Գերլինդե Հաքեր/Բանաստեղծություններ

Գերլինդե Հաքերը ժամանակակից ավստրիացի գրող, նկարիչ և գրական ակտիվիստ է, որը բնակվում է Վիեննայում։ Նա գրում է քնարական արձակ և քաղաքական գրականություն՝ աշխատելով տարբեր մեդիաների և տարբեր կոնտեքստների հետ։ IGFEM Ֆեմինիստ հեղինակների ասոցիացիայի նախագահն է, նախաձեռնում և համակարգում է առցանց գրական խմբեր, ֆեմինիստական տեսության խմբեր և #MeToo աշխատանքային խմբեր։ Նրա գրական գործունեությունը ներառում է բազմաթիվ հրապարակումներ, ընթերցումներ և ելույթներ։

թաքսիմ

դու առանց ինձ Թաքսիմի հրապարակում ես
ես մնում եմ տանը
իմ հետծննդաբերական ապրումների հետ

ինձնից հետո ծնվածների հետ
իմ ժանյակե ներքնազգեստով տուրք տալու քեզ
շղարշը մնում է պայքարի դաշտում
պայքարողները կանգնած են

ամեն ինչ թողած
կանգնած են
կանգնած են

բաց գլխով առանց ամոթի
տեսնելու համար առանց երկրորդ հայացքի
լսելու առանց երկրորդ, երրորդ կամ չորրորդ ականջի

ահաբեկչություն

ահաբեկչությունը 
մարմնից մի ձեռնաչափ է հեռու
գլուխը խժռում է այն 

վախ

հաղթում է օտար
ճնշող ուժը
ներխուժում և հաղթում է 

իմ աշխարհից դուրս

սիրեկանը՝ կապկպված
վագրի իմ շղթաներով
աստղային իմ այրող խոռոչում

իմ աշխարհից դուրս

մարած աչքեր
ամենաքիչը՝ շփոթված 

քո աշխարհում 

իմ մարմինը
շերտազատվում է 
հաճույքից
կապկպված
այրվող
շնչահեղձ

իմ աշխարհից դուրս

քամիներ են

ես ունեմ օթևան իմ գլխում
ես չունեմ տուն իմ գլխի օթևանում
ես ունեմ ակնոց տեսնելու համար
ունեմ խեցիներ լսելու համար

իմ գլխի տանը
ես ունեմ դռներ իմ մտքերին
վթարային ելքով
ծակելով դուրս են գալիս քթիցս
կոշիկիս մեջ մեխեր են
իմ օթևանն առանց տան
փլվում է իմ տանիքին
արյուն է կոշիկներումս

քամիներ են

մենք կորչում ենք
չտեսնելով իրար՝
անցնում ենք
դանդաղում ենք
դադարում ենք
դիմանում ենք

ինչպես սրել միտքը

ինչպես սրել միտքը, երբ դիմացդ պատ է․

պատեր և մի շարք անհաջողություններ

երեկ 

երեկ՝ սով
կարծես ուզում էինք ուտելով ջերմացնել սառնությունը մեր միջև
գիշերը ատամները փշրվում են՝ սառը ավազ

հիվանդ աղջիկը լուռ է

հայրերը մահանում են սառը արևից
երջանկության սև օրը

բառեր չօգտագործված չասված
նոր, վճիտ, անեղծ

իզուր են ամեն համբույր
ամեն վայելք
ժամանակի հետ ամեն ինչ փոխվում է
ու լցվում ցավով

զղջում եմ չտված համբույրի համար
զղջում եմ չարածի համար 

նաև 

արածի համար
այլևս ոչ մի աջակցություն

կինոթատրոն

իսկ երեկ մարդկանց կինոթատրոնում
դու իմ կողքին էիր

գլուխս հենել էի բեմին
թիկունքումս սոված օրերի հոտն է
դուրս գալու ցանկություն օրերից

դուրս
դուրս աղքատությունից

ամենուր  շոշափելի աղքատություն
ոգու աղքատություն
անհագ սով

և դեռ նիհար մինչև ոսկորները 

ոչ մի մայռ ռոքված յանդլ ծառին1

որտեղ քամին է
որ խճճվում է մազերի մեջ
որ  սեղմում է կոկորդը
ու ծալում ծնկները

պետք է
վերջապես պետք է աղմուկը գլխում
մարմնի  գլխավոր գրասենյակում
ուր ամեն ինչ իր դարակն ունի
ձախ կողմում ահազանգի կոճակն է պակասում

թեթև աշխատանքը շաբաթ օրը չէր խանգարի
սնունդը թափանցում է ծակոտիներով
և չեզոքացվում դեղով

գինովցած
լորենու տակ 

զուր ջանք
անսերություն է 

վայրագությունները մեկը մյուսի հետևից
կդառնան համաշխարհային գրականություն

իսկ մկները խեղդվում են
որ հացի փշրանքներ չուտեն
պահված գրպանում
պարկի մեջ թաքցրած այն
ինչ կարող էին ուտել
այլևս չի լինի փոխանակել  դրանք
այլ անմարդկային բաների հետ

անհանգստությունը վերածվում է բառերի
եթե սոված եք, խնդրեմ օգտվեք
իսկ եթե ոչ, ընտրեք այն
ինչ հավաքվել է մինչ այժմ
չիմացության մեջ
և վստահության համար մի կտոր
համաշխարհային գրականություն ավելացրեք:

ժամանակ  սպանել

ժամանակ  սպանել
խուսափել հողից

դևերը կատաղում են գլխում
ոտքերը ձախողվում են
կնոջ օրորոցը ճռռում է
լռեցնում է ամեն ինչ

ցավն այլևս չի դիմանում

կանացիությունը տապալվում է

Թարգմանությունը գերմաներենից՝ Միլենա Սաֆարյանի

  1. keine may geröckt am jandl baum- վերնագիրը հղում է կատարում ավստրիացի բանաստեղծ Էռնստ Յանդլին և կիրառում է ոչ ավանդական ոճ, որը հիշեցնում է Յանդլի փորձարարական մոտեցումը: Միևնույն ժամանակ, «may geröckt» արտահայտությունը ակնարկում է ավստրիացի բանաստեղծուհի Ֆրիդերիկե Մայրյոքերին, որը Յանդլի կինն էր։ «Geröckt» բառախաղը նրա անվան ստեղծագործական աղավաղումն է, որն արտացոլում է բառախաղերի տեխնիկան, որը և՛ Յանդլը, և՛ Մայրյոքերը հաճախ օգտագործում են իրենց պոեզիայում:
    Վերնագիրը հուշում է, որ ստեղծագործությունը գրված է ոչ թե Մայրոքերի ոճով ու Յանդլի ոգով, այլ անկախ և թարմ փոխհարաբերությունների մեջ է այս գրական ազդեցությունների հետ: Այն ծառայում է որպես հարգանքի տուրք ավստրիական ավանգարդ գրականության երկու կենտրոնական դեմքերին` միաժամանակ գիտակցաբար հեռանալով նրանցից և վերաիմաստավորելով նրանց: ↩︎
Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *