Մարիա Դոմբրովսկա/Ամենաերկար ճանապարհը

Մարիա Դոմբրովսկան (1889-1965) 20-րդ դ. լեհական գրականության ամենահայտնի արձակագիրներից է. նրա որոշ գործեր նույնիսկ էկրանավորվել են։
Ծնվել է աղքատ ազնվականի ընտանիքում։ Հայրը՝ Յուզեֆ Շումսկին, 1860-ականներին մի շարք ապստամբությունների մասնակցած, ընտանիքի համար հացը վաստակում էր հարուստ կալվածատերերի մոտ ադմինիստրատորի աշխատանք կատարելով։ Հոր կերպարը, և ոչ միայն հոր, երևում է համարյա բոլոր նովելների և պատմվածքների մեջ։ Նրա գործերի մեջ, ինչպես օրինակ, «Սուրբ Ծնունդը» կամ «Մարդիկ՝ այն կողմից» նովելների շարքը, իր մանկության տարիների դեպքերի իրադարձությունների և դեմքերի նկարագրությունն է։ Ծնողները ջանացել են, որ նա լավ կրթություն ստանա. սովորել է Լոզանի համալսարանում, ապա Բրյուսելում։ Հետագայում աշխատելով հայրենիքում որպես ուսուցչուհի, ապա աշխատելով Գյուղատնտեսության նախարարությունում՝ հրաժարվել է պաշտոնից, որպեսզի զբաղվի գրական գործունեությամբ։ «Օրագրություններ»-ի մեջ գրել է․ «Ես չունեմ որևէ գաղափարախոսություն: Միակ բանը, որ ինձ առաջ է մղում այս կյանքում, սերն է մարդկանց ու կյանքի հանդեպ և կարեկցանքը։ Մարիա Դոմբրովսկան կյանքը լուռ դիտող և նրբորեն թղթին հանձնող արձակագիր է, որի գործերի առանցքում մարդն է՝ երազող, սխալական ու իրական, հաճախ ծիծաղելու կամ լացելու աստիճան։ Հայերեն թարգմանվում է առաջին անգամ։ Թարգմանությունը լեհերենից՝ Հռիփսիմե Զարգարյանի։

Անձրևն անխնա էր թափվում։  Կաչմարեկները համարյա ամբողջ ճանապարհին լուռ էին: Միայն այն ժամանակ,  երբ սկսեցին մոտենալ մացառուտներով ծածկված բլրին, որի վրա խաչ էր կանգնած, հայացքները բարձրացրին ու կամաց աշխուժացան: 

– Ռուսոճինը,- ձայնեց թրջված կառապանը` մտրակը մեկնելով դեպի խաչը: 

– Արդեն գյու՞ղն է,- հարցրին մնացածները և հայացքները սահեցրին դաշտերի վրայով:

– Սիրուն է էստեղ ամեն ինչը,- ուրախացան նրանք:

Նկատեցին անցած տարվանից մնացած դեզերը` անձրևից ու ձյունից խունացած, ապա մյուս կողմում տեսնելով ծառերի գանգրավուն  ճյուղերի արանքում տների կտուրները` մի տեսակ ուղղվեցին ու սկսեցին վրաներից թափ տալ անձրևի շիթերը:

Յուլկան տեղից մի քիչ բարձրացավ, որ նայի կատվին, որին տոպրակի մեջ կապել, տեղավորել էին տաշտակի տակ:

– Հեչ չի թրջվել,-հանդիսավոր ասաց նա և, տաշտակը մի կողմ տանելով, ձեռքը քսեց տոպրակի տաքացած մասին, որտեղ կտորի գործվածքի վրայից շոշափեց կատվի գլուխը:

Սայլը աղյուսաշար մատուռի կողքով դեպի ձախ թեքվեց ու անմիջապես կանգ առավ:

Կաչմարեկները իրենց նոր բնակարանին նայեցին առանց ոգևորության: Ծուռումուռ մի հյուղակ` հենարանների վրա պահվող, մնացած տներից հետ ընկած ու հեռու: Ինչու՞ էդքան հեռու: Շուրջը՝ աղբակույտեր, անպիտան իրեր: Ցուրտ էր, քամին թակում էր նրանց թրջված մարմինները, անձրևը կաթկթում էր ամեն ինչի վրա ու ամեն ինչից. գուցե դրա համար էր տեղանքը թվում տխուր ու անհրապույր: Միայն Յուլկան էր, որ եղածի մեջ վատ բան չէր տեսնում, չէր փնովում: 

– Տեղ հասանք,- զվարթ գոռաց նա և առաջինը ցած թռավ սայլից: Հետո ձեռները մեկնելով գոռաց, որ իրեն տան կատվին, Յուզեկին ու մնացածը: 

– Սա էլ էս տեղափոխությունից էնպես է ուրախանում, ոնց որ եսիմ ինչ լինի: Ինչ էլ որ կատարվի, մեկ է, նա ուրախ է,- ժպտաց մայրն ու սկսեց սայլից դուրս քաշել խառնիխուռն իրերը: 

Մեծահասակներն ուրախ չէին: Շատ անգամներ էին տեղափոխվել: Գիտեն` սկզբում լավ է ամեն տեղ, հետո`ավելի վատ: Ամեն տեղ: Իսկ էստեղ նույնիսկ սկզբում կարծես թե լավ չէ:

Այնուհանդերձ ներս կրեցին իրերը, Կաչմարեկը պտտվեց տան շուրջբոլորը: 

– Յարանտովների մեր տունն ավելի լավն էր,- ներս գալով՝ ասաց նա ուշացած հիասթափությամբ:

– Չուզեցիր էնտեղ ապրել, դե, ունես էն, ինչ ունես,- դեպի  իրականություն վերադարձրեց նրան մայրը: Հետո տագնապած ավելացրեց,- գ նա իրերի հետևից, պետք է մի շնչով ներս բերել, թե չէ մինչև երեկո որ ձգես…

Լավ կլիներ Կաչմարեկը պտտված չլիներ տան շուրջբոլորն ու չվհատվեր: Սա մի խղճուկ խրճիթ էր՝ էնքան պարզունակ կառույց, որ մարդու մարմին է փշաքաղվում: Պատերը ծղոտից էին: Պատուհանից անձրև էր ներս լցվում, իսկ ապակիներն այնպես ծուռ-մուռ էին, որ ոչինչ տեսնել հնարավոր չէր: Թերությունները նենգորեն աչքն էին մտնում արավ-արագ: Ահա, առաստաղին ինչ-որ հետքեր ու լաքաներ են: Թաց կավն է, կամ էլ ավելի շուտ` անձրևաջրերի հետքը: Հատակը հարթեցրած չէր, տհաճ էր վրայով քայլել: Դռան փականը` ջարդված: Որ ամեն ինչը սարքվի, կարգավորվի, էլ էսպիսի տեսք չի ունենա, բայց որ հայրը հիմա նկատեց սրանք, մի եռամսյակ էլ էստեղ չեն ձգելու: 

Մայրն արդեն հոգնել է դրանից: Ոչ մի տեղ մի տարուց ավել չեն մնացել: Մեծամասամբ կիսատ-պռատ են ծառայել: Մեկ նա չէր ուզում, մեկ նորից իրեն չէին ուզում: Ամենալավը երկու տարի առաջ էր: Արդեն մտածում էին, որ երկար կմնան մի տեղում, բայց ստիպված հեռացան իր հիվանդության պատճառով: Հենց հիվանդության պատճառով էլ նա ուզում էր մի տեղ հարմարվել ու մնալ: Էդ անբախտությունն առած՝ տեղից տեղ չտեղափոխվել: Մի անկյուն գտնել, ծվարել ու թշվառ կյանքը մի կերպ գլորել: Էն էրեխեքին էլ, որոնք աճեցին, մեծացան ու չմեռան, ոտքի կանգնեցնել ու աշխարհին տալ, որ ստիպված չլինեին մոր վրա լաց լինել: Էրեխեքի մտքի վրա Յուլկան ներս մտավ:

– Մահճակալներն ու արկղերն են բերում:

– Քեզ էստեղ դու՞ր է գալիս,- հարցրեց նրան մայրը: Կարևորը նրա ու հոր կարծիքն էր: Յուժիոն երեխա է, մայրն ու Զուժիան` հաշմանդամ:

– Է, մարդիկ սա էլ չունեն, բայց գոհ են,- պատասխանեց աղջիկն ու քննող հայացքով զննեց տան բոլոր անկյունները: 

– Բա Յուզեկին որտե՞ղ ես թողել:

– Յուժիոն էնտեղ իր համար «փայտե ձի» է խաղում:

– Էս անձրևի՞ն: Բեր նրան ներս, ի սեր աստծո:

– Ի՞նչ անի ներսում: Հո ձմեռ չի, ապրիլ ամիսն է արդեն: 

Ու Յուլկան նետվեց դեպի հայրը:

– Բայց, հայրիկ… Էդ ո՞նց եք տեղադրում մահճակալը: Էդտեղ անհնար է մահճակալ դնել, կրակին շատ մոտիկ է, կխանգարի:

– Ո՞նց կխանգարի: Էստե՛ղ կխանգարեր, բայց էդտեղ չի խանգարի:

– Նայի՛ր, էստեղ վառարանի թիթեղին շատ մոտիկ է լինելու: Էն կողմ տեղափոխենք: 

– Որ տեղափոխես էն կողմ, պահարանը որտե՞ղ կդնենք: 

– Պահարանը կդնենք պատուհանից ոչ հեռու` անմիջապես սեղանի մոտ:

– Չի՞ լինի էստեղ:

– Ախր էստեղ նստարանն ենք դնելու, որ նստենք, պատուհանից նայենք:

– Իմացա՞ք, ժողովուրդ: Պատուհանից է նայելու: Ինչի՞ն ես պատուհանից նայելու: Դրսի աղբի՞ն, թե ինչի՞ն:

Յուլկան լացակումեց հոր դժգոհ տոնից, նուրբ դեմքին շփոթմունք հայտնվեց: 

– Այդպես չէ,- ասաց նա,-պատուհանից պարտեզ է երևում: Տես` ինչ սիրուն է երևում: Ուղղակի անձրևի պատճառով հիմա մռայլ տեսք ունի: 

– Ո՞ւր է էնտեղ պարտեզ, ո՞ւր է էնտեղ պարտեզ:

Բոլորը հավաքվեցին, պատուհանի վերևի փեղկին հենված (պատուհանն այդքան ցածր էր) նայում ու նայում էին: Հա՜, պարտեզ կար: Պարտեզ կար, ուղղակի` շա՜տ-շա՜տ հեռու: Երևում էր խոզերի բնի ու փայտերի կույտի արանքից, կարտոֆիլի ամբարների ետևում, գյուղի խորքերում: 

Զուժիան, հոգոց հանելով, առաջինը հեռացավ պատուհանի մոտից: Ամենատարիքովն էր, ախոռում գործ անելիս երբ կռանում էր, կողոսկրը ոնց որ սիրտը մտներ, ու նա ցավից նվաղում էր,  կամ էլ սուր գլխացավն էր նրան տանջում: Շատ են չարչարվել, որ նրան էդ վիճակում կարողանան պահել: Կոտորվեցին` նրա համար օտար հողերում աշխատելով, իսկ էս անգամ պնդեց, որ ինքն էլ կգա ծառայելու: 

Սարսափած նայեցին, որ նորից լավ չէ. էդ ո՞նց պիտի գործը սկսեին, եթե աշխատողը հիվանդ է: 

– Զուժիա, ի՞նչ է, գլու՞խդ է ցավում: Գլխացավի դեմ մի բան տվեք, թե չէ կմեռնի էդ գլխացավից: 

– Հիմա վազեմ, քացախը գտնեմ,- ասաց Յուլկան:

Հայրը գնաց ներս բերելու ծղոտե ներքնակները ու հետը բերեց նաև ձենը գլուխը գցած Յուզեկին: 

– Ի՞նչ ես ուզում, երեխա, ի՞նչ ես ուզում,- հարցնում էր Յուլկան` Յուզեկի գլխարկը հանելով ու մազերն ուղղելով:

Ուզում էր ցեխի մեջ էլի ձի քշել: Յուլկան գլուխը հանեց դռնից ու գոռաց.

– Ձիեր, ձիուկներ, եկեք Յուզեկին տարեք հեռու աշխարհներ առանց մամա-պապայի:

Քամին նահանջեց, ու սառը կարկուտը վայրկենական սկսեց թափվել կանաչ բողբոջներով փայլատակող թփերի, խոզանոցի տանիքի, չորացած փայտերի կույտի վրա: 

– Կարկուտ է,- ասաց Յուլկան ու ամուր փակեց դուռը:

Երեխան, որ նայում էր Յուլկայի վազվզոցին, նորից սկսեց գոռալ: 

– Տուր Զուժիային, թող խաղացնի էրեխուն,- հառաչեց մայրը:

Ամեն ինչ արդեն ներս էին բերել: Սկսեցին եղածը կարգի բերել: Մայրը լաթով սրբում էր իրերը` վշտանալով, որ ամեն ինչ թրջվել է: Նա ահավոր հոգնած էր, Յուլկան թաքուն հետևում էր` չսկսեն հանկարծ չարաբաստիկ կոշտուկները երևալ կամ էլ կծկումներ լինեն: Դրա հայտնվելը փորձում էր շեղել` չխկչխկացնելով, աղմուկով իրերը դասավորելով կամ էլ ապագայի համար տարբեր երազներ հյուսելով բարձրաձայն:

– Պատի տակ` հենց ճամփեզրին, արևածաղիկներ կցանեմ: Հա՞, մամա:

Հայրը խայթեց ոչ այնքան նրան, ինչքան մորը. 

-Էս ինչ խորդուբորդ է էս հատակը: Ոնց որ տան մեջ չլինես, այլ` դաշտում: Էստեղ կարաս ցանես, արդեն փորած է: 

– Հա, էդ ի՞նչ է,- հակադարձեց` նկարը ձեռքին բարձրանալով սեղանի վրա: 

– Կվերցնեմ կավը, կբացեմ, կքսեմ, կհավասարեցնեմ, հետք էլ չի մնա էդ փոսերից:

Հայրը շարունակեց իրենը.

– Էնտեղից կարգին ջուր է լցվում հաստատ: Տանիքը փտած է:

– Ի՞նչն է կաթում,- գոռաց` մազերը խառնելով: Կարող է գաջը չի չորացել: Հետո էլ կբարձրանանք հայրիկի հետ, կավը կխառնենք, մի փայտիկով վռազ էդ ծակերը կփակենք ու պրծ: Ավելի լավ է հայրիկը  ծղոտ բերի, անկողինները սարքենք, թե չէ բան չկա ներքնակների մեջ լցնելու: 

Նկարներն իրար հետևից կախեց պատից` ամեն անգամ հոր վրա նայելով: 

– Որ չգնաք, ես եմ ստիպված գնալու ծղոտի հետևից: 

Վերջապես երկուսն էլ դուրս եկան: Քարշ եկան ողջ ցեխոտ բակով, քշեցին ինչ-որ մեկի հավերը բակից, գլուխ խոնարհելով բարևեցին պատուհանից նայող հարևաններին և շարժվեցին դեպի բարձրահարկ առանձնատները:

Ճանապարհին հաշտվեցին ու երկուսն էլ ուրախացան: 

Էս ամենին, որ համաձայնվել են, հայրը կհարմարվի, նույնիսկ էսպիսի թշվառ տանը կհարմարվի, միայն թե  վերջում իր սեփական տունը ունենա: Թեկուզ անապատում լինի էդ տունը, թեկուզ հեռավոր Ամերիկայում: Թող պատուհանի ապակիներն էլ պոկված լինեին, հոգ չի: 

– Ապակի՞,- ոգևորված գոչեց Յուլկան,- ապակի էլ պետք չի: Մի բանով կփակենք էլի, միայն թե կարողանանք մի բանի հասնել:

Պատկերացրու` տանիքի անցքերն էլ նշանակություն չէին ունենա: 

– Երգեհոն կառնեինք փոքրիկ, կնվագեինք ու շատ ուրախ կլինեինք,- վերջում անսպասելի ավելացրեց Յուլկան: 

Բայց որ գալիս ես ուրիշի մոտ աշխատելու, ուզում ես, որ լավը լինի էկածդ տեղը:

Եկեղեցապատկան այգիներից քիչ հեռու Կաչմարեկը կանգ առավ.

– Ի՞նչ են անում էստեղ:

– Ինչ-որ բան են կառուցելու: Գնանք, հայրիկ: Անձրևը մի քիչ մեղմացավ, ծղոտը գոնե շատ չի թրջվի: 

Կաչմարեկը նայեց աղյուսներին, մեկը վերցրեց ուսումնասիրեց, ու շարունակեցին ճանապարհը:

Տեղ հասան. ուրախ, ոսկեգույն խշխշոցը լցրեց խրճիթը: Ծրարների մեջ լցված ծղոտը տարածվեց մահճակալների վրա, և տնակը դարձավ յուրային, և զգացին ի վերջո, որ գլուխները կարող են հանգիստ բարձին դնել: Երբ թաքուն տագնապով մորը մոտեցան, նա ուրախ ժպտում էր: Հասցրել էր կրակ վառել ու կերակրի կաթսաները դնել կրակին: Հարևանների հետ էր ծանոթացել:  Էս բակից այն կողմ, մի ընտանիք է, որ Ռուսոճինում ապրում է արդեն տասը տարի: Միկոլայչիկները: Զուզիայի համար նրանցից քացախ ուզեց ու կրակը վառելու շեղջ: Էրեխեքն էլ էին քիչ առաջ էստեղ: Հարցնում էին` օգնելու բան կա՞: 

– Դե փառք աստծո,- ուրախացավ հայրը,- փառք աստծո: Իսկ Զուզիան ո՞նց է: 

Նա էլ արդեն լավ է: Երևում է` ճանապարհից էր հոգնած:  Յուժիոն քնել էր կապոցների վրա, մնացածը նստեցին մի կտոր բան ուտելու, էդ ժամանակ մարդ էկավ Կաչմարեկի հետևից, թե՝ պետք է գնա գրագրի մոտ:

Երկար ժամանակ չկար, իսկ երբ եկավ, մի տեսակ էր: Նույնիսկ սկզբում հրաժարվեց ուտել, էնքան ասելու բան ուներ: Իզուր էդքան նեղվեցին բնակարանի պատճառով, չարժեր: Անձամբ պանին տեսավ: Պանն իրեն ասաց՝ տունը, որ ստացել եք, քարուքանդ է, բայց դա հիմնական ապրելու համար չէ: Պարտեզի ներքևի մասում աղյուսե տուն եմ սարքելու, ձեզ էնտեղ տեղափոխեմ: Ձեզանից բացի ոչ մեկը էնտեղ չի ապրի: Առանձին խոհանոցով տուն, ծխնիներով պատուհաններով:  Մի խոսքով` ամեն ինչով: 

– Դե աղյուսե տանն էլ համարյա ոնց որ քարե տանը:

Էդտեղ հայրը Յուլկային հիշեցրեց` Աստծով երդվելով, որ երբ անցնում էին  էդ աղյուսների մոտով, սիրտը ինչ-որ բան վկայել էր: 

– Դու մի վայրկյան էլ չէիր ուզում կանգ առնես, իսկ ինձ ոնց որ հողը ոտքերս գետնին գամեր:

Նստեցին նորից սեղանի շուրջը, հոր հետ էլ կերան: Գդալները քերում էին ապուրի ամանների ծաղկավոր հատակները, բայց հայրը դեռ խոսում էր:

– Բայց որ մի օրվա մեջ մտքովդ անցնի ու նույն օրվա մեջ էլ մտքինդ իրականություն դառնա, անհավանական բան է…

Հանկարծ վեր թռավ նստարանից.

– Իսկ ո՞ւր է կատուն,- գոռաց անհանգստացած:

Սկսեցին շուրջբոլորը  ման գալ:

– Ո՞վ է տոպրակից հանել:

– Երևի փախել է: Նոր տեղում պետք էր կատվին ուշադիր լինել:

– Կարող է մի տեղ թաքնվել է:

Զուժիան, որ ննջում էր տաք վառարանի մոտ, առաջինը կատվին նկատեց.

– Է՜ն է, ջրամանի մոտ նստած, այ դրա կանաչ աչքերը կուրանան:

շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us:

1 thought on “Մարիա Դոմբրովսկա/Ամենաերկար ճանապարհը

Comments are closed.