Արևամուտ է։ Անապատով ընթանում են երկու ավտոբուս։ Արևը, մոտենալով հորիզոնին, կուրացնում է առաջին մեքենայի վարորդին և առջևում նստած ուղևորներին։ Ետևից եկող ավտոբուսը, հայտնվելով առաջինի անիվների տակից նետված փոշու ամպի մեջ, որոշում է վազանց կատարել և ընթանալ համընթաց։
Փայլփլող աչքերով, երիտասարդ և միջին տարիքի լրագրողները աշխույժ զրուցում են` նայելով անապատի արդեն պղնձագույնի վերածվող հեռուներին։ Զարմացած մեկ-մեկ հայացք են գցում կողքից զուգահեռ սուրացող մեքենային։ Նրա մեջ բացի վարորդից ոչ ոք չկա։
Առաջին լրագրող (ներկայացնում է իրավական ուղղվածության լրատվամիջոց)- Տարօրինակ է, չէ՞, այս դատարկ ավտոբուսը ո՞ւր է գնում։ Մի՞թե ուղեկցում է մեզ։
Երկրորդ լրագրող (դեղին մամուլի ներկայացուցիչ)- Ինչո՞ւ եք ուշադրություններդ շեղում նման աննշան բաների վրա։ Վայելեք այս պահի գեղեցկությունը։
Չորրորդ լրագրող (հետաքննող լրատվամիջոցի ներկայացուցիչ)- (հեգնանքով) Այո, հատկապես որ ամեն ինչի համար վճարված է։
Երրորդ լրագրող (բժշկական, էկոլոգիական խնդիրներ ներկայացնող լրատվամիջոց)-Ուլտրամանուշակագույն ճառագայթներից զգուշացեք։ Դեմքներիդ քսուքային դիմակ արեք և կրեք արևային ակնոցներ։ Մի խոսքով` արեք ինչպես ես, որովհետև կատաստրոֆիկ հետևանքներ կարող են լինել։
Վեցերորդ լրագրող (ներկայացնում է գրական ամսագիր), երազկոտ ելեւեջներով-
Եվ քարավանը Աբու-Լալայի`
աղբյուրի նման մեղմ կարկաչելով `
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով,
հնչուն զանգերի անուշ ղողանջով։
Ութերորդ լրագրող (ներկայացնում է օտարալեզու լրատվամիջոց)- Дааа,-. ձգում է նա.
И караван Абул Али…
Վեցերորդ լրագրող– Մարինոչկա, նորից ձեր հին երգը։ Ինչքան կարելի է ասել, որ հեղինակին պետք է ճշտագույնս թարգմանել։
Ութերորդ լրագրող– Գռանտ Ազատիչ, սիռյելիս, ուրեմն դուք կասկածի տակ եք դնում մյէծն Վալյերի Բրյուսովի տառգմանչական կառողություննե՞րը։
Իններորդ լրագրող (ներկայացնում է հանրային հեռուստատեսությունը)- (ծիծաղելով) Վայ Մարինա ջան, ինչ քաղցր ես խոսում։ Գիտես չէ՞, որ պատրաստ եմ անվերջ քեզ լսել։
Տասներորդ լրագրող (սպորտային լրատվամիջոցի ներկայացուցիչ)- Այսպիսով, Աբու-Լալա- Абул Али մենամարտն ավարտվեց մարտական «ոչ ոքի»-ով։ Հաշիվն է` մեկ-մեկ։
Հինգերորդ լրագրող (մշակույթի, արվեստի ուղղվածությամբ հեռուստաընկերություն)- (որոշելով լիցքաթափել լարվածությունը՝ երգում է)- Անապատի արև, անապատի արև…
Վեցերորդ լրագրողը արհամարհական հայացքը հառում է անապատի մգացող գույներին։
Չորրորդ լրագրող– Իսկ ո՞վ կարող է մեզ բացատրել, թե որն է այս ուղևորության վերջնական նպատակակետը։ Ես բացի ավազաբլուրներից ոչ մի այլ բան չեմ նկատում։
Տասներեքերորդ լրագրող (by ղուշ լրատվական գործակալության ներկայացուցիչ)։- Այս ամենի վերջը, ավազամրրիկի մեջ հայտնվելն է, իր բոլոր հետևանքներով։ Մեքենայի շարժիչը կփչանա և արդյունքը կարող է շատ ողբերգական լինել։
Չորրորդ լրագրող– Երևաց։ Տեսեք` ինչպես է երկաթյա գմբեթը փայլփլում։ Նայեք, նայեք…
Տասներեքերորդ լրագրող – (անհանգիստ հայացք է գցում չորրորդի վրա) Սիրելիս, դա միրաժ է, երեվակայության խաղ։ Ջուր տվեք նրան։
Իններորդ լրագրող– Ինչ միրաժ, այ…(մատով ցույց է տալիս)։
Հեռվում երևում է գմբեթաձև մի կառույց, որը տարածության մեջ համարյա թե չի տարբերվում մոտիկ ավազաբլուրներից։ Մեքենայի ընթացքի հետ գմբեթի ուրվագծերը ավելի ու ավելի որոշակի են դառնում։
Ավտոբուսի հետևի մասում նստած են հասարակական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ուշի ուշով հետեւում են լրագրողների զրույցին և շշուկով փոխանակվում են տպավորություններով։
Անապատում գիշերը վրա է հասնում ակնթարթորեն։ Գմբեթն անմիջապես ողողվում է լույսերով և վեր է ածվում կանչող փարոսի։ Մեծ ու ծանր դարպասները անաղմուկ բացվում են, և մեքենաները հայտնվում են շինության ներսում, որը հիշեցնում է մի մեծ վերելակ։ Մեխանիզմը մի փոքր ցնցվում է և ուղեւորների զարմացած շշուկների ներքո սկսում է իր սահուն ընթացքը դեպի ներքև։
Տասներեքերորդ լրագրող– Այս գիշեր վատ երազ էի տեսել։
Իններորդ լրագրող (քահ-քահ ծիծաղելով)- Պատրաստվեք անցնել Դանթեական դժոխքի բոլոր շրջանակներով։
Չորրորդ լրագրող (շարունակում է կատակը)- Այդ դեպքում ո՞ւր է Վերգիլիոսը։
Մեխանիզմը թեթև ցնցվում է և կանգ առնում։ Բացվում են ավտոբուսի դռները, և ուղևորները հերթով դուրս են գալիս։
Լույսերի մեջից երևում է կոկիկ հագնված, ժպտադեմ մի անձնավորություն։
Վերգիլիոս (դիմելով հյուրերին) Դե ինչ, ընդհանրապես, ես ներկայանում եմ որպես Պաշտոնյա Number One, բայց ընդառաջելով ձեր առաջարկին (աչքով է անում չորրորդ լրագրողին, որը զարմացած է ու մի փոքր շփոթված), կարող եք ինձ անվանել Վերգիլիոս։ Իսկ հիմա, խնդրում եմ անշեղորեն կատարել իմ հրահանգները։
Պայծառ լուսավորված լայն միջանցքով երթևեկում են տարողունակ էլեկտրոմոբիլներ։ Հյուրերը տեղավորվում են հարմարավետ նստատեղերին, և մեքենան շարժվում է։ Միջանցքի աջ ու ձախ կողմերում ահռելի վիրահատարաններ հիշեցնող տաղավարներ են։ Ամենուրեք երևում են այս ու այն կողմ շտապող, սպիտակ խալաթով մարդիկ։ Տաղավարների ճակատային մասերը թաքցված են սև պաստառների տակ։
Վեցերորդ լրագրող– Երեվի Դանթեից ինչ-որ տողեր են։
Ութերորդ լրագրող– Լավ գախապառ է, բայց ինչո՞ւ կարդալու խնառավորություն չտալ։
Էլեկտրոմոբիլը կանգ է առնում հերթական տաղավարի լայն բացված դռների դիմաց։
Վերգիլիոս– Իջեք խնդրեմ։ Բարի գալուստ։
Ութերորդ լրագրող– (հոգոցով) Ах, как банально.
Տաղավարի մուտքի վերևի մասում գրված է` Հայաստանի Հանրապետություն։
Հյուրերը զարմացած են։ Վերգիլիոսը խորամանկ ժպիտով նայում է նրանց վրա։
Վերգիլիոս– Սիրելիներս, մի փոքր համբերություն։ Նախ կցանկանայի ներածական խոսքով ձեզ տեղեկատվություն տրամադրել մեր կենտրոնի մասին։ Այն կոչվում է Գումիլյովի անվան պասիոնար բիոմեքենաների հետազոտական կենտրոն։ Հապավումով` ԳաՊ ԲԻՈՄ ՀԿ։ Դուք արդեն կռահեցիք, որ հետազոտությունների հիմքում դրված է հանրահռչակ ռուս գիտնական Լեվ Գումիլյովի պասիոնարության և էթնոգենեզի տեսությունը։ Շատ գիտնականներ այս տեսությանը մոտենում են որպես կվազիգիտության, այսինքն` համարում են որ այն ունի միստիկական և ոչ գիտական հենք։ Սակայն մեր գաղտնի ծառայությունները, հիմնվելով պատմության և մեծ առկա փորձի վրա, եկան եզրակացության, որ այս տեսության պրակտիկ կիրառությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ տարբեր երկրներում դեմոկրատական վերափոխումների գործում։
Երկրորդ լրագրող – (որոշում է ի ցույց դնել օտար լեզուների իր իմացությունը) Միստըր Number One, excusez moi, իսկ դուք հայ եք?
Վերգիլիոս – (ժպտալով)- Ոչ։
Վեցերորդ լրագրող (հիացմունքով).- Ինչպիսի ոսկեղենիկ հայերեն։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվել նման ցնցող արդյունքներ գրանցել։
Վերգիլիոս– Դա էլ թող լինի իմ գաղտնիքը։ Մի փոքր ինտրիգը կարծում եմ չի խանգարի։
Վեցերորդ լրագրող – (դառնալով ութերորդին) Տեսնո՞ւմ եք, Մարինոչկա, թե ցանկության դեպքում ինչպիսի արդյունքներ կարելի է արձանագրել։ Իսկ դուք ` Բրյուսով, Բրյուսով։
Իններորդ լրագրող – (ծիծաղելով) Չէ, բան եմ ասում, սրա վերջը սեր ա։
Վեցերորդն ու ութերորդը, կարծես թե առաջին անգամ են իրար տեսնում, հետաքրքրությամբ նայում են մեկ մեկու։
Վերգիլիոս – (ժպիտով) Ես հասկանում եմ ձեր` հարավային ժողովուրդներին հատուկ խառնվածքն ու անհամբերությունը, բայց թույլ տվեք շարունակել։ «Պասիոնարություն» տերմինը առաջացել է ֆրանսերեն «passioner» բառից, որը թարգմանաբար նշանակում է հուզել, կիրք բորբոքել։
Երկրորդ լրագրող– Նշանակում է նաև` գրավել։
Վերգիլիոս – Այո, դուք միանգամայն ճիշտ նկատեցիք։ Պասիոնարության տեսությունը էթնոսի զարգացման պատմական ընթացքը դիտարկում է տվյալ լանդշաֆտի (տեղանքի) և հարեւան էթնոսների հետ հարաբերության կտրվածքում։ (Տեսնելով որոշ լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմքերին մտահոգություն՝ Վերգիլիոսը շփոթված հազում է)- Քանի որ մեծամասամբ շփումներս մասնագետների հետ են, մեկընդմերթ (աչքով է անում), ինչպես Երևանում կասեին` տանում ա…
Տարբեր կողմերից հնչում է ծիծաղ։
Վերգիլիոս – Պարզ ասած, պասիոնարությունը որոշակի բիոքիմիական էներգիայի ավելցուկ է, որը կենսաբանական սուբյեկտի… ներողություն, նորից բարդացնում եմ, մարդու մոտ ծնում է անձնազոհության մղում` հանուն բարձր նպատակների։ Դա գործունեության միտված, անհաղթահարելի ներքին ցանկություն է, որն ուղղված է կյանքի, շրջապատի, կարգավիճակի փոփոխության։
Վերգիլիոսը նայում է լրագրողական համայնքից առանձնացած, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղղությամբ, որտեղ նկատվում է որոշակի աշխուժություն։ Նրանցից մեկը առաջ է գալիս և խնդրում ուշադրություն։
ՀԿ ներկայացուցիչ– Միստըր Number One, մինչև հանդիպման բովանդակային մասին անցնելը, ես` որպես իրավապաշտպան, իմ և իմ կոլեգաների անունից ցանկանում եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք սատարել ձեր յուրաքանչյուր քայլին, որը կլինի միտված մեր երկրում ժողովրդավարության, խոսքի, խղճի, դավանանքի և բոլոր տեսակի ազատությունների ներմուծմանն ու ներդրմանը։
Վերգիլիոս – (գլխով հավանության նշան է անում) Այժմ անցնենք բովանդակային մասին, որի ընթացքում կարող եք ծանոթանալ լաբորատոր հետազոտություններին, պրակտիկ հարթության վրա տեսնել բիոմեքենաների կենսակերպը և ի վերջո(աչքով է անում), ծանոթանալ նրանցից մի քանիսին։
Լաբորատորիա կոչվածն իրենից ներկայացնում է մի մեծ կինոտաղավար, որտեղ իրար հարեւանությամբ տեղադրված են տարբեր ժամանակաշրջանների վերաբերող բնակավայրերի, տեղանքների նմանակումներ։ Որոշ տարածություն անցնելուց հետո, հաստաբուն ծառերի արանքից, հանկարծակի երևում է մի հեքիաթային լճակ, որի ամբողջ մակերեսը ծածկված է ջրաշուշաններով։
Երրորդ լրագրող – (չկարողանալով զսպել հիացմունքը) Այս ի՜նչ բնապահպանական դրախտ է։
Լճակի շուրջ երևում են կքանստած տղամարդիկ և կանայք։ Որոշները նույնիսկ ծնկաչոք նայում են լճի հայելուն։
Վեցերորդ լրագրող -(գեղարվեստական առոգանությամբ) Ինչո՞ւ ապշած ես, Լըճակ, ու չեն խայտար քու ալյակք․․․
Վերգիլիոս– (հյուրերի հիացական հայացքների տակ) Մի՞թե հայլվուդ մեջ անձկավ
գեղուհի մի նայեցավ․․․ (Բարձրացնում է ձեռքը` ուշադրություն հրավիրելով) Հարգելիներս, ահա և ձեր առաջին հանդիպումը պասիոնար բիոմեքենաների հետ(կարճ. ԲԻՈՄ)։
Չորրորդ լրագրող– Կարծես թե ինչ որ բա՞ն են փնտրում։
Կին ԲԻՈՄ(սեթեվեթանքով)- Անձամբ ես փնտրում եմ ի դեմս ինձ Միստըր Number One -ի հիշատակած գեղուհուն։
Մոտակայքում գտնվող ԲԻՈՄները գլխով հավանության նշան են անում։
Վերգիլիոս– Լճակի մոտ հավաքված ԲԻՈՄները, բացի այն, որ խիստ ընդգծված պասիոնարության հատկանիշներով են աչքի ընկնում, իրենց մեջ նույնպես կրում են նարցիսիզմին հատուկ էլեմենտներ։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնասիրահարվածությունը, հատկապես երբ միահյուսված է խիստ ընդգծված ինքնավստահության հետ, հանրության մեջ կարող է ներարկել ամենագիտության և անսխալականության կրողի կերպար։ Ձեր առջև, մեծապես հաջողված օրինակներ են։ Ուշադրություն դարձրեք այն բարետես երիտասարդին։ Նարցիսիզմի հետ միասին դրսեւորում է առաջնորդին հատուկ որակներ։ Նրա հիմնական գործառույթը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներգրավումն է այն բոլոր գործողություններին, որոնք մենք ծրագրավորում ենք։
Բարետես ԲԻՈՄը, նկատելով, որ գտնվում է բոլոր ներկաների ուշադրության կենտրոնում, արագ շարժումներով հանում է շորերը ու գեղեցիկ թռիչքով ցատկում ջրի մեջ։
Նրա օրինակին` ուրախ ճիչերով ու աղմուկով, հետևում են մնացած ԲԻՈՄ նարցիսները։ Կին ԲԻՈՄները հեզաճկուն շարժումներով, մեկ սուզվելով, մեկ հայտնվելով ջրաշուշանների մեջ, պար են բռնում բարետես ԲԻՈՄի շուրջը։
Հասարակական կազմակերպությունների երկու կին ներկայացուցիչներ, հիացմունքով նայելով բարետես ԲԻՈՄի թռիչքին, փսփսում են.
ՀԿ ներկայացուցիչ Մեկը– Լսի, իսկապես մոտս անզուսպ ցանկություն առաջացավ նրա ետևից ցատկելու։
ՀԿ ներկայացուցիչ Մյուսը– Նույնն էլ ինձ մոտ։ Ինչպե՞ս կարելի էր չվերցնել լողազգեստ։ Ուղղակի աններելի է։
ՀԿ ներկայացուցիչ Մեկը– Դե ո՞վ կարող էր կռահել, որ նման հնարավորություն կընձեռվի։ Չէին զգուշացրել։
ՀԿ ներկայացուցիչ Մյուսը– Տեսնո՞ւմ ես։ Նկատողություններ մենք ենք ստանում, բայց ինչպես տեսնում ես՝ Միստըր Number One-ի աշխատակազմն էլ անթերի չէ։
Տասներկուերորդ լրագրող (գիտահանրամատչելի լրատվամիջոցի ներկայացուցիչ)- (դիմելով Վերգիլիոսին)- Ինչպես ինքներդ նշեցիք, մեր առջև մեծ հաշվով մեխանիզմներ են, որոնց տրված է մարդկային կերպարանք։ Իսկ մեքենայի աշխատանքն անհնար է առանց նյութական խթանիչի, որոնք են` բենզին, կերոսին, էլեկտրական մարտկոց, ատոմային էներգիա և էլի ցանկը կարելի է շարունակել։ Ասացեք խնդրեմ, ինչի՞ հիման վրա են գործարկվում ձեր ստեղծած բիոմեքենաները։
Վերգիլիոս– Հիանալի հարց է։ Շատ բովանդակային։ Բոլոր ԲԻՈՄներն իրենց մեջ կրում են, այսպես կոչված ` չիպեր, որոնք միաժամանակ և մարտկոց են և հզոր համակարգիչ։ Համակարգիչն իր մեջ ներառում է մարդկության հազարամյա պատմության ընթացքում ստեղծված ամբողջ գիտական պաշարը։ Չկա այնպիսի հարց, որին չկարողանան պատասխանել ԲԻՈՄները։ Իհարկե, խոսք չի կարող գնալ այդ գիտելիքներին ամբողջ խորությամբ տիրապետելու մասին, բայց ծանծաղ, մակերեսային շերտերը, նրանց ամբողջապես հասու են և եթե այդ ամենին գումարվում են ԲԻՈՄի պասիոնար հատկանիշները, ապա նրանք ծրագրավորված գաղափարների հետևորդ կարող են դարձնել հասարակության լայն շերտերին։ Եվ այդ բոլոր որակները աջակցվում են կանոնավոր լիցքավորման միջոցով։ Կարելի է ասել, որ լիցքավորումն է այն հավերժական շարժիչը, որը ԲԻՈՄներին թույլ է տալիս արդյունավետ գործել։
Տասներկուերորդ լրագրող– Իսկ ինչպե՞ս է մեծ տարածությունների վրա իրականացվում լիցքավորումը։
Վերգիլիոս(հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհ շշուկների ֆոնին)- Ձեր ներողամտությունն եմ հայցում, բայց դա տեխնոլոգիական գաղտնիք է։ Շարժվենք առաջ։
Խումբը ամբողջ ընթացքում հանդիպում է տարբեր կանանց և տղամարդկանց։ Նրանցից ովքեր են մարդկային էակներ և ովքեր ԲԻՈՄներ՝ անհնար է տարբերել։ Ճանապարհը ձգվում է բլուրն ի վեր։ Արահետի երկու կողմերում փոքրիկ ծառեր են։
Երրորդ լրագրող– Այս ձիթենիները արհեստակա՞ն են։
Վերգիլիոս– Քավ լիցի։ Մոռացեք արհեստական բառը թե բնության և թե Բիոմեքենաների առումով։ Ձեր առջև մարդկության ապագան է։
Իններորդ լրագրող– (ինչպես միշտ`բարձր տրամադրությամբ) Արդեն ինքս էլ սկսեցի կասկածել` մարդ եմ ես, թե ԲԻՈՄ։ Միգուցե ի՞նձ էլ է պետք մի քիչ լիցքավորել։
Երկրորդ լրագրող– (չարախնդալով, մեկուսի) Լավ միտք տվեց։ Շտապ նրա մասին անհրաժեշտ է ակնարկ գրել։ Ոչինչ, կինդ կպարզի քո ով լինելը, ԲԻՈՄՈՒՍ ՆՈՐԱՀԱՅՏՈՒՍ։
Վերգիլիոս– (բարձրացնելով ձեռքը) Սիրելիներ, այժմ մենք գտնվում ենք Երուսաղեմի Ձիթենյաց լեռան վրա։ Մասշտաբը 1:1 է։ Բացարձակ նույնականացում։
Տասնմեկերորդ լրագրող(ներկայացնում է եկեղեցուն կից գործող պատմակրոնական ամսագիր)- Տեր ողորմեա։ (Երեսին խաչ է անում) Տեր Աստված, դու չարը խափանես․․․ Ասացեք խնդրեմ, հարգելի Number One, իսկ ի՞նչ նպատակով է կառուցվել այս ահռելի դեկորացիան։
Վերգիլիոս– Ձիթենյաց լեռան կառուցման գաղափարն ունի մի շատ հետաքրքիր նախապատմություն։ Հերթական ԲԻՈՄներից մեկը շատ անսպասելի սկսեց դրսեւորել ոչ համարժեք պահվածք։ Իմիջիայլոց, ահա նա, տեսնո՞ւմ եք, նստած է բլուրի գագաթին։
Հյուրերը նայում են ցույց տրված ուղղությամբ։ Իրեն շրջապատող բազմության միջից առանձնանում է, մինչև գետին հասնող սպիտակ հուդի հագած ԲԻՈՄը։ Ամբոխը հմայված ըմբոշխնում է նրա քարոզը, որն ուղեկցվում է ձեռքերի ակտիվ շարժումներով։
Ութերորդ լրագրող– А в чём выражается поведенческая неадекватность? Ի՞նչն է տառօռինակ։
Վերգիլիոս– Բացատրեմ։ Մենք յուրաքանչյուր ԲԻՈՄի ներարկում ենք պասիոնար վարքագծի միայն մեկ ուղղվածություն, ինչի շնորհիվ նա կարողանում է լավագույնս ինքնադրսևորվել։ Իսկ այս մեկը ի զարմանս մեզ սկսեց դրսեւորել վարքագծային երկվածության տարրեր։ Մեր հոգեբանները, որոնց վրա դրված է պասիոնար ֆունկցիայի ներդրման խնդիրը, շփոթության մեջ էին։ Ոչինչ չէին կարողանում հասկանալ։
Չորրորդ լրագրող– (անհամբեր) Եվ ի՞նչ պարզվեց։
Վերգիլիոս– Պարզվեց, որ տեխնիկական սխալ է թույլ տրվել։ Հետեվանքը` կարճ միացում, որն էլ դարձել է պատճառը անձի երկվության։
Ութերորդ լրագրող– Бедняжка. Значит у него когнитивный диссонанс.
Հինգերորդ լրագրող– Այդ ԲԻՈՄը ինձ հիշեցնում է ինչ-որ մի հայտնի կերպար։ Եվ նույնիսկ ունեմ տպավորություն, որ այդ կերպարին հանդիպել եմ բազմաթիվ ստեղծագործություններում։
Տասներեքերորդ լրագրող– Իսկ անձի երկվությունն արդյոք վտանգավո՞ր չէ շրջապատի մարդկանց համար։
Վերգիլիոս– Մի անհանգստացեք։ Նա ինքնուրույն կարողացավ հաղթահարել այդ արժեքային երկփեղկվածությունը։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Նա առավոտյան իրեն անվանում էր Մովսես և ասում էր, որ իր ընտրյալ ժողովրդին պետք է անցկացնի Կարմիր ծովի ջրերի միջով, իսկ երեկոյան ` կերպարանափոխվում էր և բոլորին համոզում, որ ինքը «Մեսիա» է և «Փրկիչը» մարդկության։
Տասնմեկերորդ լրագրող– Բայց այս ամենը կոչվում է սրբապղծություն։ Ինչպե՞ս կարելի է՝ Մեղա, մեղա…
ՀԿ ներկայացուցիչՄեկը– Րիպա, ասում էի, որ այս կղերական ռաբիզին պետք չէր ներառել ցուցակի մեջ։
ՀԿ ներկայացուցիչ Մյուսը– Բայց, սիրելիս, չէ՞ որ Միստըր Number One -ը հրահանգել էր, որ պետք է ցուցակի մեջ ներգրավել հասարակության բոլոր շերտերը ներկայացնող լրատվամիջոցներ։
Երկրորդ լրագրող– Այստեղ մենք տեսնում ենք Ձիթենյաց լեռը։ Իսկ որտե՞ղ է անապատի դեկորացիան
Վերգիլիոս– (ժպտալով) Անապատը, ինչպես կարող էիք նկատել, ամենուր է։ Սկզբնական շրջանում այս եզակի ԲԻՈՄ-ը օրվա առաջին կեսն անց էր կացնում դրսում` թափառելով անապատի ավազների մեջ, իսկ օրվա երկրորդ կեսը անց էր կացնում այստեղ` ներսում, վեր ու վար անելով լեռան վրա։ Մի որոշ ժամանակ անց նա ինքնուրույն որոշում կայացրեց։
Առաջին լրագրող– Իսկ որոշման կայացումը ի՞նչ ազդակների հիման վրա տեղի ունեցավ։
Վերգիլիոս– Իսկ այդ մասին դուք ունեք հնարավորություն հարցնելու իրենից։
Իններորդ լրագրող – (ձեռքերը շփելով) Мой выход. (Դիմում է ԲԻՈՄ-ին) Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարելի է ձեզ դիմել։
ԲԻՈՄ– (բարձր ծիծաղելով) Սիրելի իններորդ լրագրող, ես նկատեցի, որ դուք բավականին ուրախ բնավորություն ունեք, կարծում եմ ` հետագայում մենք կկարողանանք միասին աշխատել։ Համարեք ինձ ձեզնից մեկը։ Եվ ուրեմն` անվանեք ինձ ուղղակի յոթերորդ լրագրող։ Դա կլինի մեծագույն պատիվ իմ և մեր (հայացքով ընդգրկում է ԲԻՈՄներին) հանրույթի համար։
Հյուրերը ակնհայտ շոյված են։
Երկրորդ լրագրող– (իններորդի ականջին) Хорошо излагает, собака.
Իններորդ լրագրող– Ասացեք խնդրեմ, կոլեգա, ինչպե՞ս ձեզ հաջողվեց հաղթահարել այդ դաժան հոգեբանական երկվությունը։
Յոթերորդ լրագրող– Չէ մի չէ, երկճղվածություն։ (Դառնալով հյուրերին) Ոնց որ վատ չստացվեց, հը՞, կոլեգաներ։ Նոր կյանք, նոր բառեր… Շեղվեցինք։ (Նայում է Միստըր Number One -ի ուղղությամբ և անցնում շշուկի) Ուշադրություն մի դարձրեք նրա տարածած լուրերին։ Այդ ֆանտազիաները նրա հիվանդագին երեվակայության արգասիքն են։ Մենք պետք է ներողամիտ լինենք նրա նկատմամբ։
Հյուրերը զարմացաց հայացքները տեղափոխում են Վերգիլիոսի վրա, որը թեթեւ քմծիծաղով հետևում է հարցազրույցի ընթացքին։ ԲԻՈՄ-ը ոգևորվելով սկսում է դրսևորել հոգեկան գրգռվածության ախտանշաններ։ Ձայնը մեկընդմերթ կտրտվում է.- Քառասուն տարի։ Կարո՞ղ եք պատկերացնել, որպես Մովսես, քառասուն տարի պարտավոր ես քարշ գալ այդ փոշիների և արևի ծակող շողերի ներքո։ Իսկ գիշերնե՞րը․․․ Դուք փորձե՞լ եք գիշերն անցկացնել անապատում։ Դուք երբևիցե հայտնվե՞լ եք ավազամրրիկի էպիկենտրոնում։ Ձեզ անընդհատ հետապնդե՞լ են փսլնքոտ երեխաների լացը և նրանց մայրերի ճիչերը։ Իսկ ծարա՞վը, անընդհատ քեզ հետապնդող ծարավի զգացողությո՞ւնը․․․ (Գրգռվածությունը կամաց-կամաց անցնում է, ձայնի տեմբրը մոտենում է իր բնական վիճակին)։ Անապատում առավոտյան թափառումներից հետո, երբ վերադառնում էի լյառը Ձիթենյաց, զգում էի, թե ինչպես է հոգիս խաղաղվում։ Ձիթենիներն իհարկե լայն սաղարթ չունեն, բայց ամեն դեպքում առավելություններն աներկբա են։ Եվ տեսեք` որպես «Մովսես», ես առաջնորդում եմ մեկ ժողովրդի, թեկուզ և ընտրյալ, իսկ առավելություն տալով «Մեսիա» պասիոնարությանը` առաջնորդելու եմ բազմաթիվ ազգերի։
Տասնմեկերորդ լրագրող -(անընդհատ երեսին խաչ անելով՝ աղոթք է մրմնջում, լսվում են որոշ պատառիկներ)․․․ և փրկեա զմեզ ի չարեն, զի քո է…
Տասներկուերորդ լրագրող– (Վերգիլիոսին) Դուք ասացիք, որ այս ԲԻՈՄ-ի չիպն ի տարբերություն մյուս բիոմեքենաների չիպերի ունի որոշակի յուրահատկություն։ Իսկ սպասարկման առումով ի՞նչ առանձնահատկություններ է այդ հանգամանքն առաջացնում։
Վերգիլիոս– Շատ լավ հարց է։ Տարբերությունը թվում է մեծ չէ, բայց մեզ համար էական է։ Այս եզակի ԲԻՈՄը պահանջում է շատ ավելի մեծ ու հզոր լիցքավորում, քանի որ նման հախուռն և շփոթ էներգետիկայի պայմաններում մարտկոցը պարպվում է մեծ արագությամբ։
Իններորդ լրագրող– Իսկ ասացեք խնդրեմ, կոլեգա… կոլեգա… կոլեգա, ձեզ ի՞նչ պատահեց․․․ Չի շնչում, շտապ շտապօգնություն կանչեք…
Վերգիլիոսը արագ մոտենում է և բարձրացնում ձեռքը։ Մի քանի վայրկյան հետո վազելով մոտենում են սպիտակ խալաթավոր մասնագետներ և ԲԻՈՄ-ին դնում են պատգարակի վրա։
Ամբոխը, որը լեռան վրա ունկնդրում էր «Մեսիային» և լճում լողացող նարցիսները լաց ու կականով մոտ են վազում և սպիտակ խալաթավորներին ստիպում վայր դնել պատգարակը։ Որից հետո, «Մեսիային» բարձրացնելով ուսերի վրա, շարժվում են լյառն ի վար։ Հնչում են Շոստակովիչի երաժշտության հնչյունները։
Վեցերորդ լրագրող– (զմայլված նայելով թափորին արտասանում է) Թող չորս գնդապետ տանեն Համլետին։
Ութերորդ լրագրող – (արցունքները սրբելով) Ինչպիսի՜ էքսպրեսիա…
Բիոմ – (բոլորի համար անսպասելի բարձրացնում է գլուխը և ողբերգակ դերասանի պես արտասանում) Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…
Ձայնը խլանում է հյուրերի ու հետևորդների լացի ու հեծեծանքների մեջ։ Անսպասելի լսվում է աքաղաղի բարձր կանչը, որի ձայնը ավետում է գիշերվա ավարտը։ Վերգիլիոսի խորաթափանց հայացքը սահում է հյուրերի դեմքերի վրայով։
Վերգիլիոս– Դե ինչ, սիրելիներ,-ես ուրախ եմ, որ դուք բոլորդ ինձ հետ կիսեցիք այս հսկայական գործի ավարտի բերկրանքը։ Իսկ հիմա, խնդրում եմ, հայրենիք վերադառնալուց առաջ ամրապնդվել մեր համեստ հյուրասիրությամբ։
Սեղանին դրված են համեղ խորտիկներ և ըմպելիքներ։ Նախաճաշն անցնում է աշխույժ քննարկումների, զրույցների ներքո։ Եվ միայն տասնմեկերորդ լրագրողն է, որ չի օգտվում ոչնչից։
Տասներորդ լրագրող– Ժողովուրդ, բայց առավոտից խորհուրդ չէի տա ոգելից խմիչքներ օգտագործել։
Իններորդ լրագրող– Իիի… Աշխարհ մեռնել կա։ Կեր, խմի, քեֆ արա… Ի՜նչ գիտես, եսիմ մեկ էլ երբ․․․ (մի շնչով կլլում է մեծ գավաթի մեջ լցված երկու հազար տարվա հնության գինին)
Էլեկտրոմոբիլը հետադարձ ճանապարհն անցնում է մեծ արագությամբ։
Իններորդ լրագրող– Իսկ ո՞ւր է Վերգիլիոսը։ Ես ցանկանում եմ մեր բոլորի անունից նրան հայտնել խորին շնորհակալություն նման ցնցող հյուրընկալության համար։
Հինգերորդ լրագրող– Մավրն արդեն արել է իր գործը և հեռացել։ Տուն հասնելուն պես կարող ենք կոլեկտիվ նամակ գրել։
Ուղեվորները բարձրանում են ավտոբուսի մեջ, որի դռները փակվելուց հետո վերելակը սահուն ընթացքով մեքենաները բարձրացնում է վեր։ Անձայն բացվում են դարպասները և անապատի տաք օդը, հաղթահարելով օդորակիչների ակտիվ դիմադրողականությունը, լցվում է ներս։
Տասնմեկերորդ լրագրող– Փառքդ շատ, Տեր Աստված։ Ես արդեն կասկածում էի, որ երբեւէ դուրս կգամ այդ գեհենից։
ՀԿ ներկայացուցիչ Մեկը– (ՀԿ ներկայացուցիչ Մյուսին) Անշնորհակալ մարդ։ Իր փոխարեն ավելի արժանավոր մեկին կարող էինք մեր խմբի մեջ ընդգրկել։
Վեցերորդ և ութերորդ լրագրողներն այս անգամ նստած են կողք կողքի և անընդհատ ինչ-որ բան են քչփչում։
ՀԿ նեկայացուցիչ Մյուսը– (Մեկին, ձայնի մեջ նկատվող նախանձով)- Հույս ունենանք, որ Մարինայի բախտն էլ վերջապես կբացվի։
ՀԿ ներկայացուցիչ Մեկը– (ՀԿ ներկայացուցիչ Մյուսին) Տեսնո՞ւմ ես, թե ինչ բարի գործ կարողացանք կատարել։
Այդ ընթացքում, վեցերորդն իր ափերի մեջ է առնում ութերորդի ձեռքերը։
Իններորդ լրագրող (նկատելով այդ).- Ասում էի, չէ՞, որ Աբու Լալայի վերջը սեր ա…
Հետևից եկող ավտոբուսը, երևի ձանձրանալով անվերջ փոշու ամպից, վազանց է կատարում և հավասարվում առաջինին։
Չորրորդ լրագրող – (շշմած նայում է զուգահեռ ընթացող մեքենային և չի կարողանում խոսք արտաբերել)- Նայ…Նայ…
Բոլորը նայում են նրա հայացքի ուղղությամբ։ Երկրորդ մեքենայում ազատ տեղեր չկան։ Որոշ դեպքերում, ուղևորները նույնիսկ նստած են իրար ծնկների։ Նրանք, ինչպես հին ծանոթներ, ուրախ, բարեկամական նշաններ են անում առաջին մեքենայի ուղևորներին։ Առջևում նստած է «Մեսիան»։ Կողքի նստատեղին` բարետես նարցիսն է։
ՀԿ ներկայացուցիչ Մեկը– (ՀԿ ներկայացուցիչ Մյուսին) Րիպա, նայի, էն սիմպատիչնի նարցիսն է։ Հիշո՞ւմ ես, ինչ գեղեցիկ կազմվածք ուներ։
ՀԿ ներկայացուցիչ Մյուսը– (ՀԿ ներկայացուցիչ Մեկին) Дорогая моя, ուրեմն մոտիկից ծանոթանալու հնարավորություններ կան։ Եվ ինչու ոչ, այդ ամենը կարող է ավարտվել մի գեղեցիկ роман-ով։
Չորրորդ լրագրող– Կարելի է ենթադրել, որ պասիոնարների խումբը գալիս է մեզ հետ։
Երկրորդ մեքենան առաջ է սուրում` փոշու ամպերի մեջ թողնելով առաջինին։
Բիոմ Մեսիա-(լսվում է ձայնը) Եվ վերջինները կդառնան առաջին․․․
Առաջին լրագրող– (փոշուց հազալով) Հետաքրքիր է, ինչպե՞ս են նրանք անցնելու անձնագրային վերահսկողությունը։