ԽՍՀՄ փլուզումը, ապա նաև այդքան բաղձալի անկախության հաստատումը Հայաստանում նոր իրականություն և իրավիճակ բերեց իր հետ: Գրականագետ Ս. Գրիգորյանը, անդրադառնալով անկախության շրջանի պոեզիային, նշում է, որ երբեմնի մերժվածները (Հովհ. Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» և «Երկու ջրհեղեղի արանքում», Ա. Հարությունյանի «Հրդեհը հինավուրց հողի» և «Նամակ Նոյին», Հ. Էդոյանի «Հարյուր սոնետ» ու «Քայլեր և ստվերներ», Դ. Հովհաննեսի «Քրոնիկոն», Ա. Մարտիրոսյանի «Շարակնոց» ժողովածուները) ստանձնում են անբանաստեղծական նոր ժամանակների պոեզիան կերտելու առաքելությունը:
«Անկախության տասնամյակը ազատագրեց հայաստանցի բանաստեղծի տեսադաշտը՝ բերելով նրան մեծագույն ազատություն, փրկելով արտաքին գրաքննիչից և աստիճանաբար շղթայազերծելով ներքին աշխարհը[1]»:
Հայտնվելով այդ նոր իրականության մեջ՝ ստեղծագործող անհատները նոր թեմաներ և գեղաձևումների նոր սկզբունքներ առաջ քաշեցին՝ վերանորոգելով առասպելական, աստվածաշնչյան թեմաները: Ընդ որում, այս միտումը հավասարապես նկատելի է թե՛ արձակում և դրամատուրգիայում (Լ. Խեչոյան, Գ. Խանջյան, Ն. Ադալյան, Ա. Գյուլբանգյան), թե՛ չափածո գործերում (Հովհ. Գրիգորյան, Արտեմ Հարությունյան, Արմեն Շեկոյան, Արմեն Մարտիրոսյան, Հենրիկ Էդոյան): Միֆականության արծարծումներն աչքի են ընկնում այլաբանական բնույթով:
Խորհրդային տարիներին չորս ժողովածուներ (1975 – «Երգեր առանց երաժշտության», 1979 – «Բոլորովին ուրիշ աշուն», 1982 – «Անձրև մի տխուր առիթով», 1986 – «Դանդաղ ժամեր») հեղինակած Հովհաննես Գրիգորյանը ևս հետանկախության շրջանում շարունակում է ստեղծագործական ուղին՝ ամբողջացնելով և բյուրեղացնելով իր ստեղծագործական դիմապատկերը:
1992 թվականին լույս տեսած «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուում հեղինակը հետևողականորեն զարգացնում է բառօգտագործման և գեղարվեստական պատկերների թանձրականացման, արդիականացման, «կոպիտ ժամանակները» «կոպիտ խոսքերով» բնորոշելու յուրօրինակ գիծը՝ շարունակելով ընդլայնել լեզվի սահմանները:
Այս ժողովածուի լուսյընծայումից չորս տարի անց լույս է տեսնում Հովհ. Գրիգորյանի հեղինակած մեկ այլ ժողովածու՝ «Երկու ջրհեղեղի արանքում»՝ ժամանակաշրջանի գրական զարգացումներին բնորոշ ձևակերպմամբ: Հետանկախության շրջանում «ջրհեղեղային» թեմատիկան, ջրհեղեղի մետաֆորը ժամանակի բանաստեղծական դաշտում ընդհանրական պատկեր է դառնում: 1996-1998թթ. լույս են տեսնում ժամանակակից պոեզիայի այնպիսի ժողովածուներ, որոնց անվանումը այս կամ այն չափով առնչվում էր ջրհեղեղի թեմայի հետ. Հովհ.Գրիգորյան՝ «Երկու ջրհեղեղի արանքում», Արտեմ Հարությունյան՝ «Նամակ Նոյին», Ղուկաս Սիրունյան «Տապանի վրա», Վառլեն Ալեքսանյան «Մինչև վերջին անձրևը»[2]: Գրականության պատմության մեջ շատ են օրինակները, երբ հեղինակները դիմել են ջրին՝ որպես մաքրագործման իղձ: Հետանկախության շրջանում որպես մետաֆորային այլաբանություն՝ ջրհեղեղն ավելի շատ Աստվածաշնչյան՝ նոր աշխարհաստեղծման խորհուրդն ունի:
Հետերկրաշարժյան, հետանկախության, հետպատերազմյան տարիներին ստեղծագործող զգայուն հեղինակին հաճախ են հետապնդում անպատեհության ու մեղքի զգացումները, որոնցից ծնվում են ինքնատիպ գործեր: Այդպիսի տրամադրություններ է արտահայտում «Երկու ջրհեղեղի արանքում» ժողովածուն բացող, նյութականի և հոգևորի բախման կետում ծնված «Վաճառում եմ բանաստեղծություններ բոլորովին չգործածած, գինը՝ պայմանագրային» գովազդային ինտերտեքստ հիշեցնող վերնագրով ստեղծագործությունը: Պատերազմական ու հետպատերազմյան իրականության մեջ, երբ առաջ են մղվել ապրելու, գոյատևելու սոսկական պահանջները, գեղարվեստական ստեղծագործությունը՝ հեղինակի կողմից վաճառքի հանված բանաստեղծությունը, մարդկանց հետաքրքրում է զուտ նյութի, մատերիայի տեսանկյունից՝ կորցնելով իր բուն՝ գեղարվեստական արժեքն ու նշանակությունը.
– Բանաստեղծությու՞ն,- հարցրեց ամբողջովին արյան մեջ կորած հարևանս,- պետք է և շատ: Միայն թե գրված լինեն չոր թղթերի վրա, թե չէ, մի քիչ խոնավ եղան, ծուխը կլցվի սենյակս և շնչելը կդառնա անհնար…
– Բանաստեղծությու՞ն,- մտքերի մեջ ընկավ վարորդը` մի ձեռքով ղեկը բռնած, մյուսով գլուխը քորելով,- պետք է, եթե իհարկե փողի վրա է գրված…
– Պետք է և շտապ… Գերադասելի է թութունի հետ միասին և բարակ թղթի վրա, և այն պայմանով, որ հակառակորդ կողմն հասկանա, որ այս հարցը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով[3]…
Բանաստեղծության, մշակույթի, գեղարվեստի արժեզրկման ճանապարհին հեղինակը ցույց է տալիս ձևավորված այն սոցիալական պահանջը, որն առկա է հասարակության տարբեր շերտերի մեջ: Բանաստեղծության նյութականացված ընկալման համատարած պահանջի մեջ միայն մուրացկանն է հրաժարվում բանաստեղծությունից՝ ժպտալով, «ինչպես միայն հարազատն է ժպտում հարազատին…»:
Այս բանաստեղծությունն ինչ-որ տեղ նաև հեղինակի իրատեսության հավաստիքն է. նա ժողովածուի մուտքով կարծես թե նախապես տեղեկացնում է, որ քաջ գիտակցում է իր գործունեության գնահատելի լինելու չափն այդ պահին, բայց շարունակում է ստեղծագործել:
«Երկու ջրհեղեղի արանքում» ժողովածուում ընդգրկված մյուս ստեղծագործություններում հիմնականում տեսնում ենք հայկական իրականության քաղաքական ու սոցիալական դրոշմը կրող անհատին՝ բանաստեղծին, փարիզյան միջավայրում: Հեղինակը մանկության վերհուշի, հայ և համաշխարհային գրականության, մշակութային դեմքերի, եվրոպական քաղաքակրթության մայրաքաղաքի տարբեր պատկերների համադրությամբ ներկայացնում է ստեղծագործող անհատի ապրումներն ու խոհերը երկաթե վարագույրի վերացումից հետո` հետանկախության շրջանում («Վարագույրից այն կողմ», «Փակ դռներ» և այլն):
Իսկ հետևից կաղին տալով շտապում է բանաստեղծը,
ստեպ-ստեպ բարձրացնելով
վիթխարի սև գլուխը`
տագնապով ու մտահոգ նայելով առաջ`
հանկարծ չփակվե՞ն դռները
և դրսում մնա սովորականի պես…
Անհավատալի բան.
առաջին անգամ հյուրընկալորեն բացված
լայն դռներ է տեսել իր առջև… [Հովվապետն ու Բանաստեղծը, էջ 20]
Շրջափակումից, բլոկադայից վերջապես ազատված քաղաքացու համար Փարիզը դեռ մանկության տարիներից հիշվող Ախուրյանի զով ու մաքուր ջրերի վերհուշն է արթնացնում («Փարիզ, էլի Փարիզ»): Մանկության անկաշկանդ զգացողությունն ու անհոգությունը համեմատվում է փարիզյան փողոցներում ստացած տպավորությունների հետ:
Հատկանշական է, որ մշակութային ու պատմական անդրադարձներով ներհյուսված ստեղծագործությունները կառուցված են քրոնոտոպային հետաքրքիր անցումներով: Փորձենք այդ անցումները ցույց տալ «Սիրային բանաստեղծություն՝ գրված անպատեհ ժամանակներում» [էջ 19] ստեղծագործության օրինակով: Այստեղ հեղինակը մենախոսում է իր սիրո հետ, սակայն այս սերը ոչ թե հակառակ սեռի ներկայացուցիչ ինչ-որ մեկն է, այլ իր ներսում ապրող սերը, սիրո զգացումն առ աշխարհ, որը մեռել է, ընդ որում՝ մի քանի անգամ: Պատմողական երկին բնորոշ անախրոնիաներով կառուցված այս ստեղծագործությունը ներկայացնում է տարածաժամանակային տարատեսակ անցումներով հարուստ քրոնոտոպային կառույց, որն իր մեջ ընդգրկում է վերջին հարյուր տարում հայ ժողովրդի հաղթահարած մեծ ողբերգությունների ամբողջական շղթան: Շղթայի յուրաքանչյուր օղակ մի ժամանակահատված է ներկայացնում, և յուրաքանչյուր օղակում հեղինակը կորցնում է իր սերը:
Հեղինակը հետընդգրկմամբ՝ բաց անալեպսիսի[4] (հետընթացը տեղի է ունենում պարբերաբար) ներկայացնում է հայ ժողովրդի պատմության տարբեր շրջաններ: Հետհիշատակումները հանդես են գալիս ազգային անցյալի նկատմամբ հեղինակի հետահայց մեկնաբանություններով՝ ներկայացվելով միմյանց հետ համեմատության համատեքստում:
Ստեղծագործության մեջ կարելի է առանձնացնել յոթ ժամանակային գոտի, որոնք ներկայացված են անկանոն հերթականությամբ. եթե ժամանակային որոշակի դրվագներ պատկերող հատվածներն ըստ հերթականության նշենք լատինական տառերով, իսկ ժամանակային հաջորդականությանը՝ արաբական թվանշաններով՝ հաշիվը սկսելով հեղինակին ավելի մոտ գտնվող ժամանակահատվածից, ապա կստանանք ժամանակային հետևյալ պատկերը.
A 1 (հետպատերազմյան շրջան՝ 1994-ից հետո) – Դու արդեն վաղուց չկաս
– ի՜նչ տարօրինակ զուգադիպություն,
չէ՞ որ ինքս էլ վաղուց չկամ:
B 3 (1988 թ.)- Ներիր, սիրելիս,
որ նորից դառնացնում եմ քո հոգին, բայց արդեն
չեմ հիշում, թե դու երբ, իսկ ես
վերջին անգամ զոհվեցի երկրաշարժի ժամանակ,
հենց առաջին ցնցումից հետո:
C 2 – (1988-1994 թթ. Արցախյան ազատամարտ)- Եվ երբ
գնդակը խոցեց ինձ ինչ-որ
ցեխակոլոլ խրամատում –
դու արդեն շատ վաղուց չկայիր:
D 7 – (1915 թ. Եղեռն) Ու թեև դեռևս տասնամյակներ առաջ
թուրքական յաթաղանը երկու կես էր արել իմ սիրտը,
որի մի կեսը ժողովրդի ցավով էր
տառապում, իսկ մյուսը լցված էր քո սիրով,
E 6 – (1937 թ.) երևի 37 թիվն էր, երբ ես հրաժեշտ տվեցի քեզ`
չկարողանալով նայել քո աչքերին,
որովհետև հաջորդ օրն ինձ գնդակահարելու էին,
որպես ժողովրդի թշնամու:
F 4 – (հետպատերազմական շրջան՝ 1945-ից հետո) Բայց, սեր իմ, հավատա,
ամենածանրը քաղցից մեռնելն է,
պատերազմից հետո, հիշո՞ւմ ես, վազում էինք
սայլերի ետևից, որոնք քուսպ էին տանում,
և սայլապանի մտրակից
ուշակորույս մարմինս ճզմվեց
ետևից եկող սայլի ծանր… թրթուրների տակ
գերմանական տանկի…
G 5 – (Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ 1939-1945թթ.) բայց ոչ, դա ավելի շուտ էր,
երբ մենք հանդիպեցինք երկրորդ անգամ,
գետափին, երբ գետը դեռևս հոսում էր դեպի
ծով, ճիշտ այնպես,
ինչպես քարտեզին է նկարված` կապույտ,
քո շրջազգեստից ավելի կապույտ, թե՞ քո
շրջազգեստն էր ավելի…
H 1 (հետպատերազմյան շրջան՝ 1994-ից հետո) – Ներիր, սեր իմ, ես արդեն խառնում եմ ամեն ինչ,
ծերացել եմ սարսափելի, ու եթե, Աստված տա,
մի քիչ էլ շարունակվի այսպես, երևի այս անգամ,
առաջին անգամ, պատկերացնո՞ւմ ես,
ինձ հաջողվի մեռնել բնական մահով, թեև, չգիտեմ,
էլ ի՞նչ իմաստ ունի ապրելը հիմա,
երբ դու արդեն վաղուց չկաս,
չգիտեմ, էլ ի՞նչ իմաստ ունի մեռնելը մանավանդ,
երբ ես ինքս էլ չկամ վաղուց:
A1 – B3 – C2– D7 – E6 – F4 – G5 – H1
Այսպիսով՝ բանաստեղծության հերոսը՝ բանաստեղծը, խոսքը սկսում է ներկա հոգեվիճակի նկարագրությամբ, ապա հետ է գնում՝ տեղափոխվելով ժամանակային նախ այնպիսի շրջաններ, երբ ինքը եղել է ֆիզիկապես (Երկրաշարժ, Արցախյան ազատամարտ), ապա նաև ավելի հետ՝ ազգային հիշողության հետքերով հասնելով Եղեռնի ժամանակներ, հետո վերադառնալով բոլշևիկյան տեռորի, Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած սովի, տարածքային նոր քարտեզագրման ժամանակներ: Ի վերջո՝ Հավերժական հայը, ով կանգնած է Երկրաշարժի, Պատերազմի ու Եղեռնի մեջտեղում[5], անցյալի վերադարձի ապրումներով վերստին գալիս է անհույս ներկա՝ հայացքն ուղղված դեպի անորոշ ապագա: Այսպիսով առաջանում է փակ շղթա, որտեղ շարունակաբար պտույտներ է գործում Հավերժական հայը:
Մեկը մյուսին կապված ստեղծագործությունները մինչջրհեղեղյան և հետջրհեղեղյան իրականություններ են պատկերում: «Երկու ջրհեղեղի արանքում» վերնագրով բանաստեղծությունը ներկայացնում է երկու ջրհեղեղ՝ առասպելականի և իրականի, գեղարվեստականի ու առօրեականի հետ ներհյուսված: Մեկն աստվածաշնչյան հայտնի ջրհեղեղն է, որից հետո նոր աշխարհարարումը գտնվում էր Աստծո կառավարելիության տիրույթում, մյուսը՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած իրականությունը, որը պայմանականորեն դիտարկվում է որպես հետջրհեղեղյան վիճակ. այն դուրս է Աստծո կառավարելիության տիրույթից: Այս դեպքում ամեն ինչ ղեկավարվում է պետական կառույցների կողմից:
Բայց ահա օրը վերջին` փակվում է տարին,
Աստված իր ձեռքով է կողպում դուռը տապանի,
հուսանք, որ շուտով պառլամենտը կհաստատի ծրագիրը նոր ջրհեղեի.
ձգձգման համար ընդամենը երկու կետ կա վիճարկելի`
ընդդիմությունը առաջարկում է Նոյին փոխարինել սահմանադիր ժողովով,
իսկ վարչապետը պնդում է անձրևների քառասնօրյա ժամկետը
ավելացնել ևս տասն օորով՝ ի հաշիվ բնակչությանը
տրվող ջեռուցման…[էջ 38]:
Քանի դեռ հեռու է անձրևների ժամանակը, հեղինակը կոչ է անում արթնանալ քնից, չկրկնել սխալը մեր նախնիների, բացել քարտեզները ու պայքարել՝
քանի դեռ անդորր է հարաբերական սահմանամերձ շրջաններում,
քանի դեռ գոնե մի եղևնի է մնացել մեր միակ անտառում,
քանի դեռ… գոնե մի… եղևնի է մնացել…
մեր միակ անտառից…» (էջ 38):
Մռայլ տրամադրությունները («Այցելուներ», «Չգիտեսթեինչ 1, 2, 3», «Գիշերային թռիչք», «Ամանոր 95, 96, 97… ևլն»), անորոշության, տաղտուկի զգացողությունը («Արվարձան», «Երկու ջրհեղեղի արանքում», «Դիվանագիտական հարաբերություններ»), կորստի ցավը («Վերջին հավերժահարսը»), մահվան, հրաժեշտի («Ժամանակն է արդեն») ու գերեզմանոցային տեսարանները («Այցելություն հանգուցյալին Օվեր–Սյուր-Ուազ», «Պատահական այցելություն») անցնում են գործից գործ՝ երբեմն վերածվելով ծաղր ու ծանակի, երբեմն՝ գրոտեսկի՝ վավերագրելով հեղինակի ապրած ժամանակը:
Այսպիսով՝ Հովհ. Գրիգորյանի «Երկու ջրհեղեղի արանքում» ժողովածուում տեղ գտած ստեղծագործություններն ինքնակենսագրական պատումներ են, որոնք անցյալի ու ներկայի հարաբերությամբ, պատմաքաղաքական, հասարակական, գոյաբանական, փիլիսոփայական մտորումների ներհյուսմամբ ներկայացնում են հեղինակի ապրած ժամանակի վավերագրությունն ու տրամադրությունները: Հեղինակի ստեղծաբանական և գեղագիտական յուրօրինակ, նոր մոտեցումներն առավել բյուրեղանում և ամբողջանում են նրա հետագա ժողովածուներում:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Գրիգորյան Հովհ., Երկու ջրհեղեղի արանքում, Եր., 1996, 44 էջ:
- Գրիգորյան Ս., Հայաստանի պոեզիան անկախության շրջանում, Գրանիշ, 16. 07. 2015: https://granish.org/poezian-ankaxutyan-shrjanum/
- Հակոբյան Հ., «Ջրհեղեղ` ժամանակային անանցանելիություն», Գրեթերթ, 2013, փետրվարի 13: http://gretert.com/hasmik-hakobyan/
- Женетт Ж., Границы повествовательности, Фигуры, в 2-х томах, Том 1-2, էջ 288- 299.
[1] Գրիգորյան Ս., Հայաստանի պոեզիան անկախության շրջանում, Գրանիշ, 16. 07. 2015: https://granish.org/poezian-ankaxutyan-shrjanum/
[2] Տե՛ս Հակոբյան Հ., «Ջրհեղեղ` ժամանակային անանցանելիություն», Գրեթերթ, 2013, փետրվարի 13: http://gretert.com/hasmik-hakobyan/
[3] Գրիգորյան Հովհ., Երկու ջրհեղեղի արանքում, Եր., 1996, էջ 3: Տվյալ ժողովածուից հաջորդ մեջբերումները կտրվել տեղում՝ էջը նշելով փակագծերում:
[4] Տե՛ս Женетт Ж., Границы повествовательности, Фигуры, в 2-х томах, Том 1-2, էջ 288- 299.
[5] Ձևակերպումը՝ ըստ Դավիթ Հովհաննեսի «Հավերժական հայը» բանաստեղծության http://www.grakantert.am/archives/9019