Բերթոլդ Բրեխթ / Միջոցներ իշխանության դեմ

Երբ պարոն Քոյները՝ Մտածողը, սրահում հավաքված բազմության առջեւ խոսք էր ասում իշխանության դեմ, նկատեց, թե ինչպես են մարդիկ թեքվում եւ հետ-հետ գնում։ Նա հայացք նետեց շուրջը եւ տեսավ իր հետեւում կանգնած իշխանությանը:
– Դու այդ ի՞նչ ես ասում,- հարցրեց նրան իշխանությունը:
– Ես պաշտպանոում եմ իշխանությանը,- պատասխանեց պարոն Քոյները:
Երբ պարոն Քոյները հետքայլ կատարեց, նրա աշակերտները հանդիմանեցին նրան անողնաշարության համար:
– Իմ ողնաշարը վնասված չէ: Ես պետք է ավելի երկար ապրեմ, քան՝ իշխանությունը,- պատասխանեց նա:
Եվ պարոն Քոյները պատմեց հետեւյալ պատմությունը․
– Անօրինականության օրերին մի օր մի գործակալ եկավ պարոն Էգգեի բնակարան, ով սովոր էր «ոչ» ասել, եւ ցույց տվեց մի վկայական՝ տրված քաղաքին իշխողների կողմից, համաձայն որի նրան էր պատկանում յուրաքանչյուր բնակարան, որտեղ նա ոտք էր դնում: Այդ կերպ նրան էր պատկանում ցանկացած ուտելիք, որը նա պատվիրում էր, այդ կերպ նրան ծառայում էր յուրաքանչյուր մարդ, ում նա նկատում էր:
Գործակալը նստեց իր աթոռին, ուտելիք պահանջեց, լվացվեց, մեկնվեց եւ, դեմքով շրջվելով դեպի պատը, մինչեւ քնելը հարցրեց. «Կարո՞ղ ես ինձ ծառայել»: Պարոն Էգգեն նրան ծածկեց իր ծածկոցով, քշում էր ճանճերին, հսկում էր քունը եւ այդ օրվա պես նրան ծառայեց յոթ երկար ու ձիգ տարիներ: Ամեն ինչ արեց նրա համար, միայն մի բանից զգուշացավ՝ թեկուզ մեկ բառ ասելուց: Անցավ յոթ տարի, եւ գործակալը, որ գիրացել էր առատ սննդից, քնից ու հրահանգներից, մեռավ: Եվ ահա, պարոն Էգգեն փաթաթեց նրան մի անպետք ծածկոցով, քաշելով տարավ տուն, լվաց անկողինը, սպիտակեցրեց պատերը, խորը շունչ քաշեց եւ պատասխանեց. «Ոչ»:

Գերմաներենից թարգմանեց Թագուհի Հակոբյանը

Please follow and like us: