Այս մտորումները վերաբերում են ոչ թե համաճարակին, այն նրան, ինչը կարող ենք կռահել՝ հետեւելով, թե ինչպես են մարդիկ արձագանքում համաճարակին։
Խոսքը այն թեթեւության մասին է, որով ամբողջ հասարակությունը համաձայնեց իրեն վարակված զգալ, մեկուսացնել ինքն իրեն տներում եւ հրաժարվել կյանքի նորմալ պայմաններից, աշխատանքային հարաբերություններից, ընկերությունից, սիրուց եւ նույնիսկ կրոնական ու քաղաքական համոզմունքներից։ Ինչո՞ւ չեղան բողոքի ակցիաներ, եւ ոչ մի վրդովմունք, որ լինում է սովորաբար նման դեպքերում։ Ես կցանկանայի առաջարկել հետեւյալ վարկածը․ ինչ-որ կերպ, թեկուզեւ անգիտակցաբար, ժանտախտը վաղուց էր վրա հասել, ըստ ամենայնի՝ մարդկանց կյանքի պայմանները վաղուց էին այսպիսին դարձել, եւ մի հանկարծակի ազդանշանը բավական էր, որպեսզի այդ պայմանները դրսեւորեին իրենց այնպիսին, ինչպիսին արդեն էին՝ այսինքն անտանելի, ինչպես ժանտախտի ժամանակ։ Եվ սա ինչ-որ առումով միակ դրական փաստն է, որը կարելի է դուրս բերել ներկայիս իրավիճակից․ հնարավոր է հետագայում մարդիկ սկսեն մտածել՝ արդյո՞ք ճիշտ էին ապրում։
Մտորումների նյութ պիտի դառնա նաեւ կրոնի անխուսափելիությունը, որը հայտնվում է այս իրավիճակում։ Այդ է հուշում վախճանաբանական բառապաշարից վերցված եզրաբանությունը։ Ներկայիս ֆենոմենը նկարագրելու համար համառորեն օգտագործվում է «ապոկալիպսիս» բառը, հատկապես ամերիկյան մամուլում, եւ հաճախ ուղղակիորեն խոսվում է աշխարհի վերջի մասին։ Կարծեմ կրոնական պահանջմունքը, որը եկեղեցին այլեւս անզոր է բավարարել, անընդհատ փնտրում է ինչ-որ այլ բան եւ գտնում դա նրանում, ինչը դարձել է մեր ժամանակի կրոնը՝ գիտության։ Այն, ինչպես եւ ցանկացած այլ կրոն, կարող է ծնունդ տալ սնահավատությունների եւ վախերի կամ, ամեն դեպքում, ծառայել դրանց տարածմանը։ Մենք նախկինում այսպիսի դիտարժան տեսարանի ականատեսը չենք եղել, որը հատուկ է կրոններին ճգնաժամերի ժամանակ․ զանազան եւ իրարամերժ կարծիքներ ու հորդորներ՝ սկսած փոքրամասնության աղանդավորական դիրքորոշումից (թեկուզ հեղինակավոր գիտանականների ներկայացրած՝ նրանց, որ ժխտում են երեւույթի լրջությունը), վերջացրած տիրապետող ուղղափառ դիսկուրոսով, որն ընդունում ու հաստատում է այդ երեւույթը եւ այնուամենայնիվ հաճախ արմատապես տարբերվող տեսակետ է հայտնում, թե ինչպես կարելի է հաղթահարել այս վիճակը։ Եվ ինչպես միշտ նման դեպքերում, որոշ փորձագետների կամ ինքնակոչ գիտակների հաջողվում է արժանանալ միապետի բարեհաճությանը, որը, ինչպես եւ քրիստոնեությունը մասնատած կրոնական վեճերի ժամանկ էր, անցնում է գործող անձանցից նրա կողմը, ում կողմը բռնելը ավելի ձեռնտու է իրեն, եւ սկսում է փաթաթել նրա վզին իր միջոցներն ու միջոցառումները։ Մտածելու տեղիք պիտի տա նաեւ այն հանգամանքը, որ ակնհայտորեն տապալվում են կարծիքների ու համոզմունքների շուրջ համախմբումը, համախոհությունը։ Կարող էր թվալ, որ մարդիկ այլեւս ոչ մի բանի չեն հավատում, բացի մերկ բիոլոգիական գոյությունից, որը պիտի պահպանվի ամեն գնով։ Սակայն կյանքը կորցնելու վախի վրա կարող է հիմնվել միայն բռնապետությունը, միայն հրեշավոր Լեւիաթանը իր մերկացրած սրով։
Այդ պատճառով էլ դժվար է հավատալ, որ արտակարգ դրության եւ ժանտախտի չեղարկումից հետո, եթե դա երբեւէ տեղի ունենա, գոնե մտքի սթափությունը պահպանած մարդիկ կկարողանան վերադառնալ նախկին կյանքին։ Եվ դա թերեւս ամենահուսահատ բանն է այսօր, եթե նույնիսկ, ինչպես ասվոմ է, «հույս ունեն միայն նրանք, որ այլեւս հույս չունեն»։
Թարգմանությունը՝ Գրողուցավի
Աղբյուրը՝ այստեղ