ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ
ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԵԼԻ ՕՐԱԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ 1858-1860
Սկիզբը՝ այստեղ
Գ
Մի մարդու առաքինի կամ վատթար լինելու շարժառիթը գտանվում է նույն այդ մարդո՞ւ մեջ, թե՞ նորա շրջակա ընկերության մեջ. մի մարդ որ այժմ առաքինի էր, կարո՞ղ էր դա վատթար մարդ լինել, եթե սնած ու աճած լիներ մի վատթար շրջակայքի մեջ, կամ մի վատթար մարդ առաքինի լիներ՝ գտանվելով առաքինի շրջակայքում. այս խորհրդածութենով պարապված է միտքս այս րոպեիս, մինչ գրում եմ Հիշատակարանիս այս տողերը, մայիսի 30-ին։
Շատ փորձեր և օրինակներ ստորասաբար պատասխանում են այս խնդրին, այո՛ և իմ սեփական նկատողությունքը, ուրիշ շատ մարդերի նկատողութենների հետ, դրականապես հաստատում են այս բանը, թե մարդը ծնանելով չունի յուր մեջ առաքինության կամ վատթարության սկիզբն կամ տարր, և հոգու այդ ունակությունքը հետևանք են նորա լավ կամ վատ շրջակայքի ազդեցութենից։
Արտասվելի՜ բան. մարդը, որ կարող էր առաքինի լինել, լինում է մի վատթար, մի չարագործ էակ, դատապարտության արժանի և մարդկային և աստվածային դատաստանի առաջև։
Արի՛ մի փոքր, ֆիզիկապես և բարոյապես, քննենք այս խնդիրը և տեսանենք, թե կայի՞ն այսպիսի օրենքներ բնական և բարոյական աշխարհներում, որ թույլ տային այսպիսի հեղափոխություն։
Առնունք մի բույս, որ դիցուք թե բուսանում էր Հայաստանում և բերենք տնկենք նորան Ռուսիայի հողի վերա և նկատենք, թե այդ բույսը պահում է՞ր արդյոք յուր բնական որակությունքը, որ ուներ կամ դեռևս պիտո է ստանար մնալով յուր հայրենի հողի վերա։ Այս խնդիրը լուծանելու համար հարկավոր է քննել այն պայմանքը, որոնց ազդեցության տակ պիտո է կերպարանագործվեր այդ բույսը. ի՞նչ պայմաններ են դոքա. հողը, օդը, ջուրը։ Եթե անտարակույս էր Հայաստանի և Ռուսիայի հողերի, օդերի և ջրերի զանազանությունը, կարելի՞ է ուրեմն թույլ տալ, որ մի բույս, այստեղից այնտեղ տարած, կամ, այնտեղից այստեղ բերած անփոփոխ պահեր յուր բուն հատկությունը, մինչդեռ փոփոխվելու էին նորա վերա ազդող և ներգործող արտաքին պատճառքը, մինչդեռ այդ բուսականի գոյությունը, աճելությունը և կերպարանագործությունը կախվում էր հողից, օդից և ջրից: Մի բուսական կամ մի ծառ առնունք, զոր օրինակ, փշատը, որ Հայաստանում տալիս է քաղցրահամ պտուղ. այդ ծառը տնկվելով հարավային Ռուսիայում, կորուսանում է յուր պտղատու որակությունը, թեև բացում էր հոտավետ ծաղիկներ. դույն այդ ծառը, տնկվելով Մեծ Ռուսիայի մեջ, կորուսանում է և ծաղիկ բանալու որակությունը։ Այս ի՞նչ բան է. ո՞չ ապաքեն այդ ծառը ուներ յուր մեջ պտուղ բերելու ընդունակ գործարանները, ո՞չ ապաքեն ոչինչ բան ավերված ու պակաս չէ նորա ներքին կազմակերպության միջից, ինչո՞ւ ենթարկվում է այսպես զգալի փոփոխության. նորա համար, որ փոխվում էին արտաքին ներգործողքը նորա վերա, և նա բնական և աստվածադիր օրենքով, այն ժամանակ միայն կարող էր պահել յուր բուն հատկությունը, եթե յուր անձնավորության և արտաքին շրջապատի մեջ կար մի ներդաշնակություն, մի համակրություն։ Եթե այսպես ցույց է տալիս փորձը, ուրեմն մարդը, յուր կամեցածի պես որակություն տալու համար մի բույսի, կարող էր նորան պահել այնպիսի շրջապատի մեջ, որի արդյունքը (результат) համաձայն էին նորա մտքին. ամենևին այդպես։
Առնունք այժմ մի կենդանի, որ ծնել էր դիցուք թե Հարավային Ամերիկայում, և բերենք այդ կենդանին Հայաստան, արդյոք կարո՞ղ էր պահել դա յուր բուն հատկությունքը, ասենք թե չէր մեռանում այնտեղ, կարո՞ղ էր պահպանել յուր մարմնի կանոնավոր մեծությունը, ծննդականությունը, բուրդի հատկությունը, գույնը և բնությունը։ Հարկավոր չէր այդքան հեռավոր տեղափոխություն. ավելի մոտը ասեմ. Վան քաղաքից Էջմիածին տարված երկայն բրդով մեծ-մեծ կատուներ, մի քանի պորտ անցանելով, կորուսին յուրյանց բրդի այդ հատկությունը և կամաց-կամաց ընկան տեղական կատուների կարգը, թեթև զանազանությամբ, թեև ոչինչ բնական կապակցություն չէր պատահած այդ օտար երկրացի կատուների հետ։ Այսպես ևս Սիբիրիայից Ռուսիա բերված կատուքը կորուսանում են յուրյանց բրդի հատկությունը։ Շատ կան այսպիսի օրինակներ, բայց մեք այս փոքրից ևս տեսանում ենք ահա, որ բնական աշխարհի օրենքը թույլ է տալիս անհատի մեջ հեղափոխություն, թեև միայն փոխված էր նորա արտաքին շրջակայքը։
Մտանենք այժմ բարոյական աշխարհը և առնունք մի առաքինի մարդու զավակ, որի բնավորությունը կերպարանգործված չէր դեռևս, և ձգենք այդ մանուկը ավազակների և գողերի ընկերության մեջ, մի քանի տարի վերայովը անցանելուց հետո հանդիպելով նորան, արդյոք տեսանելու չէի՞նք, որ նա ևս դարձել էր մի արյունկզակ գող և ավազակ. կամ սորա հակառակ, եթե մի ավազակի որդի, որի բնավորությունը դեռևս կերպարանագործված չէր, որ դեռևս չուներ գիտակցություն, եթե մի այդպիսի մանուկ առնուինք և տայինք աուսքինի դաստիարակի ձեռք, հետո դնեինք նորան մի բարեկարգ և բարոյական դպրոցի մեջ, այնուհետև շրջապատեին նորան առաքինի մարդիկ, այդ մանուկը չափահաս լինելով կարո՞ղ էր առանց զզվելու նայել յուր հոր կամ եղբայրների դատապարտելի գործի վերա — ամենևին ոչ. պատճառ, նա չէր տեսել յուր շրջապատի մեջ, որ, իբրև մի սովորական բան, գործվեին այդպիսի անօրինությունք. դորա հակառակ, նորա հոգու մեջ տնկել էին առաքինության սերմերը, որ հետզհետե աճում ու զորանում էին, նորան անդադար քարոզել էին, թե ի՞նչ աստիճանի զզվելի և գարշելի բան է մի այդպիսի անօրեն գործողություն, նորան ուսուցել էին ճանաչել յուր անձը, յուր ընկերը, յուր ազգը և մարդկությունը։ Երեխան, որի բնավորությունը կերպարանափոխված չէր դեռևս, մի հայելի է, որի մեջ կցոլանա այն, ինչ որ ցույց կտաս. նա միևնույն է յուրյան շրջապատող արտաքին աշխարհի և ընկերության ձեռքում, ինչպես կավը բրուտի ձեռքում, որին սա կարող էր ամենայն ձև տալ։
Երեխան աճում է, բացվում են նորա հոգեկան ընդունակությունքը, բայց այդ ընդունակությունքը գտանվում են մի անտարբեր վիճակի մեջ. այդ ընդունակությունքը, աճած ու անտարբեր, նման են մի վարած հողի, որ այն կբուսուցանե, ինչ որ սերմանեիր։ Այսպիսի երեխայքը, մանավանդ դոցա միջից նոքա, որ ավելի հոգի ունեին (энергия), երկար չեն մնում անտարբեր վիճակի մեջ. զարթած թե չզարթած նոցա հոգեկան ընդունակությունքը, այնուհետև շատ անգամ, պատահական ուղղությանն են հետևում. եթե գտանվում են առաքինի մարդերի մեջ, ապա սկսանում են ինքյանք ևս օրե օր առաքինանալ, եթե գտանվում են անբարոյական մարդերի մեջ, ամենևին բնականաբար վատթարանալ։ Թեև առաքինության կամ վատթարության կերպարանագործությունը կարոտ է ժամանակի, բայց դոցա նշանքը կերևին իսկույն, իհարկե փոքր դրությամբ, եթե մի բանագետ և հետախույզ մարդ, թեև սակավ միջոց, կենակից լիներ մի այդպիսի մանուկի հետ։
Այսպիսի փորձական քննությունք հավաստում են մեզ, թե մարդու առաքինի կամ վատթար լինելը պատահական բան է և կախված նորա դաստիարակութենից և կրթութենից, նորա ընկերութենից և շրջապատից, այլապես արդար չէր լինելու աստուծո տնտեսությունը, մինը առաքինի և մյուսը վատթար ստեղծելով, և այնուհետև այդ վատթար մարդը ինքը չէր լինելու մեղավոր յուր վատթարության մասին, որովհետև աստված ստեղծել էր նորան վատթար լինելու համար. քա՛վ լիքի այսպիսի ամբարշտություն։ Առաքինի մարդը ևս կորուսանելու էր յուր արժանավորությունը, ըստ որում նորա առաքինությունը յուր վաստակը չէր, վասնզի աստված առաքինի էր ստեղծել նորան։ Ամենակալ տերը արդա՛ր է և հավասար աչքով նայում է ոչ թե միայն բոլոր մարդկության վերա անխտիր, այլև բոլոր աշխարհների, բոլոր արարածների վերա, որ քարոզում էին նորա ամենակարողությունը և փառքը։
Մարդու առաքինությունը և վատթարությունը կախված է նորա դաստիարակութենից. հնձվում է սերմանվածը։ Մի մարդ որ կամի, թե յուր զավակը առաքինի դառնա, ապա նախ և առաջ թող ինքը առաքինության օրինակ լինի յուր զավակի առաջև, թո՛ղ ոչ թե միայն գիշեր ցերեկ առաքինություն քարոզե յուր զավակներին, այդ շատ փոքր էր, այլև թող յուր գործերը ևս հարմար ընթացուցանե միշտ յուր քարոզությանը. ապա թե ոչ, երեխան իսկույն կնկատե յուր հոր քարոզության և նորա գործերի մեջ գտանված հակառակությունը, և այդ բանը կդառնա նորա համար մի գայթակղության քար։
Ամենայն բանական մարդ, թեև պարտական է միշտ, ճիշտ կերպով պաշտել բարոյականության սուրբ օրենքը, բայց մանավանդ այս խըստությունը պիտո է գործ դնել յուր անձի վերա, եթե կենակից էր երեխաների։ Մի անզգուշություն, մի անտեղի խոսք, մի անպատշաճ գործողություն, որ կատարվում էր երեխայի մոտ, նման է մի կայծի, որ ընկնելով մի դյուրավառ նյութի մեջ հառաջացնում էր մի մեծ հրկեզ ու անթիվ ավերածք։ Ինչ տեսակ կին կարող էին դաոնալ ապագայումը այն աղջիկ թոռները, որ յուրյանց մեծ մորից լսում են հետևյալ խոսքերը.
ՄԵԾ ՄԱՅՐ Պառավը, մի փոքր հարբած, Յուր թոռների առաջև, Թառամ գլուխը շարժելով Ծեղքերն հայտնեց բացերև: — Կյանքիս անցած օրերում, Ո՞րքան մարդ էր ինձ սիրում. Ես ապրել լավ գիտնի. Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն, Իմ սպիտակ ձեռք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք։ |
}}
– Մի՞թե թույլ էիր տալիս, Մեծ մայր,— թոռները հարց արին: – Ո՞հ զավակներս, գիտեի Գեղեցկության իմ գինը, Մինչ հասակս չէր անցել Տասն և հինգի մյուս կողմը, Չէի քնում գիշերներ… Ես ապրել լավ գիտեի, Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն. Իմ սպիտակ ձեռք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք։ – Եվ դու, մեծ մայր, գու նորանց Սիրո՞ւմ էիր, ինչպես քեզ, Պաշտում էին սիրողքդ, Որ պատմում ես այժմ մեզ։– – Աստված ինձ սիրտ էր տվել Ապա ի՞նչ բանի համար, Սիրականիս շուտ գտա, Նա ևս չըսպասեց ինձ երկար։ Ես ապրել Լավ գիտեի: Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն. Իմ սպիտակ ձեռք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք: Մեծ մայր, դու քնքո՞ւշ սիրով Սիրում էիր այն մարդուն:– – Քնքուշ սիրով նորա հետ Վարվում էի, բայց հաճախ Օր անցկացնում առավել, Ուրիշի հետ քնքշությամբ։ Ես ապրել լավ գիտեի. Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն. Իմ սպիտակ ձեռք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք։ – Ուրիշի հե՞տ, հարազատ, Ասում ես չամաչելո՞վ։– |
– Իմ բոլոր սիրականքը Հիմար չէին, այլ գիտուն, Բայց ես նոցանից խելոք Գտանվեցա, հաստատուն, Եկեղեցու միջումը Օրենքով պսակվելով։ Ես ապրել չավ գիտեի. Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն. Իմ սպիտակ ձեռք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք։ – Մեծ մայր, զարհուրելի չէր թեզ, ամուսնուդ հանդիպել:- – Նորա խելքը թռել էր Սիրով վաոված իմ վերա, Շատ բան տեսնել կարող էր… Չտեսավ. թեև էր ներկա… Ես ապրել լավ գիտեի. Ուր ես, իմ ջերմ մանկություն. Իմ սպիտակ ձեռք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք։ – Բայց, մեծ մայր, ձեր ամուսնուն Չէի՞ք խարում կամ նենգում։– – Այդ ի՛նչ կարելի բան է, Որ անմեղ օր անցանե. Բայց ես իմ քահանայիս, Խոստովանքի միջոցին, Բոլոր գործած մեղքերըս Հազիվ կասեմ պարզ, մեկին։ Ես ապրել լավ գիտեի. Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն. Իմ սպիտակ ձեռք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք։ – Զրկվեցա՞ք վերջապես, Մեծ մայր, դուք ձեր ամուսնուց:- – Այո՛, բայց մեծ զրկանք չէր. Նոր չէր թեև տաճարը, Բայց շատ ջերմեռանդ զոհեր, Միշտ ստանում էր կուռքը։ |
Ես ապրել լավ գիտեի. Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն. Եմ սպիտակ ձեռք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք։ – Մեծ մայր, արդյոք արժա՞ն էր Եվ մեզ ապրել, ինչպես դուք Ապրել էիք ձեր կյանքում,– թոռներն արեցին հարցմունք։ — Ո՛հ, զավակներս, այդ մասն է Կին մարզերի վիճակվել, Մեծ մարք գործեցին եթե, Ձեզ, աստված է հրամայել: Ես ապրել լավ գիտեի. Ո՞ւր ես, իմ ջերմ մանկության. Եմ սպիտակ ձեոք փափկամորթ, Կանոնավոր, սիրուն ոտք: |
Տարակույս չկա, որ դպրոցների և համալսարանների մեջ ավանդված գիտությունքը և ուսմունքը շատ մեծ խորհուրդ ունին մի աշակերտի կամ մի ուսանողի համար, բայց դորանից եթե մեծ չլինի, գոնե փոքր չէ մի երեխայի սկզբնական, ընտանեկան դաստիարակությունը յուր ծնողքի ձեռքով։ Շատ անգամ, մի զավակ տան մեջ հոգու վատթար ուղղություն ստանալով, արդեն փոքր կերպարանքով յուր հոգին տրամադրած լինելով դեպի չարը, կրթվելով մի օրինավոր դպրոցում կամ համալսարանում, լուսավորությունը կշինե յուր համար մի չարության գործիք, և կաշխատի նորանով ծնուցանել և կերպարանագործել այն չարությունքը, որ վաղուց հղացած էր յուր սրտի մեջ և անծին թողած, որովհետև հնար չուներ այն ժամանակ յուր գաղափարը իրագործելու։ Առտնին, կամ ծնողական դաստիարակությունը ստանում է երեխան գլխավորապես յուր մոր ձեռքով, ուրեմն նախ և հառաջ հարկավոր է մեծ ուշադրություն դարձուցանել աղջիկ զավակների կրթության և դաստիարակության վերա, բանագետ և առաքինի մայրեր պատրաստելու համար։ Առանց այս հոգաբարձության սո՜ւտ է ամենայն կատարյալ և ընդհանուր լուսավորություն մի ազգի։ Զավակ ասացյալը, յուր մոր ձեռքով պիտո է կրթվի և դաստիարակվի աստուծո երկյուղի մեջ. մայրը, կաթից հետո պիտո է կերակրե յուր զավակը այդ վերին հոգևոր կերակուրներով. դորանից հետո դպրոցական և համալսարանական կրթությունը կարո՛ղ է հառաջացնել մի այդպիսի տղայի մեջ ցանկալի հետևանքը։
Այս աչքով նայելով այս ծանրակշիռ և մեծախորհուրդ բանի վերա, ո՛րքան ծանր դատապարտության արժանի էին այն ծնողքը, որ յուրյանց ձեռքումը նյութական հնար ունենալով անտես էին առնում յուրյանց զավակների դաստիարակությունը, և կերակրելով, և զգեստավորելով, և վերջապես ամուսնացուցանելով նորանց, համարում էին, թե լիովին ահա կատարած էին յուրյանց ծնողական պարտականությունը։ Այս պարտականությունը մի սուրբ և մեծ պարտականություն է, որ այլապես պիտո էր կատարել. իսկ այնպես կատարել ինչպես հիշեցինք, այդ ծնողական բարբարոսություն ճանաչվում է մեզանում։
Ծնողի գլխավոր խորհուրդը և նպատակը չէ պիտո այն լինի, որ աշխատի, յուր մահից հետո, հետ ձգել յուր ժառանգներին շատ արծաթ, մեծ հարստություն, փայլուն կոչումն և այլն և այլն. դոքա չեն մարդկային առաքինության տարերքը, դոքա խանգարիչք են առաքինության. եթե մի մարդ, ունենալով այդ բոլորը, զուրկ էր ստույգ դաստիարակութենից և կրթութենիը, ծնողի գլխավոր ջանքը և փույթը պիտո է լինի հառաջ հառաջ հոգաբարձու լինել յուր զավակների դաստիարակության մասին, որովհետև այդ դաստիարակության մեջ պարունակվում են նորա զավակի ապագա առաքինության, երջանկության, վատթարության թըշվառության սերմերը։
Նույնպես ստույգ դաստիարակություն և լուսավորություն տալ չէ, եթե մի ծնող դնում է յուր որդին մի օտար ազգի դպրոցի մեջ. նա այն օտար շրջակայքի մեջ կփոխե յուր բուն հատկությունքը, ինչպես բուսականը կամ կենդանին տեղափոխված յուրյանց սեփական շրջակայքից, որի մասին մի քանի տող հառաջ գրեցի Հիշատակարանիս մեջ։ Ստույգ և աստվածադիր դաստիարակությունը այն է, որ ամենայն ծնող կրթե յուր որդին ազգային սեփական դպրոցի մեջ. ամենայն բույս պիտո է աճե յուր հողի վերա, ամենայն կենդանի պիտո է ապրի յուր աշխարհում։ Այդ օտար դպրոցներ ուղարկված զավակներից, շատ փոքր պատահում է, որ նմանեին մեղուի, թույնը թողած և միմիայն մեղրը և մոմը քաղելով հետ դառնային յուրյանց տեղը. այս մի շատ քնքուշ խնդիր է՝ անտես մնացած մեր ազգից մինչև այսօր։
Ի՞նչ է մարդկային կյանքի խորհուրդը, մի՞թե լավ ուտել, լավ խմել, լավ հագնել, փառավոր ապրել, հարստություն ճարել, փառք ու պատիվ ստանալ. մի՞թե մարդը չունի մի բարոյական խորհուրդ յուր կյանքում, մի՞թե այդ բանի համար է ստեղծել մեզ աստված, մի՞թե Քրիստոս մեռավ, որ հարստություն և փառք պարգևե մարդկության, քա՛վ լիցի. հեռի՜ այսպիսի մոլորություն: Մարդը անմահ է ստեղծված. նա յուր կյանքում պիտո է նմանի աստուծո, որ մահից հետո ժառանգե նորա երկնային արքայությունը։ Աստուծո նմանելու համար պիտո է լինել առաքինի և բարոյական մարդ, որովհետև աստված աղբյուր է և կենտրոն ամենայն առաքինության և բարոյականության. իսկ մարդը հարստություն ճարելով, փառք պատիվ գտանելով չէր կարող առաքինի դառնալ, նորա առաքինության շարժարանը գտանվում է դաստիրակության և կրթության մեջ։ Մարդը պարտական է դաստիարակվել, կրթվիլ, հետո, սոցա ազդեցությամբ առաքինանալով, աստուծո նմանիլ և վայելել մի հոգեկան և հավիտենական երջանկություն։
Ո՛վ չէ ցանկանում վայելել այս երանությունը. բայց ով որ կամի, պիտո է արժանի կացուցանե յուր մարդկությունը այս շնորհին, յութ առաքինական գործերով, ուրեմն, պիտո է լուսավորե և հարստացնե յութ բանականությունը, պիտո է ուսանի ճանաչել աստվածը, յուր ընկերը, յուր անձը, յուր ազգը և առհասարակ բոլոր աստուծո գործերը, նա պիտի սիրե սորանց բոլորին, և այս բաները հնարավոր են միայն դաստիրակության միջնորդությամբ։ Ո՛րքան մեծ պարտականություն կա ամենայն ծնողի վերա հոգաբարձու լինել յուր զավակի դաստիարկության համար, որովհետև գորա մեջ պարունակվում էր նորա մարմնավոր և հոգեկան երջանկության ապահով գրավականը, և որքան մեծ է այս պարտականությունը, ո՛րքան երանելի է մի ծնող լիապես կատարելով այս պարտականությունը, նույն չափով և նույն կշռով թշվառ է մի ծնող և ամենայն դատապարտության արժանի, եթե զանցառու էր այդ սուրբ պարտականության մասին,
Եվ ամենայն ծնող, որ հնար ուներ դասաիարակելու և լուսավորելու յուր զավակը և չէր գործ դնում այդ հնարը կամ անհոգ լինելով յութ զավակի բարոյական կրթության մասին, յուր արծաթը վատնում էր աշխարհային ունայն և անցավոր վայելչութենների համար, և եթե մի այդպիսի զավակ յուր հոր անհոգութենից անկիրթ ու խավար մնալով ապագայումը դառնար մի վատթար մարդ, աստուծո և մարդկության ատելի, այդպիսի մի զավակի մեղքի համար նորա թշվառ ծնողը պիտո է պատասխան տա աստուծո ահեղ դատաստանի առաջև։
Հայազգ՛ ծնողներ, զգուշացեք այս ծանր պատասխանատվութենից. հեր՛ք է, եթե մեզանից յուրաքանչյուր ոք յուր համար միայն կարողանա պատասխան տալ աստուծո արդար դատաստանի առջև, հարէավոր չէ յուր վերա առնուլ և զավակների պատասխանատվությունը: Այս միջոցներում ստացած նամակներիցս, հետևյալ նամակը կարող եմ մեջ բերել հիշատակարանիս մեջ։
Պարոն ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈԻԵԼ. Մայիսի 17, 1858, Րեդուտկալե։
Վերջին նամակովս, որի հետ ուղարկել էի իմ քանի մի նկատողությունքը պ. Իսահակյանցի գրվածքի վերա «Հրավիրակ հայրենասիրության», խոստացել էի գրել և հասուցանել ձեզ այն տպավորությունը, որ գործել էր իմ վերա պ. Հովհաննիսյանի «Նոր Քնար Հայաստանի» անունով չորրորդ տետրակը (տպած Մոսկվա, 1858)։ Ահավասիկ կատարում եմ իմ խոստմունքս. այս նամակիս հետ ուղարկում եմ մի փոքր տետրակ, որի մեջ գրել եմ իմ դատողությունը պ. Հովհաննիսյանի Նոր քնարի և առհասարակ ազգային երգ անունով աշուղների գրած կամ ասած բաների վերա ընդհանրապես, իսկ դույն այդ Քնարի չորրորդ տետրակի և մանավանդ նորա հառաջաբանի վերա մասնավորապես[9]:
Այստեղ չկան նորությունք, որոնց մասին կարողանայի ծանոթություն տալ ձեզ. վարում եմ մի ձանձրալի և միօրինակ կյանք։ Շատ անգամ սրտիս նեղութենից գնում եմ ծովի ափը և տեսանելով Սև ծովի սպիտակ փրփուրները, որ շատ հեռի տեղերից երևում են ալիքների գագաթի վերա, և որոնք ազատությամբ շարժվում են հետ և հառաջ, ակամա երանի եմ տալիս մինչև անգամ այդ անշունչ էակի անգիտակից ազատությանը։
Սև ծով ասացի, միտքս եկավ. նորերումս այդ ծովի մեջ, մի նավ անցանելով Սինոպի առաջևից նստավ ցամաքի վերա։ Երբ մի այլ նավից օգնություն ստանալով դուրս եկավ այդ վտանգավոր դրութենից, նավապետը նկատեց, որ մագնիսյան սլաքը ընդունեց ամենևին այլ ուղղություն, քան թե սովորականը։ Այս բանը լինելով մի նորանշան երևույթ, նավապետը ծանոթություն տվեց Սինոպի ծովապետին, որ իսկույն մի նավ ուղարկելով հանդերձ բանագետ մարդերով, տեղեկություն ստացավ, թե արդարև նավը մոտենալով այդ տեղին, մագնիսյան սլաքը սկսում է դողդողալով փոխել յուր ուղղությունը և հեռանալ հյուսիսային բևեռից։ Այս բանի մանրամասն քննությունը հանձնվելով գիտնական բնագետների, ստուգվեցավ, որ այդ տեղերում ծովի տակին կան շատ երկաթահանք, և մագնիսաքար, որ պատճառում էին այգ ազդեցությունը մագնիսյան սլաքի վերա։
Ոչինչ այլ բան չունիմ առ ժամս ձեզ գրելու, մնացեք բարյավ մինչև ցմյուս նամակս։ Ցանկալով ձեզ ողջություն և հաջողություն, մնամ ձեզ միշտ բարյացակամ եղբայր,
Ս. Խ. ՇԱՀԲԵԳ
Ես շատ շնորհակալ եմ այս պարոնից, դա միշտ կերակուր է տալիս իմ Հիշատակարանին։ Անցյալները գրում էր մի պարոնի տեսությունը, առանց ծոցից արծաթ դուրս տալու յուր պարտքերը հատուցանելու մասին։
«Մի պարոն» — գրում էր նա — «որ պարտական էր մնացած մի կառավարության մի արծաթի մեծ գումար, շատ տարիներով կամակորվում էր և չէր կամենում հատուցանել այդ գումարը, արդյոք ա՞յն պատճառով, որ այդ պարտքը հատուցանելով խանգարելու էր յուր վաճառականության ընթացքը, թե ագահությունը ստիպում էր նորան ձեռքից չհանել այդ գանձը, չգիտեմ. միայն երբ վերջապես օրինավոր դատաստան բանալով սկսեցին պահանջել այդ գումարը և նա դարձյալ կամակորվեցավ, այն ժամանակ պահանջողքը իրավաբանական կարգով արգելք դրեցին նորա անշարժ կայքերի վերա, որ բավական մեծ գումար արժեին:
Այդ պարոնը, մի քանի ժամանակ անցանելուց հետո, բողոքում է, թե անօրինաբար վարվել են յուրյան հետ, և թե նա, յուր պարտապահանջների ապօրինի ընթացքի պատճառով հասել է մեծ վնասի, որ դուրս էր բերում հետևյալ կերպով։ Նա գրում է յուր բողոքի մեջ, թե յուր կայքը այսքան արժելով, կարո՛ղ էր գրավ դնել և ստանալ այսքան արծաթ, որ գործ դնելով վաճառականության մեջ պիտի անպատճառ շահվեր այսքան գումար — ավելի շատ, քան թե ինքը յուր իմաստուն հաշվումը ցույց էր տալիս յուրյան պարտական — բայց որովհետև արգելք են դրել կայքի վերա, վասնորո չէ կարողացել գրավ դնել, չէ կարողացել արծաթ առնուլ ուրեմն և այն մեծ շահը շահվիլ:
Այժմ դատաստան է բացել յուր պարտապահանջների հետ և պահանջում է նոցանից յուր չկրած, մտացածին վնասը, նա կամի այդ գումարով հատուցանել յուր պարտքը և մնացորդը գործ դնել շամպայն գնելու համար, որովհետև շատ է սիրում նա այդ գինին։
«Տե՛ս թե ո՞րտեղ է հասել աշխարհիս բանը. պարտականը ոչ թե միայն չկամի հատուցանել յուր պարտքը,— ոչ, հերիք չէ այդ,— այլև մի մեծ գումար ևս կամի ստանալ յուր պարտապահանջներից, որպես տուգանք։ Եվ պատմում են, թև այդ մարդը ունի մի քանի ցախավելով հավաքած կողմնակից մարդիկ, որ արդարացնում էին նորա ո՛չ թե միայն այդ ընթացքը, այլև բոլոր անօրենությունքը, որ գործած էր յուր կյանքում»։
Եթե այս տեսությունը կապակից չլիներ խաբեբայության և անբարոյականության հետ — պարտք հատոլցանել առանց յուր ծոցից արծաթ դուրս տալու — շատ լավ բան էր, բայց որովհետև դա հիմնված է ստության և խարդախության վերա, այդ պատճառով պիտո է միշտ մնա գող և ավազակ մարդերի սեփական։
Շարունակությունը՝ այստեղ
