Գրիգոր Գրիգորյան/ Հուդայի երկրորդ գալուստը

«Իսկական գրողը միշտ էլ մոլի ընթերցող է։ Սկզբում կարդում է հաճույքի համար, հետո սովորում է, ծանոթանում, փնտրում, ուսումնասիրում, և այդ մոլուցքը դառնում է կենսական անհրաժեշտություն, հաց ու ջուր, թթվածին, առանց որի նա խեղդվում է, կորցնում իրեն։ Երբեմն էլ կորչում է ինքնակամ, հայտնվում փնտրտուքների խառնարանում, թափառում հեռուներում՝ հաճախ ոչ այն գրքերում, ոչ այն հեղինակների հետ, ու մոլորվում է անվերադարձ։ Եվ այլևս դադարում է կարդալ, կուրանում է վերջնականապես, ինքնակամ հանձնվում է փառամոլությանը կամ արժանիորեն վաստակած աղքատությանը․ իսկ դրանք, վերջին հաշվով, նույն բաներն են։

Ընթերցելով մեկին կամ մյուսին, ինքդ էլ չգիտակցելով, ակամա կերպով վերցնում ես նրանցից կտորներ, պատառիկներ, ժամանակավոր դառնում այդ կարդացած հեղինակները, և շարունակում արարել՝ քո մեջ կրելով նրանց անբաժան մասնիկները։ Ստեղծագործություններդ էլ արդեն միայն քոնը չեն, նրանք նույնպես իրենց մեջ կրում են կարդացած հեղինակներից փոքրիկ պատառիկներ, ոճային բաղադրիչներ։ Չդադարող այս գործընթացն անընդհատ թարմանում է նոր գրքերով, նոր ուսումնասիրություններով, և այդ թափառական մասնիկներն ապրում են տողերի արանքում, բառերի բազմության մեջ, կենդանի գրքերում, որոնք շուրթից շուրթ անցնելով, մտքից միտք փոխանցվելով շարունակում են շնչել, զարգանալ նոր ժամանակների հետ զուգընթաց։ Այդ պատճառով Աստվածաշնչում կարող ենք կարդալ Հոմերոսին, Շեքսպիրի ստեղծագործություններում կհայտնաբերենք Աստվածաշունչը, հետևաբար նաև Հոմերոսին, Դոստոևսկու մեջ կգտնենք թե՛ մեկին, թե՛ մյուսին, իսկ ահա Սարոյանի մոտ կարող ենք բացահայտել ամբողջ մի աշխարհ։ Շղթան չի կտրվում ու չի վերջանում, ինչ-որ կետից սկսվել է, գուցե Ադամից կամ էլ կապիկից, գուցե և՛ մեկից, և՛ մյուսից, ու միատեղվելով՝ շարունակաբար ընթանում է ժամանակի հետ համընթաց, խառնելով տարիները, դարերը, կորցնելով այդ նույն ժամանակի կարևորությունը։

Ժամանակակիցները միշտ առավելություն ունեն դասականների նկատմամբ, քանի որ բնական գրագողության ավելի լայն հնարավորություններ են բացվում նրանց առջև։ Իսկ դասականները շարունակում են ապրել ոչ միայն իրենց ստեղծագործություններում, այլ նաև հենց ժամանակակից գրողների արարներում։ Հանդիսանալով մեկի կամ մյուսի ոգեշնչման աղբյուրը, որը բնական գրագողության ցայտուն օրինակ է, մեծ գրողներն ապրում են հավետ՝ վերածվելով Անմահների․ վարակի նման ձևափոխվում են, մուտացիայի ենթարկվում ու տարբեր լեզուներով, տարատեսակ ստեղծագործական ժանրերով՝ տարածվում աշխարհով մեկ։ Եվ ժամանակի զգացողությունը կրկին անգամ կորցնում է իր իրական նշանակությունը, ժամանակ, որպես այդպիսին, այլևս գոյություն չի ունենում․ լինում է երկար ու աներևույթ մի տարածություն, որի ոչ սկիզբն է երևում, ոչ՝ վերջը։

Անմահները՝ ավելի խորն ու վստահ խրելով իրենց ահագնացող ճանկերը, կապրեն ժամանակակիցների ստեղծագործություններում, իսկ ժամանակակիցները կշարունակեն մեծամտանալ․ բազմապատկման էֆեկտը վառ կարտահայտվի նաև ժամանակակից գրողների փառասիրության ձևավորման գործում։ Ձնագնդիկը կգլորվի սլացիկ արագությամբ, աստիճանաբար կմեծանա, և ժամանակակիցների համար Անմահ դառնալու փորձերն ու ճիգերն ավելի գերակա կդառնան, քան ինքնին Արժեքի ստեղծումը, որը դեպի Անմահություն տանող միակ ու անդավաճան ուղին է։ Այդ կուրությունը ոչ մի վիրահատական միջամտությամբ չի բուժվի, իսկ փառասարիթյունն ու գոռոզությունը պաշտոնապես կդառնան ժամանակակից գրողին նկարագրող իրական ու անփոխարինելի հոմանիշներ։

Սակայն իմ պատմությունը լրիվ այլ բանի մասին է, իսկ պատմությանս հերոսը ժամանակակից գրողը չէ․ ուղղակի, նման տրամաբանությամբ փորձում եմ արդարացնել այն հանդգնությունն ու մեծամտությունը, որ թույլ տվեցի ստեղծագործությանս մեջ օգտագործել այնպիսի Անմահների անուններ, ինչպիսիք են Հոմերոսն ու Շեքսպիրը։ Իմ հերոսը Հովիկ Հայաստանցին է, ում վիճակված էր լինել դարի ամենահնչեղ իրադարձությոններից մեկի անմիջական մասնակիցը՝ 2052 թվականի դեկտեմբերի 2-ին, իր իսկ 32-ամյակի օրը։ Իսկ դրանից ուղիղ տասը տարի առաջ Հովիկ Հայաստանցին հպարտ քայլվածքով մտավ ապակեպատ մի շենք, որտեղ գտնվում էր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնի նոր գրասենյակը։ Այս հաստատությունում իր գիտակցական կյանքի չորս տասնամյակն անցկացրած տիկին Լուսիկը քնքուշ, սակայն արդեն մաշված ժպիտով դիմավորեց գանգրահեր երիտասարդին։

— Ամուսնանալու համար դեռ խակ ես, երեխա ունենալու համար՝ առավել ևս,— քննախույզ հայացքով Հովիկին էր տնտղում տարեց կինը,— ի՞նչն է քեզ մեզ մոտ բերել, երիտասա՛րդ։

Փոքրուց ինքնամփոփ ու քչախոս Հովիկը ոչ մի բառ չարտաբերելով ծոցագրպանից ծալված մի թուղթ հանեց, ուղղեց այն ու դրեց տիկին Լուսիկի առաջ։

— Օօօ՜, դիմումով ես եկել։ Հետաքրքիր է։

Տիկին Լուսիկը երեք անգամ կարդաց սպիտակ թղթի վրա գրված երկու տողը, այնուհետև թուղթը մի կողմ դրեց ու հարցրեց․

— Ծնողներդ տեղյա՞կ են։

— Օրենքով չի պահանջվում։

— Գիտե՛մ, բայց տեղյա՞կ են։

— Օրենքով չի պահանջվում,— կրկնեց Հովիկը։

Տիկին Լուսիկը հասկացավ, որ տղայի մտադրությունն անբեկանելի է, սակայն երիտասարդ տարիքում երեք ամիս մանկապարտեզի դաստիարակ աշխատելու անհաջող փորձը նրան ստիպեց, ամեն դեպքում, երիտասարդին մտափոխելու փորձ անել։

— Ինչո՞ւ Հուդա։

— Օրենքը չի սահմանափակում։

— Գիտեմ, բայց ինչո՞ւ Հուդա և ոչ, ասենք՝ Պետրոս։

Հովիկը լուռ նայում էր կնոջ հարցական աչքերի մեջ։

— Ախր, Հուդան բացասական հերոս է, դավաճանության, դավադրության մարմնացում է։ Հուդա ասելով հասկանում ենք ագահ մեկը, մատնիչ, մեջքից հարվածող։

Հովիկը քարացած մնացել էր իր տեղում և այրող հայացքով անտարբերորեն հետևում էր տիկին Լուսիկի զուր ջանքերին։ Ներքուստ խղճալով տարեց կնոջը՝ փոքր-ինչ առաջ եկավ, թեթևակի ժպտաց ու հեգնորեն ասաց․

— Ես գիտեի՝ Դուք միայն Հին կտակարանին եք ծանոթ։

Տիկին Լուսիկին ոչինչ չէր մնում, քան օրենքով պահանջվող կանոնակարգով սպասարկել երիտասարդին, և հաշված րոպեներ հետո Հովիկ Հայաստանցին դարձավ պարզապես Հուդա։ Ձեռքերի մեջ շոշափելով նոր անձնագիրը՝ նա գողտրիկ ժպտաց տիկին Լուսիկին ու ասաց․

— Պետրոսը վախկոտի մեկն էր, մի գիշերում երեք անգամ ուրացավ Հիսուսին։ Երբե՛ք չհամեմատեք նրան Հուդայի հետ։

Երեխա ժամանակ Հովիկը չափից դուրս հասկացող ու խելոք մանչուկ էր։ Մի քանի տարեկան փոքրիկի այդ որակներն այնքան լավ էին զարգացած, որ շատերի մոտ դրանք ոչ միայն զարմանք էին առաջացնում, այլ նաև՝ որոշակի վախ։ Բոլորի համար անհասկանալի էր, թե ինչպես է հնարավոր՝ երկու տարեկան երեխային հրահանգել ինչ-որ բան անել կամ չանել և նա, առանց ըմբոստանալու, կատարի ցանկացած հրահանգ։ Այդ ոչ մանկականությունն ու երեխայի ինքնամփոփությունը տարիների հետ ավելի խիստ էին արտացոլվում Հովիկի մոտ։ Նա չէր խաղում ոչ մի տեսակի խաղալիքով, երբեք չէր կեղտոտում հագուստը, ժամանակին պառկում էր քնելու, ինչ-որ մի բան անելուց առաջ անպայմանորեն ծնողներից թույլտվություն էր հարցնում։ Առանձնակի սիրելի զբաղմունք էլ չուներ, միակ բանը, որը նրան գրավում էր՝ թաշկինակներն էին։ Նա կարող էր ժամերով լուռ նստել բազկաթոռին և նույն թաշկինակը բազմակի անգամներ հավասարաչափ ծալե՜ր ու բացե՜ր, ծալե՜ր ու բացե՜ր։

Մանկապարտեզում և դպրոցում նա օրինակելի սան էր, սակայն ոչ դաստիարակները, ոչ էլ հետագայում ուսուցիչները չէին կարողանում սիրել տղային։ Նրա անթերի վարքագիծն ավելի շատ դիտվում էր որպես տարօրինակություն, քան՝ ուրիշ երեխաների համար ուսանելի օրինակ։ Եթե մանկապարտեզում Հովիկն ամենախելոք երեխան էր, ապա դպրոցում՝ ամենախելացին։ Նա գերազանցիկ էր, լուռ գերազանցիկ։ Բոլոր պատասխանները չափված-ձևված էին, կարճ ու հստակ, երբեք նախաձեռնողականություն չէր դրսևորում, առանց ավելորդ ջանքերի արագ ընկալում էր ցանկացած նոր նյութ։ Ուսուցիչները, լավ իմանալով տղայի ընդունակությունները, քաշվում էին նրանից։ Վանողական այդ սառնությունն անդրադառնում էր նաև դասընկերների հետ հարաբերություններում։ Նա ընկերներ չուներ ոչ դասարանում, ոչ էլ բակում։ Նրա ընկերներն իր կարդացած գրքերի հերոսներն էին։

— Ի՞նչ գրքեր եք ամռանն ընթերցել,— ուսումնական տարվա սկզբին երրորդ դասարան տեղափոխված աշակերտներին հարցրեց դասղեկ Մարդյանը։

Աշակերտները հերթով ձայն խնդրեցին(2020 թվականի համավարակից հետո որոշ կրթական հաստատություններ ուսումնական գործընթացն իրականացնում էին բացառապես հեռակա դասավանդման միջոցով) և ամեն մեկը թվարկեց այն հեքիաթների, ստեղծագործությունների անվանումները, որոնք նրանք կարդացել էին ամառային արձակուրդի ընթացքում։ Երբ բոլոր երեխաներն ավարտեցին, դասղեկ Մարդյանը, սովորության համաձայն, վերջում խոսք տվեց Հովիկին։

— Ավելինո Առեդոնդո,— պատասխանեց Հովիկը։

— Ի՞նչ,— չհասկացավ դասղեկը։

— Ավելինո Առեդոնդո,— կրկնեց տղան։

— Հետաքրքիր է, երբեք չեմ լսել այդ հեղինակի մասին։

— Սա պատմվածքի վերնագիրն է։

— Ահա՜ թե ինչ,— ոչ առաջին անգամ Հովիկի հետ զրույցում վատ իրավիճակում հայտնվեց ուսուցչուհին։— Իսկ ուրիշ էլ ի՞նչ պատմվածք ես կարդացել, Հովի՛կ։

— Ո՛չ մի։ Այս պատմվածքը քսաներեք անգամ վերընթերցել եմ։

— Օօօ՜, երևի շատ հետաքրքիր պատմվածք է։

— Անչա՛փ։

— Շա՛տ լավ, անցնենք մեր դասաժամին։

Հովիկի հետ խոսակցությունները գրեթե միշտ այսպես կտրուկ ու կիսատ էին ավարտվում։ Երեկոյան դասղեկ Մարդյանն այդպես էլ չկարողացավ հիշել Հովիկի կարդացած պատմվածքի վերնագիրը։ Իսկ Հովիկը չէր չափազանցնում, նա իրոք քսան անգամից ավել ընթերցել էր այդ պատմվածքը, որը շրջադարձային ազդեցություն էր թողել տղայի վրա։ Հովիկը եկել էր այն համոզման, որ ինքն ընտրյալ է, ներսից ինչ-որ առեղծվածային ձայն հուշում էր, որ նա զուր չի լույս աշխարհ եկել և նրան վիճակված է ճակատագրական դեր խաղալ մարդկության աշխարհընկալման հարցում։ Այդ զգացողությունը գրեթե միշտ հետապնդում էր Հովիկին։

Հովիկը մեծանում էր, ավելի հասուն ու խոհեմ էր դառնում, սակայն ինչ-որ անհասկանալի սպասման մեջ էր, զգում էր իր կիսատությունը։ Ամբողջ ժամանակը ծախսում էր սեփական մարմինն ու հոգին մարզելու և զարգացնելու վրա, կարծես իրեն պատրաստում էր այն ճակատագրական րոպեի համար, որը դեռ գալու է․ և այն ժամանակ, երբ այդ պահը վերջապես կգար, Հովիկը պետք է լիարժեք պատրաստ լիներ դրան։ Առաքելությունը, որն ապրում էր իր մեջ, հանգիստ չէր տալիս նրան։ Ամենուր լուծումներ էր փնտրում, բայց ոչ մի գրքում կամ որևէ այլ աղբյուրում չէր կարողանում գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները։

Երբ Հովիկ Հայաստանցին դարձավ Հուդա, որոշակի խաղաղություն իջավ նրա վրա։ Չնայած իր տարօրինակ որոշմանը, նրա կյանքն ավելի հանգիստ, ավելի «մարդկային» դարձավ։ Լավ մասնագիտություն ձեռք բերեց, աշխատանքային առաջխաղացման հարցում բավականին արագ հաջողություններ արձանագրեց, ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, լավ հայր ու ամուսին դարձավ իր օրինակելի ընտանիքի համար։ Եվ կարծես ընտրյալ լինելու պատանեկան մտորումներն այդպես էլ մնացին պատանեկության անցողիկ մշուշում, և Հուդան սկսեց ապրել մարդկանց մեջ՝ սովորական մարդկային կյանքով։

Տարիներն անցնում էին։ Հուդան շարունակում էր ինքն իր հետ հաշտ ու համերաշխ կյանքով ապրել։ Գործնական հաջողությունները հաջորդում էին միմյանց, նոր ձեռքբերումներն իրենց երկար սպասեցնել չէին տալիս, կինը սիրում ու պաշտում էր ամուսնուն, իսկ երկու տղաներն ամեն ինչ անում էին՝ հոր նման հաջողակ և ուժեղ տղամարդ դառնալու համար։ Կյանքը հիասքանչ էր, բոլոր երազանքներն իրականություն էին դառնում, խաղաղության ու երջանկության մթնոլորտը գերակայում էր Հուդայի ընտանիքում։ Այդ նախանձելի ներդաշնակությունը խաթարվեց նրա 31-ամյակի օրը։

Առավոտյան մարզանքից հետո Հուդան թեյի բաժակը ձեռքին անցավ իր աշխատասենյակ և, սովորության համաձայն, սկսեց ծանոթանալ օրվա նորություններին։ Էկրանին հայտնված զինվորական շորերով աղջիկը ժպտաց, բրդյա շարֆն ամուր փաթաթեց գեղեցիկ պարանոցին ու զրնգուն ձայնով սկսեց խոսել․

— Այսօր՝ 1951 թվականի դեկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 8-ին, Գավառ քաղաքից սկսում եմ իմ քայլերթը դեպի մայրաքաղաքի Ազատության հրապարակ։ Այս քայլերթով ես իմ անհնազանդությունն ու բողոքն եմ արտահայտում գործող իշխանությունների և նրանց կողմից վարվող բռնատիրական, հակաժողովրդական և մարդակործան քաղաքականության դեմ։ Այս քայլերթը ես սկսում եմ միայնակ, սակայն վստահ եմ, որ թե՛ ճանապարհին, թե՛ Ազատության հրապարակում ինձ միանալու են բազմահազար համախոհներ, որոնց հետ միասին մենք ստեղծելու ենք ավելի ազատ, ավելի արդար, ավելի մաքուր մի աշխարհ․․․

Հուդան ոտքի կանգնեց, անցավ ննջասենյակ, որտեղ դեռ քնած էին ընտանիքի մյուս անդամները, ուսապարկը լցրեց մի քանի անհրաժեշտ իրերով ու հապճեպորեն դուրս եկավ ննջասենյակից։ Այնուհետև փոքրիկ մի թղթիկի վրա գրեց․ «Ինձ հետ ամեն ինչ լավ կլինի, դուք կիմանաք՝ որտեղ եմ ես։ Նոր տարին միասին կդիմավորենք»։ Թղթիկը դրեց գրասեղանին ու դուրս եկավ բնակարանից։

Ամեն ինչ ավելի արագ ու հանդարտ անցավ, քան Թավշյա հեղափոխության ժամանակ։ Բրդյա հեղափոխությունը տասնմեկ օրում իրականություն դարձավ։ Երբ բրդյա շարֆով աղջիկն իր համախոհներով հասավ Ազատության հրապարակ, որտեղ ցուցարարների թիվը գերազանցում էր 100 հազարը, գործող իշխանությունները հրաժարական ներկայացրեցին։ Շարֆով աղջկա կողքին կանգնած էր հենց ինքը՝ Հուդան։ Նա Բրդյա հեղափոխության առաջնորդներից էր, սակայն հեղափոխությունից հետո հրաժարվեց նոր իշխանության կազմում տեղ զբաղեցնելուց։ Ինչպես և խոստացել էր՝ Նոր տարին դիմավորեց ընտանիքի հետ և անցավ իր նախկին աշխատանքին։

Այո՛, Հուդան լավ գիտեր, որ նոր իշխանության կազմում անելիք չունի։ Նա արդարության մարտիկ էր, իսկական հեղափոխական, բայց ո՛չ երբեք քաղաքական գործիչ։ Հուդան վերադարձավ նախկին աշխատանքին, սակայն նախկին կյանքին վերադառնալ այդպես էլ չէր հաջողվում։ Հեղափոխությունը նրա ներսում արթնացրել էր այն մոգական ձայնը, որը պատանեկան տարիներին տղային հանգիստ չէր տալիս։ Ընտրյալ լինելու, մեծ ու կարևոր առաքելության համար լույս աշխարհ գալու զգացողությունն ավելի ու ավելի էր սրվում Հուդայի մոտ։ Ինքնամեկուսացումը, ներքնաշխարհի ալեկոծումը, անընդհատ անհասկանալի փնտրտուքների մեջ գտնվելն ուղեկցում էին նրան ամենուր։ Հուդայի մտքերը միայն նման վեհ բաների շուրջ էին պտտվում։ Նա ուշադիր հետևում էր աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, օրեցօր ավելի չար ու շահամոլ դարձող մարդկության հետընթացին և զգում էր, որ իր առաքելությունը հենց այս ամենի հետ է կապված։ Նա զգում էր, բայց ավելի շուտ՝ դրանում համոզում էր ինքն իրեն, քանի որ հենց ա՛յդ մարդկային ագահությունն ու շահամոլությունը Հուդային հանգիստ չէին թողնում։

Իհարկե, կինը չէր կարող չնկատել ամուսնու մեջ կատարվող փոփոխությունները։ Նկատում էր, սակայն չէր փորձում դրա մասին խոսակցություն բացել Հուդայի հետ։ Ամուսնուն լավ ճանաչելով, ամբողջությամբ նրան վստահելով, հակառակը՝ հանգիստ էր թողել, ազատել առօրյա հոգսերից, որպեսզի նա ինքնուրույն լուծի բոլոր խնդիրները և վերջապես վերադառնա ընտանիք։ Բայց վերադառնալու փոխարեն Հուդան ավելի ու ավելի էր հեռվանում և մի օր վերջնականապես անհետացավ։ Այս անգամ նա թղթիկի վրա գրեց․ «Ինձ հետ ամեն ինչ լավ կլինի, դուք կիմանաք՝ որտեղ եմ ես։ Նոր տարին միասին չենք դիմավորի»։

Հեղափոխությունից մեկ տարի հետո՝ 1952 թվականի դեկտեմբերի 2-ին, Գավառ քաղաքում պետք է տեղի ունենար «Բրդյա շարֆով աղջկա» արձանի բացումը։ Ներկա էին գտնվելու հանրապետության ամենաբարձրաստիճան հյուրերը, իսկ արձանի բացման կարմիր ժապավենը կտրելու էր, բնականաբար, երկրի ղեկավարը, հենց ինքը՝ բրդյա շարֆով աղջիկը։ Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակը լեփ լեցուն էր մարդկանցով։ Բոլորը եկել էին, որպեսզի մոտիկից կարողանային տեսնել իրենց սիրելի ղեկավարին, որի քաղաքական վարկանիշն ամենաբարձրն էր վերջին հարյուրամյակում եղած բոլոր առաջնորդների համեմատ։ Ինչպես դեղին մամուլն է գրում՝ երկրի առաջնորդը վերջապես վայելում է ժողովրդի սերն ու անվերապահ աջակցությունը։

Չնայած ցուրտ եղանակին՝ բոլորը սպասում էին արձանի բացման պաշտոնական արարողությանը։ Վերջապես հեռվում երևաց առաջին դեմքին ուղեկցող ավտոշարասյունը։ Շքեղ կարմիր մեքենան կանգնեց իրեն հատկացված ազատ հատվածում։ Չորս դռներն անմիջապես բացվեցին, և անվտանգության սևազգեստ աշխատակիցներն անմիջապես դուրս եկան մեքենայից՝ յուրահատուկ պատնեշ ստեղծելով երկրի ղեկավարի համար։ Տղամարդկանցից մեկը կարմիր գորգը ձեռքին մոտեցավ այն դռանը, որտեղից վայրկյաններ հետո պետք է երևար երկրի սիրելի առաջնորդը։ Աժդահան գորգը դրեց սառն ասֆալտին ու ձեռքի ուժեղ շարժումով այն գլորեց դեպի արձանը, որը դեռ ծածկված էր ճերմակափայլ սավանով։ Ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի բրդյա շարֆով առաջնորդը մոտենար արձանին։

Վերջապես նա դուրս եկավ շքեղ մեքենայից և, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գեղեցիկ քայլվածքով շարժվեց դեպի արձանը։ Ժողովուրդը հիացած հետևում էր բրդյա առաջնորդի ամեն մի շարժմանը, ժամանակը քարացել էր գավառյան սառն օդում։ Հասնելով արձանի մոտ՝ ալ կարմիր զգեստ հագած երկրի ղեկավարը պտտվեց դեպի ժողովուրդը, թեթևակի ժպտաց, ձեռքերը վեր պարզեց և ողջունեց նրանց։ Ի պատասխան այդ հեզ ու նրբանկատ շարժումների համախմբին բոլորը սկսեցին գոռուն-գոչյուններով ողջունել իրենց առաջնորդին։ Գավառի քաղաքապետը(հաստափոր, կարմիր թշերով, կարտոֆիլի կառուցվածքով ու կեցվածքով առանձնացող մի մարդ) ոսկեգույն սկուտեղի վրա մոտեցրեց տոնական մկրատը, որով վայրկյաններ հետո պետք է կտրվեր կարմիր ժապավենը։ Բրդյա շարֆով աղջիկը վերցրեց մկրատը, կտրեց ժապավենը, և սպիտակ սավանը սահելով ընկավ արձանի վրայից։ Այն շատ գեղեցիկ ու շքեղ տեսք ուներ՝ իսկական հեղափոխական առաջնորդի ոգեշնչող մի խորհրդանիշ։ Ամբոխի մեջից երևաց միջահասակ մի տղամարդ, որը հրմշտելով ոգևորված մարդկանց՝ հայտնվեց կարմրազգեստ առաջնորդուհու դիմաց։ Անվտանգության երկու աշխատակից կտրեցին նրա ճանապարհը։

— Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր առաջնորդին,— ցածրաձայն ասաց տղամարդը։

Հաստավիզ երիտասարդներն անսասան էին։

— Ինչո՞ւ եք շրջափակել հեղափոխության մեր առաջամարտիկին,— բրդյա շարֆը փոքր-ինչ ուղղելով՝ անվտանգության աշխատակիցներին ցուցադրաբար դիմեց երկրի ղեկավարը։— Սիրելի՛ Հուդա, ի՜նչ հաճելի հանդիպում։

Անվտանգության աշխատակիցները մի կողմ քաշվեցին, և Հուդան խոնարհվելով բրդյա շարֆով աղջկա առջև՝ իր ձեռնափերի մեջ առավ նրա նուրբ ձեռքը։ Համբուրեց այն, ձեռքի մեջից վերցրեց մկրատը և ուղղվելով՝ նայեց աղջկա աչքերի մեջ։ Պետության ղեկավարը ժպտաց նրան և հենց այդ պահին Հուդան մկրատով երկու մահացու հարված հասցրեց աղջկա նուրբ պարանոցին՝ խոցելով բրդյա շարֆը։ Կարմրազգեստ առաջնորդուհին ծնկեց նրա առաջ ու, սառած ժպիտը շուրթերին, մեջքի վրա ընկավ կարմիր գորգի վրա։ Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ոչ ոք դեռ չէր հասցրել հասկանալ կատարվածի ողջ եղելությունը։ Հուդա՛ն, որ իր գիտակից կյանքի ընթացքում երբեք ոչ մեկին մատով անգամ կպած չկար, հոծ բազմության առջև սպանեց երկրի ղեկավարին։ Մկրատը ներքև գցելով՝ մարդասպանը պատրաստվում էր ձեռքերը վեր պարզել, երբ անվտանգության աշխատակիցները նրան տապալեցին ասֆալտին։

Ողջ դատավարության ընթացքում մեղադրյալը ոչ մի բառ չարտաբերեց, ոչ մի առաջ քաշվող մեղադրանք չժխտեց։ Լուռ նստում էր իր անմեղ անկյունում և ժամերով ինչ-որ թաշկինակ էր ծալո՜ւմ ու բացո՜ւմ, ծալո՜ւմ ու բացո՜ւմ։ Դատավճիռն ազդարարելուց երկու օր առաջ, օգտվելով սահմանադրական իր իրավունքից, Հուդան մամլո ասուլիս պահանջեց՝ հենց բանտախցից։

— Ես Հուդա՛ն եմ,— սկսեց նա։— Մարդիկ ինձ չեն ճանաչում, նրանց միայն թվում է, թե գիտեն ինձ։ Ձեզ որոշակի փաստեր են հայտնի, իսկ դուք անհոգի փաստերից այն կողմ ոչինչ տեսնելու ունակ չեք։ Պետք է միամիտ լինել, որպեսզի կարծել, որ 30 արծաթի համար կարելի է դավաճանել Ուսուցչին։ Պետք է միամիտ լինել, որպեսզի հավատալ, որ այս կամ այն ուժին սատարելով կամ ինչ-որ մեկի հրահանգով ես կարող էի ինքս ինձ զրկել երջանիկ ու անխռով կյանքից և քաղաքական սպանություն գործեի։ Մարդի՛կ, դուք կույր եք, քան երբևէ․․․

— Երբ Տերը մահկանացու էր և գտնվում էր անելանելի իրավիճակում, ես ցույց տվեցի Նրան փրկության միակ ճանապարհը։ Եվ ինչո՞ւ 12 աշակերտներից հենց ես փրկեցի Նրան՝ դառնալով մատնիչ(միայն մոլորյալները կարող են փրկությունը դավաճանության հետ շփոթել)․ որովհետև նրանցից ոչ մեկն այդքան չէր հավատում Նրան, որքան ես, նրանցից ոչ մեկն այդքան չէր սիրում Նրան, որքան ես։ Նրան մարդուց Աստված դարձրի՝ դավաճանության սքեմը կրելով, և եթե խաչին գամված Նրա մարմինը տառապում էր ողջ մարդկության ցավերն իր վրա վերցնելով, ապա իմ հոգին տառապում էր երկրագնդի բոլոր մեղավոր հոգիների փոխարեն։ Ես ինքս ընտրեցի այդ ճանապարհը, չե՛մ զղջում, ինքս այդ մեծ զոհողությանը գնացի, ծանր խաչը դրեցի ուսերիս և մինչ այսօր տառապագին տանում եմ այն․․․

— Աստծու որդին մոտեցավ և համբուրեց։ Ձեզ համար դա ներողամտության կամ մեծահոգության մի համբույր էր, իսկ իրականության մեջ․․․ Իմ աչքերում Նա տեսավ ամենը, կարդաց հոգիս և համբուրեց ինձ, որպես հայրն իր զավակին, որպես եղբայրը եղբորը, որպես հարազատը հարազատին՝ միակ փրկության ճանապարհը մատնանշելու և դրա համար մատնիչի պիտակը հավետ իմ անվան հետ կապելու համար․․․ Դա ո՛չ ներողամտության համբույր էր, ո՛չ էլ՝ մեծահոգության, դա շնորհակալության համբույր էր․․․

— Մկրատի իմ հարվածների թիրախը մարդկային չարությունն ու անսահման ագահություն է, որի ծիլերն ու արմատները կարող եք տեսնել ձեր կյանքի ցանկացած բնագավառում՝ քաղաքականությունից բռնած, մշակույթով վերջացրած։ Ահաբեկիչների դեմ պայքարի ներքո՝ զենքի վաճառքով եք զբաղված, հիվանդությունների կանխարգելման ծրագրեր մշակելով՝ նոր դեղատեսակների սպառման մարդակործան նախագծեր եք կազմում, մանուկների պաշտպանության «համամարդկային հորդորի» ու տարատեսակ կազմակերպություններ ստեղծելու հետ մեկտեղ՝ աչք եք փակում մանկապիղծ հոգևորականների «Սոդոմ-Գոմորին» և ձեր իսկ կողմից ստեղծված դատարաններով արդարացնում նրանց, ինչպես նաև մարդասպաններին, իսկ անմեղներին ոչնչացնում եք՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես։ Կուզեի ասել, որ այս երկու հազարամյակում երկրագնդի վրա ոչինչ չի փոխվել, սակայն այն ավելի վատն է դարձել, այն փտել ու նեխել է շատ խորքից․․․

— Շատ զզվելի բան է ձեր այս քաղաքականություն կոչվածը։ Նույնիսկ ամենաարդարամիտ քաղաքական ղեկավարը կարճ ժամանակահատվածում վերածվում է խաբեբա սրիկայի։ Մեկը ժպտալով, մյուսը շողոքորթելով, այն մյուսը բացահայտ կերպով միևնույն բանով են զբաղված՝ եղծելով, վերացնելով ամեն լավ բան։ Եվ ինչի՞ համար․ իշխանությա՛ն և փառամոլությա՛ն։ Մկրատի իմ երկու հարվածների թիրախը մարդկային չարությունն ու շահամոլությունն է․․․

— Ես չեմ զղջում կատարվածի համար, ինչպես և չեմ զղջացել երկու հազար տարի առաջ։ Այն ժամանակ պատմության անիվը հաջողվեց թեքել և ես հույս ունեմ՝ այսօր նույնպես դա ինձ կհաջողվի՝ մատնիչի պիտակին մարդասպանի պիտակ ավելացնելու գնով․․․

2053 թվականի դեկտեմբերի 2-ին, Հուդան, իր 33-ամյակի օրը, մահապատժի ենթարկվեց՝ էլեկտրական խաչի միջոցով»։

Վերջին տողը ևս մեկ անգամ ընթերցելուց հետո տաքսու վարորդն ուղղեց ճմրթված թղթերը, աչքերը փակեց ու մի քանի վայրկյան անշարժ մնաց այդ դիրքով։

— Ամեն դեպքում, հետաքրքիր էր։ Իսկ Դուք չե՞ք վախենում, որ Ձեզ գրագողության մեջ կմեղադրեն,— պատմվածքն ինձ վերադարձնելով՝ հանկարծակի ասաց նա։

Զարմացած նայեցի վարորդին։

— Ես հո ամբողջ կյանքս տաքսիստ չե՞մ աշխատել,— հեգնորեն ժպտաց տարեց տղամարդը,— դպրոցում համաշխարհային գրականություն եմ դասավանդել և լավ գիտեմ, թե ով է Ավելինո Առեդոնդոն։

— Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք։ Ինձ էլ գրագողության պահը շատ էր մտահոգում, սակայն այսօր երազումս Բորխեսը երևաց։ Կարդաց պատմվածքս, կարծիք հայտնեց, իսկ վերջում Ձեր տված հարցին անդրադարձավ։ Ասաց՝ հանգիստ կաց, որդի՛, բոլորս էլ գրագողներ ենք, բնական գրագողներ․ ուրախ եմ, որ իմ պատմած երազները ճյուղեր են տվել քո հյուրընկալ երևակայության մեջ։ Այնպես որ, ես վախենալու ոչինչ չունեմ, քանի որ երազում ասված Բորխեսի խոսքերից առավել ճշգրիտ բան դժվար թե կարելի լինի գտնել մեր թվացյալ իրականության մեջ։

— Իսկ ի՞նչ կարծիք հայտնեց պատմվածքի մասին,— հետաքրքրվեց վարորդը։

— Ասաց՝ վերջաբանը փոքր-ինչ վերանայել. արձանի առջև ծնկելուց հետո պետք չէ, որ հերոսն ընտրի ամենապարզունակ ճանապարհը և ուղղակի մահանա, դա կարելի է թողնել ընթերցողի երևակայությանը: Այսքանը, եղբա՛յր։ Իսկ հիմա ես գնամ: Շնորհակալությո՛ւն, որ եղար այն պատահական ընթերցողը, ով առաջինը ծանոթացավ պատմվածքիս հետ։

— Խնդրե՛մ։ Բայց ես կարող եմ մեքենայով Ձեզ տուն հասցնել։

— Ես արդեն տանն եմ։ Այն փոքրիկ արձանի դիմացի շենքում եմ բնակվում։ Ցտեսությո՛ւն։

Ես քայլեցի դեպի շենքի միակ մուտքը, իսկ վարորդը լուռ հետևում էր ինձ։ Երբ մուտքից ներս մտա, նա դանդաղ ու հոգնած քայլերով մոտեցավ շենքի դիմաց կանգնեցված փոքրիկ արձանին։ Այս կողմերով հաճախ էր անցնելիս եղել, սակայն երբեք չէր նկատել տղամարդու արձանը։ Ինչ-որ առեղծվածային բան կար այդ ամենի մեջ․ պողպատյա տղամարդը, ձեռքերը խաչված, խորհրդավոր ժպտում էր նրան։ Վարորդը թեքվեց արձանի կողքին դրված փոքրիկ ցուցանակի կողմ, որի վրա խոշոր տառերով գրված էր՝ «ՀՈՒԴԱ»։ Անակնկալի եկած նա փոքր-ինչ հետ քաշվեց, և մեկ անգամ ևս նրա ու պողպատյա կառույցի հայացքները խաչվեցին։ Այդ պահին, կրծքավանդակում սուր ծակոցներ զգալով, տարեց տղամարդը` չկարողանալով դիմանալ ցավի ուժգնությանը, ծնկեց արձանի առջև։ Նա դժվարությամբ գրկել էր «ՀՈՒԴԱ»-ի ոտքերը, որոնց տակ՝ փոքրիկ պատվանդանի վրա, գրված էր․ «Ես մատնիչ եմ, ես մարդասպան եմ, ես ապրում եմ ձեր մեջ․․․»։

  1. 20-րդ դարի 2-րդ տասնամյակի վերջում ամբողջ երկրագունդը ցնցվեց «Կորոնա» անունով համաճարակից։ Վարակը սկսվեց Չինաստանից և տարածվեց բոլոր մայրցամաքներով։ Հիվանդանոցներում տեղ ու դադար չկար, մարդիկ մահանում էին իրենց տներում, նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրները պատրաստ չէին դիմակայելու այդ համաճարակին։ «Կորոնա»-ն ինչպես անակնկալ տարածվեց, այնպես էլ անակնկալ վերացավ երկրագնդի վրայից։ Ամենն այնքան անսպասելի ու հանկարծակի ստացվեց, որ մարդկության մեծ մասը մինչ օրս չի կարողանում դա ընդունել որպես իրականություն։
  2. Հեղինակի իրականության մեջ, որը կարող է լինել ցանկացած ընթերցողի երազը, Ավելինո Առեդոնդոն մեծ հեղափոխական է, որի մասին պատմվածքը կարող եք ընթերցել Հանճարի «Ավազե գիրքը» ժողովածուում։
  3. 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունը կոչեցին Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, այնուհետև այն վերանվանվեց՝ Թավշյա հեղափոխություն։ Ժողովրդի զգալի մասը այդպես էլ չհավանեց այդ ձևակերպումը՝ այն համարելով թուլության խորհրդանիշ։
  4. 2052 թվականի, դեկտեմբերի 2-ին, ոմն Հունան Նաիրյան Գավառի քաղաքային հրապարակում տեղի ունեցող արձանի բացման պաշտոնական արարողության ժամանակ հոծ բազմության աչքերի առջև ատրճանակի երկու կրակոցով դաժանաբար սպանեց երկրի ղեկավարին։ Հետագայում պարզ դարձավ, որ նա գործել է միայնակ և որևէ կուսակցական կամ այլ խմբավորման անդամ երբեք չի հանդիսացել։ Ամբողջ դատավարության ընթացքում մարդասպանն այդպես էլ չզղջաց կատարվածի համար՝ իր գործողությունները որակելով ազգանվեր առաքելություն։ Քաղաքական սպանությունից ուղիղ մեկ տարի անց՝ 2053 թվականի դեկտեմբերի 2-ին, Հունան Նաիրյանը ենթարկվեց մահապատժի՝ էլեկտրական աթոռի միջոցով։
Please follow and like us: