ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ/ՈՍՏԻԿԱՆԸ

Աշոտ Մելքոնյանի ոստիկան դառնալու պատճառը հասարակությանը և պետությանը ծառայելու նվիրական ցանկությունը կամ հանցագործության դեմ անհաշտ պայքար մղելը չէր: Եթե նա երբևէ աչքի ընկներ իր ծառայողական պարտականությունները կատարելիս` անձնազոհաբար ձեռնամարտի բռնվեր և ձերբակալեր թոշակառու տատիկից դրամապանակ թռցրած հանցագործին կամ առանձնահատուկ ջանասիրությամբ ջարդեր հակաիշխանական ցույցի մասնակիցներին, և ոստիկանական 02 հաղորդաշարը ռեպորտաժ պատրաստեր նրա քաջագործության մասին, ապա գուցե այդ ռեպորտաժում նշվեր, որ Աշոտի պապի պապը Երևանի միլիցիայի վարչության առաջին ոստիկաններից է եղել, և ինքը` Աշոտը, իր պապի պապի արժանի ժառանգն ու հետևորդն է, նրա գործի շարունակողը: Բայց վստահաբար այդ հանգամանքը նույնպես որևէ ազդեցություն չէր ունեցել Աշոտի՝ ոստիկան դառնալու որոշման վրա: Ինչպես հազարավոր այլ երիտասարդներ, Աշոտը ոստիկան էր դարձել այլ գործ չգտնելու պատճառով: Նրան այդ ճանապարհը հուշել էին ծնողները, որոնց պրագմատիկ դատողությամբ համալսարանի բանասիրական բաժնի քննություններից կտրված և արհեստների հետ սեր չունեցող Աշոտի համար դա ամենահարմար աշխատանքն էր. տանելի և կայուն աշխատավարձ, թեթև աշխատանք, շուտ կենսաթոշակի անցնելու հնարավորություն:

Իհարկե, ծնողները դեմ չէին լինի, եթե նա կարողանար նաև կողմնակի եկամուտ վաստակել, բայց առանձնապես հույսեր չէին կապում դրա հետ, որովհետև կարծում էին, որ Աշոտը անհրաժեշտ չափով ճարպիկ ու խելացի չէ այդօրինակ գործերի համար:

Աշոտը, թեև ընդունել էր ծնողների խորհուրդը, սակայն, մեղմ ասած, հաճույքով չէր գործի գնում: Պատճառը ոչ միայն այն էր, որ հասարակության և հատկապես հասակակից տղաների շրջանում ոստիկանի, առավել ևս «շարքային» ոստիկանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կար, այլև այն, որ բանակային կարգապահությունից զզված վերադարձել էր քաղաքացիական կյանք ու գրեթե անմիջապես ընկել մեկ այլ «կարգապահ» համակարգ:

Աշոտի բախտը չէր բերել, որովհետև քաղաքի կենտրոնի բաժնում էր նշանակվել, իսկ բողոքի ակցիաների, ցույցերի մեծ մասը հենց կենտրոնում են լինում: Այն ժամանակ, երբ մնացած տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները օրեր են գլորում ամռանը զով, ձմռանը տաք աշխատասենյակներում, կենտրոնի ոստիկանները հերթապահություն են իրականացնում կառավարական շենքերի մոտ:

Առավոտյան արթնանալը, սափրվելը, համազգեստը հագնելը և աշխատանքի գնալը տանջանք էին Աշոտի համար: Խնդիրը այն չէր, որ նրան տրվող հրամանները հաճախ դուրս էին օրենքի շրջանակներից, խնդիրը հրամանների բովանդակությունը չէր նույնիսկ, այլ՝ ծուլությունը, հրաման ստանալու և կատարելու փաստը ինքնին: Բայց այդ ո՞վ է, որ հաճույքով է աշխատանքի գնում, այդ ո՞վ է, որ դժվարություններ չունի աշխատավայրում: «Գործ ա, անում ենք, էլի»,- ասում էր Աշոտը, երբ բարեկամները կամ հարևանները հարցեր էին տալիս աշխատանքի մասին: Ու թեև հոգու ինչ-որ հեռավոր անկյունում Աշոտը ավելին էր ուզում (ինքն էլ չգիտեր, թե ինչ), բայց աստիճանաբար հարմարվում էր ոստիկանական կարգապահությանը և օր-օրի ավելի պակաս տհաճությամբ էր գործի գնում: Թվում էր, թե մոտ է այն օրը, երբ առավոտյան համազգեստը հագնելով ու հայելու մեջ ինքն իրեն նայելով բավարարվածության զգացում կունենա:

Հավանաբար այդպես էլ կլիներ, եթե մի սովորական հինգշաբթի կառավարության գլխավոր մուտքի մոտ հավաքված քաղաքացիների բազմության մեջ չնկատեր ցուցարարների առաջին շարքում, իրենից մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած աղջկան: Նա երկար, սև մազեր ուներ, և խոշոր, սև աչքերի մեջ փայլում էր պայքարի ոգին: Մի կարճ պահ Աշոտը հմայված նայում էր անծանոթ աղջկան, որ եկել էր ոստիկանների օրը փչացնելու` չգիտես, թե ինչի համար:

Ոստիկանները, որ շղթա կազմած փակել էին շենքի մուտքը, վերադասի հրամանով սկսեցին ցուցարարներին դեպի մայթը հրել: Աշոտը մյուսների հետ մեքենայորեն հրում էր իր առջև կանգնած տղաներին և հանկարծ, երբ նրա դիմաց կանգնած տղային գործընկերները բռնեցին ու ոստիկանական պատնեշից ներս տարան, նրա առջև հայտնվեց աղջիկը:

– Հետ, երեք քայլ հետ,- գոռում էին Աշոտի գործընկերները, ինչին ցուցարարները պատասխանում էին. «Ազատ, անկախ ոս-տի-կան» վանկարկումներով:

Աղջիկն ինքնամոռաց կատաղությամբ հրում էր Աշոտին, իսկ նա, աղջկա հպումներից շշմած, անշարժացել էր: Նա այնքան տարված էր աղջկանով, որ իր առջև կանգնած տղաները կարողացան ճեղքել ոստիկանական պատնեշը և առաջանալ դեպի շենքի մուտքը: Մուտքի մոտ կանգնած ոստիկանները շուրջկալեցին և նրանց թևերը ոլորելով տարան դեպի ոստիկանական մեքենան: «Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կկանգնեն,- մտածում էր Աշոտը,- միևնույնն է՝ կառավարության անդամները ետնամուտքով են դուրս գալիս»: Ցուցարարներին մայթից փողոց հրելու հրամանը նրան անտեղի և չպատճառաբանված էր թվում:

Աշոտը հրմշտոցի մեջ նկատեց, որ աղջկա ձեռքի շարժումից ոստիկաններից մեկի գլխարկը գլխից թռավ, հետո տեսավ, թե ինչպես գործընկերները շրջապատեցին աղջկան և նրա թևերից բռնելով՝ քարշ տվեցին դեպի ոստիկանական մեքենան: Աղջկա հայացքում զզվանք և ատելություն կար: Նա դիմադրում էր, փորձում էր ազատել ձեռքերը, ոտքերով հարվածում էր իրեն բռնությամբ դեպի մեքենան տանող ոստիկաններին: Գործընկերների ձեռքից ազատվելու նրա դատապարտված ճիգերը, անհնազանդ և անօգնական վիճակը ավելի համակրելի էին դարձնում աղջկա կերպարը, և նրան օգնելու իր անկարողությունը ջղայնացնում էր:

Այդ օրվանից հետո Աշոտի ծնողները նկատեցին, որ նա սկսել է սիրով գնալ գործի, և դա վերագրեցին անցանկալի աշխատանքի հետ հաշտվելուն: Առավոտ շուտ արթնանալով` նա լոգանք էր ընդունում, խնամքով սափրվում էր, բրդյա կտորով երկար փայլեցնում էր կոշիկները և տանից դուրս էր գալիս ավելի շուտ, քան նախկինում: Ծառայակից ընկերները նույնպես նկատել էին այս փոփոխությունը, որովհետև նա բոլորից շուտ էր գործի ներկայանում, այնինչ նախկինում հաճախ ուշանում էր և առաջվա պես չէր տրտնջում, երբ բողոքի ցույցեր էին լինում:

Աղջիկը գալիս էր գրեթե բոլոր ակցիաներին: Երբ տևական ժամանակ բողոքի ցույցեր չէին լինում, Աշոտը սկսում էր մտքում հայհոյել իշխանությանը, որ բողոքի ակցիաների նոր առիթներ չի ստեղծում:

Բողոքի ակցիաների ժամանակ իրեն չմատնելու համար Աշոտը փորձում էր չկորցնել ինքնատիրապետումը և հայացքը չսևեռել աղջկա վրա. այն, որ աղջիկը այդտեղ է` քիչ հեռվում, բավարար էր, որ հոգին ջերմանա: Երբեմն նրա մտքով անցնում էր մոտենալ աղջկան, խոսել նրա հետ, բայց հիշում էր, թե բարկության պահին ինչպիսի ատելությամբ էր աղջիկը ոստիկաններին նայում, և հրաժարվում էր այդ մտքից:

Գործընկերներից մեկը` Բիզոնը, մի առավոտ ասաց, թե այդ օրը մեծ ակցիա է լինելու կառավարության շենքի մոտ, և երբ Աշոտը հարցրեց, թե որտեղից գիտի, Բիզոնը պատասխանեց, որ Ֆեյսբուքից: Ասաց. «Դրանք սաղ օրը ֆեյսբուքում մտածում են, թե էլ ոնց հարամեն մեր օրը»:

Այդ երեկո Աշոտը կեղծանվան տակ գրանցվեց Ֆեյսբուքում և սկսեց փնտրել աղջկան: Աղջկան գտնելու համար նա նախ ընկերության առաջարկներ ուղարկեց ֆեյսբուքում գրանցված իր գործընկերներին, ապա սկսեց ընդգրկվել այն խմբերում, որոնց անունները ինչ-որ պայքարի մասին էին հուշում: Ընկերության առաջարկներ ուղարկեց տարբեր խմբերում ընդգրկված ակտիվիստների: Նա համակարգչի մոտ լուսացրեց ողջ գիշերը, բայց այդպես էլ չկարողացավ գտնել աղջկան: Հաջորդ գիշեր նա տեսավ աղջկա լուսանկարը: Ակտիվիստներից մեկը լուսանկար էր տեղադրել, որի վրա այլ մարդկանց հետ նշված էին նաև Բիզոնը և աղջիկը:

Զարմանալի չէ, որ Լուսինեն քիչ անց ընդունեց Աշոտի ընկերության առաջարկը, որովհետև այդ ո՞ր ընդդիմադիրը կմերժի Անսերժ Հայաստանի ընկերության առաջարկը: Այդ գիշերը Աշոտը լուսացրեց կարդալով և վերընթերցելով աղջկա գրառումները և մի քանի շրջան նայելով նրա շուրջ 500 լուսանկարները, որոնց մեծ մասը արված էին տարբեր ակցիաների ժամանակ: Ամեն նոր գրառման և ամեն հաջորդ լուսանկարի հետ Աշոտի համոզմունքը, որ ինքը արժանի չէ Լուսինեին, ավելի էր ամրապնդվում:

Այդ օրվանից հետո Աշոտը երկակի կյանք էր վարում: Ցերեկները իր ծառայողական պարտականությունները կատարելով՝ խոչընդոտում, ուժ էր կիրառում ցուցարարների վրա, իսկ երեկոյան՝ Ֆեյսբուքի իր պատին կիսվում նրանց գրառումներով ու լուսանկարներով, բանավեճի բռնվում իր այն գործընկերների հետ, որոնց հետ հասցրել էր ընկերանալ: Քննադատում էր ոստիկանների գործողությունները՝ մատնանշելով քաղաքացիական, քրեական օրենսգրքերի այն կետերը և սահմանադրության այն դրույթները, որոնք իրենք խախտել էին` ուժի անհամաչափ կիրառում, քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ոտնահարում և այլն: Ոստիկանների գործողությունները ճիշտ, տեղին և մասնագիտորեն քննադատելու համար նա ազատ ժամանակ ընթերցում և վերընթերցում էր օրենսգրքերը և Սահմանադրությունը, որի մասին նախկինում գաղափար չուներ:

Աշոտի գրառումները արտատպվում էին օգտատերերի գրառումները հրապարակող կայքերում, ֆեյսբուքի օգտատերերի հավանությանն էին արժանանում, և մի երեկո Աշոտը զարմանքով նկատեց, որ իր գրառումներից մեկը Լուսինեի հավանությանն է արժանացել: Հաջորդ գրառման տակ Լուսինեն արդեն մեկնաբանություն էր թողել: Աշոտը ցանկանում էր ինքն էլ մեկնաբանություն թողնել, բայց այդ երեկո չկարողացավ. սեփական մտավոր կարողությունների հանդեպ ունեցած անվստահության պատճառով գլխում պտտվող բոլոր մտքերը նրան անհեթեթ էին թվում: Հաջորդ երեկոյան նա գրեց այն մեկնաբանությունը, որ ամբողջ ցերեկվա ընթացքում մտքում շարադրել էր` բազմաթիվ անգամ խմբագրելով ու վերախմբագրելով: Մեկնաբանությունը գրելուց մի քանի րոպե անց աղջիկը հավանեց այն: Աշոտը վստահություն ձեռք բերեց, և նրանց միջև երկար երկխոսություն ծավալվեց Աշոտի գրառման տակ:

Այն փաստը, որ ինքը կարողացել է Լուսինեի ուշադրությանը արժանանալ, թեկուզև կեղծանվան տակ հանդես գալով, թեկուզ` վիրտուալ տարածքում, հուսադրում էր նրան, համարձակություն ներշնչում Լուսինեի համակրանքի մասին երազելու համար: Բայց դրա համար դեռ շատ աշխատանք կար անելու: Նա կարդում էր Լուսինեի պատին տեղադրված բոլոր հոդվածները, նայում էր այն ֆիլմերը, որ Լուսինեն էր կիսվել, լսում այն երգերը, որոնք նա էր լսում, կարդում այն գրքերը, որոնք նա էր կարդում: Ամիսներ անց Աշոտն արդեն կարդացել էր «Կապիտալը», ծանոթացել համաշխարհային գրականության և կինոյի շատ գլուխգործոցների հետ և հստակ պատկերացում ուներ սոցիալիստական ֆեմինիզմի մասին: Եկավ մի պահ, որ նրան նույնիսկ թվաց, թե պատրաստ է մոտենալ Լուսինեին և խոսել նրա հետ:

Աշոտը քայլում էր երթը ուղեկցող ոստիկանների շարքում և փորձում էր քայլող մարդկանց բազմության մեջ գտնել Լուսինեին, որին տեսադաշտից կորցրել էր: Երթը հասավ խաչմերուկին, ոստիկանների ու ցուցարարների միջև բախում սկսվեց: Մի կարճ պահ Աշոտը առաջին շարքում նկատեց Լուսինեին և քայլեց առաջ, բայց մինչև տեղ կհասներ, մի քանի ոստիկան արդեն Լուսինեի ոտքերից ու ձեռքերից բռնած տանում էին դեպի մեքենան: Աշոտը վազեց ու նստեց ոստիկանական մեքենան. գիտեր՝ ինչ-որ մեկը պետք է ուղեկցի բերման ենթարկվածներին: Լուսինեին մեքենան գցեցին, դուռը փակեցին, և մեքենան շարժվեց: Երթի մասնակիցները արդեն շրջվել ու հետ էին քայլում:

Աղջկա մազերը խառնվել էին, պատռված շրթունքից արյուն էր հոսում: Աշոտը գրպանից հանեց մաքուր, արդուկված թաշկինակը և մեկնեց աղջկան:

– Վերցրեք,- անվստահ ասաց նա:

Աղջիկը ատելությամբ ու զզվանքով նայեց Աշոտին և նրա ձեռքը մի կողմ հրեց: Աշոտը հետ քաշվեց և խեղճացած նստեց: Նրա աչքերը լցվեցին հուսահատ տխրությամբ. նա հասկանում էր, որ երբեք, երբեք համազգեստը հանելու համարձակությունը չի ունենա:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *