Ակսել Բակունցը իբրև «գռեհիկ սոցիոլոգիստ»/Վարդան Ջալոյան

Ակսել Բակունցը, անշուշտ դասական է։ Իսկ ինչո՞ւ է դասական։ Որովհետև նրա գրականությունը կարևոր է մեզ համար։

Գաղափարախոսական հասարակությունում շեշտադրումը դրվում է ոչ թե գրականության, այլ կարևորի վրա, օրինակ՝ ազգայնականի դեպքում՝ ազգասիրության աստիճանի։

Ակսել Բակունցը ստալինյան բռնաճնշումների զոհերից է․ մեղադրվել է 1936֊ին և արդարացվել 1954 թ․։ Վկաները պնդում են, որ գնդակահարությունից առաջ երգել է «Ինտերնացիոնալը»։ 

Ահա մեղադրական եզրակացությունը.

1. Հանդիսանում է հակահեղափոխական, տրոցկիստական, նացիոնալիստական կազմակերպության անդամ, որը 1934 թ. դեկտեմբերի 1–ին սպանեց Կիրովին և հետագայում նախատեսում էր այդպիսի տեռոր ընդդեմ ՀամԿ(բ)Կ–ի և խորհրդային իշխանութ յան։

2. 1930 թ. Չարենցի հետ կազմակերպել է հակահեղափոխական գրողների կազմակերպություն։ 1933 թվականից գլխավորել է  կենտրոնը, որը նպատակ ուներ սպանելու Ստալինին, նախապատրաստում էր մահափորձ Բերիայի դեմ։

3. Կազմակերպությունը կապված էր Մոսկվայի կենտրոնի հետ (Տեր–Վահանյան և ուրիշներ)։

Բակունցը սկզբում չի ընդունել մեղադրանքը, բայց մի քանի օր հետո քննիչները բռնությունների և ճնշման տակ այն ընդունել է։

Մեղադրանքի երեք կետերն էլ դիտարկման կարիք ունեն։ Անշուշտ, զինովևական ահաբեկչի հետ Ակսել Բակունցը առնչություն չէր կարող ունենալ և առաջին կետի մեղադրանքը խորհրդանշական բնույթ ուներ՝ այն նշանակում էր կրել հակաստալինյան տրամադրություններ։

Երկրորդ կետը կարծես պարունակում է կոնկրետ մեղադրանք՝ Բերիայի դեմ մահափորձ կատարելու մտադրություն։

Այստեղ կարելի է առաջադրել երկու վարկած․ ոչ, այդպիսի մտադրություն չի եղել։ Բակունցը սիրել է Բերիային և պաշտել Ստալինին, այս հիմնական մեղադրանքը կեղծ է։ Նա քաղաքական իմբեցիլ էր և չէր հասկանում երկրում հաստատված ամբողջատիրական համակարգի էությունը, այն պաշտպանում էր, և մտադրություն չուներ պայքարելու դրա դեմ։

Այս տեսակետը տարածված է նաև հիմա, և, կարծում եմ, հիմքը լիբերալ֊լոյալիստական պատկերացումն է՝ Բակունցը չէր կարող լինել հանցագործ։ Կամ այլ` ազգայնական՝ Բակունցը քայլող, ուտող խմող հրեշտակ էր։ Ըստ էության այժմ գերիշխող է այս մոտեցումը, և ըստ այդ պատկերացման Բակունցին առաջադրված մեղադրանքները բոլորովին անհիմն էին։ Այդպես էին գրում խորհրդային տարիներին նրա մասին, և դա հասկանալի էր գաղափարախոսական նկատառումներով։ 

Մյուս մոտեցումը, որ ես հավանում եմ․ Բակունցը հասկանում էր երկրում հաստատված ամբողջատիրական համակարգի էությունը և փորձում էր դիմադրել։

Բակունցը ուներ իր աշխարհայացքը, որը անհամատեղելի է, ոչ միայն իր ժամանակի, այլ նաև մեր շատ ժամանակակիցների աշխարհայացքի հետ։ Հասկանալի է, որ 1936 թ․ այն անհամատեղելի էր պաշտոնական գաղափարախոսության հետ, քանզի Բակուցի գրականությունը և նրա հասարակական գործունեությունը կապված էր «բոլշևիզմի» երևույթի հետ, այստեղից երրորդ առանցքային մեղադրանքը, նրա կապը տրոցկիստ Վաղարշակ Տեր-Վահանյանի, նրա եղբոր՝ Ընձակի հետ։

Մյուս կարևոր մեղադրանքը «նացիոնալիզմն» է։ Այդ մեղադրանքով են դատապարտվել նաև Գուրգեն Մահարին ու մեր շատ այլ գրողներ։ Դժվար չէ պատկերացնել այսպիսի իրադրություն։ Բակունցը կենդանի է մնում, 60-ականներին տպագրում է իր վեպը, որը դաժան քննադատության է ենթարկվում ազգասերների կողմից։

Սա զուտ ֆանտազիա՞ է։ Ոչ, Բակունցը կենդանի չի մնում, բայց․․․ մնում են պատառիկներ նրա «Խաչատուր Աբովյան» վեպից, որն, ինչպես կռահում եք, կոշտ քննադատության է ենթարկվում ազգասերների կողմից։

Միակ մեղադրանքը, որ հաճույքով համաձայնվում են ժամանակակից բակունցագետները, որ նա եղել է «ազգայնական», գուցե նույնիսկ՝ դաշնակ։ Ես պատրաստ եմ ընդունելու Բակունցին առաջադրված բոլոր մեղադրանքները, բացի այս մեկից։ Կարող եք զուգահեռներ անցկացնել Գուրգեն Մահարու հետ: Իհարկե, Բակունցը և նրա ընկեր Վաղարշակ Տեր Վահանյանը ոչ մի առնչություն չունեն «մարդակեր ազգայնականության» հետ, որը միանշանակ դատապարտել են։

Օրինակ․ հարց է առաջանում՝ ինչո՞ւ 1936 թ․ «ազգայնականությունը» մի բան էր նշանակում, իսկ 1960-ականների հայ ազգասեր մտավորականության համար այն հակադիր իմաստ ուներ։

Որպես օրինակ վերցնենք հայտնի բանաստեղծ Նաիրի Զարյանին։ 1930-ականներին նա կտրուկ ելույթներ էր ունենում «ազգայնականության» դեմ, ասենք՝ հիշատակված Մահարու և Բակունցի։ Քիչ ժամանակ անց՝ 60֊ականներին կրքոտ ելույթներ է ունենում հանուն «ազգայինի» և ընդեմ՝ «ապազգայինի»։ Ինչ էլ մտածենք, որ դրանք հակադիր են, անհամատեղելի և այլն, պետք է գտնել նաև ընդհանուր հայտարարը։

Ոչ միայն ընդհանուր հայտարար կա, այն ակնհայտ է՝ դա ստալինիզմի գաղափարախոսությունն է, և մոտիկից նայելով հասկանում ենք՝ ամբողջապես այդ դիրքորոշումները համատեղելի են։

Եթե դիտարկենք Նաիրի Զարյանին կամ Հրաչյա Քոչարին իբրև հետևողական ստալինիստներ, ապա պարտավոր ենք հետևել ստալինյան գաղափարախոսության զարգացմանը, հատկապես՝ տրոցկիզմի և ձախականության դեմ պայքարում։ 1930-ականներին Ստալինը և նրա համախոհները հրաժարվեցին համարել ցարիզմը «չարյաց մեծագույն», իսկ արդեն 1950֊ականների սկզբում պարտադրեցին լիովին հակադիր տեսակետ․ ցարիզմի գաղութային նվաճումները անվերապահ բարիք էին նվաճվողների համար։ Այսինքն, «վատ» է այն ազգայնականությունը, որ հակացարական և հակառուսական բնույթ ունի, բայց լավ է այն «նացիոնալիզմը», որը ընդունում է Ռուսաստանի հետ միանալու առաջադիմական բնույթը։

Այսպիսով, 1930-ականների չափանիշներով Ակսել Բակունցը եղել է «նացիոնալիստ»: Այդպես են որոշել Նաիրի Զարյանը և նրա նմանները։ Ի՞նչ չափանիշներ են դրանք։ Եվ ինչո՞ւ 1920֊ականների չափանիշներով Բակունցը «նացիոնալիստ» չէր, այլ «դեմոկրատ», բայց Ստալին֊Բերիայի դարաշրջանում՝ «նացիոնալիստ»։ Իսկ 1950֊ականներից հետո Ա․ Բակունցը արդեն «վատ» նացիոնալիստ էր ռուսական ցարիզմը անվերապահ մերժելու համար։

Ակսել Բակունցի աշխարհայացքի և ստեղծագործական ժառանգության հետ կապված հարցերը բազմաթիվ են։ Ո՞վ է Վաղարշակ Տեր-Վահանյանը, որն այդքան էական դեր է ունեցել Ա․ Բակունցի և մյուս հայ գրողների ճակատագրում։ Ինչո՞ւ այդ ակնառու բոլշևիկի, փիլիսոփայի և գրականագետի անունը և հայացքները Հայաստանում լռության են մատնվում մինչ հիմա։

Ինչո՞ւ Ա․ Բակունցին արդեն արդարացումից հետո մեղադրեցին «գռեհիկ սոցիոլոգիզմի» և մարքսիստ պատմաբան Մ․ Պոկրովսկու գաղափարներին հարելու մեջ։ Ինչո՞ւ նմանատիպ մեղադրանքներ ուղղվեցին նաև պատմաբան Լեոյին։ Ինչո՞ւ Ա․ Բակունցը չէր փառաբանում ցարիզմը և Խ․ Աբովյանին համարում էր ցարիզմի քննադատ։ Արդյո՞ք իր գրական ստեղծագործություններում՝ «Ծիրանի փող», «Ալպիական մանուշակ», «Մթնաձոր» և այլն տուրք է տվել «գռեհիկ սոցիոլոգիզմին», թե՞ միայն «Խաչատուր Աբովյան» վեպում։

Այս հարցերը ակնհայտ պատասխաններ չունեն, բայց Ակսել Բակունցին և նրա ժամանակը հասկանալու համար պետք է փորձել դրանք գտնել։

Please follow and like us: