Փամփուշտը սուրում է, սուրում ու չի էլ գիտակցում, որ ճախրանքի այդ պահին ինքն է աշխարհի յոթ թե ութ միլիարդ մարդկանցից մեկի ճակատագրի տիրակալը։ Նույնիսկ չգիտի, թե ով է այդ մեկը, ինչ ազգից է, աչքերն ինչ գույնի են, այնինչ՝ կմեռնի՞, թե՞ չի մեռնի, հենց իրենից է կախված։ Երևի մտածում է, որ ինքն Աստծու ուղարկածն է, չէ՞ որ նա է ամենակարողը, կյանք է տալիս ու կյանք խլում։ Եթե սատանան հաղթի, ու փամփուշտը խոցի ընտրյալի սիրտը, գլուխը կամ կենսական անհրաժեշտության այլ մարմնամաս, հավանական է, որ նրան հյուրընկալած մարմնի տերը, գուցե զինվոր, հերոս հռչակվի։ Մի քիչ արյուն կհոսի, կմակարդվի, կչորանա, և վրա կհասնի հավիտենական լռությունը։ Ինքն էլ կդառնա պատմություն ու գործն արածի հանգիստ խղճով, կգնա իր հանգրվանը մունջ կգտնի հողի տակ, գուցե հազար տարի հետո մի հրաշքով պեղումների գտածո հռչակվելու ճակատագրին հլու։
– Այս փամփուշտով խոցվել է մեր ազգի հերոսը,-կբացականչի երջանկացած գյուտարարը ու կուղարկի թանգարան՝ ի զարմանս հետաքրքրասեր հանդիսատեսի։
Եթե պահապան հրեշտակը գործին խառնվի, ու ինքն էլ ստիպված վրիպի, ընդհանրապես բանի տեղ դնող չի լինի։ Թերևս մոտակա գյուղի երեխեքի ավար դառնա ու տարատեսակ խաղերի խաղաքար։
– Թուրքի փամփուշտը խերով է, կարելի է խաղասեղանի սև գույնի դաշտերին դնել,-գուցե փայլատակի մոլախաղի սիրահար մի ճարպիկ,- հաստատ մի բան կկպնի, պղտոր ջրում ձուկ կբռնենք։
Եթե սատանան ու հրեշտակը լեզու գտնեն ու խոցեն ընտրյալին, բայց կյանքը մի համառ բժշկի ջանքով հաջողվի փրկել, գուցե փամփուշտը դառնա թալիսման, հիշողության մի ուրույն նշխար ու օրհնած շղթայով կախ ընկած հպարտ ծածանվի պարանոցից։
– Էս տենու՞մ եք, էս որ բարի չլիներ ու մի սանտիմետր վերև գնար, հիմա ես հող էի, ախպեր, ու էս, էս ու հատկապես էն գյուղերն էլ դժվար ազատագրված լինեին։ Առանց ինձ ինչ պիտի անեին,- ցուցանմուշը պարզած կպարծենար փրկվածը։
– Ինչ արել ես, ազգի համար ես արել, վերևն Աստված կա, եթե չլիներ, հիմա էդ ապարանքն էլ դժվար լիներ,-լուրջ թե հեգնանքով կասեր ընկերը։
Այս անգամ քարտեզը խճճվել էր, փամփուշտը շեղվել էր նախասահմանված ճանապարհներից, կորցրել նշանավայրը ու թիրախը բարով-խերով խոցելուց հետո հայտնվել մի խորթ միջավայրում։ Ահա թե ինչպես։ Սեթոյի թոքից թուրքի փամփուշտը հանած վիրաբույժը սպիրտով մաքրել էր այն, ձեռքում տնտղել, գցել խալաթի գրպանը, մեկ տարի հետո ծննդյան օրը իբր որպես անակնկալ մատուցելու հետին մտքով։
– Փամփուշտը թոքը ծակել-անցել էր, մի թեթև կտրեցի բլթակից, կյանքին վտանգ չի սպառնում,- հանգստացրել էր բժիշկը։
Էս բժիշկ չէր, կախարդ էր՝ մտածել էր Սեթոն, բայց դե հո մենակ չէր, օգնականներ ուներ։
– Աստված էր, թե հրեշտակ, ձեռքս բռնեց քաշեց անդունդի եզրից,-ասել էր Սեթոն,-թե չէ գլորվելու էի։
– Բա ինձ էլ միամտաբար թվացել էր՝ ես եմ,- ծիծաղել էր բժիշկը։
– Բժիշկ, ուզում եմ թռչել,-եզրափակել էր Սեթոն ու թափահարել թևերը,- մանկության երազանքս է։
Հետո ծիծաղել էր՝ մի քիչ ուշքի գամ, մի բաժակ բան խմենք, ասել էր բժշկին։ Սեթոն փրկվել էր, բժիշկն էլ մոռացել փամփուշտը, որն այդ պահից սկսել էր իր նոր, բժշկի չարաճճի աղջկա թեթև ձեռամբ զարդատուփի մոռացված անկյունում հղացած գոյությունը, թիրախից անկախ, բժշկից անկախ, ամեն ինչից անկախ։ Ու քանի որ փամփուշտը մոռացվել էր, արհամարհվել, գուցե հենց այդ պատճառով թոքաբորբը բուն էր դրել Սեթոյի մարմնում ու տարին մեկ վերադառնում էր՝ հիշեցնելու իր մասին։ Ֆանտոմային ցավ են ասում, ինչ են ասում։ Այսինքն ցավում է այն վերքը, որն այսօր չկա, ցավում է մարմնի այն մասը, որ վաղուց ապաքինվել է կամ անդամահատվել։ Այդպես լինում է, երբ չես կարողանում թուքը կուլ տալ, մոռանալ վաղեմի վիրավորանքը։ Թոքաբորբ ասենք, թե ֆանտոմային ցավ ասենք, չգիտեմ, բայց գալիս էր ու գալիս, պրծում չկար։ Այդ պահին ասես փամփուշտը թարմ-թարմ խրվեր թոքը, ասես բժիշկը նշտարը ձեռքին թարմ-թարմ կտրեր թոքի բլթակը։ Իսկ եթե եկել էր մաքրելո՞ւ գործած մեղքերը ու սթափ մտքով, պայծառ ուղեղով նոր կյանք առաջնորդելու։ Ամեն դեպքում Սեթոն ընդունում էր ապաշխարանքը որպես ընծա, ու մենք էլ, որպես հավատարիմ ընկերներ, անմասն չէինք մնում ծիսակարգից։ Ամեն տարի սրտատրոփ սպասում էինք գույժին՝ թոքաբորբի վերջին գալստյանը, բժշկական լեզվով ասած՝ ֆանտոմին։
Այս դեպքը վաղուց մոռացած կլինեի, եթե մի օր մեր երկրում մարդիկ չսկսեին անհայտ ծագման օղուց կուրանալ ու մեռնել։ Ու որպեսզի այլևս իմ սիրելի հայրենակիցները չկուրանան ու առավել ևս՝ մեռնեն, քառորդ դար հետ կգնամ։ Եթե հեռավոր ու անմոռանալի իննսունականներին, հաղթանակի երանելի տարիներին ուսանող չեք եղել, դժվար էլ հասկանաք այս պատմության համն ու հոտը՝ պատմություն, որ հիմա եմ պատմելու։ Թերևս ինձ մեղադրեք հիմարության, առավել նրբազգացները` դաժանության, առաջադեմները՝ ծաղրասիրության համար։ Ամեն դեպքում, ընկերությունը մնում է ընկերություն, անկախ ժամանակներից ու հանգամանքներից։ Ու եթե ընկերդ հիվանդ է, պետք է մեղմել ցավը, մատից հանել փուշը։ Մանավանդ եթե փուշը վերադարձած թոքաբորբն է, ֆանտոմը։ Ցավը ցավով են մեղմում։ Կամ սեպը սեպով են հանում, ինչպես կասեր ռուսը։ Որոշումը, որ պետք է գնել մեկ լիտր պարսկական «Ռոյալ» տեսակի սպիրտ և վառվող վաֆլիներ՝ որպես զակուսկի, ոչ մեկին չզարմացրեց։ Եթե գնում ես հիվանդատես, այն էլ վերադարձած թոքաբորբով, սխալվելու իրավունք չունես։ Պետք է հաշվի առնել բոլոր կողմնակի ազդեցությունները, պետք է նկատի ունենալ, որ հիվանդանոցում կլինեն այլ հիվանդներ՝ թոքաբորբով, գուցե այլ հիվանդությամբ տառապող։ Չէ որ պատերազմը նոր է ավարտվել ու ով ինչ ցավ ունի, բերում, փորձում է հիվանդանոցում փարատել։
Առողջ ապրելակերպի ջատագովների ականջը խուլ, ռուսական մի ֆիլմ կար, որ մինչև հոգու խորքը ցնցել էր ինձ, բայց տարիներ հետո այդպես էլ չէի կարողացել գտնել հետքը։ Պետք է որ «Հիվանդանոց» կամ նման մի վերնագիր ունենար։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում էին հիվանդասենյակում, և բոլոր հիվանդները անընդհատ ու անդադար օղի էին խմում, անհայտ ծագման օղի։ Կարմիր թելի պես սցենարի միջով հոսում էր օղի խմելու սուրբ ծեսը, առնում իր օրորի մեջ ու գլխապտույտով համակում հանդիսատեսին։ «Մի յոթ-յոթ գրամ չխմե՞նք»,-անընդհատ կրկնում էր ֆիլմի հերոսը ու ամեն ինչ իր տեղն էր ընկնում։ Խմում էին հիվանդներն ու բժիշկները, խմում էին հիվանդատես եկած ընկերներն ու հարազատները, խմում էին տղամարդիկ, խմում էին կանայք, ծերերն ու ջահելները, խմում էին բոլոր-բոլորը։ Խմում էին ցարի համար, հաղթանակների համար, աղջիկների, տղաների, նրանց ծնողների ու շատուշատ այլ բաների կենացը, ցավոք հիմա չեմ հիշում։ Խմում էին առանց կենացի։ Խմում էին լուռ։ Խմում էին ցմրուր։ Ու պատկերացնում եք, օգնում էր, բոլորը վերջում ողջ և առողջ դուրս գրվեցին հիվանդանոցից, կերան, խմեցին, կռվեցին, հաշտվեցին, սիրեցին ու սիրվեցին և, որ ամենակարևորն է` ապաքինվեցին։ Դեռ մի բան էլ կյանքի իմաստը վերարժեվորեցին։ Ինչպես ասում էր բժիշկը՝ մարդու տրամադրությունը լավագույն դեղամիջոցն է ցանկացած հիվանդության դեմ։ Չգիտեմ, ֆիլմը օսկար կամ այլ մրցանակ շահել է թե չէ, բայց որ գերել է մարդկանց սրտերը, որևէ կասկած չունեմ։ Սա իմիջիայլոց, հիմա դառնամ մեր դեպքին։
Ինչպես ասացի, մեր կռված թագավոր ախպորը՝ Սեթոյին տեսակցելու գնացինք լուրջ բեռուբանով՝ մեկ լիտր պարսկական սպիրտով և վառվող վաֆլիներով։ Բացում ես ծորակը, մեկին մեկ հարաբերակցությամբ խառնում, մի քիչ լիմոնի կամ նարնջի կեղև գցում մեջը և ահա խնդրեմ՝ երկու լիտր բարձրակարգ օղին պատրաստ է, վայելիր որքան կարող ես, ութ հոգի հանգիստ կհարբի։
Հիվանդասենյակը, որտեղ շնչակտուր հասանք մենք, ուներ չորս հիվանդ, չորսն էլ՝ թոքաբորբի գերի, մեր ընկեր Սեթոն էր, բանգլադեշցի Լեշը, Ղևոնդ աբեղան ու մի սպիտակամորուս մարդ, որ պարզվեց երեսունութ տարեկան էր, բայց ծեր փլիլիոփայի տեսք ուներ` Սահակը, ում այսուհետ Ծերուկ կանվանեմ։ Մենք էլ հետը՝ ութ հոգի, կարելի է ասել՝ հասարակության ողջ ներկապնակը։
Ինչպես և սպասվում էր, առանց եռացնելու վրա ժամանակ կորցնելու ծորակից լցրեցինք ջուրը, տեղը տեղին խառնեցինք, նարնջի կեղևը գցեցինք մեջը ու անհայտ ծագման օղուց բան չմնաց։
-Դե լցրեք, լցրեք բաժակները,- ասաց Լեշը,-էլ ժամանակ չունենք, խմենք ճշտի կենացը։
– Այո, ճշմարիտ ճանապարհը միայն Հիսուսն է ցույց տալիս,- հաստատեց Ղևոնդ աբեղան։
– Ճշմարտությունը հարաբերական է, մեր գլխում է միայն, Էյնշտեյն, հարաբերականության տեսություն,- փիլիսոփայեց Ծերուկը։
– Ախպեր, ինչ Էյնշտեյն, ճիշտը մի հատ ա,-վրդովվեց Լեշը։
– Լեշ եղբայր, խմիր բաժակը ցմրուր, Ծերուկը փիլիսոփա է և նման բաներից շատ գլուխ չի հանում,- ժպտաց Ղևոնդ աբեղան։
– Օրինակ, եթե փամփուշտը Սեթոյի թոքում մնար, Սեթոն կարող ա մեռներ, չէինք էլ ճանաչի հիմա, բայց փրկվեց,-շարունակեց Ծերուկը։
– Հա, բայց եթե փամփուշտը չլիներ, էս թոքաբորբն էլ չէր լինի, էս ընկերությունն էլ չէր լինի, ոչ մի բան էլ չէր լինի,-հաստատեցինք մենք՝ Սեթոյի թանկագին հյուրերը։
– Էն տղերքի համար խմենք, որոնք մնացին հողի տակ,- առաջարկեց Սեթոն։
– Ընկերության համար,-առաջարկեց Լեշը։
– Հայաստանի համար,- առաջարկեց Ծերուկը։
– Պարսիկների համար, որ իրենք խմող չլինելով՝ հարևանի համար սենց մեռոն են ուղարկել,- առաջարկեցի ես։
– Աստված առաջ, ամեն,- աչքերը երկինք հառեց Ղևոնդ աբեղան։
Մեր աչքի առաջ տղերքը ապաքինվում էին, մկանները պրկվում, այտերը կարմրում, աչքերի փայլը տեղը գալիս։ Ապաշխարանքը պոզով-պոչո՞վ է լինում։ Ղևոնդ աբեղան էլ լուսավորում էր մեզ, թե այսօր Սեթոյի ծննդյան օրն է։ Փամփուշտը, ծակել-անցնելով թոքը ու տարին մեկ թոքաբորբի բուն դառնալով, փաստորեն նորից ծնել է մեր ընկերոջը, ու ամեն տարի թոքաբորբի խորամանկ քողի տակ այցելում է մեզ։
– Նորածնի կենացը,- բաժակը մի կերպ բարձրացնում է Ծերուկը,- այն օրը, երբ հրեշտակը բռնել է նրա ձեռքը ու անդունդի եզրից փրկել, Սեթոյի ծննդյան օրն է դարձել։
– Իսկ եթե գլորվեր, չէ՞ր ծնվելու,-հարցնում է մեզնից մեկը, չեմ հիշում, թե ով։
Ամեն ինչ իր հունով կգնար, եթե Լեշի նյարդերը տեղի չտային ու չփնփնթար, թե հիվանդասենյակում հիվանդ մարդ չկա, թե պետք է շուտափույթ լքել անիծյալ հիվանդանոցը՝ մեր կռված ախպոր ծնունդը մի կարգին տեղ նշելու համար։ Մինչ մտմտում էինք Լեշի առաջարկն իրագործելու եղանակների շուրջ, պարսկական մեռոնը արևելյան հյուրասիրության ամբողջ հմայքով սողոսկում էր ներս։
– Եթե փամփուշտը բերեք, աղոթեմ, էլ թոքաբորբը հետ չի գա,-մի կերպ ուժերը հավաքելով խոստացավ Ղևոնդ աբեղան։
– Թող լինի այդ հրաշքը,- թոթովեց Սահակ ծերունին։
Մե՞զ է թվացել, թե իրականում այդպես է տեղի ունեցել։ Իրականում այդպե՞ս է տեղի ունեցել, թե՞ մեզ է թվացել։ Գուցե արևելյան մեղրածոր շորորն է աչքներս բացել, ու բոլորս զույգ աչքով հստակորեն տեսել ենք, թե ինչպես է որպես զակուսկի պետք չեկած վառվող վաֆլիների բուրգի վրա աբեղան տաքացրել Սեթոյի՝ հրաշքով հայտնված, մոռացված փամփուշտը ու Բարձրյալին ուղղված աղոթք մրմնջացել։
Ամեն ինչ հիանալի էլ կավարտվեր, եթե չլիներ մի անտեսված հանգամանք։ Հաշվի չէինք առել մի բան. մենք հայ էինք, աշխարհի հինավուրց մի ցեղ, իսկ չարաբաստիկ օղին՝ անհայտ թե հայտնի ծագման, ընդամենը մի քանի հարյուրամյակի պատմություն ուներ, նոր ազգերի քմահաճույքին հարիր։ Բոլորս էլ՝ հասարակության ամբողջ ներկապնակը, ութ հոգի, հաջորդ լուսաբացին վերակենդանացման բաժանմունքում ուշքի գալով գլուխ ենք կոտրել այդ հանելուկը լուծելու համար ու հանգել մի պարզ ճշմարտության։
Իսկ պարզ ճշմարտությունը ասում է՝ որքան էլ հանգամանքների բերումով փամփուշտը շեղվի իր ճանապարհից, ի վերջո գտնելու է իր ընտրյալին։ Ի վերջո, մի գեղեցիկ օր բժշկի սիրունատես կինը ցանկանալու է թանկարժեք ապարանջանը կրել ու, զարդատուփում հայտնաբերելով անկյունում ծվարած փամփուշտը, օգնության է կանչելու մոռացկոտ ամուսնուն։ Ամուսինը տնտղելու է փամփուշտը, կնճռոտելու դեմքը ու մտքի աներևակայելի ճիգով մտաբերելու է, որ այսօր իր փրկյալի ծննդյան օրն է։ Քիչ անց նա ծեծելու է հիվանդասենյակի դուռը ու աղմուկի մեջ խոստովանելու ապշահար Սեթոյին, որ մոռացված փամփուշտը չէր ծակել-անցել թոքը, այլ մխրճվել էր այն բլթակի մեջ, որի ցավը մինչև այսօր տանջում է նրան։
– Դե հիմա թռի, թռի ինչքան ուզում ես,- ավետելու է բժիշկը,- թափահարի թևերդ։
– Իսկ դուք ասում էիք հրաշքներ չեն լինում,- միաբերան բացականչելու ենք մենք՝ հասարակության ողջ ներկապնակը ու կկոցած աչքերով նայելու, թե ինչպես է մեր կռված ախպեր Սեթոն օդ բարձրանում։