Էդ գիշեր Մոնիկան տունտեղը, երկու անչափահաս երեխաներին, իրենից տասնվեց տարով մեծ, բռնակալ ամուսնուն թողեց, փախավ կրքոտ Լուիսի մոտ և սեր արեց նրա հետ նախ խոտի դեզի վրա, հետո երկտեղանի, շքեղ մահճակալի վրա, ապա բաղնիքում` հոսող ջրի տակ: Խեղճ, ամոթխած, նամուսով հայ կանայք ո՜նց էին ուզում նրա տեղը լինել: Իսկ երբ Խորխեն բռնացրեց այդ աղավնյակներին կտուց–կտցի տված և իր ատրճանակն ուղղեց կիսամերկ Մոնիկայի և կիսահագնված Լուիսի կողմը, մեր հարևան Վարդուշը չոքեց Էրեբունի հիվանդանոցից մինչև Շենգավիթ քաշած լևի հոսանքով աշխատող հեռուստացույցի առաջ և ասաց. «Չկրակես, գեդինը դնեմ, էդ բանը չանես»: Խորխեն էնքան տղամարդ չեղավ, որ երկուսի վերջն էլ տար, այլ էշ–էշ ատրճանակը դրեց իր քունքին, ձգանը քաշեց և անշնչացած ընկավ գորգին, արնաշաղախ արեց պարսիկ խանումների ամիսների չարչարանքը: Հայ կանայք հանգիստ շունչ քաշեցին, բայց կասկածում էին, որ սա Խորխեի հերթական կեղտոտ խաղն է:
Հարյուր քսան սերիա հետո պարզվեց, որ նրանք ճիշտ էին: Էլեկտրալարը քամուց կամ լուսագողերի` լևիից լևի մտնողների ոտնձգություններից կտրվեց, և լռեց մեր թաղում աշխատող միակ հեռուստացույցը: Կանայք ցրվեցին տներով, գնացին իրենց գուրման ամուսինների համար չեղած տեղից համով կերակուր պատրաստելու, որ նրանք չասեն` էս ինչ ես եփել, իրենք չասեն` ինչ ես բերել, որ ինչ եփեմ, որ տանը վեճ չլինի, գնացին իրենց երեխաների հետ բազմապատկման աղյուսակը սովորելու, որ նրանք մարդ դառնան։
Էդ գիշեր մեր թաղի անաշխատանք, Շենգավիթի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվող մարդիկ հավաքվել-պպզել էին Ստյոպենց պատի տակ և մի քանի շիշ օղիով, մի քանի քաշ պլանով, մի քանի թթու դրած վարունգով նշում էին նրա` Կոշի գաղութում գտնվող որդու ծնունդը: Խմում էին ու անզորությունից խեղդվում:
Էդ գիշեր, այն ժամանակ, երբ մեր հարևանուհիները ախուվախ էին անում Մոնիկայի չստացված կյանքի համար, մայրս, ես և գյուղից երկու օրով մեր տուն եկած Ժաննա մորաքույրս, մոմի թրթռացող, աչք քոռացնող լույսի տակ մի պոտենցիալ մեռելի համար սգապսակի արհեստական ծաղիկներ էինք սարքում: Անսպասելի, այդքան սպասված երկու ժամով տրվող էլեկտրական հոսանքը սովորականից շուտ տվեցին: «Լույսը տվեցին»,– միաբերան ասացինք մենք: Ես նստած տեղից վեր կացա, ծափ տվեցի, թռվռացի, կկոցած աչքերով նայեցի մեր վեցմոմանոց, կեղծ բյուրեղապակե ջահին և նրա շողարձակ փայլով հիացած` գոռացի. «Ուռա՜»: Մայրս` չհասցնելու վախը սրտի մեջ, անմիջապես գործի անցավ: Հարևանից բերած «կիպիտելնիկով» գլուխս լվանալու համար ջուր դրեց և սկսեց ճաշի կարտոֆիլը կլպել, իսկ մորաքույրս արդուկը վերցրեց: Սերվանտի վրա դրված մոմը դեռ վառվում էր: Ես թոքերիս մեջ օդ էի հավաքում և նստած տեղից` չորս–հինգ մետր հեռավորությունից փչում էի, որ հանգցնեմ, բայց կրակը թրթռում էր ու չէր հանգչում:
Էդ գիշեր հարբած, թմրացած Վլեն ու Գազանը կռիվ սարքեցին: Մայրս դեռ չէր կլպել բոլոր կարտոֆիլները, մորաքույրս դեռ չէր արդուկել բոլոր շորերը, ես դեռ չէի հանգցրել մոմը, երբ լսեցինք նրանց կռվի ձայները և մեր գործերը թողնելով` դուրս եկանք փողոց:
Գազանը, որ պատերազմի ժամանակ անզեն դուրս էր եկել ավտոմատավոր ադրբեջանցու դեմ ու նրա կոկորդը կրծել, որ իմ Ջեկո շնից խաշլամա սարքեց ու դեռ ինձ էլ այդ խաշլամից հյուրասիրեց, որի կինը հարևանուհիներին բողոքել էր, որ նա իր կրծքի պտուկները ամեն գիշեր արյունոտելու աստիճան կծոտում է, ահա այդ Գազանը բռնել էր հորս ականջը ու բաց չէր թողնում: Նրանց մոտ խմբված տղամարդիկ չէին համարձակվում բաժանել, որովհետև նրանց բաժանելը նույնն էր, թե հորս իր ականջից բաժանեին: Ես քարը ձեռքիս կանգնել էի մեր դռան մոտ ու թեև շատ էի ուզում հորս օգնել, բայց չէի կարող, որովհետև Գազանի որդին էլ իրենց դռան առաջ էր կազմ ու պատրաստ կանգնել:
Հայրս հաջողացրեց, ծնկով մի լավ հարված հասցրեց Գազանի որովայնին և նրա ատամների արանքից դուրս քաշեց այն, ինչ մնացել էր իր ականջից: Ազատագրված հայրս նոր թափ հաղորդեց կռվին: Մայրս ու հավաքված տղամարդիկ փորձեցին բաժանել կռվողներին, սրանք էլ երկուսով շուռ եկան իրենց բաժանողների վրա: Հորս բռունցքը իջավ մորս ականջին, և նրա երկու գրամանոց ոսկե ականջօղը ընկավ գետնին ու կորավ: Խնդրելով, համոզելով, զոռով հորս տուն բերեցինք: Նա արնոտ շորերը փոխեց և զբաղվեց իր ականջով` այդ ընթացքում անընդհատ հայհոյելով փողոցում գտնվողներին ու մորս ազգուտակը: Երբ հասավ տատիս ու պապիս, մորաքույրս էլ չդիմացավ ու տաք արդուկով հորս բաց մեջքը նախշեց: Հայրս խոցված գազանի նման ոռնաց, թմրած ուղեղը ցավից մթագնեց, կանեստրով բենզինը բակից բերեց, ասաց․ «Բոլորիդ պաժառ եմ տալու», և լցրեց մորս, մորաքրոջս, իմ, իր վրա, տնով մեկ շաղ տվեց: Շաղ տալուց հետո տեսավ վառվող մոմը: Ես թոքերումս ինչքան ուժ կար՝ փչեցի: Մոմը հանգավ: Հայրս գնաց խոհանոց լուցկի փնտրելու: Մենք տնից դուրս եկանք: Մորաքրոջս համոզեցինք, որ գնա մյուս քրոջ տուն, իսկ ես ու մայրս ուղղություն վերցրինք դեպի միլիցիայի մոտակա բաժանմունքը:
Էդ գիշեր ես ու մայրս երեք անգամ հասանք քաղմասի շենքի մոտ ու ետ եկանք: Հենց սկզբից ես էլ, մայրս էլ գիտեինք, որ նա էդ բանը չի անելու: Երբ մենք վերջին ճամփորդությունից եկել, կանգնել էինք փողոցի ծայրին և մեր անելիքն էինք որոշում, պայթյունի ձայն լսվեց: Մենք կարծեցինք, որ հայրս է լուցկի ճարել, բայց պարզվեց, որ հարևանի` ոստիկան Արթուրի տան վրա նռնակ էին նետել: Հինգ րոպե անց մեքենաները ժամանեցին դեպքի վայր: Հայրս, նրանց տուլուլուների ձենը լսելով, դուրս եկավ փողոց ու ասաց. «Ես ձեր մերը… Իմ հանգիստը մի´ խանգարեք»: Միլիցեքը երեսուն հոգով հորս ծեծեցին, կիսամեռ արեցին, մեր դարպասից ներս տարան ու թողեցին միջանցքում:
Էդ գիշեր դույլի ջուրը գոլորշիացավ, ու հարևանի «կիպիտելնիկը» վառվեց:
Էդ գիշեր մեր տարածքի որձ շները հավաքվել էին փակի տակ պահվող Լեդիի տիրոջ լուսամուտի տակ և նրա համար սերենադներ էին երգում:
Էդ գիշեր Ստյոպին ձերբակալեցին: Ստյոպը հինգ տարի նստեց, դուրս եկավ, մահացավ ու այդպես էլ չպարզվեց` ի՞նքն է եղել նռնակ նետողը, թե՞ չէ:
Էդ գիշեր ծեծված, ջարդված հայրս թավալվում էր իր արյան ու բենզինի մեջ և սպառնում էր ինքն իրեն այրել:
Էդ գիշեր ես ու մայրս նստել էինք մեր դռան մոտ ու տուն չէինք մտնում: Մայրս լաց էր լինում, իսկ ես չգիտեի, թե ինչ անեմ: