Մարոն բաժանվեց Սամոյից։
Նրանք երկու տարի էր, ինչ ամուսնացած էին, բայց թամամ մի օր իրար երես չէին տեսել։ Արտակարգ դրության ժամանակ Մարոն ուրախացել էր, որ ամուսնու համար վերջապես տաք ճաշ կպատրաստի, տեղը տեղին տնային տնտեսություն կղեկավարի:
Մի ամիս էլ չէր անցել, երբ Մարոն սենյակ մտավ ու բազմոցին ամուսնու հեռախոսը տեսավ: Ձեռքն առնավ։ Բզբզեց: Ոչինչ չգտավ։ Դրանից հետո ամեն գիշեր որոշեց ամուսնու ոտքերը ջուր դնել, լվանալ, որովհետև ամուսնու անդավաճան տեսակն ավելի էր իրեն սիրել տվել։
Արտակարգ դրությունը երկարեցրին եւս մեկ ամսով։ Սամոն գնում-գալիս, կնոջը բամփում էր։ Մարոյին թվում էր, թե սա էլ սիրո նոր դրսեւորում է, ու ամեն ինչ անում էր, որ Սամոն շատ դուրս-ներս չանի։
Գիշերը Մարոն նոր գնած կարմիր ներքնազգեստով, կազմ-պատրաստ ներկայացավ Սամոյին։ Սեքսի ժամ էր։ Մարոն ձայնը գցել էր գլուխը։ Սամոն ընթացքում ուրիշ կնոջ անուն տվեց։ Մարոն խրտնեց։ Փախավ տակից, դուռը բացեց ու տեսավ՝ սկեսուրը դռան շեմին նստած՝ ականջ է դրել։ Մարոն շիկնեց, իրեն ներս գցեց ու դուռը փականքի տակ առավ։ Սամոն մոտեցել էր կնոջը թե՝ ի՞նչ եղավ։ Կինն էլ թե՝ ոչինչ։ Մարոն, որ գիտեր սկեսուրն ականջը դռանը սոսնձած սպասում է, կրկին պառկեց: Սամոյին գրգռեց, գցեց ջանը։ Մի ջա՜ն-ուրախությու՜ն’ մինչեւ աքլորականչ։
Մարոյի մտքով ինչ ասես, որ չէր անցել: Մինչեւ հաջորդ օրը հեռախոսը ձայն չէր տվել։ Հեռախոսն առել, մտել էր պետքարան, որ Սամոն չլսի, որովհետեւ անծանոթ համարից զանգը կասկածի տեղիք էր տվել։ Մարոն սարսափած պետքարանից դուրս էր եկել, նստել էր արեւի տակ ու հոնգուր-հոնգուր լաց եղել։ Սկեսուրը տեսել էր հարսի լացն, ուրախացել։ Չէր սիրում։ Տղային էր խանդում։
Գիշերը, երբ Մարոն հավաքվեց, որ գնա, Սամոն հեռուստացույցից աչքը չկտրեց։ Ֆուտբոլ էր նայում։ Մարոն հիշեց, որ Սամոն իրեն փախցրել էր ֆուտբոլի ավարտից հետո: Սամոն էդպես էլ չմոտեցավ։ Մարոն գնաց տնից:
Սամոն առավոտյան նկատեց, որ կինը չկա։ Սկեսուրը տղային նախաճաշ տվեց ու սաստեց, որ չգնա կնոջ ետեւից։ Սամոն չգիտեր՝ ինչն է կնոջ՝ տնից գնալու պատճառը։ Բայց քանի որ տան մեծի խոսքը կարեւոր էր, տղան լսեց մորը։ Արտակարգ դրությունը միացրեց ու իրարից անջատեց մարդկանց, բայց ադաթավոր հայ ընտանիքների մեծերին լսող տղաների համար ոչինչ չփոխվեց։
Սամոյի մայրը ցնծում էր. վերջապես տղան մենակ էր։ Մոր միակ տղան էր։ Մինչեւ ամուսնացնելը Սամոյին ծոցի մեջ էր պահել։ Մայրն այդպես էլ չէր հաշտվել այն մտքի հետ, որ մի օր տղան սիրած կնոջ ծոց պիտի մտնի։ Մարոն հոգնած գլուխը դնելու էդ մի ուսն ուներ, բայց գնաց ու ետ չեկավ։
Սամոն մենակ մնաց, ուսն էլ՝ սառած։ Ախորժակը փակվեց, ֆուտբոլ սկսեց նայել հազարից մեկ, ուշ քնում էր, շուտ արթնանում, պատահում էր, որ հեչ չէր քնում։ Օրվա մեջ տասը-տասներկու բաժակ թանձր սուրճ էր խմում ու երկու տուփ սիգարետ վառում։ Քչախոս էր դարձել, խոսելու ոչ հավես ուներ, ոչ էլ առանձնապես թեմա։ Սամոն ինքն ինքը չէր։ Մենակությունն այդպիսի հիվանդություն է, նա գալիս է թաքուն, երբեմն՝ ուրիշի ձեռքով, հետո քայլ առ քայլ քեզ տանում է դեպի ոչինչ։ Կաս, բայց չկաս։ Ոչ թե Մարոյին շատ էր սիրում, առանց նրա չէր կարող, այլ որովհետև դեռ դուրս չէր եկել մոր ծոցից։
Արթուր Հայրապետյան/Ախտանիշը՝ ծոց
Please follow and like us: