Անահիտ Կարապետյան
Իր գործերում Թումանյանը հայտնաբերել է հավերժ մարդկային ու ընդհանրական հատկանիշներ` հաստատելով այն ճշմարտությունը, որ արվեստում ու գրականության մեջ համամարդկայինը ստեղծվում է ազգայինի միջոցով։ Հանճարի անզուգական փայլատուկումով նա լուսավորեց հայ գրականության գալիք ճանապարհը և դարձավ այդ ճանապարհի հավերժական ուղեկիցն ու այն հսկող «տիեզարական ճամփորդը»։ «Իր ստեղծագործության նյութով ու բուն տարերքով Թումանյանը սկիզբ է առել 19-րդ դարից, արտացոլել 19-րդ դարի երևույթները և թերևս ավելի ճիշտ կլինի ասել` փակելով այդ դարը, նա բացել է 20-րդ դարի հայ գեղարվեստական մտքի առաջին էջը»,- նկատում է Հրանտ Թամրազյանը։ Ասվածի լավագույն ապացույցը Թումանյանի վրձնած բանաստեղծական աշխարհն է, որտեղ մարմնեղանում են ամեն մարդկային և վեհ զգացում, արտացոլվում ժամանակային տարբեր շրջաններ, արծարծվիւմ զանազան թեմաներ։ Նրա բանաստեղծություններում իր առանձնահատուկ տեղն ունի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։
Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը գրվել է 1915 թվականին և արձագանքն է պատմական այնպիսի իրադարձության, երբ բնաջնջվում էր մի ողջ հայ ժողովուրդ իր իսկ պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում։ Կոտորվում էր մի ողջ ժողովուրդ, և Ամենայն հայոց բանաստեղծ և որբերի հայրիկ Թումանյանը իր սրտի վիշտը փորձելու էր վերածել բանաստեղծության` հոգեպես լինելով տանջահար ժողովրդի կողքին, իսկ հետո ֆիզիկապես նաև՝ Եղեռնից մազապուրծ որբերի։
«Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ հայրենիքի ծանր ու ողբերգական վիճակը բանաստեղծի մշտական մտորումների առարկան է։ Տիեզերական բանաստեղծը, որ 1922 թ. գրված քառյակում իր հոգին «կբնակեցնի» տիեզերքում և կհամարի աստվածային («Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.// Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին…») այս բանաստեղծության մեջ էլ վաղուց տարված է տիեզերական առեղծվածների ըմբռնման տենչով ( «Վաղուց թեև իմ հայացքը Անհայտինն է ու հեռվում»), Անհայտը հայտնի դարձնելու ցանկությամբ, բայց հարենիքին պատուհասած չարիքները թույլ չեն տալիս հանգիստ շունչ քաշել, և բանաստեղծը չի կարող մոռանալ զարկված ու զրկված հայրենիքի դատարկված ու հարկադրաբար լքված շեներն ու գյուղերը։ Շատ կարևոր հանգամանք պետք է նշել, որը կարծես թաքնված, բայց միաժամանակ բացահայտ տեղադրված է բանաստեղծության տողերում. դա անցյալ- ներկա-ապագա կապն է` մոտավորապես այսպիսի բանաձևմամբ. Վաղոց թեև իմ հայացքը Անհայտինն է ու հեռվում…(անցյալ)- Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի…(ներկա)- Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը` վառ հագած…(ապագա)։
Բանաստեղծություն երկրորդ տան մեջ Թումանյանը վրձնում է Եղեռնից մի դրվագ` հեռահար կերպով անտեսանելի թել կապելով Խորենացու հանրահայտ «Ողբի» հետ։ Չնայած վերջինիս դեպքում պատմահայրը ողբում է անտեր մնացած հայրենիքի ճակատագիրը, որտեղ դերերն ու տեղերը խառնված են, և ոչ մեկ իր գործառույթի տերը չէ` ո՛չ դատավորը, ո՛չ քահանան, ո՛չ զինվորը, ո՛չ ուսուցիչը, ո՛չ աշակերտը։ Բայց միթե՞ մինչ Խորենացին ու նրանից հետո Հայոց աշխարհը չի դարձել հանգամանքների ու երբեմն էլ սեփական ընտրության զոհը։
Նույնն էլ Եղեռնի օրերին ժողովուրդը իր կամքով և իր կամքից անկախ կոտորվեց, տեղահանվեց, բռնեց գաղթի ճամփան` աչքը կարոտ սեփական հողին (դարերով որդեգրած խեղճությունը վկա)։ Ահա «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի, ավարներով, ավերներով, արյունոտ խնջույքներով հայրենիքը դարձնում են մշտական սև ու սգի մի հովիտ, և հային մնում են անժպիտ հայացքները և խեղճ ու լալկան երգերը, որոնք հային ապրեցնող ուժն են։ Հայը երգել է իր ճակատագրի և՛ ուրախ , և՛ տխուր պահերին։ Ու այս տան համար, որպես ամփոփիչ մաս բաանաստեղծը ընտրում է «Ողբի՜ հայրենիք,// Որբի՜ հայրենիք» ձևակերպումը։
Հաջորդ տան մեջ արդեն երևում է լավատես ու հուսաշատ բանաստեղծը, որը կարծես վստահ է միշտ ցավ տեսած, բայց իրեն վեհ պահած ջողովրդի կամքի վրա, որ դեռ շարունակելու է իր երթը ժամանակի մեջ։
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհու՜ն, խորհըրդավոր ճամփին նորի ու հնի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին,
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը ծանոթ ընթերցողը միանգամից կնկատի միջտեքստայնությունն այս հատվածում։ Թումանյանը գրում է. «Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ»` դիմելով ժողովրդին։ Նարեկացու «Մատյանի», 95 (ՂԵ) գլուխները վերնագրված են «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» («Սրտի խորքից խոսք Աստծու հետ»)։ Եվ իրոք, ամբողջ պոեմը բանաստեղծի սրտի խոսքն է, աղոթքը, ներքին մենախոսությունը` ուղղված երկնային տիրոջը։ Թումանյանը այդ տողը պատահական չէ, որ ընտրել է, այդ տողն է ընդհանրացնում հայ ժողովրդի հավատը առ Աստված։ Մենք դժվարին պահերին ծնկաչոք աղոթել ենք Աստծուն` նրանից ուժ և զորություն ակնկալելով։ Այս տան մեջ կար ճանապարհի սիմվոլը, որը դառնում է հնի ու նորի խաչմերուկը։ Այդ ճանապարհն է, որ տանում է հայրենիքից, բայց վերադարձի ճամփա և հույս կա։ Լույսն էլ դառնում հույսի հոմանիշը, ու ճանապարհի վերջում՝ կորած ժողովրդի համար վառվողն ու նրան ուղորդողը։
Բանաստեղծությունը վերջանում է լավատեսությամբ, նախորդ տան մեջ արտահատված անորոշ հույսը վերածվում է հաստատ համոզմունքի։ Բանաստեղծն ընտրում է հարկադրական հնչերանգ ունեցող բայաձևեր` հայրենիքի ապագան ավելի հաստատուն դարձնելու համար։ Այն արշալույսները, որ տակավին դեռ չեն ծագել (Սիամանթո), ըստ Թումանյանի` պիտի գան, այն էլ՝ վառ հագած, հազա՜ր-հազա՜ր լուսապայծառ հոգիներով ճառագած։ Այս տան մեջ է, որ բանաստեղծը վկայակոչում է հայոց ուրախություններին ու դժբախտություններին վկա եղած ու հային կարոտ մնացած մեր սուրբ լեռը` Արարատը։ Արեգակի կենսաժպիտ շողերը պիտի ժպտան Արարատի առաջին։
Մեծն լավատես ապավինում է իրենց շուրթերը անեծքով չպղծած պոետներին՝ գալիքի պոտներին, որոնք պիտի գովեն հայրենիքի նոր կյանքը՝ նոր երգերով, նոր խոսքով։ Այո՛, կրկին երգ, կրկին մեր մշակույթի ու հայի անբաժան մասնիկը, այն ինչ մանկուց դրվում է հայի սրտում ` օրորոցայինների տեսքով, հետո դառնում մանկական ելևէջ, գյուղացու հորովել, զինվորի մարտական գոչ, հարսանյաց տաշ-տուշ։ Մեր ժողովրդական զուլալ երգերը չե՞ն, որ հային հայ են պահում, մաքուր են պահում ազգայինը։ Զինվորներն ու մարտիկներն անգամ իրենց վերջին շնչում են փառքի, մարտի ու ազատության երգեր երգում, որ իրենց աղոթախառն երգերը հասնեն Աստծուն ու հային։
Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերքվ, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք...
Կյանքի փորձ ունեցող բանաստեղծի այս ձևակերպումը արդիական է նաև այսօր։ Մենք հզոր ենք այժմ և այդպիսին կլինենք միշտ։ Ծանր հարվածների և չնչին սխալ որոշումներով հանդերձ մենք կանք ու դեռ կլինենք։ Ազգեր կգան ու կգնան, իսկ հայը գիտի վերածնվել, ապրել ու շատանալ։