարհը, ինչպես մենք արդեն սկսել ենք այն անվանել, չի կարող շարունակվել: Իհարկե, դրանում, ինչպես ցանկացած մռայլ կանխազգացման մեջ, կրոնական տարր կա: Առողջությունը փոխարինել է փրկությանը, կենսաբանական կյանքը փոխարինել է հավերժական կյանքին, և Եկեղեցին, որը վաղուց սովոր էր փոխզիջումների գնալ աշխարհիկ կարիքների հետ, քիչ թե շատ բացահայտ կերպով համաձայնել է այդ փոխարինմանը:

Մենք չենք ափսոսում վերջին մոտեցող այս աշխարհի համար, մենք կարոտախտով չենք տառապում մարդկայինի և աստվածայինի գաղափարի նկատմամբ, որը ժամանակի կատաղի ալիքները ջնջում են, ասես ավազի վրա խզբզած պատկեր լինի պատմության լողափին: Բայց նույն վճռականությամբ մենք մերժում ենք մերկ, համր ու անդեմ կյանքը և առողջության կրոնը, որը կառավարություններն առաջարկում են մեզ: Մենք նոր աստծու կամ նոր մարդու չենք սպասում, ավելի շուտ այստեղ և հիմա, մեզ շրջապատող ավերակների մեջ կյանքի խոնարհ եւ ավելի պարզ ձեւ ենք փնտրում, որը պատրանք չէ, քանի որ դրա հիշողությունը և փորձն ունենք, նույնիսկ եթե դա մոռացության մեջ ժխտում են թշնամական ուժերը՝ մեր ներսից եւ դրսում։

Թարգմանությունը՝ Գրողուցավի։
Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: