Օֆելի Դալաքյան/Խաղաղություն բերողը

Մայիսյան կիսաեփ արևը շոյում էր գյուղի գլուխը։ Օդը մաքու՜ր- մաքուր էր։ Գյուղացիներից շատերը նստել էին ծառերի տակ՝մարմիններն արևին դեմ արած։ Օրը խաղաղ էր։ 

Այս անդորրությանը չէր համապատասխանում միայն Քնարը։ Սենյակից սենյակ էր անցնում՝ դռներն աղմուկով փակելով։ Երեխաները  դեռ դպրոցում էին, սկեսուրն էլ՝ հացատանը։ Լավաշի հոտը մինչև Աստծու փեշեր հասել էր։  Գնաց հացատուն։

-Մա՛մ, կուզե՞ս կոֆե դնեմ։

-Հա, չէր խանգարի, համ էլ կհանգստանամ,-պատասխանեց սկեսուրը։

Մի քանի րոպեից Քնարը ներս մտավ՝ սուրճի բաժակները ձեռքին։

-Դառն էր, մի քաղցր բան կտա՞ս, Քնար ջան։

-Հիմա կբերեմ,-ասաց ու դուրս եկավ։

-Արդեն լավ շոգ ա,- ճակատի քրտինքը մաքրելով ասաց սկեսուրը։

-Մա՛մ, հղի եմ,- շատ կտրուկ ասաց Քնարը։

-Ի՞նչ ես, – խեղդվելով հարցրեց սկեսուրը։

-Հղի եմ։

-Էդ ո՞նց։

-Դե, ոնց է լինում,- կարմրեց Քնարը։

-Նկատի ունեմ բերելու՞ ես էդ էրեխուն։

Քնարն ուսերը թոթվեց։

-Մի տղա, մի աղջիկ ունես, համ էլ մի քիչ նեղն ենք, ոնց ենք պահելու երրորդ էրեխուն։

-Ես էլ չգիտեմ, մամ։

-Հակոբը գիտի՞։

Քնարը հիշեց ամուսնու հետ առավոտվա զրույցը, երբ պատմեց հղիութան մասին։

-Ի՞նչ ասեմ,-պատասխանեց ամուսինը,- եթե ուզում ես՝ բեր։

Այնպես ասաց, կարծես խաղալիք էր ուզում տուն բերել Քնարը, ինքն էլ մեծահոգաբար չմերժեց։ Քնարն, իհարկե, հասկանում էր ամուսնուն։ Տան միակ աշխատողն էր, հազիվ էին ապրում։ Խեղճը քանի տարի է նույն կոշիկներով էր, իր մասին չէր էլ խոսում։ Քնարը հազար ու մեկ պատճառ կարող էր գտնել իր միտքն արդարացնելու համար։ Բայց միայն ինքը գիտեր՝ ինչու չի ուզում, որ այս երեխան ծնվի։  «Բա որ տղա լինի՞»,-մտածեց նա, երբ իմացավ, որ հղի է։ «Էս պատերազմական օրերին ինչ տղա, հո գի՞ժ չեմ։ Մի տղա արդեն ունեմ, մի քանի տարի հետո կգնա բանակ, դե արի ու դիմացի»,-ինքն իրեն համոզում էր Քնարը։

*** 

Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության օրը Քնարը երեխաներին ոչ մի տեղ չէր տանելու․քաղաք պիտի գնար։ Քաղաքում այդ օրն ասեղ գցելու տեղ չկար։ Մեծ մասը հիշել էր, որ հունիսի մեկն է, երեխաներին պետք է սիրել ու հոգ տանել։ Տղամարդիկ դժգոհ դեմքով, մեծ փորով ու մի ձեռքին ծխախոտ՝ կագնած էին կանգառում, սպասում էին՝ երեխաները քաղցր բամբակն ուտեն ու գնան տուն, որ վերջապես ավարտվի այս տոնը, իսկ ծխախոտի ծուխը խառնվում էր երեխաների քաղցր բամբակներին ու «պաշտպանում» երեխաների իրավունքը․ ուռա՜, ուռա։

Քնարը հիացած նայում էր տղա երեխաներին․ վերջին շրջանում նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ նրանց նկատմամբ։ Ամբողջ վիզը քրտնել էր, ջուրը գնում էր մեջքի վրայով, անձեռոցիկով անընդհատ սրբում էր ճակատն ու վիզը։ Գնաց մոտակա դեղատուն։ Դեղատան միակ աշխատողը երազում էր՝ մեկը մտներ, ինքն էլ առիթից օգտվեր մի երկու խորհուրդ տար, զրուցեր, օրն անցներ։ Վերջապես, մեկը դուռը բացեց։

-Բարև Ձեզ,-վախվորած ասաց Քնարը։

-Բարև, հազար բարի,-երջանկացավ աշխատակցուհին,- լսում եմ Ձեզ, ի՞նչով կարող եմ օգնել։

Չգիտեր՝ ինչ ասեր Քնարը։

-Գիտե՞ք ես,- կմկմաց Քնարը,- ես հղի եմ ու ուզում եմ,- չհասցրեց խոսքն ավարտել։

-Վա՜յ, բալիկ ջան, էս ինչ լավ բան ասացիր։

-Բայց ես ուզում եմ․․․,- չկարողացավ  շարունակել։

Աշխատակցուհին նրա վախեցած աչքերից հասկացավ ու ժպիտը դեմքին սառեց։

-Լավ բան չես անում, աղջիկ ջան։

-Բա որ տղա լինի։

-Ի՞նչ կա որ, թող լինի, թող մեր տղերքը շատանան։

-Բայց չեն շատանում, մեռնում են, ես վախենում եմ։

Աշխատակցուհին մի քանի վայրկյան նայեց Քնարին։

-Երանի ես քո տարիքում լինեի ու կարողանայի երեխա ունենալ․ տասը տղա կունենայի։

– Բայց խաղաղ չենք ապրում։

– Դու տղա ունեցիր, որ խաղաղվենք, հենց պատերազմի ժամանակ են տղա ունենում, որ թշնամու սիրտը տրաքի, որ մեծանանք, շատանանք․ ծնունդն է հաղթում մահին, խաղաղությունը՝ պատերազմին։ Թող այս երեխան ծնվի։ Եթե տղա ծնվի, անունը կդնես Հայկ, եթե աղջիկ՝ Հայկուհի։ Իրենք շարունակություն են, ամեն նոր սերունդ շարունակություն է։

-Խոսքով ամեն ինչ հեշտ ա, քո էրեխու մասին չի խոսքը,- բարկացավ Քնարն ու դուրս եկավ, քայլեց մինչև որ նոր դեղատուն կգտներ։

*** 

Գիշերվա կեսին Քնարը ճչոցով վեր թռավ քնից․

– Հակո՛բ, այ Հակոբ,-գոռում էր խելքից դուրս, ամբողջ գլուխը քրտնած էր,- երազ տեսա։ Սուրբը եկավ, գլուխս շոյեց ու ասաց, որ տղա եմ ունենալու, անունն էլ՝ Հայկ։

Հակոբը մթի մեջ գտավ կնոջ ճակատն ու համբուրեց․

-Որ ասել ա, ուրեմն Հայկ էլ կլինի։

Please follow and like us: