Հայ գրողներին մշտապես և բոլոր ժամանակներում անհանգստացրել է նախևառաջ ազգային ճակատագրի խնդիրը: Ժամանակային տարբեր առանձնահատկությունները մտահոգության տարբեր խնդիրներ են առաջ բերել: Վերջին շրջանի ստեղծագործողներից շատերն այս խնդրին անդրադարձել են տարբեր ժանրային տարածություններում: Օրինակ՝ Ռուբեն Հովսեփյանը («Ծիրանի ծառերի տակ»), Գուրգեն Խանջյանը («Ենոքի աչքը» ստեղծագործության «Գիշերը» գլուխը), Վահագն Գրիգորյանը («Ժամանակի գետը») և այլք վեպի ժանրային ձևի մեջ են ներկայացրել հայ ժողովրդի պատմության վերջին մոտ մեկդարյա իրողությունների ողբերգական ընթացքը՝ ձևավորելով կայուն քրոնոտոպային կառույցներ: Այս կառույցները քննելի են կառուցվածքաբանական մակարդակում: Ժանրային (նաև սեռային) տեղաշարժի շնորհիվ կայուն քրոնոտոպային կառույցներն իրենց դրսևորումները գտել են նաև փոքր արձակում՝ պատմվածքներում, ինչես նաև չափածո գործերում:
Որպես կայուն քրոնոտոպային կառույց՝ բավականին հետաքրքիր ստեղծագործություն է Հրաչ Բեգլարյանի «Ցավը» պատմվածքը: Պատմվածքը գեղաձևումների և գաղափարական խտացումների ներհյուսումով գեղարվեստական բարդ կառույց է՝ անցյալի ընդհատվող պատկերներով, հիշողություններով, տարածաժամանակային հետաքրքիր անցումներով ու հույզերով: Ստեղծագործությունը հյուսված է մարդկային ցավի շուրջ. հերոսին շարունակ ուղեկցում է մշտական ցավը, ցավի զգացողությունը, որից նա միշտ ցանկացել է անջատվել, բաժանվել, սակայն կյանքի վերջին պահին, երբ ի վերջո նրան հաջողվում է անջատվել ցավից, սոսկ անտարբերության զգացողություն է ունենում:
Հեղինակի «Երկիր» բանաստեղծության ստորև բերված հատվածը, թերևս, լավագույն բանալին է «Ցավը» պատմվածքը խորությամբ հասկանալու համար:
Ես թիկունքիս մրմուռն ու ամեն օր տանջող ցավը
Կախում եմ ամենամոտիկ ծառից և
Քայլում եմ հեռու:
…Երկիր…
Ես ցավս ետ եմ առնում ծառից.
Ցավը լվացք չէ, որ չորանա ու թեթևանա:
Ես ցավս չեմ ուզում քեզ թողնել,
Ծառը ցավից կչորանա,
Ես չեմ ուզում ցավս սարերիդ թողնել.
Նրանք դրանից կխոնարհվեն,
Իսկ առանց սարի, դու դու չես լինի…
Ես ցավս ծովին տալ չեմ կամենում.
Դրանից ծովը կալեկոծվի, իսկ ես ծովը սիրում եմ, երբ խաղաղ է
Ու ժպտուն…
Երկիր…
Ետ տուր իմ բաժին ցավը,
քանզի այն հենց իմ թիկունքի համար է հորինված:
Ըստ երևույթին՝ բերվածը ժանրային ներթափանցման, տեղաշարժի, նույն թեմատիկան, միտքը, գաղափարը տարբեր ժանրերով ներկայացնելու հաջողված օրինակ է:
Այստեղ տեղին է հիշել Բախտինի դիտարկումը ժանրային խնդրի առնչությամբ. «Ժանրը գրական զարգացման պրոցեսում ստեղծագործության հիշողության ներկայացուցիչն է»: Բախտինը համաձայն է Յու. Տինյանովայի այն մտքի հետ, որ գրականության մեջ ժանրերը ներկայացնում են հեղինակի անհատականության տարբեր կողմերն ու հնարավորությունները, սակայն չի կիսում նրա կարծիքը, թե ժանրը բխում է ժամանակային փոփոխությունից: [2]
Ժանրերի հարցին բավականին հանգամանալից անդրադարձ է կատարել Սլավի-Ավիկ Հարությունյանը: Նա համարում է, որ ժանրերի քայքայումը, սահմանների տարրալուծումը, նրանց տեղաշարժը ու միմյանց մեջ ներթափանցելը համամշակութային գենեզիսի բնականոն ընթացքն է: [1]
Հ. Բեգլարյանի նշյալ երկու ստեղծագործությունները ժանրային փոխներթափանցման օրինակներ են, որոնք արտահայտման ձևի (չափի, կառուցվածքի) առումով տարբեր են, սակայն ներքին (տրամադրության և մտահղացման) ձևով ու թեմայով նման են:
Պատմվածքի առանցքային հերոսը Սոնան է, ում բախտ էր վիճակվել սեփական մաշկի վրա զգալ միանգամից մի քանի ժամանակաշրջանի ցավոտ անցումներ: Սոնան մեկն էր այն սերնդի ներկայացուցիչներից, ովքեր անձամբ էին զգացել ստալինյան բռնաճնշումների, իշխանությունների հասցեին անգամ փոքր-ինչ անբարենպաստ տեսակետ հայտնելու կամ պարզապես զրպարտության պատճառով ճաշակած սոսկալի հարվածներն ու հետևանքները:
Պատմվածքի մուտքը հուզական է. ներկայացնում է հերոսի էքզիստենցիալ մտորումները: Պատմում է հեղինակը՝ Սոնայի անունից: Այստեղ հերոսի հուշերի և իրականության առանցքում ներհյուսված են պատումի և պատմության ժամանակը: Պատումային տեքստը կառուցված է ժամանակային հաջորդականության տարաբնույթ խախտումներով, ինչը ընդունված է անվանել պատումային անախրոնիաներ: Մշտամնա ցավը հետահայաց փնտրտուքների առիթ է դառնում. «Ցավը ե՞րբ գտավ իրեն»: Հետքերը տանում են հեռավոր անցյալ: Հեղինակը դիմում է ժամանակային անախրոնիայի. հետընդգրկմամբ (անալեպսիս) ներկայացվում է հերոսի կյանքում ավելի վաղ կատարված իրադարձությունների պատկերը, ընդ որում, մենք գործ ունենք բացանալեպսիսի հետ. հետընթացը տեղի է ունենում պարբերաբար:
Հետընդգրկմամբ ներկայացվող Սոնայի հուշերից տեղեկանում ենք, որ նրա հորն անարդարցիորեն մեղադրել են ժողովրդի թշնամի լինելու մեջ և բանտարկել, որտեղ էլ նա կնքել է իր մահկանացուն: Աղջկա որբացած ու կորսված մանկությունն անցել է ցրտի ու ժողովրդի դավաճանի զավակի «խարանը» ճակատին: Հետո շարունակվել է նրա կյանքի դժվարությունների շղթան՝ ենթարկվելով ժամանակաշրջանի տարատեսակ զարգացումների օղակումներին: Սոնայի մանկության դժվարությունների նկարագրություններով հեղինակը ցույց է տալիս, թե ինչպիսին է եղել ժամանակին հասարակության վերաբերմունքը նմանատիպ իրողությունների նկատմամբ, և ինչերի միջով է անցել Սոնայի սերունդը: Ոմանց խղճահարության, ոմանց անտարբերության, ոմանց սեռական նկրտումների միջով անցած Սոնան առավել հասուն տարիքում էլ ստիպված է եղել նոր մարտահարվերների հետ առերեսվել:
Նա ցավից մթագնած ուղեղով ձավարի հատիկների պես հերթով դասդասում է հուշերը, սակայն խախտված է ժամանակային հերթականությունը: Դժվարությունների ու սովի բովով անցած Սոնային բացի մարդածին աղետից, բախտ է վիճակվել անցնել նաև բնածին աղետի միջով. նա բութ անտարբերությամբ էր հիշում երկրաշարժը: Ֆիզիկական զավը հետին պլան էր մղել մշտական ուղեկից հոգու ցավը:
Եթե պատմվածքում առանձնացնենք ժամանակային որոշակի դրվագներ պատկերող հատվածներ և դրանք ըստ հերթականության նշենք լատիներեն տառերով, իսկ ժամանակային հաջորդականությանը՝ արաբական թվանշաններով, ապա կարող ենք ստանալ ժամանակային հերթականության որոշակի մոդել:
A1- … Անկողնում պառկած, ժամերով անձկությամբ սպասում էր ցավի բռնկումին, իրեն համոզելով, թե իր փրկությունը դրա մեջ է:
Անկողինը…Հիմա նրա մարմինը բոլոր ծակոտիներով ճանաչում է իրենց տան բոլոր սավանները և բոլորին էլ ատում է հավասարապես…
B3- … Ոչ թե իր հիվանդ անդամների տակ օրուգիշեր ճխլվող սավանին է խղճում, այլ այն առնելու օրվա հիշողությանը: Գարնան այդ տաք օրը քաղաքի շուկայում ձու էր ծախել: Իր տասը հավի ածած, էրեխեքի բերանից ետ գցած հարյուր հատ ձու…
C10- … Ցավը ե՞րբ գտավ իրեն: Երևի ուշ աշնանային այն օրը: Հորը բանտ էին նստեցրել ու խփել էին պիտակը. «Ժողովրդի թշնամի» Ինչո՞ւ, ի՞նչ թշնամություն էր արել հայրը, չգիտեր…
D9- … Ձմեռնամուտի այդ օրը գրբաց էր եկել գյուղ: «Ասեղը դեզի մեջ կգտնի»,- մոր ականջին շշնջացել էր հարևանուհին` Չոլախ Թագուկն, ու մայրն իրենց հավերի՝ քսան օրում ածած տասը ձուն դրել էր աղջկա փեշն ու ճամփել էր գրբացի մոտ` իմանալու, թե աստղերն ու գրքերն ի՞նչ են ասում` ջրատար Հմայակը ե՞րբ կազատվի էդ նեղ տեղից…
E1-… Հիվանդը բացեց աչքերը, շուռումուռ եկավ: Կողքին նստած էին մի բուռ դարձած մայրն ու սկեսուրը: Չէին խոսում: Ինքը չէր էլ ուզում, որ խոսեին: Ի՞նչ պիտի ասեին իրեն: Հո՞ւյս պիտի տային, բայց ինքը լավ գիտեր, որ այլևս ապրելու հույս չունի: Պիտի խնդրեին` կեր, իսկ ինքն այնպես կուշտ էր…
F8- … Գնում էր Յուրտերի ճամփով, ձեռքին` կապոց: Մայրը հաց էր ուղարկել շրջկենտրոնի մեկուսարանում նստած հորը…
G7- … Ինչպե՞ս եղավ, որ ինքն անհիշաչար մնաց, անպաշտպան լինելու չափ բարի: Ինչո՞ւ հենց այն լուսադեմին գյուղի ճանապարհի վրա իրեն հետապնդող Վաչոյի չարությունը բույն չդրեց իր սրտում, չփոխանցվեց իրեն:
-Կանգնի՛ր,- ձայն էր տալիս Վաչոն,- ժողովրդի թշնամու աղջիկ, կանգնիր, քեզ սիրեմ, թող բանդիտ հերդ իմանա ու սիրտը մրմռա…
H1- … Հիվանդը բացեց աչքերը, նայեց ամուսնու նիհարած երեսին ու ցավի պես մի տաք բան բարձրացավ մինչև կոկորդը…
I6- … Մարտի կեսն էր: Վերջացել էր ամեն ինչ. թե մոր արծաթե գոտու փոխարեն Վրաստանից բերած երկու փութ եգիպտացորենի ալյուրը, թե կարի մեքենայով փոխած երեք փութ ցուրտը տված կարտոֆիլը: Սովը տուն էր մտել, բոլորին դարձրել աչքածակ ու չկշտացող:
-Գնա Լեռնավան, էս ոսկե բիլազուկը տուր քրոջդ, ասա թող ուտելու բան ճարի: Ասա էրեխեքը սովից մեռնում են,- լացը հազիվ զսպելով ասաց մայրը:
Փոքր քրոջ հետ բռնեցին սարի կարճ ճամփան…
J2- Մի պահ թվաց, թե մեծ մեքենա է անցնում տան հետևի ճանապարհով: Շենքը դողաց:
-Ժա՛ժք էր,- գլխի ընկավ ու ճչաց այն ժամանակ, երբ պատշգամբի հետ իջավ գետին: Ապշած նստել էր փլատակների վրա ու ձեռքից բաց չէր թողնում ձավարով լի սկուտեղը:
K1- … Պառկել էր անկողնում ու, զարմանալին այն էր, որ հիշողության մեջ իրար էին հաջորդում իր կյանքի դժվար պահերը: Բայց դրանք ո՜չ ցավ, ո՜չ երանություն էին առաջացնում, հոգուն ո՜չ տառապանք, ո՜չ էլ թեթևություն էին բերում: Յուրաքանչյուր օր և այդ օրվա մեջ ինքը` սիրելի էր իր հոգուն: Թե ինչո՞ւ, ինքն էլ չգիտեր և չէր էլ փորձում լավն ու վատը տարբերել, ջոկջկել իրարից: Նա սիրում էր այդ պահերը, քանի որ դրանց մեջ ինքը կար` առողջ, երիտասարդ, ուժեղ…
L5- …Հինգ ամսվա հարս էր: Կրծքի տակ խլրտում էր առաջնեկն, ու ինքն անընդհատ ուզում էր ուտել: Ասես երեխան անհագ, անկուշտ էր ու քաղցած: Իսկ սկեսուրն ամեն օր անյուղ սպաս էր եփում ու դնում իր առաջ: Եվ որքան էլ որ դանդաղ ու ձգելով էր ուտում, էլի արագ էր վերջացնում ու սկեսրոջ` կշտացա՞ր հարցին կարմրելով գլխով էր անում` հա՜:
M1- … Երբ աչքերը բացեց, գիշեր էր: Մոմի լույսի տակ կողքին նստել էր մայրն ու դանթում էր: Գլխաշորը վեղարի նման էր նրա գլխին: Մորը եկեղեցու նմանեցրեց, անխունկ, անմոմ, կիսավեր եկեղեցու, և խղճաց նրան…
N4- … Հազար տարի առաջ էր. իրեն որպես արտադրության առաջավորի կանչել էին մայրաքաղաք…
O1- … Հանկարծ հասկացավ, որ լալիս են: Ուրեմն ինքը մեռնում է: Բայց արդեն միևնույնն էր: Չկար ցավը, իսկ կիսաբաց կոպերի տակ այն արևոտ օրն էր, շքեղ դահլիճի փափուկ ու քուն բերող բազկաթոռը: Անհաղթահարելի քունը կապարի պես փակչում էր կոպերին, տաք անէության մեջ ընկղմում նրան:
A1 – B3– C10 – D9 – E1- F8- G7- H1- I6- J2- K1- L5- M1- N4-O1
Պատումային մակարդակում ժամանակային ընդհատումներով ներկայացվող հուշերը սյուժե ձևավորող առանցքային դեր, գործառույթ ունեն: Առանցքային հերոսի՝ Սոնայի հուզական ապրումների, ներաշխարհային նկարագրությունները ցուցիչային գործառույթ են կատարում՝ տեղեկություն հաղորդելով հերոսի բնույթի, գործողությունների, իրադրության, ժամանակաշրջանի, մարդկանց հոգեբանության և մտածողության մասին: Հ. Բեգլարյանն, առհասարակ, մեծ տեղ է հատկացնում հերոսի ներաշխարհի, նրա հոգեկան ապրումների նկարագրությանը: Կան նաև տեղեկատվական ցուցիչներ, որոնք ներկայացնում են հերոսի գտնվելու տեղը, ժամանակը, պատմական միջավայրը:
Պատմվածքի ավարտը խորհրդանշական է. «…Իսկ դրսում ամուսինը մեռնող կնոջ մազերն էր դրել հացատան ժաժքաքանդ պատի ճեղքի մեջ և փակում էր ցեմենտով: Նա թաց ցեխը քսում էր պատին և լուրջ ու կենտրոնցած էր այնպես, ասես այդ պահին դրանից ավելի կարևոր գործ չկար աշխարհում»: Այսպիսի սիզիփոսյան աշխատանքով էլ հաճախ մարդը փորձում է հաղթահարել ճակատագրով իրեն բաժին հասած ցավը, լցնել «ժաժքաքանդ պատի ճեղքը»:
Այսպիսով՝ 1990 թվականի դեկտեմբերին՝ քաղաքական բավականին բուռն ու լարված զարգացումների շրջանում ծնված «Ցավը» պատմվածքը նկարագրում է նախորդ ժամանակաշրջանի կեղեքիչ ավանդույթներին ու կարգերին շարունակաբար զոհ գնացող անհատի դաժան ճակատագիրն ու հոգեկան ծանր ապրումները՝ երկրաշարժի պատճառած ֆիզիկական և հոգեկան կրկնակի ցավի համատեքստում: Հեղինակը պատմվածքի հերոսի՝ Սոնայի մեջ է խտացրել ժամանակի մարդուն, ով երկրաշարժի պատճառով հայտնվել էր մահվան շեմին՝ միաժամանակ կորցնելով իր կյանքի կարևոր ուղեկիցներից մեկին՝ Ցավին: Այս տարօրինակ հակադրությամբ հեղինակը վերահաստատում է հոգու ցավի հաղթանակը ֆիզիկական ցավի նկատմամբ: Պատմվածքն իրենից ներկայացնում է բազմաշերտ քրոնոտոպային կառույց՝ սյուժետային յուրահատուկ նկարագրություններով, որոնք բացահայտում են պատմական բարդ ժամանակաշրջանում հայտնված հասարակ անհատի ճակատագրի՝ իր կամքից անկախ, տարատեսակ մարդածին ու բնածին հանգամանքների բերումով պայմանավորված վայրիվերումները:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Սլավի-Ավիկ Հարությունյան, Արվեստի նշանագիտական սահմանները, Երևան, 2017, էջ 94:
- Бахтин М.М., Литературно-критические статьи. Художественная литература. М. 1986. С. 432