Ամբողջը կոչվում է մեխանիկական, եթե նրա առանձին տարրերը կապակցված են միայն տարածության և ժամանակի մեջ արտաքին կապերով, այլ ոչ տոգորված իմաստի ներքին միասնությամբ: Այդպիսի ամբողջի մասերը թեպետ գտնվում են կողք կողքի և սահմանակցում են միմյանց, բայց խորթ են միմյանց նկատմամբ:
Մարդկային մշակույթի երեք ոլորտներ՝ գիտությունը, արվեստը և կյանքը, միասնություն են ձեռք բերում միայն անձի մեջ [1], որը հաղորդակից է դարձնում դրանք իր միասնությանը: Բայց կապն այդ կարող է դառնալ մեխանիկական, արտաքին: Ավաղ, ավելի հաճախ հենց այդպես էլ լինում է: Արվեստագետն ու մարդը միամտորեն, ավելի հաճախ մեխանիկորեն միավորված են մեկ անձի մեջ. ստեղծագործության մեջ մարդը ժամանակավորապես հեռանում է «կենցաղային հուզումից» կարծես դեպի ուրիշ աշխարհ «ներշնչանքի, քաղցր հնչյունների և աղոթքների» [2]: Եվ արդյունքում ի՞նչ: Արվեստը չափազանց հանդուգն-ինքնավստահ է, չափազանց պաթետիկ, չէ՞ որ չպետք է պատասխան տա կյանքի համար, որը, հարկավ, նման արվեստի հետևից չի հասնի: «Մենք ո՜ւր, – ասում է կյանքը,- դա արվեստ է, իսկ մերը՝ կենցաղային արձակ»:
Երբ մարդն արվեստի մեջ է, նա չկա կյանքում, և հակառակը: Նրանց միջև չկա միասնություն և փոխներթափանցություն անձի միասնության մեջ:
Ուրեմն ի՞նչն է երաշխավորում անձի [բաղադրիչ] տարրերի ներքին կապը: Միայն պատասխանատվության միասնությունը: Այն բանի համար, ինչ ես ապրեցի և հասկացա արվեստի մեջ, ես պետք է պատասխան տամ սեփական կյանքով, որպեսզի ողջ ապրածը և հասկացածը անգործուն չմնա նրանում: Բայց պատասխանատվության հետ կապված է և մեղքը: Ոչ միայն փոխադարձ պատասխանատվությունը պետք է կրեն կյանքն ու արվեստը, այլև մեղքը մեկզմյուսի փոխարեն: Պոետը պետք է հիշի, որ կյանքի ճապաղ արձակի մեջ մեղավոր է իր պոեզիան, իսկ կյանքի մարդը թող իմանա, որ արվեստի անպտղության մեջ մեղավոր է իր անպահանջկոտությունն ու իր կենսական հարցերի անլրջությունը: Անձը պետք է ամբողջովին պատասխանատու դառնա. նրա բոլոր պահերը պետք է ոչ միայն նրա կյանքի ժամանակային շարքում կողք կողքի դասավորվեն, այլև համակեն մեկզմյուսին մեղքի և պատասխանատվության միասնությամբ:
Եվ պետք չէ անպատասխատատվության արդարացման համար հղում անել «ներշնչանքին»: Ներշնչանքը, որն անտեսում է կյանքը և ինքն է անտեսվում կյանքից, ներշնչանք չէ, այլ մոլուցք: Արվեստի և կյանքի, զուտ արվեստի և այլնի փոխհարաբերության մասին բոլոր հին հարցերի ճշգրիտ, ոչ ինքնակոչ իմաստը, դրանց իսկական պաթոսը միայն այն է, որ թե՛ արվեստը և թե՛ կյանքը փոխադարձաբար ցանկանում են թեթևացնել իրենց խնդիրը, հանել իրենց պատասխանատվությունը, քանի որ ավելի հեշտ է ստեղծագործել՝ պատասխանատու չլինելով կյանքի համար, և ավելի հեշտ է ապրել՝ հաշվի չնստելով արվեստի հետ: Արվեստն ու կյանքը նույնական չեն, բայց պետք է իմ մեջ միասնական դառնան, իմ պատասխանատվության միասնության մեջ:
Ծանոթագրություններ
Թարգմանությունն արված է «Բանավոր արվեստի էսթետիկա (Эстетика словесного творчества)» գրքից (էջ 5-6): Առաջին անգամ հրատարակվել է Նևելում, «Արվեստի օր» (День искусства) մեկանգամյա հրատարակության մեջ (1919, 13 сентября, с. 3-4): Բացահայտվել է Միխայիլ Բախտինի մահվանից հետո: Ուշագրավ է, որ այս էսսեն հայտնի չէ անգամ Բախտինի մեձավոր շրջապատին: Յուրի Գելպերինի (Юрий Гальперин, 1918-2000) կողմից հրատարակվելուց հետո (Вопросы литературы, 6 (1977), с. 307-308) այն ներառվեց 1979 թվականին հրատարակված «Բանավոր արվեստի էսթետիկա (Эстетика словесного творчества)» գրքում (էջ 5-6):
Այս տեքստը Բախտինից մեզ հասած ամենավաղ գրությունն է և բացառիկ նշանակություն ունի Մ․ Բախտինի ամբողջ ստեղծագործության փիլիսոփայական ըմբռնման համար, քանի որ հոդվածում արծարված յուրաքանչյուր դրույթ և անգամ յուրաքանչյուր բառ զարգացվել է նրա հետագա աշխատություններում։ Էսսեի թե՛ վերնագիրը, թե՛ առաջադրած հարցերը հղվում են բարոյական փիլիսոփայության խնդիրներին, որոնց էլ նվիրված էին Նևելյան խմբակի (Մ․ Բախտին, Մ․ Կագան, Լ․ Պումպյանսկի, Մ․ Յուդին և այլք) պարապմունքները 1919 թվականի ամռան ամիսներին։
Էսսեի հենց սկզբում նշված «ամբողջության և դրա տարրերի միասնության» նոր-կանտական, ինչպես նաև դրան լծորդվող և նոր-կանտականության համար ավանդական՝ մարդկության մշակույթի երեք ոլորտների միասնության խնդիրն այդուհետ տեղափոխվում է կյանքի և արվեստի (մշակույթի) միջև առկա կոնֆլիկտի ոլորտ, որը սրությամբ դրված էր «կյանքի փիլիսոփայության» մեջ: Ավելի կոնկրետ՝ հոդվածն, ըստ էության, բաժանված է չորս հիմնական թեմաների, որոնցից առաջինում Մ․ Բախտինը քննարկում է մասի և ամբողջի, ներսի և դրսի, արվեստի և կյանքի թեմաները, երկրորդում՝ արվեստի միաժամանակյա լծորդվածությունը կյանքին ու օտարումը նրանից, որից էլ երրորդ թեման՝ արվեստի գործի իմաստն իբրև ես-ի զարգացում, որքանով այն սերտաճում է ստեղծագործական արարքին, իսկ չորրորդում, թերևս ամենակարևոր, պարտականության թեման է, որը Բախտինը ձևակերպում է իբրև պատասխանատվություն։ Այստեղից էլ՝ Բախտինի կողմից արվեստի գործն իբրև բարդ բարոյագիտական (էթիկական) ժեստ հղացականացնելու փորձը, որտեղ բարոյագիտությունը պետք է կարողանա մի կողմից՝ իր ծիրում պահպանել մեղավորության և պատասխանատվության նուրբ կապը, մյուս կողմից՝ դրանց խորը տարբերությունը: Իրավիճակ, երբ տարբերություններից բխող լարվածությունը չի լուծվում իրավունքի դաշտում, քանի որ մեղսունակության դատապարտումով, այդուամենայնիվ, տեսադաշտից դուրս է մնում մեղավորությունը։ Այստեղից էլ պատասխանատվության հիմնախնդիրը, որով էլ իրագործվում է ինքնաճանաչողությունը։ Բայց նշենք, որ խոսքն ուղղակի պատասխանատվության մասին չէ, այլ ինքն իր առջև պատասխանատվության, որից «չեն կարող ազատել երկնքի ու դժոխքի և ոչ մի ուժ, ոչ էլ նույնիսկ քավիչ Աստված» (Савальский В. А., Основы философии права в научном идеализме: Марбургская школа философии: Коген, Наторп, Штаммлер и др., Т. 1, М: Типография Императорского Московского Университета, 1908, с. 339-340)։
[1]․ Մ․ Բախտինի մոտ «անձ» հղացքը բխում է Իմմանուել Կանտի հայեցակարգից։ Իր «Բարոյականության մետաֆիզիկան» աշխատության մեջ Կանտն այսպես է սահմանում «անձ» հղացքը․ «Անձն այն սուբյեկտն է, որի գործողությունները ենթակա են մեղսագրման։ Այսու՝ բարոյական անձը ոչ այլ ինչ է, քան բարոյական օրենքներին ենթակա բանական էակի ազատությունը (մինչդեռ հոգեբանական անձը՝ միայն ինքն իրեն (seine selbst) իր գոյության (Daseins) տարբեր պայմաններում գիտակցելու ունակությունը)» («Person ist dasjenige Subjekt, dessen Handlungen einer Zurechnung fähig sind. Die moralische Persönlichkeit ist also nichts anders, als die Freiheit eines vernünftigen Wesens unter moralischen Gesetzen (die psychologische aber bloß das Vermögen, sich der Identität seiner selbst in den verschiedenen Zuständen seines Daseins bewußt zu werden»․ I. Kant, Die Metaphysik der Sitten, I. Kant. Werke. Zweisprachige deutsch-russische Ausgabe /Ed. by Nelly Motroshilova (Moscow) and Burkhard Tuschling (Marburg), S. 70)։ Անձի հիմնախնդրի վերաբերյալ ավելի մանրամասն տե՛ս S. Collins, Categories, concepts or predicaments? Remarks on Mauss’s use of philosophical terminology, in: M. Carrithers, S․ Collins, S․ Lukes (eds.), The category of the person: Anthropology, philosophy, history. Cambridge, UK: Cambridge Univ. Press, 1985, pp. 46-82:
[2]. Մեջբերումն արված է Ա․ Պուշկինի «Պոետն ու ամբոխը» (1828) բանաստեղծության վերջին խորհրդանշական տողերից, որտեղ բանաստեղծն իր վերջնական պատասխանն է տալիս ամբոխի՝ հանգիստ չտվող պահանջին, ըստ որի՝ ինքը պետք է օգտագործի իր պարգևը նրանց օգտակար բարոյական դասեր տալու համար․
«Ոչ կենցաղային ալեկոծության,
Ոչ շահի համար և ոչ պայքարի,
Ո՛չ, մենք ծնվել ենք հանուն ներշնչման,
Ջերմ երգի համար և աղոթքների»
(թարգմ․՝ Նաիրի Զարյանի, Ա․ Պուշկին, Ընտիր երկեր, Ե․, Սովետական գրող, 1985, էջ 168)։
Այս մեջբերմամբ Բախտինը «կյանքի փիլիսոփայության» ներկայացուցիչների նշած կյանքի և մշակույթի խզվածությունը ձևակերպում է իբրև արվեստի և կյանքի հակադրություն՝ առտնին գիտակցության համար սովորական։ Սակայն արվեստի և կյանքի հակադրության հաղթահարման խորհրդանշական կոչերը Մ․ Բախտինին ստիպում են նախ և առաջ անդրադառնալ բանաստեղծ-արվեստագետի անձին։ Այսու՝ պատասխանատվությունը և մեղքն են բանաստեղծ-արվեստագետի անձին միասնություն տալիս, որը թույլ է տալիս խուսափել ինչպես «համակվածությունից»՝ կյանքից իր առանձնացվածությամբ, այնպես էլ կյանքի նկատմամբ «ինքնակոչ» ոտնձգությունից (մեղքի հասկացությունը ծագում է Գեորգ Կոհենի էթիկայի տեսությունից):
Այսպիսով՝ «մեղքի և պատասխանատվության» մասին դրույթը պատասխան է տալիս Լ․ Վ․ Պումպյանսկու հարցին և, բացի այդ, ներունակորեն բովանդակում է ապագա «ոչ-ալիբի կեցության իրադարձության մեջ» հասկացությունը։ Իսկ արդեն իր «Հեղինակը և հերոսը էսթետիկական գործունեության մեջ» հետազոտության VI գլխում («Հեղինակի և հերոսի խնդիրը ռուս գրականության մեջ») այդ դրույթի հետևողական մշակումն է տալիս․«Այդպիսին են կեցության իրադարձության հետ հեղինակի հաղորդակցվածության, նրա ստեղծագործական դիրքի ուժի ու հիմնավորվածության պայմանները։ Անհնար է ապացուցել սեփական alibi-ն կեցության իրադարձության մեջ։ Այնտեղ, որտեղ այդ alibi-ն դառնում է ստեղծագործության և արտահայտության նախադրյալ, չի կարող լինել պատասխանատու, լուրջ և նշանակալի ոչ մի բան։ Առանձնահատուկ պատասխանատվություն է պետք (ինքնավար մշակութային ոլորտում)․ չի կարելի արարել անմիջապես Աստծո աշխարհում» (М. М. Бахтин, Собрание сочинений в 7-ми томах, Том 1. Философская эстетика 1920-х годов, 2003, М.: Русские словари, Языки славянской культуры, с. 261)։
© Թարգմանությունը ռուսերենից և ծանոթագրությունները՝ Թոնդրակի։