*
Փոքր քրոջ պես ձեռքս բռնած՝
քայլում է հետս տարիների միջով
անկախությունը։
Ես նրան Սահմանադրություն,
նա ինձ հեքիաթ է պատմում։
Ու երբ արթնանում եմ հաճախ վատ երազից,
ուր ՀՀԿ- տատին ավլում է ինձ նմանների խարույկից մնացած փոշին,
ձեռքս սրտիս եմ դնում ու արտասանում
«Մեր հայրենիք ազատ, անկախ…»՝
այնքան բարձր,
որ որդուս կարողանամ համոզել
կյանքի,
Սահմանադրության,
հեքիաթի
արանքում
Երկիրը երկիր է,
երկիրը՝ հայրենիք։
*
Ես տերն եմ Քո և հնազանդը,
Երկի՛ր, ջուր իմ մշտաներկա,
և ուրախության պահին,
և տխրության
երկինքների տակ բաց,
և կարկուտի ծեծած տեղի ցավը տանելով,
և հույսը քամու բերան գցած,
բայց աշխարհին խատուտիկի պես
փչելով խաղաղության ծաղիկը՝
արմատով հողիդ մեջ եմ, չեն պոկի ինձ։
Եվ առողջ օրերիդ վերափոխված,
անհեղափոխ լեռներիդ ոգիներով ուժեղ,
և հիվանդության պահին հավատարիմ շուն՝
կրնկակոխ հետդ քայլող,
ես տերն եմ Քո և հնազանդը,
Երկի՛ր,
գոյության իմ միակ
մթնոլորտ։
Մինչ այն պահը, երբ․․․
և թքած, թե գալու է մի օր վերջինը,
որովհետև ոչ մի գերանդիով վհուկ չի բաժանի մեզ․
կրկնի՛ր ինձ հետ երիցս.
ես տերն եմ Քո և հնազանդը․․․
*
Սիրախաղալով՝
թրերիդ տակից անցել եմ արդեն,
և տեղավորվել մի մարմին ջրում ՝
ծաղկազարդվելու,
մինչ հողիդ կառչեմ հազար երակով,
ծաղիկս լեռան ոգին է ճեղքում։
Այս է բաժինս՝ հասակիս չափով նեղլիկ մի կտոր,
որ պարտք եմ մնում ինձանից հետո,
և այն, ինչ թեթև կլինի վրաս,
սև-սև խաղողե երազնաքներս են, գինի կդառնան․
որդիս կխմի։