Երբ փոքր էի, միշտ երազում էի հովանոցով պատուհանից թռչել, ինձ թվում էր՝ կպահի: Հիմա հասկանում եմ, որ յուրօրինակ հովանոց եմ ուզում, որը և եղանակի տեսությունը կհաղորդի, և միգուցե ծառայի որպես սելֆիի ձող: Հո մենակ անձրևից պաշտպանվելու համա՞ր չի նախատեսված: Բայց եկեք համաձայնենք, որ թռչելն էլ վատ միտք չէր: Կամ էլ լիներ կախարդական, կոճակը սեղմեիր՝ արևը փայլեր:
Իմ հովանոցը շագանակագույն էր, վերոհիշյալ ֆունկցիաներից և ոչ մեկը չէր կատարում: Սովորական, պարզ ու հասարակ. կոճակը սեղմում ես՝ բացվում է, սեղմում ես կրկին՝ փակվում: Բայց մի հետաքրքիր պահ ունի․ երբ անձրևի ժամանակ ես բացում, թրջվում է, և ծաղիկներ են երևում մուգ ֆոնին: Հենց դա էլ տրամադրությունս բարձրացնում է, ժպտում եմ, կարելի է ասել, յուրաքանչյուր անձրևից հետո… Ի՜նչ ռոմանտիկ է, այդպես չէ՞… Տեսնես ո՞վ է մտածել: Դե, յուրահատուկ մեկը կլինի երևի, մի քանի միլիարդից նստել, մտածել, նորամուծություն է արել՝ կենդանություն տալով իր ստեղծագործությանը, որ ես Երևանում անձրևից հետո անպայման ժպտամ…
Առավոտ է, երկուշաբթի: Ինձ թվում է՝ ամեն ինչ ասված է արդեն, ո՞վ է ցանկանում իր տաք անկողնուց դուրս սպրդի կիսամութին՝ թմրած մատները տրորոելով, գնա հասնի էս անաստված եղանակին աշխատանքի: Անձրև մի ասա, այլ պատուհաս, որ արդեն երրորդ օրն է թափվում է, տեղատարափ՝ անկուշտի նման գալիս է, հա՜ գալիս, լալիս է, հա՜ լալիս: Սեպտեմբերին Երևանում այսքան տեղումնառատ դեռ չէր եղել: Ինչևէ, վերցրի հովանոցս և տանից դուրս եկա:
Ճանապարհին հանկարծ հիշեցի` ինչ-որ տեղ կարդացել եմ, որ հովանոցի հայրենիքը Ճապոնիան է: Մի սովորական ատաղձագործ իր կնոջ համար «տանիք» է պատարաստում, որ միշտ իր հետ լինի: Այն մոտ երկու կիլոգրամ քաշ ուներ և մոտ կես մետր երկարություն: Չնայած հեղինակը սովորական արհեստավոր էր, բայց Հեռավոր Արևելքում հովանոցից կարող էին օգտվել միայն արքայական ընատանիքի անդամները:
Հովանոցը իշխանության և ընտրյալ լինելու խորհրդանիշ էր՝ համարվելով վերին աստիճանի շքեղության իր: Սկզբնական շրջանում ընդունված էր հովանոց կրել արևից պաշտպանվելու համար միայն….
Այդպես երկխոսելով մտքերիս հետ՝ հասա կանգառ կիսաթրջված վիճակում: Քանի դեռ երթուղայինը չկար, որոշեցի ռադիոյի հերթական լուրերին ծանոթանալ: Այսպես ասած ՝շփվել աշխարհի անցուդարձի հետ, ժամանակի թարմությունը չկորցնելու համար:
-Հոպ հե՜յ, լա լա լե՜յ… դուք լսեցիք ռուս երաժիշտ Լեոնիդ Ագուտինի կատարումներից մեկը……խըըըըըըը՜շ… Հռոմի Պապն ամռանը կայցելի Հայաստան… խըըըը՜շ․․․ Այցելեք էլեկտրոնիկայի բարձրակարգ սրահ, գնելով մեկը… խըըըը՜շ… Այսօր ԱՄՆ նախագահը՝ Ջո Բայդենը, հանդես եկավ հերթական… էլի խըըը՜շ… Տեսնես ի՞նչ էր ասում…
Երթուղայինը եկավ:
– Աղջի՛կ ջան, տեղ կտա՞ս անցնեմ:
– Ա՛յ աղջիկ, մի կողմ քաշվիր, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում «նստել»:
– Քա վաաաա՜յ, մի թիզ տեղ չմնաց…
Հանկարծ վեր թռա կանգնած տեղիցս, ձախ ականջիս ականանջակալը հանեցի, որպեսզի մի ոտ տեղ ճարեմ անծակ երթուղայինում, իսկ աջով կապված մնացի աշխարհիս անցուդարձին: Դե, տեղը նեղ է. այո, հասկանալի է, բայց….
Սակայն, երբ երկատված կանգնած պատկերացրի, թե ինչպես է կանգառում կանգնած գեր կինը խցկվում երթուղային տաքսի, ակամայից զիջելու մեծ ցանկություն առաջացավ ու այնքան ծռմռվեցի, որ պատին կպած ճանճի յուրօրինակ էքսպոնատի տեղ կանցնեի` ժամանակակից թանգարաններից մեկում: Գեր կինը մխրճվում էր դեպի պատուհանին մոտ գտնվող նստարանը՝ անասելի տանջելով ինքն իրեն և իմ աչքերը: Փարթամ կուրծքը չէր թողնում նորմալ շարժվել, ոնց որ զսպաշապիկ հագած լիներ: Կողքի երիտասարդ տղան, բարեհոգաբար կպավ երթուղայինի ապակուն, որ տիկնոջն օգնի տեղավորվել: Կինը գոհ մնաց իրերի նման իր համար բարենպաստ դասավորվածությունից, դեմքի դաժան արտահայտությունն էլ մեղմեց: Հերթի վերջին ուղևորը «նստեց» երթուղային, դուռը չրխկաց, բայց չփակվեց․ ոնց որ հանգստի գնացող ճամպրուկ լինեինք, ինչքան շոր կա՝ մեջն է, վերջում ուզում ես կափարիչը փակել և փականները չրըխկ՝ կոտրվում են: Այդ ընթացքում ես էլ ավելի լարվեցի, քանզի վերջին ուղևորը մի ալեհեր ծերունի էր՝ հացի տոպրակը ձեռքին, բայց բոլորովին հնարավորություն չունեի օգնելու, այդ իսկ պատճառով խիղճս տվայտվեց վերջինիս տեղ զիջելու պարտավորվածության և հնարավորության բացակայության պատճառով: Էս անտեր հովանոցս էլ մի կողմից, մարդ չգիտի, որտեղի՞ց կախի, ու՞ր խցկի:
Գեր կնոջ ներկայությունն իմ կողքին այդ վայրկենական զայրույթի, ցասման, ափսոսանքի վերապրմանը էլ ավելի մեծ ողբերգականություն էր հաղորդում: Սակայն կնոջ կողքի տղայի բախտը չբերեց. ինչու՞ հենց ինքը պիտի զիջի իր տեղը, առանց այդ էլ այս տարածական կինը տեղ չի թողնում նույնիսկ շնչելու համար՝ երևի այդ պահին մտածում էր երիտասարդ տղան պատուհանից դուրս նայելով: Մի խոսքով հիմա կարելի էր ականջակալերս խոթել, վերանալ երթուղայինի անծանոթ միջավայրից, չմտածել թաց հովանոցի մասին և միանալ աշխարհը փոթորկող անցուդարձին։
Գեր կինն անհարմար էր տեղավորված, քանի որ նրա մյուս կողմում, ի տարբերություն կուչ եկած տղայի, մի հսկայածավալ տղամարդ էր փռված` դեղնաշագանակագույն թաշկինակով անընդհատ մաքրելով ճարպակալած վիզը։ Անտարբեր աչքերը ոլորելով` բեղ-մորուսի տակ թաքնված` չվառած ծխախոտն էր ծամում։ Նրան բոլորովին չէր հետաքրքրում գեր կնոջ հարմարավետությունը։ Կրունկները տեղավորելով միմյանց մոտ` ծնկները իրարից հեռացրել էր այն աստիճան, ինչքան որ մարմինը թույլ կտար։ Մինչև գեր կինը դժվարությամբ շուռումուռ էր գալիս, փորձելով մի ձև իր դիրքը փոխել, հարմարվել իրավիճակին, փռված տղամարդուց ավելի ձախ` մյուս պատուհանի մոտ, կես ոտքի վրա կանգնած նեղ ջինսով աղջիկը ավելի համարձակ գտնվեց և, վերջիվերջո, փոքր-ինչ համբերելուց հետո բողոքեց.
– Կըլնի՞ ես էլ նստեմ։
Խըըըշ՜…հայտարարության մեջ ասվում էր, թե ինչ ազդեցություն կունենա ՌԴ-ի ներկայությունը մեր տարածաշրջանի խաղաղ կարգավորման հարցում։ Խըըը՜շ… դժվար է հստակ կանխատեսել…
Ես հոնքերս կիտած նայեցի գեր կնոջը, որի պատճառով չէի լսել Պուտինի պատասխան ասուլիսը…Տեսնես ի՞նչ ասաց։
Նյարդայնացա ու կրիայի նման գլուխս քաշած ուսերիս մեջ` ընդարմացած մարմնիս կեսը չզգալով` պատուհանից դուրս հորդառատ անձրևի կաթիլներն էի փորձում հաշվել։
Ինչ-որ մեկն իջավ կանգառում, տարեց կինը մի քիչ առաջ գնաց` ինձ տեղ տալով, ես չհրաժարվեցի ու կպա խոնավ ապակուն։
Փռված տղամարդը ոտքերը հավաքեց, սակայն ինչ- որ առանձնահատուկ հանդիսավորությամբ, ասես սպասելով, որ նեղ ջինսով աղջիկը ուր որ է կփոշմանի ու կխնդրի, որ ինքը նորից ուզածի պես փռվի։
Նեղ ջինսով աղջկա առջևի նստարանին տեղավորվել էր «եռահարկ» սանրվածքով, տատու արած հոնքերով, հաստաշուրթ մի երիտասարդ կին, ում նեղ շրջազգեստը ոտքերն իրար էր հանգուցել։ Վերջինիս կողքին նեղ միջանցք` գեր կնոջ և տղայի դիմաց`զույգ նստարանին` ամուսիններ։ Տղամարդը կոլոտ- մոլոտ, սուսիկ- փուսիկ, կինը`դեղնամազ, մերթընդմերթ գռմռացող և ամուսնուն հավերժորեն իր բռան մեջ կնքած `դասական «տիգրովկա» կրող կանանց ներկայացուցիչ։ Ամուսնու աչքերը գրեթե փակվում էին, քունը թակում էր անմազ գլուխը, իսկ կինը անհավասար հոնքերով չափում էր այն ամենն, ինչ հայտնվում էր հայացքի ներքո, այդ թվում նաև ինձ։
Հովհանոցս անընդհատ սահում էր խեղճ ճկույթիս անզգա ծայրից։ Ռադիոյով Շուբերտի 8-րդ սիմֆոնիան էր գնում ու գալիս երթուղայինի դրխկոցին համահունչ, խըըը՜շ…Թմբկահարող անձրևը վերածվելով տեղատարափի ` անխնա ծեծում էր երթուղայինի տանիքն ու պատուհանները։
Ջինսով աղջիկը ակնդետ նայում էր «եռահարկ» սանրվածքով կնոջ մազերին նստած ճանճին․ կթռնի՞, թե․՞ ապահով տեղ է ճարել վերջապես։
Հերթական կանգառը կանչում էր։
Մարդիկ սպասում էին, ոմանք` արագ աշխատանքի հասնելու հույսով, ոմանք` անձրևից պատսպարվելու, ոմանք էլ` Աստված գիտի թե ուր էին ուզում գնալ։ Սպասողների մի մասը միանգամից աշխույժ շարժվեց, և երթուղայինի «բնակչությունը» հասկացավ, որ շուտով շա՜տ նեղ է լինելու։
Արդեն պարզ էր, որ կանգառում երթուղայինը կանգնելու էր, ամեն դեպքում, նեղ ջինսով աղջիկը դիմեց վարորդին։
– Կանգառը կպահեք։
Եվ վարորդը կանգնեց։ Էլի խըըը՜շ… «Սա Երևանն է,որտեղ մենք տանն ենք…» Ֆորշն էր ռնգաձայն երգում։ Այո, ճիշտ է, չենք էլ հակաճառում։ Էլի խըըը՜շ… արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը… խըըը՜շ… վա՜յ։
Գեր կնոջ աչքերը տեղի նեղվածությունից էլ ավելի նեղացան։ Կողքի տղամարդն իրեն մի կերպ էր զսպում, որ նորից չընդարձակվի։ Ջինսով աղջիկն իջավ, բայց լավ կլիներ ընդհանրապես տեղից չշարժվեր։ Փոխարենը բարձրացան ևս հինգ հոգի։ Թե ով ում գիրկը կամ կոպիտ ասած`գլխին կնստի, ոչ մեկին չհուզեց։ Վարորդի պոտենցիալ 100 դրամանոցներն էինք։ Ինչքա՜ն շատ, այնքան լավ։ Գոնե գծի վարձից բացի մի քիչ փող կմնա երեկոյան կնոջը տալու համար։
Հերմետիկ փակվեցինք, երթուղայինում շնչելու օդ չմնաց։
Ֆորշը … խըըըը՜շ… և այսպե՛ս էլ ապրում ենք…
Գեր կնոջ կողքի տղան, գլուխը թեքած, թմբիրի միջից կիաբաց աչքերը ճանապարհին հառած` մտածում էր՝ ոնց անի, որ այսօրվա ֆուտբոլը դիտի տղերքի հետ, գարեջուրը վկա, պիտի նայեն, Հենոն հաստատ գոլ կխփի, բաց թողնել չի կարելի։
Օրը շատ մռայլ էր, խոնավ, քրթմնջացող…
Երթուղայինը դանդաղեցրեց ընթացքը` մոտենալով հերթական կանգառին։
Դիմացի նստարանանին, ջինսով աղջկա տեղը նստած գյուղացի կինը ուշադրությամբ զննեց մյուսներին, և ինքն էլ իր համար հաստատելով, որ ոչ ոք չի պատրաստվում իջնել, հանկարծակի բորբոքվեց…
– Զըզվեցուցի՛ք, ախր հարուր դրամին համար հերիք չէ լիքը լըցնեք, մենք ալ մարդ ենք, հո քարթոլի մեշոկ չենք։
– Ա՛յ քուր, չեն ուզում, թող չնստեն,- անտարբեր պատասխանեց վարորդը` ասես մոռանալով որ իջնող կա։
– Ըսենք նստողները անուղեղ են, մենք ինչի տի տուժենք,- ավելի բորբոքվեց կինը,- իսի շոգին իսման լիքը քշել կըլլի՞։
– Դե դուք նեղվում եք, ես էլ պիտի պլանս փակեմ,- շպրտեց վարորդը լուցկու չոփը ատամների մեջ պահած, – շոգից մի նեղվեք, արագ կքշեմ, կհովանաք։
– Հա՜, հըբը, գիլլի պես քըշե, ավարիա ըլլինք, մեռնենք, լա՛վ կը սըրիննանք, մենք ա, դուք ա, – կրկին բորբոքվեց կինը` իր ասածից անասելի գոհ ու հաղթական։
Մի քանիսը ևս մեխանիկորեն ժպտացին, խոսեցին իրար հետ, օտարության ծանրությունը թոթափվեց, մյուսներն էլ զրույցի բռնվեցին։ Կատակեցին, բլբլացին, օդում կախված վեճը ցնդեց, լռեցին:
Խըըը՜շ…Մխիթարյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը, որը կարողացավ գրավել …խըըը՜շ…
Գեր կնոջ կողքի տղան հաստատ դիտած կլինի այդ խաղը, Հենոյի գոլն էլ համացանցում միլիոնավոր լայքեր էր հավաքել, նույնիսկ ես, որ ֆուտբոլի սիրահար չեմ գոհունակորեն ժպտում եմ։
Անձրևը մոլեռանդ պարի մեջ էր, երթուղայինը գեղագիտական հանկարծակի ժայթքմամբ մոռացության էր մատնում անցնող կանգառները` թեթևացնելով իր բեռը` բազմապատկելով վարորդի դրամները։ Ուղևորներից ոմանք իջնելիս բարի օր էին մաղթում։ Հերթը հասավ փռված տղամարդուն, վարանած դեմքով, երկմտանքն ուսերին, ոտքը դրեց դուրս։ Հաստատ թրջվելու է, հովանոցս տա՞մ։
Գեր կինը բավականությամբ ժպտաց։
Երթուղայինը սլանում էր մոլորակի պտույտին հակառակ, ճեղքելով ամենօրյա հոգսերի, մտահոգությունների և վախերի վահանը, թոթափելով դեռ նոր սկսված օրվա գալիք ծանրությունը։ Երթուղայինից դուրս կարծես աշխարհը մի վայրկյան դադարում էր գոյություն ունենալուց։
Ուղևորների պակասելուն պես ամենքիցս արդեն հարազատ դարձած ինչ-որ բան էր պակասում, ինչ-որ…
Հովանոցս գլխիս պահած, ցեխալճակների վրայով ցատկոտելով՝ լքեցի ժամանակավոր ապաստանս։
Տեսնես ի՞նչ են անելու երթուղայինի մի ժամյա «բնակիչները»։
Կեսգիշերին կես րոպե պակաս վարորդը տանն էր։ Թեպետ ամբողջ օրվա ընթացքում ինքն իրեն հիշեցնում էր, որ ուշ երեկոյան ճաշելն ամենևին պարտադիր չէ, առավել ևս` իր ստամոքսային այրոցների պարագայում, երբ կինը դուռը բացելուն պես կարոտով ու երանությամբ լի ձայնով գրկեց ու համբուրեց վարորդին.
-Դե դու լվացվի՛ր, մինչև ճաշդ տաքացնեմ։
– Հա՛, սոված եմ, կուտեմ։
Սլաքները գլորվեցին։ Քունն ավելի ու ավելի ուժեղ էր քաշում դեպի անկողին։ Տղան արդեն յոթերորդ երկնքում էր, ֆուտբոլը նայեց, ամենամեծ նվերը Հենոյի հերթական գոլն էր։
Չէ՛, վարորդը չի սափրվի։ Թող մնա առավոտյան։
Իր ամենօրյա տանջանքի անենամեծ վարձը`տաքուկ անկողինն է։ Չածիլված դեմքը և օրվա ընթացքում կուտակված քրտնահոտը խոչընդոտ չէր վարորդի համար, որ ջերմորեն գրկեր փափլիկ կնոջը։ Երջանկությունն աչքով էր անում` պատանեկան հիշողության վերապրումն էր։ Այժմ հանգիստ կընկնի Օրփեոսի գիրկը։
Այսպես` գիշերը գրկեց բոլորին, ջինսով աղջկան, Պուտինին, գեր կնոջը, Շուբերտին, փռված տղամարդուն, տղային և ինձ։ Երազումս վերլուծում էի Պուտինի ասուլիսի քաղաքական հետևանքները և որոշում, թե ինչպես օգտագործենք դրանք ի նպաստ մեր պետության։ Անխռով էր քունը, մեզնից ոչ մեկը չգիտեր, թե ինչ է պատահելու մի քանի ժամ անց, երբ աշխարհում ոչ մեկ մատը մատին չի տա, երբ մեր երկրից հերթական մասը կպոկեն, երբ ԱԹՍ-ները կընկնեն, երբ մահագույժ կրակոցներ ու պայթյուններ կլսվեն։ Երբ ամենուր կհնչեն հերթական ստախոս պաշտոնյաների քաղաքական հայտարարությունները` «հաղթելու ենք»-ը կթեգվի ամբողջ համացանցային տիրույթում` տղան տխուր կվերլուծի դրանց ազգակործան հետևանքները, վարորդի կինը կյանքից անտեղյակ դեռ կմաքրի հերթական կարտոֆիլի կեղևը… հերթով փոխելով ռադիոալիքները` երբեք չիմանալով, որ սահմանին զոհված այն պատանին գեր կնոջ որդին էր, իսկ գլխատված հերոսը` ջինսով աղջկա սիրելին, փռված տղամարդը զոհվածներից մեկի հայրը…
Խըըը՜շ……
«Երևանը տուն ու շենք չէ,
Երևանը մենք ենք…»
Խըըը՜շ…«ո՞վ է լսել հովանոցի պատմությունը… տղան ժպտաց ու ասաց, որ ինքը հովանոց ունի…ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է․ երբ ձեռքդ մեկնես` հեշտությամբ կարող ես իմանալ` ինչ եղանակ է դրսում…»։