Ամի Չիչակյան

Ամի Չիչակյան / Լաուրը

Ի՞նչ եփել այսօր։ Ինձ թվում էր՝ սա աշխարհի ամենահասարակ հարցն է՝ նույնքան հասարակ պատասխանով.

– Մի բան եփի, էլի։

Այն ժամանակ չէի հասկանում, թե ինչքան ստեղծագործական աշխատանք է պահանջվում հասարակ ճաշ եփելու համար, և թե ինչ է նշանակում ստեղծագործական ճգնաժամը։ Մեր տան մոտ խանութներ չկային, ու գրեթե ամեն օր Լաուրը, երբեմն՝ ես ու Լաուրը, ստիպված էինք տասը րոպե քայլել՝ Երրորդ մասի հրապարակ հասնելու և առևտուր անելու համար։

Լաուրի համար շատ կարևոր էր, թե որտեղից է առևտուր անելու ու ովքեր են լինելու խանութի աշխատողները։ Դրա համար տան կողքի կրպակները միանգամից բացառում էր։ Բացառում էր նաև այն խանութները, որտեղ ծանոթներից մեկը կարող էր աշխատել։ Տուն վերադառնալուց էլ կրպակների դիմացի մայթով էր անցնում, որ հանկարծ կրպակի առջեւ նստած հարևանները չտեսնեն, որ իրենցից չի առևտուր արել ու չնեղանան, ու նաև նրանց բամբասանքի տեղ չտա։ Չնայած, չեմ կարծում, որ կրպակների առջեւ
նստած հարևանները դիմացի մայթով անցնող Լաուրին չէին տեսնում։

Տնից դուրս էինք գալիս «ի՞նչ եփել այսօր» հարցով։ Բայց, ճիշտն ասած, ինձ հարցի պատասխանը ընդհանրապես չէր հետաքրքրում, ինձ ավելի շատ հետաքրքրում էր, թե ես ինչ եմ ստանալու այս զբոսանքից. վերջապես դպրոցից բացի սա տնից դուրս գալու միակ առիթն էր։

Լաուրն իր հետ տոպրակներ էր վերցնում։ Չէր էլ կասկածի, որ կգա մի օր ու դա մոդայիկ կլինի։ Լաուրը պարզապես չէր սիրում «պարսկական զիբիլները»՝ այն ժամանակ տարածված սև տոպրակները։ Դրանից բացի էլ՝ հարմար չէր բոլոր տոպրակները առանձին-առանձին ձեռքում պահել։ Դրա համար էլ ուներ սիրելի տոպրակներ, առանց որոնց տնից դուրս չէր գալիս։ Բացի տոպրակներից, իր հետ միշտ ուներ բազմաֆունկցիոնալ անձրևանոց/հովանոցը. երբ անձրև կամ ձյուն էր գալիս, այն անձրևանոց էր, իսկ երբ շոգ՝ այն միանգամից վերածվում էր հովանոցի։ Այս փողոցում էր, որ փորձում էի իմ դիվանագիտական ունակությունները՝ համոզելով նրան գնել իմ ցանկացած բանը։ Լաուրը բարի էր, գրեթե միշտ համոզվում էր։

Ու մենք քայլում էինք Մանանդյան փողոցով, երբեմն շեղվում էինք Մանթաշյան փողոցով ու գնում էինք իր սիրած «էժան խանութը», որտեղ կարող էր ժամերով կոսմետիկա ընտրել։ Բոլորն իրեն ճանաչում էին այնտեղ, ինքն էլ ճանաչում էր բոլորին, ի տարբերություն աշխատակիցների՝ նա գիտեր բոլորի անունները, ու իսկապես հավանում էր այդ աղջիկներին։ Ես խանութներում հիմնականում սպասում էի, իսկ Լաուրը ապրանքներն էր ուսումնասիրում, աշխատողների հետ էր զրուցում ու ինձ վրա էր ջղայնանում։ Իսկ ես էլ անընդհատ իրեն կշտամբում էի, որ մի քիչ արագացնի։ Կամ էլ կրկնում էի տատիկի բառերը՝ «ինչի՞դ են պետք էդ զիբիլները»։ Այդ ժամանակ դեռ չէի հասկանում, որ իրականում դրանք իսկապես պետք են։
Հետո, երբ նմանատիպ տնտեսական խանութները շատացան, այս մի խանութը «Էժան խանութից» դարձավ «Երկար էժան խանութ»։ Այնտեղից դուրս էինք գալիս, իջնում Գարեգին Նժդեհ փողոցով ու երբ հասնում էինք «Ախպերների խանութին», որը չնայած արդեն մարդիկ «Տիտան» են կոչում, Լաուրի համար միշտ կմնար «Ախպերների խանութ», մենք խախտում էինք անում. փողոցը անցնում էինք ոչ նախատեսված հատվածով։ Թե’ Լաուրին, թե’ մամայիս աղաչում էի գետնանցումով անցնել, բայց ոչ մեկն ինձ բանի տեղ չէր դնում։ «Ոտքերս ցավում ա», «ծանր-ծանր տոպրակներով հո՞ չեմ իջնի», «ընկի առաջ, էլի» ասելով անում էին հերթական կամիկաձեությունը Գարեգին Նժդեհի փողոցում։

«Ախպերների խանութը» մեր ընտանիքի սիրած խանութներից մեկն էր, երբ դեռ փոքր կրպակ էր։ Երբ մտնում էիր՝ անկախ խանութի չափերից միշտ հերթ էր։ Ես միշտ չէի հասկանում, թե ինչի են մարդիկ սիրում էդ խանութը։ Մթերային խանութներ շատ կային, մեծ մասը դատարկ, բայց մարդիկ նախընտրում էին այստեղ հերթ կանգնել։ Մերոնք բացատրում էին, որ գները բավականին էժան են, բայց դա էլ ինձ համար բավարար չէր՝ ես չէի առևտուր անում ու միշտ ստիպված անկյունում սպասում էի՝ մինչև առևտուրը ավարտեն։ Խանութից դուրս գալուն պես ես սկսում էի բողոքի գիրքը բացել, բողոքում էի հերթից, աշխատողների հետ երկար խոսելուց ու վերջում հայտարարում էի, որ սա վերջին անգամն է, որ մտնում եմ այդ խանութ։ Ինչպես ժամանակը ցույց տվեց, ես անզոր էի ախպերների ու նրանց խանութի դեմ։ Այդ ժամանակ նաև չէի հասկանում, որ դա նրա շփվելու միակ հնարավորությունն էր, այն օրերի Ֆեյսբուքը։

Հենց «Ախպերների խանութով» սկսվում էր իմ դժոխքը, բայց այս խանութը չարիքի փոքրագույնն էր ինձ համար։ Այն ուներ առավելություններ՝ խանութ էր ու տաք էր, ու սովորաբար մարդիկ վրայովդ չէին անցնում, եթե իհարկե Նոր տարվա կամ Զատկի նախօրյակ չէր։ Լաուրը փողոցային առևտրի մեծ սիրահար էր, ու եթե իմանար այսօրվա իմ դիրքորոշումը փողոցային առևտրի նկատմամբ, ինձնից հաստատ կնեղանար։ Դուրս էինք գալիս, ու բացվում էր փողոցային շուկան։ Նեղ փողոցը էլ ավելի էր նեղանում, երբ մարդիկ իրենց արկղերը դնում էին գետնին, իսկ մյուսները կռանում և ընտրում էին։ Իսկ երբ նրանց երեխաները մի անկյունում դժգոհ դեմքով սպասում էին, իրավիճակն էլ ավելի էր վատանում, ու սովորական անցորդների համար ընդհանրապես ճանապարհ չէր մնում։ Լաուրը գիտեր բոլորին, բոլորը գիտեին Լաուրին. եթե մի օր հանկարծ չգնար առևտրի, երեկոյան մորս անպայման կհարցնեին՝ «հո բան չի եղե՞լ…»։

Սովորաբար, մնում էր մի բան առնել՝ ամենագլխավոր բանը՝ հացը։ Լաուրը անդավաճան էր հենց գետնանցումի մոտ նստող կնոջը։ Հետո՝ երբ ավելի մեծացա, հաց վաճառող այս կինը՝ Լարիսը, սկսեց խնդիր դառնալ, ու ես երբեմն մյուս գետնանցումն էի օգտագործում, որ հանկարծ չբողոքի, որ թեթև էի հագնվել, որ զգույշ լինեն, ինձ մենակ չթողնեն՝ բա, որ գողանա՞ն։ 

Սա մեր «շոփփինգի» դասական ճանապարհն էր։ Երբեմն լինում էին թեթև շեղումներ՝ ասենք ամռանը անպայման պետք է պաղպաղակ գնեինք։ Չնայած տան մոտ պաղպաղակի խանութներ կային, Լաուրը միշտ հրապարակից էր առնում ու հետո բողոքում էր՝ «Էս ի՜նչ շոգ ա, մինչև բերում ես տուն՝ հալվում ա»։ Պաղպաղակներից մեկը կոչվում էր «Ուտեմ քեզ»։ Ես միշտ դրանից էի ուզում, ոչ թե նրա համար, որ սիրում էի, այլ թե ինչպես է Լաուրս ամաչում արտասանել պաղպաղակի անունը ու «Ուտեմ քեզ» կտա՞ք»-ի փոխարեն ասում՝ «Ուտեմ» կտա՞ք»։ Անընդհատ ծիծաղում էի, ինքն էլ պատասխանում էր՝ հո ամեն անծանոթի չեմ ասի՞ «ուտեմ քեզ»։ 

Երբեմն էլ մենք գետնանցում էինք մտնում։ Լաուրը սիրում էր կոսմետիկա։ Երիտասարդ տարիներին շատ սիրուն էր եղել, բայց մինչև հիմա չեմ կարողանում կապել նկարների մեջի երիտասարդ աղջկան ու Լաուրին։ Բայց իրենք նույնն էին, ու չնայած տատիկս հա իրեն կշտամբում էր կոսմետիկայի վրա գումար ծախսելու համար, որ արդեն մեծ կին է՝ իր ինչին է պետք, բայց կոսմետիկան Լաուրի Լաուր մնալու շատ քիչ միջոցներից մեկն էր։ Գետնանցումում էլ Լաուրը փորձում էր մնալ Լաուր։ Բայց այստեղից ոչ միշտ էր գնումներ կատարում, երբեմն ուղղակի գումար էր խնայում կամ պարզապես գումար չուներ։ Քանի որ շուտով գալու էր ամեն օրվա Լաուրի դժոխքը։ 

Երբեմն Լաուրի հետ գնում էինք նաև շուկա։ Լաուրը միշտ ինչ որ մի բան էր առնում, որ ես այս ընթացքում ուտեմ։ Անհամբեր սպասում էի «пирожки» առնելուն։ Ինքը երբեք չէր արտասանի «պեռաշկի», ինչպես սովորաբար անում ենք մենք։ Լաուրը «պեռաշկիին» կարկանդակ էր ասում։ Ու ես պատրաստ էի ուտել հարյուր հատ «պեռաշկի», որ ինքը հարյուր անգամ «կարկանդակ» ասի։ 

Հիմնականում Լաուրի երթուղին այսքանով ավարտվում էր, երբեմն, իհարկե, մեր աշխարհագրությունը ընդլայնվում էր մինչև «Մանուշակ», բայց ոչ ավելին, քանի որ «Տատին տանը մենակ ա»։ Ու մենք վերադառնում էինք նույն Մանանդյան փողոցով, ճանապարհին ես շատ չէի խոսում, միայն նյարդայնանում էի, քանի որ Լաուրը սկսում էր հաշվել, բարձրաձայն հաշվել։ Ամեն գնումից հետո Լաուրը տատիկին պետք է զեկուցեր, թե ինչն ինչքան էր, ինչքան գումար էր ծախսել, ինչքան ժամանակ էր ծախսել, ինչի ուշացավ, ինչու մանրը պակաս է ստացվել։ Հաճախ Լաուրը պատվով էր տակից դուրս գալիս, քանի որ ճանապարհին լավ նախապատրաստվել էր, երբեմն էլ ամեն ինչ ավարտվում էր արցունքներով. Լաուրը տրվել էր գայթակղությանը և իր համար մի բան ավել էր գնել։ 

Լաուրը չէր ամուսնացել, Սովետի փլուզումից հետո չէր աշխատում, իրեն պետք էլ չէր աշխատել․ «Աշխատանք ունեմ էլի՝ ձեզ եմ պահում. ես որ աշխատեմ, դուք ի՞նչ եք անելու»։ Իրոք, Լաուրը անում էր ամեն ինչ ու ընդհանրապես չէր թողնում, որ մատը մատին տանք։ Կողքից ասում էին, որ էս պահվածքը մեզ վնասում է, որ պետք է երեխաների հետ ավելի խիստ լինել՝ սովորեցնել, որ իրենք իրենց հետևից հավաքեն։ Կարող է իրենք ճիշտ էին, բայց Լաուրը այդ ասածներին բանի տեղ չէր դնում։ Բայց վերջում, իհարկե, բողոքում էր՝ «ծառերը կանգնած են մեռնում»։ 

Մեր տարիքային տարբերությունը 49 տարի էր, բայց մեր դեպքում թվերը ոչինչ չէին նշանակում։ Խանութում հաճախ հարցնում էին․ «Էս կինը տատի՞կդ ա»։ Էդ հարցը շոկ էր ինձ համար, ո՞նց կարող էին մարդիկ Լաուրին անվանել տատիկ։ Կարող է Լաուրը տարիքով մեծ էր, բայց նա մեր ընտանիքի ամենահասկացող ու բարի անդամն էր, ու միևնույն ժամանակ՝ ամենաթերագնահատվածը։ Վերջում մեկ է՝ մամայի մոտ էինք վազում, իսկ ինքը ոչ մի ձեւով ցույց չէր տալիս, որ դա իրեն դուր չի գալիս։

Առավոտյան էլի արթնանում էր՝ «ինչ եփել այսօր» մտքով։ Ու ջղայնանում էր, որ ես բողոքում էի իր ստեղծագործական ճգնաժամից։ 

 

***

Անունը բնութագրում է նրա տիրոջը։ Երբ լսում ենք անունը՝ մենք արդեն որոշակի պատկերացում ենք ունենում, թե ով է այդ անվան տերը։ Բայց անվան մեջ մի տառ էս կողմ, մի տառ էն կողմ ու vois la մենք ունենք նոր կերպար՝ լրիվ ուրիշ կյանքով ու մտածելակերպով, ուրիշ արտաքնով ու հագուկապով։ Օրինակ՝ պատկերացրեք երեք կանանց՝ Լաուրա, Լաուր և Լավուր։ Լաուրան ու Լավուրը նույն կինը չեն կարող լինել, լավագույն դեպքում կարող են նույն կերպարի տարբեր հոգեվիճակները լինել։ Մեր դեպքում բնօրինակը Լաուրն էր, Լաուրային կերպարով, որին շատերը՝ գյուղից հեռու բարեկամները կամ որոշ հարևաններ, ինձ անհասկանալի պատճառով, Լավուր էին անվանում։ 

Երբեմն էլ մեր պատուհանի տակ կատուները մլավում էին, Լաուրն էլ ընկած ինձ էր ման գալիս, թե ինչի եմ էլի հոգու հետ խաղում։ Ու ոչ մի կերպ չէր հավատում, որ ես չեմ իր անունը կանչողը, մինչև չբռնեց մեղավորներին։ Դրանից հետո էլ հենց կատուները մլավում էին, Լաուրը աչքերով փնտրում էր, թե ով է իր անունը կանչում։

Լաուրը ուներ իր անկյունը՝ պատուհանի մոտ, էդտեղ էր պահում իր թաքուն գնած կոսմետիկան։ Էդտեղ ուներ նաև հայելի ու սովորաբար հարդարվում էր հենց պատուհանի մոտ։ Հետաքրքիր է՝ մեր հարևանները հետևո՞ւմ էին, թե ինչպես է նա հարդարվում։ 

«Գիտես՝ ես միշտ սե՞նց եմ եղել, ջահել ժամանակ տնից դուրս գալուց աթոռի վրա էի կանգնում ու տարբեր հայելիներով ինձ էի նայում, որ հանկարծ մի բան պակաս չլինի։ Տրանսպորտում էլ չէի նստում, որ հանկարծ շորերս չճմրթվեն»։ Էս խոսքերը միշտ ինձ զարմացնում էին, մեր ընտանիքը 60-ականներից էդ բնակարանում էր ապրում։ Կյանքի մեծ հատվածը Լաուրը էդտեղ էր անցկացրել, բայց մենք մեծ հայելի չունեինք, ու երբեք Լաուրին աթոռի վրա կանգնած իրեն տնտղելիս չեմ տեսել։ Հակառակը՝ ինքը միշտ օգտագործում էր իր փոքր հայելին՝ չնայած տանը հայելիները մի քանիսն էին։ 

Երիտասարդ տարիներին նորաձևությանը հետևելը իր խնդիրներն էլ ունի։ Դու երբեմն դառնում ես քայլող օրինակ, թե ինչ պետք է չանել։ Օրինակ՝ պետք չէ հոնքերն ամբողջությամբ հանել, հավանականությունը շատ է, որ հետո դրանք աճեցնելու խնդիրներ կունենաս։ Դա առաջին «մեյք ափ» խորհուրդներից էր, որ կյանքում ստացել էի, Լաուրի դառը փորձից էր։ «Պուդրա էլ հանկարծ չքսես, մաշկը փչացնում ա»։ Նորաձևությունը վատ էր անդրադարձել նաև նրա տեսողության վրա՝ և այժմ ոչ թե նորաձևության, այլ առողջության պատճառով որ ակնոց է կրում։ Ու երբ հանկարծ ուզում էի փորձել ակնոցը, այս անգամ տատս էր բարկանում. «Տեսողությունդ կփչացնես, Լաուրը ժամանակին չլսեց՝ հիմա տես ոնց ա փոշմանել։ Իսկ ես էս տարիքիս չգիտեմ՝ ակնոցն ինչ ա»։ 

Պատմում են, որ մոտակա բակերից մեկում պայթյուն է եղել, մեր շենքերում թվացել է, թե երկրաշարժ է: Բոլոր մարդիկ վերցրել են առաջին անհրաժեշտության իրերը ու դուրս են փախել, Լաուրան վերցրել է անձնագիրը, ներքնազգեստը և ֆրանսիական օծանելիքները: Լաուրը զարմանում էր, որ իր վրա ծիծաղում էին. «Հա, ի՞նչ կա: Բա որ աստված չանի՝ մի բան լիներ, հո ուրիշի ներքնազգեստը չէի՞ հագնելու»: Բայց ես հո գիտեի, որ վերցրել էր այն ժամանակ իր ունեցած միակ հարստությունը` «իմպրտնի» իրերը: 

Լաուրը ուներ իր պահարանը, որտեղ ամբողջությամբ իր շորերն էին։ Ճիշտ է, 80-90-ականների հագուստներ էին, բայց ինքը էնպես էր պահում այդ շորերը, որ երբեք չէիր ասի, որ արդեն տասնյակ տարիներ օգտագործում է։ Ինքը դրանցով միանգամից դառնում էր Լաուրա, ու նույնիսկ որոշ հարևաններ չէին համարձակվի իրեն այդ պահերին Լավուր կանչել։ Բայց զարմանալիորեն թե՛ Լաուրը, թե՛ մայրս, դե տատիկիս մասին չեմ խոսում, երբեք չէին հագնում տաբատներ։ Ճիշտն ասած, մինչև հիմա էլ կդժվարանամ պատասխանել, թե ինչն էր պատճառը, ոչ ոք դեմ չէր, որ մենք ինքներս հագնեինք, բայց իրենք՝ երբեք։ 

Լաուրը ուներ իր սենյակը, որում ես երբևէ չեմ տեսել, որ ինքը քներ: Այդտեղ էին միայն իր իրերը և վերջ։ Լաուրը քնում էր տատիկի հետ մեր փակ պատշգամբում, տատիկը՝ բազմոցին, Լաուրը՝ գետնին։ Ճիշտն ասած՝ չգիտեմ պատճառները, որովհետև թե՛ բավարար տեղ ունեինք, թե՛ բավարար մահճակալներ, նաև՝ բավարար սպիտակեղեն։ Եվ երբ ես որոշեցի անկախանալ, Լաուրը առաջարկեց իր սենյակը, որը ուներ երեք դուռ ու պատուհան, բայց չուներ բավարար մեկուսացվածություն. մի դուռը բացվում և պատուհանները բացվում էին դեպի փակ պատշգամբ, մյուսը՝ հյուրասենյակ, երրորդը՝ դեպի մյուս սենյակ։ Այսինքն՝ մյուս սենյակ անհնար էր մտնել առանց իմ սենյակ մտնելու։ Ու նաև շատ հարմար էր հետևել, թե ինչ է անում տվյալ սենյակում գտնվողը, բայց երբեք ոչ ոքի չեմ «բռնացրել» ինձ հետևելուց։ Տատիկն էլ այդտեղ հազվադեպ էր գալիս, ու սա լավ տարածք էր երբեմն հանելու հին շորերը, փորձելու դրանք՝ առանց ավելորդ աչքերի։ Ինչն էլ Լաուրը անում էր։ Բայց շատ չէր կարողանում բացակայել։ Այստեղ էր պահում նաև իր զարդերը, որոնք շատ շուտով ընկան իմ ձեռքը, ու հետո Լաուրը ընկած ման էր գալիս, թե որտեղ են իր զարդերի կեսերը։ Շուտով սենյակը լրիվ դարձավ իմը, Լաուրի իրերը կամաց-կամաց տեղափոխվեցին, իր զարդարվելու սեղանը դարձավ իմ գրասեղանը, հետո համակարգչի սեղանը։ Բայց կյանքում չկարողացա գրավել իր պահարանը։ Այդ մեկը ինքը պատրաստ չէր զիջել որևէ մեկին։ 

Շատ պատմություններ գիտեմ, երբ մարդիկ փոշմանում են, որ ժամանակին չեն ամուսնացել, երեխաներ չեն ունեցել, բայց ոչ Լաուրը։ Երբեք չէր հիշում իր ուզողներին ու չէր էլ ասում, թե փոշմանել է, որ կյանքում չի ամուսնացել ու երեխաներ էլ չունի։ Հակառակը՝ տատիկս էր միշտ պատմում, թե ինչ ուզողներ ուներ, ու հա կշտամբում էր, թե ոնց մեկին չի ուզել, հիմա տուն, տեղ, ընտանիք ու երեխա կունենար։ Լաուրին հաստատ դուր չէին գալիս էս խոսակցությունները. 

– Լավ էլի, մամա։

Միգուցե ինքը հոգու խորքում փոշմանում էր, որ իր երեխաների կամ նույնիսկ թոռների փոխարեն մեծացնում է իր եղբոր երեխաներին, բայց երբեք դրա մասին չէր խոսում, նույնիսկ եթե ուրիշներն էին այդ թեման բացում։ Ու երբեք չէր խոսում, տատիկիս խոսքերով, իր անթիվ-անհամար ուզողների մասին։ Ինքը իր որոշումը վաղուց էր կայացրել։ 

 

***

Երբ տատս արդեն տարիքն առավ, Լաուրը միանգամից շերեփն իր ձեռքը վերցրեց։ Ուզում եմ նկատի ունենաք՝ տատս շատ համով ձեռք ուներ, ու երբ ասում եմ՝ շատ համով ձեռք, պետք է հասկանալ, որ իրոք շատ համով էր պատրաստում։ Ու տատիս դրած ստանդարտներից հետո իրականում ինձ համար դժվար է ուրիշի տանը հաց ուտել ու ցույց տալ, թե հավանում եմ։ Բայց երբ Լաուրը իրեն փոխարինեց՝ կարծես ոչ մի բան չփոխվեց, ուղղակի Լաուրի սիրտը կարելի էր շահել ու համոզել, որ շաբաթը մի քանի անգամ կարկանդակ պատրաստի կամ ամառվա շոգին «կարտոշկա ժարիտ» անի։ Հիմա եմ հասկանում, թե ինչ է դա նշանակում։ Էն ժամանակ մտածում էի կարտոֆիլ տապակելն ի՞նչ է։ 

Քանի որ մամաս աշխատում էր, առաջին հինգ-վեց տարին դպրոցից դիմավորում էր Լաուրը։ Կամ Գնում էինք տուն, կամ՝ առևտրի։ Իսկ երբ որ չէր գալիս՝ միշտ դիմավորում էր ինձ արդեն պատրաստի ուտելիքով։ Հիմնականում կաթով գրեչկա էր, ինչի դեմ միշտ բողոքում էի։ Ինքն էլ անընդհատ ասում էր. «Ցուցակ կազմի, իմանամ՝ ինչ եփեմ»։ Ես, իհարկե, ցուցակ չէի կազմում ու անընդհատ բողոքում էի օրվա մենյուից։ Լաուրը այնքան լավ էր պատրաստում ու այնքան լավ գիտեր ինձ ու իմ նախասիրությունները, որ երբ մաման էր տանը մնում ու փորձում էր իր խոհարարական հմտությունները, ուղղակի չէր կարողանում մոտենալ։ Ես էլ նեղվում էի, որ այս անգամ Լաուրը ճաշը չէր պատրաստել։ Բայց ի տարբերություն մորս՝ Լաուրը երբեք չէր թխում, ու թխվածք թխելու մենաշնորհը պատկանում էր միմիայն մորս։ 

Պետք էր դիվանագիտական ունակություններս մի քանի օր օգտագործեի Լաուրին համոզելու համար, որ կարկանդակներ թխի։ Ու երբ արթնանում էի, ու տեսնում, որ կարկանդակները չկան, ես խիստ բարկանում էի։ Փաստարկը, թե խմորը պետք է հասունանա, ինձ մոտ չէր գործում։ 

– Ո՞վ ա տեսել, որ խմորը հանգստանա, ինձ ինչի՞ եք խաբում։ 

Ես, իհարկե, այդ տարիքում պատկերացում չունեի, թե ոնց պետք է խմորի հետ աշխատել։ Բայց չէի համբերում փորձել իր կարկանդակները։ Ինձ շատ էր հետաքրքրում նաև տեսարանը, թե ոնց է Լաուրը մեծ գնդից առանձնացնում փոքր գնդիկներ, ջերմուկի շշով բացում, լցնում կարտոֆիլը և փակում խմորը։ 

Իսկ ես ուղղակի տառապանք էի Լաուրի համար, ինքը բոլորից լավ գիտեր, թե ես ինչ եմ սիրում ուտել ու ինչն եմ ատում: Լաուրն ու տատին պայքար էին մղում իմ դեմ. «Այ մարդ, էս երեխեն ո՞ւմ ա քաշել, ո՛չ միս ա ուտում, ո՛չ կանաչի ա ուտում: Մարդուդ բախտը բերել ա, կարտոշկայով ու պոմիդորով քեզ կարա պահի»: Չէի հասկանում նամանավանդ վերջինը: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Սկզբից ընտանեկան հավաքների ժամանակ էին շահարկում իմ տարօրինակ լինելը: Երբ որ տուն մարդ պետք է գար կամ մենք պետք է ինչ-որ տեղ գնայինք, ես արդեն գիտեի գլխիս գալիքը ու հոգեպես պատրաստվում էի: Բայց շատ անգամ ամեն ինչ ավարտվում էր իմ` սենյակի դռան տակ նստել ու լացելով: 

Տեսնելով, որ հասարակական կարծիքը ինձ վրա չի ազդում, տարօրինակ բուսակերների դեմ հանձնաժողովը սկսեց այլընտրանքային պայքարի միջոցներ մտածել: Բարեկամների երեխաների օրինակ բերելը արդյունք չտվեց: Որոշեցին խաբել ինձ` ամեն հավանական ու անհավանական տեղ խցկելով միս ու կանաչի ու մնացած բաները, որ ես չեմ սիրում, իսկ դրանք շատ-շատ են: Կարող է երկար սպասեի «աջաբ սանդալին», և երբ վերջապես պատրաստ լիներ՝ մեջից միս գտնեի: Կամ գիշերը ջուր ուզեի, ու ինձ ավելուկի ջուր տային, մածուն ուզեի, թան տային: «Ի՞նչ տարբերություն, մածունը ուտում ես, վրայից ջուր ես խմում, հենա թան եղավ, էլի»: Ավելորդ կլիներ նշելը, որ բոլոր փորձերը ձախողվում էին, ու պատերազմ էր սկսվում: Լաուրն իր մեղքերի թողության համար էլի կարտոֆիլ էր տապակում, քթի տակ բողոքելով. «Այ մարդ, ի՞նչ երեխա ա: Երկու տարեկան էր, Մերին մի աման հարիսա կերակրեց, մի աման էլ ուզեց: Հիմա հարիսա տանք կուտի՞»: Հարիսայի էս լեգենդը միշտ որպես զենք էին իմ դեմ օգտագործում: Չգիտեմ` ճիշտ էր, թե հերթական միջոցն էր: Բայց մինչև հիմա չեմ հիշում, որ կյանքում երկու աման հարիսա կերած լինեմ, ավելին` չգիտեմ հարիսան ինչ համ ունի: 

Վերջապես հասկանալով, որ իմ դեմ պայքարը անիմաստ է, զենքերը վայր դրեցին: Բայց երբեմն որպես հիշեցում օդ էին կրակում: Դա հիմնականում լինում էր ընտանեկան սեղաններին, հյուր գնալիս կամ ճաշ պատրաստելիս:

«Սենց բան կլինի՞, ով ա տեսել բորշչ առանց մսի ու կանաչու: Գյոզալ ճաշերը տկլոր են»:

 

***

Ինձ մոտ ժամանակ առ ժամանակ տպավորություն էր, որ մեր տանը միայն ես եմ ծնվել, քանի որ միայն իմ ծննդյան օրն էին նշում։ Տատիս ծննդյան օրը նույնիսկ Սովետական Միությունը, հետո էլ Հայաստանի Հանրապետությունը չգիտեր։ Անձնագրում կար միայն տարեթիվ՝ 00-00-1920։ Եվ միայն տատիս մահվանից հետո փաստաթղթերից մեկում գտա, որ զրո-զրոների հետևում թաքնված էր 1920 թվականի հունիսի յոթը։ Տատս այդպես էլ չիմացավ իր ծննդյան օրը։ Լաուրի ծննդյան օրն էլ եմ իմացել իր անձնագրից՝ 17.03.1945։ Ի տարբերություն ինձ՝ երկուսն էլ առանձնապես ոգևորված չէին իրենց ծննունդներով ու ամեն տարի դրանք նշելով։ Հակառակը՝ ի տարբերություն ինձ, որն ամեն տարի ուրախանում էր իր նոր տարիքում, այս մարդիկ ինձ վրա ջղայնանում էին, երբ ես փորձում էի հաշվել իրենց տարիքը։ Նամանավանդ ինձ համար սթրեսային էր մաթեմատիկայի այն դասը, որտեղ բացատրվում է՝ ինչպես կարելի է պարզել մարդու տարիքը։ Այդ օրն ինձ մեղադրեցին համաշխարհային դավադրության մեջ, ինձ համար մինչև այժմ էլ անհասկանալի պատճառներով։

Լաուրի ծննդյան օրը ինձ մոտ մեկ անգամ է տպավորվել, երբ այդ օրը հայրս եկավ ծաղիկներով ու Լաուրի բնորոշմամբ «քեֆը լավ»։ Այդ օրը մեր տան ամենաուրախ ու ամենառաբիզ կասետները օգնության եկան, ու Լաուրն ու պապան սկսեցին պարել։ Դա երևի վերջին անգամն էր, որ Լաուրին տեսա պարելուց, պապայիս մահվանից հետո միայն այդ օրն արված լուսանկարներն էին հիշեցնում, որ Լաուրը իրականում կարողանում է պարել, տատին՝ ուրախանալ։ Իսկ իմ պապայի՝ Լաուրի եղբոր մահից հետո, երկու կանայք ծաղիկներ ոչ թե ստանում էին, այլ տանում էին՝ գերեզմաններ՝ Լաուրի եղբորն ու հորը։ 

Հորս մահից հետո սուգը մտավ մեր բնակարան մի քանի տարով։ Տատին ամեն ինչ անում էր, որ հանկարծ ոչ ոք չկասկածեր, որ մենք ուրախանում ենք կամ լավ ժամանակ ենք անցկացնում։ Նկատողություն էր անում նույնիսկ, երբ ես ծիծաղում էի։ Մի քանի տարի արգելվեց հեռուստացույց նայել։ Հեռուստացույց չնայելու արգելքը և դրական, և բացասական ազդեցություն ունեցավ։ Նախ, դասարանցիներս պատմում էին ինչ-որ հաղորդումներից ու սերիալներից, որոնց մասին ընդհանրապես գաղափար չունեի, բայց դա նաև շատ լավ հնարավորություն էր օգտվելու մորս երիտասարդ տարիներին խնայած գումարներով գնած գրականությունից։ Դա էլ էի թաքուն անում, քանի որ եթե տատին ու Լաուրը բացահայտեին, որ գիրք եմ կարդում, կսկսեին ինձ նախատել տեսողությունս փչացնելու համար։ Մամաս էլ, ամեն կիրակի հորանց տուն գնալիս արդեն կարդացած գրքերս տանում էր ու նոր գրքեր էր բերում, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ սենյակում փակված գիրք եմ կարդում։ 

Առանց տեղեկատվության երկար չէին կարող դիմանալ, հեռուստացույց էլ չէինք կարող օգտագործել։ Եվ որպես կոնսենսուսային տարբերակ ընտրվեց ռադիոն։ Ժամը յոթը մեր տանը դարձավ լռության ժամը, ոչ ոք իրավունք չուներ մի բառ անգամ շշնջար, որովհետև «Ազատության» երեկոյան թողարկումն էր. ռադիոընդունիչը դրվում էր աթոռի վրա, ու բոլորը նստած նայում էին ռադիոյին՝ ուշադիր լսելով հերթական նորությունը։ Այդ ժամանակ առաջին անգամ էի լսում իմ ապագա խմբագրի՝ Աննա Իսրայելյանի ձայնը։ Տեսնես, որ տատս իմանար, որ Աննա Իսրայելյանի հետ եմ աշխատելու, ո՞նց կարձագանքեր։ «Ազատության» երեկոյան թողարկմանը հաջորդում էր «Ամերիկայի ձայնը»: Լռության ժամը ավարտված էր։ Հիմա քննարկման և իշխանություններին քննադատելու ժամանակն էր, թեկուզ ռադիոն չէր դադարում լռել։ Ռադիոն հետաքրքիր դարձավ նաև ինձ համար, ես էլ մասնակցում էի երեկոյան վիկտորինաներին, հարցեր էի ուղարկում, մի անգամ նույնիսկ հասել էի վերջին հարցին, բայց բախտս այդպես էլ չբերեց։ 

Ռադիոն ավելի ու ավելի հաճախ էինք լսում, ես էլ ունեի իմ ռադիոընդունիչը, իմ սիրած ալիքը ու արդեն իմ սիրած երաժշտությունը, որը սկզբից աննկատ էի լսում, իսկ հետո կամաց-կամաց ձայնը բարձրանում էր։ Հետո, էլի ստիպված էի գործի դնել դիվանագիտության վարպետությունս՝ հետ գրավելու համար հեռուստացույցը։ Սկզբում՝ մի ժամով, հետո գնալով մի ժամը դարձավ երկու, երկուսը՝ երեք …

Տատին ու Լաուրը ևս սկսեցին օգտվել հեռուստացույցից։ Ու այդ ժամանակ էլ բացահայտեցին Տիգրան Կարապետիչին իր ԱԼՄ-ով։ Սկզբում դա ուրախալի լուր էր ինձ համար, վերջապես իրենք ժամերով կնայեն հեռուստացույց ու ինձ հանգիստ կթողնեն։ Բայց շուտով Կարապետիչը գրավեց նաև իմ անձնական տարածքը, ոչ միայն ամբողջ օրը նրա մասին էին խոսում ու քննարկում, այլ նաև նայում էին իր երեկոյան հաղորդումը ու խանգարում էին ինձ քննել։ Ու այդ պահին մենք փոխվում էինք դերերով, եթե այն ժամանակ տատին ու Լաուրն էին ինձ նկատողություն անում, որ չխանգարեմ հարևաններին, Կարապետիչի դեպքում՝ ես էի հորդորում, որ ձայնն իջեցնեն ու չխանգարեն իրենց սիրելի հարևաններին ու ինձ։ 

Բայց փաստորեն ոչ ես էի սիրելի, ոչ էլ հարևանները։ 

 

***

Հաստատ լսած կլինեք «մենք նույնիսկ չգիտեինք՝ մեր դասատուները զուգարան գնում էին, թե չէ, հաց ուտում էին թե չէ» արտահայտությունը: Մեր տանը իր ուսուցչուհուն զուգարան մտնելուց չէր տեսել Լաուրը, տատիկն էլ նրանց հաց ուտելուց չէր տեսել։ Ու երբ ես դպրոց ընդունվեցի, սկսվեցին ներկայիս սերնդի՝ ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների քննադատության երեկոները։ Սովետի ժամանակ էլ, ասում են՝ աշակերտները իրարից չէին տարբերվում՝ ոչ հարուստ կար, ոչ աղքատ, բոլորը մի ձև էին հագնվում։ Իսկ հիմա ի՞նչ է։ Ու սկսվում էին պատմությունները, որ հիմա աշակերտները չեն արժևորում այն, ինչ ունեն և հարգանքով չեն վերաբերվում դրան։ Օրինակը միշտ իմ տասնյակ գրիչներն էին, երբ ես կարող էի ինձ թույլ տալ ունենալ տարբեր գրիչներ, իսկ Լաուրը ժամանակին թանաքով էր գրում։ Թանաքն էլ կարող էր թափել իր ճերմակ համազգեստին, լավ է գոնե գոգնոց ունեին, թե չէ ինչ էր անելու խեղճ Լաուրը։ 

Լաուրը անգիր հիշում էր իմ ուսուցիչների անուն-ազգանունները և ուներ նույն զգացողությունները, ինչ ես։ Անգիր գիտեր նաև դասացուցակս, և երբ դիմավորում էր, հատ առ հատ հարցնում էր ուսուցիչներից, թե այսօր ով ինչ արեց, ինչի դաս չհարցրեցին, որ դաս հարցրեցին ինչի բարձր կամ ցածր նշանակեցին և այդպես շարունակ։ Սակայն, մի բանի հետ համաձայն չէր՝ ընկերների ընտրության։ Ու այդ ժամանակ հարց էր առաջանում՝ արդյո՞ք Լաուրը ունեցել է ընկերներ։ Նույնիսկ տատս էր պատմում իր ընկերների մասին, հիշել էր, թե ինչպես էին երեք ընկերուհիներով իրենց անունները կրճատելով հապավում դարձրել։ Իսկ Լաուրի դեպքում ընկերուհուն միշտ մի ածանց ավելանում էր՝ գործընկերուհի, դասընկերուհի, հարևան-ընկերուհի ու այդպես շարունակ։ Իրեն ոչ ոք չէր զանգում, եթե զանգում էին, ուրեմն՝ անպայման ինչ-որ մի բան պատահել էր։ 

Լաուրին բացի անծանոթների շրջապատից մեր սովորական ճանապարհային քարտեզից այն կողմ չէի պատկերացնում։ Նույնիսկ երբ պատմում էր, թե Մոսկվայում ոնց է այսինչ իրն առել, Վիլնյուսում՝ մյուսը, իմ ուղեղը հրաժարվում էր պատկերացնել Լաուրին Երրորդ մասից դուրս։ Կարող էր միայն երթուղայինով անցած լիներ, չնայած դա էլ է ինձ համար դժվար պատկերացնել։ 

Լաուրի միակ ընկերն ու համախոհը իր մայրն էր, որը համատեղությամբ նաև իմ տատն էր։ Իրենք ունեին դաշինք, ու այդ դաշինքը երբեք չէին խախտում, նամանավանդ օտարների աչքի առաջ։ Այս դեպքում նույնիսկ ես կարող էի օտար լինել։ Իրենք միշտ ունեին նույն կարծիքը։ Ժամանակ առ ժամանակ իմ ու տատիս, տատիս ու մամայիս բախումների ժամանակ, Լաուրը «բարի ոստիկանն էր»։ Հենց որևէ մեկիս ձայնը սկսում էր մի քիչ բարձրանալ, Լաուրը առաջին հերթին փակում էր պատուհանները։ Չգիտեմ՝ որտեղից էր սովորել կամ անցյալում շատ էր արել, բայց իր մոտ այս քայլն արդեն բնազդաբար էր ստացվում։ Հետո սկսում էր ներկայացնել տատիի ասելիքը ավելի մատչելի ու հանգիստ տարբերակով կամ հակառակը իմ շահերը պաշտպանել տատիի առաջ, բայց դրանք երբեք չպետք է հակասեին տատիի շահերին։ Մեկ-մեկ էլ կատակի էր տալիս կողմերից մեկի ասած շատ սուր խոսքը կամ էլ իրեն այնպես էր պահում, որ դա ընդհանրապես էլ չի հնչել, պարզապես թվացել է. «Ինքը էդ նկատի չուներ»։ Ու սկսում էր հորինել կոնսենսուսային տարբերակը, որը ավելի հաճո կլիներ մյուս կողմի ականջին։ 

Այս տան մաստշաբներով համաշխարհային պատերազմներին հաջորդում էին ճակատամարտեր Լաուր-տատի ֆրոնտում։ Երբ բոլորն արդեն քնած էին, կռվում էին այնպես, որ վկաներ չունենան, որ ոչ ոք հանկարծ չլսի։ Նույն ձև էլ բամբասում էին հարևան-բարեկամներից, որ ոչ ոք հանկարծ չկարողանա բացահայտի, որ կռվում կամ բամբասում են։ Ճակատամարտը ուներ մեկ մշտական հաղթող, և դա Լաուրը չէր։ Ինքն էլ էր համաձայն իրերի այդ ընթացքին։ 

Ճակատամարտի հաջորդ լուսաբացին ոչ ոք չէր կասկածի, որ մի բան այն չէ։ Նույն ժամին միանում էր Սարգիս Նաջարյանի ձայնը, զնգում էին սուրճի բաժակները և սկսվում քննարկումները՝ օրվա մթերային մարտահրավերների մասին։   

 

***

Դպրոցական առաջին տարիներին իմ տեսքի հովանավորը Լաուրն էր։ Չնայած երբեք ինձ դպրոց չէր տանում, չէր ալարում՝ առավոտ շուտ արթնանում էր և ստուգում՝ ինչ եմ հագել, հո՞ շատ թեթև չի, անձրևանոց վերցրե՞լ եմ, կոշիկներս կեղտոտ հո՞ չեն, մազերս նորմալ հավաքա՞ծ են ու տասնյակ այլ կետեր։ Տնից փախնելու տարբերակ չկար, պետք էր Լաուրի «օքեյը» ստանալ, և նոր միայն տան դուռը կբացվեր քո առաջ։ 

Ես Լաուրի շնորհիվ իմացա, թե ինչ է ձիգ կապած մազերի ցավը։ Ամեն առավոտ կապում էր մազերս, եթե քնաթաթախ էր՝ ասում էր, նստեմ հատակին՝ իր անկողնու մոտ ու սկսում էր ամենայն լրջությամբ հարդարել մազերս։ Ուներ մազի ռեզինների (մենք տանը իրենց բռնիչ էինք միշտ ասում) ու «նեվիդիմկաների» հավաքածու։ Մի մազ չէր վրիպում Լաուրի ուշադրությունից ու վերջում էլ գալիս էր ամենազզվելի պահը ինձ համար. Լաուրը թքոտում էր մատերն ու սկսում էր վերջին շտրիխները ուղղել։ Հենց այդ պահին կռիվ անելով պլստում էի Լաուրի ձեռքերից ու փախնում դուրս՝ հաղթական տրամադրությամբ. «Ես արեցի դա»։ 

Լաուրի այս սանրվածքը ամեն օր էր կրկնվում և փաստորեն, իմ դասարանցիների սրտով չէր։ Մի օր նույնիսկ դասարանցիներիցս լսեցի իմ մասին խոսելիս. «Ախր շատ գեշ ա, գոնե մազերը թափի, մի քիչ սիրունանա»։ Էս արտահայտությունը լսելուց հետո, երբ տուն հասա, մաման, բարեբախտաբար, տանն էր։ Իմ վիրավորված էգոն հազիվ իրեն հանգիստ միջավայրում զգաց և սկսեց արտահայտել իր զգացմունքները իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Ու չնայած մամայի փաստարկներին, որ թափած մազերը վիզուալ ավելի կմեծացնեն իմ առանց այն էլ մեծ քիթը, որոշվեց՝ ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՍ ԴՊՐՈՑ ԵՄ ԳՆԱԼՈՒ ԹԱՓԱԾ ՄԱԶԵՐՈՎ։ 

Որոշելը շատ հեշտ էր, մնում էր իրականացնել։ Այդ ժամանակ ես գեղեցկության սրահները միայն հեռուստացույցով էի տեսել, մամաս մի անգամ որոշել էր տանել վարսավիրանոց, այն էլ ընկավ, ոտքը ջարդեց։ Չնայած որոշել էի, որ Լաուրը այլևս գործ չպետք է ունենա իմ մազերի հետ, բայց դե նա էր մեր տան միակ նորաձևության գուրուն և միակը, որը ուներ… ֆեն։ 

Լաուրը բացեց իր պահարանը, որտեղ միայն ինքը մուտք ուներ, հանեց իր՝ սովետից մնացած կարմիր ֆենը՝ լավ պահպանված գանձի պես, և հրամայեց գնալ գլուխը լվանալու։ Ի տարբերություն հեռուստացույցի ֆեների, այս մեկն այնքան փոքր էր, ոնց որ խաղալիք լիներ։ Բայց Լաուրը այնքան վստահ էր իր ֆենին ու իր ուժերին, որ ես հավատում էի՝ կունենամ իմ դասարանցիների ասած ուղիղ մազերը։ 

Ինչ կատարվեց հետո՝ շատ հուզիչ էր … Լաուրը փոքր ֆենով փորձում էր ինձ վրա տպավորություն գործել, բայց այնքան թույլ էր սարքը, որ նույնիսկ իմ թաց մազերը չէին չորանում։ Լաուրը որոշեց, որ պետք է մազերը չորացնել, միայն այդ դեպքում կաշխատի հրաշք սարքը։ Մազերս «ֆենում» էր, ու քթի տակ մրթմրթում՝ հաստատ իմ նավսն էր ու իմ մազերի որակը, որ հազար տարվա իր ֆենը չի աշխատում։ 

Իմ վիրավորված էգոն նորից սկսեց ելույթներ ունենալ՝ լացել, իրեն պատերով տալ, հայտարարել, որ իրեն ոչ ոք չի սիրում ու որ կապած մազերով ես էլ դպրոցում չեմ երևա։

Հաջորդ օրը դասի ժամերին Լաուրը հարկադրված էր իր հետ տանել իր սիրելի էժան խանութը ու վեց հազար դրամ ծախսել նոր «չինական զիբիլ»-ի վրա։ «Չինական զիբիլը», իհարկե, հրաշքներ չգործեց, բայց ավելի լավն էր, քան Լաուրի սովետական հրաշքը։ 

 

***

Առողջությունը Լաուրի թույլ կողմերից չէր։ Իմ գիտակցական տարիների ընթացքում ընդամենը մի անգամ էր վատացել. թունավորվել էր Զատիկի ձվից։ Իսկ մնացած օրերին նույնիսկ, եթե իրեն վատ էր զգում, միշտ ոտքի վրա էր։ Ու եթե հանկարծ ինչ-որ մեկը նկատողություն էր անում, թե շատ է ոտքի վրա, թող նստի հանգստանա, միշտ մերժում էր՝ կատակելով․ «Ծառերը կանգնած են մեռնում»։

Լաուրը ու մամաս հազվադեպ էին առանձին զրույց ունենում, իսկ եթե ունենում էին, այն էլ՝ շշուկով, նշանակում էր ամեն ինչ չափից շատ լուրջ է։ Չնայած իրենց հարաբերությունները ամենալավը չէին, բայց երբ առողջական խնդիրներ նկատեց, առաջինը դիմեց հենց մորս։ Հյուրասենյակում սկսեցին ժամերով շշնջալ, որ հանկարծ տատին չլսի, իսկ տատիին էլ դուր չէր գալիս, երբ Լաուրը գնում էր տան մյուս հատված ու մոռանում էր իր մասին։ Առանձնազրույցից հետո մամաս տվեց վճիռը. «Լաուրի վիճակը լավ չի»։ Խոսակցությունից օրեր հետո Լաուրը վիրահատվեց։ Սակայն բժիշկները առաջին իսկ անալիզից ասել էին. «Չգիտենք՝ ում անալիզներն են, բայց վիճակը լավ չի»։ 

Վիրահատությունից ամիսներ հետո Լաուրը ու մաման արդեն իրենց ընդհանուր թեման ունեին. Միասին գնում էին Ռենտգեն ինստիտուտ՝ ամեն մեկն իր պրոցեդուրային։ Միասին առանց ակլոհոլ գարեջուր էին խմում։ Ու պատահում էր, որ ճանապարհին բնական կարիքները հոգալու խնդիր էր առաջանում, խնդրում էին խանութի աշխատող լավ աղջկան, որն, իհարկե, չէր մերժում, կամ էլ մոտակա տան դուռն էին ծեծում։ Մի անգամ էլ ոչ ոք չէր արձագանքել, երկուսով օգտվել էին զուգարանից ու աննկատ հեռացել։ Հետաքրքիր է՝ տան տերերը նկատե՞լ էին, որ իրենց տուն մարդիկ են ներխուժել։ Այս պատմությունները դեռ երկար քննարկում էին, բայց տատիի ականջից հեռու՝ տատիին հաստատ դուր չէին գա այդ արկածները։ Տատիին արդեն դուր չէր գալիս ստեղծված իրավիճակը. Լաուրը արդեն Երրորդ մասից դուրս էր, երթուղայինի մեջ էր, հիվանդանոցում՝ բոլոր մարդկանց նման։ 

Հիվանդությունը արդեն ազդել էր մամայի վրա, իսկ Լաուրը շարունակում էր տան գործերը։ Չնայած էն հանգամանքին, որ նշանակել էին ուժեղ ցավազրկողներ, Լաուրը իր ցավերը մեղմացնում էր սկզբում մեկ, հետո արդեն երկու հաբ Ասկոֆենով։ Ճիշտ է, Լաուրի կենսակերպը գնալով փոխվում էր ու ավելի պասիվանում, ու արդեն չէր կարողանում ամեն օր գնալ իր ավանդական առևտրին կամ հաց պատրաստել, բայց տանը ամեն ինչ իր տեղն էր, ասես ոչ մի բան չէր փոխվել։ Տատին շարունակում էր չհասկանալ, ու մտածում էր, եթե ոտքի վրա է, ուրեմն՝ առողջ է։ Այդպես հիշում էր Լաուրի արած-չարածը։ 

– Որ էն վախտ ամուսնանայիր, երեխա ունենայիր, հիմա մի տուն դու էլ կունենայիր։

– Լավ էլի, մամա, էլ մի սկսի։ Անցել, գնացել ա։ 

– Ի՞նչ, ճիշտ եմ ասում։ 

Այդպես մի օր Լաուրը քնեց ու պարզապես չարթնացավ։ 

21 օր անց մահացավ նաև մայրս։ 

Իսկ երկու տարի անց՝ 92 տարեկան հասակում կյանքից հեռացավ տատս։ 

 

Please follow and like us: