Սաթենիկ Ղազարյան/Գրքասեր շնիկը

Հիմա փորփրում եմ չեղած հիշողությունս ու հասկանում, որ իմ կյանքում շներ չեն եղել։ Եղել են զուգահեռ, այսինքն՝ ինչ-որ մեկի շունը, որի մասին իմացել եմ։ Միշտ խուսափել եմ կենդանիներից, նայել հեռվից։ Նրանք ինձ համար գեղեցիկ կամ յուրահատուկ արարածներ են եղել, որոնց չեմ կպել, չեմ մոտեցել, չեմ․․․ ինչքան հեռու այնքան լավ։ 

Եվ ահա, Արփիից ու նրա պատմվածքից վարակվածներից վարակված՝ ես էլ որոշեցի գրել իմ կյանքի շների մասին՝ հետևելով ֆլեշմոբի կանոններին։ Ասեմ որ փորձում եմ նաև առանձնացնել նրանց հերթով, ինչպես հայտնվել են կյանքումս։

Մանկական հիշողությանս առաջին շունը։

Այդ շանը ես չեմ տեսել։ Նա ինձ համար հրեշավոր մի արարած է պատկերվել, երբ առավոտ լուս ու մութին, տատիս տուն, որը ղռերում էր, դուռն աղմուկով բացվեց ու զռռալով ներս ընկավ մեծ եղբայրս, որն այն ժամանակ երևի մի տասը տարեկան էր։ Ինձ հիշում եմ հատակին, իսկ դռան մոտ կանգնած եղբորս դեմքն արյունոտ, հոնքը բացված, մորթե երկարականջ փափախը թեք դրված գլխին։ Մեծերը ահաբեկված գոռում էին․

-Էս լակոտը փափախով շանը գժվացրելա, շունն էլ հարձակվել կծել ա։

Եղբորս արագ տարան ու սրսկեցին կատաղության դեմ։ Նա ինձ ցույց տվեց պորտի կողքի ասեղի հետքերը։ Իսկ լակոտի բացված հոնքը կարել էին ու վիրակապ դրել։

Ի հակառակ ինձ, քույրս չափազանցված սեր ուներ շների նկատմամբ ու նաև անականջ էր, այդպես մայրս էր ասում, անում էր ինչ խելքին փչում էր, և ահա մի օր փողոցից տուն էր բերել մի քոթոթ։ Սովորական, մոխրագույն քոթոթ էր, որ քայլում ու վազում էր բնակարանում՝ կեղտոտում ու միզում ոնց պատահի, իսկ քույրս նաև որոշել էր կերակրել դոլմայով։ Եվ խաղողի կանաչ թփով դոլման տնով մեկ՝ «պոլերին» թափված էր, որ շունն ուտի։ Դե իհարկե մայրս աշխատանքից եկավ, քրոջս ոնց պետք էր ասեց ու քոթոթին դուրս հրավիրեց։

Տատիս բակի Դրուժոկ անունով շան մասին չեմ պատմի, բարի շուն էր և հիշում եմ ոնց էր վազում մեր դիմաց՝ խաղացնելով պոչը։

Աշխատում էի Հայհամերգում։  Ցուրտ ու մութ տարիներն էին։ Գնում էինք շրջաններ ու գալիս ուշ։ Ավտոբուսը կանգնում էր օպերայի մոտ, որտեղից էլ ամեն մեկս՝ իր տուն։ Այդ օրը շատ ուշ էր ժամը։ Փողոցները գրեթե դատարկ էին։ Ես արագ-արագ, վազքով ուղղվեցի դեպի Երիտասարդական։ Կոնսերվատորիայի այգու մոտ մի սև, լավ մեծ շուն մոտեցավ ինձ։ Սկզբում անհանգստացա, չեմ հիշում, որ վախեցել եմ, շունը մոտեցավ ինձ ու կողքիցս, քայլիս համընթաց քայլեց։ Քայլում էինք հավասար, ասես միասին դուրս էինք եկել զբոսանքի։ Ապահովության զգացումը տիրեց ինձ ու այդպես հասանք Երիտասարդական և հեռացավ, երբ բարձրացա ավտոբուս։

Մյուսը՝

Երևի թե մեկ ամիս կլիներ, որ այդ քոթոթը հինգ հարկանի մեր շենքի մուտքում որոշել էր հաստատվել, բնակվել։ Հերթով տեղավորվում էր բնակարանների դռան դիմաց գցված փալասներին ու քնում, սպասում։ Կերակրում էին։ Տաք էր։ Ու նա էլ շենքից դուրս գալու միտք չուներ։

Ես սպասում էի որդուս վերադարձին։ Նրա ծառայության ժամկետն ավարտվել էր ու ինձ ասել էին, որ ճանապարհին է, վերադառնում է։

Նայում եմ պատուհանից, մեքենան կանգնեց, վազում եմ։ Լսվում է շան բարձր հաչոց, ավելի բարձր, ավելի բարձր, շունը հաչում է, որդիս գոռում․

-Հեռո՛ւ։

Հաչում է։

-Հեռո՜ւ․․․

Ես վազքով իջնում եմ հիգերորդ հարկից, երկրորդ հարկի աստիճանահարթակին կանգնած է որդիս, իսկ ոտքերի մոտ պոչը խաղացնելով, անընդհատ բարեկամական մոլուցքով հաչում է քոթոթը, որին չի կարողանում հեռացնել։

-Թո՛ղ մորս գրկեմ․․․

Մենք գրկախառնվում ենք։ Շունը խառնված մեր ոտքերին հաչում է։

Եվ ահա իմ ամենաշունիկը։ 

Որդիս տուն է բերում մի նոր ծնված շան ձագ, ցեղական, մալտիզ, ճերմակ, բաց շոկոլադագույն ականջներով։ Հարսս բողոքում է, որ չի կարող պահել, իսկ տղաս չի ուզում հետ տանի, երեխաներն էլ ուրախացել են, չգիտեմ։ Ասում է․

-Մա՛մ, դու պիտի պահես։

-Ո՞նց, ես զզվում եմ, ես չեմ կարող, ես չգիտեմ պահել․․․ մի խոսքով, ինչ պատճառ ասես բերեցի, որ ինձ վրա հույս չդնեն, բայց չփրկվեցի, արկղիկով ձագուկին բերեցին իմ տուն։ Արդեն մեկ տարեկան է, այսինքն մեկ տարի է՝ խնամում եմ։ Խելոք, սիրուն շունիկ է, չի հաչում, չի կծում, ժամերով թողնեմ, իր տակը չի անում, մի խոսքով հրաշք։ 

Գիշերը նվնվոց եմ լսում, ցրտին սրթսրթալով մոտենում եմ արկղիկին, հարցնում դժգոհ․

-Ի՞նչ ես ուզում, մենակ դու էիր ինձ պակաս։ Բողոքում եմ։ Հանում դնում եմ տակաշորին, միզում է ու լռում։ Բա հո իր տակը չէր անելու։ Այսպես մի երկու շաբաթ։ 

Հա, գրելու ընթացքում հիշեցի ամենադեպքը։

Ըստ սովորության գիրքը կարդում եմ և եթե ընդմիջվում է, ապա բաց շրջում եմ սեղանին, որ տեղը չկորցնեմ։ Ուրեմն գիրք եմ կարդում, ու ինձ կանչում են թոռներս, գիրքը բաց թողնում եմ դիվանին ու գնում, երևի մեկ ժամ հետո գալիս եմ։ Դիվանին շատ սիրուն նստած է շնիկս ու կլոր, պլշած աչքերով ինձ է նայում հենց բացում եմ դուռը։ Դիմացը լցված է մի կույտ թուղթ՝ պատառոտված, գզգզված։  Միանգամից գլխի չընկա։ Մոտեցա ինչ տեսնեմ․․․ գրադարանի գիրքը, որ բացված թողել էի՝ կարդացել է։ Խոստովանեմ՝ թուղթ ուտել սիրում է։ Հետո ամբողջ համացանցով, գրախանութներով փնտրեցինք ու այդ գրքից չգտանք։ Չեմ ասի որ։ Շնիկիս շատ եմ սիրում, ճար չունեի, պիտի սիրեի, զգում էր։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *