Հովհաննես Զորավիգ/Կենդանասիրություն հանուն Վեհանձնուհու Սիրո

(Համբույրդ` ինձ, իսկ շունը, կատուն ողջ տիեզերքը՝ քեզ)

Շների, որոնց հանդեպ տերերը յուրահատուկ վերաբերմունք ունեն, շատ եմ տեսել ու լսել դրանց պատմությունը։ Էլ հերոսացնում են, էլ մարդեղացնում։ Իմ հերոսը Մարդն է, իմ սիրած միակ կենդանին` մարդոց միջից հազարից մեկը։ Ու թե չլիներ Արփիի «Իմ կյանքի շները» պատմվածքն ու Մհերի ֆլեշմոբ- մարտահրավերը, դժվար թե հիշեի, որ ինձ էլ շատ շների մասին են պատմել դրանց ոգևորված տերերը։ Նույնիսկ փորձել են հերոսացել, բայց միշտ դեմ են առել վստահ համոզմունքիս` «իմ հերոսը Մարդն է, իմ սիրած միակ կենդանին` մարդոց միջից հազարից մեկը»։

 Եվ, այնուամենայնիվ, իմ գրչի տակով էլ շան մասին պատմություններ են անցել։ Դրանք հարազատներիս` իմ սիրած մարդկանց ունեցած շների մասին են։ Գրվել են պատանության անմոռաց օրերին, երբ ես գուցե ավելի բարի եմ եղել, ու սրտումս ինձ ու իմ նման Մարդուց բացի, կենդանիների` էդ շուն-շանորդիների համար էլ տեղ կար։ Դրանք իմ Անմոռաց օրերի երկու պատումներն են, որ մյուս 8-ի, թե 9-ի հետ «Անմոռաց օրերի պատումներ» անտիպ ժողովածուում էի ամփոփել։ Նյութական սղության պատճառով չտպագրվեց (ուսման վարձը վճարելն ավելի կարևոր էր)։ 

«Մարգահովիտի Զորավիգ» իմ խմբագրած թերթի հավաքածուում, բարեբախտաբար, պահպանվել են պատմվածքներից հինգը։ Երկուսը` շան մասին։

Ու շնորհակալ եմ Արփիին ու Մհերին, որ վերհուշի առիթ դարձան։ Չէ որ Ալաբաշի մասին պատմողը Վազգեն պապս էր, Բասարին տուն բերողը` Սուրո քեռիս։ «Անմոռաց օրերի պատումներ»-ում չմոռացվող մի պատմություն էլ կա` «Որսորդ Ավագի պատմությունը», որ Սուրեն հորեղբորիցս եմ լսել, ու մինչև հիմա ականջումս է։

Որսորդ Ավագն էլ շուն ուներ, էն էլ ինչ շուն` Բողար գամփռը։ Նա տիրոջ բոլոր հրահանգները կատարում էր, արագ ու անվնաս հասցնում խփած լորն ու բադը, և շնավարի ժեստերով գովում Ավագի քաջությունը, երբ արջ կամ վարազ էր խփած լինում։

Ու հիմա էդ երեք մարդասեր ու կենդանասեր մարդկանցից լսածը «Գրողուցավ»-ին է հանձնում նրանց շատ սիրող, բայց կենդանիների համար իր սրտում այդպես էլ տեղ չգտած ինձ նման մեկը։ Մարդեղ մարդս, որպես տիեզերքի ամենախոր առեղծված, մի պատմություն եմ հյուսում, որի կենտրոնում մարդն է` Աստծո ամենակատարյալ ստեղծագործությունը` իր բոլոր թերություններով հանդերձ։ 

Ես շուն չեմ ունեցել։ Իմ կյանքում հանդիպած շները ուրիշի շներ են եղել։ Լսածս պատմություններն էլ ուրիշի շների մասին են։ Մի երկուսը պատմեմ։

ԱԼԱԲԱՇԸ

Պապիս՝ Վազգեն Սարդարյանի պայծառ հիշատակին

Պապս պատմում էր Ալաբաշ շան մասին։ Հսկա հովվաշունը պահպանելիս է եղել ոչխարի հսկա հոտը։

– Մի հրաշք շուն էր Ալաբաշը, – հիշում է պապս ու՝ «Դե դու լավ ականջ արա» հորդորով սկսում իր պատմությունը: – Մենք շատ ոչխար ունեինք ու շատ շներ, բայց մինն էլ ա Ալաբաշին հասնիլ չէր, թե՛ իրա վազքով, թե՛ ճարպկությունով, թե՛ ռիսկով: Ալաբաշը հատուկ էր։ Նա հնենց վախտ էր համարձակ բաներ անում, որ թվում էր՝ վերջ: Հուլիսյան մի օր  սարում էինք․ դագի կողքին նստած կարդում էի Պռոշյանի «Հացի խնդիրը»: Հետն էլ մտիկ անում արխաջում արածող ոչխարի հոտին: Չնայած իմ նայել-չնայելը էս դեպքում էդքան էլ նշանակություն չուներ: Ալաբաշը հոտին մտիկ էր տալիս, ես հանգիստ էի։ Քու ղդար էի կամ ավելի պուճուր, լավ չեմ հիշում, – 13-ամյա թոռանը պատմում է պապս։

Պապս շատ էր ուզել անձամբ տեսնել գելխեղդ Ալաբաշի ռիսկն ու ճարպկությունը։ Վերջապես եկավ այդ սպասված պահը: Ալաբաշը, որ մինչ էդ պահը հսկում էր հոտը, վռազ վեր կացավ տեղից ու վազեց: «Ի՞նչ պատահեց»,- մտածում է պապս,- «խի՞ նա միանգամից վազքով վեր կացավ»: Հետաքրքրությունը շարժվում է, որոշում է ` ինչքան հնարավոր է հետևել Ալաբաշին: Մտերիմ ընկերոջը, որն իրենից պակաս չէր հետաքրքրված, առաջարկում է միասին գնալ Ալաբաշի հետևից: 

– Գնում էինք իրար կողքի, աջ ու ձախ էինք նայում` պարզելու, թե ուր է Ալաբաշը: Անընդհատ աջ ու ձախ նայելով՝ հոգնեցինք, իսկ երբ ճամփեն նեղացավ, ստիպված էինք իրար հետևից գնալ: Մեր ոտնամանները ընդամենը հին տրեխներ էին և սոթ էին տալիս կանաչի վրա: Վերջապես նկատեցինք Ալաբաշին, մեզանից ահագին հեռու, առաջն էլ երկու գել: Գիլանը գլխի էին ընկել, որ իրենց հետապնդում է Ալաբաշը: Մայրը շրջվեց, որ տեսնի, թե էդ ինչ շուն է, որ էդպես ռիսկով հետապնդում է իրենց: 

Երբ տեսավ Ալաբաշին՝ էդ գամփռ չոբանաշանը, կարող ա հըվատաս ոչ, բայց շուռ էկավ ու թռավ ձագի վրով, որ արդեն իրենից առաջ էր անցել: Ալաբաշը շարունակեց, իսկ մենք հեռացանք: Հասնելով դագենոնց մոտ՝ խտոր ընկանք շվաքում՝ փորձելով շունչ առնել: Քիչ անց երևաց Ալաբաշը` գզգզված մազերով, շնչակտուր: Ես նրան կեր տվի ու տարա մի դագի կողք, որ շունչ առնի, հանգստանա, կարող ա՝ մի քիչ քնի: էդպես էլ էղավ: Ուտելուց հետո քնեց: Էդքան ճանապարհ էր անցել. 

– Պա՛պ, սրանով Ալաբաշի պատմությունն ավարտվե՞ց: 

– Չէ՛, չէ․․․

․․․Երեկոյի թանձրացող մութի մեջ պապիս դեմքը պայծառանում էր, երբ հիշում էր իրենց հավատարիմ շանը:

– Մի քանի օր հետո սենց մի դեպք էլ պատահեց: Ալաբաշն անհետացավ: Արդեն կթի ժամն էր, բայց դեռ չկար. շատ զարմանալի էր: Նստած էի դագի կողքին, երբ հեռվում նկատեցի նրան: էկավ ու ուժասպառ ընկավ ոտքերիս տակ: «Երևի գիլան էին ռաստ էկել ու նրանց հեռացրել էր մեզանից»,- մտածեցի ես: Մեր մոզիներից մինը կորել էր, ես էլ ման էի գալի: Գնացի ղլաչեցոնց մոտ (էդ տարիներին միշտ Ինջալլու սար էին գալիս) որ իմանամ, թե նրանց մոտ ա մոզին: Պարզվեց՝ հա: Նրանցից էլ իմացա պատահածը: Ղլաչեցոնց տավարածն ասավ. 

– Կարող ա հըվատաս ոչ, բայց իրեք օր առաջ սհե մի բան տեհանք,- պատմեց Ղլաչեցոնց տավարածը։- Իրեք սև կենդանի վազում էին իրար եդնուց: Մտածեցինք «թե իրեքն էլ գիլան են, խի ա վերջինը նրանցից ահագին հեռու, թե` մինը շուն ա… Ի՞նչ ռիսկ պտի ունենա շունը, որ էդքան հեռանա հոտից»: 

– Ես ուշադիր լսում էի, ու քթիս տակ ծիծաղում,- շարունակեց պապս։- Վերջապես ասի. «Արի գնանք, քեզ ցույց տամ էդ առասպելական կենդանուն:- էկանք մեր դագի դուռը, Ալաբաշը նստած էր:- Որ ասեմ էս ա, կհվատա՞ս: 

– Հա՜, ճիշտ որ էս ա, հըվատալու ա, ասաց տավարածը։

– Պապի, Ալաբաշի պատմությունն ավարտվե՞ց… 

Պապս ժպտալով նայեց ինձ՝ հայացքով հասկացնելով, որ մնացածը հետո կպատմի…

ԲԱՍԱՐԸ

Քեռուս՝ Սուրեն Գասպարյանի պայծառ հիշատակին

Աշնան մի ցրտաշունչ օր քեռիս տուն բերեց հարևանի շան ձագերից մեկին։ Նորածին ձագը հազիվ էր շարժվում։ Հաճախ պարզապես գլորվում էր։ Կերակրելուց ու տաքացնելուց հետո տատս մեծ ստվարաթղթե արկղում շան համար հարմար բուն պատրաստեց։ Շանը Բասար անունը տվեցին։ Օրերն անցնում էին, Բասարը` մեծանում, և ամիսն ամսի վրա զգացվում էր, որ սովորական շուն չէ։ Երկու ամիս անց Բասարն արդեն մեծ շուն էր։ Տնից հանելուն և վզին շղթա դնելուն դժվարությամբ համակերպվեցինք։ Ազատ կյանքին սովոր շունն ինքն էլ իրեն կապի վրա տեսնել չէր ուզում։ Կապը թողնելու առիթներ էր փնտրում շարունակ։ Աղերսագին հաչոց-կլանչոցներով պահանջելու նման ուզում էր, վերադարձնել ազատությունը։

Երբեմն շան ցանկությունը կատարվում էր, և Քրիստինեն նրան զբոսանքի էր տանում։

Մի օր Բասարը հիվանդացավ։ Ոչինչ չէր ուտում։ Հազվադեպ ջուր էր խմում։ Անասնաբույժ կանչեցին։ Պարզվեց` վտանգավոր բան չկա։ Հիվանդության միակ պատճառը վզի կապն է, ազատության տենչը։ Վզկապը հանեցին։ Հաշված րոպեներ անց վազվզում էր, խաղում դիմացն ընկած փայտի կտորներով, առջևի ոտքերով քանդում հողը։

Որոշվեց. «Այլևս ոչ մի շղթա Բասարի վզին»։ Նա տան պահապանի` իրեն վստահված գործը առանց վզկապի էր շարունակելու։ Սրտի ուզածի չափ ազատ, անխռով։

Զբոսանքները հաճախակի դարձան։ Քրիստինեն ամեն օր Բասարին զբոսանքի էր տանում, պտտում ողջ թաղը։ Շունն առանց վզկապի էլ ընթանում էր տիրուհուն համաքայլ։ Ասես ասուն մարդ լիներ, որը գիտի` որտեղ ինչպես պահել իրեն։ 

Մի օր Քրիստինեն տեսավ, որ շունը կարծես փորձում է կրկնօրինակել իր շարժումները։ Սկսվեցին Բասարի պարապմունքները: Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի Բասարի ունակությունները բացահայտվեն տան մյուս անդամների, նաև եկող-գնացողների համար: Բասարն ատամներով փայտ էր բերում, պարան էր բռնում, օղակի միջով անցնում էր, ըստ հրահանգի նստում, կանգնում և պառկում էր, «երգիր» հրամանի դեպքում՝ արտասովոր ձայներ արձակում: Եվ վերջապես, քեռուս տուն այցելած մարդիկ, հատկապես նրանք, ովքեր մթնով էին գալիս, իրենց հետ տանում էին պահապան շան պատմությունը: «Ութերորդ դասարանն ավարտելու կապակցությամբ 2005 թվականի ամռան սկզբին էքսկուրսիա էինք գնալու Խոր Վիրապ: Առավոտ վաղ արթնացա, պատրաստվեցի և դուրս եկա՝ ուղղություն վերցնելով դեպի հավաքատեղի, որտեղից պիտի ավտոբուս նստեի: Տան շեմից մինչև ավտոբուս ու այնտեղից էլ մինչև գյուղից դուրս գալը, ավտոբուսի ընթացքն ուղեկցեց շունս»,- հիշում է Քրիստինեն: Արդեն ուսանողական տարիներին Բասարը Քրիստինեին ուղեկցում էր մինչև կանգառ: Մի հայացք էր ձգում կանգառում հավաքվածների վրա, զննում և, համոզվելով, որ ամեն ինչ լավ է, նոր միայն վերադառնում էր տուն: Բասարն իսկապես տան շուն էր, պահապան: Երբ քեռիս հյուրեր էր ունենում, և գիշերը նրանց մեքենաները դռանը կանգնած մնում էին, շունը գիշերն ի լույս հսկում էր դրանք, և ոչ ոք չէր կարող մոտենալ մեքենաներին:

 ..Շան մահն էլ ինքնազոհ արարք էր. Գուգարքի սարվորներից մեկը մի գամփռ շուն ուներ, որը մարդու հավատարիմ բարեկամից վերածվել էր գազանի և ահ ու սարսափ էր տարածում շրջակայքում: Գամփռից ազատվելու համար որոշվեց թունավորել նրան: Բասարը գլխի էր ընկել, որ ընկերոջ կերը թունավորված է, և ամբողջ թափով հարձակվել էր ամանի վրա: Չկարողանալով շրջել այն, շունը ինչքան կարողացել, կերել էր թունավորված կերն ու բնի կողքին անշարժացել։

Չոմուրը

Չոմուրը հարևանի շունն էր։ Հավանաբար իմ ծնվելուց առաջ էր բակապահ շուն դարձել։ Թեև վզի ջնջիլը երկար էր, կապի վրա տարիներ անցկացնելով` կատաղել էր։ Երբեմն ագրեսիվ էր արձագանքում կերակրողներին։ Արդեն մտածում էին անտառ տանել- կորցնելու մասին։ Ինչու էին հապաղում` պարզ չէր։ Մի օր Չոմուրը հարձակվեց սովորականի նման իրեն կեր տարած Լիանայի վրա` ատամը թաղելով 9-ամյա աղջնակի այտին։ Լիանային բուժօգնություն ցուցաբերեց թաղի բուժքույրերից մեկը։ 

Չոմուրին կապից հանեցին։ Նրան էլ չտեսանք։ Իսկ Լիանայի` «զելյոնկայով» մշակված այտը աչքիս առջևից չի գնում։

Շան տարի

Տաք վառարանի կողքին տարեմուտի խոհերիս գրավոր տեսք էի տալիս։ Աստծուն առաքված իմ երազանքներն ու խնդրանքները դեռ երկնքի ճանապարհին էին, երբ վերից թափվող ճերմակ ձյան փաթիլների պես անհարցմունք, հայտնվեց այս շունը։ Չէի ուզում ընդունել։ Չարագույժ մի բան էի զգում այդ հիվանդոտ, դողացող կենդանու գալով։ Տուն թողնելուն կատեգորիկ դեմ էի։ Եղբայրս համառեց. տուն բերեց, մայրս գոլ կաթ լցրեց, դրեց շան առաջ ու գառդոնե բնում հարմարություն ստեղծելով` շան ձագին տեղավորեց տաք վառարանի հարևանությամբ։

Ժամեր անց իր տիրական, անշրջելի ներկայությունը հաստատեց 2006-ը։ Չինական օրացույցով Շան տարի էր։ Ու սկսվեց Շան տարին։ 

Հանուն սիրո համբույրի

Իմ սիրած միակ կենդանին Մարդն է, այն էլ` ամեն հազարից մեկը։ Հենց այդ Մեկի` չքնաղատես մի վեհանձնուհու համար է եղել կենդանիների առիթով արված միակ զոհողությունն իմ կյանքում։ Գրկել ու մի քանի րոպեով տուն եմ տարել մի անգամ շան, մի անգամ էլ` կատվի ձագ։

Այդ փոքրիկ զոհողության դիմաց Վեհանձնուհիս ինձ իսկական, շոշափելի դրախտ նվիրեց։ Իր դրախտը։ Դրա տեղը իդեալիստ Աստված գուցե չգիտի։ Ու եթե Եվան Ադամին այնպիսի դրախտ է տարել, ինչպիսին ինձ ուղեկցեց իմ եվայալիլիթակերպ Վեհանձնուհին, ապա թող ների Աստված պապիկը, բայց նյութակերտ ու մատերիալիստ Ադամը (ինչպես և հետո` բիթի Ադամորդիք) միշտ էլ հավանելու են Եվայի ու Լիլիթի ընծայած դրախտը` Աստծուն շնորհակալ լինելով իրենց իսկական դրախտը ցույց տված Եվա կամ Լիլիթ իմ դեպքում` եվայալիլիթակեպ Վեհանձնուհի) նվիրելու համար։

Հայելին, նրա սովորական հայելին մի օր հայտնվեց իմ ձեռքում, ու նա իրեն տեսավ իբրև մի վեհատես գեղեցկուհի։ Իմ աչքերով էր նայում իրեն։ Երբ մի օր տիեզերքի պտույտը ձեռքով կառավարման բերեմ, նա իրեն կտեսնի նաև տիեզերական հայելում։ Ինչպես ես եմ ինձ տեսնում, երբ նայում եմ Սրտաբնակիս աչքերին ու նրա լուսե ժպիտում տեսնում ինձ ( իմ սիրտը սիրով լի է. Տերն ինձ շնորհ է արել` սրտիս յուրաքանչյուր զարկի համար մեկին ուղարկելով)։

Շունը, կատուն, ողջ հրաշագեղ բնությունն ու անսահման տիեզերքը քեզ, եվայալիլիթակերպ դիցուհի՛ս։ Բնությունն ու տիեզերքը ես քո մի համբույրում եմ գտել։ Ինձ ընծայած քո դրախտի դիմաց, որտեղ ես մշտաբնակ եմ, էդ ամենաքիչն է, որ երկնքի աստղերի հետ արժե շաղ տալ ոտքերիդ տակ…Քո մի համբույրը հավիտյան գոցեց Շան տարվա չփակվող դուռը՝ սիրո համբույրով հավերժորեն բանալով սիրո հեքիաթի անդիմադրելիորեն կանչող դարպասները։

Ասում են` շունը պահապան լինելու հատկություն ունի։ Չգիտեմ` որքանով է շանը հաջողվում պահպանել մարդուն կամ իրեն վստահվածը, բայց շների մասին պատմող այս ֆլեշ-մոբը առիթ եղավ վերհիշելու իմ «Անմոռաց օրերի պատումները» անտիպ ու կորսված գրքից երկու շան՝ Ալաբաշի ու Բասարի պատմությունները, որ բարեբախտաբար, փրկվել են` պահպանվելով «Մարգահովիտի Զորավիգ» թերթի հավաքածուներում։

Իսկ անմոռաց օրերի պատումներում չմոռացված մեծ սիրո պատմությունը ի պահ է տրվում «Գրողուցավ»-ին, որ սպեղանի դնի անմոռաց օրերի չմոռացվող պատումները չկորցնող Գրողի ցավին։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *