Սամվել Ավետիսյան / Հայերը նույն հրեաներն են, բայց ավելի էժան

Մ. Ե. Սալտիկով-Շչեդրինի անվան Պետական հանրային գրադարանի աշխատանքից դուրս գալուց հետո, որտեղ ութ տարի ծառայել էի մատենագիտության և գրքագիտության բաժնում, արդեն գրեթե մեկ տարի է՝ աշխատանք էի փնտրում։ Զուգահեռաբար ատենախոսություն էի գրում «Ն. Մ. Կարամզինի գիտական ժառանգությունը ամերիկյան պատմագրության գնահատման մեջ» թեմայով։ Բայց այդպես էլ չավարտեցի։ Չուբայսն ու Գայդարը խանգարեցին՝ բաց թողնելով գները 1992-ին, թե 1993-ին։ Իմ՝ կրտսեր գիտաշխատողիս, առանց այն էլ համեստ աշխատավարձը դարձել էր էլ ավելի համեստ։ Այն հազիվ հերիքում էր ծառայության գնալ-գալու ճանապարհածախսը վճարելուն։

Ես սկսեցի աշխատանք փնտրել՝ բնականորեն ենթադրելով, որ իմ քիչումիչ անգլերենը թույլ կտա կարգին գործ գտնել, ասենք, արտասահմանյան ընկերությունում։ Դրանք Պիտերում այն ժամանակ բավական շատ էին. ամեն տեսակ Ջոնսոններ ու Ջոնսոններ, Պրոկերներ ու Գեմբլեր, Հյուլեթներ ու Փաքարդներ։ Գրեթե առանց վարանելու, ես ընտրեցի մարքեթինգը։ Դե, նախ ես հումանիտար կրթություն ունեի։ Իսկ մարքետինգը, ոնց էլ նայես, հումանիտար դիսցիպլին է։

Առաջին բանը, որ ես արեցի, ինքնակենսագրական գրելն ու տարբեր ռեկրուտինգային ընկերությունների ուղարկելն էր։ Այդ գործում ինձ օգնեց համակուրսեցիս, որ ինչ–որ ջերմամեկուսիչների վաճառքով զբաղվող ֆիննական ընկերությունում էր աշխատում։ Պետք է գրել, ասում էր նա, պատկառելի փորձի և անպայման համակարգչային գիտելիքների մասին:

Համակարգչային գրագիտության մասին, իբր գիտեմ պասկալ և բեյսիկ, ես ստեցի: Իսկ իմ ամբողջ կենսագրությունը տեղավորվեց մի քանի տողում. ծնվել եմ Թբիլիսիում, ավարտել եմ ԼՊՀ պատմության ֆակուլտետը, որն ավարտելուց հետո գործուղվել եմ թիվ 29 ՊՏՈՒ՝ Հասարակագիտություն դասավանդելու, բայց մեկ տարի անց գրանցում և աշխատավորական հանրակացարանում մահճակալ-տեղ ստանալով, որն ինձ հասանում էր որպես երիտասարդ մասնագետի, անմիջապես գործից դուրս եմ եկել և ընդունվել Հանրային: Բնականաբար, ծանոթով։ Ատենախոսությանս գիտական ղեկավար Ալեքսանդր Լվովիչ Շապիրոն զանգահարել էր իր նախկին ասպիրանտ Ալեքսանդր Յակիմովիչ Դեգտյարևին, ով այն ժամանակ ղեկավարում էր ՍՄԿԿ Լենինգրադի մարզկոմի գիտության բաժինը՝ խնդրելով զանգահարել Վլադիմիր Նիկոլաևիչ Զայցևին՝ գրադարանի տնօրենին։ Ծանոթի մասին, բնականաբար, ինքնակենսագրականում չէի գրել, պարզապես հիշեցի:

Համակուրսեցիս նաև պնդեց, որ «տիրապետում եմ անգլերենին բառարանով» արտահայտությունը փոխարինեմ «ազատ տիրապետում եմ անգլերենին» նախադասությամբ։ Փոխարենը ես կրծքով պաշտպանեցի հայերենի և վրացերենի իմացության տողը, որն ըստ նրա անօգուտ էր։

Մեկ ամիս անց ինձ զանգահարեցին «Business Link» ընկերությունից և հրավիրեցին հարցաթերթիկ լրացնելու։ Կարևոր հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրեն Կատյա Նևալյայնենը՝ գեղեցիկ և ինգերմանլանդուհու համար ամենևին էլ ոչ պեպենոտ մի աղջիկ, դիմավորեց ինձ ընդունարանում և ուղեկցեց առանձին սենյակ։ Հարցաթերթիկը լրացնելուց և գրաֆոլոգիական փորձաքննություն անցնելուց հետո նա հետաքրքրվեց, թե արդյոք ես ինչ-որ բան գիտե՞մ «Սան Ֆրանցիսկո» ընկերության և դրա սեփականատեր Յարդովի մասին:

– Ինչ-որ բան կարդացել եմ նրա մասին «Գործարար Պետերբուրգում»,- հիշեցի ես,-նա՞ է, որ Վասիլևսկու վրա խանութ է բացել։

– Ճիշտ է,- բարակ ակնոցի միջով ժպտաց խիստ Եկատերինան,- Յարդովը մարքեթինգի մենեջեր է փնտրում ապագա խանութների ցանցի համար: Բայց ուզում եմ զգուշացնել ձեզ՝ Յարդովը սովորական բիզնեսմեն չէ։ Այնպես չի, թե ագրեսիվ կամ անդաստիարակ է, բայց երիտասարդ է։ Նա ընդամենը քսանչորս տարեկան է։ Ամեն ինչ անում է արագ, որոշումները կայացնում է ակնթարթորեն և տանել չի կարողանում, երբ իրեն հակաճառում են։ Ձեզ սա հետաքրքի՞ր է։

Ինձ հետաքրքիր էր ցանկացած աշխատանք սկսած երեք հարյուր դոլարից (նախապես հաշվարկել էի իմ ֆիզիոլոգիական նվազագույնը), իսկ այստեղ խոստանում էին ամբողջ ութ հարյուր: Ապրիլյան փսլնքոտ մի առավոտ ես ուղևորվեցի «Սան Ֆրանցիսկոյի» գրասենյակ՝ հարցազրույցի։

Գրասենյակը գտնվում էր կիսանկուղային տարածքում և ներկված էր դեղնականաչավուն գույնով։ Պահակն ինձ տարավ բանակցությունների սենյակ։ Մինչ ես զննում էի շուրջբոլորը ցուցադրված ապրանքի նմուշները, բանակցությունների սենյակ ներխուժեց բարձրահասակ՝ համարյա երկու մետրանոց մի հաղթանդամ երիտասարդ՝ վառ կապույտ կոստյումով և Մեդուզա Գորգոնայի պատկերով փողկապով։ Առանց բարևելու, նա փլվեց աթոռին և սկսեց միապաղաղ ճոճվել՝ ուսումնասիրող հայացքը մեխելով վրաս.

– Դե պատմի՛ր, ի՞նչ է մարքեթինգը:

Կասկած չկար, դա Յարդովն էր։

Հենց այդպես էր նկարագրել նրան Կատյան՝ կայծակնային, հզոր, անքաղաքավարի։ Մինչ ես հիշում էի Կոտլերի մարքեթինգի սահմանումը, որ սովորել էի նախօրեին, Յարդովը, չսպասելով պատասխանի, շարունակեց.

– Մարքեթինգը ուժ է: Ես եղել եմ Նահանգներում, էնտեղ մարքեթինգն է իշխում։ Ես էլ պիտի մարքեթինգ ունենամ։ Պատմի՛ր:

– Ը․․․ դա մարդկային գործունեության տեսակ է, որն ուղղված է փոխանակման միջոցով կարիքների և պահանջմունքների բավարարմանը,- ես սկսեցի վերապատմել Կոտլերին՝ ձերռքումս մատիտ կամ գրիչ պտտելու սովորությամբ։ Այս անգամ գրիչը «BIC» էր։ Դա էլ պտտում էի՝ մերթ վերադարձնելով պլաստիկ գավաթը դեպի սեղանի կենտրոնը, մերթ ետ քաշելով։

– Մենք «Bang & Olufsen»–ի վրա բացառիկ իրավունքներ ենք ստացել։ Փակ բուտիկ ենք բացելու՝ էքսկլյուզիվ սպասարկմամբ և մուտքը հատուկ հրավերներով։ Ավելի զիլ, քան Մոսկվայում է: Ինչի՞ց կսկսես առաջխաղացումը։

Ես առաջին անգամ էի լսում այդ ապրանքանիշի մասին և պատկերացում չունեի, թե դա ինչ տեխնիկա է։ Գիտակցությանս մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում, որ հեռուստացույցը կարող է ավելի թանկ արժենալ, քան երկու սենյականոց բնակարանը։ Էլ չեմ հիշում, թե ինչ էի փնթփնթում առաջխաղացման մասին՝ փորձելով զննել բուկլետը, որը քթիս առաջ թերթում էր Յարդովը։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան չորս «պի»–ի և սեգմենտացիայի մասին։ Յարդովն ակնհայտորեն ինձ չէր լսում՝ մեկ ու մեջ խեթ–խեթ նայելով գրիչին։ Հորանջելով՝ նա բառի կեսից կոպտորեն կտրեց խոսքս.

– Էդ սաղ ֆուֆլո բաներ են։

Ինձ տեսաբան անվանելով՝ նա սկսեց բացատրել մարքեթինգի իր ըմբռնումը:

– Երբ պետք էր իմանալ մրցակցի իրական վաճառքների մասին, ես նրանց խանութի դիմաց բնակարան էի վարձել և պատուհանի մոտ նստած հաշվում էի, թե օրական ինչից քանի հատ է վաճառվում ։ Ու էդ Կոտլերդ ոչ մեկի տանձին չի,– ասվածից գոհ՝ Յարդովը հետ ընկավ աթոռի թիկնակին եւ սկսեց իմ առաջ պտտել ոսկե փետուրով «Cartier»-ը։

Կապարե դադար տիրեց։ Ես նեղվեցի: Յարդովն ինչպես ներխուժել էր սենյակ՝առանց բարևելու, այդպես էլ սրընթաց դուրս եկավ այնտեղից, առանց հրաժեշտ տալու: Ոչխարն էլ կհասկանար՝ ես չեմ համապատասխանում։

Հաջորդ օրը զանգահարեց Կատյա Նևալյայնենը:

– Գիտե՞ք, իսկ դուք համապատասխանում եք։ Յարդովը թողել է ձեզ իր բջջայինի համարը և խնդրել շտապ զանգահարել։ Շնորհավորո՛ւմ եմ։

Հեշտ է ասել՝ «զանգահարել բջջայինին»։ Ես երբեք այն մոտիկից չեմ տեսել։ Յարդովը մի երկու անգամ զրույցի ընթացքում հանել էր ծալվող կափարիչով և երկարող լարով սև տափակ արկղը։ Ես պատկերացում չունեի՝ ինչպես պետք է զանգել։ «Fora Communications» բջջային ընկերության գրասենյակում ինձ բացատրեցին և նույնիսկ օգնեցին զանգահարել։ Հարմար գնով։

-Բարև,- չոր արձագանքեց Յարդովը։ -Ես մեկնում եմ Նահանգներ։ Մի խոսքով, զանգիր իմ տեղակալին, նա քեզ ամեն ինչ կպատմի: Երկուշաբթի օրվանից անցիր աշխատանքի: Ես կվերադառնամ երեք ամսից։ Մենք պիտի չոքացնենք բոլորին։

Նշանակված օրը ես դուրս եկա աշխատանքի։ Ինձ պտտեցրին գրասենյակում, ծանոթացրին կոլեկտիվի հետ և ցույց տվեցին աշխատավայրս։ Ինձ ակնհայտորեն ամեն ինչ դուր էր գալիս. կանաչ դռներով և պատուհաններով պատերի արդեն ծանոթ, դեղին ֆոնը, երկարասրունք քարտուղարուհու խիստ դեկոլտեն, աշխատակիցների ընդգծված գործնական տեսքը և դեմքերի լուրջ արտահայտությունը։ Բայց ամենից շատ ինձ հիացրեց իմ աշխատավայրը՝ անիվներով, բարձր, կաշվե բազկաթոռով և IBM համակարգչով…

Երեք ամիս անց, երբ պարզ դարձավ, որ գովազդի միջոցով հաջողվել է քաղաքը Յարդովի ուզած դիրքին բերել, օգտվելով բոսի բարեհաճությունից՝ ես համարձակվեցի նրանից հետաքրքրվել, թե ինչու նրա ընտրությունը կանգ առավ ինձ վրա։

– Հասկացող մարդիկ խորհուրդ էին տվել մարքեթինգի համար հրեա վերցնել։ Իսկ հայերը նույն հրեաներն են, բայց ավելի էժան,- պատասխանեց Յարդովը։

Հատված ««Կլիզմայի» եւ խարիզմայի արանքում» գրքից

Թարգմանությունը ռուսերենից՝ Դավիթ Մելիքսեթյանի

Please follow and like us: