Օգտակար սովորություններ գրելու համար

1. Սխալներին ավելի թեթեւ վերաբերվեք

Մի վախեցեք սխալ բան անելուց և մի ամաչեք սխալներից։ Ցանկացած անճշտություն գործելու ազդանշան է, որը ցույց է տալիս, թե էլ ինչի վրա է պետք աշխատել: Գրողները բազմաթիվ անգամ արտագրում և վերաշարադրում են տեքստը, և դա նորմալ է: Սովորեք սխալներն ընդունել որպես մարտահրավեր, վերլուծել դրանք, ապա ուղղել:

2. Կենտրոնացեք գործընթացի վրա

Գրեք ազատ և որքան հնարավոր է արագ, մի ուղղեք կամ վերաշարադրեք տեքստը, մինչև ձեր բոլոր մտքերը չհանձնեք թղթին: Խմբագրումներ անելն առանձին փուլ է, աշխատանքի ընթացքում այն ​​միայն խաթարում է մտքերի հոսքը և ռիթմը։ Հատուկ նպատակներ մի դրեք՝ գրեք այնպես, ինչպես գրում եք:

3. Մի ձգտեք կատարելության

Պերֆեկցիոնիզմը հաճախ խանգարում է ավարտին հասցնել աշխատանքը, և ձեր ջանքերը ջուրն են ընկնում։ Վատ տեքստը միշտ կարելի է ուղղել, բայց ոչնչից լավ պատմություն պատրաստելը չի ​​ստացվի: Կարևոր չէ, թե ինչ արդյունք կլինի, գլխավորն այն է, որ ավարտես այն, ինչ սկսել ես։

4. Գրեք ամեն օր

Գրելը պետք է սովորություն դառնա։ Ճիշտ կլինի, եթե այս գործողությունն ավելացնեք ձեր ամենօրյա գործողությունների ցանկում: Ընտրեք հարմար ժամ, օրինակ՝ առավոտյան, երբ ձեր գլուխը դեռ թարմ է, կամ երեկոյան, երբ բոլոր կարևոր գործերն արդեն ավարտված են։ Ինչ էլ որ լինի, անկախ տրամադրությունից նստեք և գրեք։ Գրելը առաջին հերթին աշխատանք է, մուսաները էական չեն։

5. Աշխատանքը բաժանեք քայլերի

Գրելը դժվար գործ է` հատկապես եթե ծրագրում եք վեպ գրել։ Աշխատան իրականացրեք փուլերով, բաժանեք գործը փոքր մասերի, այնուհետև պարզապես սկսեք կատարել դրանք ըստ հերթականության։ Մի փորձեք միանգամից անել ամեն ինչը, գրեք փոքր հատվածներով, դա կհեշտացնի հասնելը մինչև վերջ:

Բոնուս՝ վարժություն, որ առաջարկել է Ռեյ Բրեդբերին

Մտածեք մի շատ կոնկրետ վայրի մասին, որի հետ դուք ունեք որոշակի հիշողություններ: Մետրոյի կայարան, ամառանոց, տատիկի գյուղական տուն և այլն։ Գրեք այս բառը և ուրվագծեք, թե ինչ ասոցիացիաներ ունեք այս վայրի հետ: Հիմա նայեք ստացված ցանկին. կարո՞ղ եք այն վերածել պատմության: Փորձեք բռնել սյուժեի թելը՝ քիչ-քիչ կծիկը բացելով։ Որտեղի՞ց է սկսվում ձեր պատմությունը: Ո՞վ է լինելու նրա հերոսը։ Ի՞նչ է ուզում այս հերոսը, ո՞ւր է գնում և որտե՞ղ է հայտնվելու իր ճանապարհին:

Վարժությունը մեզ օգնում է ստեղծել քրոնոտոպ: Մենք անմիջապես մանրամասն պատկերացնում ենք այդ վայրը, նկարագրում այն, նույնիսկ եթե դրանք պարզապես բառերի և իրերի ցուցակներ են: Այս վայրը կապված է ոչ միայն մեր կյանքի որոշակի շրջանի, այլև կոնկրետ դեպքերի հետ։ Ժամանակի մեքենան հեշտ միանում է, հենց որ մենք նորից հայտնվենք այնտեղ: Բացի այդ, մենք կարող ենք զգալ, թե ինչպես է հերոսը հանգիստ շարժվում զուգորդումների շնորհիվ: Այս դեպքում հերոսն ինքներս ենք։ Ցանկացած տեքստ գրելիս մենք արագ վերածվում ենք գրական հերոսի, եթե նույնիսկ դա ամբողջովին ինքնակենսագրական գործ է։ Այսպիսով, հերոսը միշտ ծնվում է մի տեղից և ասոցիացիաների հոսքից: Կոնկրետ անձնավորություն՝ հատուկ զգացմունքներով։
Մայա Կուչերսկայա

Please follow and like us: