Մարիա Դոմբրովսկա/Ամենաերկար ճանապարհը(2)

Սկիզբը՝ այստեղ

Մայրը թաքուն արցունքները սրբեց՝ մտքից, որ կատուն իրենց  միակ չորքոտանին է: 

– Ե՞րբ ենք կարողանալու մի բանի հասնել: Ինչ ունեինք, տվեցինք հիվանդություններին ու թաղումներին: Պանի կալվա՜ծքը, պանի կալվա՜ծքը, մեզ ի՜նչ, պանը իրենն է առաջ տանում: Ոչ մի կով ունենք, Տեր աստված, ոչ մի խոզի գոճի, ոչ էլ գոնե հավ: 

– Որ տուն ունենանք,-ոգևորվեց հայրիկը,- էլ չե՞նք  ձգտելու`  մի բանի հասնենք: 

– Այո: Որ էդ տունը չլիներ էլ, էլի կգոյատևեինք ու ձգտեինք հասնել ինչ-որ բանի: Բայց լավ է, որ կունենանք լավ բնակարան:

Եվս մի անգամ լավ զգացին իրենց էդ մտքից ու պատրաստվեցին քնելու:

Ծղոտը նոր էր, չջարդված ու խշխշան:

Այն որ հիմա միասին են, իրար հետ տանում են ամեն դժվարություն, իրար սրտի ցավ, ինչը խամրեցնում է նրանց ցերեկները, բայց լույս տալիս գիշերներին, դա օգնում է նրանց առաջ գնալ և գոյատևել ամեն  ժամանակ:  

Ի՞նչ մեծ բան է բնակարանը: Անձրև էլ թափվի գլխներին, հոգ չէ: Կարևոր է, որ բոլորը միասին են հիմա, քնած են մի տանիքի տակ, իսկ վաղը երբ արթնանան, գուցե արև լինի: 

Արև էր, բայց երկար չտևեց: Մայիսին սկսեցին անձրևներն ու չդադարեցին: Ամբողջ ամառ անձրևներ տեղացին: Ամեն ինչ փայլում էր ծեծած թիթեղի նման` կանաչ խոտը, նույնիսկ փտածը, իսկ դաշտերում ցանածը արագ աճեց: Մարդիկ անընդհատ թիկնոցներով ծածկված` մռայլ տեսք ունեին օրը ցերեկով: Անձրևների պատճառով ամբողջ ամառ աղյուսե տան կառուցումը չսկսվեց: Հիմքը գցեցին ու գործը ինչ-որ էլ առաջ չգնաց:  

Բայց Կաչմարեկներն էլ ոչ մի գնով էդտեղից հեռացողը չէին: Հենց որ մի քիչ ազատ ժամանակ էին ունենում, ու երկինքն էլ պարզվում էր, ամբողջ ընտանիքով գնում էին շինարարության վայրը ու սկսում տեղանքը նայել, թե որտեղ են լինելու իրենց պատուհանները, իրենց առաստաղը, իրենց դուռը, իրենց խոհանոցը: Փորած, ոչ մի բանի չնմանվող այդ տարածքը` լցված դեղին կավով ու աղյուսի կույտերով, նրանց համար, թվում է, աշխարհի այն կետն էր, որը փնտրել էին երկար-երկար: Էդ տարածքում մի անգամ շան քոթոթ գտան, որը նրանց հետևից եկավ մինչև տուն ու մնաց: Չնայած էն բանին, որ գյուղում բոլորը նույնիսկ հավերին էին դեմքով ճանաչում, չկարողացան պարզել, թե շան քոթոթը ումն է: Երևի Պոկուճիցե տանող ճանապարհին ինչ-որ մեկն է կորցրել: Կաչմարեկները դա համարեցին լավ նշան` իրենց բարգավաճման երկար ճանապարհի սկզբին: 

Իրականում լավ բաներ էին սկսել կատարվել նրաց հետ: Փոքրիկ ուրախություններ էին նրանց այցելում բնավ էլ ոչ տան կառուցման հետ կապված, այլ լրիվ անկանխատեսելի  բաներից: Բերքը էս կողմերում ավելի թանկ էր: Հին բերքից մնացածը վաճառեցին, նորից էլ մի քիչ ծախեցին, բերաններից էլ մի քիչ կտրելով` պարտքերը տվեցին, մի քիչ ուշքի եկան, թե չէ նոր էկած ժամանակ թշվառ էին մուրացկանների նման: Սուրբ Ծննդից առաջ արդեն խոճկոր ունեին կալվածատնից որպես աշխատավճար տրված, իրենք էլ խնայում էին կով առնելու համար: Շունչ քաշեցին մի քիչ, կարծես առողջությունն էլ էր վերադարձել իրենց տուն: Զուզիան չնայած շարունակում էր գոմեր գնալ ու ամբարներում աշխատել, գունատ դեմքին թեթև կարմրություն էր հայտնվել, ամրացել էր մի տեսակ ու նույնիսկ մի քիչ զվարթացել: Որտեղից էր նրա ուժը, չգիտեին: Անհանգստացնում էր նրանց այն, որ երեկոները տենդի մեջ դողում էր ու սառը քրտինքով պատվում. միգուցե էդպես հիվանդությունն էր նրան լքում:  

Մայրն էլ էր իրեն լավ զգում նոր տեղում: Յուլկայի հետ վերջերս փորձեցին, չկարողացան հիշել` վերջին անգամ երբ է չարաբաստիկ հիվանդությունը մորը անհանգստացրել: Մինչև սուրբծննդյան տոները մայրը ընդամենը երեք անգամ էր վատ զգացել: 

Տոներին բաներ կատարվեցին, որից ավելի   հուսավառվեցին լավ ապագայի համար:   

Մի օր գյուղ եկավ Յուզեֆ Միխալշչակը, Շատան մականունով մի խելագար, ում մասին միայն վատ բաներ էին ասում: Նրա վերադարձից անհանգստացած` մարդիկ սպասում էին, թե ում օջախի կրակն է մարելու կամ ում գլուխն է ջարդելու: Այդ նույն ժամանակ ինչ-որ մեկն ամուսնացավ պանի որդիների դայակի` քառասունամյա սիրունիկ Էլժբիետայի հետ և նրան տարավ Ամերիկա: Կաչմարեկը  կողմնակի այդ խոսակցություններին ականջալուր էր լինում աշխատանքի ժամանակ կամ Խոյնացկիի պանդոկում՝ չմտածելով, որ այդ լուրերի կծիկը իր տուն էլ է գլորվելու: Մինչ այդ Կաչմարեկը գյուղացիների մոտ մի երկու անգամ ասել էր, որ ցանկություն ունեին ժամանակին Ամերիկա գնալու: Շատան Միխալշչակը մտերմացել էր Կաչմարեկների հետ և եռանդով սկսել էր նրանց համոզել` գնալ Ամերիկա: Ինչն էր նրան դրդում Կաչմարեկներին համոզել, վախենու՞մ էր մենակ օվկիանոսը կտրելուց թե Կաչմարեկները նրան դուր էին գալիս, դժվար է ասել: Բայց այդ երկու ծայրահեղությունների մտերմությունը մի փոքր խառնաշփոթ սերմանեց նրանց սրտերում: Կաչմարեկներն սկզբում ոգևորվեցին` երկար տարիների երազանքը կարծես շոշափելի զգալով: Հետո զգացին, որ այն անժամանակ է եկել: Գուցե այն  ժամանակ, երբ թշվառ ու կորսված կանգնած էին երեք մահացած որդիների թարմ հողաթմբերի առաջ, նման առաջարկից մի վայրկյան անգամ չվարանեին: Բայց հիմա իրերի դրությունը այլ է: Կարծես գնում է դեպի լավը, իսկ ավելի երկար ճանապարհ սկսելու համար պետք է ավելի երկար մտածել: Այստեղ արդեն կորցնելու բան ունեն… 

Շատանը հռհռաց նրանց արժեքներից մեկի` աղյուսե տան վրա: Եվ այլ բարիքների, որոնք ըստ նրա Ամերիկայում էլ կարող էին ունենալ: Մի խոսքով` քիչ էին Ամերիկա չգնալու պատճառները:  Դեռ մտորում էին` այս կողմում, թե այն կողմում բախտ որոնելու մասին, երբ Յուլկան որոշեց նրանց փոխարեն: Հենց Նոր տարվա գիշերը լուր տվեցին կալվածատնից, որ երեխաների համար դայակ չեն կարողանում գտնել, չե՞ն ուզի արդյոք Կաչմարեկները իրենց դստերը ուղարկել աշխատանքի: 

Յուլկայի աչքերը փայլփլացին:  Ամերիկան դարձավ ավելի  փոքրիկ ու անհասանելի բան, իսկ այ սա ուրիշ էր՝ իրական ու շոշափելի: Չսպասելով ծնողների որոշմանը` իր ցանկությունն արտահայտեց.

– Ես լրիվ համաձայն եմ էդ գործին: 

Ճակատագրի որոշմանը դեմ գնալ չեն կարող` Ամերիկայի մասին էլ խոսք չեղավ: Յուլկային հո էստեղ մենակ չեն թողելու: 

Սկսեցին կյանքի համը ավելի շատ զգալ: Եթե մինչ այդ մտածում էին` գոյատևելու համար շատ բան պետք չէ, հերիք է, որ բոլորը ողջ-առողջ միասին են, ու ամեն գնով պատրաստ էին սպասել տան կառուցմանը, հիմա` թող էն էլ լինի, էն էլ լինի: 

Յուլկան իրեն լավ էր զգում կալավածատանը` պանի երեխեքը սիրում էին նրան, նա էլ գործ ուներ, ապրելու տեղ ուներ, ազատ ժամանակ էլ վազում էր տուն` աչքը մոր վրա պահում: Ոչ մեկը չէր տուժում դրանից: Հակառակը` Յուլկայի աշխատածը հետ էին գցում` թաքուն երազելով, բայց բարձրաձայն չարտասանելով «հող» բառը: Վախենում էին ժամանակից առաջ ընկնել, իսկ այդ ժամանակը դեռ շատ հեռու էր: Կաչմարեկը մտքում հաշվում էր, թե քանի-քանի անհաշվելի տարիներ պետք է աշխատեին, որ իրենց ոտքի տակի հողը ունենային: 

Մտքում դեգերում էր հորիզոնից այն կողմ անծանոթ տեղանքներում` փնտրելով մի կտոր էժան հող` աղքատի գրպանին համար: Բայց որտեղ վերջանում էր  հարուստի սեփականությունը, այնտեղ սկսում էր գյուղացունը: Ումից էդքան էժան հող առներ, որքան էլ որ բերաններից կտրեին: Հողը էդքան մոտիկ է` հենց մարդու ոտքի տակ ու անընդհատ ծծում է մարդու դառը քրտինքը, բայց նրան հասնելու ճանապարհը շատ երկար է, ուրիշ ձև չի հասնի, միայն ծովով` պանդխտության միջոցով: Էնտեղ է փողը, որով կարող է էստեղ հող առնել․էստեղ փող չկա: Ալեկոծվելով պանդխտության մասին մտքերով` Կաչմարեկը այնուամենայնիվ լուռ տխրում էր, որ չգնաց Ամերիկա: Հետո եկան ավելի բարդ օրեր, ու նա ավելի շատ հակվեց այդ մտքին` չնայած թեթեև օրերին նույնպես այդ միտքը նրան չէր լքում:  

Ապրիլ ամսից դատային աշխատանքների կառավարիչը, որն  արդեն երկար տարիներ ծառայում էր պանին, հեռացավ աշխատանքից: Պանը կարգադրեց Կաչմարեկին աշխատել նրա տեղը, մինչև հիմնական մեկին կգտներ: Խոստացավ բերքով վճարել ամբարներից: 

Օտարի ձեռքին նայելը, նույնիսկ ժամանակավոր, հաճելի գործ չէ: Բայց: Ցորենի մի հատիկը ցորենի մի հասկ է, դրա համար քրտինք թափողին դրանով  արհամարհել հնարավոր չէ: Բացի դա` Ռուսոճինը այն տեղն է, որը Կաչմարեկին շատ հաջողություններ է բերել, պատրաստ է զոհաբերել շատ բաներ հանուն երազած մի կտոր հողի: Որ ճիշտն ասեր` չի էլ ուզում գնա օտար հողի վրա` Ամերիկա կամ Պրուսիա աշխատելու, կմնա ու ծանր աշխատանքով ձեռք կբերի մի կտոր իր հայրենի հողից, որը հիմա հսկում է: Իշխանական կամ  ռամկական, մի կտոր հող պետք է իրեն հասնի իր հայրենիքում: Միայն իր համար չէ, բոլորի համար պիտի մի կտոր հող գտնվի՝ բոլոր նրանց, ովքեր առավոտից երեկո էս հողի վրա քրտինք են թափում: Թվում է` միայն փողը չէ հարցը, պետք է նաև կամքի ուժ ունենալ, ինչ-որ միջոց գտնել, որ չաշխատեն էստեղ՝ ոնց որ օտար հողի վրա: Քայլում էր ձեռնափայտը ձեռքին հրաշալի մարգագետիններով ու նրանցով թել-թել իր սիրտն էր հյուսում, ու մտքեր էին այցի գալիս` տխուր ու իմաստալից: Իր համար բարդ էս մտորումներից իրեն կտրում էին ընտանեկան  խնդիրները: 

Յուլկան` իր աչքի լույսը, սիրում էր կալվածքի նախկին տնտեսվարի որդուն` Շչեպան Պոսիլեկին, վերջինս էլ նրան էր սիրում: 

Նրանք հանդիպում էին լճափին` պանի տան մոտ անմիջապես, շրջում էին թավուտ արահետով կամ խոտածածկ այգիներում: 

– Ես վաղուց եմ քո մասին մտածում: Էնքան յուրահատուկ ես, ուրիշ: Ինչ էլ անում ես, ինձ դուր է գալիս: 

Եվ ավելացրեց.

– Ես քեզ ուզելու համար հազարներ կվճարեի: Մորդ ոտքերը կընկնեի քո համար: Որ քեզ չեմ տեսնում, ամեն ինչ խառնվում է գլխիս մեջ: 

Հազարներ չվճարեց, բայց կատակ էլ չէր ասածը, թե չէ Յուլկան չէր ասի ամեն տեղ, որ գալու է իր ձեռքը խնդրելու: Նրան էլ պետք է հասկանալ. կարևոր չէ` ում որդին է Շչեպանը կամ ինչ ունի, ուղղակի ծնողներն էին սրտի դողով սպասում նրա խոսքին: Կարճ ժամանակ անց եկավ: Եկել էր գլուխ խոնարհելու, բարևելու, խոստացավ, որ խնամախոսներ կուղարկի, բայց ինչ-որ չուղարկեց: Կաչմարեկները մտածեցին, որ Պոսիլեկներն են դեմ, բայց Յուլկան ասաց, որ ինքը չի ուզում շտապել:

– Մորս մի քիչ էլ օգնեմ,- այսպիսով` հույսով սպասում էին: 

Նստում էին իրենց խրճիթի դիմաց ու ավելի շատ պատճառներ գտնում վաղվա օրով ուրախանալու: Կամ ազատ կիրակիներին գնում էին աղյուսե տան շինարարությանը նայելու, որն արդեն հասել էր տանիքը փակելուն: Երբ ցածրից վերև էին նայում,պատերը կարծես մինչև երկինք էին հասնում, ու ներսից բաց պատուհաններից  էին դեպի վեր` երկնքի կապույտին նայում: Այդ տեսարանը նրանց ավելի էր հուսադրում, որ ոչինչ կասեցրած չէ: 

Միայն Զուժիան էր նրանց տխրեցնում ու շփոթեցնում: Դարձել էր թույլ ու մանրաքայլ՝ կարծես կյանքին հրաժեշտ տալու ժամանակն էր: 

– Երկար չի ապրի,- խոսում էին իրար մեջ: Երբ փորձում էին ինչ-որ բանով նրան մխիթարել, հիշում էին նրա վերջին արարքները, ինչը մի փոքր զայրացնում-նեղացնում էր նրանց: Ձմռանը, էս նույն  ժամանակ, երբ նա ավելի պինդ ու առողջ էր, սկսել էր հաճախել պարի ակումբ: Ասում էին, որ իրեն այնքան էլ լավ չէր պահում: Պյոտրեկ Պատերկայի հետ սկսել էր սիլի-բիլի անել, ինչը չէր սազում կնոջը, որի մի ոտը էն աշխարհում էր: 

Գուցե էլ բան չուներ կորցնելու էս աշխարհում ու, ինչու՞ մեղադրել, եթե ցանկացել էր ապրել այն, ինչը էդպես էլ չէր տրվել իրեն ողջ կյանքի ընթացքում: Գուցե իրեն թույլ է տվել ապրել ու զգալ այն, ինչը մարդկային գոյության գրավականն է: Այդ սերը ծնողները իրեն տալ չէին կարող, սեր, որի շնորհիվ ընտանիք է կազմվում, ու տուն կառուցվում, չնայած վերևը տանիք չկա: Սեր, երբ ընտանիքի ուղիղ կեսը մահանում է, էն մյուս կեսը դրա շնորհիվ նորից ոտքի է կանգնում: Էդ սիրո շնորհիվ վերջին տարիներին ծնվեց նրանց փոքրիկ որդի Յուզեֆը: Տեր Աստված եկեղեցում չի օրհնել Զուժիայի կապը, բայց  մեծահոգությամբ կարծես ներել է նրա մեղքը: Նրան երբեք դրա համար չնախատեցին, հատկապես, որ Պյոտրեկը խմելով ընկավ, ինչը ևս Զուզիայի առողջության վրա վատ անդրադարձավ:  Եռանդով միայն եկեղեցի էին գնում` փառք տալու տիրոջը լավ կյանքի համար, աղոթելու Զուժիայի առողջության ու ներում խնդրելու նրա մեղքերի համար: 

Չոր ու շոգ ամառ էր այդ ամառը: Յուլկան կիրակիներին  գլուխը կորցրած պարահրապարակ էր վազում նշանածի հետ` մոռացած և տան գործերը, և պանի երեխաներին: Մի անգամ էրեխեքին ուզեց ցույց տալ, թե Շչեպանը ոնց է միայն ու միայն իր հետ պարում: Էրեխեքը լվացվեցին, սիրուն հագնվեցին ու հյուրի նման սպասում էին: Անհանգստանում էին, որ կեսօրվա ճաշը չվերջացրած՝ հանկարծ պարերը շուտ չսկսվեն: 

Պարերը գնչու աշխատողների կացարանում էին լինում: Ծղոտե ներքնակները բակում պատի տակ իրար կողքի շարել էին: Ներսում առաստաղից կախված էին ծառի ճյուղեր, ինչի շնորհիվ թվում էր՝ զովություն կա սրահում: Դեռ շատ մարդ չկար: Էրեխեքը պատուհանից ներս էին նայում: Ջութակի ձայնն էր լսվում ընդհատ-ընդհատ: Սրահը սկսում էր արագորեն լցվել: Յուլկան մարդկանց արանքներով զվարթ ու ծիծաղկոտ պտտվում էր: Երեխաները տեսնում էին նրա նեղլիկ ճակատը` դեղին խոպոպներով, նրա հուրհրացող աչքերը, կարմիր շրթունքները` սև ատամնաշարի ֆոնին, պեպենոտ քիթն ու ամբոխի միջով լողացող բարալիկ սիլուետը: 

Հիմա պիտի Շչեպանը վազեր ու նրան քաշեր պարահրապարակ: Չվազեց ու չքաշեց նրան պարահրապարակ, արդեն պարում էր Սոբչակուվնա Անջիայի հետ: 

Էրեխեքը գոռում էին.

– Յուլկայի հետ պարիր, մեր Յուլկայի հետ պարիր:

Իսկ Շչեպանի կապույտ աչքերը` սև ունքերի տակից միայն Անջիային էին նայում ու նրա կոկիկ սանրած սպիտակ մազերին: Յուլկան համբերատար, լայն ժպիտը դեմքին սպասում էր: 

–  Ի՞նչ ես էդպես նայում: Շչեպանի՞դ ես նայում: Նա Անջիային է խոսք տվել արդեն,-ասաց նրան մեկը: 

Յուլկան ծիծաղեց ու սկսեց վարանոտ քայլերով անցնել պարողներին. գուցե իրեն չի նկատել դեռ: Երևի միայն էս լուր հայտնողն էր իրեն նկատել: Պարի ժամանակ մարդիկ գլուխները կորցնում են: Բայց հենց ինքն էր գլուխը կորցրել:

Շաղված աչքերով նայեց էրեխեքին, որոնք նայում էին իրեն` որպես հանցանքի մեջ բռնվածի, ու ուզում էր ասել. «Հոպլա, խաբել էի, իսկ դուք հավատացիք»: Մտածեց նույնիսկ, որ ասել է, բայց չէր ասել  ոչ մի բառ, միայն մատներն էր քերում: Հետո փախավ: 

Լսում էր` ոնց են էրեխեքը հետևից վազում, բայց ճանապարհի կեսից թողեցին իրեն: Զարմացավ` որքան արագ էր անցել կալվածատունն ու հասել լճամերձ ծառուղի: 

-Էս ի՞նչ եղավ: Էս ի՞նչ եղավ,- հարցնում էր շփոթահար:

Բայց պատասխան չէր լսվում: Հաջորդ վայրկյանին հանդիմանեց իրեն.

– Ինչ հիմար եմ ես, թողեցի փախա: Արդեն մոտենալու էր ինձ, ու պարզվելու էր, որ սխալ եմ հասկացել: 

Քամու ձայնը խզում էր ծառուղու ստվերոտ լռությունը: Կանաչների սոսափը հանդարտեցրեց Յուլկայի ալեկոծված մտքերը: 

Ոչինչ էլ չէր պարզվելու: Իհարկե, տեսնում էր իրեն ու չտեսնելու էր տալիս: Բոլոր հակասական ու անսովոր բաները, որոնց ամեն անգամ նա ուշադրություն չէր դարձնում, եկան, միանգամից տեղն ընկան, ամենի հաստատումն էլ այսօրվա խոսքերն էին` նա արդեն Անջիային է խոսք տվել:

Շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us:

1 thought on “Մարիա Դոմբրովսկա/Ամենաերկար ճանապարհը(2)

Comments are closed.