Լուսանկարը՝ Աննա Դավթյանի

Ինչո՞ւ պարտվեցինք և ի՞նչ անել հիմա/Համբարձում Համբարձումյան

Պարտությունից հետո երեք տարի է անցել, բայց այնպիսի տպավորություն ունեմ, թե հանրության զգալի մասը այդպես էլ չի հասկացել պարտության պատճառները, չի ընկալել, թե ովքեր են հիմնական մեղավորները։ Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպե՞ս ենք ելքեր գտնելու, եթե չենք կարողանում անցյալը վերլուծել ու գտնել անցյալի սխալները։  Հասարակության մեծ մասը հուսահատության, իրականության մերժման, անզորության թմբիրի մեջ է, իսկ քաղաքականապես ակտիվ հատվածը՝ իշխանությանն ու ընդիմությանը համակիրները հստակ մեղավորներ են մատնանշում, և եթե իշխանության համակիրների համար «նախկինների թալանն ու դիվանագիտությունն» են մեղավոր, ասես պատերազմի ժամանակ իրենք չեն եղել հիմնական պատասխանատուն, ապա ընդիմությունը «Նիկոլին» է մեղավոր նշանակում, ասես դրանից առաջ ամեն ինչ ճիշտ է եղել և միայն 18 թվականի հեղափոխությունից հետո թարս գնաց։  Այս  քստմնելի փոխհրաձգությունը, ներքաղաքական միավորներ հավաքելու և ժողովրդի աչքին լավը երևալու ճիգը,  պատասխանատվությունից փախչելու ու ուրիշ մեղավորներ նշանակելու խոսույթը թույլ չի տալիս, որ հասկանանք պարտության ընթացքը ու պատճառները։ 

Ոնց որ ասում են՝ մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք։  

Իսկ ի՞նչը թարս գնաց։ Եթե իննսնականների բառամթերքով բնորոշենք,  առաջին արցախյան պատերազմի հաղթանակից հետո Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաները հաբռգեցին։   Առավելապաշտական պահանջներ դնելով, մերժելով 1997-ի կարգավորման փուլային տարբերակը, հեռացնելով  իշխանությունից Տեր-Պետրոսյանին և   թույլ չտալով, որ կապիտալիզացվի այդ հաղթանակը՝ քաղաքական էլիտան, ինչպես ոստիկանական հայտնի տեսանյութում է ասվում՝ «անէության քաղցր թմբիրի» մեջ ընկավ և ժողովրդին էլ գցեց այդ թմբիրի մեջ։ Արցախյան հիմնախնդրի  կարգավորումը դարձավ երկրորդական, երրորդական խնդիր, դեռ ավելին՝ նույնիսկ պաշտոնական խոսույթում էր ասվում, թե հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, եթե ունի, ապա հարցը մեր հաղթանակով լուծված է։   

Մի մանկական հիշողություն է տպավորվել։  Պատանեկան ֆուտբոլային ակումբների հանդիպում էր Շենգավիթի մարզադաշտում։ Պարտվող թիմի խաղացողը բղավեց․ «Տղերք, դիմացեք, ժամանակը մեր օգտին ա աշխատում»։  1998 թվականից հետո մեր քաղաքական էլիտան հայտնվեց ճիշտ նույն իրավիճակում, ամեն տարի ռազմական, տնտեսական հարաբերակցությունը փոխվում էր հօգուտ Ադրբեջանի, բայց մեր «պատանի ֆուտբոլիստները» ժամանակ էին ձգում։ 

Ինչո՞ւ էր կարևոր կապիտալիզացնել հաղթանակի արդյունքները և ստանալ հնարավորը 1997 թվականին, այլ ոչ թե գնալ առավելապաշտական նպատակների, փաթեթային լուծումների ետևից։ Ոչ այնքան այն պատճառով, որ հաղթանակները նույնպես մաշվում և հնանում են, որքան ուժային հարաբերակցությունը պահպանելու կամ նույնիսկ հակառակորդին գերազանցելու նկատառումով։  Իհարկե, 1997-ի փուլային կարգավորումը վերջնականապես չէր լուծելու հիմախնդիրը, բայց այն լուծելու հեռանկարներ էր բացելու Հայաստանի համար, հնարավորություն էր տալու ուժային հարաբերակցության խախտումը թույլ չտալ։  Արցախը քաղաքական դերակատարում  էր ունենալու, Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ չէր հայտնվելու, Հայաստանը ստիպված չէր լինելու բոլոր ձվերը մի՝ ռուսական զամբյուղի մեջ դնել, իսկ նման իրավիճակում,  երբ Հայաստանի տնտեսական զարգացման նախադրյալները ավելի բարենպաստ լինեին,  չէր լինի այն ահռելի, կործանարար արտագաղթը, որ ունեցանք։ Ցածր ծնելիության պայմաններում այդ արտագաղթը այն հիմնական գործոններից էր, որ էականորեն փոխեց ուժերի հարաբերակցությունը հօգուտ Ադրբեջանի։ 

Փուլային կարգավորումը կարևոր կլիներ նաև հոգեբանական ու փոխադարձ ատելության մեղմացման համար։  30 տավա ընթացքում Ադրբեջանում հայատյացությունը և ռևանշիզմը ֆաշիստական մակարդակի հասան։ Նման պայմաններում նոր պատերազմը անխուսափելի էր, այնինչ հայերով բնակեցված ԼՂԻՄ-ի, Լաչինի շրջանի պահպանումն ու  շրջակա անվտանգության գոտին վերադարձնելը կարող էր դրական դեր կատարել ադրբեջանական պետական պրոպագանդայի ատելության քարոզը մեղմելու և նոր պատերազմի, ռևանշի չձգտելու  համար։  ԼՂԻՄ-ի տարածքի փաստացի կորստի հետ Ադրբեջանը դեռ կարող էր հաշտվել, ուրիշ բան, որ  Ադրբեջանի ոչ մի իշխանություն չէր ճանաչի Արցախի անկախությունն ու չէր ընդունի մեր «Անկախությունը ճանաչեք, հողերը տանք» ուլտիմատումը։   Հայաստանը իր հարցը փաթեթով լուծելու քաղաքականության պատանդն էր դարձել և մեկուսացվելով տարածաշրջանային գրեթե բոլոր ծրագրերից, զրկվել էր լիարժեք գործելու, զարգանալու հնարավորությունից։  

Թալանը

Թալանին թեման ամենաչարքչրկված ու քննարկվածն է թերևս, բայց մի հարց բաց է մնում, հնարավո՞ր էր արդյոք զարգանալ և ուժային բալանսը պահել  առանց հիմնախնդիրը լուծելու։  Կարծիք կա, որ եթե Հայաստանը մոբիլիզացներ իր ռեսուրսները, եթե «թալանը» չլիներ, ապա հնարավոր կլիներ։ Սա մի հարց է, որի շուրջ կարելի է երկար բանավիճել, բայց ակնհայտ է մի բան, որ դա անելը շատ ավելի դժվար էր լինելու, քան եթե տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեին Հայաստանի համար։  Կլինե՞ր արդյոք պատերազմը պակաս աղետալի, եթե Տեր-Պետրոսյանին հաջորդած իշխանությունը անձնական հարստացման և իշխանությունը պահելու հարցերը լուծելու փոխարեն տնտեսական ավելի տանելի ու ազատ միջավայր ձևավորեր և գոյացած միջոցները բանակաշինության մեջ ներդներ։  Ենթադրենք  այո, ենթադրենք  դա թույլ կտար ավելի պատրաստ լինել պատերազմին։  Բայց ո՞րն էր լինելու դրա վերջնանպատակը։ Մի՞թե այդպիսով հնարավոր էր լինելու Ադրբեջանին ստիպել, որ ընդունի մեր ուլտիմատումը՝ «Արցախի անկախությունը ճանաչեք, հողերը տանք»։  Պատասխանը միանշանակ է, Ադրբեջանը չէր ընդունելու մեր պահանջը, այդ պահանջը նա չէր ընդունել նույնիսկ պարտված վիճակում, էլ ուր մնաց՝ նման պահանջ ընդուներ այն իրավիճակում, երբ ժամանակը իր օգտին էր աշխատում։  Եթե մենք չէինք գնում կոնֆլիկտի կարգավորման կամ առնվազն սառեցման ճանապարհով, ուրեմն մեր նպատակը պետք է լիներ Ադրբեջանի ջախջախումն ու կապիտուլացիան։ Բայց ինչպե՞ս էր Հայաստանը հասնելու դրան, «ութսունականների զենքերո՞վ»։ 

Նիկոլի սխալը

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակեց «նախկինների» քաղաքականությունը։ Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակավ ընդունել է, որ թերևս ճիշտ կլիներ, որ ընդուներ ռուսական առաջարկը, վերադարձներ անվտանգության գոտին խաղաղության դիմաց՝ առանց Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչման երաշխիքների։ Իհարկե, դա շատ ավելի վատ պայմաններում կկատարվեր, քան 1997-ին էր, որովհետև ուժային հարաբերակցությունը արդեն խախտված էր հօգուտ Ադրբեջանի, բայց եթե դա հնարավորություն տար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, Հայաստանին ավելի ճկուն լինելու ու ավելի արագ զարգանալու շանս կընձեռնվեր։  

Նույնիսկ եղած ռեսուրսները պատերազմի ժամանակ կարելի էր ավելի լավ օգտագործել, ավելի լավ կազմակերպել կռիվը և ավելի համառ դիմադրություն ցույց տալ։ Եթե ավելի լավ կազմակերպվածություն լիներ, եթե հնարավոր լիներ խուճապի ու քաոսի դեմն առնել, ապա գուցե այսօր շատ ավելի բարվոք վիճակում կլինեինք և ավելի ծանր հարված հասցրած լինեինք հակառակորդին, բայց սրանք մարտավարական խնդիրներն էին։ Ռազմավարական առումով մեր հիմնական սխալը ճիշտ ժամանակին հաղթանակը չկապիտալիզացնելն էր, հնարավորը բաց թողնելով՝ անհնարինի ետևից գնալը և այդ ճանապարհին Հայաստանի զարգացման հնարավորությունները բաց թողնելը, Հայաստանի օդերը փակելը։  

Ի՞նչ անել հիմա

Թվում է, թե Հայաստանն ու Արցախը այսօր անելանելի իրավիճակում են հայտնվել։ Հաղթանակից արբած Ադրբեջանը պահանջում է ամեն ինչ և հենց հիմա։ Ռուսաստանի Դաշնությունը ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքում կամ թուլացման պատճառով չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, նույնիսկ քաղաքական հստակ հայտարարությամբ չի պաշտպանում ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանները, չի վերահսկում Լաչինի միջանցքը։  

Եթե նախկինում Հայաստանն էր  «փաթեթային» լուծման գաղափարի պատանդը, ապա այսօր Արցախը «զանգեզուրյան միջանցքի» պատանդն է։ Ադրբեջանին չի բավարարում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ուզում է այնպիսի իրավիճակի մեջ գցել արցախահայությանը, որ  նրանք համաձայնեն իր «ինտեգրացիոն»՝ էթնիկ զտման  քաղաքականությանը, իսկ Հայաստանն էլ, արցախահայության ոչնչացման վտանգը աչքի առաջ ունենալով, գնա զիջումների միջանցքի հարցում։  Ուրեմն ի՞նչ անել հիմա։  

Որպեսզի պատասխանենք այս հարցին, պետք է հասկանանք, կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը պատժվել իր մաքսիմալիզմի համար այնպես, ինչպես որ մենք պատժվեցինք։ Ադրբեջանը կարող էր խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ընդունելով արցախահայերի «անվտանգության և իրավունքների» ապահովման պարտավորությունը, բայց ավելին է ուզում։  Թվում է, որ ադրբեջանական մաքսիմալիզմը շատ ավելի հաշվարկված է, քան մերը, որովհետև ստրատեգիական գործնկերության պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, Թուրքիայի պես ռազմավարական դաշնակից ունի, ժողովրդագրական ու ռազմական ուժի առումով էլ գերազանցում է Հայաստանին։  

Ինչքան էլ որ Հայաստանի իշխանությունը խոսի «խաղաղության դարաշրջանի» մասին, ի՞նչն է սթափեցնելու Ադրբեջանին և ստիպելու, որ հրաժարվի առավելապաշտական ծրագրերից։ Եթե նույնիսկ մտածենք, որ Ադրբեջանի իշխանությունները ավելի խելամիտ են, քան մեր իշխանություններն էին ժամանակին, միևնույնն է, քանի դեռ Ադրբեջանը չի տեսել, որ ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ Հայաստանի, չի հրաժարվի իր «զանգեզուրյան երազանքից»։

Բարեբախտաբար ուժերի հարաբերակցության փոփոխության որոշակի նախանշաններ կան։ Հայաստանի տնտեսությունը աճում է երկնիշ թվերով, Հայաստանը  ժամանակակից ռազմական տեխնիկա է ձեռք բերում Հնդկաստանից, որոշ «արտահոսքեր»  կան նաև արևմտյան երկրների հետ համագործակցության մասին։ Գուցե հենց սրա համար է շտապում Ադրբեջանը և մեծացնում ճնշումը Հայաստանի վրա։  Կդիմանա՞ արդյոք Արցախը, կդիմանա՞ արդյոք Հայաստանը այս ճնշմանը, այս հարցի պատասխանից է կախված մեր անելիքը։  Պետք է դիմանան։ 

Հայաստանի՝ միջանցք չտրամադրելու կտրուկ որոշումից հետո հիմնական ճնշումը արցախցիների վրա է ընկել։  Պետք է պարզ հասկանանք այս երկընտրանքը։ Կամ տալիս ենք միջանցքը, կամ արցախցիները պատանդի կարգավիճակում են հայտնվում։  Իհարկե, կա նաև վատագույն սցենարը, երբ միջանցքը տալիս ես, իսկ արցախցիները  էլի նույն պատանդի կարգավիճակում են հայտնվում։ Ո՞րն է երաշխիքը, որ միջանցքը ստանալուց հետո Ադրբեջանը չի շարունակի իր «ինտեգրացիոն» ծրագիրը, ո՞վ է երաշխավորելու դա։ 

Այսօր, ավելի քան երբեք պետք է արցախցու համառությունը ու դիմադրողականությունը։ Հայաստանի ու Արցախի գերնպատակը պետք է լինի հասնել նրան, որ հազարամյակներ իրենց հայրենիքում ապրած արցախցիները չթողնեն իրենց հայրենիքը։  Հայաստանը պետք է բարոյապես, ֆինանսապես  ու քաղաքականապես նեցուկ կանգնի արցախցիներին։ Բոլոր հնարավոր ատյաններում պետք է բարձրաձայնվեն արցախահայության խնդիրները։

Արցախի  իշխանությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն և փորձեն երկխոսել Ադրբեջանի հետ։  Անկախ Արցախի գոյությունը չնդունող Ադրբեջանը, հիմա առավել ևս չի երկխոսի անկախության օրակարգով։  Բայց իր հայտարարած «ինտեգրացիայի» շուրջ չերկխոսելը էթնիկ զտման քաղաքականության հերթական ցցուն դրսևորումը կլինի։  Եթե նման երկխոսություն կայանա, Արցախի իշխանությունները ԼՂԻՄ-ի տարածքի սահմաններում  ինքնավարության ամենաբարձր մակարդակ պետք է պահանջեն, փախստականների վերադարձ Հադրութի շրջան և այն բոլոր բնակավայրերը, որոնք ԼՂԻՄ-ի կազմի մեջ էին մտնում։ 

Սփյուռքը, որ հաղթանակի տարիներին այդքան բողոքեց, արտասվեց տարբեր առիթներով, մի՞թե սպառել է իր արցունքները։ Հայաշատ երկրներում մարդիկ պետք է դուրս գան հրապարակներ բարձրաձայնելու Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության և Արցախում առկա հումանիտար աղետի մասին։  Բայց սրանք օրհասկան խնդիրները լուծելու միջոցներ են։  

Մեր հիմնական անելիքը մեկն է՝ Հայաստանը պետք է օր-օրի կրճատի ուժային հարաբերակցության տարբերությունը, պետք է պատրաստվի պատերազմի, որովհետև ուրիշ ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանական առավելապաշտական ծրագրերը չեղարկվելու են։  Եվ մի օր գուցե Ադրբեջանն էլ կանգնի այն փոցխին, որի վրա մենք կանգնեցինք։

Please follow and like us: