Կարինե Ռաֆայելյան/Սանսարի ուսմունքը

Տարիներ շարունակ ձգվող սիրո բացատրությունները վերաճել էին սիրավեպի: Ու թեև սիրավեպն իր տեսակի մեջ արտառոց էր և տարօրինակ, այդուհանդերձ, չափազանց հետաքրքիր էր թվում աղջկան ու մղում նրան համարձակ քայլերի:

Ամառ էր, տապ. մի շերտ ստվերը երկնային մանանայի քաղցրությամբ հրապուրում-կանչում էր մարդկանց: Այդ կանչով էլ աղջիկն ուղղվեց դեպի մեծ բեռնատարի ստվերում ծվարած նեղ մայթը: Փողոցի հակառակ եզրն արտակարգ եռուն էր ու մարդաշատ. այնտեղ տեղակայված էին զանազան կրպակներ, տաղավարներ: Իսկ այս եզրը, որով քայլում էր աղջիկը, բոլորովին դատարկ էր և կարծես նախատեսված էր ծառայելու իբրև ավտոկանգառ:

Աղջիկը մեքենայի ստվերագիծը հատելու պահին բնավ չէր սպասում որևէ հանդիպման, ուստի ահռելի շան կատաղի հաչոցը և հարձակումն իր վրա ընդունեց ակնհայտ զարմանքով, որն իր մեջ սարսափի գրեթե ոչ մի նշույլ չէր պարունակում: Հակառակը` այդ զարմանքն ավելի շատ վերլուծելու, ըմբռնելու էր հակված:

Շունը կատաղի հաչոցով վրա էր քշում, իսկ աղջիկն ուղիղ նրա աչքերին սևեռված հայացքով, թվում է, հարցնում էր. «Ինչո՞ւ, ինչո՞ւ հատկապես ես, հատուկ ինձ համար կտրել-անցել ես այն մարդաշատ, կերառատ մայթը, որ ի՞նչ: Այնտեղ քեզ համար հետաքրքրիր ոչինչ չկա՞ր…»:

Աղջիկն ապրում էր քաղաքի հեռավոր ծայրամասերից մեկում, ուր շներն իրենց քանակով (որոշ դեպքերում էլ՝ որակով) գերազանցում էին մարդկանց: Բայց այս շունն իր տեսածներին նման չէր, սրա մեջ ինչ-որ ծանոթ, մտերիմ բան կար:

Մինչ աղջիկը աճող տարակուսանքով փորձում էր շանը «երկխոսության» տրամադրել, ինքնապաշտպանական բնազդը նրան դրդեց հիշելու հոր խոսքերը. «Երբ վրադ շուն հարձակվի, քար նետիր նրա կողմը կամ թեկուզ միայն սպառնա, իսկույն կվախենա-կփախչի»: Նա չգիտեր` սա փորձած մեթո՞դ է, թե՞ հոր բանեցրած հնարը` ամեն երեկո տունդարձի ճանապարհին իր ունեցած տագնապները մեղմելու համար: Ինչևէ, այդ քարը գտնելու հույսով էլ դեռ իր վրա բացված երախի սարսափելիությունը չգիտակցող աղջիկը կեսդարձ կատարեց դեպի մայթեզրի պատը: Սակայն պատը շատ մոտ էր, ու կեսդարձի կամ նահանջի տեղ չկար: Աղջիկը փորձեց մեջքով հենվել պատին, բայց ոտքի անհաջող շարժումից աջ ծունկը ծալվեց, և նա ուղղակի նստեց մայթեզրին:

Հիմա արդեն շան երախը հավասարվեց նրա դեմքին: Հաչոցներն ավելի կատաղի դարձան, աչքերը` ահարկու: Բայց աղջիկը դեռ չէր հասել սարսափի գիտակցմանը: Շան երախից ծնկներին ընկած պայուսակի վրա ծորացող լորձունքը նողկանքի սարսուռ առաջացրեց աղջկա մեջ, բայց մինչև կհասկանար իրեն սպառնացող վտանգի մեծությունը և վայրի ճիչերով ու պայուսակի հարվածներով կվաներ գազանին, դեռ բանականության ու զգացմունքի մի շողարձակում էլ պիտի ունենար. տղամարդն ու շունը մեկ են: Սա իր ձևակերպումը չէր, այլ նրա` իր սիրելիի:

Երբ շանը քշելուց հետո, սարսափի զգացումից կարկամած, անուժ նստած էր մայթեզրին, անսպասելիորեն շրջապատվեց մարտից հետո սուր ճոճողների մի ստվար ամբոխով, որոնք մինչ այդ հասկանալի հետաքրքրությամբ դիտում էին իր և շան մենամարտը դիմացի մայթից: Վերջիններիս մարտական ուռաներն ու շանն ուղղված սեռական հայհոյանքները աղջկան կարծես դուրս բերեցին զարմանքի, նողկանքի ու սարսափի զգացումներով գերխտացած թմբիրից: Նա վեր կացավ, վիրավորելու չափ անարձագանք թողեց ասպետորեն իրեն ուղղվող առաջարկները, թափ տվեց փոշոտված հագուստը, թաշկինակով մաքրեց շան լորձունքի հետքերը պայուսակից և ձեռքերից, թաշկինակը ճմռթեց, նետեց մայթին ու շարունակեց քայլել` հետևում թողնելով բեռնատարի և չհասկացված ասպետների ստվերները:

Ավելի ուշ` կատարվածը մի քանի անգամ վերապրելուց հետո միայն, գլխի ընկավ, թե ում էին հիշեցնում շան հայացքն ու աչքերը, ապա մտաբերեց, որ ճիշտ այդ փողոցում` ուղիղ դիմացի շենքում է բնակվում նա՝ իր՝ առանց այն էլ տարօրինակ սիրավեպի հերոսը:

Աչքերի, հայացքի, բնակավայրի և էլի մի քանի ընդհանրությունների հայտնագործումը աղջկան ուղղորդեց դեպի հինդուիստական կրոնը: Նա հոգու վերամարմնավորման տեսությունը ստեղծագործաբար զուգադրեց կատարվածի հետ: Սանսարի ուսմունքը նրա համար դարձավ առարկայական, շոշափելի, բացարձակ ճշմարտություն…

…Տղամարդն ու շունը մեկ են:

Օրեր անց այս ճշմարտությունը պիտի տոներ իր կատարյալ հաղթանակն աղջկա կյանքում՝ իբրև անցյալ-կատարյալ սիրավեպի հետագիծ թողնելով տղամարդու շնակերպ երախից ծորացող լորձունքի հիշողությունը:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *