Խորեն Աճեմյանը՝ ստալինիզմի գիսաստղ/Մաս երկրորդ․ Խորեն Աճեմյանի հայտնությունը

Վարդան Ջալոյան

Խորեն Աճեմյանի անունը պատմաբանների լայն շրջանակում հայտնի դարձավ, երբ նա ուղարկեց իր հոդվածը «Պատմական հանդեսին» (Исторический журнал), որտեղ առաջարկում էր վերանայել Շամիլի շարժման նախկին խորհրդային և մարքսիստական գնահատականները՝ այն բնութագրելով իբրև հետադիմական։  Հոդվածը չհրապարակվեց, բայց այն արժանացավ Կենտկոմի քարոզչական ապարատի ուշադրությանը։ 1944 թվականի մարտի 31-ով թվագրված ագիտպրոպի փաստաթղթում (հեղինակը Գ․ Ալեքսանդրովն է) ի թիվս այլ հարցերի, նշվել է. «Ժողովրդի և իշխանության միասնության մասին բուրժուական տեսակետի բացահայտ պաշտպանությամբ է հանդես եկել «ոմն Աջեմյան», ով «Պատմական ամսագրին» ուղարկված՝ մյուրիդիզմի էության մասին հոդվածում հրաժարվել է «պատմական իրադարձությունները դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից՝ նման մոտեցումը համարելով «ձախական մանկական հիվանդություն»»։ 

1944 թվականի հունիսին Կենտրոնական կոմիտեն կազմակերպեց  պատմաբանների ժողովով-քննարկում։  Թեև հանդիպմանը ծագած քննարկման արտաքին պատճառը Ա․ Պանկրատովայի խմբագրած «Ղազախական ԽՍՀ պատմությունն» էր, այն անդրադարձավ ԽՍՀՄ պատմության տարբեր հարցերին, այդ թվում՝ ցարիզմի գաղութային քաղաքականությանը։ [Խորհրդակցության մանրամասն նկարագրությունը՝ Անդրեյ Յուրգանովի «Ռուսական ազգային պետություն. Ստալինյան դարաշրջանի պատմաբանների կենսաշխարհը» գրքում:]

Այդ խորհրդակցության կարևորության մասին խոսում է այն, որ նրա աշխատանքին մասնակցել են խորհրդային նշանավոր պատմաբաններ՝ Կ.Ս.Բուշուևը, Ա.Մ.Պանկրատովան, Մ.Վ.Նեչկինան, Ս.Վ.Բախրուշինը, Ի.Ի.Մինցը, Բ.Դ.Գրեկովը և ուրիշներ։ Նիստը նախագահում էր կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար Ա.Ս.Շչերբակովը։ Դրա աշխատանքին էպիզոդիկ մասնակցություն են ունեցել նաև Ա.Ա.Ժդանովը, Գ.Մ.Մալենկովը։  

Պատմաբանների և Ագիտպրոպի այս համատեղ խորհրդակցությունը երկար ժամանակ ներառված էր Կենտկոմի փակ միջոցառումների կատեգորիայի մեջ։ Պարբերական մամուլում նրա մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Նրա նյութերը հրապարակվեցին միայն «գլասնոստի» տարիներին, 80-90 ական թթ։ Հանդիպման նշանակությունն այն է, որ վերջնականապես որոշվեցին խորհրդային պատմաբանների կողմից նախահեղափոխական պատմական գիտության ժառանգության յուրացման սահմանները։ Այդ սահմանները նշել ենք Լեոյին նվիրված մեր հոդվածում։

Նախապես այդ գիրքը` «Ղազախական ԽՍՀ պատմությունը», բուռն քննարկումների առիթ էր տվել և քննադատվել ռուսակենտրոնության դիրքերից։ Օրինակ․  ակադեմիկոս Ե․ Տառլեն 1944 թ․ մարտին կարդացած իր դասախոսությունում ասել է. «Մտավախություններ առաջացան հետևայլ պատճառներով. որոշ գլուխներում, որոնք նվիրված են Ղազախստանի միացմանը ընդհանուր խորհրդային տարածքին, գրախոսներն այս գլուխներում ցուցադրում են անպատշաճ տոն։ Կարծես պատմաբանները գրում են Ղազախստանի պաշտպանության պատմությունը՝ բարբարոսներից , որոնց հարկավոր է վռնդել,  ակնհայտորեն ներկա է թշնամական տոն ռուսական զորքերի և ռուս գործիչների նկատմամբ, որոնք մասնակցել են Ղազախստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն»։ Այսպիսով խորհրդային պատմաբանները բաժանվել էին երկու ճամբարի՝ ցարիզմը քննադատողների և, որոշակի սահմաններում, այն պաշտպանողների։

1944 թվականի հունիսի մեկին, առաջին նիստում, այդ խորհրդակցությանը առաջինը ելույթ ունեցան Բուշուևը, Աջեմյանը, հետո՝ «Ղազախական ԽՍՀ պատմության» խմբագիր Պանկրատովան և Նեչկինան։ Առաջին երկուսը հարում էին Ե․ Տարլեի հայտնած դիրքորոշմանը, իսկ մյուս երկուսը կտրականապես դեմ էին: Երեքը խորհրդային պատմաբանության «գիգանտներ» էին, բայց Խ․ Աճեմյանի անունը դեռ քիչ էր հայտնի պատմաբաններին։

Աննա Պանկրատովան իր «Գրառումներում» գրում է Խ․ Աճեմյանի մասին․ «Նրան, ինչպես նաև Բուշուևին ես հիշատակել եմ  ՀԿԿ (բ) կենտրոնական կոմիտեին ուղղված իմ նամակում։ Թե ինչպիսի կերպար է, ես պատկերացում չունեմ։ Գրողների միության անդամ է, կրթությամբ՝ փիլիսոփա, հակումով՝ պատմաբան, մասնագիտությամբ՝ բանաստեղծ-թարգմանիչ, ազգությամբ՝ հայ։ Նա մեզ՝ «Պատմական ամսագրին» էր  ուղարկել իր հոդվածը «Կովկասյան մյուրիդիզմի սոցիալական էության մասին» թեմայով։

․․․Դա մի հոդված էր, որտեղ մյուրիդիզմի հարցը ամենավերջին տեղում էր։ Առաջին պլանում ընդգծվում էր, որ պատմության մեջ դասակարգային պայքարը հնացել է, որ ԽՍՀՄ օրհներգի առաջին տողի խոսքերը «Մեծ Ռուսիո» մասին պետք է մեկնաբանել այնպես, որ ցարական Ռուսաստանը միավորել է բոլոր ժողովուրդներին և նրանց բերել առաջընթաց և քաղաքակրթություն։ Նա շեշտում է, որ Պուգաչովը և ժողովրդական շարժումների մյուս առաջնորդները հետադիմական էին, քանի որ կործանում էին պետությունը, իսկ Եկատերինա II-ը և մյուս ցարերը ավելի առաջադեմ էին, քանի որ ուժեղացնում և ընդլայնում էին պետությունը»։

Խորեն Աճեմյանի ելույթը իր անտիպ հոդվածի գաղափարների հետագա զարգացումն էր։ Խ․ Աճեմյանը իր ելույթում ժխտում էր դասակարգային պայքարը որպես պատմության միակ շարժիչ ուժ՝ դրան հակադրելով ժողովրդի և պետության միասնության գաղափարը։ Նա քննադատեց որոշ հեղափոխականների ու ապստամբների իդեալականացումը՝ նրանց գործունեությունը բնութագրելով իբրև «ավերիչ», իսկ միապետերին ու գեներալներին՝ «ազգային իղձերի ու ազգային ինքնագիտակցության կրողներ»։

Խ․ Աճեմյանի ելույթն ուղղված էր ցարական Ռուսաստանի անցյալի՝ իր խոսքով նիհիլիստական մեկնաբանության դեմ․ «Մեր դատողական, բայց բանականության մակարդակին չհասած պատմագիտությունը կառչել է Ռազինի, Բոլոտնիկովի, Պուգաչովի, Ռադիշչևի, դեկաբրիստների կերպարներից և վախենում է Դմիտրի Դոնսկոյի, Ալեքսանդր Նևսկու, Իվան Ահեղի, Պետրոս Մեծի, Սուվորովի և այլն, կատարած գործերից ու դրանց նշանակությունից: Ինչո՞ւ: Որովհետև առաջինները դեմ էին պետությանը, իրենց ժամանակի պետական կեղեքմանը, իսկ երկրորդները, ընդհակառակը, քարոզում էին պետության ուժի, անկախության և ինքնիշխանության հզորացումն ու վեհացումը։ Առաջինները ավերում էին, երկրորդները՝ կառուցում»։

Աճեմյանը որպես «վայրի ենթադրություններ» բնորոշեց պատմության խորհրդային ակադեմիական ըմբռնումը, որում «ժողովուրդը ասպարեզ է մտնում… որպես սուբյեկտ միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է քանդել, բունտեր, խռովություններ ու ապստամբություններ բարձրացնել»։ 

Որպես նման «շահարկումների» օրինակ Աճեմյանը բերեց պուգաչովյան ապստամբության ակադեմիական մարքսիստական մեկնաբանությունը, որը նա կտրուկ դատապարտեց. «Եկատերինա II-ի պետության վիճակը այնքան էլ հակաժողովրդական չէր 18-րդ դարի վերջի պայմաններում, իսկ «լավագույն ցարի» համար պայքարող Պուգաչովը ժողովրդի գործին այդքան էլ նվիրված առաջնորդ չէր։ Պուգաչովի հետ  ոտքի ելած ժողովուրդը դեռ իրականում չէր կարողանում հասկանալ, թե ինչու են վերցրել կացինը, եղանը ու զենքը, և նրանց հաղթանակը կարող էր թրատել Ռուսաստանի քաղաքական իշխանության ուժը, կարող էր լայն բացել դարպասները օտար զավթիչների առջև և նույնիսկ ժամանակավորապես կարող էր դուրս բերել Ռուսաստանը համաշխարհային տերությունների շարքից՝ ռոմանովների պետության ավելի արժանավոր, հասուն իրավահաջորդի բացակայության պատճառով… Պուգաչովի հաղթանակով Ռուսաստանը կսուզվեր արյունալի վայրենության անդունդը»: 

Հակառակ «շահագործող խավերի» նկատմամբ խորհրդային պատմագրության բացասական վերաբերմունքի՝ Աճեմյանը պնդում էր. «Անցյալ դարերի մշուշից մեր առջև հայտնվում են մարդիկ, որոնք կրում են փայլուն էպոլետներ, զարդարված թանկարժեք դիպակներով, շքանշաններով, երբեմն նաև թագով մարմնացնելով  ժողովրդի ոգին, ժողովրդի կամքը, ժողովրդի իշխանությունը… հանդիսանալով ազգային իղձերի և ազգային ինքնության կրողներ»:

Բանախոսը «առաջադեմ» գործիչների թվում ընդգրկեց Բեռլինը գրաված ֆելդմարշալ Ռումյանցևին, Իզմայիլի հերոս Սուվորովին, Դաղստանը նվաճած Երմոլովին, և նույնիսկ կայսր Ալեքսանդր I-ին որը հաղթական մուտք գործեց Փարիզ:

Ավելին, Խորեն Աճեմյանը քննադատել է խորհրդային պատմաբանների համար ավանդական՝ ապստամբների փառաբանումը. « ․․․դատողական պատմագրությունը գրչի մի հարվածով, մի կողմ նետելով «ժողովուրդների դահիճներին», որոնք, ավելի ուշադիր ուսումնասիրության դեպքում հաճախ պարզվում է, որ պատմության առաջադեմ նկրտումների տարածողներ ու ստեղծողներ էին, հանդես եկավ մխիթարիչ հակաթեզներով։ Նա մշակել է քիմերական «հեղափոխականների», «ժողովրդի ազատության համար պայքարողների» պատկերասրահը»։

Խ.Գ. Աճեմյանը ներկայացրեց նաև դասակարգային պայքարի էության իր ըմբռնումը. այն պետք է դիտարկել միայն բնական և ողջամիտ սահմաններում, որոնք որոշվում են ժողովրդի մոնիստական պատմությամբ՝ դիալեկտիկորեն կապված պետության պատմության հետ։ 

Կենտրոնական կոմիտեի խորհրդակցության երկու տարբերակ է պահպանվել՝ չուղղված և ուղղված, երբ մասնակիցները կամ գրաքննությունը փոփոխություններ են մտցնում։

Խ․ Աճեմյանի ելույթը ամենից շատ է տուժել գրաքննությունից։ Նրա ելույթի չուղղված տարբերակում տեքստի մի զգալի մասի վրա ինչ-որ մեկը խաչ է քաշել կապույտ մատիտով, որը հաճախ օգտագործում էին Կենտկոմի ապարատի և գլավլիտի աշխատակիցները։ Հատվածն ակնհայտորեն կրճատված է, որովհետև  պարունակում է նրա հայեցակարգի ամենաէական միտքը՝ դասակարգային պայքարի տեսության քննադատությունը։

Մի հատված գրաքննված տեքստից․ «․․․ Այսպիսով, լենինիզմը դասակարգային կամ պարզապես պրոլետարական ուսմունք չէ, այլ բոլոր ճնշված դասակարգերի և ժողովուրդների ուսմունքն է՝ պրոլետարական դիկտատուրայի միջոցով ստեղծելու անդասակարգ հասարակություն։ Մինչդեռ բանվոր դասակարգի շարժման պատմությունը լի է փաստերով, երբ մարքսիզմը հանգեցվել է դասակարգային պայքարի, պրոլետարիատի դասակարգային ուսմունքի մակարդակի և ոչ ավելին։ Հենց այդպես են պայքարել չարտիստները՝ ոչնչացնելով մեքենաներ, ինչի համար դատապարտվել են մեր դասականների կողմից»։

Խորեն Աճեմյանը անդրադարձել է նաև Ա․ Պանկրատովայի խմբագրած գրքին․ «Ընկ. Պանկրատովան, երբ Ղազախստանում էր, ստեղծեց մի գիրք Ղազախական ԽՍՀ պատմության մասին, որտեղ ավանդական մոտեցումով սևացնում է ռուսական նվաճողական քաղաքականությունը, որի շնորհիվ ղազախները հետագայում ձեռք բերեցին մշակույթ, գրականություն և ազգային կերպար։

Նա գովաբանում է Կասիմովին և նրա շարժումը, որ  համառորեն դեմ է գնացել Ռուսաստանի պատմականորեն առաջադեմ շարժմանը դեպի Արևելք, որը թելադրված էր ինչպես Արևելքում ռուսական կայսրության անվտանգության, այնպես էլ ասիական անշարժություն համառ ճանկերում բանտված ղազախների մշակութային զարթոնքի շահերով։

Այստեղ տրամաբանությունը պարզ է։ Քանի որ Ռուսաստանը ապարդյուն խցկվեց ղազախական տափաստաններ, Կովկասյան լեռներ, նշանակում է, որ նա իզուր էր հետապնդում քիմերներին, և, հետևաբար, Ռուսաստանի պատմությունն ինքնին հետապնդել է թվացյալ, քիմեռային նպատակներ։ ․․․

Նա [Պանկրատովան] ելնում է դասակարգային պայքարի սկզբունքից, որն այնքան սխալ է հասկացել, և դրա հիման վրա կառուցում է իր սիլոգիզմները. քանի որ կա դասակարգային պայքար, դա նշանակում է, որ պետք է համակրել «ցածր խավերի» շարժումը «վերևների» դեմ։ Ովքե՞ր են «ներքևիները»: -Ղազախներ! Ո՞վ է «վերևում». – Ռուսական կայսրության ներկայացուցիչներ։ Մենք, մյուս կողմից, պետք է հրաժարվենք լենինիզմի էության նման կեղծ մեկնաբանությունից և ելնենք խորհրդային պետության, խորհրդային ժողովրդի շահերից։ Սա է այն մոնիստական ամբողջական, անբաժան սուբյեկտը, որն արժանի է պատմական ճշմարտության չափանիշը լինելու պատվին…»։

Ա.Մ. Պանկրատովան ցնցված էր Խ․ Գ․ Աջեմյանի ելույթից. «Ընթերցանությունը տևեց մեկ ժամից ավելի։ Տպավորությունն անդիմադրելի էր, հանդիսատեսն իր ականջներին ու աչքերին չէր հավատում։ Նախագահությունը լուռ էր և ուշադրությամբ լսում էր»։

Ժամանակակից պատմաբան Անդրեյ Յուրգանովը գրում է․ «Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի պատերի ներսում ոչ ոք իրեն երբեք թույլ չի տվել այդքան բացահայտ պնդել, որ պատմության մեջ միապետը արտահայտել է ոչ միայն ժողովրդի կամքը, այլև նրա ինքնագիտակցությունը։ Ուրիշ ոչ ոք նման բարձր կուսակցական-պետական ​​ժողովում չխոսեց «ժողովրդի և պետության մոնիստական ամբողջականության և անբաժանելիության մասին»։ Երբեք որևէ մեկի մտքով չի անցել այս մակարդակի համաժողովում ուղղակի և ամիջականորեն խոսել պետության դեմ ուղղված դասակարգային պայքարի որոշ ձևերի պատմական վնասի մասին»։

Եվ իսկապես, այսօր էլ նրա ելույթը անսովոր տպավորություն է թողնում։ Այն համարձակ է, հարցադրումները կտրուկ են և հուզական, մտքերը՝ իր ժամանակի համար միանգամայն նոր։ Աճեմյանը գնում էր մեծ ռիսկի և նա, ինչպես և Պանկրատովան, հասկանում էր, որ ԽՄԿԿ (բ) Կենտկոմի նիստում իրական գաղափարական պայքար է ընթանում, և հաղթողը նախապես հայտնի չէ։

Ակնհայտ էր, որ Խորեն Աճեմյանի գաղափարներին սուր քննադատութություն էր սպասվում։

Please follow and like us: