Խավարի մեջ քայլում էր Կիևյան կամրջով: Գիշերվա հազարն էր, ու փողոցը լրիվ դատարկ էր, միայն ինչ-որ մի տեղից մլավոց էր լսվում: Նրա հագին ընդամենը մի սև հուդի էր ու ջինսե տաբատ, դրա համար էլ ձեռքերը խցկել էր գրպաններն ու ամբողջ մարմնով կուչ եկել: Առաջին անգամ էր քայլում այդ հանրահայտ կամրջի վրայով: Անշուշտ գիտեր, որ այն հիմնականում զուգորդվում է ինքնասպանությունների դեպքերի հետ: Ինքն էլ հաճախ օգտագործում էր “Կիևյանից գցվել” արտահայտությունը, չնայած գաղափար չուներ դրա տակ եղածի վտանգավորության աստիճանի մասին, պրոցեսը չէր կարող պատկերացնել: Երևի երբ խոսքը կյանքդ ավարտելու մասին է, դետալների մեջ չես խորանում, կարևորը մասնակցությունն է: Իսկ հիմա սկսեց մտածել այդ ամենի մասին՝ փորձելով պատասխաններ գտնել:
Ֆիլմերում սովորաբար մարդիկ ճաղավանդակի վրայով անցնում են անդունդի կողմն ու մինչև ցատկելը խորը շունչ քաշում՝ երկաթից բռնվելով: Իսկ ճաղավանդակից այն կողմ ինչքա՞ն ոտքի տեղ կա. հանգիստ կարող ես կանգնե՞լ, թե՞ մի կերպ կրունկներիդ ես հենվում, իսկ թաթերդ օդում են մնում: Ինչքա՞ն ժամանակ է պետք հակառակ կողմն անցնելու համար, որովհետև եթե բավականաչափ արագ չանես, ինչ-որ մեկը կմոտենա ու կփրկի: Ինչո՞ւ առհասարակ ճկվել, մագլցել, եթե կարելի է ուղղակի կանգնել ճաղավանդակին ու ցատկել: Կամ հնարավո՞ր է գլխով կտրուկ առաջ նետվել ու օդում սալտո տալով վայրէջք կատարել, թե՞ զուտ հիմար տեսք կունենաս, որովհետև ոտքերդ մի պահ կբարձրանան օդ ու նորից ամուր կկանգնես նույն տեղում գրավիտացիայի շնորհիվ: Այդ դեպքում էլ հաստատ կնկատեն ու կվազեն փրկելու: Իսկ խցանման ժամանակ ինչ-որ մեկը կիջնի՞ մեքենայից՝ փրկելու նպատակով, թե՞ դրա պատճառով մեծ վթար կլինի: Ինչքա՞ն ժամանակ ունես մինչև գետնին հասնելն ու ջարդվելը: Քանի՞ վայրկյան է քեզ տրված վերջին մի քանի քաոսային միտք հղանալու համար: Ցատկողներից քանի՞սն են այդ ընթացքում լույսի մի շող վերհիշում, հանուն որի կարելի էր ապրել, իսկ քանի՞սը՝ անհամբեր հետհաշվարկ անում դեպի բաղձալի ավարտ:
Աչքի անկյունով հայացք գցեց դեպի այն կողմ. ոչինչ չէր երևում: Թեթևակիորեն ձախ գնաց ու դանդաղեցրեց քայլերը՝ իմիջիայլոց հայացքով նայելով անդունդի կողմը… Ծնկներն անկախ իրենից թուլացան մի պահ, ու թվաց, թե գետինը շարժվում է: Մթության միջից մի զույգ սարսափելի աչքեր բացվեցին ու նայեցին ուղիղ նրա հոգու մեջ. դրանք մարդկային աչքեր չէին, որովհետև միայն սպիտակ եղջերաթաղանթ ունեին, ուրիշ ոչինչ ու անչափ խոշոր էին: Հասկացավ, որ մահին երբեք այսքան մոտ չէր եղել: Հենց այդ պահին կարող էր ցատկել: Նրան անգամ խանգարող չէր լինի: Ընդամենը մի քայլ ու վերջ: Սիրտը մի փոքր կծկվեց, բայց միայն այդքանը, ավելի բուռն արձագանք չէր լինելու: Նա վաղուց ընդունել էր, որ կորցնելու բան այլևս չուներ: Կամրջի վրա տագնապի զգացում ունենալը նորմալ է, հավասարակշռությունը կորցնելու վախը միշտ կա: Վախը միշտ կա: Նրա հետևից՝ մի քանի քայլ հեռավորությամբ սկսել էր ճեմել Վախը: Նա մի քանի մետր հասակ ուներ, սև, երկար մազեր, որ փռվում էին ուսերին, հագին լայնափեշ սև, կաշվե զգեստ էր, որ ձգվում էր մինչև գետին, թևերը զարդարված էին երկար, սև, կաշվե ձեռնոցներով, կատարյալ ոսկրային կառուցվածք ունեցող դեմքը ներկված էր սև սուրմայով ու շրթներկով: Նրա կեցվածքն անչափ ազդեցիկ էր: Մոտ չէր գնում, ձայն չէր հանում, պարզապես փեշերը գետնին քսելով սահում էր զիգզագներով՝ մե՛կ դեպի փողոցը, մե՛կ դեպի մահաբեր անդունդը:
Իսկ իրո՞ք կորցնելու բան չուներ: Մի երկու երգ ուներ գրած: Բայց դե ո՞ր մի ստեղծագործողին էին բանի տեղ դրել կյանքի օրոք: Գնա մեռի, արի սիրեմ: Հիշեց, թե քանի մարդու էր ճանաչում, որոնց ինչ-որ մեկը դեռ պիտի իրենց տեղը ցույց տար: Այնքան կուզենար ինքը լինել դրանց «տեղադրողը»: Շուտով Նոր տարի էր, միգուցե դա ինչ-որ բան փոխեր կամ գոնե դրական լիցքեր բերեր: Մլավոց լսեց: Պտտվեց աջ ու տեսավ, որ մի սև կատու էր փողոցով քայլում համարյա իրեն հավասար: Գեղեցիկ կանաչ աչքեր ուներ, որոնք մի տեսակ լույս էին տալիս: Ամբողջությամբ սև մորթու վրա մի սպիտակ, շրջանաձև հատված կար, որի շնորհիվ նրա մեջքը թաիչիի սիմվոլի սև կեսին էր նմանվում: Սովորաբար միայն բացասական բաների հետ ասոցացվող կենդանին այս պատկերում միակ արարածն էր, որի կողմից մի քիչ կյանքի հոտ էր գալիս:
Անդունդի մթությունն իր աչքերով կարծես սկսել էր իր հետ շարժվել: Էդպես գնում էին ինքը, աջից՝ սպիտակ մեջքով սև կատուն, ձախից՝ սպիտակ աչքերով սև անդունդը, իսկ հետևից նույն զիգզագաձև սահքով գալիս էր անտրտունջ Վախը: Հուդիի քուղերը կապելով մտածում էր, թե հավանաբար ինչքան ցավոտ էր ողջ մարմնով քարերին զարնվելը: Բայց դա միայն ֆիզիկական ցավ կլիներ: Նույնքան ցավոտ էր վերջին երկու ամիսների ինֆեռնոն, որի միջով անցնելը չէր հիշում, ուղեղը ջնջել էր տրավման՝ չվերապրելու համար, բայց մկանները կարծես մտապահած լինեին, որովհետև ամեն անգամ մտքերն այդ ուղղությամբ տանելիս ձգվում էին: Մարմինը պայքարում էր գիտակցության դեմ: Բայց այս անգամ պարտվեց: Քամին անսպասելի ապտակ հասցրեց դեմքին, ու գլուխն ակամա հետ քաշեց: Աչքերը թրջվեցին: Երկար ժամանակ իրեն ծրագրավորել էր, որ չմտածեր այն ամիսների մասին, բայց մի թեթև միտքը բացեց դարպասներն ու տանջող բոլոր հարցերը, նվաստացնող բոլոր հիշողությունները եկան խմբով շանսատակ անելու: Սիրտն սկսեց արագ խփել, կուզենար հենց այդ պահին քնել, անգիտակից դառնալ, վերանալ, որ պարզապես չմտածեր առհասարակ, բայց տանջվելն անչափ գայթակղիչ էր: Գլխում անթիվ գոռոցներ սկսեցին հնչել, որոնք խլացնում էին իրար, բայց չկարողացան խլացնել եսիմ որտեղից հայտնված մեքենայի աղմուկը, որ վայրենի արագությամբ անցավ ու անիվների տակ առավ կատվին՝ խեղճից մի ահավոր պատկեր թողնելով: Մարմնով սարսուռ անցավ: Վախը անցավ կամրջի կողմն ու սկսեց ուղիղ գծով քայլել դեպի առաջ՝ զգեստի փեշերը երկաթե ճաղավանդակին շփելով: Սպիտակ աչքերը նեղացան ու այն ձևը ստացան, որը պատահում է անկեղծ ժպտալու ժամանակ: Մահը նորից հաղթեց կյանքին:
Ինքը կարող էր մեքենայի տակ ընկնել: Եթե նույնիսկ հիմա ինքն իրեն չնետեր, միևնույնն է, մի օր մի բանից մեռնելու էր: Իսկ ինչո՞ւ ապրել այդ դեպքում: Երբեք չգիտենք՝ հաջորդ պահին ինչ կարող է լինել մեր կյանքում: Իսկ գիտե՞նք՝ մեռնելուց հետո ինչ կլինի: Ապրելիս գոնե մի տոկոս հավանականություն կա, որ հաջորդ քայլն անելիս օդորակիչ չի ընկնի գլխներիս, ու այդ քայլն ինչ-որ արդյունք կտա: Մեռնելուց հետո անհավանական քանակի հավանականություններ կան, որ կարող են պատահել, միգուցե հավանականության տեսությունն անգամ անհավանական է
դառնում, բայց դա հստակ իմանալու հավանականություն չկա: Մահը միշտ կա. մահը “պլան Բ” է, որին միշտ կարելի է վերադառնալ, եթե առաջինը չաշխատի…
Հանկարծ հիշեց, որ ինքն էլ կանաչ աչքեր ուներ: Ու մի քանի նոր մեղեդի գլխում: Հիշեց բոլոր «տեղադրման» կարիք ունեցողների տհաճ դեմքերը: Ու որ Նոր Տարի էր գալիս: Սպիտակ աչքերն անհետացել էին: Վախն սկսել էր նրա մեջքի ետևում ուղիղ գծով սահել: Փայլում էին կանաչ աչքերը: Հուդիին սպիտակ, կլորավուն հետք կար՝ երևի փոշու, որը կա՛մ չէր նկատել, կա՛մ առաջ այդտեղ չէր: