Արագ քայլելով՝ ձեռքս տարա գրպանը, որտեղ հեռախոսն էր, բանալին թողեցի հեռախոսի հետ՝ թքած ունենալով, որ կքերծի էկրանը, ձեռքս գրպանից հանելու ընթացքում գժեգիժ շուռ եկա ու հետ դարձա։ Նկուղի դռան սառը, երկաթաժանգ կողպեքի բացակայությունը միանգամից իմացողի աչքը կմտներ։ Կռացա, մատներով շոշափեցի անկյունի քարի տակն ընկած բետոնի ճեղքը։ Ճկուն ցուցամատս գտավ ուզածս, եղունգս քերծելով քաշեց դուրս։ Արձակեցի կողպեքը, բանալին դրեցի տեղը, կողպեքը մի կերպ հարմարացրեցի՝ նայողը գլխի չի ընկնի, որ բաց է։ Ճիշտ է այսպես։ Ծայրահեղ դեպքում կհասցնեմ շպրտել փականն ու դուռը վրա բերել։ Դուռը հսկայական հուսալի դարպաս էր, ներսից էլ փակվում էր։ Ջուրն ու սնունդը կհերիքի անորոշ ժամանակ, բայց առանց լողանալու ի՞նչ պիտի անեմ։ Ուրիշները ո՞նց են անելու, տեսնես։
Յոթհարկանի շենքերի արանքում սատկացրած օձի պես սառած-ձգված նեղ փողոցով միշտ արագ-արագ եմ անցնում, շտապելով շուտ վանել լպրծուն զգացողությունը, որը երևի ծնվում է արև չտեսած օդի հետ շփումից։ Կարծես Սալամանդրի բույն լինի։ Մնաց վերջին ծուռումուռ նրբանցքը անցնեմ։ Առատ արևը գոնե մի քիչ կհանգստացնի, կենտրոնում էլ մարդիկ կխոսեն, ծանոթ-անծանոթ ընկերներ, գոնե մի բան կպարզվի։ Հենց խաչմերուկին քիչ մնաց քիթս խփեի Ծյոծ Մարիի դոշին։
-Վա՜յ, ախչի՛, Ժասմին: Էլի՛ վազում ես։ Ինչ լավ էր՝ քեզ տեսա։ Ո՞ւր ես գնում, գործ ունեմ հետդ։ Երկար չի տևի, բան պիտի ասեմ։ Արի հետ գնանք, մի բաժակ էլ սուրճ կտաս, ճնշումս բարձրացավ։ Մարդ ինչ ասես չի տեսնի էս դարում։ Էն զույգերին գիտես, չէ՞։ Уроды! Ծխելով գնում էին։ Օրը ցերեկով, փողոցո՛ւմ։ Տունն էլ մնացած չեն գոնե, ամեն մեկի կողքից մի ջահել էր քայլում։ Չնայած, ինչ իմանաս ով է տանում դրանց։ Մենակ քո նման համեստներն են սուսփուս, խելոք ամեն օր աշխատանքի գնում, ազի՛զ ջան։ Մայրդ զանգե՞լ է էսօր։
-Հա։
Մաման այսօր չի զանգել, երեկ էլ չի զանգել, առաջին օրն էլ։ Նա ընդհանրապես չի զանգում․ ես եմ զանգում Անժելենց տուն գնալու օրերին, որովհետև մաման հեռախոս չունի։ Ծյոծը դեռ չգիտի այդ մասին, ինչը զարմանալի է․ նրա յոթերորդ, ութերորդ և այլ զգայարանները պրոֆեսիոնալ են։ Բայց հիմա էլ գլուխս ազատել չեմ կարող։ Նա թևանցուկ արեց ինձ, ու ես, սրտխառնուքիցս զզված, ինձ ինչ ասես չասելով՝ քարշ եկա կողքից։ Զանգը հարմար առիթ էր՝ թևս ազատելու, բայց ոչ ոք չի զանգում, ոչ ոք չի զանգում, ոչ ոք չի զանգում, գոնե մի քրջոտ էս-էմ-էս գար, գոնե ոտը քարին խփեր, ընկներ, կամ քրոջը տեսներ ճամփին, ինձ մոռանար․․․ Չէ։ Հասնում ենք արդեն, վերջապես ազատում եմ թևս՝ բանալին հանեմ։ Մի երկու րոպե խառնշտում եմ գրպաններս՝ դեռ հրաշքի սպասելով։ Ծյոծի մենախոսությունը մի պահ դադար առավ, օդի մեջ կանգնեց, մինչև դուռը կբացվի, և անկասելի արագությամբ վերսկսեց բառերը շաղ տալ սենյակիս մեջ ՝ գրքերիս, պահարանի անկյունում թաքցրած սիրածիս նկարին (Ծյոծը չգիտի, որ սիրածս է), մորս նվիրած բաժակներին, հատակին, փոշուն, բազկաթոռի արմնկակալին մոռացված մոխրամանին։ Մոխրամա՜նը։ Միմիկաս ակտիվացնելու մանևրի շնորհիվ շեղում եմ ծյոծ ցերբերի ուշադրությունը, աննկատ պահում մոխրամանը։
-Մեծ բաժակով դնե՞մ կոֆեն։
– Չէ, երկու բաժակ արդեն խմել եմ: Էս ի՞նչ մազեր են բազկաթոռին։
Ինչպես միշտ, երբ մտածում եմ խուսափող ու սրամիտ պատասխան շխկացնել, ամենաանհարմար բանն եմ դուրս տալիս․
– Ես մազ չեմ թողնում․․․
Ծյոծը «բա քո նման աղջկան սազե՞ց» հայացքով նետահարում է։ Բազկաթոռը հրում եմ մի կողմ, նրան առաջարկում նստել դիվանին։ Ֆոկոն կգժվի, բայց տե՛ղն է իրեն։ Հենց տնից դուրս եմ գալիս, թռնում է բազկաթոռին, կատվի պես կծկվում ու քնում, մազերն էլ ե՛ս պիտի հավաքեմ։ Դե թող կծկվի հիմա Ծյոծի քամակի տակ՝ գնալու տեղ չունենալով։ Ծյոծին տանել չի կարողանում, հենց հոտն առնում է՝ մտնում է դիվանի տակ, ատամները սեղմելով՝ դիմանում։ Ոնց որ ես։
-Սալամանդրի մասին նորություն կա՞, Ծյոծ Մարին։ – Չարյաց փոքրագույնը՝ եթե չի լռելու, գոնե մի նորմալ հարցի պատասխանի։ Փոշմանում եմ, հենց բացում է բերանը, բայց արդեն ուշ է։
– Սալամանդրի մասին վերջի՜ն նորությունը իմ բանաստեղծությունն է, լուսադեմին դրել եմ պատիս, չե՞ս տեսել։
Ծյոծը արձակ ու չափածո ստեղծագործություններ է բստրում՝ հագեցած բազմաթիվ բազմակետերով։ Ստեղծ-անգործություններ՝ կասեր սիրածս, ում գոյության մասին լռում է Ծյոծի էներորդ զգայարանը։ Նա նուրբ հոգի ունի, սուր միտք ու զգայուն նյարդեր։ Այնքան նուրբ, այնքան սուր, այնքան զգայուն, որ լույսի արագությամբ արձագանքում է ցանկացած իրադարձության՝ ստատուսների գետեր հեղելով։ Զարմանալին նրա գերարագ մուսան չէ, զարմանալի այն է, որ երկրպագուների կռվազան ու անձնվեր ջոկատ ունի, որոնք մտերմաբար նրան ասում են «միս ֆեյսբուք»։ Նրան՝ կո՛վի դիմա՛կով պառա՛ված կոկորդի՛լոսին։
Մինչ միս ֆեյսբուքը մեջբերում ու կրկնում էր իր վերջին երկունքների հատընտիր տողերը, ես փշերի վրա նստածի պես մտածում էի, որ մոռացել եմ Ֆոկոյին։ Առհասարակ, ընդհանրապես, բոլորովին, լրիվ մոռացել եմ, որ խեղճ անասունին էլ նույն վտանգն է սպառնում, ու պիտի նրա համար էլ տեղ պատրաստեմ նկուղում։
-Բայց որ Սալամանդրը հայտնվի, ի՞նչ ես անելու, Ծյոծ Մարի:- Չեմ հասկանում՝ իրո՞ք այդքան հիմար եմ, որ ռացիոնալ պատասխան լսելու հույս ունեմ, թե՞ այնքան մեծ է անհանգստությունս, որ ինձնից թաքուն՝ պատրաստ եմ նրանից էլ խորհուրդ հարցնելու։
– Սալամանդրը միֆ է, Ժասմին,- մոլեգնում է Ծյոծը,- կրթված, աշխատող աղջիկ ես, ո՞նց ես հավատում․․․
– Բայց, Ծյոծ Մարի, դու էլ ես հավատում, ամեն օր, ամեն ժամ գրում ես․․․
– Ես գրում եմ, այո՛, ես արձագանքում եմ մեր հասարակության կարևոր մտահոգություններին, բայց ես չեմ հավատում այդ զառանցանքին, ես պարզապես տարածում եմ նրա մասին տեղեկությունը, որ մարդիկ իմանան, պատրաստ լինեն․․․
– Ստեղծագործում ես նրա մասին․․․
-Այո՛, ստեղծագործում եմ, իսկ ինչո՞ւ ոչ, գեղեցիկ այլաբանություն է, իհարկե՛, եթե չմոռանանք, որ ամեն ինչի հիմքը Սուրբ գիրքն է, որտեղ արդեն ասված է այդ ամենի մասին, միայն թե մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ամեն ինչ աղավաղում ու վերանվանում են, հիմա փոխարենը Գազանից վախենան՝ ինչ-որ սալամանդրից են վախենում, բայց ոչինչ, կարևորը վախենում են, կարևորը գիտեն, որ վերևն Աստված կա, որը ոչ մի բան անպատիժ չի թողնում, որը վերջում կհաղթի Գազանին ու կբարձրացնի իր հավատարիմներին, իսկ կասկածողներն ու չհավատացողները կնետվեն արտաքին խավարը, որտեղ․․․
Չնայած Ծյոծի գրավոր արտադրանքում միջինը հինգ բառին մեկ բազմակետ կամ կախման կետ է ընկնում, բանավոր խոսքում սողանցք չկա ՝ ընդհատելու կամ գոնե պատասխանելու։ Այլևս չեմ դիմադրում։ Միացնում եմ ավտոմատ գլխով անելու ռեֆլեքսը, անջատում ուղեղս։ Ծյոծն ինձ առաջնորդում է հայտնության հրաշքներից դեպի գիտության նախարարի կրոնասիրություն, պաշտոնյաների աստվածավախությունից՝ կոռուպցիայի չգրված օրենքներ, որոնք քննադատում է ամենայն խստությամբ՝ ձեռի հետ հիշելով, որ բոլորս էլ մեղավոր ենք, դժոխքի կրակներից թռնում է դեպի ամուսնական առագաստի սրբություն, այնտեղից դուրս գալով՝ ոտը կախ գցում իր մոտիկ հարևանի խոհանոցում․․․ դիմանում եմ, մինչև Կամիլա Բուռանոյի կատաղությունը լռեցնում է նրան։
-Վա՛յ։ Հեռախո՛սս: Աման։ Ուշացա։ Ուշացա։ Դա՛։ Լսում եմ։ Այո՛։ Դա։ Գալիս եմ։ Մի րոպեից։ Հասնում եմ։
Պայուսակը ճանկելով՝ նա դուրս է նետվում, չհասցնելով նույնիսկ թռուցիկ ասել, թե ինչից է ուշանում, բայց չմոռանալով պռոշները ճպպացնել դեմքիս։
Ֆոկոն գլուխը զգույշ մեկնում է, բեղերը շարժելով՝ ստուգում մթնոլորտը։ Մեջքը ճկելով դուրս է սողում, հորանջում, թափ տալիս իրեն։ Օխրայագուն մազերը ճախրում են։
-Անասո՛ւն,- գոռում եմ դեմքին։
Դունչը դնում է ծնկիս, անթարթ նայում աչքերիս։ Հնարավոր չի գուշակել, թե ինչ է մտածում։ Կատաղում եմ, որ չի խոսում։
-Ծյոծ Մարիի չափ էլ չկաս։
Եղնիկի աչքերով նեղացած նայում է, խցկվում բազմոցի տակ։
Երկար լվացվում եմ, լվացվելուց հետո՝ լողանում։ Ուշ է արդեն, կենտրոնում հավաքվածները ցրված կլինեն։ Մտնում եմ ֆեյսբուք, ստուգում կարևոր էջերը։ Հավաքվել են, բանավոր կրկնել նույնը, ինչ գրում են ամեն օր ու ցրվել։ Հույս չկա դրանցից։ Ավելի լավ է՝ վաղը զբաղվեմ նկուղով։ Ինչքան լավ պատրաստվեմ, այնքան քիչ փոշմանելու առիթ կունենամ հետո։ Լրահոսս վերից վար, վարից վեր Սալամանդրի մասին է։ Սալամանդրն ամենուր է՝ հարևանիս նախաճաշի մեջ, նախագահի ելույթում, հավատացյալների կոֆեի բաժակում, կողքի փողոցում, մոմի բոցում, ամպերում, հողում, բանաստեղծություններում, նկարներում, երգերում, աղոթքներում, սիգարի ծխում, զուգարանում, բուհի միջանցքում, բանկոմատի էկրանին, օրացույցի էջին։ Ոչ մի շեղում թեմայից։ Ստատուս Սալամանդր։ Սալամանդրը Եգիպտոսում կատու է խեղդել, վառել մեր քաղաքի բուսաբանական այգին, Մադրիդում սուպերմարկետներ թալանել, Ալաբամայում ծերանոց փրկել հրդեհից, Մեխիկոյում բանդաներ գլխավորել, կերել է սահմանապահների ճաշը (մեր գյուղի մոտ), կով մորթել, կայքեր ջարդել, ձու գողացել, զինապահեստ պայթեցրել, բողոքի ցույցեր հրահրել, նոր ամենամոդայիկ ոճի սելֆիներ ստեղծել, գրադարան հիմնադրել, ահաբեկչությունների շղթա սանձազերծել․․․ Երբ կատարյալ մթնում է, վերջապես կտրվում եմ էկրանից, որ լույսը միացնեմ։ Քունս տանում է։ Ռեդբուլ եմ խմում։ Բացում եմ ցուցակս, որտեղ հավաքել եմ ուշագրավ ֆեյսբուքցիներին, որոնց պատերն այցելում եմ ամեն օր, սկսում շրջագայությունս։ Կեսգիշերին մոտ ավարտում եմ։ Մի հատ էլ եմ աչքի անցկացնում լրահոսը․ Ծյոծ Մարին նոր բազմակետապոեմ է գրել։ Էլի չեմ հավանում՝ հուսալով, որ աչքից չի վրիպի ու կնեղանա։ Պառկում եմ։ Ի՞նչ գործ ուներ հետս այսօր։ Չասեց, բայց վախենում եմ, որ հավանելու թեմայով էր։ Ի՞նչ եմ պատասխանելու, եթե հարցնի։ Հավես չունեմ։ Տեր Աստված, ինչո՞ւ ինձ այսքան վախկոտ ստեղծեցիր։
Բոցը կապույտ է, սառն է թվում, բայց ես գիտեմ, որ ամենատաք, ամենավտանգավոր կրակն է, ու դրա վառածը վառած է։ Արտաքին խավարում ծխում եմ՝ կապույտ կրակին նայելով։ Ծյոծ Մարին կապույտ մազերով է, Ֆոկոյի մազերով ծածկված բազկաթոռին ոտքերը չռած-նստած։ Նրա հագին պատմուճան է, դրանից գլխի եմ ընկնում, որ ծննդաբերում է։ Փռշտում է, և գրկին հայտնվում է հենց նոր ծնված տրիտոնը։ Շրթունքները բազմակետերով շարժելով՝ ասում է, որ իր ամենահոյակապ ստեղծագործությունն է։ Ուզում եմ հավանել, ձեռքս բարձրացնում եմ, նա սկսում է ճվճվալ՝ նկատել է սիգարետս: Ուզում եմ հանգցնել, հանկարծ բոցը կլանում է նրան, երկատվում, ճյուղերն ասես փորձում են կուլ տալ իրար, կապույտ բոցերի մեջ սկսում են կարմիր շրջաններ պսպղալ, կատաղի կարմիր, համարակալած շրջաններ, հասկանում եմ, որ փախչելու ժամանակն է, բայց ուշ է․ պատգամավորի գլխով, մեջքին կարմիր, թվագրված պուտերով կապույտ սալամանդրը դժոխային տաքություն արձակելով՝ հարձակվում է վրաս, գոռում եմ, շուռ գալիս, որ վազեմ, խփվում եմ մութ, անտեսանելի պատին, սալամանդրը հափռում է վիզս, գոռում եմ, զարթնում։
Վիզս ցավում է։ Շոշափեցի․ նեթբուքի լարն էր։ Դեռ չի լուսացել։ Քունս էլ չտարավ, մտա ֆեյսբուք։ Արդյո՞ք Սալամանդրը բազմանում է։ Սալամանդրը փրկել է աղքատ մուրացիկի կյանքը։ Սալամանդրը քաղցկեղածին է։ Սալամանդրը կարող է միլիոնավոր տարիներ ապրել՝ առանց ուտելու, բայց կերել է մեր մոլորակի բոլոր ճիճուները։ Մոտավոր հաշվարկներով՝ յոթ միլիարդ ինը հարյուր յոթանասունութ միլիոն վեց հարյուր իննսունմեկ հազար երեք հարյուր քսանութ ճիճու։ Մոտավորապես այդքան է Երկրի բանական բնակիչների թիվը։ Մոլորակի էկոհամակարգը խաթարվել է Սալամանդրի պատճառով։ Պետք է ճիճուներ բուծել մեր և Երկրի ապահովության համար։ Մի խումբ գիտնականների մեղադրանք է առաջադրվել Սալամանդրի հերքման կամ ապացուցման փորձ դնելու համար։ Հիստերիկացա։ Կատաղած փակեցի նեթբուքը, Ֆոկոն ձայնից վեր թռավ։ Լավ է՝ գոնե դու Նրանից չես խոսում, Ֆոկո՛։ Հուսով եմ՝ Նա քո մեջ չէ։ Հեյ, մի րոպե, գիշեր է, ինչեր ես խոսում։ Վախենում եմ։ Գլխով մտա վերմակի տակ, աչքերս փակեցի, սկսեցի երազել։ Սիրածս վերջապես ընկերության հայտ կուղարկի ու մենք հաճախ կշփվենք։
Կիրակի
Երեկը անցավ։ Այսօր էլ կանցնի։ Վաղվանից հինգ օր մտածելու բան չեմ ունենա։ Կգնամ աշխատանքի, շան պես հոգնած կգամ տուն, կքնեմ, հետո էլի կգնամ աշխատանքի, շան պես հոգնած կգամ ու կքնեմ։ Սալամանդրին հիշելու ժամանակ չեմ ունենա։ Ոչ երանի գրասենյակային աշխատողներին, մանավանդ՝ պարապ։ Նրանց ամբողջ շաբաթն է Սալամանդրով լցված։ Դուրս եմ սողում վերմակի տակից։ Նկուղը վերջնական կարգի բերեմ, իջնեմ կենտրոն։
Պատերը լպրծուն են, բետոնի պես անկյանք։ Կրկնակի մատրաս, քնապարկ, լապտեր, թիթեղատուփ պահածոների շարքեր։ Ջուր, կերոսին, մոմ, գրքեր։ Բժշկական արկղիկ։ Հիշեմ, նայեմ՝ էլ ի՞նչ արժի ունենալ ձեռքի տակ։ Ստուգում եմ կողպեքը, զարմանքով հիշում երեկվա խուճապահար վիճակս։ Սալամանդրը եթե գա, ես թաքնվել չեմ հասցնի։ Թաքնվել պետք է գալուց առաջ։ Իսկ ե՞րբ կգա՝ հայտնի չի։ Բայց ամեն դեպքում գոնե իմանամ՝ ուրիշները ոնց են պատրաստվում։ Կենտրոնում այսօր էլ են հավաքվելու, մի բան կասեն։ Հագնվում եմ, դուրս գալիս։ Ֆոկոն նվում է հետևիցս, բանի տեղ չեմ դնում։
Արագ-արագ անցնում եմ վանող փողոցներով, Ծյոծի խաչմերուկից վազում եմ։ Մարդիկ նայում են։ Դանդաղում եմ, քայլում։ Հուզված եմ։ Կարծես ուրիշ մոլորակ ընկած լինեմ։ Ոչ մի սալամանդրային տրամադրություն։ Սովորական փողոցներ են։ Վատ եմ զգում դրանից։ Ուսանողներ, ոստիկաններ, ծերեր, հազար ու մի գործով քայլող մարդիկ, որոնք հաստատ ոչինչ չգիտեն։ Մի՞թե հնարավոր է։ Մի՞թե նրանք ֆեյսբուք չեն մտնում, լուրեր, ստատուսներ ու մեկնաբանություններ չեն կարդում։ Ամաչում եմ, որ մոտենամ մի քանիսին ու հարցնեմ, թե ի՞նչ են պատրաստվում անել։ Գնում եմ կենտրոն։ Հրապարակում մի քանի տասնյակ հոգի են։ Բոլորին ավատարով ու անունով գիտեմ, բայց ոչ ոք երևի իմ գոյության մասին գաղափար չունի։ Կարևոր չի։ Եթե մի քիչ ակտիվ լինեմ, մեկնաբանություններ անեմ, կհիշեն անհայտ ընկերոջը, բայց հավես չկա։
Նրանց անցանց խոսքուզրույցը չի տարբերվում առցանց խոսքուգրից։ Մի կողմ քաշված՝ լսում եմ այնքան, մինչև ոտքերիս հոգնածությունից վատանում եմ։ Սոված էլ եմ երևի․ աչքերս մի տեսակ շաղվում են, ու բոլորի դեմքերին քառակուսի ավատար եմ տեսնում։ Զգում եմ, որ գնալու ժամանակն է, բայց ոտքս կախ եմ գցում․ կարծես ինչ-որ բան են քննարկում։ Ոչ ոք ոչինչ չի ասում պատսպարաններ սարքելու մասին։ Թաքնվելը հարցի լուծում չէ, երևի։ Հարցնե՞մ, թե՞ կծիծաղեն վրաս։ Կամ էլ օրգանի աշխատող կհամարեն։ Հարցի լուծում չեն կարողանում գտնել։ Դեղին սալամանդրային պրոֆիլի նկարով հայտնի ֆեյսբուքցին առաջարկում է մյուս շաբաթ-կիրակի նորից հավաքվել, քննարկել։ Մինչ այդ՝ չխաբվել ապատեղեկատվությանը։ Ամենակարևորը՝ չթերագնահատել Սալամանդրին։ Եթե այս շաբաթ չեկավ, մյուսին կգա, եթե մյուսին չեկավ․․․ Հեռանում եմ։ Շարունակությունը տանը կկարդամ։ Մթնշաղ է։
Տարօրինակն այն է, որ Սալամանդրից իսկապես վախենում եմ միայն ցանցում շրջելիս։ Փողոց դուրս գալուն պես այդ վախը վերածվում է կասկածամտության՝ գուցե ոչ մի սալամանդր էլ չկա՞։ Համբուրվող զույգը իրոք երջանիկ է թվում։ Համբույրի՞ց է, թե՞ անտեղյակությունից։ Տղայի դեմքը ծանոթ է․ վայ թե ընդհանուր ընկերներ շատ ունենք։ Ափսոս, հնարավոր չէ ցանցում փնտրել՝ առանց գոնե անունն իմանալու։ Բայց ավատարը հաստատ սալամանդրային չէ։
Դանդաղ շուրջս նայելով՝ բացում եմ դուռը։ Ֆոկոն անտարբեր փռված է բազկաթոռին։
-Մի բարևի եղածն ի՞նչ եղավ, որ չես տալիս, ա՛յ շեկ տավար։
Ձայն չի հանում։
-Ծյոծ Մարին բարևում էր։
-Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ․․․
– Այ էդ ուրիշ բան։
Հացուպանիր ծամելով՝ միանում եմ ֆեյսբուքին։ Վաղը երկուշաբթի է։ Ավելի լավ։ Մի քանի օր գոնե ցերեկները չեմ հիշի սալամանդրին։ Գիշերն էլ հուսամ շատ հոգնած կլինեմ՝ ցանցում երկար նստելու համար։ Ծյոծ Մարին է գրել։ Ժասմին ջան, ո՞նց ես, կարդացի՞ր պոեմս, քո տված հարցի պատասխանին եմ անդրադարձել։ Սպասում եմ արձագանքիդ։ Մամ, ո՞ր մեղքիս համար սրան ինձ վերակացու դրեցիր։ Լավ չէ՞ր գյուղում ուզողներիս սպասեի, քան քաղաքում՝ Սալամանդրին։