Ռուբան Զարյան/Զապել Եսայան/Հուշապատում

Նա մեզ դասախոսեց ընդամենը կես տարի։

Արևմտաեվրոպական գրականության դասընթացը համալսարանում ընֆհանրապես վարում էր պրոֆ․ Սիմոն Հակոբյանը։ Ֆրանսիական գրականությունը 19 և 20-րդ դարերում՝ կարդալու էր Զապել Եսայանը։ Պարզապես՝ դասախոսությունների մի շարք։ Շարունակելու էր դարձյալ Հակոբյանը, կարդալով այդ ժամանակների գրականությունը արևմտաեվրոպական մյուս երկրներում, որպեսզի ամբողջանա պատկերը։

  Զապել Եսայանի անունը լսել էինք, գրած գործերը գիտեինք, բայց, խոստովանություն լինի, չէինք կարդացել։ Գիտեինք նաև, որ Փարիզում ապրել է երկար տարիներ, հետևել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և գրականության դասընթացներին։ Լսել էինք նաև, որ շատ երկրներում է եղել՝ Պարսկաստան, Իրաք, Եգիպտոս, Լիբանան, Իտալիա, Շվեյցարիա։ 1916-ին դասախոսություններ է կարդցել Մոսկվայում և Պետերբուրգում, իսկ դրանից առաջ Թիֆլիսում և Բաքվում։

  Լսել էինք նաև, որ նա քսանական թվականներին եկել է Երևան, մնացել է այստեղ մի քանի ամիս և վերադարձել Փարիզ ու ոգևորված մի գիրք է գրել նոր Հայաստանի ու նրա մարդկանց մասին։ գիրքը մեր ձեռքը չէր ընկել, բայց նրա ռոմանտիկ վերնագիրը՝ <<Պրոմեթևսն ազատագրված>> հրապուրեց մեզ և խորացրեց մեր հետաքրքրությունը դասախոսի և նրա անձի նկատմամբ: Ասացին, որ 1933-ին եկել է անվերադարձ և հաստատվել Երևան քաղաքում ՝ իր դստեր ՝ Սոֆիի, որդու՝ Հրանտի հետ միասին:

Անհամբեր սպասում էինք նրա առաջին դասախոսությանը։

  Եկավ: Ոչ ոք բացակա չէր : (Իմիջի այլոց ասեմ, որ ուսանողի բացակայության եզակի դեպքեր եմ հիշում: Ամենից ավելի բացակայողը ես էի, որ, գրողների միությանը կապված լինելով , հաճախ լինում էի այնտեղ և հաջորդ օրը գալիս ու դասընկերներիս պատմում, թե ում տեսա, ինչ լսեցի): Մեր նոր դասախոսը մտավ լսարան, մի ժպտուն հայացք նետեց բոլորիս վրա, ինքը նստեց և մեզ էլ առաջարկեց նստել: Խնդրեց, որ այսուհետև իր գալու և գնալու պահերին ոտքի չկանգնենք:

  —Կհասկընամ, որ ըսածս խախտումէ ընդունված կարգի, բայց կնեղվիմ ոտքի կանգնած տեսնելով ձեզի: Այդ կարգը զինվորական սովորույթ մը կթվի ինձի, ուստի, շատ պիտի խնդրեմ, որ անձիս հանդեպ ձեր հարգանքը արտահայտելու այլ ձև մը ընտրեք, օրինակ՝ չուշանաք, զանգը տալուն պես լսարանն ըլլաք: Դուք արդեն մեծ, հասուն ուսանողներ եք և կյանք պիտի մտնեք կարճ ժամանակից, կհուսամ, ձեզի կարգապահական խրատներ տալն ալ ավելորդ է:

  Լռեց : Եվ անմիջապես չշարունակեց իր խոսքը: Ինչի՞ մասսին էր մտորում, դժվար է ասել, գուցե մտածում էր՝ ասի՞, թե՝ չէ:

  Նա այդ ժամանակ վաթսուն տարեկան դեռ չկար։ Գեր կին էր, դեմքի հանգիստ արտահայտությամբ: Չնայած առաջացած տարիքին, աչքերի մեջ երբեմն-երբեմն կրակներ էին կայծկլտում: Թուխ էր, թանձր շրթունքներով, սեգ կեցվածք ուներ: Առաջին հայացքից <<Քեռի Թոմասի տնակի>> Քլոյային էր հիշեցնում, իսկ ընդհանրապես, նստած լիներ, խոսելիս թե քայլելիս , վեհաշուք մի շեշտ կար նրա արտաքինի մեջ:

  —Սակավամարդ լսարան կերևաք: Այսքա՞ն եք, թե բացակայողներ կան: Ուրեմն , այսքան եք։ Պիտի խնդրեմ, որ չբացակայեք, բայց մի պայմանով՝ եթե տաղտուկ չզգաք: Եթե ձանձրանաք, ձեզի ազատ կարձակեմ դասախոսություններիս հաճախելու պարտադրությունից: Ինծի համար, իմ ամբողջ կյանքիս ընթացքին, պարտադրանքը թվացել է մարդու հոգուն հակառակ։

  Առաջին անգամ էինք լսում այդպիսի առաջարկ։ Նախ, մեզ շոյված զգացինք, երբ ժամանակներ անցան՝ օրեր, հասկացանք, որ մեզ տրված ազատությամբ նա ավելի կակշկանդեց, և չեմ հիշում բացակայության մի դեպք անգամ, թեև նրա առաջարկն անկեղծ էր։ Հետո, շատ տարիներ անց կյանքի, մարդկային հարաբերությունների մասին խորհրածելիս, ես այն մտքին հանգեցի, որ ազատություն ունեցողը բարոյապես պարտադրված է զգում իրեն, իսկ ով հետապնդվում է, զգում է ձեռքն ու ոտքը կապկպկված, ձգտում է ձերբազատվելու։

  Նա խոսքն առաջ տարավ և մենք շատ համակրեցինք պարզապես սիրեցինք իրեն։

  —Երիտասարդ եք, մարդկային կյանքի լավագույն հասակ, ազատություն կուտամ ձեզի և այն պատճառով, որ սիրահարված ըլլալով, հանկարծ կրնաք ժամադրության կապած ըլլալ ցերեկով, կրնա ըլլալ, որ աղջիկը այդ ճամին միայն կուզե հանդիպել ձեզի։ Ի սեր աստծո, մի եկեք դասախոսության, որպեսզի չխախտեք ժամադրությունը։ Ոչ մի դասախոսություն, ով որ ալ կարդալու ըլլա, չարժե, որ ադոր համար վշտացնեք ախջկան։

  Ու լուռ մնաց։ Մի պահ հոնքերը կիտվեցին։ Ով իմանա, թե ինչ հիշեց։ Հետո դեմքին իջած թուխպը չքացավ, ու երբ գլուխը բարձրացրեց, նայեց ժպտալի աչքերով՝ մեզ թվաց, թե երիտասարդացավ։

  —Ես միշտ այսպես ծեր չեմ եղած։ Ես ալ երիտասարդ եմ աղած, ես ալ ժամադրություններ եմ ունեցել ու իմ սիրսն ալ ձերի պես բաբախել է, սպասելով, թե ե՞րբ պիտի գա, ինչի՞ կուշանա, ձախորդ դեպք մը չպատահե՞ց արդյոք․․․

  Հանկարծ դարձավ տղաներիս։

  —ժամադրության ուշացա՞ծ կերթաք, թե ժամանակին։

  —Ուշացած,— պատասխանեց տղաներից մեկը։

  —Իրա՞վ,— զարմացավ նա։

  —Իհարկե,— վրա բերին մի քանի ուսանող։

  —Անմոթ արարածներ էք։

  Կշտամբեց ինչպես հարազատը հարազատին։

  —Եվ դուք պիտի ըսեք, թե անկեղծ կսիրեք: Սիրո մաս կկազմե անհամբերությունը: Ուրեմն, դուք կրնաք աղջկան սպասեցնել տալ: Շատ կզարմանամ, իսկ ես կկարծեի, թե ժամադրության գնալիս ձեր սիրտը այնպես կտրոփե, որ ժամացույցին սլաքը միամտաբար կմղեք…

  Զանգը տվեց, դասախոսը զնաց, իսկ մենք մի երկու րոպե մնացինք լուռ՝ առանց տեղից շարժվելու: Հետո, մեկը, չեմ հիշում, թե ով, բացականչեց.

  —Այ քեզ դասախոս…

  Այդ բացականչության մեջ և զարմանք կար և հիացում :

Հակառակ մեր սովորության՝ չվազեցինք միջանցք, մնացինք լսարանում և անհամբեր էինք, թե ե՞րբ է գալու, թեև զանդին դեռ ժամանակ կար: Հաջորդ ժամին անցավ դասախոսության: Բայց այստեղ ևս նա տարբեր էր մեր մյուս դասախոսներից:

  Աթոռը, որին նստելու էր, քաշեց նստարանից մի կողմ, դեպի անկյուն: Տեղավորվեց նստարանին այնպես, ասես հարմար դիրք էր ընդունում հանգստանալու համար: Խոսքի ոչ մի լարվածություն: Զրուցում էր: Ձայնը հանգիստ էր, հոգու ինչ որ անկյուններից եկող:

  Հիշում եմ այն դասախոսությունները, որ նվիրված էին Բալզակին, Ֆլոբերին , Զոլային: Ֆլոբերին համարում էր ճարտար կառուցող, Զոլային հոգեկան աշխարհի խորքերը թափանցող, Բալզակի հանդեպիր հիացումը չափեր չուներ: Ոչ մի գրողի մասին նրա դասախոսությունը չթողեց այնպիսի

տպավորություն, ինչպես Բալզակին նվիրված ժամերը:

  Միտս են մնացել նրա մի քանի արտահայտությունները:

  —Ատանքը ընդգրկում ոչ մեկ վիպասան չունի:

  ——<<Մարդկային կատակերգությունը>>, որ կկազմե հարյուր հատոր, ընթերցողին ավելի ճիշտ պատկերացում կուտա, թե ինչ է եղած ֆրանսական կյանքը, քան մնացած գրականությունը միասին առած:

  —Հերոսների թիվը հազարից կանցնի: Չկա գեթ մեկ չըմշակված դեմք: Չկա մի հերոս, որ ինծի համար մութ ըլլա։

  —Ֆրանսացին, որ ժամանակին արհամարհած է Բալզակը, չունի մեկ ուրիշ գրող, որ կա րենաանոր հետ մրցակցիլ։ Մոլիերը գուցե : Բայց ան ալ իզիջե:

  Հիշում եմ, թե ինչպես խոսեց Գոբսեկի մասին, Ռաստինյակի: Խոսքը թեև սովորականի պես հանգիստ էր, բայց ազդվեցինք, երբ նա վերլուծեց Գորիոյի հայրական ողբերգությունը։ Ո՞րն ասեմ,  ո՞րը հիշեմ:

  Զոլայի մասին խոսելիս բերեց ֆրանսերեն մի գիրք, ուր կար Մոնեի նկարը: Տեսնելով, որ տպավորվեցինք, խոսեց Մոնեի, Մանեի, ընդհանրապես իմպրեսիոնիստների մասին: Մնացինք զարմացած՝ նկարչություն գրականությունից պակաս չգիտեր, թվականներ, դեպքեր, միմյանց հետ բախվող հոսանքներ, նկարների վերլուծումներ:

  Հիշում եմ նաև մի կենցաղային պատմություն, որ նա հարկ համարեց անել.

  —Զոլան մի ապօրինի զավակ ուներ: Զոլայի մեծահոգի կինը, գրողի մահից հետո տեր կանգնեց նրա որդուն:

  Ըստ երևույթին, նա այն կարծիքի էր, որ կենցաղային որոշ մանրամասներ կենդանացնում են դասախոսությունը՝ դարձնում ավելի տպավորիչ:

  Միտս է մնացել, որ նա արեց Արթուր Ռեմբոյի և Պոլ Վերլենի անձնական խճճված հարաբերությունների պատմությունն իր դրամատիկ վախճանով:

  Խոսեց Մոպասանի մասին: Արեց և այն պատմությունը, թե ինչպես տասը տարի անտրտունջ աշակերտել է Ֆլոբերին: Խոսեց այն մասին, թե նա ինչ նորություն բերեց գրականությանը: Չեմ հիշում մի այլ դեպք, որ նա այդպիսի հաճույքով խոսեր հերոսների սիրային հանդիպումների մասին:

  Այն, ինչ ասում էր, կարծիքների և համոզումների կարգավորված շարք չէր, ուզում եմ ասել ուսումնասիրության հետազոտության արդյունք չէր: Ասածը սեփական տպավորություններն էին վեպերից, պիեսներից և բանաստեղծներից: Ինչ որ ասում էր տասական և քսանական թվականների գրական հոսանքների ու նրանց միջև եղած բախումների մասին, այդ բոլորը ավելի ականատեսի ու մասնակցի խոսքի էին նման,

քան հետազոտողի: Ինչ որ ասում էր՝ ապրված նյութ էր իր համար:

  Նա խոսում էր մի հայերենով, որ խառնուրդ էր արևմտահայերենի և արևելահայերենի: Իր խոսքը շատ էր բարեհնչուն, որ սաստիկ հրապուրում էր մեզ: Խոսում էր էպիկական հանգստությամբ, բայց՝ ոչ անտարբեր, թեև դժվար էր կռահել, թե ինչ նախասիրություններ ունի, ում է գերադասում՝ Ֆրանսին, թե՞ Ռոլանին:

  —Ես պատմում եմ ձեզ, թե ինչ է իրենից ներկայացնում ֆրանսական գրականությունը դարասկզբից սկսած։ Ես, իբրև գեղարվեստական հեղինակ ինչ-որ միտումներ կընդունիմ, ինչ–որ միտումներ՝ ոչ, բայց եթե չընդունածս երևույթ է եղած, ազդած է ընթացքի վրա, իբրև դասախոս պարտքս կհամարիմ հիշել, բնորոշել ու գնահատել:

  Տարբեր խմբավորումների մասին խոսելիս նա անուններ էր տալիս, որ առաջին անգամն էինք լսում և պատմում էր հավաքույթներից հետաքրքրագույն մանրամասնություններ, որոնք կենդանություն էին հաղորդում ասածին և մենք պատկերացնում էինք Փարիզի գրական մթնոլորտը:

  Ֆրանսի և Ռոլանի վեպերի մասին խոսելիս և Ապոլիների չափածոյի շուրջ արտահայտվելիս՝ նա որոշում էր նրանց տեղը դրական ընդհանուր համայնապատկերում, պարզում նրանց ազդեցությունը: Ոչ ոք մեր դասախոսներից վեպի վերլուծության այդպիսի փայլուն օրինակներ չէր տվել: Լինելով վիպասանուհի՝ նա այդ անում էր այնպիսի հմտությամբ, ինչպես ժամագործը, որ քանդում և հավաքում է ժամացույցի մեխանիզմը: Երեսնական թվականների կեսերին նա մեզ Ֆրանսի և Ռոլանի մասին հայտնում էր մտքեր, որոնց հանդիպել եմ երեք և ավելի տասնամյակ հետո այդ վիպասաններին նվիրված ռուսական հետազոտություններում: Ես և կարդացի <<Աստվածները ծարավի են>>, <<Ժան-Քրիստոֆս>>, <<Կոլա Բրունյոն>>, <<Հմայված հոգին>>, <<Կրակը>>: Կարդում էի Ապոլիներ , Ժան Ռիշար, Բլոկ, Վայան Կուտուրյե:

  Բոլորս Զապել Եսայանի ազդեցության տակ էինք և կարծում էինք, որ ֆրանսիական գրականությունը, մանավանդ նրա արձակ ճյուղը լավագույնն է աշխարհում:

  Խնդրեցինք և նա մեզ կարդում էր Ապոլիների բանաստեղծությունները ֆրանսերեն: Չէինք հասկանում, բայց ախորժալուր ֆրանսերենը շոյում էր մեր լսողությունը: Չհասկանալով՝ կարող էինք անընդհատ լսել: Նա կարդում էր հանգիստ ձայնով, բայց ներշնչանքով, տպավորությունն այնպես էր, թե կարդալիս հուզվում է,  ապրում և համակվում բանաստեղծի ապրումներով և այդ պահին նրա սիրտը տագնապալի տրոփում է մի անհայտ զգացումից:

  Ընդմիջումներին , եթե պրոֆեսորականի դուռը բաց էր, անցնում էինք և աչք գցում մեր պրոֆեսորներին: Նրանք մեզ համար հեղինակություններ էին և մեզ հետաքրքիր էր նրանց տեսնել <<անպաշտոն>> վիճակում: Զապել Եսայանը գահավորակի վրա նստած ծխում էր: Դա էլ նորություն էր: Այն տարիներին սովոր չէինք կնոջը ծխելիս տեսնել: Ընդհանրապես նկատել էինք, որ նրա պահվածքի մեջ կար մի անկախություն: Նա նոր մարդ էր Երևանում և չէր աշխատում հարմարվել տեղական սովորույթներին: Նա անում էր այն, ինչ սովոր էր անել Փարիզում և ոչ մի նշանակություն չէր տալիս, թե ով ինչ կասի: Գիտեր, որ ծխելու վրաշատերը խեթ են նայում, բայց չնկատելուն էր տալիս և նույնիսկ հենց դրանց էլ մեկնում էր ծխախոտատուփը:

  Գրողների տանը մի երկու անգամ հանդիպեցի դասախոսիս: Նույնիսկ կարճ զրույց ունեցանք մի անգամ: Հարցը վերաբերում էր Մկրտիչ Արմենի <<Հեղնար աղբյուրին>>, որի շուրջ տաք վիճաբանություն էր ծավալվել մամուլում և Եսայանը, մասնակցելով վեճերին , պաշտպանում էր հեղինակին նրա ընդդիմախոսներից:

  Գրողների տանը, հիմա չեմ հիշում, թե ով, հարցրեց, թե Փարիզի կոմֆորտին սովոր Եսայանը ինչպես է դիմանում երևանյան կենցաղային անհարմարություններին: Դեմքը լրջացավ, որին հետևեց պատասխանը.

  —Այդ պակասներն իմ աչքին արժեք չունին, վերելքի ապացույցները շատ-շատ են, ու ես ինծի այս երկրի խանդավառ շինարարներից մեկը կզգամ: Գոհացրի՞ ձեզի:

  Զրույցներից մեկի ժամանակ, դարձյալ գրողների տանը, պարզվեց, որ առանձնապես գնահատում է երկու գրողի: Սփյուռքից՝ Համաստեղին, Հայաստանից՝ Բակունցին: Երկուսի մասին էլ խոսում էր դրվատանքով, թեև նրա ոճը զուսպ էր և ընդհանուր առմամբ գովեստներ չէր շռայլում:

  Մեկ անգամ էլ նա խոսեց Բակունցի մասին, բայց այս անգամ հրապարակավ 1936 թվականն էր։ Գրականության և արվեստի հարցերի շուրջ բանավեճեր էին կաղմակերպվում: Օրակարգի հարցն էր՝ <<Պայքար նատուրալիզմի և ֆորմալիզմի դեմ>>: Երևանում զեկուցողը Դրաստամատ Տեր Սիմոնյանն էր:

  Երեք օր տևեց: Գրողները քննադատում էին միմյանց: Քննադատում էին իրենք իրենց: Արժեքներ նսեմացնելու փորձեր կատարվեցին: Քննադատության ենթարկված ստեղծագործություններից էր Բակունցի <<Եղբայրության ընկու զենիները>>: Բայց գտնվեցին մարդիկ, որ պաշտպանության տակ առան գրականության իսկական երևույթները: ԶապելԵսայանը ընդարձակ ելույթ ունեցավ, քննադատական ոգով խոսեց արևմտաեվրոպական գրականության մեջ եղած արդի միտումների մասին: Դժվար է այժմ մտաբերել,

թե ինչ էր ասում, բայց հիշում եմ նրա խոսքի այն մասը, որ վերաբերում էր մեր գրողներին՝ Չարենցին, Բակունցին, Զորայանին, Մկրտիչ Արմենին:

  Չհամաձայնվեց Բակունցին քննադատողների հետ, ասաց, թե այնտեղ տեսնում է հումոր, դրամատիզմ:

  Միտս է մնացել, թե ինչ ասաց Չարենցի մասին: Գիտեինք, որ նա ընդունում և պաշտպանում է Չարենցի մեծությունը, բայց այն, ինչ այդ օրն ասաց, բարձրագույն մի գնահատություն էր՝ ընդդեմ բանաստեղծի հակառակորդների: Բայց դա միաժամանակ վկայություն էր, թե ինչպես գրողը երբեմն կարող է բարձրանալ իրենից և գրչակից ընկերոջ համար գտնել մեծարանքի խոսքեր, ստվերի տակ թողնելով

սեփական արժեքը: Լավ հիշում եմ, որ նրա հանգիստ ձայնի մեջ խստություն զգացվեց, երբ ասաց, թե ապագայում այսօրվա գրողներից շատերի անունները կմոռացվեն, նկատի ունենալով նաև իրեն, ու եթե հիշվեն, ապա դարձյալ Չարենցի պատճառով, որպես նրա ժամանակակիցների:

  Մենք սիրում էինք մեր դասախոսին, և միշտ անհամբերությամբ ենք սպասել նրա ժամերին: Եվ ինչ լույս էր տեսնում մամուլում կամ առանձին գրքով՝ <<Կրակե շապիկը>>, <<Սիլիհտար իպարտեզները>>, հափշտակում էինք։

  Կազմակերպվեց մեր դասախոսի վախճանված ամուսնու՝ Տիգրան Եսայանի նկարչական ցուցահանդեսը: Կինը հոգ էր տարել, որ ամուսնու նկարները պահպանվեն և ի ցույց դրվեն արվեստասեր հասարակայնությանը: Մենք՝ ուսանողներով եղանք այդ ցուցահանդեսին, շրջապատեցինք մեր դասախոսին և մեր ներկայությունը նրան շատ հուզեց:

  Պարզվեց, որ հաճախ լինում է թատրոնում։ Տեսել էր <<Ուրիշի երեխան>> և պիեսի ու ներկայացման կատակերգական զվարթ անցուդարձը դուր էր եկել նրան։ Հավանել էր առանձնապես Գուրգեն Գաբրիելյանին։ Եվ դա առիթ եղավ, որ նա խոսի թատրոնի մասին։

  Մեր ուսանողներից մեկը՝ Հովհաննես Ղանալանյանը, իմանալով, որ նա վաղուց է հեռացել Պոլսից, հարցրեց պոլսահայ թատրոնի և դերասանների մասին։

  —Կրնամ երկու պատմություն մը ընել՝ երկուսն էլ դերասանուհիներու մասին, որոնք լսած եմ, թե կարդացած՝ չեմ հիշեր։ Ողբերգական ճակատագրեր։ Երկուսն էլ վիպական խորք ունին։

  Ու նայեց մեզ այնպես, ասես հարցնելիս լիներ՝ պատմե՞մ։ Ուշադրություն դարձանք։

  —Մեկի անունը՝ Արուսյակ Փափազյան։ Մեծագույնը բոլոր դերասանուհիներից մինչև որ սուլթան Համիդի հրամանագրով փակվեցին հայկական թատրոնները։ Արուսյակի անունը մագնիսի նման մարդկանց կքաշեր թատրոն։ Ողբերգական դերեր կխաղար՝ Մեդեա, ու կալեկոծեր ներկաների սիրտերը։ Դարի վերջերին ամուսինը կորցրած այս դերասանուհին, որ վաղուց բեմից քաշված էր, մոռացության և աղքատության մեջ Պոլսո փողոցներում կերևար խելացնոր եղած և փող կմուրար։ Ու, կերևակայեք, թե մարդու ապերախտությունը մինչև ուր կրնա հասնիլ․ հանդիսականները, որ մի ժամանակ ծաղիկ կտանեին անոր ու ամեն ինչ կընեին, որ արժանանային արվեստագետին մեկ հայացքին, այժմ անտարբեր կանցնեին կողքով՝ առանց երեսին նայելու։

  Կարճ լռությունից հետո․

  —Մարի Նվարդ։ Աս ալ քնքուշ դերերու դերասանուհի, որ խաղաց հայոց և թուրք թատրոններում և սիրվեց հասարակությունից ոչ պակաս։ Թատրոնը կբեմադրե <<Քամելիազարդ տիկինը>>։ Կխաղա Մարգարիտ Գոտիեի դերը։ Այս դերի մեջ անոր համեմատել են հանճարեղ Սառա Բեռնարին հետ։ Դրամային թուրք թարգմանիչը կսիրահարվի անոր։ Անունը մոռացել եմ, թերևս հիշեմ։ Նույն զգացումով կպապատասխանե դերասանուհին։ Հավիտենական սիրո երդում կուտան իրարու և համոզված, որ ոչինչ կրնա բաժանել իրենց իրարմե, կապրին որպես ամուսիններ։ Մի օր, այդ երեկո պիտի խաղային <<Քամելիազարդ տիկինը>>, ցերեկվա փորձին կներկայանա թարգմանիչը ու Մարի Նվարդին կհայտնե, թե իրենք չեն կրնա ամուսնանալ․ հայրը կսպառնա զրկել իրեն ժառանգությունից — այդ ոչինչ — բայց մայրն ալ կըսե, թե վերջ կուտա իր կյանքին, եթե իր միակ զավակը համարձակի կյավուրի հետ ամուսնանալ, այն էլ դերասանուհու։

  Ինքն ալ չի ուզեր մայրասպան ըլլալ։ Հույս ունի, որ Մարին կհասկանա իր անելանելի դրությունը և չի դատապարտե իրեն, և կհայտարարե միաժամանակ, որ ինքը Մարիին կշարունակի սիրել խենթի պես։

  Մարի Նվարդը լուռ կլսե, բան մը չի ըսեր, ընկերուհուն կխնդրե հղիության կանխարգելիչ դեղ մը գտնել։ Ընկերուհին կգտնե։ Մարի Նվարդը կընդունե դեղն ու բեմ կելլե։ Կըսեն, թե այդ գիշեր աննման է խաղացած։ Մարգարիտ Գոտիեն, ինչպես գիտեք, կվախճանի, ու այդով ներկայացումը կավարտվի։ Վարագույրը կփակվի, ու դահլիճը կպահանջե դերասանուհուն, սակայն վարագույրը չի բացվիր։ Ծափահարությունները չեն դադարի, ավելի ու ավելի բուռն կդառնան։

  Վարչական անձերեն մեկը բեմ կբարձրանա ու կհայտարարե․

  —Մարգարիտին մահը եղավ մեր սիրելի դերասանուհու մահը միաժամանակ։

  Զապել Եսայանը լռեց։ Ազդված էինք։

  —Հետաքրքիր է, այնպես չէ՞։ Ձեր մեջ գրող մը չկա՞, սա նյութից վիպակ մը վերստեղծե։

  Ուսանողներից մեկը հարցրեց․

  —Պիես չեք գրե՞լ։

  —Գրած եմ, ինչպե՞ս չէ։ Գրած եմ, բայց անհաջող․ ո՛չ տպագրած եմ, ո՛չ ալ բեմ հանած։ Տակավին հույսս կտրած չեմ, պիտի ջանամ, գուցե անգամ մը հաջողիմ։

  Հիշում եմ վերջին դասախոսությունը։ Ավելի շուտ՝ զրույցը։

  —Եկեք ընդմիջում չընենք։ Համաձա՞յն եք։ Ու եթե թույլ տաք՝ ես կծխեմ։ Դեմ չե՞ք։

  Ու կարճ դադարից հետո․

  —Հրաժեշտի օր է այսօր ինծի համար։ Գուցե այլևս չհանդիպենք իրարու:

  Գուցե դուք ալ ցրվեք այս մեծ երկրին չորս կողմերը և հանդիպեք շատ ուշ կամ բնավ չհանդիպեք։ Ճի՞շտ է։

  Հանեց ծխախոտատուփը, դրեց կողքի սեղանին, գտավ լուցկին, բայց չծխեց։ Ու խոսեց սրտագին մի լեզվով, ինչպես մայրը կխոսի զավակների հետ՝ նրանցից անջատվելուց առաջ։ Խոսեց մեր ապագա զբաղմունքից, խոսեց այն պատասխանատվությունից, որ ունի մանկավարժը սովորող երեխաների նկատմամբ։ Խոսեց երկրի ու նրա ապագայի մասին և ներշնչեց մեզ այն միտքը, որ նեղվելիս չնվնվանք, միշտ պայծառ նայենք ապագային, որի համար ապրում ենք և գործում՝ անկախ նրանից, թե ով մեզանից դրան կհասնի, ով՝ ոչ։

  Պարզ ու հայտնի ճշմարտություններ էին դրանք, բայց նա ասում էր այնպես, որ այլ գույն, այլ սրություն ու փայլ էին առնում դրանք։ Չեմ համարձակվում իր բառերով հիշել այդ մտքերը՝ երկյուղ կրելով, որ կկորցնեն այն անհատական ոգին, որ կենսափորձի, ծով իմացության, տեսածի ու վերապրածի մի հասարակ գումարը չէր։

  —Անջատվելեն առաջ խորհուրդ մը կուտամ ձեզի․ պահպանեք հասարակության ընդունած պայմանականությունները, որոնք՝ ծայրահեղության հասածը լինելով, քաղքենի հոգեբանության են մատնած մարդոց, սակայն ձգտեք բնականին։ Չկարծեք՝ ռուսոյական քարոզ կկարդամ, պարզապես կկամենամ, որ բնությանը ավելի մոտ ըլլաք և ուշադիր՝ ձեր ներքին ձայնին։

  Բերում եմ նրա վերջին խոսքը․

  —Եթե հոգեպես նեղվիք՝ հիշեք, որ կրնամ ձեզի նեցուկ ըլլալ։ Եթե նյութապես նեղվիք՝ չզլանաք աջակցությանս ապավինել։

  Այս ասելով, նա մոտեցավ մեր դասընթացի միակ ուսանողուհուն՝ Ալիս Մանուկյանին և համբուրեց․

  —Ընդունեք, որ բոլորիդ համբուրեցի։-Եվ քայլեց դեպի դուռը՝ ինչպես միշտ հանգիստ ու խաղաղ, բայց հպարտ մի զգացումով։

Please follow and like us: