Պոլ Էլյուար / Աշխարհ-մենություն (L’univers-solitude)

Պոլ Էլյուարի «ԿՅԱՆՔՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ» (La Vie immédiate) բանաստեղծությունների ժողովածուից (1932)։ Թոնդրակի թարգմանությամբ։

Սկզբնապես «Աշխարհ-մենություն»-ը հրատարակվել է «Անհողդողդ» (A toute épreuve) վերնագրի ներքո՝ առանձին գրքով, դեռ 1930 թվականին, Խոան Միրոյի նկարազարդումներով։ Իսկ արդեն 1932 թվականին զետեղվելով «Կյանքն անմիջական» ընդհանուր վերնագրով բանաստեղծությունների ժողովածուի մեջ՝ «Անհողդողդ» շարքն արդեն միավորում է երկու առանձին շարքեր՝ «Աշխարհ-մենություն» և «Պատրաստություններ», որոնք նաև լրացվել էին:

I

Oրվա պտուղները հողով
Չի քնում կինը միայնակ
Պատուհաններն են անկողին մտել

II

Մի կին ամեն երեկո
Ուղևորվում է դեպի մեծ գաղտնիք։

III

Հոգնածության գյուղերը
Որտեղ մերկ են ձեռքերն աղջիկների
Հանց կայլակները ջրի
Ջահելությունն է աճում նրանցում
Եվ ծիծաղում ոտնաթաթերի վրա

Հոգնածության գյուղեր
Ուր միանման են էությունները բոլոր

IV

Տեսնելու համար այն աչքերը ուր կողպված ենք
Եվ ծիծաղները ուր տեղավորված ենք։

V

Այստեղ խցկվում են միջատները
Ճարճատող ստվերները կրակի
Ամբողջովին ժանգոտ մի բոց
Քնի աղտացայտքը
Մարմնամահիճը և պարկեշտությունը նրա

VI

Ուզում եմ քեզ գրկել և գրկում եմ
Ուզում եմ լքել քեզ ձանձրացրել ես ինձ
Բայց եզրերին մեր ուժերի
Սպառազինված ես բանակից էլ վտանգավոր։

VII

Լեռը ծովը և լողացող գեղեցկուհին
Չքավորների տանը
Թոշնած երկնքում որ ստվերի տեղն է բռնում
Թաքնվում են խոժոռ և բազում մութ լամպեր։

Ցոլանքի մի դաշտ միակցում է արցունքները
Փակել աչքերը
Ամբողջը լեփ-լեցուն է։

Պատկերների հետևից
Լույսի զանգվածը գլորվում է այլ երազներ։

VIII

Մարմին և մեծարանքներ պիղծ
Անհավատալի դավադրություն
Թևերի պես փափուկ անկյունների։

– Ձեռքը, որ փաղաքշում է ինձ
Իմ ծիծաղն է որ բացում է այն
Իմ կոկորդն է որ զսպում է այն
Որ ճնշում է այն։

Անհավատալի դավադրություն
Բացահայտումների և անակնկալների։

IX

Ուրվականը քո մերկության
Ուրվականը – քո պարզության երեխան
Մանկական սանձիչ զգայական քուն
Երևակայվող ազատությունների։

X

Ջրե թափանցիկ փետուր փխրուն անձրև
Զովություն շղարշված քնքշանքով
Հայացքների և բառերի
Սերը որ շղարշում է այն ինչ սիրում եմ։

XI

Այս շնչառությանը այս երեկվա արևին
Որ միանում է քո շուրթերին
Բոլորովին զով այս փաղաքշանքը
Հանուն քո ամոթխածության թեթև ծովերով վազքի
Հանուն ստվերի մեջ
Հասմիկե հայելիներ հղկելու
Խնդիրն անխռովության։

XII

Ճենապակյա երգն է ծափահարում
Փշուր-փշուր լինում ու մեռնում հետո
Կհիշես նրան թշվառ և մերկ
Այդ գայլերի առավոտյան և թունել է կծելը նրանց
Որտեղից դուրս ես գալիս արյունոտ զգեստով
Գիշերվանից շիկնած
Ողջերին գտնելու համար
Լույսերը մարելու համար
Ես կանվանեմ քեզ
Տեսանելի
Եվ կբազմացնեմ քո պատկերը։

XIII

Զինաթափ
Նա այլևս չի ճանաչում իր թշնամիներին։

XIV

Թափառաշրջիկը ապակե ճակատով
Նրա սիրտը ներառվում է սև աստղի մեջ
Նրա աչքերը ցուցանում են նրա խելքը
Նրա աչքերը ամռան զովություն
Ձմռան տապ
Նրա աչքերը ծակծկում են ծիծաղում ուժգին
Նրա աչքերը խաղամոլ իրենց բաժին պարզությունն են շահում։

XV

Նա մեկնվում է
Որ խաբի մենությանը։

XVI

Պարզկա է ծածկեցի ինքս ինձ
Հանց օրվա միջից դուրս պրծնելով

Զայրույթը դաժան նշանի ներքո
Խանդի անարդարություն
Ամենախորամանկը

Քշիր այդ մթնդած երկինքը
Ջարդիր ապակիները
Քարերով կերակրիր նրանց

Այս կեղծ երկինքը
Անմաքուր և ծանր։

XVII

Ես հիանում էի քեզ մոտ իջնելիս
Տարածությամբ ժամանակի կողմից զավթված
Մեր հիշողություններն էին ինձ տանում

Քեզ չի բավականացնում տարածքը
Մշտապես ինձ հետ լինելու համար։

XVIII

Ծվեն-ծվեն անելով իր համբույրներն ու իր վախերը
Նա արթնանում է գիշերը
Զարմանալու համար այն ամենով ինչը փոխարինել է իրեն։

XIX

Կառամատույցին այս ճյուղերի
Նավազները չեն բարգավաճում
Փլվել են կոպերը իբրև կրակի արձագանքի փայլ
Կառամատույցին մերկ ծնկների
Ճեղքելով մարմինը խուլ շվաքում
Կորել են հետքերը գայթակղությունների։

Գետերը կորչում են միայն ջրի երկրում
Ծովը փլուզվել է իր հանգստի երկնքի ներքո
Նստած դու հրաժարվում ես ինձ հետևել
Ինչից ես վախենում
Սերը ծիծաղում է ցավի վրա
Եվ տանիքներից գոռում է աշխարհի անզորության մասին։

Սառն է մենությունը քո անշարժ կոկորդում
Քո ձեռքերին նայեցի դրանք նման են
Եվ կարող ես դրանք խաչել
Եվ կարող ես կառչել ինքդ քեզանից։

Եվ լավ է – քանի որ մենակ ես դու մենակ եմ ես։

XX

Պսակազերծված է բանտը
Երկնքի խորքում
Բոցավառվող պատուհան
Ուր կայծակն իր կրծքերն է ցուցադրում
Կանաչ գիշեր
Այս միայնության մեջ ոչ ոք չի ժպտում
Կրակն այստեղ քնում է ոտքի վրա
Իմ միջով։

Բայց այս աղետն անօգուտ է
Ես կարող եմ ժպտալ
Անհեթեթ գլուխ
Որի մահը չի ուզում չորացնել նրա կրքերը
Գլուխ բացարձակապես ազատ
Որ միշտ կպահի թե հայացքը նրա ու թե ժպիտը։

Եթե այսօր դեռ ողջ եմ
Եթե միայնակ չեմ ես
Եթե մեկը մոտենում է պատուհանին
Եվ եթե պատուհանն այդ ես եմ
Եթե ինչ-որ մեկը մոտենում է
Այդ նոր աչքերն ինձ չեն տեսնում
Չգիտեն ինչ եմ մտածում
Հրաժարվում են լինել իմ մեղսակիցները

Եվ բաժանվում են հանուն սիրո։

XXI

Մահվան իրավունքի լույսի ներքո
Անմեղ դեմքով փախուստ։

Մառախուղի մեղմածոր ճյուղերի երկայնքով
Երկայնքով անշարժ աստղերի
Վաղանցիկներն են թագավորում։

Փղոսկրի բրդե ժամանակը
Գլորվում է մոմած ճամփով։

XXII

Թիկունքումս փակվեցին աչքերս
Լույսը այրվեց գլխատված է գիշերը
Քամիներից էլ վիթխարի են թռչունները
Չգիտեն ուր հանգրվանել։

Տանջանքներում անուժ կնճիռներում ծիծաղի
Էլ չեմ փնտրում իմ մերձավորին
Կյանքը թեքվեց խուլ են տեսիլնքներն իմ
Աշխարհի բոլոր մերժումներն իրենց վերջին խոսքն ասացին
Նրանք էլ չեն հանդիպում արհամարհում են միմյանց
Ես միայնակ եմ միայնակ եմ բոլորովին միայնակ
Երբեք չեմ փոխվել։

Նուշը եւ Պոլը, 1938 թվական, լուսանկարը՝ Ման Ռեյի

Please follow and like us: