Սիրանույշ Օհանյան / Կանաչ աշուն

Նոյեմբերը վերջանում էր, ու ծառերը չէին դեղնում։ Տերևները կանաչ էին, չոր, մի քիչ կռկված: Թե մոտիկից ուշադիր նայեիր՝ տեղ-տեղ նոսր դարչնագույն բծերով էին: Բծերի պատճառով դեկորատիվ ծառերի սաղարթները թեթևակի դարչնագույն էին երևում, բայց բակերում թաքնված ծիրանենիներն այդ բծերն էլ չունեին: Կանաչ-կանաչ էին, կանաչ տերևաթափ էր: Թե պիգմենտավորման ֆունկցիան էր խափանվել, թե մի հինգերորդ եղանակ էր, որ եկել էր աշնան փոխարեն՝ չիմացանք։

Ծառերի կանաչն այնքան անսովոր էր, որ մի օր նկատեց Սևը։ Սևն առաջ մեր քաղաքի առաջին այթի դեմքն էր, առաջին ծրագրավորողը, առաջին լինուքս վարողը։ Բայց չէր սիրում, երբ խոսում էին այդ մասին․ իր ասելով՝ հիմարությունից էր ծրագրավորող դարձել։ Իրական կյանքում գրեթե շիկահեր էր։ Մազերը շատ անսովոր գույնի էին: Իր ասելով՝ արևով լուսավորված կաղնու չորացած տերևների գույն․ նայած լույս, մեկ-մեկ կարող էր նույնիսկ ժանգագույն թվալ, բայց բնականը կաղնու չորացած տերևների գույնն էր։ Սկզբում Սևին Կյաժ էին ասել, բայց նա կատաղում էր դրանից ու ահավոր կռիվներ էր սարքում, մինչև մի օր մեկը Սև էր ասել, ու անունը կպել-մնացել էր, ու ինքն էլ չէր բողոքել։

Սևն իր կյանքում Լուսինը առաջին անգամ տեսել էր երեսուներկու տարեկանում։ Ավելի ճիշտ, ոչ թե Լուսինը, այլ երևի կապույտ երկինքը, չնայած ինքը չէր համաձայնվում։ Հենց այդ աշունից մի տարի առաջ էր, պայծառ, ոսկեջերմ սեպտեմբեր էր։ Նստած նայում էի դիմացի բարդուն, որի վերևում բարակ լուսինն էր։ Սևը հարցրեց՝ ինչի՞ն ես նայում, ասացի՝ Լուսնին, Սև: Չհավատաց, մինչև ցույց չտվեցի։ «Փաստորեն դու կյանքումդ առաջին անգամ էսօր ես Լուսինը տեսնում»,- ասացի։ Չվիճեց, համաձայն էր, որ եթե միայն գիշերն ես Լուսինը տեսել և ցերեկը չես տեսել, ուրեմն՝ Լուսնի մի կողմն ես տեսել, ուրեմն՝ Լուսինն առհասարակ չես տեսել։ Դրանից հետո անունս Ուշո դրեց։ «Շատ ուշադիր ես»,- ասաց։ Չվիճեցի։ Ու հիմա, երբ հանկարծ հիշեցի Լուսնի հետ կապված այս պատմությունը, մտածեցի, թե իրոք ինչ տարօրինակ էր աշունը, որ նույնիսկ Սևն էր նկատել ծառերի չդեղնելը։

Սևն էլ գնալով տարօրինակ էր դառնում։ Նրա հետ միշտ հեշտ էր ապրելը, որովհետև անհետանալու հատկություն ուներ․ սենյակում նստած՝ քաշվում էր ինքն իր մեջ, մարմինը թողնում էր անշարժ ու լուռ, խխունջի պատյանի նման, չուզենայիր՝ չէիր տեսնի։ Դրա համար ես սիրում էի նրա հետ տուն վարձել։ Երկու բանից էի շատ նեղվում․ մեկ որ ուզում էի հետը մի-երկու բերան խոսել, դժվար էր լինում Սևին տաքացնել, թեմայի մեջ քաշել, նրան մնար՝ ժամերով կլռեր կամ կկարդար հին, չգիտես որտեղից ճարած փոշոտ գրքերը։ Մեկ էլ, որ աղջիկները Սևի համար գոյություն չունեին։ Սկզբում չէի հավատում, մտածում էի, որ ձև է անում, իր հարցերն էլ թաքուն է լուծում՝ սուրբ երևալու համար, բայց երբ ժամանակ անցավ, մոտիկից ծանոթացա, հասկացա, որ Սևն այդպես է։ Նրան տուր իր գիրքը ու թող, որ կարդա. ինչքան էլ անմարդկային թվա, Սևի ապրելու ձևն էլ դա էր։ Ու հիմա ես ու Սևը հանգիստ ապրում էինք իրար հետ, լսողներն էլ չէին հավատում, թե ո՞նց, ե՜ս ուր, Սև՛ն ուր։ Մինչև այդ աշուն, երբ ծառերը հրաժարվեցին դեղնել։

Այդ օրը շուտ գնացի տուն։ Սևի ձեռքին սովորական դեղնամաշ գրքի փոխարեն պլանշետ էր։ Լուրեր էր կարդում։ Իմ գալուն էր սպասում, մտա թե չէ՝ սկսեց պատմել։ Կառավարությունը հենց նոր կարանտին է հայտարարել, երկրից ոչ ոքի դուրս չեն թողնում։ Վախենում են, որ վարակ կտանեն կամ կբերեն։ Բուսական ծագում ունեցող ամեն ինչի ներմուծումն ու արտահանումը արգելելու են կամ էլ, ասում են, աննորմալ մաքսեր են դնելու։

– Ծառերի պատճառով է,- ասաց Սևը։ Եթե չդեղնեն, ժողովուրդը կգազազի։

– Ավելի լավ, թող գազազեն, մի բան փոխեն, զզվեցինք, ա՛յ ախպեր։

– Առանց քեզ փոխելու՝ բան չես փոխի։

Քիչ մնաց մոխրամանը գլխին տայի։ Զզվել էի այդ նախադասությունից, ականջս հալացրել էր արդեն։ Սևի ամենաուժեղ կոտոշություններից էր․ ամեն ինչում կզիջեր, բացի դրանից։

– Ամեն ինչ քո մեջ է,- կրկնեց նա։

Տրամադրությունս քաքմեջ եղավ։ Կարանտինը քիչ էր, Սևն էլ՝ մյուս կողմից։ Երկրից գնալու շանս, մեկ է, չունեի, բայց տարբերություն կա, որ չես կարող ու չես գնում, ու որ կարողանաս-չկարողանաս՝ չեն թողնելու, որ գնաս։ Գնացի Համոյենց, թունդ խմեցինք ու համարյա սեղանին էլ քնեցինք։

Առավոտը բարի չէր։ Կարանտինի որոշումը հետաձգել էին մի ամսով։ Բուսական ծագման ապրանքների համար դեռ մտածում էին։ Ցանցամարտիկները կատաղի վիճամեկնաբանություններ էին արտադրում՝ արդյո՞ք բամբակից պատրաստված հագուստեղենը պետք է համարել բուսական ծագում ունեցող։ Իսկ մակարո՞նը։ Ի՞նչ ենք ուտելու։ Գժվել են։

Մարդ չկար, որ մի բան ասած չլիներ, ու տակը մետրերով գրած չլինեին: Լրահոսս որ հանեի փռեի, մինչև սահման կհասներ:Ամբողջ օրը ցանցից դուրս չեկա․ Սևին հավասար կարդում էի: Դե, մեկ-մեկ էլ՝ գրում։ Նա՝ հակառակը, ամբողջ օրը սուս նստեց։ Մտածում էր։

Հաջորդ օրը ոնց որ տասը տարի հետո լիներ։ Հրապարակներում գիշերը դեղին վրաններ էին խփել, երկրով մեկ նստացույց էր։ Պահանջում էին, որ ծառերը դեղնեն։ Կառավարությունն ասում էր, թե իր ուժերից վեր է, համբերեք, կամաց-կամաց կդեղնեն։ Օդանավակայանը, դեսպանատները, սահմանային անցակետերը պայթելու վրա էին։ Ով կարողանում էր՝ գնալու էր մի ամիսում։

Սևը մի քանի գիգ գրականություն էր քերել ինչ-որ չլսված կրոնի մասին, կարդում էր։ Ես իջա հրապարակ։ Շատ էին: Որ ուզեի, կոգևորվեի, բայց ցուրտ էր, հավեսս փախավ ցրտից։ Անվճար վայ-ֆայ կար․ տեղադրել էին ցուցարարների պահանջով։ Քնապարկերով ու ծածկոցներով զինված մարդիկ, կանգնած կամ նստած, բոլորը մի ուղղությամբ էին նայում: Ներքև՝ ձեռքերի հեռախոսներին։ Ոստիկանությունը նրանցից հետ չէր մնում, բայց ձեռի հետ էլ տեսագրում էր։ Տղերքին տեսա։ Ասացինք-խոսեցինք, մինչև շատ ցրտեց, տուն գնացի։ Գործի գնալու հավես չկար․ զանգեցի հերթափոխի պետին, մի կերպ համոզեցի։ Ձայնը ոնց որ հրապարակից էր գալիս։

Երկրորդ օրը հրապարակում ավելի շատ էին։ Հաջորդ օրերին՝ է՛լ ավելի շատ։ Ոստիկանները մարդկանց համեմատ շատանում էին։ Եթե մարդիկ նրանց համազգեստից հագնեին, դժվար կլիներ կողմնորոշվելը։ Բոլորը նույն բանն էին ուզում՝ որ ծառերը դեղնեն, իրենք էլ գնան տներով։

Արդեն դեկտեմբեր էինք մտել։ Սևը շարունակում էր իր բորբոսնած կրոնն ուսումնասիրել։ Ինձ ասում էր, որ կրոն չի, հատուկ ուսմունք է՝ մտքի ուժով հասանելի։ Վախենում էի, որ լրիվ է խփնվել։ Մեկ-մեկ հետս իջնում էր հրապարակ, մի քանի պտույտ տալիս մարդկանց արանքներով, հետո կարճ ժամանակով սուսուփուս կանգնում, գնում։ Նրան ճանաչողներից մարդ  չէր մնացել․ ով կարողանում էր՝ հեռանում էր։

Դեկտեմբերի կեսերին լուր տարածվեց, իբր հարևան պետության հետ բանակցել են՝ հատուկ գիտափորձ անցկացնելու համար։ Մտադրվել են մեր հողերից մի կտոր տալ նրանց, թեկուզ անվերադարձ, որ պարզեն՝ ծառերի չդեղնելը մեր հողի՞ց է։ Ասում են, որ վերջին պահին հարևանները մերժել են։ Դե դրանք շուտվա բիճն են։ Վիրավորական էր մտածելը, որ թքած ունեն մեր հողերի վրա։ Վստահ եմ, որ վարակվելուց էին վախեցել: Ամբողջ աշխարհում միայն մեր պետությունն էր, որի տարածքում աշնան ծառերը կանաչ էին։ Ինչ նախագահ ու վարչապետ կար՝ ծիծաղում էր մեզ վրա, բայց քաղաքակրթավարի ուղերձներ ուղարկում։

Մի ամսից սահմանը փակեցին՝ ներսից էլ, դրսի՛ց էլ։ Մթերքը քչացավ, սովի վախ մտավ մեջներս։

Գյուղերից անհավատալի լուրեր էին հասնում։ Ասում էին, որ մի գյուղացի գիշերը դրել, կանաչ այգին կտրտել-թափել է։ Ծառահատման մի քանի հաստատ դեպք քաղաքում գրանցվեց։ Կառավարությունը շուտափույթ օրենք ընդունեց՝ կանաչ բույսերի չհիմնավորված հատումը հավասարեցնելով մարդասպանությանը։ Բայց մարդիկ հնարը գտնում էին չդեղնող գույներից վրեժ հանելու։

Ձյուն եկավ․ անհամ տեսարան էր սպիտակ ձյունը՝ կանաչ բուսականության վրա։ Դրանից ցուրտն ավելի ծակող էր թվում: Ձյան գալու օրը Սևն առաջին անգամ լեզվից թռցրեց, որ հնարավոր է հասկանալ ծառերին։ Տոն չտվեցի, սիրտ չկար կիսացնդած փիլիսոփայությանը։ Հրապարակում օր-օրի մարդիկ փոխվում էին։ Բոլորը փոխվել էին, բոլորը մեղադրում էին բոլորին։ Ես էլ էի փոխվել երևի, տղերքին թե հավատայի։

Շատերն էին դրսում, նույնիսկ մեր հերթափոխի պետը, պարտաճանաչ, իր վերադասների ու ստորադասների հետ հավասար օրումեջ քնում էր պայքարի դաշտում։

Նոր տարվա շեմին արդեն վիրտուալ վիճաբանությունները իրական ծեծկռտուքներ էին դառնում։ Մի օր ոստիկանությունը հարձակվեց։ Բանտերը լցվեցին միանգամից։ Ասում էին, որ բոլոր հրապարակներում նույն վիճակն է։ Դե մենք հո չէինք կարող ստուգել․ քաղաքում մի շաբաթ էր՝ կարանտին էր հայտարարված, բայց լուսանկարները ամեն վայրկյան տեսնում էինք ցանցում։ Շատերին էին տարել, չնայած հրապարակն առաջվա պես լիքն էր։ Մասամբ նաև քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանների շնորհիվ էր, որ թվում էր, թե ժողովուրդն առաջվա պես բազմաքանակ է։ Դժվար էր ասել․ ամեն ինչ խառնվել էր իրար, հնարավոր է նույնիսկ, որ ոստիկանական լրտեսները պարզապես կեղծում էին իրենք իրենց, մեզ լրտեսելով՝ ավելի շուտ աջակցում էին մեզ։ Ասում էին, որ մերոնցից էլ մարդիկ ոստիկանի համազգեստ են հագնում, որ շփոթեցնեն նրանց։

Շատ լարված էինք։ Ամեն օր սպասում էինք, որ կամ ծառերը կդեղնեն, կամ կառավարությունը հրաժարական կտա։ Փետրվարը չէր անցնում։

Մի քանի օրը մեկ էի տուն գնում։ Սևը գնալով նիհարում էր, մաշկի գույնն էլ փոխվում էր, մազերի գույնի նման էր դառնում։ Հա՛ ուզում էի ասել, որ բժշկի գնա, մոռանում էի։ Ինքը սովորականից ավելի քչախոս էր դարձել, ես՝ սովորականից դյուրագրգիռ։ Չէինք խոսում։ Նույն բանը պիտի խոսեինք: Ես նրան պիտի մեղադրեի անգործության ու անտարբերության համար, նա պիտի պատասխաներ, որ իշխանությունից բան պահանջելը ծառերից պահանջելու նման մի բան է, և որ պետք է փորձել հասկանալ նրանց։ Ինչ-որ անտիկվար գրքեր էր ճարել՝ մաշված, փշրվելու աստիճան մաշված։ Պառկած ուսումնասիրում էր անծանոթ լեզվով, անհնար պատկերներով լցված էջերը։ Ավելի հաճախ մտածում էր, բայց այդ պահերին չէի տեսնում․ թաքնվում էր իր սենյակում։

Մարտի մի գիշեր տանը երկու ջահել աղջիկ տեսա։ Մի քիչ խմած էի, մտածեցի, թե շատ եմ խմել, աչքիս է երևում։ Սևն ասաց, որ քաղհալածյալ են, առանձնապես ծանր հոդվածի տակ, մի քանի օրով տեղ է տվել։ Հավատացի․ շատերին էին բռնում առանձնապես ծանր հոդվածով, աղջիկ-տղա չկար։ Սևն ասաց, որ բան ունի ցույց տալու։ Աղջիկներին թողեցինք իրենցով, իջանք շենքի բակ․ երկու գարաժների միջև խեղդված բարակ անցուղում ջահել, մատի հաստությամբ ծիրանենի կար։ Սևը լապտերի լույսը գցեց վրան․ մի քանի տերև գույնով տարբերվում էին մյուսներից։

– Որ ի՞նչ, Սև։

– Լավ նայի, Ուշո՛։

Աչքերս լավ չէին տեսնում:

– Մի քիչ ոնց որ գույնն ուրիշ լինի․․․

Ու հասկացա։ Լույսը ցերեկային չէր, բայց գլխի ընկա, որ դա պիտի դեղին լիներ՝ իսկական դեղին, տերևի դեղին, բնական, ինքն իրենով դեղնած դեղին։ Չիմացա՝ ինչ կատարվեց, մի ուժ բարձրացավ մեջս, մղվեցի առաջ, որ պոկեմ տերևները, ծամեմ, ծամեմ ու կուլ տամ, թթու ուզող հղի կնկա նման ուտեմ։ Սևը միանգամից հասկացավ, քաշեց թևիցս, գոռաց ականջիս մեջ։

– Ուշո՛: Ուշո՛։ Հո չե՞ս գժվել, արա։ Մի՛ արա։ Հազիվ համոզել եմ։ Կնեղանա․․․

Երևի իրոք շատ էի խմել, կամ հարբել էի դրանցից՝ աղջիկներից, աղջիկներին տուն թողած Սևից, Սևի ցույց տված դեղին տերևներից։ Աչքերս խոլորեցի վրան, ուր որ էր՝ խփելու էի։ Մուտքի դուռը հանկարծ ճռռաց, լավ էր՝ չէինք յուղում։ Փաթաթվեցի Սևին։ Խմած էի: Լացս գալիս էր։

– Սև, գիտե՞ս, թե ի՞նչ արեցիր, Սև՛․․․ գիտե՞ս ինչ ցույց տվեցիր, ախպե՛րս․․․

– Գնանք վերև,- ասաց Սևը,- գնա՛նք։

Հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Շա՞տ էի խմել, թե՞ ամիսների հոգնությունից էր, գիշեր-ցերեկ ցանցում ու հրապարակում կես-սոված, կես-հարբած վիճելուց, հայհոյելուց, սպասելուց։ Սևը թևս մտած վերև հանեց ինձ: Զգում էի, որ մի տեսակ շատ է բարակել, մի տեսակ ոնց որ մարմինը քչացած լիներ։ Մտածեցի, որ շատ եմ խմել։ Բաղնիքի դռան մոտ տեսա աղջիկներից մեկին, երեսս երեսին կիպ մոտեցրի, որ Սևը չլսի, ասացի, որ եթե հետս չքնի հենց հիմա, կզանգեմ կգան կտանեն։ Փետի պես պառկեց․ ձկան պես լուռ ու սառը, աչքերը պլշած, թևերը կողերին հավասար ձգած, մատները ձեռնափերի մեջ պահած։ Գիտեի, որ ցավացնում եմ․ ներսը չոր-չոր էր, դեմքի նման չոր, բայց թքած ունեի։ Ես մեղավոր չեմ, որ ինքը ուզում էր չոր մնար։ Կեսից սկսեցի հայհոյել, հայհոյել ու լացել։ Թքած ունեի, որ Սևը կհասկանա։ Վախենում էի, որ կքնեմ, ու ծառը կկանաչի, ու միանգամից քնեցի։ Քնի միջից լաց էի լսում․ չորս հոգու ու մի ծառի լաց։ Շատ էի խմել։

Զարթնեցի ծարավից։ Լույսը նոր էր բացվում։ Ցուրտ էր։ Սևն այնքան էր չորացել, որ բան չէր զգում, մոռանում էր տունը տաքացներ: Բաղնիքի դռան մոտ տեսա համբուրվող աղջիկներին։ Ոնց որ կինո: Սկզբում չհավատացի: Շատ անբնական էր: Անսպասելի: Ու մի տեսակ շատ բնական էին գրկվել: Կյանքում նման բան չէի տեսել, չնայած ցանցում ինչ ասես տեսել էի, գիտեի։ Կյանքում ոչ մեկը, ոչ մի աղջիկ ինձ դրանց նման չէր գրկել: Հետ-հետ գնացի այնքան, որ դուրս եկա միջանցքից։ Մեջքս մի բանի կպավ․ շուռ եկա։ Սևն էր։

Նա գրեթե թափանցիկ էր, գրեթե իր մազերի գույնի։ Ես պիտի որ նկատած լինեի մաշկի լուսավորվածությունը, մաշկի ու մաշկին մոտիկ օդի շերտերի, բայց հիմա լավ չեմ հիշում, որ վստահ ճիշտը գրեմ։ Կզակը դողում էր, ուզում էր ասել, չէր կարողանում։ Ներքևի շրթունքը հա՛ գնում-գալիս էր, խփում վերևինին, թրթռում։ Եղունգները մխրճեց ձեռնափերի մեջ։ Լուռ նայում էի սեղմված բռունցքներին, մտածում էի, որ արյուն չի ծորա․ կռկված տերևի պես սմքել էր Սևը, դժվար թե արյուն մնացած լիներ մեջը։

– Անասուն,- լացում էր Սևը,- անասո՛ւն։ Կենդանի՛։ Դու մա՛րդ չես։

Ասացի, որ բաժին եմ զանգելու։ Ասացի, որ իմ տան մեջ դրանց նմանները տեղ չունեն։ Ասաց, որ ես մարդ չեմ։ Կենդանի՛։ Ասաց, որ ավելի լավ էր՝ բույս լինեի։ Բույսերը գոնե չեն բռնաբարում։ Բռնեցի ուսերից, թափ տվեցի, շպրտեցի գետնին։

– Ավելի լավ էր բռնաբարեին, բայց մարդավարի դեղնեին,- գոռացի։ Սևը չպատասխանեց․ ոնց որ քնել էր։ Էլ չէի դիմանում․ վազելով դուրս եկա։

Մինչև հրապարակ վազելով գնացի։ Չհասկացա՝ ինչն-ինչոց էր, նետվեցի ժողովրդի մեջ։ Թևերիցս բռնոտեցին, քաշքշեցին։ Խփեցի գլխով, քացով,  քանիսին փռեցի։ Շատ էին․ ձեռուոտս ծալեցին, տարան շպրտեցին կապոտած մարդկային կույտի վրա։ Վերևինները ճնշում էին ներքևիններին, սրանք համարյա չէին բողոքում․ մեծ մասը ուշաթափվել էին։ Սևին հիշեցի։ Լավ էր՝ իմ բախտից, համարյա բոլորին բռնել էին, վրաս ծանրություն չշպրտեցին։ Ներքևից ասում էին, որ շատ քիչ ենք։ Ասում էին, որ ամիսներ շարունակ ցուցարարների մեծ մասը ծպտված ոստիկաններ են եղել։ Ասում էին, որ ոստիկանի համազգեստովները իրականում բանակայիններ են եղել՝ հատուկ նշանակության ջոկերից։ Իսկ դեղին ծայրահեղականներին հենց իշխանությունն է հանդերձավորել, որ ժողովուրդից առաջ ընկներ: Ասում էին, որ պահանջը ի սկզբանե դատապարտված էր, որ միևնույնն է՝ գարունը արդեն գալիս է,  ծառերի կանաչը էլ ոչ ոքի չի հուզելու։

– Ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում,- մեկն ասաց։

Այնքան մնացինք այդպես, մինչև սկսեց մթնել։ Ոտքերի կապերն արձակում էին։ Ինչ-որ տեղից իմացվեց, որ մյուս բոլոր հրապարակներում էլ նույն վիճակն է։ Կանգնել ու քայլել չէինք կարողանում, ձկան պես սառել-փայտացել էինք։ Մի կերպ հավաքեցին մեզ, տարան-լցրեցին մեքենաները։

Բաժնում տարբեր մեղադրանքներ առաջադրեցին։ Մեծ մասին՝ վարչական, տեղ-տեղ՝ քրեական։ Ես մեղադրվում էի առանց աշխատավայրում զգուշացնելու, միտումնավոր անփութությամբ ամիսներ շարունակ աշխատանքից բացակայելու, զանգերին և նամակներին չպատասխանելու, դրա հետևանքով ֆիրմային վիթխարի վնասներ հասցնելու համար։ Հայցվորը հերթափոխի պետն էր։

Դատարանները չէին հասցնում․ հերթ էր։ Նախնական կալանքի տակ էինք։ Ապրիլի վերջին սկսեցին հրապարակել վճիռները, և պարզ դարձավ, որ չնայած աշուն չի եղել, ոչ ոք չի հիշում այդ մասին։

Դատալսումս մայիսի 1-ին էր։ Հետաձգեցին։ Հետո ծանուցում ստացա․ մեղադրանքիս նորն էր ավելացել՝ սպանություն։ Սպանել էի քաղաքացի Սերոբ Միքայելի Գաբրիելյանին։ Անհայտ դրդապատճառներով։ Փաստաբանից բացի, հոգեբան էլ տրամադրեցին։ Երկուսն էլ հարցնում են, թե ո՞ւր է մարմինը։

Երկուսն էլ ինձ չեն հավատում։ Ասում են, որ Սևը մարտի սկզբից մեռած պիտի լիներ։ Ասում եմ՝ որտեղի՞ց գիտեք, եթե մարմինը չեք գտել։ Ասում եմ, որ մարտի կեսերին տանն էր, ցույցի վերջին գիշերը տեսել եմ։ Ասում են՝ ոչ մի ցույց էլ չի եղել։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ասում են՝ գրի, բայց բառերիդ հետ զգույշ, հա՜։ Ասում եմ՝ ինձ տարեք տուն, նայեմ, հիշեմ, մի բան կերևա։ Չեն տանում: Մեր փողոցը փակել են, հատուկ հետազոտություն են անում։ Ասում եմ, որ մի տեղ կա փողոցում, պիտի աչքովս տեսնեմ, որ ավելի լավ հիշեմ եղածը:

Տուն գնացինք։ Պահակները մնացին ներքևում, ինձ վերև ուղեկցեցին փաստաբանն ու հոգեբանը։ Աչքերիս կապը հանեցին սենյակում։ Ուզեցի նստել, չթողեցին։ Կոճերիցս կապած շղթան շատ էր նեղում։ Փաստաբանին հենված նայում էի։ Ընդհանուր սենյակում ամեն ինչ առաջվա պես էր։ Ոնց որ խուզարկած չլինեին։ Սևի սիրած բազկաթոռը դատարկ էր․ հույս ունեի, որ նստած կլինի այնտեղ իր պատյանին կուլ գնացած։ Իմ ննջասենյակ չգնացի․ հանկարծ հիշեցի, որ վերջին անգամ տնից դուրս գնալուց անկողինը չեմ հավաքել։ Այն աղջկա գլխի տեղը երևի մնացել էր մատրասի վրա։ Սևի ննջասենյակն առաջվա պես էր․ ամեն տեղ իրար վրա շարած գրքեր, թղթեր, հաստ ու բարակ տետրեր։ Թեթև փոշի էր, եթե փոշին չերևար, ամեն ինչ կոկիկ ու հանդարտ դասավորված կթվար, ինչպես Սևի ներկայության դեպքում էր։ Մեծ, անհասկանալի տառերով ու նկարներով վերջին գիրքը չէր երևում։ Գրասեղանին դրված թղթերից մեկին ամսաթիվ կար․ իմ բռնվելուց մի քանի օր հետո էր նշում։ Գետնին սև մատիտ էր ընկած։ Ուրիշ հետք չտեսա։

Ասացի, որ մի տեղ գիտեմ, որտեղից կարող է մարմինը գտնվել։  Իջանք ներքև։ Գարաժների արանքի անցուղին մաքուր էր։ Ծառը չկար։ Բայց հողը փուխր էր, կարծես նոր էին քաշել-հանել։ Կոշիկով շոյեցի․ դեղին բան երևաց։ Ուզեցի կռանամ, նայեմ, չթողեցին։ Հոգեբանը վերցրեց վերջին տերևը։ Էլ բան չեմ հիշում․ երևի սրսկել էին։

Հոգեբանը պահանջում է, որ մարմնի տեղն ասեմ։ Ասում է, որ կծեծեն, եթե չասեմ։ Հետո թուղթ դրեց դեմս։

– Կարդա՛։

Չէի ուզում նայել թղթին, բայց աչքս միամիտ ընկավ։ Շատ ծանոթ ձեռագիր էր։

«Ուշո ջան։

Ծառին ես էի համոզել, որ դեղնի։ Մի քանի շաբաթ ժամանակ էլ որ ունենամ, բոլորը կդեղնեն։ Դժվարը մեկին հասկանալն էր, մեկին որ հասկանաս՝ բոլորին կհասկանաս։ Գիտեմ, որ շատ ես ուզում աշունը տեսնես։ Ներող կլինես, պիտի իմանայի, որ դու քեզ զսպել չես կարողանալու, աղջիկներին տեղ չտայի։ Բայց ինչ իմանայի, մտածեցի, որ նույն պայքարի մեջ եք, հավասարի նման կնայես, տղամարդու աչքով չես նայի։ Ես գնում եմ։ Վերջին տերևներն են մնում, քանի ուժ ունեմ՝ պիտի դրանց տամ։ Էն ծառին լավ կնայես, դրա մեջ եմ լինելու։ Գիտեմ, որ չես հավատում, բայց խնդրում եմ՝ ծառին լավ կնայես։ Վերջին խնդրանքս է: Ձեզ շուտ բաց կթողնեն, հիմա համարյա գարուն է, բայց ծառը պիտի դիմանա, մինչև եկող աշուն պիտի դիմանա»։

Ամսաթիվը չկար։ Սևը սիրում էր  կրկնել, որ եթե մեր ձեռագրերն այդքան իրար նման չլինեին, իրար հետ ապրել չէինք կարողանա։ Ասում էր, որ անտեսանելի կապեր կան մեր միջև, ձեռագրերի նմանությունն էլ դրա ապացույցներից է։ Շատ գլուխ չէի դնում հետը, ասում էի՝ հա՛, քո ասածը թող լինի, ապեր։ Գլուխս չէի բարձրացնում։ Բայց հոգեբանը ինձ էր նայում։ Չեն էլ թողնում՝ մարդ ընկերոջ վերջին ցանկությունը մենակով կարդա։ Փաստաբանն էլ հաստատ ճաղերից էր նայում։

– Լացը չի օգնի,- նամակը աչքերիս առաջից տանելով՝ ասաց հոգեբանը,- սա իսկական ապացույց է, որ դու սպանել ես քաղաքացի Սերոբ Գաբրիելյանին, հետո էլ նրա անունից ինքդ քեզ նամակ ես գրել։ Խոստովանիր։ Թե՞ շատ ես ուզում գժի տեղ անցնել։ Ոչ մեկին գժի անվան տակ բաց չենք թողնելու։ Բոլորն էլ գիտեն, աշունը մի քիչ ուշացել է, մյուս տարի է գալու։ Դրա համար ոչ ոք չի դատվելու։ Բայց դու․․․

Դուռը բացվեց, փաստաբանը ներս մտավ։ Հոգեբանին ականջին բան ասաց, սա դուրս եկավ։

– Հասկանում եմ, շատ դժվար է ընկերոջ վերջին ցանկությունը չկատարելը,- ասաց փաստաբանը,- բայց դու մեղավոր չես։ Ծառը երևի հարևաններն են արմատախիլ արել, գիշերով, ոչ ոք չի տեսել։ Ամեն դեպքում հետաքննում ենք: Դու էլ գիտես, որ կանաչ ծառերն ազդում են մարդկանց վրա, ներվերները չի դիմանում։ Այդ ծառն էլ շատ անհարմար տեղ էր աճել․ վաղ թե ուշ՝ կտրելու էին։ Բայց ընկերոջդ նամակը շատ տարօրինակ է։ Քո կարծիքով՝ ո՞ւր կլինի նա, եթե դու չես սպանել։

Գլուխս առաջ բերեցի, քթով-ճակատով խփեցի սեղանին։ Շատ ուժեղ ցավ էր․ աչքերիս դեմը մթնեց։ Երկրորդ անգամ խփեցի։ Երրորդ անգամից պահակները ներս լցվեցին։ Էլ բան չեմ հիշում, երևի սրսկել էին։

Պահանջում են, որ ամեն ինչ գրեմ։ Գրում եմ, չեն հավատում, ստիպում են, որ նորից գրեմ։ Ասում են, որ լավ չի լինի, եթե ճիշտը չգրեմ։ Ճիշտը էլ ոնց գրեմ։ Չորրորդ անգամ եմ գրում։ Էլ ոչ մի բառ չեմ փոխելու։ Թող նստեն, իրենց ուզած տարբերակն ընտրեն: Չեն հավատում՝ թող խաբեբայության համար էլ դատեն։ Սևին ես չեմ սպանել, ծառը ես չեմ արմատախիլ արել։ Թող ծառը սպանողին գտնեն։ Ծառը դեղնել էր, դրանից են վախենում։ Եթե Սևը հասկացել է ծառին, թեկուզ մի ծառի, ուրեմն՝ ամեն ինչն է հասկացել։ Դրանից են վախենում։

Please follow and like us: