Լուսինե Ավետյան/Ես գնում եմ վերին թաղ

Մենք բարձրանում ենք լանջն ի վեր, և սարերից եկող քամին անուշ է դարձնում ճանապարհը: Կապույտ ավտոբուսը մագլցում է նեղլիկ փողոցներով, և ամեն շրջապտույտին հեռվում սարեր ու դաշտեր են հայտնվում: Լայն բացված աչքերով դիտում ենք մե՛կ դաշտային ծաղիկները, մե՛կ բարդիների պուրակը. բայց տեսիլքն ընդհատվում է ավտոբուսի դռռոցից ու անիվների տակ ընկնող քարերի խզխզոցից: 

Եթե ավտոբուսի ֆշշոցն անընդհատ մեզ վեր չթռցնի, զգում ենք ճոպանուղու կամ կարուսելի մեջ. իսկ նեղլիկ փողոցներով շարժվելը վտանգավոր բայց հետաքրքիր կարուսելային ընթացք է թվում: 

Մենք ընթանում ենք քաղաքի բարձրադիր թաղամասով, ուր փողոցներն անցնում են մարդկանց բակերի միջով, երբեմն էլ հայտնվում ենք հնամենի հուշարձանի կամ մատուռի առջև: Ամենատպավորիչը վիթխարի ընկուզենիներն ու թթենիներն են, երբ ավտոբուսը հայտնվում է սաղարթների տակ, ձեռքներս երկարացնում ու թութ ենք պոկում. մեզ զգում ենք գեղանկարի կամ կինոնկարի մեջ հայտնված հերոսների պես: Ինձ այս ծառերը հիշեցնում են մեր գյուղը. ուր հաստաբուն թթենիներից ճոճանակ էինք կապում ու սավառնում: Հիմա գնում եմ երևանցի ընկերոջս տուն՝ թութ ուտելու, և առաջին անգամ եմ այս թաղամասում: Երբ նրան պատմեցի, որ երազում եմ Երևանում թթի ծառ ունենալ ու ծառից թութ քաղել և ուտել, ինչպես մեր գյուղում էի անում, հրավիրեց իրենց այգի: 

Երևանի թաղամասերը նման չեն իրար. մի քիչ քայլելուց հետո կհայտնվես կամ լուսավորված ու զարդարված փողոցներում, կամ ծմակ հիշեցնող բնության մեջ: Իսկ եթե նկատես աստճան-անցուղիները, որ իրար են կապում փողոցներն ու ճանապարհդ կարճացնում, քաղաքը կբացվի դիմացդ, կհրավիրի թափառելու ու իրեն ճանաչելու: 

Հին երևանը թաքնված է շավիղներում, և դիքը, որ հաղթահարում ես, անցնում է նախշուն բակերի միջով, ուր հսկա ծառեր են, խաղողի վազեր, ստվերների տակ շարված նստարաններ ու զրուցող հարևաններ:  

Քաղաքի մի ծայրում քարայր կգտնես, մեկ այլ թաղում՝ գործարանների ու մեքենաների ժանգոտված կմախքներ, որ հնացած իրերի թանգարանի է նման: Այդ անտեսված շինությունների ուրվականները հիշեցնում են հանրահայտ ֆիլմերի կադրեր. մենք մեր կինոն այս վայրերում դեռ չենք նկարել, թեպետ ամեն մեկիս մտքում մի քանի ֆիլմի սցենար է պտտվում: 

Երբ դուրս պրծանք հերթական ոլորանից, մեր դիմաց մի երիտասարդ հայտնվեց՝ ֆոտոգործիքը ձեռքին: Արևահարված դեմքով ժպտաց մեզ և ձեռքով արեց, վարորդը ձայն տվեց.

-Հիմա ո՞ր սարն ես նկարում, քեզանից թաքուն տեղ չմնաց էլի…էն սիրուն կակաչների դաշտերը բաց չթողնես…

-Մեր Մուշեղն է,-ասացին ուղևորները և ուզում էին հարցախեղդ անել նրան, բայց ավտոբուսը պոկվեց տեղից:  

Մուշեղը քաղաքում ամենուր է՝ ժայռերի գլխին, գետերի ու կամուրջների մոտ: Նրան բոլորն են ճանաչում. նրա լուսանկարներն այնքան հայտնի են, որ Երևան են բերում անծանոթների ամեն կողմերից: Մուշեղի նկարած լուսանկարներով հայտնաբերում ենք տեսարաններ ու զարմանում,  որ չէինք նկատել: Երևանի մասին գիտի ամեն ինչ, ուղեկցում է բոլորին, չի հոգնում, չի մերժում: Քաղաքն ուսումնասիրողներն ու քաղաքում թափառողները նրան են փնտրում ու մտածում. որ Մուշեղը չլիներ, ի՞նչ էին անելու… 

Առանց «Մուշեղների» սովորական ու չբացահայտված կմնային նաև գյուղերը: Նրանք գիտեն գյուղը շրջապատող սարերի ու հանդերի ամեն գագաթն ու առվակը, գիտեն՝ ո՞ր ծերպով է պետք գնալ, ո՞րտեղ է վտանգավոր, ո՞ր ճանապարհով է հեշտ: Ո՞րտեղ է համով սնկից աճում, ո՞ր մասում է անուշահամ ուրցը: Գիտեն հինավուրց քարայրների ծակ ու ծուկը, հին ժամանակներում ինչպես են այդ քարայրներում պատսպարվել, միմյանց օգնության հասել ու քշել թշնամիներին իրենց տարածքներից: 

Հեռախոսի զանգից վեր թռա: Ավտոբուսի աղմուկի նման խանգարող ու անհանգստացնող է զնգզնգոցը: Անպատեհ է պատասխանելը, երբ մտածում եմ թթի ծառի ու դիմացի սարերի մասին, բայց հեռախոսը համառորեն շարունակում է զրնգալ, ու, ինչպես միշտ, կազդարարի ինչ-որ կիսատ գործերի ու պարտականությունների մասին. միացրի ու դառնացած ասացի.

-Լսում եմ…

-Լու’յս, լսու՞մ ես, Հրազդանի կիրճում, Երևանյան լճի մոտ բացառիկ քարայր է հայտնաբերվել՝ քարեդարյա հուշարձան:

Շշմած ու ոգևորված ուզում էմ ընկալել հրաշալի լուրը, դեռ խոսքեր չեմ գտնում, հարցեր չեմ տալիս, կողքիս նստած ուղևորը ձգվեց դեպի ինձ ու բարձր հարցրեց.

-Բա հետո՞, բա էլ ի՞նչ են հայտնաբերել…

Հեռախոսի այն կողմից ոգևորված ձայնը շարունակեց.

– Պեղումների ժամանակ հայտնաբերել են նախնադարյան մարդու աշխատանքային գործիքներ, նմուշները տեղափոխեցին Պատմության թանգարան…

Նկատեցի, որ մյուս ողևորների հեռախոսներն էլ է զնգզնգում: Լուրը հաղորդել էին, ու մարդիկ ցնծում էին, զանգում էին իրենց մտերիմներին ու պատմում քարայրի մասին: Խփած գոլի կամ բարձրացրած ծանրաձողի հաղթական ակնթարթները դիտելուց հետո, երբ մարդիկ ոգևորված բակ ու այգի են գնում, «մերոնքի» մասնիկը լինելու ու երջանիկ տպավորությունները պատմելու, այսօր էլ քաղաքը լիքն է լինելու մարդկանցով՝ իր մասին պատմող քարայրի զրույցներով:

-Քարայրը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար նախագիծ են մշակելու, ենթակառուցվածքներ ստեղծեն, որ գանք, քարայրը տեսնենք, հետո նավակներով Երևանյան լճով գնանք Շենգավիթ բնակավայր,-հաղորդեց երջանիկ ձայնը:

-Նավակներով Բիայնական դամբարան հասնել չենք կարող, բայց կարելի է ճոպանուղի սարքել, երջանկությունը պիտի լիարժեք լինի,-ասաց ուղևորներից մեկն ու ծիծաղեցինք: 

-Ինչո՞ւ չենք կարող, Երրորդ մասում է էլի, նավարկելով կգնանք…

-Բա, շենքերը,-լուրջ ու անհանգստացած ասաց ուղևորներից մեկը:

-Որտեղ փորում են՝ սեպագիր արձանագրություն ու կահ կարասի են գտնում, տանդ շուրջը գործ անելիս պիտի զգույշ լինես, որ դամբարան չքանդես:

Մենք տեսնում ենք արդեն քաղաքը՝ հնամենի քարայրով, Երևանյան լճով ուղևորությունը դեպի Բիայնական դամբարան ու Շենգավիթ բնակավայր, բայց, հանկարծ, ավտոբուսը դեմ առավ քարի՝ այս նեղլիկ ու ծուռ փողոցում, ու ընդհատվեց մեր մտքի ու երազի ընթացքը: Մեքենան շնչահեղձ լինելով փորձում է դուրս պրծնել ոլորանից, բայց հողը ցնցվում է անիվների տակ,  ծածկում մեր դեմքն ու հիշեցնում, որ մերը՝ կածաններ են, ոչ թե ճանապարհներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում` թողնում են կես ճամփին՝ փնտրած վայրերին չհասած: Որ մեր «կառուցածն» ու «չկառուցածը» ընդամենը կածաններ են՝ քանդ ու քարափ, ծուռտիկ-մուռտիկ, փոսերով, նեղ, հողոտ ու անավարտ: Որ նայենք սարերին, այնտեղ բազմած ամրոցներին, հետո նայենք մեր ոտքերի տակ՝ կածաններին, ու խեղճանանք, ու վհատվենք, ու սարսափենք գիտակցումից, որ կառուցել չգիտենք, չենք կարողանում, չի ստացվում: Որ մի գյուղից մյուս գյուղ հասնելը փորձություն լինի, ավելի մեծ փորձանք դառնա գյուղի վերևի ամրոցին հասնելը, որ լինենք իրարից անտեղյակ, երկիրը՝ մեզնից հեռու, անճանաչ ու չսիրված, մենք էլ՝ խեղճ ու աներազ: Որ երկրի գլխավոր մայրուղիներից մեկն այդպես էլ չկարողանանք կառուցել տարիներ, տարիներ շարունակ, մայրուղի, որ արագացնելու է երթևեկությունն ու ապահովի Հայաստանի զարգացումն ու կապն աշխարհի հետ: 

Անիվների տքնաջան դռդռոցը մեր ձախողումների հիշեցումն  է, որ մեր հաջողություններն ակնթարթներ են, ոչ մշտական իրականություն, իսկ հարատևը՝ այս ծուռտիկ-մուռտիկ, կարկատաններով ճամփաներն են, ու դրանց վրա հոգեմաշ լինող, շարքից դուրս եկեղ ծխասև մեքենաները: Որ երջանկությունը կամ անցյալում է, կամ՝ թաքնված ապագայում, ներկան՝ անփոփոխ խեղճ, գործել, շրջադարձել չենք կարողանում: 

Պատից-պատ խփվելով, ավտոբուսի մեջ վեր ու վար թռչելով երազկոտ նայում ենք սարերին. մեկ Արայի լեռն է հայտնվում, հետո Հատիսը, Աժդահակը…

Ավտոբուսի ռադիոընդունիչի ձայնը վեր թռցրեց.

-Հայ ուսանողների ծրագիրը հաղթել է միջազգային մրցույթում, նրանք ներկայացրել են նոր սերնդի արագընթաց ճեպընթացների մոդելները: Արագընթաց գնացքները կկապեն մայրաքաղաքը մարզերի հետ, մի քաղաքից մյուս բնակավայր հասնելու ժամանակը մի քանի անգամ կկրճատվի, կլինի արագ ու հարմարավետ: 

Արագընթաց ճեպընթացը կկապի Երևանը Գյումրիին, Վանաձորին, Սևանին, Ալավերդիին,-կրկնում եմ մտքումս հաղորդավարի խոսքերը,- մարդիկ կապրեն իրենց քաղաքներում, գյուղերում, տներում, երբ ուզեն՝ մայրաքաղաքում կլինեն: Գործից տուն կգան, կնստեն ճեպընթացն ու կընթանան Երևան՝ մարզադաշտից մեր հավաքականին երկրպագելու, խփած գոլից հետո կլսվի հաղթական սուլոցներն ու բարբառներով կատակները, հետո ճեպընթացը կսլանա ու մարդկանց կհասցնի իրենց բնակավայրերին, քաղաքներն ու գյուղերը մարդկանցով լեցուն կլինեն, շենքերում ու տներում՝ լույսերը վառ: 

Ու կանցնի գնացքը Լոռու ճանապարհների միջով, կանաչ-կանաչ անտառի ու ծառերի բույրը կշնչենք ամեն օր, կթարմանանք, կերազենք: Դուրս կգամ ճեպընթացից, կկանգնեմ գետի կողքին, սառը քամին կառույգացնի, կքայլեմ դեպի մեր գյուղ տանող կանգառ, կանցնենք դիքը, կհասնեմ իմ գյուղ, կբացեմ իմ տան դուռը, կօդափոխեմ, սալորենիների ճյուղերը թեքված կլինեն դեպի պատշգամբ, կնստեմ Ցից քարի հովին, որ Արարատին նման լինելու համար Սիս են ասում, ու կսպասեմ հյուրերին…

Ավտոբուսի դխկդխկոցը խրվել է մարդկանց ձայների, ճիչերի, ծիծաղի մեջ ու կորել, տարրալուծվել, չքացել: Փողոցը լիքն է ծառերին մագլցած թութ թափ տվող ու ծառերի տակ թութը հավաքող մարդկանցով: Ընկերոջս տուն չհասած՝ երեխաներից մեկը բռնեց ձեռքս, ափիս մեջ դրեց սփռոցի ծայրը, ու մենք շրջան կազմած կանգնեցինք ծառի տակ: Վիթխարի թթենու ճյուղերն օրորվում են՝ քաղրցանուշ թութը լցնելով մեր ափերի ու գրկի մեջ:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *