VII
Այդ անհաջողությունը սաստիկ վատթարացրեց հայերի սկսած գործը։ Մինչև այսօր նրանք պարծենում էին ռուսներով, սպառնալիքներ էին կարդում մահմեդականներին մեծ թագավորի անունով, բայց հենց որ մահմեդականները նկատեցին, որ այդ բոլորը երևակայական ցնորք էր, սկսեցին ավելի կատաղությամբ բռնանալ քրիստոնյաների վրա։
Հենց միևնույն ժամանակ (1723), երբ ռուսները տիրեցին պարսից ծովեզրյա գավառները, օսմանցիք սկսեցին առաջ խաղալ դեպի Հայաստանի խորքը։ Տիրելով Նախիջևանը, Երևանը, Թիֆլիսը և Գանձակը, նրանք հասան Ղարաբաղին։
Սարի-Մուստաֆա-փաշան, որ դեպի Ղարաբաղի կողմերը ուղարկված օսմանցոց գունդերի հրամանատարն էր, նստած էր Գանձակ քաղաքում և իր զորքերը տարածել էր դեպի ամեն կողմ։ Հայոց մելիքները այժմ սարսափելով տեսան, որ թուլացած, ուժից ընկած պարսիկների փոխարեն հայտնվեցավ մի նոր և ավելի զորավոր թշնամի, որ կարող էր ոչնչացնել նրանց բոլոր հույսերը։
Նրանք իրանց դաշնակից Վախթանգի[31] հետ փորձեցին երրորդ անգամ դիմել կայսրին, օգնություն խնդրելով օսմանցիների դեմ։ Բայց կայսրը այդ ժամանակ այլևս վերականգնյալ Հայաստանի անկախության վրա չէր մտածում, այլ մտածում էր ավելի նրա վրա, որ իր նոր գրաված պարսկական ծովեզրյա երկրները՝ Գիլանը և Մազանդարանը, բնակեցնե մի քրիստոնյա և հավատարիմ ժողովրդով, որպես էին հայերը։ Այդ ժողովրդի ընտիր զորապետները իրանց հայկական գունդերով նպաստեցին նրան հիշյալ երկրները տիրապետելու ժամանակ, այդ ժողովրդից դուրս եկած խելացի քաղաքագետները ճանապարհ ցույց տվին նրան, առաջնորդեցին և համարյա առանց պատերազմի գրավեցան հիշյալ երկրները,— այժմ կայսրը ցանկանում էր, որ նույն ժողովուրդը թողներ իր սիրելի հայրենիքը, որի վերածնելության մասին այնքան ոգևորված էր և գաղթեր մի անծանոթ և հեռու աշխարհ։ Այդ ժողովուրդը պետք էր այդ նոր աշխարհի համար. նա հավատարիմ էր, հլու էր, և գլխավորն այն է, որ նրա ձեռքումն էր արևելքի վաճառականությունը, և նրա միջոցով մեծ կայսրը կարող էր իրագործել իր մեծ նպատակները՝ արևելքի վաճառականությունը կապել Եվրոպայի հետ Ռուսաստանի վրայով և իր պետությանը մի նոր կյանք տալ։
Բայց որպես հայերը, նույնպես և վրացիները չէին դադարում կայսրի պաշտպանությունը խնդրել իրանց հայրենիքի փրկության համար։ Նրանք ավելի բարվոք էին համարում մնալ իրանց հայրենիքում, միայն ազատ լինել մահմեդական լծից։
Իսկ այդ միջոցներում կատարվեցան մի քանի դիպլոմատիական կապակցություններ, որոնք իսպառ զրկեցին թե հայերին և թե վրացիներին իրանց բաղձանքներից։
Հենց նույն ժամանակ, երբ կայսրը Աստրախանից վերադարձավ Ս. Պետերբուրգ (1723, 3 սեպտեմ.), այնտեղ եկավ Շահ-Թահմասի[32] դեսպանը, ռուսաց և պարսից մեջ խաղաղության դաշն կապվեցավ, որի հիման վրա պարսիկները թողեցին ռուսների տիրապետության ներքո Դերբենդ և Բաքու քաղաքները, այլև Գիլանի, Մազանդարանի և Աստրաբատի նահանգները, իսկ կայսրը իր կողմից պարտավորվեցավ զորք ուղարկել Շահ-Թահմասին օգնելու համար աղվանների և օսմանցիների դեմ։ Թեև այդ դաշնագրին վերջը չստորագրեց շահը, այսուամենայնիվ, օսմանցիները սաստիկ վրդովվեցան, երբ նկատեցին ռուսների միջամտությունը պարսից գործերի մեջ։ Բայց կայսրը հանգստացրեց սրանց, Բ. Դռան հետ կապած իր դաշնագրությամբ (1724, 12 հունիսի), որի հիման վրա համաձայնվեցավ, որ օսմանցիք տիրեին Վրաստանին, ստորին Դաղստանին և հայոց նահանգներին, որպես էին՝ ամբողջ Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Գանձակը, Ղարաբաղը և այլն, մինչև Շիրվանի մի մասը։ Այդ դաշնագրության զորությամբ իզուր էին հայերի հույսերը Ռուսաստանից օգնություն սպասել, որովհետև որքան էլ ցանկանային ռուսները, չէին կարող օգնել։
Այդ էր պատճառը, երբ հայոց կաթողիկոսները և մելիքները կրկին անգամ դիմեցին Պետրոս Մեծին, իր հրովարտակով (1724, 10 նոյեմ.), կայսրը բարեհաճեց հայերին ընդունել իր բարձր հովանավորության ներքո և ամենաողորմածաբար հրամայեց Դերբենդի բերդապահ գեներալ Կրոպոտովին, որ հայերին բնակության տեղ տա Սուրբ Խաչ բերդի մոտ, Սուլակու, Ագրախանա և Թերեկ գետերի ափերի մոտ։ Միևնույն ժամանակ կայսրի կանցլեր գրաֆ Գավրիլո Գոլովկինը գաղտնի հրահանգներ է ուղարկում իրանց նոր գրաված պարսկական նահանգների կառավարիչներին, որ համոզեն հայերին թողնել իրանց հայրենիքը և գաղթել Կասպից ծովեզրյա երկրների վրա, որպես էին Գիլանը և Մազանդարանը։ Որովհետև օսմանցոց Բ. Դռան հետ կապած դաշնագրի պատճառով կայսրը չէ կարող օգնել հայերին, քանի որ նրանք իրանց հայրենիքումը կմնան։ Դեռ դրանից առաջ Կասպից ծովեզերքի կառավարիչ գեներալ Մատյուշկինը հրաման էր ստացել, որքան կարելի է աննկատելի կերպով աշխատել մաքրելու Դիլանը և Մազանդարանը մահմեդականներից, հանդարտ կերպով ոչնչացնելով նրանց, որպեսզի հետո կարելի լինի նրանց տեղը լցնել հայ գաղթականներով։
Բայց Պետրոս Մեծի վաղահաս մահը (1725, 28 հունիսի) թողեց Ղարաբաղի հայերի գաղթականության խնդիրը անկատար։ Կայսրի մահից հետո ռուսաց գահի վրա նստեց նրա ամուսինը՝ Եկատերինա I[33], որի թագավորության ժամանակ հայերի վիճակը ավելի ծանրացավ։
Թեև Պետրոս Մեծը չկարողացավ իր կողմից օգնել հայերին մահմեդականների դեմ, այսուամենայնիվ, մեծ թագավորի մահվան բոթը հայերին սուգի մեջ դրեց։ Հայոց Եսայի և Ներսես կաթողիկոսները և Ղարաբաղի մելիքները Դերբենդից ուղարկեցին մի պատգամավորություն կայսրուհի Եկատերինա I մոտ, հայտնելու իրանց խորին ցավակցությունը։ Այդ պատգամավորության գլխավորներն էին Յուզբաշի Բաղին, Չելեբի քյոխվան և ուրիշ նշանավոր անձինք։ Նրանք միևնույն ժամանակ հայտնեցին, որ Սարի-Մուստաֆա փաշան 40 հազար հոգով հարձակվեցավ Ղարաբաղի վրա, և հայերը ութ օր հուսահատ կերպով պատերազմելով, հազիվ կարողացան հաղթել օսմանցիներին։ Պատգամավորները ավելացրին, թե դժվար կլինի հայերին երկար պաշտպանվել, եթե նրանց օգնություն չհասնի։
Կայսրուհին իր հրովարտակով (1726, 22 փետրվարի) բարեհաճեց արտահայտել իր ողորմածությունը և համակրությունը դեպի հայերը, իսկ ինչ որ գործին էր վերաբերում, գրվեցավ, որ Չելեբի քյոխվան բերանացի կհաղորդե։
Հայոց պատգամավորներին պատվիրված էր հաղորդել Ղարաբաղի ապստամբներին, որ նրանք հաստատ մնան իրանց ապստամբության շարժման մեջ, շարունակեն իրանց կռիվները մահմեդականների դեմ, շուտով նրանց օգնության կհասնեն վրաց Վախթանգ իշխանը և գեներալ Դոլգորուկի իշխանը։
Այնուհետև հայերը մի քանի անգամ կրկնեցին իրանց խնդիրները, բայց ոչ ոք նրանց օգնության չհասավ, և ստիպված էին իրանց սեփական ուժերով պատերազմել թշնամու դեմ։ Բայց երևի հայերին վիճակված չէր մի լավ օր տեսնել, որովհետև Աննա Իվանովնա կայսրուհու թագավորության ժամանակ (1732) հայտնվեցավ սարսափելի Նադիրը[34], և Պարսկաստանում նշանավոր փոփոխություններ կատարվեցան, որոնք մեծ ազդեցություն ունեցան հայերի սկսած գործի ապարդյուն մնալու վրա։
VIII
Նադիրը[35] հայտնվեցավ այն ժամանակ, երբ, որպես տեսանք վերևում, Պարսկաստանը բաժան-բաժան էր եղած, և պարսից գահի վրա նստում էին օտարները։ Պարսկաստանի մի մասին տիրում էին աղվանները, մի մասը գրավել էին ռուսները, իսկ պարսկական Հայաստանը, Վրաստանը և մի քանի այլ նահանգներ օսմանցիների ձեռքումն էին։
Նադիրը հայտնվեցավ ինչպես մի կատաղի փոթորիկ, որը զորավոր ձեռքով նախ մաքրեց Պարսկաստանը աղվաններից, տիրեց Հնդկաստանի մի մասը, հետո իր սուրը դարձրեց օսմանցիների դեմ։ Նրա զարմանալի հաջողությունները նոր ուժ, նոր խրախույս ներշնչեցին Ղարաբաղի հայոց մելիքներին։ Այս վերջինները սկսեցին իրանց սեփական ուժերով մաքրել իրանց հայրենիքը օցմանցիներից։
Այդ ժամանակ օսմանցիների սերասկեր (գլխավոր հրամանատար) Սարի-Մուստաֆա փաշան իր գլխավոր բանակով զետեղված էր Գանձակ քաղաքում, իսկ մնացած զորքերը տարածել էր Ղարաբաղի մելիքների երկրներում։ Մելիք-Ավանը, որ բոլոր մյուս մելիքների գահերեցն էր, օգուտ քաղելով փաշայի դեպի ինքն ունեցած բարեկամական հարաբերություններից, և առերես հնազանդություն ցույց տալով, գաղտնի կերպով սարքեց մի մեծ դավադրություն։ Ղարաբաղի բոլոր մելիքները միաբանվեցան նրա հետ։ Ապստամբության նշանաբանը բովանդակվում էր հետևյալ խոսքերի մեջ. «պահպանեցեք հին սերմերը, որպես բուսնելու հույս տվողներ և ոչնչացրեք նորը, որ պտուղ չէ խոստանում»։ Այսինքն՝ խնայել պարսիկներին և կոտորել օսմանցիներին։ Կոտորածը պետք է կատարվեր մեծ պասի առաջին գիշերվա մեջ։ Այդ Բարթոլոմյան գիշերում հայերը ոչնչացրին թե Ղարաբաղի և թե Գանձակի կողմերում գտնված բոլոր օսմանցի զորքերին[36]։ Ձմեռվա ցրտի պատճառով զինվորները հայերի տներումն էին բնակվում։ Ամեն մի տանտեր սպանեց իր ինքնակոչ հյուրին։ Սարի-Մուստաֆա փաշան հազիվ կարողացավ ազատվել, փախչելով Երևան։ Այդ հիշատակի արժանի անցքը կատարվեցավ 1733 թ.։
Որպես մի փոքրիկ միջնավեպ, ես ավելորդ չեմ համարում նկարագրել մի դեպք, որ նույն գիշերը տեղի ունեցավ Վարանդայի Ավետարանոց գյուղում։ Դրա մեջ փայլում է հայ կնոջ հերոսությունը։ Ավետարանոցը Վարանդայի մելիքության բերդավանն է։ Այստեղ իր զինվորներով զետեղված էր օսմանցիների զորապետներից մեկը, որ կոչվում էր Սուլեյման-Բեկ։ Դա, լսելով տեղային Մելիք-Հուսեինի դստեր՝ Գայանեի գեղեցկությունը, մտածում է տիրապետել նրան։ Բայց չհամարձակվելով հայտնի բռնություն գործ դնել, առաջարկում է ամուսնանալ Գայանեի հետ։ Հայրը և մայրը անպատկառ մահմեդականին միամտացնելու համար խոստանում են տալ աղջիկը, բայց միշտ հետաձգում են, հայտնելով, թե հայերի ազգային և կրոնական սովորությունների համեմատ պետք է դեռևս այս և այն ծեսերը կատարված լինեն։ Այսպես օրըստօրե ժամանակ են խլում, մինչև հասնում է նշանակյալ գիշերը։ Սկսվում է կոտորածը։ Մելեք-Հուսեինը այն գիշեր տանը չէ լինում. նա գնացել էր իր գավառի մյուս տեղերում գործելու համար։ Ավետարանողի կոտորածին առաջնորդում էր նրա քաջասիրտ կինը՝ Աննա խաթունը[37]։ Երբ այդ զինված հերոսուհին ավանի փողոցների մեջ կոտորել էր տալիս օսմանցիներին, այդ միջոցին նրա ինքնակոչ փեսացուն՝ Սուլեյման-բեկը, իր կյանքը ազատելու համար, փախչում է դեպի Աննա խաթունի տունը։ Նույն րոպեում Գայանեն, նույնպես զինված, կանգնած է լինում տան դռան մոտ։ Տեսնելով իր ատելի փեսացուին ներս մտնելիս, օրիորդը իր խենջարը խրում է նրա սրտի մեջ… Այդ սպանությունից հետո Գայանեն իր անձը նվիրեց կուսակրոնության և մտավ Ավետարանոց գյուղի կուսանաց անապատը[38]։
Աննա խաթունի և Գայանեի քաջագործության հիշատակը պահպանված է միայն ժողովրդական ավանդության մեջ, իսկ Մելիք-Հուսեինի հիշատակը մնում է արձանագրված իր գերեզմանի քարի վրա, որը գտնվում է Ավետարանոց բերդի կուսանաց անապատի զավթում[39]։
Ղարաբաղի մելիքների կռիվները օսմանցիների հետ մի մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, որը դեռևս ոչ ուսումնասիրված է և ոչ տպագրված։ Մենք այժմ այսքանը միայն կասենք, որ հայերը, սրի ուժով մաքրելով իրանց հայրենիքը օսմանցիներից, բավական հեշտացրին նադիրի հաղթությունները օսմանցիների դեմ, և պարսիկ սպարապետը թագավոր դառնալուց հետո, որպես կտեսնենք, չմոռացավ հայոց մելիքների ծառայությունները։ Նա ավելի երախտամատույց գտնվեցավ, քան թե քրիստոնյա կայսրները։
Մինչ Ղարաբաղում հայոց մելիքները ջարդում էին օսմանցիներին, հենց միևնույն ժամանակներում Սյունյաց իշխան Դավիթ Բեկը Ղափանի կողմերում հրաշքներ էր գործում։ Մահմեդական տիրապետողների բերդերը մինը մյուսից հետո ընկնում էին նրա ահեղ զորության առջև։ Հալիձորի բերդի պաշարման ժամանակ մի բուռն քաջերով ցրվեց նա օսմանցիների ավելի քան քսան հազար զորքերը[40], Ղափանը, Բարգյուշատը, Չավնդուրը, Գենուազը և Գողթանը բոլորովին մաքրեց օսմանցիներից, խլեց նրանցից Մեղրի և Օրդուբադ քաղաքները։ Այդ բոլորը լսելով՝ պարսից Շահ-Թահմասը[41], թե որքան նա օգնեց իրան, պատերազմելով Պարսկաստանի թշնամիների հետ, վարձատրեց քաջի հաղթությունները, զանազան արտոնություններ շնորհելով Դավիթ Բեկին։ Նա ուղարկեց բեկին մի դրոշակ, մի պատվական նժույգ ձի և թագավորական ֆիրմանով հաստատեց, որ նա ժառանգաբար իր տիրած երկրների տերը և իշխանաց-իշխանը լինի. նա իրավունք տվեց բեկին իր անունով դրամ կտրելու։ Բայց հանկարծակի մահը թույլ չտվեց այդ հերոսին երկար վայելելու իր հաղթությունների փառքը… 1728 թվին դավաճանի թույնը նրան գերեզման տարավ։ Միևնույն տարվա մեջ մեռան Ղարաբաղի երեք նշանավոր գործիչները՝ Մելիք-Բեգլարյան Աբով II, Մելիք-Իսրայելյան Մելիք-Եսային և Գանձասարի Եսայի կաթողիկոսը։ Մելիք-Աբովին Հաջորդեց իր որդի Մելիք-Յուսուբը, Եսայի կաթողիկոսին հաջորդեց Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսը, իսկ Մելիք-Եսայուն հաջորդեց իր եղբայր Ալլահ-Ղուլին, որ իր քաջագործությունների համար Նադիրից ստացավ սուլթանության տիտղոս և կոչվեցավ Ալլահ-ղուլի սուլթան։
Նադիրը, հաջողությամբ առաջ տանելով իր արշավանքները, մի քանի տարվա մեջ հետզհետե խլեց այն բոլոր պարսկական նահանգները, որ օտարները և օսմանցիները տիրել էին (Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Վրաստանը, Գանձակը և այլն)։ Նրա հաղթությունները երկյուղի մեջ դրին մինչև անգամ ռուսաց կառավարությանը, որը առանց պատերազմի, Աննա Իվանովնա կայսրուհու օրերում (1732—1735), վերադարձրեց Նադիրին Պետրոս Մեծի գրաված բոլոր պարսկական գավառները (Գիլանը, Մազանդարանը, Աստրապատը, Բաքուն և Դերբենդը)։
Իր հաղթությունները փառավոր կերպով կատարելուց հետո, 1730 թ. ձմեռը, Նադիրը բանակ դրեց Երասխ գետի մոտ, Մուղանի լայնատարած անապատում։ Այնտեղ կանչված էին Պարսկաստանի բոլոր նահանգապետները, այնտեղ էր Կախեթիայի վալին՝ Իմամ—ղուլի խանի (Դավիթ III) որդի մահմեդականացած Ալի-Միրզա-խանը. այնտեղ հրավիրված էր Էջմիածն՚ի Աբրահամ կաթողիկոսը[42] և Ղարաբաղի Ներսես կաթողիկոսը, այնտեղ էին Ղարաբաղի, Նախիջևանի, Երևանի հայոց բոլոր մելիքները և քալանթարները, այնտեղ էր Թիֆլիսի իշխան Մելիք-Աշխալ-բեկի որդի Աղա-բեկը (իշխան Բեհբուդյանների պապը), որը մասնակցեց Նադիրի հնդկական արշավանքներին։
Նույն տարվա փետրվար ամսում, Մուղանի անապատում, կատարվեցավ Նադիրի թագադրության հանդեսը։ Հայոց Աբրահամ կաթողիկոսը օրհնեց նրա սուրը և իր ձեռքով կապեց պարսից նոր թագավորի մեջքին։
Թագադրությունից հետո Նադիր-շահը այնտեղ հավաքված ավագներին զանազան պաշտոններ և աստիճաններ շնորհելու ժամանակ վարձատրեց և հայոց մելիքների կատարած քաջագործությունները, որոնք այնքան եռանդ էին ցույց տվել օսմանցիներին կոտորելու գործում։ Առանձին ֆիրմաններով նրանց կրկին հաստատեց իրանց հայրենական իշխանությունների մեջ, իրավունք տալով յուրաքանչյուրին անկախ կերպով կառավարելու երկիրը, վճարելով ամեն տարի մի որոշյալ քանակությամբ հարկ։ Այնուհետև մեքիքները կախումն ունենալով միայն շահից, իսկ իրանց իշխանության մեջ վայելելով ինքնավարության կատարյալ իրավունքներ, որպես վալիներ (ավատական իշխաններ) ավելի հանգիստ և ապահով դրություն ստացան և սկսեցին ավելի ևս զորացնել իրանց աժերը։
Մի քանի մելիքներ առանձին աստիճաններ ստացան։ Ջրաբերդի Մելիք-Իսրայելի որդի Մելիք-Ալլահ-ղուլին ստացավ սոլթանի աստիճան[43] և կոչվեցավ Ալլահ-ղուլի-սոլթան։ Շահի առանձին շնորհը վայելում էր Տիզակ գավառի Մելիք-Ավանը (Եգանը), որին շահը «բաբալըղ» էր կոչում, որ նշանակում է հոգևոր հայր։ Մելիք-Ավանը Ղարաբաղի մելիքների գահերեցն էր. դա մի ամբողջ տարի իր ծախքով կերակրեց շահի զորքերին. դա էր պարագլուխը մեր վերև հիշած սարսափելի կոտորածի, որով մի գիշերվա մեջ հայերը ոչնչացրին Ղարաբաղում գտնված բոլոր օսմանցիներին։ Շահը շնորհեց նրան խանության աստիճան, կոչվեցավ Մելիք-Ավան-խան և կարգեց Խամսայի հինգ մելիքությունների գլխավոր. դրա մոտ էին հավաքվում վճարելիք հարկերը և դրա ձեռքով էին հանձնվում արքունի գանձարանին։
Երբ Աբրահամ կաթողիկոսը Մուղանի անապատում, շահի խնդրելով, Երասխ գետի ափի մոտ կատարեց սուրբ ծննդյան և մկրտության տոնի հանդեսը, ներկա էին, բացի քրիստոնյաներից, մինչև երեք հարյուր պարսիկ ազնվականներ, շեյխուլիսլամը, ղազին և այլ նշանավոր անձինք։ Բոլորի մեջ միայն Մելիք-Ավան-խանը արժանացավ այն պատվին, որ խաչը ջրից դուրս հանեց։
Ավելորդ չեմ համարում հիշել մի փոքրիկ դեպք, որը, ինքնըստինքյան, թեև շատ ծաղրական է, բայց ցույց է տալիս, թե որ աստիճան հայոց այդ ավագը մտերիմ և բարեկամ էր Պարսկաստանի ահարկու թագավորին։
Նադիր-շահը սովորություն ուներ շուտ-շուտ ճաշել Մելիք-Ավան-խանի տանը, որի ճոխ սեղանը հռչակված էր, թե այնտեղ ամեն բարիք կարելի է գտնել։ Մի անգամ շահը, կամենալով փոքր-ինչ ամաչացնել իր հյուրընկալին, պատվիրեց ճաշի համար թարմ սունկ պատրաստել։ Թեև ձմեռն էր, թեև տարվա այն ժամանակին Ղարաբաղի անտառներում թարմ սունկ գտնելը անկարելի բան էր, այսուամենայնիվ, Մելիք-Ավան-խանը ցույց տվեց, թե շահի փափագը կատարված կլինի։ Ճաշի ժամանակ, երբ թագավորը պահանջեց ցանկացած կերակուրը, մելիքի սպասավորները դրեցին նրա առջև մի մատուցարան, լիքը դիզած ոսկիներով։— Ես սունկ էի պատվիրել,— ասաց շահը։— Մենք առանց սունկի ևս կարող ենք կշտանալ, պատասխանեց մելիքը,— իսկ ձեր զինվորներին ոսկի է հարկավոր թշնամու հետ պատերազմելու համար։ Շահին խիստ հաճո թվեցավ մելիքի պատասխանը և ընդունեց ոսկիները։
Մելիք-Ավան-խանը հարգված էր և ռուսաց կառավարությունից։ Աննա Իվանովնա կայսրուհու թագավորության ժամանակ (1734) նա իր աստիճանավորներով գնաց Ռուսաստան, փառավոր ընդունելություն գտավ և արժանացավ կայսրուհու առանձին ուշադրությանը։ Պետրոս Մեծի պարսկական արշավանքների ժամանակ իր ցույց տված նշանավոր ծառայությունների համար Մելիք-Ավան-խանը ստացավ գեներալ-մայորի աստիճան և զանազան շքանշաններ։ Նրա ամբողջ սվիտային նույնպես աստիճաններ, շքանշաններ շնորհեցին և թոշակ նշանակեցին։
Հետո Ելիսավետա Պետրովնա կայսրուհու թագավորության ժամանակ Մելիք-Ավան-խանը, արդեն ծերացած հասակում, կրկին անգամ գնաց Ռուսաստան, իր ընտանիքը իր հետ տանելով։ Ղարաբաղի երևելի տիրապետողը կրկին անգամ արժանացավ զանազան շքանշանների և պատվի, թեև նրա այցելությունների նպատակը իր անձնական փառասիրությունը չէր, այլ նա աշխատում էր իր դժբախտ հայրենիքի փրկության համար։ Մեծն Պետրոսի օգոստափառ դուստրը ցանկացավ ծերունի հերոսին անձամբ տեսնել Ս. Պետերբուրգում և նշանակեց առանձին աուդիենցիա։ Գրաֆ Մինիխը և գրաֆ Րազումովսկին Մելիք-Ավան-խանին իր ամբողջ ընտանիքի հետ ներկայացրին կայսրուհուն։ Ընդունելության ժամանակ կայսրուհին, տեսնելով մի մանկահասակ գեղեցկուհի, որը մելիքի թոռն էր, այնքան սիրեց նրան, որ ցանկացավ պահել իր արքունիքում, իբրև պալատական օրիորդ (ֆրեյլեյն)։ Մինչև Ավան խանի Ս. Պետերբուրգից հեռանալը կայսրուհին պահեց նրան իր պալատում և միայն ծերունի մելիքի շատ խնդրելու համար թույլ տվեց օրիորդին, որ իր ծնողների հետ վերադառնա իր հայրենիքը, պարգևելով նրան շատ ընծաներ։
Վերադառնալով իր հայրենիքը՝ Տիզակ, Մելիք-Ավան-խանը երկար չապրեց. նա վախճանվեցավ 1744 թ. և մարմինը թաղվեցավ իր Տող անունով բերդի եկեղեցու զավթում։ Նրա մահից հետո երեց որդին՝ Մելիք-Արամը, միայն մի տարի իշխեց և մեռավ, հետո իշխանությունը ձեռք առեց կրտսեր եղբայրը՝ Մելիք-Եսային, որը, ինչպես հետո կտեսնենք, սպանվեցավ Շուշիի Իբրահիմ-խանի դավաճանությամբ։ Մելիք-Ավան-խանի ժառանգների մեծ մասը դավաճանության զոհ եղան։ Այդ էր պատճառը, որ նրա այրի կինը՝ Գոհար-խանումը (ханша) ստիպված եղավ թողնել իր հայրենիքը և մնացած զավակների հետ գաղթել Աստրախան, որտեղից իր բնակությունը տեղափոխեց Ղզլար, երբ այդ քաղաքը շինվեցավ։ Մելիք-Ավան-խանի և նրա եղբոր ժառանգներից առաջ եկան իշխան Սումբատյանները, իշխան Մելիքովները և Հայրապետյանները, որոնք մի ժամանակ Աստրախանում, Ս. Պետերբուրգում և Մոսկվայում ռուսաց նշանավոր պաշտոնների մեջ մտան։
IX
Փանահ-խանի հայտնվելը
Երբ նադիր-շահը Մուղանի դաշտում իրան պարսից թագավոր հայտնեց, այդ ժամանակ Կուր գետի աջ եզերքի մատ գտնված անապատների վրա թափառող մի թուրք ցեղից, որ տեղի անունսվ կոչվում էին ջուահշիրցիք, բավական մեծ բազմություն գաղթեցրեց Խորասանի կողմերը, բնակեցնելով նրանց Սարխաս կոչված գավառում։ Ջուանշիրցիք, որպես հովվական կյանքով ապրող մի ժողովուրդ, իրանց գլխավոր պարապմունք էին ընտրել խաշնարածությունը և ավազակությունը։ Երկրի խաղաղությունը պահպանելու համար Նադիրը ավելի բարվոք համարեց այդ անհանգիստ, կիսավայրենի ցեղը հեռացնել դեպի Պարսկաստանի խորքերը։
Այդ ցեղի մի տոհմից, որ առանձին անունով կոչվում էր Սարիջայլու, առաջ եկավ Փանահ անունով մի մարդ, որը Պարսկաստան գաղթելուց հետո շնորհ գտավ շահի դռանը և ստացավ մի աննշան պաշտոն։ Այդ պաշտոնի համար մի այլ արժանավորություն պետք չէր, բայց միայն ունենալ զորեղ ձայն և, երկրի սովորության համեմատ, թագավորի հրամանները քաղաքի հրապարակում բարձր ձայնով հրատարակել։ Փանահը ուներ այդ արժանավորությունը և թագավորի դռան մունետիկը դարձավ, կոչվեցավ այնուհետև «ջառչի» Փանահ։ Երկար այդ պաշտոնը կատարում էր նա, բայց մի անկարգության համար, երբ պիտի գլխատման դատապարտվեր, Պարսկաստանից փախավ և կրկին եկավ իր հայրենիքը։ Որպես հանցավոր, նա անհայտ կերպով թափառում էր Ղարաբաղի անապատներում, աննշան, աստանդական կյանք էր վարում։
Հետո դիմեց նա Ջրաբերդի Մելիք-Ալլահ-ղուլի սոլթանին և նրա մոտ ապաստան գտավ։ Սոլթանը նշանակեց նրան իր գյուղերի վրա որպես դարուղա, այսինքն՝ տուրքեր հավաքող։ Թեև Պարսկաստանից մի քանի անգամ սաստիկ հրամաններ ստացվեցան, որ բռնեն Փանահին և ետ ուղարկեն, բայց նա, պահպանվելով հայ սոլթանի պաշտպանության ներքո, ազատ մնաց։
Երբ Խորասանում, գիշերն իր վրանի մեջ քնած ժամանակ, իր դրանիկների դավաճանությամբ Նադիր-շահը սպանվեցավ հենց իր վրանի պահապանների ձեռքով (1747), այդ ժամանակ պարսից գահը ժառանգելու համար սարսափելի խռովություններ բարձրացան։ Զանազան տեղերում զանազան թագավորներ նստեցին, նահանգներից շատերը ապստամբվեցան։ Մաշհադի մեջ թագավորեց նրա թոռը՝ Շահ-ռուխ կոչվածը. Ատրպատականում թագավորեց նրա եղբորորդի Ադիլ-շահը, որի եղբայրը՝ Միրզա-Իբրահիմը, հետո կուրացնելով հարազատ եղբորը, ինքը թագավոր դարձավ։ Այդ երկպառակությունների ժամանակ, երբ Պարսկաստանում շատ իշխողների պատճառով երկիրը անիշխանության մեջ էր գտնվում, Նադիրի Խորասան տարած ջուանշիրցի գաղթականները վերադարձան իրանց հայրենիքը՝ Ղարաբաղի անապատները։
Այդ ժամանակ «ջառչի» Փանահը իրան ազատ զգաց. այլևս պատժվելու, գլխատվելու երկյուղ չուներ։ Այդ մարդը, այդ հովվի, անապատների պարզամիտ որդին, երկար տարիներ ապրելով պարսկական Բարձր Դռան ինտրիգների մեջ, սովորեց պարսիկների խորամանկությունը, վարժվեցավ նրանց խաբեությունների մեջ։
Նա արդեն Ջրաբերդի հզոր մելիքի՝ Ալլահ-ղուլի սոլթանի ծառայության մեջ բավական նշանակություն էր ստացել։ Երբ լսեց Նադիր-շահի մահը և իր ցեղակիցների վերադարձը Խորասանից, թողեց այդ ծառայությունը և մտավ ջուանշիրցի խաշնարածների մեջ, սկզբում նրանց նման կյանք էր վարում, որպես մի հասարակ հովիվ։ Բայց հետո սկսեց փոքր առ փոքր դեպի իր կողմը գրավել միամիտ խաշնապահներին, մինչև հաջողվեցավ նրան հրաժարացնել տալ ցեղի նախկին տանուտերին (старшина) և իրան ընտրել տալ նրա տեղը։
Այդ չնչին պաշտոնը միայն մի առիթ էր, որով Փանահը կարողացավ փոքր ժամանակում խաշնարածների մի քանի ցեղեր իր հրամանին ենթարկել։ Բայց նրա փառասիրությունը դրանով չհագեցավ։ Նադիրի մահից հետո, երբ նրա եղբոր որդի Ադիլ-շահը Թավրիզում թագավոր դարձավ, նա ուղարկեց դեպի Ղարաբաղի կողմերը Ամիր-Ասլան-խան անունով մեկին, տեղային խռովությունները խաղաղեցնելու համար։ Այդ ժամանակ պարսից շահերը այն անհաստատ դրության մեջ էին, որ մի օրվա համար ևս իրանց վիճակը ապահով չէին համարում։ Այդ պատճառով, շտապելով շուտափույթ օգուտ քաղել իրանց դիրքից, մի քանի թումանով վաճառում էին պաշտոններ, աստիճանները, տիտղոսներ և այլն։ «Ջառչի» Փանահը, նույնպես օգուտ քաղելով այդ հանգամանքներից, հիշյալ Ամիր-Ասլան-խանի միջնորդությամբ ստացավ Ադիլ-շահից խանության տիտղոս։
Բայց նա խելացի մարդ էր, նա մտածում էր ստեղծել մի ավելի հիմնավոր իշխանություն, որի գլուխը, իհարկե, ինքը պետք է լիներ։ Իսկ այդ նպատակը իրագործելու համար շատ դժվարություններ կային. գլխավորը իր ցեղի կենցաղավարության պայմաններն էին։
Ջուանշիրցիները, որպես մի խաշնարած և թափառաշրջիկ ժողովուրդ, ձմեռը անց էին կացնում Կուր գետի աջ ափերի մոտ տարածված տափարակների վրա, բնակվելով շարժական տաղավարների մեջ, կամ գետնափոր խրճիթներում, իսկ գարնան սկզբից մինչև աշնան վերջը սփռվում էին Ղարաբաղի լեռների վրա, իրանց անասունները արածացնելու համար։ Զուրկ լինելով հաստատ բնակությունից, նրանք զուրկ էին և հողի սեփականությունից։ Ամբողջ Ղարաբաղը գտնվելով հայ մելիքների իշխանության ներքո, ջուանշիրցիները ստիպված էին իրանց ոչխարներից տասանորդ վճարել, որպեսզի թույլ տրվի իրանց անասունները արածացնել մելիքների արոտատեղիներում։
Երկրի աշխարհագրական դիրքն այնպես էր, որ լեռնային անտառապատ բարձրավանդակները, հովասուն հովիտները, որոնց վրա ամառնային տոթերի ժամանակ կարող էր խաշնարածը ապաստան գտնել, հայ մելիքների ձեռքումն էին։ Իսկ լեռներից սկսված անդուր, ցամաք տափարակների վրա, որ տարածվում էին մինչև Կուր գետի ափերը, թափառում էին ջուանշիրցիները։ Փանահ-խանը մտածում էր Ղարաբաղի լեռների վրա, մի տեղում, հաստատ ոտքի տեղ ունենալ։ Մի ամուր դիրք ռազմագիտական նպատակով նրան պետք էր իր նպատակները իրագործելու համար։
Սկզբում նա գնաց Բայաթ[44] և այնտեղ սկսեց մի բերդ հիմնել։ Բայց Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Ալլահ-ղուլի սոլթանը, միանալով Շիրվանի Հաջի Չելեբի անունով կառավարչի հետ, ոչնչացրին այդ հիմնարկությունը։ Հետո նա սկսեց Շահ-բուլաղի մոտ, Թարնակյուրտ (Տիգրանակերտ) կոչված ավերակների վրա, մի այլ բերդ կառուցանել Ասկարան անունով։ Բայց Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Ալլահ-ղուլի սոլթանը և Խաչենի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդին, այդ բերդը մոտ գտնելով իրանց երկրների սահմաններին, սկսեցին պատերազմել նրա հետ և դարձյալ ոչնչացրին։
Տեսնելով այդ արգելքները հայ մելիքների կողմից, խորամանկ Փանահ-խանը մտածեց երկպառակել նրանց միաբանությունը և այսպիսով թուլացնել նրանց ուժերը, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակները։ Նրան նպաստեցին մի քանի անցքեր, որ կատարվեցան այդ միջոցներում և որոնք սկիզբ դրեցին Ղարաբաղի մելիքությունների քայքայմանը… Այդ էջերն այնքան տխուր տեղ են բռնում Ղարաբաղի մելիքների պատմության մեջ, որ մենք ավելորդ չենք համարում մի փոքր ընդարձակ խոսել այդ մասին։
X
Տիզակի Մելիք-Ավան-խանը՝ Պետրոս Մեծի և Նադիր-շահի սիրելին, Ղարաբաղի մելիքների գահերեցը, վաղուց արդեն վախճանված էր (1744)։ Նրա մահից հետո Ղարաբաղի իշխանների մեջ չկար մի այնպիսին, որ նրա չափ հանճար և հեղինակություն ունենար, որ կարողանար պահպանել մելիքների մեջ խաղաղ ներդաշնակություն։ Հանգուցյալի երեց որդին՝ Մելիք-Արամը, միայն մի տարի իշխեց։ Նա այնքան թույլ մարդ էր, որ երբ Նադիր-շահի միակ որդին վախճանվեցավ և հարկավոր եղավ շահին մխիթարելու համար մի պատգամավորություն ուղարկել, փոխանակ ինքը գնալու կամ ուրիշ արժանավոր մարդիկ ուղարկելու, ուղարկեց իր կնոջը։ Խելացի կինը, զարմացրեց պարսից բոլոր պալատականներին, երբ իր սվիտայի հետ սգազգեստ ներկայացավ շահին։ Իր մխիթարական ճառից հետո տիկինը, բավական խորամանկ քաղաքավարությամբ, մատուց շահին 6 000 թուման փիշքեշ, ասելով. «Դուք այնքան ողորմած էիք, որ գնահատելով Մելիք-Ավան-խանի ձեզ մատուցած ծառայությունները և հարգելով նրա ծերությունը, ձեր «բաբալըղ» (հոգևոր հայր) էիք կոչում։ Նրա վախճանից հետո արժան էր, որ դուք ևս ձեր մասը ստանայիք ձեր հայրացուի ժառանգությունից։ Եվ ես ահա բերեցի ձեր բաժինը։ Շահին այնքան հաճո թվեցավ այդ ընծան, որ հրամայեց երկու այն չափով պարգևներ տային նրան իր գանձարանից և մեծ հարգանքով ճանապարհ դրեց, նրա ձեռքով ուղարկելով նրա ամուսնի՝ Մելիք-Արամի, հաստատության ֆիրմանը։
Վերադառնալով Պարսկաստանից, տիկինը գտավ իր ամուսնին վախճանված։ Փանահ-խանի թելադրությամբ մի դավաճան հայ թունավորել էր նրան։
Մելիք-Արամի մահից հետո Տիզակի իշխանությունը իր ձեռքն առեց հանգուցյալի կրտսեր եղբայր Մելիք-Եսային, որը իր հատկություններով բոլորովին նման էր իր հորը։
Մինչև այսօր Տիզակ գավառի բնակիչները հիշում են հին ավանդությունը, թե երբ Մելիք-Եսային ծնվեցավ, մանկաբարձ պառավները նկատեցին, որ տղայի աջ ձեռքի մատները խփված էին։ Երբ բուռը բաց արին, տեսան ափի մեջ լիքն էր արյունով։ Այն օրից նախագուշակեցին, որ երբ այդ մանուկը կմեծանա, դրա ձեռքով շատ արյունահեղություններ կլինեն։ Եվ իրավ, Մելիք-Եսային իր ամբողջ կյանքը անցկացրեց պատերազմներով։ Տիզակը, պարսից սահմանի վրա լինելով, Երասխ գետի ափի մոտ, ենթարկված էր պարսիկների անընդհատ հարձակումներին։ Քաջ իշխանը, իր երկիրը նրանց արշավանքներից պահպանելու համար, ստիպված էր անդադար պատերազմել նրանց հետ։
Մելիք-Եսային առաջինն էր Ղարաբաղի մելիքների մեջ, որ հասկացավ կանոնավոր զորքի և ընդհանուր զինվորագրության անհրաժեշտությունը երկրի ապահովության համար. նա տուգանք նշանակեց գյուղացիների վրա, եթե նրանց զենքերից մեկը պակաս կլիներ, կամ եթե իրանց զենքերը չէին պահպանի անխանգար դրության, մեջ։ Որոշյալ օրերում, երկրագործական պարապմունքներից հետո, գյուղացի երիտասարդները զբաղվում էին զինվորական մարզություններով, նրանց վրա կարգված էին տասնապետներ, հիսնապետներ, հարյուրապետներ կրթելու համար։ «Նրա ժամանակում, գրում է մի վարդապետ, մեր երկրում այնպիսի ապահովություն էր տիրում, որ դեռահաս աղջիկները այգիների ծառերի տակ նստած, կար էին կարում, մնում էին այնտեղ, մինչև մութը պատում է. հարսները զուգված, զարդարված դուրս էին գալիս տներից և աներկյուղ զբոսնում էին լեռների վրա, բոլորովին չմտածելով, թե թուրքը կամ պարսիկը կգա, կհափշտակե և կտանե նրանց։ Երբ թշնամին հայտնվում էր, երկրի երիտասարդները զենքը ձեռքում միշտ պատրաստ էին նրան հանդիպելու համար»։
Նադիր-շահի մահից հետո Մելիք-Ավան-խանի տան բարեկամական հարաբերությունները պարսից արքունիքի հետ կտրվեցան։ Մելիք-Եսային, տեսնելով Պարսկաստանում տիրող անիշխանությունը, խռովությունները և ներքին պատերազմները և մանավանդ ձանձրացած լինելով պարսից հարկահաններից, վճռեց միանգամայն չճանաչել նրանց և մերժել հարկապահանջներին։ Այդ առիթից օգուտ քաղեց Փանահ-խանը և Մելիք-Եսայուն մատնեց Թավրիզում նստող Ադիլ-շահին։ Շահը հրամայեց Ղարադաղի[45] կառավարիչ Քազըմ-խանին գնալ և պատժել Մելիք-Եսայուն։ Ղարադաղի խանը եկավ զորքերի մեծ բազմությամբ. ինքը Փանահ-խանը մի քանի հազար հոգով միացավ նրա հետ, պաշարեցին Մելիք-Եսայու Տող բերդը։ Ով որ տեսել է Տողը, կարող է երևակայել, որ թշնամու զորքերի բազմությունը չէր կարող սարսափեցնել Մելիք-Եսայուն, երբ որ իր քաջ զինվորների փոխարեն առավելաապես բնությանն ամրությունները պիտի պատերազմեին թշնամու զորության դեմ։ Հայոց զինվորները մասամբ պաշտպանված բերդի մեջ, մասամբ թաքնված շրջակա լեռների խիտ անտառների մեջ, անակնկալ հարձակումներ էին գործում և ջարդում են պարսիկներին։ Ղարադաղի խանը հաղթված, իր զորքերի մեծ մասը կորցրած, ետ է դառնում Պարսկաստան։ Հետևյալ տարին նա արշավանք է գործում ավելի մեծ բազմությամբ. Փանահ-խանը դարձյալ միանում է նրա հետ, բայց երկուսի ջանքերը ևս ապարդյուն են անցնում, Մելիք-Եսային հաղթող է հանդիսանում։
Այնուհետև Փանահ-խանը ամբողջ յոթն տարի պատերազմեց Մելիք-Ավանյան Մելիք-Եսայու հետ, երբ նկատեց, որ հնար չկա նրան հնազանդեցնելու, ստիպվեցավ հաշտվել, մտածելով, գուցե բարեկամական միջոցներով կարող կլինի ոչնչացնել նրան և, որպես հետո կտեսնենք, խորամանկ խանի այդ մտադրությունը հաջողվեցավ…
31.Թիֆլիսը գրավված լինելով օսմանցիներից, Վախթանգը այդ ժամանակ հալածված իր հայրենիքից և գտնվում էր Իմերեթիայի կողմերում, հետո, բոլորովին հուսահատված, իր ընտանիքով գնաց Մոսկվա (1724)։
32.Շահ-Թահմասը Շահ-սուլթան-Հուսեինի որդին էր։
33. …գահի վրա նստեց նրա ամուսինը՝ Եկատերինա I։— Խոսքը Եկատերինա Ալեքսեևնա (1684—1727) կայսրուհու մասին է, որը գահ է բարձրացել 1725 թվականին։— Խմբ.
34. …հայտնվեցավ սարսափելի Նադիրը.— հոսքը Իրանի նադիր Շահ Աֆշարի (1688—1747) մասին է, որը գահ է բարձրացել 1736 թվականին։— Խմբ.
35. Նադիրը կոչվում է և Թահմազ-Ղուլի-խան, նա սկզբում մի հասարակ ավազակապետ էր, ասպատակություններ էր գործում Խորասանի անապատներում. հետո Շահ-Թահմասի մոտ զորապետ և ապա ընդհանուր սպարապետ դարձավ, վերջը, Շահ-Թահմասին սպանել տալով, ինքը թագավոր եղավ։
36. Այդ Բարթոլոմյան գիշերում հայերը ոչնչացրին թե՛ Ղարաբաղի և թե՛ Գանձակի կողմերում գտնված բոլոր օսմանցի զորքերին։— Խոսքը 1572 թվականի ս. Բարդուղիմիոսի օրվան նախորդող գիշերը Կառլոս 9-րդ թագավորի կողմից Փարիզում ապրող բողոքականներին զանգվածաբար կոտորելու մասին է։— Խմբ.
37. Աննա խաթունը Տիզակի գավառի Մելիք-Ավանի (Մելիք-Եգանի) քույրն էր, նույն անձի, որ սարքեց ընդհանուր ապստամբության։
38. Իմ 1881 թվի ճանապարհորդության ժամանակ Ավետարանոց գյուղում ինձ հաջողվեցավ տեսնել մի հրաշալի գրչագիր ավետարան, որ գրված էր նույն Գայանեի ձեռքով։
39.«Այս է տապան Մէլիք Շահնազարի որդի Մէլիք Յուսէինին, թվ. ՌՃՁ, 1185» (1736)։
«Ոգեմ բանս գովեստի ի վերայ Մէլիք Յուսէինի, զոր գրեցի այս տապանի. սա էր տէր երկրին Վարանդի. երեսուն և հինգ մասն գեղի սա էր հացով սեղանով լի. ողորն էր ամեն ազգի. կերպարանօքն էր գովելի. սա ոչ ետ հարկ թագավորի. ամուր պարիսպ էր աշխարհի. թագ պարծանք հայոց ազգի. պատերազմեաց հետ օսմանցի. յոյժ կոտորեաց ազգեն տաճկի»։
40. Պատմության մեջ 70 հազար է նշանակված. այդ թիվը չափազանց է։
41.Պետք չէ մոռանալ, որ մինչև Շահ-Թահմասի սպանվիլը, Նադիրը շահի սպարապետն էր. Շահի մահից հետո նա թագավոր դարձավ։
42. Այդ Աբրահամ կաթողիկոսը, որ կոչվում էր Կրիտացի, վայելում էր Նադիրի առանձին սերը և համակրությունը։ Պարսից քաջ զորապետը նրա մոտ հյուր եղավ Էջմիածնի վանքում և իր արշավանքների ժամանակ, Հայաստանի և Վրաստանի կողմերում, նրան չէր հեռացնում իր բանակից։ Այդ հեշտացրեց կաթողիկոսին ավելի մոտից ծանոթանալ նրա գործողությունների հետ և օրագրության ձևով թողեց մեզ մի հետաքրքիր պատմություն, որ կոչվում է «Աբրահամ կաթողիկոսի կրիտացւոյ պատմագրութիւն անցիցն իւրոյ և Նադիր-Շահին պարսից», տպված Էջմիածնում 1870 թ.։
43. Սոլթանը չպետք է հասկանալ այն մտքով, ինչ նշանակություն որ ունի այժմ Թուրքիայում։ Սոլթանը այժմյան Պարսկաստանում զինվորական աստիճան է, իսկ Նադիրի ժամանակ այդ տիտղոսը տրվում էր առանձին գավառների կամ փոքրիկ վիճակների տիրապետողներին։
44. Բայաթ ավերակ քաղաքատեղ է Գարգար գետի մոտ։
45. Պետք է ի նկատի ունենալ, որ Ղարադաղը (հին Փայտակարանի մի մասը) և Տիզակ գավառը սահմանակից են, բաժանվում են միայն Երասխ գետով։
Նախորդը՝ այստեղ։
Սկիզբը՝ այստեղ։