Էմմա Ամիրխանյան/Ձեռքի  նշանը

Մարեն տատը արթնանում էր ծեգին հետ, կիսամութ գետնափոր տան մեջ զգույշ հագնում էր շորերը, կապում հին շալը, ուղղում ծերությունից ծռված մեջքը և անցնում գործի։ Մարեն տատը փորձում էր չաղմկել,   չէ՞ որ ձայնից կարթնանար որդին, որը  երեկ ամբողջ օրը չարչարվել էր անտառում։ Սերգոն Մարեն տատի տան սյունն էր, նրա որդին ու հույսը։ «էրեսիս հող գցողը դու լինես Սերգո ջեն, գլխովդ նանդ պտիտ գա»,- սիրում էր հաճախ կրկնել ծեր նանը, իսկ Սերգոն ժպտում էր։ 

Մի օր Սերգոն արթնացավ, խոժոռված  դեմքով նայեց մորը և ասաց․

—Նանի, էրազիս մեջ իմ ձին կծեց ձեռիցս, համա ցավ տվեց․․․

—Վու՜յ,  բալա, վատ երազ ես տեսել, քեզ․․․

Մարեն տատը դեռ չէր հասցրել ավարտել խոսքը, երբ մի քանի շնչակտուր երիտասարդ հայտնվեցին դռան առաջ․

 —Սերգո՜, ա՛յ Սերգո հասի՜, թուրքերը վրա են տվել, հասի,՜ հա՜․․․

Սերգոն կայծակի արագությամբ թախտի տակից հանեց մոսի հրացանը  ու վազեց։

Եվ զուր էր խեղճ նանը փորձում հետ պահել․ «Էրազդ սատանեն ա բերել որդի, մի գնա»։  Մի քանի վայրկյան անց Սերգոն այլևս չէր երևում, իսկ նանը, վեր պարզած դողդողացող ձեռքերը, ինչ-որ անհայտ աղոթք էր մրմնջում․

—Ծեգին դուս եկող արեգակ, լիսդ բարի ըլի ըշխարհքի վրա, որդուս պահի։

Այդ ամբողջ օրը տատը տեղը չէր գտնում, հարսին կանչեց իր մոտ ու ասաց․

—Սերգոն գիշերը վատ էրազ էր տեսել, ձին ընկեր ա, ձեռնա կծել, ընկեր կդավաճանի, գա տուն որդիս, պիտի ասեմ՝ մղոյիդ մնա։

Սերգոն  4 զինակից  տղաների հետ կռվում էր Կարմիր քար կոչվող սարում։ Մեր գյուղը սահմանակից էր Ղազախի շրջանին, որտեղից այդ ժամանակ հարձակումներ էին գործում թուրքերը, այդ ժամանակ նրանց հարձակումները ամենօրյա էին, վայրենու նման հարձակվում էին, կողոպտում ու ավերում։ Իսկ  քանի՜ անգամ էր այրվել գյուղը նման «արշավանքներից» հետո։ Պաշտպանությունը ինքնակազմակերպվելն էր, գյուղի ջահելները չորս-հինգ հոգանոց   խմբերով, լեռներում ու անտառներում դարան էին մտնում, որ գոնե կարողանային կտրեն այդ վայրենիների ճամփեն։ Մերոնք զիջում էին թվապես, բացի այդ կարգին զինամթերք էլ չկար, և որտեղի՜ց պիտի լիներ։ Մեր գյուղից գրեթե երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա էին Երեւանը, Սարդարապատն ու Բաշ Ապարանը, գյուղացիները երևի չէին էլ լսել այս անունները, այդ տեղերը գնալու համար օրեր էին պետք, բայց նույնն  էր նրանց ոգին ու կամքը՝ փրկել հայրենքը։ Թշնամին նույնն էր, իրենք էլ էին նույնը՝ կոթեցին ու սարդարապատցին։ Բայց  եթե այնտեղ  ինչ-որ չափով հրամանատար ու զորք կար, մեզ մոտ՝  լավ կրակող որսորդ, որ լավ նշան կբռներ։ Այդքան փամփուշտ չկար, որ անիմաստ կրակոցներ լինեին։

Սերգոն ձիգ կազմվածքով, հմուտ որսորդ էր, որի որսն այլևս կենդանին չէր, այլ քոչվոր  բաշիբոզուկը։

 Սերգոն ու ընկերները իրարից մի քիչ հեռու դիրքավորվեցին։ Բոլորն էլ լավ կրակել գիտեին։ Նրանց դիրքը ամենաբարձրն էր և վերահսկում էր ամբողջ տարածքը։

 —Աա՜, տղե՛ք, էսօր զուլում շատ են գալիս, հա գալիս,— ասաց տղաներից մեկը։

—Սերգո, ասըմ են քեզ համար գլխագին ա նշանակած,—ասաց մյուս ընկերը։

—Ո՞վ ասավ, թուրքի հետ ե՞ս խոսել,— կատակով հարցրեց Սերգոն, և բոլորով ծիծաղեցին։  

Ընկերը ճիշտ էր, Սերգոյի համար թուրք փաշան գլխագին էր  նշանակել։

Իսկ վայրենիները առաջ էին գալիս  իրենց ընկերների դիակների վրայով։

Սերգոն դուրս էր եկել դիրքից, որ վերցնի մեռած թուրքի զենքը, անիծված գնդակը կպավ նրա ոտքին։ Հազիվ իրեն քաշեց, գցեց «դիրքի» մեջ, սակայն փամփուշտը վերջանում էր, իսկ թուրքերը առաջ էին գալիս։  Սերգոն, ձեռքով սեղմելով ոտքը, ցավից նվաղած, ասաց. 

– Դիրքը փոխել ա պետք, գալիս են,  ես փախչել չեմ կարող, քարշ տվեք մի ապահով տեղ,-  ես դեռ կարամ կրակեմ, քարշ տվեք, եթե բռնեն ինձ, գլուխս են կտրելու։ 

  Սերգոն լավ գիտեր նրանց նպատակը։ Այս անգամ ինքն էր պետք նրանց, խոստացված գինը գրավիչ էր ամեն մի թուրքի համար։ Եվ թուրքերը, իրար հերթ չտալով, առաջ էին վազում։

  Սերգոն, իր արյունահոսող ոտքով տարված, չէր նկատել թե ինչպես ընկան ընկերները։ Ընկերներից երեքն արդեն սպանված էին,ինչքան էլ Սերգոն ձայն տար, պատասխան չկար, և օգնություն չկար։ Մի՞թե վերջ, չէ, Սերգոն ուժեղ էր, դեռ պիտի ապրեր, Նանը  դռան մոտ իրեն էր սպասում, բա տղաները, մեծն էլի ոչինչ, իրեն կպահեր,  փոքրը անհեր ոն՞ց կմեծանար։ Սերգոյի առաջ տղերքն էին, իսկ ականջներում ծեր նանի լացի ձայնն էր։ Սերգոն այնքան ուժեղ չէր, որ հաղթի մահին, և վիրավոր ոտքով ո՞նց տանի այդ հաղթանդամ մարմինը։ Սերգոն որոշեց, որ ավելի լավ է՝ իր մոսին իրեն սպանի,  քան թուրքը, բայց այդ պահին նրանք ծլեցին աչքի առաջ․․․

 Ու իզուր էր ծեր նանը իր հին աղոթքը մրմնջում, խաչակնքվում, ձեռքերը վեր պարզում։ Գուցե այդ պահին նանին ավելի ուժեղ ցավ զգաց, բայց ի՜նչ կարող էր անել բացի աղոթք մրմնջալուց։

  Սերգոյի գլուխը թուրք խաժամուժը փայտի ծայրին տանում էր, առաջադրանքը կատարված էր։ Հրամայողը անձամբ պիտի տեսներ «դուշմանի» գլուխը,  իր գործից գոհ՝ ոլորեր բեղերը։

   Արդեն աշուն էր, մարդիկ բերքն էին հավաքում բնության հետ կռիվ տալով, բոլորն անցել էին իրենց սովորական բանուգործին։  Միայն Սերգոյի հարազատները կորցրել էին իրենց ժամն ու պատարագը։ Ջահելների մեջ վրեժն էր խոսում, իսկ կանայք, սև շորերում փաթաթված, արցունք էին թափում։

   Մարեն տատը նստած էր տան շեմին։ Երևի որդուն էր սպասում ամեն օր նույն ժամին, պիտի գար անտառից մի շալակ փայտ մեջքին։ Նա չէր գալիս, միայն անդադար արցունք էր գալիս նանի աչքերից։ Որդու ամբողջ բացակայության ընթացքում թոռներին ուրիշ աչքով էր նայում, ուզում էր նմանություններ գտնել  նրանց հայացքի ու քայլվածքի մեջ։ Այս համեմատությունների մեջ էր Մարեն տատը, երբ բարեկամ ջահելները  վազելով մտան իրենց բակը։ Ջահելների մեջ էր Սերգոյի քրոջ տղան՝ Բագրատը՝ մի սև կտոր ձեռքին․

—Նանի, այ Նանի, Լևանը ո՞ւր ա, արի դու էլ տես, սիրտդ հովանա։

Լևանը դուրս թռավ տանից, այնքան արագ, որքան իր հայրը՝ վերջին անգամ տանից, իսկ նանը այս անգամ ավելի դժվարությամբ մոտեցավ տղաներին։ Ձայներից դուրս էին եկել նաև գլխաշորով ծածկված Սերգոյի այրին և փոքր տղան,նայում էին հեռվից։

 Կլոր  շրջանի մեջ սև կտորից ընկավ մի ձեռք՝ վրան սև խալ։ Բոլորին պարզ էր, թե ինչ է։ Լևանը զզվանքով նայում էր ձեռքին, այդ ձեռքի պատճառով անհայր էր մնացել։ Ջահելները գոհ էին, վրեժը լուծված էր։ Նրանք կարողացել էին գտնել թուրքի, որը վճարի դիմաց համաձայնվել էր սպանել իր ազգակցին, իսկ սև խալը նշանակում էր, որ սպանված է սպանողը։

Այդ ծանր լռությունը կոտրվեց Մարեն տատի լացից․

— Վո՜ ւյ, բալա՜, – գոռաց Մարենը, – էս ի՞նչ եք արել, քոռանան սրա մոր աչքերը, էս անտերին էլ ա մեր բերել, սրանով վիշտը չի փոքրանում, էն էլ մոր, է՜հ բալա, ջահել եք,  վրեժով լցված, համա վիշտը վրեժը չի հովացնըմ։ 

Ոչ Մարեն տատը, ոչ էլ այրիացած  հարսը դրանով չէին ապաքինվի։ Դա մի ցավ էր, որ ամբողջ կյանքում պիտի իրենց հետ պահեին՝ թաց աչքերի ու վիրավոր սրտի մեջ։ Միայն այն փոխվեց, որ տատի աղոթքի մեջ մի աղոթք էլ ավելացավ, նա խնդրում էր իր Աստծուն ներել սպանողին։

Ներկայիս գյուղի բնակելի տարածքից հեռու հին գյուղատեղ` Ձորագյուղ կոչված հատվածում ընկած է մի հին գերեզմանատուն՝ Ամիրխանյանների տոհմային գերեզմանատունը, որտեղ վերջին հանգրվանն է գտել Սերգոյի տառապած մարմինը։ Իսկ նրա ոտքերի տակ թաղված է իր դահճի ձեռքը։ 

Ինչե՞ր է ծածկում հողը, քանի կիսատ կյանք ու անավարտ պատմություն, քանի տանջված մարմին, իրար մոտ հանգստություն գտած բարեկամ ու թշնամի։

Please follow and like us: