Մինչև Գերմանիան մեզ կթարգմանի,
Ես իմ Գերմանիան թարգմանեմ էստեղ…
Ա
Ֆրանկֆուրտում իջանք
ճիշտ ժամանակին.
Առնիմ Բոգատսկին
մեզ դիմավորեց.
Մեքենայով դեռ
երեք ժամ ճամփա –
Ֆրանկֆուրտից հարավ`
պատմական Էլզաս…
– Հասա՛նք, ժողովուրդ, իջե՛ք…
էս էլ ՄԵ՛ՆՔ։
Բ
Արվեստի տանը –
այգիների մեջ՝
Լույսով ողողված ճաշասրահում
ամեն տեղ փնջեր.
Արեգակներ են ծաղկամաններում
մեզ համար փնջել՝
Արևածաղկի ժպիտներով ջերմ
մեր ընկերները
Էդենկոբենի…
Իսկ այգում՝ ինչե՜ր՝
մինչև ուշ գիշեր –
Իսկ այգում՝ գինի՛…
Գ
Յոթ օր յոթ գիշեր Էդենկոբենում,–
Չէ, հարսանիք չէր,
Բանաստեղծները թարգմանում էին
Բանաստեղծներին.
Ես, Վիոլետը, Խաչիկը, Արփին, Վահեն,
Կարենը՝ Ամերիկայից –
հրավիրյալներ,
Եվ գերմանացի բանաստեղծները՝
դարձյալ՝ երեք կին,
երեք տղամարդ –
Բիրգիտը, Յանը, Օդիլը, Լիզան,
Դոմինիկը և Անդրե Շինքելը…
Գերմաներենի փոխանցված բառով՝
տողով հայկական
Մի քանի օրից կներկայանանք
Künstlerhaus*-ի սրահի բեմին,
Բայց նախ պարտեզի տաղավարներում
կաշխատենք երկար՝
Մեկտեղ ճշտելու նրբությունները
մեր բանատողի…
Այսքա՛նը միայն մեր ներկայությամբ՝
գործը դեռ էլի կշարունակվի,
Ու երբ ավարտվի թարգմանությունը –
երբ գիրքը տպվի,
Պոետ Հանս Թիլը՝ որպես խմբագիր,
որպես առաջնորդ և փիլիսոփա՝
Նախ նկարները մեր կփակցնի
արվեստանոցի իր հուշապատին –
շարքում՝ գլխիվայր,
Եվ հաջորդ տարվա սկզբներին գուցե
մեզ ավետիսով ծանրոց ուղարկի –
Էդենկոբենից…
ԷԴԵՆԿՈԲԵՆՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ
1.
Ղողանջները արծաթահունչ,
երեկոյան ղողանջները
հեռու-հեռվից
Օդը մաքրել՝
մագնիսացրել էին հոգիս…
Ես տաճարի
տեղը անգամ չգիտեի,
Բայց խաղողի այգիների
վրա արդեն՝
Երեկոյան ժամկոչության
ղողանջներով
Օդը առել՝ ինձ տանում էր
տաճարի մոտ.
Լույսի շեկլիկ բեկորներում
մայրամուտի՝
Փայփայելով լույսս ներքին,
Հորիզոնը գրկել էր ինձ
իմ թռիչքի հետագծով՝
հեռու-հեռվից՝
արեգակի շողերի հետ
ճառագելու արեւելքից…
2.
Քամուց՝ կոտրվել,
թաց էր անձրևից,
Ճյուղը, որ անփույթ
պիտի տրորվեր՝
Աղերսանքով էր
նայում աչքերիս –
ընկած ճամփեքին՝
Իմ անհոդաբաշխ գերմաներենի
ու հայերենի
ճկուն արանքում.
– Գերմանական ճյո՜ւղ –
Ճկումով՝ անճիգ, երբ խոնարհվեցի,
ճյուղը ձեռքս առա,
բերեցի մեր տուն…
ԱՆՈՒՆՆԵՐ
1.
Յուտա Շմիտի նամակներում
Գերմանական բարձր ոգին
գեղեցկորեն բաց էր՝
գալու մեզ ընդառաջ…
Künstlerhaus-ի եդեմ-այգու
ծառերն էին՝
նամակին կից նկարներում –
սաղարթները շքեղորեն
արդեն ծաղկած…
2.
Իսկ թարգմանություն
անելու համար՝
տողացիների –
Այդքան որակյալ,
հսկա աշխատանքն
ո՞վ պիտի զորեր,
Թե ոչ՝ հայուհի
պրոֆեսորն ընտիր՝
Հալեի հայտնի
Համալսարանից –
Մեր Արմենուհի Դրոսթն
Աբգարյան…
3.
Եվ երկու թարգման
աղջիկները մեր՝
Հասմիկն ու Աննան,
ռուս տղայի հետ՝
Որպես եդեմի երեք հրեշտակ,
Մեր կողքին եղան՝
Բոլոր-բոլորիս
ամեն բառի հետ,
Որ ո՛չ մի կորուստ
խոսքը ո՛չ մեկիս
Հանկարծ չունենա…
ԵՐԱԺԻՇՏԸ
Լույսով ողողված
արվեստի տունը՝
Արվեստի լույսով
ողողվեց հանկարծ…
Մագնիսացրել էր
Ադրիեն Ռինկի
երաժշտությունը,
Եվ հեղինակը՝ ռոյալի առաջ –
մնաց անմոռաց…
ԵՐԵՍՈՒՆՎԵՑԸ
Մեզանից առաջ՝
երեսուն և հինգ երկրի պոետներ,
Մեզանից հետո՝
թող լինեն նույնքան –
Բանաստեղծները պիտի թարգմանեն
Բանաստեղծներին. –
Սա ի սկզբանե այստեղ է գրված…
Եդեմի այգի կոչվող պարտեզում
Էդենկոբենի՝
Կգան պոետներ տարբեր ազգերի
ու կհագենան
Հռենոսյան գինով և գրավչությամբ
Գերմաներենի՝
Երբ թարգմանությամբ իրենց գրածի՝
ճանաչեն իրար…
ԻՆՔՆԱԳԻՐ
Մեր կորուստները այստեղ էլ գիտեն,
Մեր ցավն այստեղ էլ վերքն է մեր սրտի –
Եվ իմ «Կուլ տված քարեր»ի շարքից
մի գործ են հիմա
արդեն թարգմանել.
Երկու պոետներ՝ Դոմինիկը և Լիզան,
կարդում են –
Ամեն մեկը իր տարբերակն ունի.
Որ «Պատերազմի քարեր» վերնագրով՝
մի տարբերակով՝
գրքում կտպվի…
ՇՊԱՅԵՐ
Ուխտավորի
ոտաբոբիկ արձանն էլ էր
քայլում մեզ հետ մինչև տաճար.
Բոլորը չէ՝
նրա գալը մեզ հետ տեսան,
Բայց ո՛վ տեսավ՝
հետո տեսավ
Տաճարի խոր
գետնահարկի դամբարանում՝
սառն օդի մեջ՝
Տիտղոսավոր
տապանների վրա հակված՝
Նրա՛ն – ծնկած աղոթելիս…
ՆՈՅՇՏԱՏ
Սալիկավոր այդ փողոցի
երկարությամբ՝
կորությունները գուռեր էին,
Որոնց հոսող ջրերում
զովանում էին մանուկները…
Քարերին՝ էստեղ ու էնտեղ
Է՛լ գորտ, է՛լ մողես,
Է՛լ խխունջ, է՛լ ձուկ –
Բոլորը բրոնզից՝ իհարկե,
գողտրիկ-գողտրիկ…
Փողոցի անկյունում մետաղյա
մի կանգուն էլ կար՝
գլանաձև խցիկի պես,
Մի ակնթարթ ջուր ցայտեց –
պարզվեց՝ աղբյուր է.
Ուզեցի՝ խմեմ էդ շոգին,
ու շիթը կորավ…
Գաղտնի պորտը որտե՞ղ էր –
էդպես էլ չգտա,
Մինչև մանուկները չեկան օգնելու…
ՔԱՂԱՔԸ
Հեքիաթային շունչ կար օդում…
– Ծաղիկների բո՞ւյրն էր արդյոք՝
կարմրատանիք այդ տների
պարտեզներից,
Թե՞ խաղողի այգիների
անդորրի մեջ սաղմնավորվող
գինու շունչը՝
դեռ պտղի մեջ հասունացող –
Ինձ միշտ թվաց, թե հեքիաթի
նախատիպ է այդ քաղաքը –
Աշտարակով Ռապունցիելի,
Նիլսի տնով
Եվ գետակի կամրջակով.
Իսկ գուցե այդ հեքիաթը՝ իմ
հորինա՞ծն է…
– Էդենկո՛բեն – հեքիաթ-քաղաք,
Քո տաճարի ղողանջներով,
երաժշտությամբ՝
Երազումըս երբեմն դեռ
կանչում ես ինձ…
ՀԱՄԲԱԽ
1832-2024
Համբախի ամրոց բարձրացողների
ամեն մեկի մեջ
Ազատության իր ըմբռնումը կար,
ոգին կար անբեկ՝
Իր ինքնության ու իրավունքների,
Որ միջնադարյան այս ամրոցի մոտ
երկու դար առաջ՝
պայքարի գնով,
Դեմոկրատիայի,
ժողովուրդների հավասարության
գաղափարներով՝
Հաղթանակել էր –
Այսօր
հյուրընկալ Գերմանիայում մեզ
Գրականության դրոշի ներքո
պատվելու`
Որպես հրավիրյալներ…
Եվ Պալատինյան անտառով մինչև
Շլոսբերգի լանջը
Մենք էլ քայլեցինք
նորոգ շունչ առած՝
Մտքով համաքայլ –
հավասարության,
վերելքի ճամփով…
ՖՈՒՏԲՈԼ ԵՎՐՈ-2024
1/8-ի եզրափակիչում
Գերմանիան այսօր՝
հանդիպելու է Դանիայի թիմին.
Ֆուտբոլասեր եմ եղել երևի
ու չեմ իմացել…
Եվ գերմանացի ընկերների մոտ՝
Մենք՝ հրավերով
պարոն Հանս Թիլի՝
Ես, Արմենուհին՝ Վահե Արսենի
ու Կարենի հետ,
Ուղևորվում ենք խաղը դիտելու…
Բարակ անձրև է Էդենկոբենում –
Մենք հյուրատնից եկել՝
հասնում ենք մեր Արվեստի տուն,
Խաղը սկսված է,
Դորտմունդում ասես
հեղեղ է թափվում…
Հեռուստացույցը սիրտն է սենյակի –
Լռություն էր պետք պահպանել,
սակայն
Մի պահ խոսել ենք –
շատ ենք ափսոսում…
Առաջին կեսը խաղի
ավարտվեց –
Հաշիվը՝ զերո, ու կայծակ, կարկուտ –
Հետաձգվում է
երկրորդ կեսն արդեն,
Անհամբեր ենք, բայց գինի ենք խմում…
Եվ դադարը մեզ
հնար է տալիս մեր շուրջը դիտել –
Պոետ Հանս Թիլի
աշխատանքային սենյակն է՝
պատեր …, որոնք պատված են
Արվեստի տանը մի օր հյուր եկած
Բանաստեղծների՝
գլխիվայր ներքև շրջված դեմքերով…
Բայց նրանց շարքում
մի դեմք կա միայն ուղիղ մեզ նայող՝
Ինքը՝ Հանս Թիլը։ –
Իր մանիֆեստն է
պատին հարակից.
Եվ Արմենուհին
թարգմանում է մեզ
գերմաներենից՝
Որ Պոետները
աշխարհը լրիվ այլ կերպ են
տեսնում՝
գլխովին շրջված,
որ իրականը դա՛ է –
Ուրեմն՝
Երբ պոետների նկարները մենք
տեսնում ենք շրջված,
Հասկանալ է պետք,
թե՝ իրականը ի՛նչ անկատար է –
ու աշխարհը՝ թարս…
Մինչդեռ խաղն արդեն վերսկսվել է,
Գերմանիան հիմա Հավերցի գոլով՝
11 մետրից,
Առաջ է անցել, և ուրախ ենք մենք,
Որ ընկերները մեր գերմանացի
ոգեւորված և ուրախ են այդպես…
… Այդ գիշեր շատ բան՝
մտաբերելու օրվա դեպքերից՝
ուժ չէր մնացել,
Իսկ 2։0 հաղթական հաշվով
ցնծացողներից՝
Հանս Թիլի կինն էր
ոգևորության ամենաբարձր
ճիչը արձակել,
Բայց փակ աչքերով կոպերիս տակից՝
գիշերվա արդեն 2։00-ին՝
ասես ժապավեն կինոնկարի՝
Պատի այն բոլոր Բանաստեղծները
ուղիղ դեմքերով
տողանցում էին…
ՀԱՅԴԵԼԲԵՐԳ
Այն, ինչ որ ասաց Գյոթեն
ամրոցի վերին հարկերում
իր սիրելիին,
Ամրոց չհասած մեզ Հանս Թիլն ասաց՝
Հռենոսի վրա, երբ որ կամրջից
նայեցինք ներքև՝ խորքը ջրերի
Ու արտացոլքով դիմացի ափի՝
Անտառում ապրող
կելտական ոգին փորձեցինք որսալ…
Մեզ Հայդելբերգի փողոցների մեջ
ամառային հորդ անձրևը գտավ,
Հետո Մոշմոշի կերակուրը տաք,
գարեջուրը պաղ
ու ճապոնուհու հայացքը պատից…
Հաաաա՜, Հայդելբերգում
մեզ հետաքրքիր խանութներն էլ՝ շատ,
Բայց մենք՝ խառնված –
հանկարծ չուշանանք –
Անդարձ մեկնեցինք
ամրոցի տակի հրապարակից…
ԳԵՐՄԵՐՍՀԱՅՄ
Իսկ Գուտենբերգի անունը կրող
Համալսարանում
– բացառիկ պատիվ գրողի համար –
երբ որ տեղ հասանք,
պատրաստ էր արդեն
բեմը, դահլիճը՝
ուսանողներով…
… և նույն
ուսանող-թարգմանիչները՝
մեզ արդեն ծանոթ
ռուսախոս տղան
և Աննան այստեղ՝
տանտերեր որպես,
դիմավորեցին բոլորիս փութով –
(քանի որ մի քիչ
սպասեցրել էինք)…
Մեր գերմանացի
ընկերները՝ նախ,
հետո նաև՝ մենք,
երբ ներկայացանք –
Ամենքս՝ մեզ պես,
Կարենը դարձյալ
բարձ ու վերմակով** –
օրը ամփոփվեց,
Ամփոփվեց նաև
երեկոն վերջին՝
Մեր այցելության –
անմոռաց, լեցուն՝
խինդով, ժպիտով,
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ,
և հրաժեշտի
բարի թախծությամբ.
– Գերմա՛նիա, Բեդա՛նքթ…
ԳԻՆԻՆԵՐԻ ՀԱՄՏԵՍՈՒՄ
Մենք ուրախության
գինին խմեցինք –
գինին Սավինիոն՝
Կրաքարային հողում աճեցված
ընտիր խաղողից…
Ինքնաբուխ՝
իրենց ներսից խմորվող
Քույր գինիները՝
Սպիտակ Բուրգունդյան,
և Մոխրագույնը՝
Խաղողի այգում Էդենկոբենի…
Վարդագույն գինին
ըմպեցինք ընտիր,
Եվ գինիների թագուհին
Կարմիր…
– Մայրամուտի թեք
արևի՛ն պարզեք՝ խմելուց առաջ,-
գինեգործն ասաց,-
Համտեսման վերջին
մոխրագույն գինին,
Սուրբ Խաչ անունով –
«քրտնաջան գինին»
Էդենկոբենի…
ՀՐԱԺԵՇՏ-ՈՋՈՒՅՆ
Ինքնաթիռից երբ ներքև նայեցի՝
Հսկա տարածքում
գտնելու համար
վայրերը ծանոթ՝
Տեսա նույն գետը՝
տարածված բոլոր
իր երակներով,
Որի մի մասը՝
երբ Հայդելբերգի
կամրջից տեսա,
Չմտածեցի՝
մի մասը սակայն
ի՜նչ է ողջի մոտ…
Բայց ինքնաթիռը թեքվել էր արդեն,
մտքերս խառնել՝
ինձ տուն էր բերում –
Ուրախ էի ես…
Այդ բարձրությունից
մի կետ էր միայն
ողջը ներքևում՝
Եվ ամբողջական՝
իմ անջնջելի
հիշողության մեջ՝
Անմոռաց ու մեծ…
Հ.Գ.
Գերմա՛նիա,
այնքան սեր ունես պահած
քո փոքրիկ քաղաք
Էդենկոբենում –
Ես այդ քաղաքդ սրտիս մեջ առա,
և կփայփայեմ
քո ջերմությունը
Շպայերից Նոյշտատ,
Համբախ, Հայդելբերգ
մեզ այդքան բաշխող.
Ես երախտագետ
մի բանաստեղծը Հայոց աշխարհի,
Շնորհակալ եմ քեզ՝
իմ ամբողջ հոգով…
* Արվեստի տուն՝ գերմաներեն։
** Կարեն Ղարսլյանի բանաստեղծության փերֆորմանսի պարագաները։