սկիզբը՝ այստեղ
Ընտրություն
Ընտրության օրը գումարտակի հրամանատարը մեզ նորից շարահրապարակում շարում է, բաժանում է զինվորական գրքույկները և կարդում է ընտրացուցակի մեր համարները: Հետո նա բացատրում է, թե ինչպես պիտի մեզ գյուղում պահենք:
Ամբողջ քարոզարշավի ընթացքում գումարտակի հրամանատարը զինվոր չէր ծեծել, հայհոյանքներով չէր համեմել իր ելույթները, սպառնալիս անուղղակի էր սպառնացել, բայց ընտրության օրը նա իր ռազմավարությունը փոխեց: «Ես ձեզ չեմ ստիպում, որ մեր թեկնածուին ընտրեք,-ասում է հրամանատարը,- բայց եթե տենց մի հատ խոզի մռութ գտնվի, որ ուրիշ թեկնածուի կընտրի ու մեր գումարտակի վրա բիծ կբերի, ես ձեզ խոստանում եմ, որ ամբողջ գումարտակին այնպես կպատժեմ՝ ոռներիցդ մուխ դուրս կգա, մինչև ծառայության վերջ չեք մոռանա, իսկ որ մենք կիմանանք, դրանում չկասկածեք, ընդեղ բոլորն էլ մեր մարդիկ են ու ձևերը գիտեն»:
Մինչև բանակ զորակոչվելս զորացրված ընկերներս պատմել էին, որ իրենց մոտ բաց քվեարկություն է գնացել: Ղարաբաղում ծառայած ընկերս էլ պատմել էր, որ իրենց տարբերանշանները Հայաստանի զինված ուժերի տարբերանշաններով էին փոխարինել ու չորս հարյուր կիլոմետր անցնելով մասնակցել էին ընտրությանը: Հրամանատարի քարոզարշավի ընթացքում մտածում էի, որ ինչ-որ դրական փոփոխություն է եղել, որովհետև մեր վրա եղած ճնշումները համարժեք էին պետական հիմնարկներում աշխատող մարդկանց վրա եղած ճնշումներին, երբ մարդկանց սպառնում են պատժել, աշխատանքից հեռացնել: Բայց հրամանատարի այս վերջին ելույթը իրավիճակը փոխում էր, սկսում էին գործել բանակային օրենքները: Զինվորին կոտրելու, խեղճացնելու, ենթարկեցնելու լավագույն միջոցը նրա անթույլատրելի արարքի պատճառով մյուսներին պատժելն է: Օրինակ՝ զանցանքը կատարած զինվորին նստեցնել աթոռին, իսկ նրա վաշտը ուժասպառ լինելու չափ վազեցնել: Այդպիսի պատժից հետո, եթե նույնիսկ տվյալ զինվորի հետ պատժվածները հաշվեհարդար չտեսնեն, միևնույնն է զինվորը մյուսների առջև իրեն մեղավոր է զգում և նույն սխալը էլ չի գործի: Փաստորեն ամենաարդյունավետ, ամենաաշխատող մեթոդը հրամանատարը վերջին օրվա համար էր պահել:
«Մի միտք, մի որոշում, մի հավատք, մի թեքնածու» ավանդական կարգախոսը ասելուց հետո գումարտակի հրամանատարը մի կարճ դադար է տալիս, «Առաջ Հայաստան» է բղավում և զգաստ, գլուխը բարձր կանգնած՝ նայում է հեռուն: Նայում եմ նրա հայացքի ուղղությամբ և ժպիտս չեմ կարողանում զսպել. այնտեղ սահմանն է և ազերիների հենակետերը:
Ելույթից անմիջապես հետո գումարտակի հրամանատարը նստում է իր «Մերսեդես 600»-ը և, գումարտակը զամպալիտին թողնելով, մեկնում է Երևան: Գումարտակում սպայական անձնակազմից մնացել են զամպալիտը և զամպատեխը, որոնք գյուղի բնակիչ են: Մյուս բոլոր սպաները ազատ են արձակվել և գնացել են «մեր թեկնածուի» օգտին քվեարկելու:
Ըստ համարների հաջորդականության զամպալիտը մեզ խումբ-խումբ շարում է և ուղարկում է քվեարկության, ապա մեքենայով գնում է ընտրատեղամաս: Ես վերջին խմբի մեջ եմ:
Քսան հոգուց բաղկացած մեր խմբով շարվում ենք, վերջին ցուցումներն ենք ստանում և շարքով քայլում ենք դեպի զորամասի դարպասները: Զորամասի տարածքից դուրս գալուն պես, ինչպես և հրամայված էր, մեր շարքը կազմալուծվում է: Գյուղի դպրոցում տեղակայված ընտրատեղամաս իջնում ենք փոքրիկ, երեք-չորս հոգուց բաղկացած խմբերով: Հին ծառայողները, որ խորհրդանական ընտրություններն էլ էին բանակում անցկացրել, ճիշտ էին՝ «կայֆավատ ա»: Ծխելով, զրուցելով, կատակելով քայլում ենք, գլխներիս սպա չկա և մեզ ազատ ենք զգում: Պատահել է, որ հրաձգարան գնալիս կամ հենակետեր մեկնելու նախօրեին գյուղի միջով անցնենք, բայց միշտ զենքով ու հանդերձանքով, երգով ու շարքով, սպաների գլխավորությամբ: Կարոտել ենք քաղաքացիական հագուստով մարդկանց տեսքին, մարդկային անկեղծ զրույցին, աննպատակ թրև գալուն: «Պատկերացրեք,-ասում է տղերքից մեկը,- Աբովյան փողոցավ ենք քայլում»: Այդ պահին մեր կողքով գնդի հրամանատարի մարտական գծով տեղակալի «Վիլիսն» է անցնում: Շրջվում ենք դեպի մեքենան ու պատվի ենք առնում: Գնդի հրամանատարի տեղակալը նշան է անում, որ իջեցնենք մեր ձեռքերը: Գումարտակի հրամանատարը ասել է, որ ոչ մի սպայի այդ օրը գյուղի մեջ պատվի չառնենք, բայց բարձր աստիջանի ուսադիրներ տեսնելիս մեր ձեռքերը բնազդաբար բարձրանում են: «Վիլիսից» հետո երկու ՊՆ համարանիշներով «Զիլեր» են անցնում: Առաջին գումարտակի տղաներն են, որոնց մարտական հենակետերից իջացրել են հատուկ ընտրության համար՝ հենակետերում միայն կանգնած դիտորդներին թողնելով:
Ճանապարհին պատահած բոլոր գյուղացիները զինվորական շորերով են. գյուղի տղամարդկանց զգալի մասը պայմանագրայիններ են, մի մասը պատերազմի ժամանակ գյուղի ինքնապաշտպանական մարտերին են մասնակցել, գումարտակն էլ գյուղին կպած է, զինվորական հագուստ ձեռք գցելը հեշտ է և գյուղացիները շորի վրա փող չեն ծախսում: Հույս ունենք, որ գոնե աղջիկ կտեսնենք:
Շենգավիթցի Բոյովը պատմում է, որ խորհրդարանական ընտրությունների իրենց ընտանիքը Հանրապետականից քսան հազար, Բարգավաճից տասնհինգ հազար դրամ է վերցրել, բայց իրենք գնացել, «Իմպիչմենտ» դաշինքին են ընտրել: «Ըտենց բան ա ազատությունը, կարաս ընտրության վրա փող աշխատես,- ասում է Կիշկեն,- թե չէ հիմա մեզ ասում են՝ գնացեք Սերժին ընտրեք ու որպես ընտրակաշառք մի հատ խտացրած կաթ էլ չեն տալիս»:
«Ես Սերժին չտեմ ընտրի»,- զգուշացնում է լոռեցի Նժդեհը: Նրա ծնողները ընդդիմադիր են, մինչև զորակոչվելը ընդդիմության միտիգներին է մասնակցել: «Հետոյի մասին չես մտածում,- ասում է Աբովյանցի Կյաժը»։ «Ի՞նչ տեն անի, ուշունց տեն տա, մի քանի սիլլա տեն տա, կուբախտ տեն նստացնի, թող անեն»: «Բա որ,- արտահայտվում է Երևանցի Չամուռը,- կամբատը քո պատճառով գումարտակին պատժի, կարալ տե՞ս երկու հարյուր հոգուն պատասխան տաս քո արարքի համար»: Չամուռը գումարտակի այն «լավերից» է, որոնց սպաների՝ մեկի պատճառով բոլորին պատժելու մեթոդը ձեռնտու է, որովհետև նրան հնարավորություն է տալիս այդ մեկի վրա «կեղտ բռնել» ու նրա վրա իշխանություն ունենալ:
Քայլում ենք, նկատում եմ, որ անջատ խմբերը մոտեցել են իրար և մեր քայլքը համաչափ է, ինչպես շարային քայլքի ժամանակ՝ ձախ, ձախ, ձախ-աջ-ձախ : Ոտքս փոխում եմ, բայց կարճ տարածություն անցնելուց հետո նկատում եմ, որ նորից տղերքի քայլքին համաձայն եմ քայլում: Վերջում արդեն համարյա շարքով ու շարային քայլքով ենք գնում: Մեզնից անջատ, մեր ետևից գալիս է Նժդեհը:
Ընտրատեղամասում մեզ է միանում զամպալիտը: Նա մեքենայից իջնում է և կարգադրում է սպասենլ մինչև ինքը կկանչի: Ընտրատեղամասում հերթ է, գյուղապետի մեքենաները անընդհատ նոր մարդիկ են բերում: Զամպալիտը բարձրանում է երկրորդ հարկ, որտեղ քվեախցերն են: Նրա ետևից վերև է բարձրանում գնդի հրամանատարի մարտական գծով տեղակալը: Մինչ մեր հերթը կհասներ, գյուղապետի «Նիվան» ու «Ֆորդը» մարդկանց երեք խմբաքանակ են բերում: Նայում եմ գյուղապետին՝ նույն ավատատիրական կեցվածքը, դեմքի նույն դաժան ու բութ արտահայտությունն ունի , ինչ որ գումարտակի հրամանատարի մոտ եմ տեսել: Հիմա հասկանում եմ նրանց հակասության պատճառը՝ մեկ սահմանամերձ, աղքատ գյուղի համար երկու «իշխանը» շատ են:
Աստիճաններով բարձրանում եմ վերև, անցնում եմ զամպալիտի կողքով և նորից նույն սխալը՝ պատվի եմ առնում: «Հասնենք գումարտակ, ձեռդ քամակդ եմ մտցնելու»,- ժպտալով ասում է զամպալիտը: Մեր վրա ուշադրություն դարձնող չկա, բոլորը թքած ունեն իմ պատվի առնել-չառնելու վրա, չեմ հասկանում, թե թոզ փչոցին ում համար է:
Մտնում ենք ընտրասենյակ, հերթով ստանում ենք մեր քվեաթերթիկները և ծրարները, զամպալիտի ու մարտական գծով տեղակալի անթարթ հայացքների ուղեկցությամբ մտնում ենք քվեախցիկները: Մտածում եմ.«Էս հո քվեախցիկ չի, սա քվեախուց ա»:
Ետդարձի ճամփին ավելի ազատ ենք մեզ զգում: Խանութից կոլա ու կորժիկ ենք առնում, ուտել-խմելով քայլում ենք: Բացառությամբ զամպալիտին պատվի առնելը, ես ամեն ինչ ճիշտ եմ արել, բայց հիմա էլ մտածում եմ՝ ջոկիս զինվորները սխալ արած չլինեն: Պատկերացնում եմ՝ ինչ կլինի, եթե ջոկիս զինվորը իրեն սխալ պահած լինի: Գումարտակի հրամանատարը շարքից դուրս կկանչի, կասի. «Էլի դու, արա, դու որ սրա սերժանտը լինես, սա էլ էս պիտի լինի, էլի», ու վերջում էլ կավելացնի՝ «Կթքեմ վրեդ, ձի»։
Կես ճանապարհին Նժդեհը զգուշացնում է, որ «մեր թեկնածուին» չի ընտրել, որպիզի եթե հետո հրամանատարը պարզի, իրեն չմեղադրենք, որ չի ասել: Աբովյանցի Կյաժը Նժդեհին մի կողմ է տանում: Նրանց խոսակցությունը չեմ լսում, բայց պարզ է՝ Կյաժը խորհուրդ է տալիս , որ նա դրա մասին էլ չխոսի:
Մոտենում ենք գումարտակին և հեռվից նկատում ենք ուղեփակոցի մոտ կանգնած զամպալիտին: Կյաժը ասում է, որ շարվենք: Նրան հիշեցնում ենք, որ մեզ հրահանգել են գյուղի միջով առանց շարքի գնալ-գալ: «Ես գիտեմ՝ ինչ եմ անում»,- ասում է Կյաժը: Նրա ասածը լսում ենք, շարվում և շարքով ենք առաջ գնում. Կյաժը խելացի ու անչար տղա է, նրան և սպաներն են հարգում, և զինվորները: «Երգով,-ժպտում է զամպալիտը,-հաղթած զինվորները պիտի երգով գումարտակ մտնեն»:
Երբ մոտենում ենք զամպալիտին երգը թողնում ենք, որովհետև երգելու ժամանակ պատվի չեն առնում, իսկ բարձրաստիճան սպաները սիրում են դա: Զամպալիտը «տեղում» է տալիս և ինչ-որ բան է հարցնում: Հարցը չեմ լսել, բայց բոլորի հետ գոռում եմ. «Ճիշտ այդպես» և մտածում եմ․ «Էս ոջլոտ գումարտակում ինչքան եմ ռոբոտացել, սերժանտացել, դոդացել»:
Շարունակությունը՝ այստեղ
2 thoughts on “Համբարձում Համբարձումյան/Ընտրությունները բանակում/2.Ընտրություն”
Comments are closed.