Վերջերս էլ գլխացավով չի արթնանում։ Ոչինչ էլ չի փոխվել, դե, նկատի ունի՝ բարձը նույնն է, բայց գլուխը չի ցավում։ Սոնան չի հիշում երազները, ինչքան էլ փորփրի ցավացող կամ էլ արդեն չցավացող գլուխը։ Անսովոր է։ Առավոտյան գլխացավերը տարիներով վերագրել է տատիկից իրեն հասած սագի փետուրով բարձին։ Շատ էլ իզուր։ Թե հիմա ո՞վ է սագի փետուրով բարձին քնում։ Սինտեպոն են ասում ոնց որ՝ բարձերն էլ, վերմակներն էլ սինտեպոնից են, իսկ ներքնակ ընդհանրապես չեն օգտագործում։ Իսկ նա քնում է տասը կիլոգրամանոց ոչխարի բրդի ներքնակի վրա։ Ընկերուհիները չեն զլանում նրան խրատել ու զարմանում են, թե ինչից է, որ արտաքինը չի համընկնում իր կենցաղի հետ։ Չի էլ հասկանում՝ ինչ կապ ունի արտաքինը բրդի ներքնակի ու սագի փետուրով բարձի հետ։
Երազները չի սիրում հիշել, որովհետև հիշվող երազներում գործող անձինք կամ իր կորցրած մարդիկ են, կամ էլ տարօրինակ սարսափ ֆիլմեր հիշեցնող անսյուժե անհանգստությունները։ Ու էդպես էլ ոչ մի տարիքում Սոնան չսիրեց սարսափ ֆիլմերը։ Կամ էլ ո՞վ գիտի, միգուցե ինչ-որ տարիքում դեռ կարողանա սիրել։ Դեռ ադրենալինի ներհոսքի կարիք չունի, գլյուկոզայի ավելցուկ ունի ու չգիտի էլ որտեղ սպառի չարաբաստիկ գլյուկոզան։ Այսինքն իզուր չէ, որ նրան սարսափ ֆիլմերը դուր չեն գալիս, ավելի ճիշտ՝ հակացուցված են։ Նույնն էլ՝ նմանատիպ երազները, որոնք ոչ մի երազահանով էլ չեն մեկնաբանվում, դե փորձիր մեկնաբանել մի անդուր սարսափ երազ, ախր չգիտես ինչը պատմես, ուր մնաց ամենահայտնի համարվող Եփրեմվերդի երազահանով վերծանես այն, նույնիսկ ամբողջ երազիդ համար մի բառ չես կարող գտնել, որ փնտրես ու երազահանից մի բան գտնես։ Իսկ ընկերուհիներից մեկը՝ Մարոն, ով ամեն կերպ ուզում էր նրան սարսափ ֆիլմ դիտել սովորեցնել, համոզում էր , որ ինքը այն դիտում է նիհարելու համար։ Վերջերս մի տեղ կարդացել էր նման մի բան, ու այս անգամ ոչ թե բրիտանացի, այլ նյույորքցի գիտնականներն են նման բան պարզել։ Իսկ ինքը շատ ավելի վաղուց էր լսել ընկերուհու գյուտը։ Հա, սարսափն օգնում է այրել կալորիաները, ու նյույորքցի գիտնականները, չէր էլ հասկանում ոնց են հաշվել, որ մի ֆիլմի ընթացքում սարսափ ֆիլմ դիտողն այրում է հարյուր տասներեք կալորիա։ Ու հնարավոր է, որ նրանք միանգամայն իրավացի են, որովհետև Մարոյի ախորժակը սարսափ ֆիլմից հետո աննախանձելի ահագնանում էր։ Շտապում էին Թումանյան փողոցի վրայի նորաբաց կրպակից համբուրգեր գնելու։ Համբուրգերը նորույթ էր Երևանում ու ոնց որ այդքան էլ սիրուն բան չէր համարվում, որ նրանց նման աղջիկները մեծ համբուրգերը ձեռքներին հանդգնում էին ուտելով շրջել քաղաքով։ Մի ձևի նոր մշակույթ էր ձևավորվում քաղաքում։
Ընկերուհու հետ Սոնան ֆիզիկապես կինոդահլիճում էր՝ ամբողջ ընթացքում աչքերը փակ, իսկ Մարոյին էլ թվում էր, թե սարսափ նայել է սովորեցրել։ Ինչևէ, Սոնան էներգիա ծախսում էր ոչ այնքան, ինչքան խիզախ ընկերուհին ու չէր կարողանում մինչև վերջ ուտել իր համբուրգերը։
– Ոչինչ, ես կուտեմ,- ասում էր կալորիաներ կորցրած Մարոն։ -Հանկարծ չգցես, ափսոս ա։
– Ձեզ ի՞նչ դնեմ՝ սոխ, կանաչի, կաղամբով աղցան, կծու բիբար, թթու վարունգ, մայոնեզ, լոլիկ, վարունգ ,- անվերջ շարքն էր թվարկում համբուրգերի կրպակաատերը, որը նաև վաճառողն էր։
– Ամեն ինչից էլ դրեք, թող համով լինի,- մի կերպ համբերում էր Մարոն։
– Սո՞խ էլ,-չթաքցրեց զարմանքը կրպակատերը։
– Հա՛, սոխով շատ համով ա,- ակնարկը չհասկացավ Մարոն։
Մի խոսքով, Մարոյի կալորիաները հաստատ այրվում ու կրկնակի, երբեմն էլ եռակի վերականգնվում էին։
Սոնայի գլուխը չի ցավում, երազներ տեսնում ու չի հիշում, հիփոթեք չունի ու բարձն էլ այն նույն բարձն է, որն այդքան տարի համարվել է իր գլխացավերի պատճառը։ Ձեռքը երկարեց՝ հեռախոսը վերցնելու։ Ստույգ ժամն էր ուզում պարզել։Միացրեց միջի մեխանիզմն ու մտովի հասավ օրվա ավարտ։Սկսեց երանելի ժպտալ, նրան թվաց, թե հասցրել էր սկսել ու ավարտել օրվա բոլոր գործերը։
– Սուրճդ քեզ է սպասում, արի դե, – կանչեց Մուշեղը։
– Եկա՛, եկա՛, ոնց եմ սիրում քո դրած սուրճը։
– Արի երազս պատմեմ քեզ, էլի։
– Ոնց էլ հիշում ես, բայց էսօր ի՞նչ օր է, համ էլ պիտի պարզենք՝ լուսինը քանի օրական է, էդ շատ կարևոր է էս գործում։ Չես տեսե՞լ երազահանների մեջ գրված է՝ լուսինը տասը օրական, երազը քառասուն օրից կկատարվի։ Տատիկս ասում էր,որ կիրակի օրվա երազները չեն կատարվում, հա, ցերեկվա տեսած երազներն էլ չեն կատարվում։ Դու ցերեկվա երազներն էլ ես չէ՞ հիշում։ Ո՞նց ես հաջողացնում։
– Դե թող պատմեմ ,էլի,- չէր համբերում Մուշեղը։
– Եթե շատ վախենալու երազ է, ավելի լավ է ծորակի ջուրը բացես ու ջրին էլ պատմես, թե չէ ինձ որ պատմես, հետո՝ ջրին, անիմաստ է։
– Ավելի լավ կլինի զոքանչիս կանչես, ինքը երազներից լավ էլ գլուխ է հանում։
– Բանալի էի գտել, շատ բանալիներ,- կմկմած Մուշեղը։
– Հա, պարզ չի՞, հիփոթեքը մարել ենք ու արդեն էս տան բանալին քոնն է, իմն է, մերն է։ Ես էլ ասում եմ սարսափ երազներդ են էլի եկել։ Սպասիր, նայեմ ՝ ըհը, երազը մինչև կեսօր կկատարվի։ Տեսա՞ր, լավ էլ առաջ գցեց Եփրեմվերդին, մինչև տասներկուսը կատարվելու է։ Բայց դե զգույշ կլինես, հա՞։ Շատ մի վստահիր ինձ, կարող է բանալին ուրիշ նշանակություն էլ ունի, հնարավոր է, որ սխալ եմ վերծանում։ Դե, մի բան կլինի էլի։
Սոնան վայելում էր իր դառը սուրճը, արևը, արևի ծիրանաբույրը, փորձում վարագույրի արանքից նայել աշխարհին։
Հեռախոսը կարծես զանգում էր։ Սովորաբար ձայնն անջատում է, սովորություն է, նկատեց հեռախոսի անհանգստությունը։ Էկրանին ոչ մի անուն գրված չէր, բայց նա ոչ մի անուն չի էլ գրանցում ընդհանրապես։Հիշում է բոլորի համարները։ Աչքը նորից գցեց հեռախոսին, չմտաբերեց։
– Բարև ձեզ, դուք Վանուհու աղջի՞կն եք։
– Այո՛, ի՞նչ է պատահել մորս,- շփոթվել էր Սոնան։
– Հանգստացեք,պարզապես մի կապոց փաստաթուղթ ենք գտել կանգառի հարակից տարածքից, ուզում էինք հասկանալ կողոպու՞տ է, թե պարզապես Վանուհին կորցրել է։ Դրամապանակ էլ կա, բանալիներ էլ, թոշակի քարտ ու էլի ինչ-որ բաներ։ Կասե՞ք Վանուհին ներկայանա բաժին, պարզելու բաներ կան։
– Հա, անպայման կասեմ,- կարկամել էր Սոնան։
Փորձեց զանգել մայրիկին․ անհասանելի էր։ Էս ինչ է եղել, հա, առավոտյան պիտի գնար Տաթևից փաստաթղթեր վերցներ, որ տեսներ էլ ինչ թղթեր են պակաս, հայթայթեր,որ իննսուն մոգով սովորող երեխու վճարը փորձեին թեկուզ մի քիչ զեղչեին։ Տաթևը Վանուհու թոռնուհին է, Սոնայի զարմուհին։
Սովորաբար Սոնայենց տուն եկող ծանոթ-հարազատները դուռը չեն թակում, նրանց դուռը միշտ բաց է, պարզապես իջեցնում են բռնակը։ Մուշեղը շատ ուշադիր հետևում է, որ գոնե գիշերը այն կողպվի, բայց հազվադեպ, տնեցիներից վերջին տուն մտնողը հաջողացնում է այն բաց թողնել։ Մի երկու անգամ էլ օտար մարդիկ են հայտնվել հենց հյուրասենյակի կենտրոնում։ Սոնայենց տանը բոլորը միշտ սպասված են։
Դուռը բացվեց։
– Մա՞մ, եկա՞ր։ Ո՞նց ես։ Տեսա՞ր Տաթևին, բերեցի՞ր թղթերը,- փորձում էր հանգիստ ձևանալ Սոնան։
– Հա՛, մի հատ շունչ քաշեմ մինչև ժեկը բացվի, գնամ Հակոբին ասեմ ինչ տեղեկանք է պետք։
Սոնան գլխի ընկավ, որ մայրը ոչ էլ տեղյակ էր իր գլխին եկածից։ Ուրեմն լավ պրոֆեսիոնալ է եղել։
– Ո՞նց եկար բա,- սկսեց հարցուփորձը։
– Դե, երեխան շտապում էր դասի, ինձ տվեց էդ փաստաթղթերի կապոցը, նստեցրեց ավտոբուս ու գնաց համալսարան։ Էս նոր ավտոբուսները շատ հարմար են, հով, հասնում ես տեղ ու չես էլ ուզում իջնել։ Մարդ էլ չկար մեջը։ Մի ռուս ոնց որ աղջիկ էր։ Ամբողջ ավտոբուսը թողեց, եկավ կողքս տեղավորվեց։ Շատ քաղաքավարի էր, շատ։ Գիտե՞ս չէի հասկանում՝ աղջի՞կ է, թե տղա։Դեմքը նուրբ էր, մազոտ չէր, բայց կանացի բարեմասնություններ չուներ։ Ոնց որ բարեմասնությունը լիներ, բայց հասունացած չլիներ ու անընդհատ նայում էի, ուզում էի հասկանալ՝ տղա՞ է, թե՞ աղջիկ։ Հետո անսպասելի իջավ ավտոբուսից, հետևից ուզում էի հասկանալ՝ վերջիվերջո ո՞վ էր։ Համ էլ ականջօղ կար ականջին, հիշեցի։ Հա, հաստատ աղջիկ էր, ոնց գլխի չընկա ականջօղից։ Բայց չհասկացա, էդ հսկա ավտոբուսը ազատ էր, մարդ չկար մեջը, ինչի՞ հենց իմ կողքը նստեց։
– Մա՛մ, ականջօղը կապ չունի սեռի հետ, ականջօղը զարդ է, այն կրում են և՛ աղջիկները, և՛ տղաները, բայց մի հատ կնայե՞ս՝ ուր են Տաթևի փաստաթղթերը։
Վանուհին սկսեց սուզվել իր պայուսակի մեջ, փնտրեց, փնտրեց ու երևի մի քանի անգամ պայուսակի պարունակությունը թափեց սեղանին, հետո նորից հետ դրեց պայուսակի մեջ։ Խեղճը գույն տվեց, գույն առավ, բայց թղթերը չկային ու չկային։
– Մա՛մ, հենց էդ քո կողքի երևի աղջիկն էլ տարել է փաստաթղթերը։ Երևի փող է փնտրել, քրքրել է ու բան չի գտել։ Դե չի գտել ու էդ ամբողջ կապոցը դեն է նետել։ Ոստիկաններն էլ գտել ու զանգել էին ինձ։
– Բայց ո՞նց տարավ, ես անթարթ իրեն էի նայում, ո՞նց հասցրեց։ Ու գիտես, չէ՞, մի քանի օր է մնացել, որ զեղչի վերջնաժամկետը լրանա։ Հիմա ի՞նչ ենք անելու։
– Ինձ պարեկներն էին զանգահարել, էդ բոլոր փաստաթղթերը գտել են փողոցից ու խնդրեցին ներկայանալ՝ իրերդ ճանաչելու,- շատ հանդարտ բացատրեց Սոնան։
– Բա երեխու զե՞ղչը։
– Ի՞նչ զեղչ, մա՛մ։ Զեղչը ի՞նչ կապ ունի սրա հետ։ Այսինքն զեղչն էն եղավ, որ գոհ պիտի լինենք, որ էդ բոլոր փաստաթղթերը չի կորցրել էդ քաղաքակիրթ ենթադրյալ աղջիկը, չի նետել աղբարկղը, այլ՝ քաղաքակիրթ ձևով կատաղած շպրտել է փողոցում։ Պատկերացնու՞մ ես, եթե կորցներ, ու պարեկները չգտնեին, վերջնաժամկետը գալու էր, ու ոչ մի բան էլ չլիներ։ Էս խառը սեզոնին մինչև էդքան փաստաթղթերի համար դիմեինք ու ստանայինք, մի տարի կանցներ։ Շատ ապրի աղջիկը, շատ ,սենց որ պրծնենք, լավ է։
– Բայց փող էլ կար, է,- տխրել էր մայրը։
– Փողն էլ են տալու, մա՛մ։ Պարեկն ասաց, որ երեսուն հազար դրամ էլ փող կար։
– Բայց երեսուն չէր, քսան էր, տա՞սը որտեղից ավելացավ, այ բալա։
– Չգիտե՞ս, տասն էլ բարոյական փոխհատուցում է, մա՛մ։
– Բայց կա՞ նման բան Հայաստանում,- զարմացավ Վանուհին։
– Հա, բա ոնց, արդեն գործում է էդ օրենքը, տեսա՞ր զեղչը որն է։
– Լավ , հանգստանամ ու գնամ պարեկներին հանդիպելու,- մի քիչ փոխհատուցման վրա կասկածելով շարունակեց Սոնայի մայրը՝ Վանուհին։
Սոնան դուրս եկավ տանից։ Գործեր ուներ։ Զանգեց ինչ-որ մեկին, երկար-բարակ խոսում ու բան էր խնդրում։ Հետո հանգստություն իջավ դեմքին ու արագ-արագ գնաց։ Պարեկների մի մեքենա մոտեցավ, կայանեց ու հեռվից կարծես ճանաչեցին միմյանց։ Պարեկը պատվի առավ ու ներկայացավ։
Սոնան գոհ էր, մեղմ ժպտում էր։
– Մա՛մ, գրանցիր պարեկների համարը, որ անպայման զանգես ու այսօր հանդիպես, ուշադիր կնայես բոլոր իրերը տեղում լինեն ու գումարն էլ կպահանջես, փոխհատուցումն էլ հետը, հանկարծ տակով չանեն, ցույց կտաս, որ տեղեկացված, կիրթ մարդ ես, հետևում ես խորհրդարանի աշխատանքներին ու օրենքներն էլ գիտես։ Ժամը տասներկուսին պիտի հանդիպես, դե զանգիր, մա՛մ։
Մի ամբողջ շաբաթ Վանուհին պատմում էր այդպես էլ սեռը չպարզած շատ պրոֆեսիոնալ գրպանահատի, պարեկների բարյացակամության ու բարոյական փոխհատուցման նոր ընդունած օրենքի մասին։
Օրերը հեռանում են, դառնում անցյալ, հավաքում, տանում մեր էմոցիաներն ու թողնում այնտեղ։ Մտքով թափառում ենք անհուններում, չենք նկատում, որ մեկը մեզ ժպտում է, մյուսը՝ սպասում, ու չենք էլ հասկանում, որ ուր որ է ներկադ անցյալ է դառնալու, ու անցյալից չամաչելու համար հենց այս ներկան պիտի ապրել սիրելով, կարճ երջանկությամբ, ժպտացողին՝ ժպտալով, սպասողին՝ հանդիպելով, շողացող աստղերը նկատելով, անցյալդ ապրել ես արդեն, վայելիր հիման։ Երջանկությունը շքեղությունը չէ, այն հաճախ հանգիստ պահերի մեջ է, որը մենք հեշտությամբ կարող ենք անտեսել։ Այն առավոտյան արևի ջերմությունն է, որը թափանցում է վարագույրի միջով, անտանելի շոգին հաջորդած քամոտ երեկոն ու տերևի նուրբ խշշոցն է ու կամ խաղաղ լռությունը, որը կիսում ես հատկապես սիրելիիդ հետ։
Սոնան հոգնել էր, գլուխը դրեց բարձին, հա՛, էն սագի փետուրով տատիկից ժառանգած բարձին ու լսեց սրտի զարկերը, հասկացավ, որ սիրտը ժպտում էր։
– Մուշեղ ջան, քեզ համար երազ տես, խնդրում եմ, բայց ավելի լավ կլինի մի երկու օր երազ չտեսնես կամ էլ տեսածդ երազը չհիշես։