Դեռ փոքրուց չէի սիրում, երբ ուզում էին գլուխս խուզել։ Որ խուզենք՝ լավ մազ կգա, որ խուզենք՝ շոգ ամառը թեթև կանցնի, ավելի լավ ֆուտբոլ կխաղաս, ինչ անհեթեթ պատճառ էլ մեծահասակները բերեին՝ մնում էի անդրդվելի։ Մի երևելի քաղաքական գործչի ասած՝ հո որբի գլուխ չի, որ ով երբ ուզի, բռնի, խուզի։ Նույնիսկ երբ գլուխս անիծ ընկավ ու դաշնամուրի վրա պարզորոշ տեսա, թե ինչպես են ոջիլները ստեղնաշարով շփոթահար վազվզում այսուայնկողմ, չկոտրվեցի։ Էլ նավթ, էլ հեքիմի սարքած չգիտեմ ինչ դեղամիջոց ճարեցի ու այնքան առատ լցրեցի գլխիս, որ մոռացա նույնիսկ աչքերս փակել ու երեք օր կյանքը մշուշի մեջ էի տեսնում։ Պիտի ասեմ, որ կյանքը մշուշի մեջ այնքան էլ վատը չէր, համենայնդեպս պարզվեց, որ մեր հարևանի աղջիկ Անուշը այդքան էլ գեշո չէր, ինչքան ես էի կարծում ու այնպես հիացական ժպտացի շքամուտքում, որ ապշահար եղավ՝ երևի մտածելով, թե հաշիշ-մաշիշ եմ ծխել։ Եղջերաթաղանթս՝ վնասված, աչքերս՝ մրմուռի մեջ կորած, իսկ ես հիմարավուն ժպիտով բարևում էի մարդկանց, որ լեզվիս տակ կոծկեմ ոջիլի ամոթալի պատմությունը։ Միայն երեք օր հետո, երբ մազերս կրկին թափ տվեցի դաշնամուրի վրա ու համոզվեցի, որ ոչ մի կենդանի ոջիլ չի մնացել իմ պայծառ գլխին, մշուշն այնպես ցրվեց, որ երկնակամարում ծիածան կամարվեց, տղա ես՝ գնա տակով անցի, մեկ էլ տեսար մազերդ ավելի երկարեցին։ Ուզում ես՝ քայլ առ քայլ ճեմելով, ուզում ես գլխապատառ վազելով, քանի դեռ ծիածանը չի ցնդել։ Մի խոսքով, մշուշի մեջ ապրած երեք օրերը օգնեցին ինձ վերաիմաստավորել կյանքի ինչ-ինչ հանգամանքներ ու տեսնել այն, ինչ լայն բացված աչքերով չես էլ նկատի։ Միայն աչքերիս ճպճպոցը չանցավ, բայց ինչպես ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում։
Հիմա չարախոսները կասեն՝ էս ժամանակակից գրողները էլ բան չունեն գրելու, հասել են ոջիլներին, ու չեն էլ սխալվի։ Կամ էլ էն հին անեկդոտի նման, որ դիմորդը միայն ոջիլի դասն էր սովորել ու կենսաբանության քննության ժամանակ ինչ տոմս էլ քաշեր, ոջիլի մասին էր պատմում, դե բոլորն էլ իրեց բաժին ոջիլը քիչումիչ ունեն։ Այո, ինչքան էլ նավթ ու չգիտեմ ինչ լցնենք գլխներիս, ոջիլները մեր կյանքի անբաժան մասն են ու մենք պարտավոր ենք սիրել ու փայփայել նրանց, որպես բնության անմեղ էակների, չէ՞ որ նրանք են ամենաշատը տուժում պատերազմներից։ Այո, այո, չզարմանաք, այնպես են բռնում, հազարներով խուզում բանակ քշած մարդկանց գլուխը, էլ ապրելու տեղ ու հնար չի մնում։ Էլ չասած անիմաստ հազարավոր զոհերի, խոնարհված գլուխների մասին։ Չկա մազ՝ չկա կյանք, չկա գլուխ՝ մահը հաղթում է։
Համարյա էն անեկդոտի պես ստացվեց․ ուզում էի գրել մազերի մասին, բայց սկսեցի ոջիլից, որ կամաց-կամաց գամ բուն դեպքին։ Իսկ բուն դեպքը, որ պատահեց ինչ-որ մի երկրի ինչ-որ մի անկյունում, արժանի կլիներ Օ’Հենրիի գրչին, գուցե Սարոյանի։ Միայն նրանք կկարողանային ըստ արժանվույն սրտի տրոփյուն պարգևել ընթերցողին, իսկ գրականության զարկերակն առավել զգացմունքով կամ պարզ ասած` սրտով ընկալող քչերից լիուլի արցունք քամել։ Ի հիասթափություն դասական գրականության սիրահարների, մեր ժամանակակիցներն էլ են տրվել մազերի մասին գրելու գայթակղությանը ու ինձ էլ գրականության ալեկոծ օվկիանոսում ոտքերս թրջելու խայծ նետել։ Գրող Արփի Ոսկանյանը կարծեմ լավ էլ շոշափել է թեման ու մարդու մազի հրաշքին, իսկ միգուցե ողբերգությանը ինչ-ինչ գեղագիտական թրթիռներ շնորհել։ Նույնիսկ ավելի հեռու է գնացել ու իր իսկ մազերին աշխարհաքաղաքական իմաստ վերագրել, վհուկներին հատուկ մոգական հմայանք ու էլի շատ բաներ։ Մի խոսքով մազերի ներուժը մինչև վերջ մսխել է ու կարծես սպառել հարցը, թեև ասում են` դամբարաններում զմռսված եգիպտական փարավոնների մազերը մինչև օրս աճում են, հապացույց առաջնորդների անմահության։ Բայց ի տարբերություն նրա, ես կգրեմ ոչ թե սեփական, այլ ուրիշի մազերի մասին, մանավանդ հիմա գլուխս ոչ խուզելու անհրաժեշտություն կա, ոչ էլ առանձնապես խուզելու բան է մնացել։ Այլ հարց է ալեխառն մորուքս, որ ժամանակ առ ժամանակ ինձ ստիպում է վարսավիրանոց մտնել կարգի բերելու համար։ Իսկ վարսավիրանոցներում, ինքներդ գիտեք, որոշվում է ազգի ճակատագիրը․ այստեղ են գլուխները խուզում բանակ գնացող տասնութամյա պատանիները։ Խուզում են ու գնում, որ երկիրը որբի գլուխ չդառնա, որ ով երբ ուզի՝ բռնի խուզի։ Հենց այդ պահին է վարսավիրանոցում հայտնվում մինչև գոտկատեղը հասնող ջրահարսի վարսերով տասներկուամյա աղջիկն ու ձեռքը պինդ բռնած մայրը․
– Աղջկա մազ կտրու՞մ եք։
– Փողին մունաթ,- ասում է վարսավիրը,- բայց ո՞նց։
– Տղայի պես, կարճ,- նետում է երիտասարդ կինը։
– Բա աղջկա վարսավիրանոց ինչի՞ չտարաք,- հարցնում է վարսավիրը։
– Այնտեղ ավելորդ հարցեր շատ են տալիս,-բացատրում է կինը։
– Աչքիս վրա,- կարճ է կապում վարսավիրը։
Ասես ոչինչ չի եղել, ասես տասներկուամյա աղջկա հրաշալի, մինչև գոտկատեղ հասնող վարսերը տղայի պես կարճ կտրելը մի սովորական բան է։ Բայց դե գիտեք, նավթն ու հեքիմի սարքած չգիտեմ ինչ հեղուկն աչքերս լցվելուց ու երեք օր մշուշի մեջ ապրելուց հետո մի քիչ ավելի շատ եմ տեսնում, քան ոմանք։ Ես պարզորոշ տեսնում եմ աղջկա աչքերում շաղված արցունքի կաթիլները, որ ուր որ է դուրս կհորդեն, տեսնում եմ կոկորդը խեղդող հեղձուկը, որ կուլ չի գնում։ Չեմ էլ կասկածում, եթե հենց հիմա երկնակամարում ծիածան կամարվեր, աղջիկն առանց երկմտելու կվազեր տակով անցնելու, քանի դեռ գույները չեն պղտորվել։
– Կարո՞ղ ենք առանձին զրուցել,- ասում եմ մորը։
– Ես մեր ազգից ոչ մի գաղտնիք չունեմ,- նյարդայնանում է մայրը։
– Դե որ չունեք, բացատրեք ինչու՞ եք երեխայի հրաշալի մազերը կտրում,- չեմ հանձնվում ես։
– Իսկ ինչու՞ են տասնութամյա պատանիները բանակ գնալուց առաջ գալիս մազերը խուզելու, միևնույն է պետությունը կխուզի, այն էլ անվճար,- կրակի վրա յուղ է լցնում մայրը։
– Եթե թույլ տաք՝ բացատրեմ,- զրույցին է խառնվում մի կյաժ տղա,- եթե իրենք խուզեն՝ վերջ, գլխանց մտնում ես տակները, ոնց ուզեն, երկու տարի կքշեն, կդառնաս ստրուկ։
– Այ քեզ բան,- զարմանում է աղջկա մայրը։
– Բաա, քուրիկ ջան,- շարունակում է տղան,- որ մի քանի տարի առաջ բանակ էի գնում, վարսավիրիս հազիվ համոզեցի, ասում էր կյաժ տղա ես, ձեռս չի գնում խուզեմ, սևահեր բեր հազարներով, ձեռս չի դողա, թե բա դու յուրահատուկ ես։ Հետո խաբեցի, թե թշնամու դիպուկահարները ջոկում մեջների կյաժին են խփում, նոր կուտը կերավ, արեց։
Արդեն ասել եմ, աչքերիս մշուշը ցրվելուց հետո շատերից մի քիչ ավելի լավ եմ տեսնում։ Ես պարզորոշ տեսնում եմ, թե ինչպես է աղջիկը դաշնամուր նվագում, ու հրաշալի վարսերը այսուայնկողմ են ծածանվում։ Պարզորոշ տեսնում եմ, թե ինչպես են ոջիլները մազերից թափվում ստեղնաշարի վրա ու շփոթահար աջուձախ վազվզում, դեռ չգիտեն, որ լքել են հայրենիքը, կտրվել հողից ու շուտով շունչները կփչեն։ Ես ուզում եմ աղջկա մոր թևքից բռնած մի կողմ տանել ու ասել, որ դեռ երեսուն տարի առաջ գտել եմ ելքը, ընդամենը պետք է հեքիմի սարքած չգիտեմ ինչ հեղուկ ճարել, մի քիչ նավթ, աչքերը երեք օր կմրմռան, հետո մշուշը կցրվի, ծիածան կկամարվի ու մեղեդու հոգեպարար ելևէջները կշարունակեն շոյել մեր խցանված ունկերը։ Միայն աչքերի ճպճպոցն այդպես էլ չի անցնի։ Գուցե մի օր հավերժական թվացող պատերազմն էլ ավարտվի, գուցե տասնութամյա տղաները բանակ գնալուց առաջ այլևս չխուզեն մազերը, կյաժ լինեն թե սևահեր, վարսավիրի ձեռքը դողա թե չդողա։
Հետո գալիս է իմ հերթը, նստում եմ վարսավիրի աթոռին ու աչքի պոչով նայում աղջկան։ Մայրը պինդ բռնել է թաթիկը, ասես թե պիտի փախչի։ Վարսավիրի ականջին փսփսում եմ, որ հրաժարվի կտրել աղջկա մազերը, տասը հազար դրամ եմ խոստանում։
– Այ ախպեր, ես քանի գլուխ ունեմ՝ հաճախորդին հակաճառեմ, արդեն խոսք եմ տվել,- շշնջում է վարպետը։
– Այդ դեպքում մազերս խուզի,- հրահանգում եմ ես։
– Գժերի գիժ ցավը տանեմ,- ծիծաղում է վարսավիրը,- ո՞ւր ա գլխիդ կարգին մազ, որ մի հատ էլ խուզեմ։
– Քանի գլուխ ունես հաճախորդին հակաճառես,- համարյա զայրանում եմ ես,- ումից եմ պակաս։
Շուտով կհասնի աղջկա հերթը։ Ես աչքով եմ անում՝ չգիտեմ աղջկա՞ն, թե՞ մորը։ Մի քիչ ժպիտ է խաղում դեմքին, երբ տեսնում է, թե ինչպես է վարսավիրն անխնա քաչալացնում ինձ, բայց թախծոտ ժպիտի միջից արցունքները կամաց-կամաց ճանապարհ են հարթում, մի քիչ լուռ գլորվում այտն ի վար։ Մայրը շոյում է գլուխը, ձեռքն ավելի պինդ սեղմում ու իմ կողմ նայելով խնդմնդում, ինչ-որ բան է երևի գլխի ընկնում։
– Վարպետ ջան, աղջկաս մազերը կդնեք տուփի մեջ խնդրում եմ,-շշնջում է մայրը, ու իր աչքերն էլ են լցվում։
Շուտով երեսուն տարի առաջ գործած սխալս կհասկանամ։ Այսպես խուզած գլխով երկրի նյարդն ավելի լավ ես զգում։ Երևի եղջերաթաղանթս, այնուամենայնիվ, լրջորեն վնասվել է։ Եթե վնասված չլիներ, կտեսնեի մոտալուտ ապագան։ Անտարակույս կտեսնեի, թե ինչպես է տասներկուամյա աղջկա մայրը վարսավիրին խնդրելու աղջկա հրաշագեղ վարսերը դնել տուփի մեջ, հետո գորովանքով շոյելու ու ծածկելու կափարիչը։ Կտեսնեի, թե ինչպես է շուտով պատերազմ սկսվելու ու մեր երկիրը սարքելու որբի գլուխ։ Էլ չեմ ասում շփոթահար այսուայնկողմ փախչող ոջիլների ու չեղած դաշնամուրի սևուսպիտակ ստեղների մասին։ Որն է սև, որը՝ սպիտակ, գլուխ էլ չենք հանում։ Միգուցե նույնիսկ տեսնեի, թե ինչպես է մայրը տանելու ու երեսուն հազար դրամով վաճառելու աղջկա մազերը տիկնիկային թատրոնի տնօրենին՝ պայմանով, որ ջրահարսի տիկնիկին կպցնեն ու որպես սև սրտի մխիթարանք բեմադրության երկու տոմս նվիրեն։ Երեսուն հազար դրամ, համարյա երեսուն արծաթ, որ շպրտելու են երեսին ու ինքն էլ ճարահատյալ վերցնելու է՝ հանուն Հիսուսի, իսկ գուցե մի այլ, ավելի կարևոր ու անտեսանելի բանի փրկության։ Հետո գնալու է գրախանութ ու դպրոցի համար տետր-մետր, կոշիկ-մոշիկ գնի։ Տղայի պես կարճ կտրած մազերով աղջիկն էլ սրբելու է արցունքները, խոր շունչ քաշելով ուժ է հավաքելու, մի կողմ է նետելու մաշված կոշիկները ու հենց այդպես բոկոտն էլ վազելու է ծիածանի տակով անցնելու։