Մայա Սարիշվիլի/Էլ չեմ կարող հիշել՝ ոնց էր ամենասկզբում

Մայա Սարիշվիլին ծնվել է 1968թ։ Ավարտել է Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվան մանկավարժական ինստիտուտը։ Ստեղծագործությունները տպագրվում են 1990 թվականից։ Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծածկելով ակներևը» (2001 թ.) և «Մանրադիտակ» (2007 թ.)։ Պոեզիա անվանակարգում 2008 թվականի «Սաբա» մրցանակակիր է։ Հանրային ռադիոալիքով բեմադրվել են նրա ռադիոպիեսները՝ «Երեք դույլ ձյուն», «Շատ վատ մարդը», «Զատիկների ընտանիքը» և «Կատուն կրկին անձրևի տակ»։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, շվեդերեն, հոլանդերեն, պորտուգալերեն, ռուսերեն, գերմաներեն, արաբերեն, էստոներեն և այլ լեզուներով։

***

Էլ չեմ կարող հիշել՝ ոնց էր ամենասկզբում:
Հիմա գործարանի բանվորի պես մեխանիկորեն
Կրկնում եմ միևնույն շարժումը․
Ինչ մատուցում եմ օրվան, մոխիր է ինձ վերադարձնում:
Հետո կրկին նոր օր․
Սա հեշտ է, եթե գարունը քաղել  ես տարվանից,
Պոկել, ինչպես աքլորից՝ գլուխը,
Որ այլևս  լուսաբացներին չկարկաչի  այնպես զիլ,
Կարծես մեկը ցանկապատը հնձելիս լինի:
Թեթևացում այլևս  ոչ մի տեղ չկա։
Բոլոր խրճիթները տարբեր չափերի տարաներով են լցված:
Դրանցում բուժիչ բույսեր են խցկում
Եվ եռման ջուր լցնում,
Եվ մթության մեջ պահում, 
Որ կտտանքներով օգտակարությունը քաշեն:
Թեթևացում այլևս  ոչ մի տեղ չկա։
Քնած երեխան շրջվեց բերանով դեպի պատը։
Կանխազգացումը ոսկորների թունելներում է ուռչում
Եվ մկաններն է խեղդում, 
Եվ մի ակնթարթ կայծակ՝
Գաղտնի հրամանի ստորագրում․
Անձրևում է լուռ:
Այնպես  հանկարծակի եմ կռահում  բոլոր գաղտնիքները,
Երբ այլևս  հնարավոր չէ փախչել
Եվ ոչ մեկին էլ չեմ կարող կանչել:
Այսպես է,  առավոտյան լույսը միշտ պետք է թեքվի,
Որ մեր գետնատուն մտնի
Եվ ամբողջ գիշեր մթության մեջ լողացող իրերը
Հերթով դուրս հանի ապահով տեղ։
Սև ջուր կուլ տված  սենյակները
Դժոխքից փախած երեխաների պես են կանգնած՝
Բոլոր պատմություններից լքված,
Եվ մինչև երեկո լույսի փեշը բաց չեն թողնում,
Մինչև մատները հոգնում են,
Եվ մինչեւ հերթական օրն էլ ճողոպրում է դուրս՝
Դռան արանքով սահող կտորի պես։

***

Ավելի լավ է այնպես մեռնես,
Գոնե  կես օր կարողանաս
Քայլել մահից հետո։
Կգնայիր նրանց մոտ, ում կընտրեիր՝
Ոտքերի մեջ խրված հասցեներով,
Ով մի ժամանակ
Հանեց իր տան դռան բռնակները,
Որ ինքդ հասկանայիր
Հյուր գնալու անպատեհությունը:
Մեռածի հետ գլուխ չեն դնում․
Բոլորին  կտեսնեիր փակ աչքերով՝
Խամրող գույների մեջ, դեռ չսառած։
Հոգեհանգստիդ գալու կարիք 
այլևս չէին ունենա։
Պտույտն էլ ինքդ կկատարեիր
Ընկերների ողջ մարմինների շուրջը:
Այլևս չէին կարող արդարանալ,
Ու քեզ պետք էլ չէ ոչինչ,
Երբ մեռած ես:
Միայն կարողություն՝ տեղափոխվելու,
Որ քեզ տեսնեն՝
Ինչպիսին ես կյանքից արդեն դուրս եկած,
Եվ խոստովանեն,
Որ պարտվել են սիրո ամենապարզ,
Հասարակ պատմություններից,
Քանի որ քո՝ այլեւս մեռյալի հետեւից
Դուռը չկարողացան փակել:

* * *
Աչքերը բացելը  արդեն իսկ այն բանի նշանն է,
Որ երակներս պատրաստ են աղուրներ դառնալ:
Եվ թիակի մրսած կառամատույցին
Ողնաշարի տագնապի կետ-գծից այն կողմ են կանգնած
Լուծելու հարցերը։
Դրանից հետո
Նոր օրն էլ այնպիսի հռնդյունով է մտնում մարմին՝
Տարեց, ոսկրահան  գնացքի պես,
Հերթական կայարանում,
Եվ այս խրտնեցնող արթնացումը
Ամեն ինչ բախում է միմյանց․
Տեսնես ինչպե՞ս են նրանք, ում ես սիրում եմ,
Ինչպե՞ս եղանակը վերադասավորեց քաղաքի գույները,
Արդյո՞ք բոլորը տուն վերադարձան,
Ում ամբողջ գիշեր սպասում էին,
Եվ կարողացա՞ն արթնանալ նրանք, ում ոչ ոք չի փնտրում,
Արդյոք բոլոր թոնիրները շիկացա՞ն,
Եվ բոլոր հացերի խմորները ուռա՞ն արդյոք,
Տեսնես կրկին պատրա՞ստ է սիրտս,
Որ նորից դուրս բերեմ նրան նոր օր,
Ինչպես նորածնին քնած՝
Անծայրածիր դարբնոցի զնգզնգոցում,
Եվ հասկանում եմ.
Կամ չափազանց լավ պիտի իմանաս
Ինչպես պատմել ցուցադրական կյանքի հակառակ կողմը
Կամ չափազանց լավ պիտի իմանաս
Ինչպես լռել:

* * *

Այդպես էլ կարող է լինել.
Ում սիրում ես, ու քեզ էլ չի կանչում,
Անունդ փոխանցես նրան քարի պես,
Երբ գիշատիչը հետևից ընկնի…
Այս մասին մտածելիս ժպտում եմ,
Թեև ակներև է, այստեղ դարձյալ ցուրտ է:
Բոլոր գնացքները շարժվել են բոլոր կառամատույցներից:
Բոլորը ճանապարհին են։
Այլևս ոչ ոք տոմսի հերթ չի կանգնում,
Եվ կայարաններում լույսերը, միևնույնն է, վառվում են,
Եվ գանձապահները քնած են լիակատար լռության մեջ։
Կիրակին է բացվում, 
Հանգստյան օր՝ լոճված օդով:
Վերարկուն նեղ է, ու ծննդաբերած փորը,
Որն այլևս հետ չի քաշվի,
Անխաչ գմբեթի պես ցցված է վերարկուից դուրս՝
Դեպի ձեզ, դեպի ձեր աշխարհ,
Ձեր, որ այլևս ոչ մի տեղ չկաք, 
Նույնիսկ այս կայարանում:
Իզուր քայլեցի։

Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը

Please follow and like us: