Գևորգ Տեր-Գաբրիելյան/Իմ լեզուն

Հատվածներ «Իմ լեզուն» վեպ-էսսեից

Մաս 2

Սկիզբը՝ այստեղ.

Բառերը պետք է խնամքով ընտրել և շուռումուռ տալ, մինչև օգտագործելը: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում՝ ամեն բառ օգտագործելիս պետք է փորձել պատկերացնել իր բոլոր նախկին և ապագա օգտագործումները: Եվ դա պետք է անեն ոչ միայն գեղարվեստական, այլև այլ տիպի տեքստ գրողները, որպեսզի իրենց արտահայտածը լինի ճշգրիտ և հասանելի: Սակայն անհնար է ամեն բառ գրելիս այն խորքային զննման ենթարկել: Տեքստում օգտագործված բառերը կարող են բաժանվել երեք խմբի. խորապես զննված և ճշգրտորեն օգտագործված, ավտոմատիկ կերպով, սակայն ճշգրտորեն օգտագործված, և սխալ օգտագործված: Մարդու՝ լեզվի կոմպետենցիան (կարողունակությունը) հենց այն է, որ նա չի զննում իր օգտագործած յուրաքանչյուր բառ, նույնիսկ գրավոր տեքստում: Նույնիսկ գեղարվեստական տեքստ շատ բառեր և արտահայտություններ ընդգրկվում են ենթագիտակցության շնորհիվ: Ներառյալ (և գուցե հատկապես) փոխաբերությունները, պատկերավորությունները (տե՛ս վերը, օրինակ, «շուռումուռ տալ»): Սակայն գոնե այն բառերը, որոնք իմաստային հանգույց են հանդիսանում, տերմինանում են տվյալ տեքստում, պիտի այդպիսի զննության ենթարկվեն: Եվ դա՛ է խմբագրելու ֆունկցիաներից (գործառույթներից) մեկը: Դա՛ է տեքստ գրելու պատասխանատվությունը: Դա ծնում է կարիք, որպեսզի պատասխանատու տեքստը չլինի գրված միայն մեկ հոգու կողմից և հրապարակվի առանց վերանայման: Որովհետև մի ուղեղը լավ է, իսկ ավելին՝ ավելի լավ:

Տերմինները մեծ մասամբ հենց այդպիսի իմաստային հանգույցներ են, արժի, դրանք օգտագործելուց առաջ, կանգ առնել և մտորել, թե ո՛րն է ավելի հարմար տվյալ կոնտեքստում – միջազգայի՞ն տարբերակը, թե՞ թարգմանությունը:

«Ժամանակակից» գործունեության բառերին («ջատագովել») կամ տեխնոլոգիային առնչվող տերմինների թարգմանության հարցին և դրա դժվարություններին մի քիչ անդրադարձա: PPT ծրագրով արվող բանն անվանվել է նույնպես շնորհանդես կամ ներկայացում, բնական է, որ շատ հաջող չէ: Ինքը՝ PPT կադրը, կոչվել է «սահիկ», ինչը, կարծես, շատ հաջող բառ է:  Ուրեմն՝ սահիկաշար: Ընդհանրապես, ինչպես գիտենք, համակարգչային լեզուն հսկայական կարիքներ է ստեղծում թարգմանության (կամ էլ՝ հանգիստ թողնելու, թող զարգանա, ինչպես պատահի): Նույնիսկ և հատկապես նրա ոչ մասնագիտական՝ լայնորեն օգտագործողական մասը: Այսպես, սմայլիկների բազմացումը ստեղծել է լեզվաստեղծագործության մի ամբողջ ինդուստրիա. զմայլիկ, ժպտիկ, զայրացիկ, զարմացիկ, լացիկ և այլն: Ինչպե՞ս անվանել search-ը. փնտրտի՞չ: Enter-ը՝ «մու՞տք»: Follow up-ը՝ «շարունակու՞մ»: Access-ը «մատչում» են թարգմանել, քիմքիս դժվար է գալիս, բայց հետաքրքիր է:

Բայց այլ ասպարեզներում նույնպես, ամեն քայլափոխին խնդիրներ են. հավանում եմ, որ պիպետկան թարգմանվել է կաթուցիչ: Սվաստիկան անվանել են կեռխաչ, հետաքրքիր է: Representation բառի վերաբերյալ՝ իր փիլիսոփայական իմաստով, խոշոր շուխուռ է բարձրացել, որն արտահայտել է, օրինակ, Հրաչ Բայադյանը, դիտարկելով ներկայացում, ռեպրեզենտացում, պատկերում տարատեսակները և ոչ մեկից էլ չգոհանալով, բնականաբար: Թեև բուն բառը, եթե փիլիսոփայական ոչ ճշգրիտ ճիրաններից դուրս սողոսկենք, նշանակում է վերապատկերում կամ վերաներկայացում: Բայց երևի կարիք չկա միշտ թարգմանելու, միայն եթե իմաստի այդ մասն ընդգծելը պետք գա: Ռեֆլեքսիան ինքնաանդրադարձ թարգմանելը գրեթե երբևէ պետք չի կարող գալ: Իհարկե, նաև այժմ շատ մոդայիկ է այդպիսի բառերը թարգմանելը, մոդեռնիզմը՝ արդիականություն, պոստմոդեռնիզմը՝ հետարդիականություն, ստրուկտուրալիզմը՝ կառուցվածքաբանություն: Մոդայիկ-ը նորաձևական թարգմանելը ռաբիզոտ է հնչում: «Արյունահոսության իրականացումը վաղուց դուրս է եկել նորաձևությունից» – լուրջ եմ ասում, սա ինչ-որ հրապարակումից եմ վերցրել, լուրջ էլ գրած էր:

Ասիմետրիկն անհամաչափ թարգմանելը շա՜տ թերի է, կոմպլեմենտարը (լավ է, որ ե-ով են գրել) հե՛չ համահավասարը չէ, թեև որոշ կոնտեքստում գուցե և սղղացվեր-անցներ, ճիշտ է՝ «փոխլրացումային» է, սակայն չմոռանանք, որ կոմպլիմենտ-ը՝ հաճոյախոսությունը, նույն բառն է, հատուկ են անգլերեն սկսել –ի կամ –ե գրել՝ որ իրարից տարբերակեն, բայց անընդհատ խառնում են: Այսինքն հաճոյախոսությունը լրացնում է մարդուն: Շեզլոնգը պառկոց կամ երկայնաթոռ՝ լավ, ֆունդամենտը, այո, հիմքն է, բա ֆունդամենտալի՞ստը: Հիմնապա՞շտ:

Բոլոր այդ դեպքերը կա՛մ զուգորդվում են հայերենում եղած բառի հետ, որն իրենց իմաստի մասն է և շեղում է իրենց ընդհանրական նշանակությունից (ճեպաՆԿԱՐ, ուրվաՆԿԱՐ – արդեն բացատրեցի խնդիրը, կամ՝ զինանշանը գերբի թարգմանություն, երբ զենքային պահն է ընդգծվում), կա՛մ՝ «միջազգային» լեզվից նրանց ետևից ձգվող թեզաուրուսների, ինտեր- (միջ-) տեքստուալության շլեյֆը (փեշատուտ, քղանցատուտ, քաշափեշ, երկայնափեշ, տափան – Արարատ Ղարիբյան) չեն պահպանում, ասենք՝ պոստմոդեռնիզմի դեպքում. այդ «վարած և հերկած» տերմինը թարգմանելը սխալ է, քանի որ այն իր մեջ կրում է այդ պոստմոդեռնիստական «ոչ լրջությունը», այդ «երանգավորումը», այդ «կռիվն ինքն իր հետ»՝ միջազգային կոնտեքստից եկող: Այդ ամենը կորչում է «հետարդիականություն» ասելիս, տեքստը դառնում է պաշտոնական, անգույն, տափակ: Չէ որ գրեթե չկա տեքստ, և լավ է, որ չկա, որ երանգավորված չլինի այն զուգորդումներով և կոննոտացիաներով, որ հեղինակն ու ընթերցողը դնում են բառերի մեջ, չհաշված բառերի ուղղակի իմաստները: Այդ երանգավորումները, երփներանգումներն ամենակարևորն են. հենց դրա՛նք են օգնում իմաստը ճիշտ տեղորոշել, ո՛չ թե պարզապես բառիմաստները: Սարկազմը, ծաղրը, ենթատեքստը, կասկածը՝ նախնական թեզաուրուսային ամպը, մնում են չարտահայտված (հենց ինքնակասկածը, ինքնանլրջությունը հենց սեփական տեքստի հանդեպ, հենց տեքստի՝ ինքն իր հանդեպ ինքնանլրջությունը, որ հիմքն է պոստմոդեռնիզմի), մնում է միանշանակորեն լուրջ, ձանձրալի, տաղտուկ տեքստ, որն, իբր, բացարձակ ճշմարտություններ է ասում (հավակնում, հանդգնում): Այն կարելի է միայն սերտել կամ դեն նետել, սերտեցիր՝ մտածել չես սովորի և իմաստը չես հասկանա և կդառնաս դախ, դեն նետեցիր՝ հեղինակի գործը ջուրը թափվեց: Իսկ թարգմանչինը՝ ջրի քառակուսին:

Ստացվում է, որ հայերեն տերմինները թարգմանելիս հաճախ հենց երանգավորումներն են կորչում, այսինքն հենց այն նախնական նշանակությունը տերմինի՝ անհասկանալի լինել, զուգորդումներ չծնել, որ քրմերն էին դնում՝ հաղթանակում է: Հայերեն միայն թարգմանած տերմիններով տեքստը ո՛չ միայն, սակայն, ընթերցողին է տաղտուկ հրամցնում, այլև՝ դուրս է մնում տեքստերի համաշխարհային շրջապտույտից, քանի որ թարգմանած տերմինն օգտագործելով հաճախ նաև դրա կողմից պարտադրվող կոնտեքստն է ձևավորվում: Հետազոտողին թվում է, թե նա հենց համաշխարհային խնդիրն է վերցրել և քննարկում, մինչդեռ՝ իր ասածներն այդ տերմինի կապակցությամբ, փաստորեն, կտրվում են համաշխարհային կոնտեքստից և դառնում ավտարկիկ ու անթարգմանելի: Ասենք, «ինքնիշխանությունը» «սուվերենության» փոխարեն գործածելն այդպիսի շեղում կարող է ծնել: Նայած կոնտեքստի / համատեքստի: (Եվ ինչու, ասենք, տեքստ-ը չեն թարգմանում, իսկ համա-ն թարգմանում են): 

Դրա համա՛ր եմ առաջարկում, որ «իշխանության» բոլոր բազում օգտագործումները՝ power, власть, держава-державность, ընդգրկենք մեկ նորաստեղծ բառով՝ իշխ: Նոր, հորինված տերմինը հաճախ քննարկումն ավելի է մոտեցնում համաշխարհային կոնտեքստին, քան «հայեցի» հին համարժեքը գտնելը: Թեև «հայեցի» հին համարժեքնեերն էլ կարող են շատ օգտավետ լինել, ինչպես, օրինակ՝ արևմտահայերենից եկողները, ասենք՝ պսակաժահրը, որ ես օգտագործում եմ Կովիդ-19-ի փոխարեն:

Ես սիրում եմ նոր բառեր ստեղծել, հաճախ՝ տերմինների թարգմանություն, հաճախ՝ կատակով: Consequential-ը «հետևանքաբեր» թարգմանելս կայֆ էր, և իմաստով ճշգրիտ: Հաճախ, սակայն, սխալ են թարգմանում, օրինակ՝ resourceful-ը «ռեսուրսաբեր» թարգմանելը սխալ է, կարելի է՝ «պաշարակիր», «ռեսուրսալի» և ի վերջո նշանակում է (հաճախ՝ զարմանալիորեն)` «տակից դուրս եկող»: Բայց ամենաշատ հավանածս տարբերակը «հնարահարուստ»-ն է: Շատ տերմիններ կամ բառեր պարզապես շատ դժվար է թարգմանել մեկ բառով, ինչպես, օրինակ՝ disaggregated թարգմանում են «տարաբաժանված»: Այստեղ նույնիսկ մեկ թե երկու «ր» պիտի լինի՝ հարց է, որովհետև տարրաբաժանել նշանակում է տարրերի բաժանել, իսկ disaggregated data արտահայտության մեջ, իհարկե, խոսքը տարրերի բաժանելու մասին չէ, եթե միայն «տարր» բառը մետաֆորիկ իմաստով չօգտագործենք, ուրեմն՝ կարելի է և «տարաբաժանված» ասել, իրոք, այստեղ արդեն ոչ թե «տարր» բառն է, այլ «տարբեր»-ի «տար»-ը՝ այսինքն տարբերաբաժանել: 

Հաճախ բառ առ բառ թարգմանել չի ստացվում: Սովորաբար ես կոնտեքստային-ֆունկցիոնալ եմ թարգմանում, օրինակ՝ վերը բերվածը կթարգմանեի «տվյալների կույտը կամ կուտակումը բաժանված ըստ որոշակի փոփոխականների»: Եվ ահա նաև մեկ այլ բառ հորինվեց՝ «ապակույտել»))) էլ չասած՝ «տվյալակույտ» – ծերակույտի նմանությամբ: Սակայն գիտական տեքստերի և տերմինների դեպքում առաջարկվում է թարգմանել բառ առ բառ, բայց այնպես, որ իմաստը պահպանվի: Այդպիսի ձգտում կա մազալու, որը ելնում է այն դրույթից, թե իբր մարդկային բնական լեզուն մշակույթից մշակույթ նույնքան միանշանակ է և նույն օրենքներին ենթարկվող, ինչ մաթեմատիկական բանաձևերը – երբ խոսքը ոչ խոսակցական և ոչ գեղարվեստական լեզվի մասին է, – ասես բնական լեզվով ցանկացած ասված մետաֆորիկ չէ և լեզվի հոգեբանությանը չի ենթարկվում: Չոմսկու՝ գենետիկ քերականության մասին դրույթն այսպես աղավաղված են մարդիկ հասկանում: Դրանից էլ ստանում ենք հաճախ աղավաղված թարգմանություններ, մինչդեռ բնականաբար ցանկացած իմաստ կարող է արտահայտվել հայերեն հանգիստ, միայն թե պարտադիր չէ, որ ամեն բառին համապատասխան բառ լինի: Մի դեպքում հայերենը մի բառով կարտահայտի իմաստ, որ անգլերենում նախադասություն է պահանջում, մի դեպքում՝ հակառակը:

Բայց էդպես տերմիններ թարգմանելը նաև կայֆ է ու խաղ: Ես դրանով վերջին տարիներին հաճախ եմ զբաղվում: Արխիտեկտոնիկան թարգմանեցի նախաճարտություն))) Տվառոժնիկը՝ շոռատապա՞կ: Տապակալո՞ռ: Դաունշիֆթինգը՝ «մակարդիվայր»: Առաջարկվեցին նաև «ստորափոխում» կամ «դանդաղամած» տարբերակները, և դրա նմանությամբ downsize-ն առաջարկեցին թարգմանել «չափսիվայր»:

Կակոֆոնիան լավ էլ թարգմանված է խառնաղմուկ, միակ խնդիրն այն է, որ նմանաձայնությունը, որ կա օտար տարբերակում՝ այստեղ չկա: Ինչու՞ բանկա-ն հայերեն չի հնչում, իսկ տարա-ն հայերենացել է)) Աբսուրդն անհեթեթություն է թարգմանվում, բայց ամեն տարբերակն իր տեղն ունի՝ աբսուրդը տերմին է, անհեթեթությունը՝ նաև բառ, անհեթեթության թատրոն որ ասես, կհասկանա՞ն որ, ինչի մասին է խոսքը: Ֆոլդեր-ն առաջարկում եմ թարգմանել «պանակ», ոչ թե «թղթապանակ». հայերենը պարբերաբար այդպես արմատը վերցնելով իմաստի ընդհանրացում-ընդլայնում է ընծայում, պիտի դրան հենվենք: Հինթ-ը հուշումն է, բայց որքա՜ն լավ է դրա իմաստին համապատասխանում խոսակցական «իշմարը». իշմար տալ))

Մոզայիկը լավ չի թարգմանվում որպես ածական. մոզայիկ նախշազարդեր: Միայն շատ կոնկրետ գոյական է՝ խճանկար, նույնիսկ եթե խճից չէ: Կարելի է, իհարկե, խաղալ՝ խայտանկար, բայց դա էլ արդեն այլ հորինովի բառ է, այո, գեղեցիկ: 

Չեկանկան առաջարկվեց քանդակադրոշմ կամ դրոշմաքանդակ, արվեստաբան մի ընկեր ասաց, որ դրվագել են թարգմանում, ես առաջարկում էի սեպապատկեր և համաձայնեցի սեպադրվագ տարբերակի: Ամալգաման կատակով առաջարկեցի «զոդախտույթ», տրիվիալ բանը՝ «պստաճշտիկ բան», տրիվիաները՝ «ճշտիկներ»: Empower-ը դե թարգմանել ենք «զորավորել» կամ «իշխանավորել»: Entitled առաջարկեցի թարգմանել «արժանանշված», «արժանագրված», նաև դուրըս եկավ՝ «տիտղոսարտոնված», իսկ Դավիթ Իսաջանյանը մի ամբողջ տրամաբանական մոտեցում առաջարկեց. «Եթե տեսական տեքստ է, ավելի լավ է ուղիղ թարգմանել` տիտղոսված, տիտղոսյալ, տիտղոսավորված (համարում էր, թե տիտղոս(ավոր)ված է…): Ի դեպ, անգլերենի en- նախամասնիկը առավելական է այս բառում`աուգմենտատիվ, այսինքն`բառի բուն իմաստը խտացնող`խոշորացնող։ Հայերենի առավելականներն են` գին (ջերմագին), ավետ (խաղաղավետ), ատ (խորխորատ), եղ (ահեղ), այն է` տիտղոսեղ(ացած), եթե պատճենենք»։

Մեյնսթրիմինգը ես առաջարկել էի «մայրուղացնել», կատակեցին, ասացին՝ «տռաս հանել» ոնց որ լինի, Իզաբելլա Սարգսյանն առաջարկեց «ներհյուսել», որն իմաստը փաստորեն լիակատար արտահայտում է այլ ձևով, պարզվեց, որ կա նաև «հիմնահոսք» տարբերակը՝ մեյնսթրիմ իմաստով, սակայն «հիմնահոսել»-ը չէր ստացվելու, որովհետև բառն ինգ—ով ու առանց ինգ-ի երկու տարբեր իմաստ է արտահայտում համաշխարհային անգլերենում: Եկանք եզրակացության, որ «գենդերային մոտեցումների ներհյուսում բյուջետային քաղաքականությանը» շատ գեղեցիկ է հնչում:))

Սուբստիտուտ-ը  գրեթե միշտ կարելի է թարգմանել փոխարինիչ: Պանացեա-ն՝ ամենաբուժիչ, վատ չի հնչում: Էվֆեմիզմ-ը թերասացություն կամ մեղմասացություն են թարգմանում, ճիշտ, թեև թույլ թարգմանություն է, թեև՝ գեղեցիկ բառեր:) Պլացեբո-ն ես և մի քանիսը կես-կատակ առաջարկում ենք դատարկադեղ, տափակադեղ, խաբադեղ, դեղախաբկանք, դեղախաբ: Պրեսուպպոզիցիա-ն՝ կանխենթադրույթ, իմպլիկատուրա-ն՝ ներհետևություն, ներհետևույթ, ներնքնահանգում կամ ետկցում…)))

Կարեն Անտաշյանը որոշեց թարգմանել mindfulness-ը, բայց ոչ պարզապես որպես բառ, այլ՝ որպես որոշակի, իմ կարծիքով՝ էզոտերիկ ուսմունքների տերմին: Կոլեկտիվ ուժերով տրվեցին բազում տարբերակներ. գիտակցականություն, զգայականություն, զգայունակություն, զգոնություն, զվարթնություն, զվարթուն, ինքնատեղայնացում, լիազգայունակություն, լիազգացություն, լիամտություն, խոկունություն, խոհականություն, մտաբավություն, մտազգոնություն, մտազննություն, մտակենտրոն, մտասևեռում, մտարթնություն, մտարթուն, ներարթնություն, ներդիտարկում, ներկալինելություն, ներհայեցողություն, ուշիմություն, պահագիտակցում, պայծառամտություն: Ես կգերադասեի «խելատեղյակություն, խելալիություն» (կատակ):

Ֆեյսբուքում մեծ ուշադրության արժանացավ прихвостень բառը թարգմանելու առաջարկս: Ծնվեցին հետևյալ տարբերակները. պոչամերձիկ, ագակից, ձետամերձ, պոչացու, մակաձետ, պոչաքսու, ագալեզ, պոչորդ, ոռապոչիկ, սուտաքսու, սուտաքարշ, պոչի մազ, պոչաոջիլ, ստորագի, կպպոչ, պոչակպիկ, ետնուկ:

Արտահայտությունների՝ «անուղղակի խոսքային գործողության» թարգմանության հարցն էլ է բարդ, ահա մի դեպք աշխարհի բազում դեպքերից. « «Ֆեյր ինաֆ», ասաց ի պատասխան: Անթարգմանելի անգլերեն արտահայտություն: Բառացի՝ «բավարար չափով արդար է»: Իմաստով մոտավորապես՝ «իրավունք ունես» » (իմ մի գործից): Քիչ դեպքեր կան, երբ, թվում է, կարելի է բառացի պահել եղած արտահայտությունը, ասենք՝ «անկյունը կտրել». «Նա սովորություն ուներ անկյունները կտրել, եթե գիտեր, որ չի բռնվի»: Չգիտեմ, հասկանալի է, թե ոչ: Քանի որ «կարճ կտրելը» կա՝ գուցեև հասկանալի է:

Կատակ ու ծիծաղով լի է թարգմանության շուրջ սրամտելու ասպարեզը, մանավանդ շատ եմ հանդիպում ռուսերենի և անգլերենի վերաբերյալ, բայց հայերենի էլ լիքը կա. Յումուրթաջյան-ը թարգմանենք Ձվագործյան, կամ взбалмошный-ն՝ վզբալմոշային: Դեռատիզացիան «դեռատացնել» թարգմանելը նույնպես այդպիսի կատակներից է: Կամ՝ Սիլմարիլյոնը՝ «եթե նա ամուսնանա առյուծի հետ»: Կլյասեր և կլաստեր բառերն իրար խառնելը, էլ չասած՝ կլյասերի փոխարեն կլյաստեր կամ կլաստեր ասելը, շատ տարածված է: Կլաստերի ձայնա-իմաստային ասոցիացիաները նույնպես խորն են տանում՝ կլիստիր, կլեյ: Երևի, «կլաստեր»-ը կարելի է թարգմանել «կուտակույթ»: Իսկ «կլյասեր»-ը, դու մի ասա, պարզ «կլաս»՝ դաս բառից է՝ դասիչ: Կատակի դասից է մի անգամ հորջորջածս. «Ինչի, օրինակ, պերեդատչիկը հաղորդիչ ա, իսկ դատչիկը՝ տվիչ: Ավել լավ չէր ըլնի դատչիկը լիներ ղորդիչ»: 

Ռուսերենից եկող ժարգոնային, ինչպես նաև գողական հսկայական բառապաշարի մեջ (գողական բառերի բառարանի սևագիրն արդեն պատրաստ է, շուտով կհրապարակվի, ժարգոնի բառարան էլ եմ ուզում կազմել) գոհարներ են հանդիպում, ինչպես «զաշկալ»-ը՝ Աննա Դավթյանի «Խաննա» վեպից: Ռուսերենում օգտագործվում է ոչ թե ցանկացած «գերանցում», այլ հատկապես կանանց էմոցիոնալ հախուռնությունը բնութագրելու համար:

Բառ կամ տերմին թարգմանելը՝ լրջով թե անլուրջ, անպայմանորեն առնչվում է նրանց եթե ոչ պատմական, ապա իմաստային ստուգաբանությանը: Լինում է, իհարկե, երբ, թարգմանելիս թե ոչ՝ բառախաղը դառնում է ստուգաբանությունից լրիվ անջատ, և բառի իմաստին միանում է նրա ձայնային նմանությունն այլ բառերի, դրան էլ՝ հեռու ասոցիացիաները: Կարճ և ոչ շատ տիպական օրինակ է «քար» բառը, որն «իմ մեջ» արդեն վաղուց ասոցացվում է, բացի քարից, նաև ավտոմեքենային:

Բառախաղերի մի հսկայական աշխարհ գոյություն ունի, որից բերեմ ընդամենը մի քանի օրինակ.

«Երբ մի 15 տարեկան էի, թեզաուրուս բառն իմացա, համոզված էի, որ Թերեզա անվան և «զավր» (դինոզավր) բառի հապլոլոգիա է՝ Թերեզաուրուս՝ ինչպես «վայրի Թերեզիկ», բայց հետո հանդիպեցի тезоименитство բառին ու հասկացա, որ «թեզ» առանձին էլ գոյություն ունի, «թեզիսներն» էլ դե ապրիլյան էին, սաղ տեղը նստեց: «Աուրան» էլ էդ ժամանակներում յուրացրեցի, հետաքրքիր էր, որ «Ավրորա» հածանավի հետ կապ ուներ, իսկ հածանավը հացի հետ՝ չուներ: Իսկ թեզիսը մտածում էի, գուցե թիթիզ բառի հետ առնչություն ունի (թիթեզիս, ինչպես միմեսիս), իսկ սա հաստատ նաև tease բառի հետ պիտի ունենար, բայց պարզվեց, որ ոչ՝ tease-ը ավելի շուտ ջիջիլ բառի հետ ունի առնչություն որոշակի կոնտեքստում, իսկ, այ, թե ոնց ա թիթիզը դառել ջիջիլ՝ դա արդեն Նիկողայոս Մառռ պիտի լիներ, որ բացատրեր»:

Ստուգաբանությունը հայտնի խաղ է, շատ ուրախ: Շառլ Բալլին ասում էր՝ պետք է արգելել «ախպերական» ստուգաբանությունները: Մինչդեռ դրանք անարգելելի են (sic!), և որքա՜ն խաղային հաճույք կարող են պատճառել: Զգացում ունեմ, որ խաղային ստուգաբանությունը ուղեղի հոյակապ մարզանք է: Ես դրանով ամբողջ կյանքս եմ զբաղվել, և ուրախանում եմ, երբ տեսնում եմ այլ զբաղվողների էլ, օրինակ՝ Մեսրոպ Հարությունյանին, որը հաճախ է գրում որևէ ֆուտբոլիստի ազգանվան խաղային ստուգաբանություն, հանգեցնելով, իհարկե, նրա հայկական ծագմանը, ուրիշ էլ ի՞նչ: Ինչպես, օրինակ, այստեղ.

«Էրլինգ Բրյոուտ Հոլանդ, նորվ.՝ Erling Braut Haaland, Ծննդյան վկայականում գրված է Håland, նորվեգերեն արտասանությամբ՝ [ˈhòːlɑn]: Կենսագրական տվյալների Սինգապուրյան կենտրոնի վերջին ուսումնասիրություններով՝ արմատներով հայ է, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցարական բանակից փախած և Նորվեգիայում հանգրվանած՝ Մեղրու շրջանի Կարճևան գյուղի ծնունդ Հոլաց Երվանդի ծոռը»:

Մեսրոպը շատ է այսպես խաղում, ես էլ հաճախ ձայնակցում եմ: Օրինակ, ի պատասխան մի անգամ գրեցի հետևյալը.

«Հանրահռչակ գրող Սալման Ռուշդիի ապուպապուպապը՝ ջուղայեցի Համբարձում Տեր-Սիմպոզյանը (հայտնի խոհարար և առևտրական), մի անգամ քարավանով հասավ Հնդկաստան և հիվանդացավ: Հասկանալով, որ այլևս չի կարող վերադառնալ հայրենիք՝ նա հաստատվեց Հնդկաստանում և ստեղծեց այնտեղ մի խորտկանոց: Քանի որ նա միակն էր ողջ Հնդկաստանում, որը ռշտա ուտեստն էր պատրաստում, և համոզված էր, որ իր խորտկանոցից անդին (դեպի ձախ, եթե նայենք, ինչպես էկրանին, այսինքն՝ դեպի արևելք) այդ ուտեստն այլևս աշխարհում չկա, իր խորտկանոցի անունը դրեց «Սահման ռշտի», ի նշումն այն հանգամանքի, որ սա աշխարհում ամենավերջին կետն է, ուր ռշտա է մատուցվում (նա սխալվում էր, բայց հարցը դա չէ): Իրեն էլ այդպես սկսեցին անվանել, միայն ձևափոխելով ըստ սանսկրիտի առոգանության: Այդպես ստեղծվեց Սալման Ռուշդի անուն-ազգանունը, որը սկզբում պաշտոնապես տրվեց Համբարձումի թոռանը, իսկ հետո՝ հասավ ծոռան-ծոռանը»:

Կան ոչ պակաս կայֆոտ իրական ստուգաբանություններ: Անգլերենում մեծատառերի և փոքրատառերի հանելուկային անվանումը՝ upper case և lower case, դու մի ասա, բացատրվում է նրանով, որ ճամփորդող տպագրիչները ճամպրուկ ունեին, որի վերին մասում արճիճե մեծատառերն էին, ստորին մասում՝ փոքրատառերը: Ստուգաբանությունները հսկայական կարևորություն ունեն և լիքը բան են բացատրում բառիմաստի վերաբերյալ: Չէ որ հաճախ բառիմաստը հանելուկային է, ասենք, ինչու «տրամադրությունը», «տրամաբանությունն» ու «տրամագիծը» նույն «տրամ» արմատն ունեն:

Բայց այստեղ կանգ կառնեմ հատկապես խաղային ստուգաբանությունների վրա, որոնք կայֆ են: Բերեմ իմ խաղիկների մի քանի օրինակ:

«Հիսունականներին, երբ չեչենները նոր էին վերադարձել իրենց հայրենիք և խոպանչի հայ շինարարների առաջին խմբերն էին գնում, ներառյալ Հյուսիսային Կովկաս, մի օր չեչենն ուզում էր հայ շինարարին բացատրի, որ էդ տունը սարքելու համար ոչ թե պարզապես փիլաքյան ա պետք, այլ հատուկ հարմարանք. «սենց պինդ ձողերի միջև հարթություններ են», – ասում էր, – ոնց որ մեր Խառաչոյ հարգարժան տեյպը: Բոլորը իրար հետ, մեկը մեկից կպած, վրեն կանգնես՝ պինդ կմնաս, իսկ ինքը՝ փոխհյուսված համակարգ ա, բոլորը բոլորին հենվող ու սիրուն, սիմետրիկ»: Էդպես առաջացավ խառաչո բառը՝ հայ շինարարների գլխավոր բառերից մեկը»:

Հետաքրքիր է, որ ես այստեղ չեմ օգտագործել մեկ այլ իսկույն աչք զարնող զուգորդում՝ «խառաշո» բառի հետ: Կամ՝ «Карачай» կամ «херачить» բառերի հետ:

«Զանգված» բառի պատմության երկու տարբերակ.

1. «Պետք էր մետաղ՝ եկեղեցական հսկա ու ծանր զանգերը ձուլելու համար: Վարպետն աշխատավորների հետ քայլում էր մետաղի կտորների կողքով, որոնք պիտի գնային ձուլարան այդ նպատակով: 

– Շա՜տ լավ որակի մետաղ է պետք, – ասում էր Վարպետը, ստուգելով մետաղի կտորների ձայնը՝ մի փոքրիկ կտորով զարկելով չուգունե ձուլածոների կողին: – Մեր եկեղեցու ղողանջը պիտի էնպիսին լինի, որ էստեղից մինչև աշխարհի ծե՛րը լսվի:

– Ա՛յ, սա լավ կտոր է, – հանկարծ ասաց: – Սրան գումարեք ա՛յ, էն մեկը՝ ու կհերիքի:

Աշխատավորները, դժվարությամբ քարշ տալով, մետաղի ծանր կտորը շալակած բերեցին-դրեցին դրանից է՛լ ավելի մեծի կողքին:

– Իսկակա՛ն զանգի մետաղ է, Վարպե՛տ, – ասաց աշխատապետը: – Հեսա մտցնենք քուրայի երախը ձուլենք՝ համարիր, որ Զանգված է»:

2. «Երբ Նորքի Զանգվածը կառուցում էին, Քաղաքապետը (որի հայրը քահանա էր, 37 թվին գնդակահարված) ասաց Ճարտարապետին. էնպիսի մի թաղամաս ես նախագծում, որ մեջտեղը եկեղեցու զանգերը զանգեն՝ ողջ թաղամասը լսի: Երբ Ճարտարապետը նախագծեց-կառուցեց, ասաց. Քաղաքապե՛տ, եթե մեջտեղը եկեղեցի լինի՝ համարիր, որ զանգերն էս թաղի ամեն տանը զանգված են: Բայց եկեղեցի չկար, շատ հետո կառուցվեց»:

Մեկ այլ մտավարժանք.

«Gadget բառն առաջացել է ֆրանսերեն gachette բառից՝ ձգան, և gagee բառից՝ գործիք: Առաջարկում եմ հայերենը՝ ձգնուկ կամ բանիկ: Որոշ մարդիկ հետո առաջարկեցին «կրտոց»: Ի միջի այլոց, «բանիկ» բառը՝ «բան» արմատից, համապատասխանում է նաև Բրեդբըրու հանրահայտ պատմվածքի գաղափարին: Կա նույնիսկ աղյուսակ, որտեղ այդ հասկացության հոմանիշների անգլերեն-ռուսերեն բառարանիկ է պարփակվել: Հայերենի դեպքում իմ մտքով հիմա անցնում են միայն ժնջիլն ու ղֆիլը, վերջինս՝ Կոնստանտին Գյոդակյանից լսած»:

Ի միջի այլոց, ուշադրություն դարձնենք, որ «աղյուսակ»-ն աղյուս-ից է:

«Վալենտինան կյանք, ուժ, արժեք, կոմպետենցիա արմատից է, վալենտ բառից (չխառնել վալետի հետ), որը շատ սիրել եմ միշտ, որովհետև ակտուալ պոտենցիալ է ցույց տալիս՝ ասես մագնիս, մի բան ունի՝ պոտենցիալ տեղ, որ դեպ իրեն է քաշում ինչ-որ մեկին, իր մեջ ինչ-որ բան նստեցնելու, ընդգրկելու տեղ ունի (էդ էլ քիմիայից եմ հիշում), հատկապես՝ ամբիվալենտ բառն եմ սիրում (Բախտինից), որը հայերեն թարգմանել եմ «երկունակ»: Չխառնել բիգամիայի հետ:)))»

«Ստատուս բառն առաջացել է «սուտ չի, տատուս արև» արտահայտության հապլոլոգիայից, և խեղճ տատիները մինչև հիմա մղկտում են: Ստուգել բառը նույնպես առաջացել է «սուտ» արմատից՝ «սուտ» ու «գել»՝ «գայլ», այսինքն՝ եթե սուտ էիր ասում՝ գելի բաժին ես»: Կամ, ավելացնեմ այժմ, հղում է այն առակին, երբ գելերը գալիս էին, իսկ ստախոսին այլևս ոչ ոք չէր հավատում: Մի անգամ էլ ստատուս-ին որպես զույց առաջարկեցի սպապուս-ը, և մեծ հաջողություն էր ֆբ-ում:

«Զեկերը երբ վերադարձան Լադոգայից՝ մեծ ու խորը ջրափոսերը սկսեցին կոչել «լադոգ»: Ի միջի այլոց և՛ Լադոգա, և՛ ռուսերեն лоток բառերը, ըստ մի վարկածի, նույն արմատից են և գալիս են լիտվերենից»:

Էթիմոլոգիաների խաղի այս երկարատև պատմությունն ավարտեմ ևս մի երկարով՝ Մեսրոպի և իմ «երկխոսությամբ» մի շատ կարևոր հարցի մասին.

«Այո, հենց Թոմաս Թուխել, ոչ թե Տուխել, ինչպես գրում են մեր լրատվականները: Գերմաներենում Տ հնչյուն չկա: Կա միայն Թ: Այն որ Գերմանիայի Բավարիա երկրամասի հարավ-արեւմուտքում գտնվող Շվաբիայի բնակիչների՝ շվաբների մի մասը հայկական ծագում ունի, վաղուց հայտնի է: Շվաբիայի տարածքը շատ հնում կոչվել է Ալեմանիա եւ այստեղ բնակվել են Ալեմանները… Լսեցի՞ք հնչողությունը: Հապա համեմատե՞ք. Արմենիա – Ալեմանիա: Արմեններ – Ալեմաններ: Այսինքն՝ Ալեմանիան Արմենիա անվան հնչյունափոխված տարբերակն է: Ալեմաններն այստեղ են եկել Հայաստանից 1-3-րդ դարերում: Այժմ Ալեմանիա անունն ու Ալեմանները համարյա վերացել են (հայի բախտ ա, էլի)՝ կուլ գնալով այդ տարածքներում հետագայում հաստատված շվաբներին: Սակայն ներկայումս շվաբները խոսում են տարբեր բարբառներով, որոնցից մեկն էլ հենց ալեմաներենն է: Արդ, Թոմաս Թուխելը ալեմաններից սերող շվաբ է՝ ծնված Գերմանիայի Բավարիա երկրամասի, Շվաբիա վարչական միավորի, Գյունցբուրգ շրջանի Կրումբախ համայնքում: Կարծում եմ, կարելի է, Թուխելի արմատները նկատի ունենալով, մտածել նրան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հրավիրելու մասին: Հայտնի է, որ իրենք՝ շվաբներն ու ալեմանների սերունդները չեն սիրում գերմանացիներին, ահա թե ինչու Թուխելը ժամանակին դարձավ ոչ թե Մյունխենի «Բավարիայի», այլ վերջինիս «ոխերիմ բարեկամ» «Բորուսիայի» (Դորտմունդ) գլխավոր մարզիչը: Եվ հենց Թուխելի հայկական արյունն էր ստիպում նրան այդքան գնահատել մեր Հենոյին: Հենոն էլ հենց Թուխելի օրոք բացվեց եւ դարձավ այդ տարվա Բունդեսլիգայի լավագույն խաղացողներից մեկը: Այնպես, որ, եթե «Բավարիան» այսօր հաղթի, ապա Թոմաս Թուխելի համար ՉԼ-ի եզրափակիչն առավել քան սկզբունքային է դառնալու»:

Իմ պատասխանը.

«Բայց դու չես պատմում ազգանվան կերպափոխության պատմությունը. կա մի քանի վարկած. ա) ապուպապի ազգանունը Արիստակեսյան էր: Քանի որ դժվար էր դա պահպանել շվաբների ու Գերմանիայի իրավիճակում՝ որոշեցին գերմանական ազգանուն դարձնել: Գերմանական զագսում (որի գրագիրը նույնպես շվաբ-հայ էր) տեղի ունեցավ հետևյալ խոսակցությունը նրա փոքրիկ պապի վերաբերյալ. – Հայ ա՞: – Հա: – Թուխ էլ ա, հայի պես: – Էդպես նրա պապի ազգանունը դարձավ Թուխել: բ) ատուտատը հոյակապ խմորեղեն թխող էր: Ապուպապը շուտ մահացավ, ավաղ, երեխու ծննդից էլ առաջ: Ատուտատը թաղում հայտնի էր նրանով, որ ինչ հանդիսություն լիներ՝ ասում էր «Պետք ա՞ տորթ թխել»: Որ երեխուն տարան զագս՝ աշխատողն ասեց «էս նրա երեխան ա՞, որ միշտ ասում է «թխել, թխել»: Տենց պիտի գրեին Թխել, բայց որտև շվաբերենում (ալմաներենում) էդ երկու բաղաձայնն իրար լավ չեն գալիս, ու զագսի աշխատողն արդեն կամաց-կամաց ասիմիլացվում էր, հայերեն ակցենտով էր խոսում՝ գրեցին «Տյուխել», որն էլ հետագայում ձևափոխվեց «Թուխել»-ի: Դե երրորդ դեպքն էլ դրան նման ա մի քիչ. ապուպապը դպրոցում հայտնի էր նրանով, որ տնայինները միշտ թխում էր: Բոլորին ասում էր «կարելի՞ ա թխել»: Ու որ նոր ազգանուն պիտի դնեին, զագսի աշխատողն ասեց «դու էն տղեն չե՞ս, «Թխել, թխել». տենց էլ գնաց: Կա նաև չորրորդ դեպքը, իհարկե. իրանք շատ աղքատ էին: Մի անգամ ապուպապին մի հատ զոռբա արհամարհանքով ասեց. տո դու ի՞նչ ունես, որ: Ապուպապն էլ պատասխանեց. «Երկու կով: Ու դուխ էլ»: Դա դարձավ ասացվածք, ու հետո, քանի որ բոլորն էդ տոհմին էդ ասացվածքով էին ճանաչում, պապն իրա ազգանունը փոխեց «Դուխէլ»-ի, բայց շվաբերենի հնչյունափոխության պատճառով դարձավ «Տյուխել», հետո՝ «Թուխել»: Էս դեպքը շատ կարևոր ա նրանով, որ որոշակի ազդեցություն ա թողել և՛ ռուսերենում «դուխ» բառի զարգացման վրա, և՛ Նիկոլի՝ 2018 թ. հեղափոխության:

Քանի որ էս խնդրով ենք զբաղվում, նաև նշեմ, որ Արմեն-Արման-Ալեման-Գերման հարցով եմ ժամանակին զբաղվել և նույնիսկ գրել: Կարճ վերարտադրեմ: Ինչպես գիտենք, Գերման բառով Դոյչ ազգին-պետությանն անվանում են դրսից: Բանն այն է, որ արմեն-ալեմաններն ինչ-որ պահի, լինելով ակտիվ և ապրելով հին Գերմանիայի սահմանամերձ տարածքներում, դարձան ամենաասոցացվողը այդ ազգախմբի մի խոշոր մասի հետ: Շրջակա լեզուների որոշակի հնչյունական հատկանիշների պատճառով ալեմանը շուտով դարձավ «հալեման», հետո՝ «ջ/ժերեման» կամ, ի վերջո, «գերման» (Սեն-Ժերմեն-ը դրանից է): Հետաքրքիր է, որ այդ ժամանակներում հին հունական պանթեոնը նոր էր կազմավորվում, և այդ ակտիվ ցեղախմբի անունով կոչվեց այն աստվածը, որ հովանավորում էր լիքը բան՝ առևտրից սկսած, հարստությամբ, սեփականությամբ, գողությամբ, բեղունությամբ, ճարպկությամբ վերջացրած: Այդպես, արմենները հիմք դարձան և՛ հին հունական Հերմես աստծո կայացման, և՛ այնպիսի հասկացությունների, ինչպես հերմետիկ, հերմենևտիկա և նույնիսկ, իհարկե, հերմաֆրոդիտ: Նաև, germanus լատիներենում սկսեց նշանակել «սեփական, ինքնին, ինքնանույնական, նույն (տվյալ) արմատին պատկանող», ի նշումն արմենական ինքնության ամրության և անսասանության, և մինչև այսօր դա է նշանակում ֆրանսերենում և անգլերենում, տալով նաև հատուկ անուններ, ասենք՝ Germain ֆրանսերեն կամ Hermiona անգլերեն»:

**

Լեզվին իմ մոտեցման բոլոր նրբերանգները (նյուանսները) և մանրամասները (դետալները) այստեղ չեմ բացում, սա ընդամենը երկու կտոր է իմ վեպաչափ էսսեից, աշխատում եմ, թեև գիտեմ, որ էլի սադրիչ (պրովոկատիվ) է՝ չափազանց էպատաժոտ չլինել, թողնել հավելյալ էպատաժը հետագային, էդ պուրի, հուրի-փերի պուրիստների՝ մաքրամոլ, մաքրապաշտ, մաքրազուլալիկ, մատնեմաքրիկ – թոռնիկներին: Մի քանի ակնարկ անեմ. բառը գրեթե չկա, բառի վրա լեզվի վերաբերյալ սեփական հասկացությունը հիմնելը մեթոդական սխալների հիմք է դառնում: Ցույց տվեցի, որ տերմինները բազմիմաստ են: Հակառակն էլ. բառը՝ որ գրեթե չկա,))) տերմին է: Ամեն բառ դառնում է տերմին, երբ պիտի թարգմանվի՝ իր բառ-ությունը պահպանելով, այսինքն մի լեզվի թեզաուրուսի ամպից տեղափոխվի մեկ այլ լեզվի թեզաուրուսային ամպ, առանց իր բառ-ությունը կորցնելու: Պացիենտ թե բուժառու՝ հայոց լեզուն շատ հարուստ է, բայց իր հարստությունը հասկանալու համար միայն բառերի քանակը, հեշտ թարգմանելիությունը պատկերացնելը քիչ է: Որովհետև այդ դեպքում իսկույն հանդիպում ես խոչընդոտների, օրինակ՝ աղջիկ որդեգրելը նորմա՞լ է: Իհարկե, քանի որ «որդի» բառն իր ամպում չունի պարտադիր կցվածություն արական սեռին, բայց… Այսօր մի քիչ տարօրինակ է թվում: Ֆեմինիստը կասեր՝ իգական սեռի թերագնահատումն է պատճառը, համարել են, որ տղաներն են որդեգրման արժանի բանը… Դստրագրե՞լ: Զավակագրե՞լ: Մեսիջ-ը հաղորդագրություն-ն է, իսկ եթե այն գրավոր չէ՞: Հաղորդու՞մ: Передача? Իսկ դրա մյուս իմաստները՝ ծանրո՞ց: Տուլի՞կ: Հաղորդատուլի՞կ: Հրապարակախոս-ին գումարվեց հրապարակա-գիր-ը: Կոմունիկացիան, այո, հաղորդակցությունն է: Ու հենց կոմունիկացիայի մեծ աշխարհում է՝ կյանքաշխարհում (որովհետև կենսաշխարհն ուրիշ է, life-world-ը չէ), որ իմաստները բառերով, թվում է, «սեպվող»՝ «առաջին շերտի» իրականության կտորներով չեն հաղորդվում, այլ՝ բոլոր շերտերի համրագումարներով: Իմաստների միջև այն «արանքները» չկան, որ, թվում է, կան «իրերի» միջև, որովհետև, թվում է, կան «բառերի» միջև:

Կարեկեցել-ը, կարծես, մոռացած՝ ստեղծեցին ապրումակցել-ը, լավ, թող լինի, թող սա էլ լինի՝ նա էլ, ընդգրկել-ը լրիվ մոռացել ու, չգիտես ինչու, թագադրել են ներառել-ը՝ այդ դժվար արտաբերվող բառը՝ մեր քիմքին խորթ, որովհետև մեր քիմքին հարիրը կլիներ «ներառնել» (իսկ «ներառյալ»-ը վաղուց կա և շատ էլ հաջող է հնչում ու օգտագործվում), հնար-ին զուգահեռ ես առաջարկում եմ կիրառուկ-ը, որովհետև հնար-ը հնարամտություն է ցույց տալիս, իսկ կիրառուկ-ը՝ միջոցի, գործիքի կիրառելիությունը, գործիքայնությունը, գործիքայնացումը: Պատկանյանը մի տեղ ամրոցին-ի փոխարեն գրել է ամր-ին, ես էլ՝ սեփական-ի փոխարեն՝ սեպուհ: Ինձ ասում են, ինչու ես մինչև-ի փոխարեն գրում մինչ, դեպի-ի փոխարեն՝ դեպ, դա պոետիկ լեզվին է հատուկ միայն, միայն «պոեզիայում» իրավունք կա այդպես գրել, ես ասում եմ՝ ա. մեր ժամանակը թանկ է, ավելորդ տառեր օգտագործելու և ընթերցելու ժամանակ չկա, բ. չկա պոետիկ և ոչ պոետիկ լեզու, ողջ լեզուն է պոետիկ, պոեզիա, և այն լեզուն, որը հերքում է դա՝ օֆիցիալ-բյուրոկրատական տափակ լրջության լեզուն՝ իշխի, շահագործման նպատակադրումով է գործածվում, կորչի՛: Պոետիկացրու՛ այն՝ ծաղրելով, որպես պարոդիա մեկնաբանելով (մեկնել՝ մեկնել, ու՞ր ես մեկնում, Շորժա՞, Շարժա՞ թե՞ Շողակաթ), ինչպես բյուրոկրատ իշխակնոջն ես մտքումդ հանվեցնում և՝ նրա կոռումպացված-փչացած անարդարությունից այլևս կախված չես:

Բայց հարցը դա չէ. հայոց լեզվի հարստությունն իր ազատությունն ու ճկունությունն է, այն, որ կարող ես այդ լեզվով արտահայտել ինչ ուզես՝ ստեղծելով բառեր և արտահայտություններ, հենց որ մտքովդ անցավ: Իրար խառնելով բարձրաբերձ գրական ու «ցածրացերծ» խոսակցական ոճերը, ինչպես նաև պարզապես ամեն քայլափոխի ազատ բառաստեղծմամբ: Ահա մի խուրձ բառեր, մի փոքր խուրձ, որոնք նկատել ու կուտակել եմ հենց վերջին ամիսներին (հավաքած ունեմ շատ ավելի).

Ճշտորոշել, կրթապիտակ, անդրանցական (տրանսցենդենտա՞լ), շեմագիր, կլորամյակ, հիշակորստյան, տեղեկույթ (ինֆորմացիա), համարժեքություն (էկվիվալենտ), մերթող (Վանո), որակազերծ, ինֆլյուացիա, խաղացկային, խոհակից (likeminded?), մեծիկներ, սերնդապիղծ, փառք ստեղծիդ հայոց լեզու, ելանելիություն, մարգասեզ, սինաբար, իշխանապանծ, անուտելի, հակատրամադրված, անխոր, երկաթություն, համիշխել, համայնքանպաստ, բացատրիչ, անկողնել թե մահճակալել (to bed), բազմաթոռ, ռադիոռելեային:

«Արհեստածին» սրանց մի մասը սրամիտ է, մյուսն՝ անհաջող, 99 տոկոսը՝ հասկանալի, մի մասը գուցե մնա, մի մասը լրիվ հայերենի բառակազմության սկզբունքներով է կազմվել, մի մասը տերմին դառնալու հավակնություն ունի, մի մասը գուցե բարբառում կա (մերթող) և էլի հայերենի բառակազմության ճշգրիտ սկզբունքներով է ստեղծվել, կարելի է այդ սկզբունքները վերհանել և դասակարգել այս կարգի բառերը, մի մասն աբսուրդ է և հումոր…Բայց մի բան հստակ է. միջազգային տերմինը հայերեն տարբերակի հետ միասին՝ հարստացնում է լեզուն, ո՛չ թե աղքատացնում: Ե՛րբ ո՛րն ուզում ես, որտե՛ղ ո՛րը հարմար ես գտնում այս կամ այն կոնտեքստային պատճառով՝ օգտագործի՛ր, թեկուզ, այսօրվա՝ բառերի կատաստրոֆի պատմական ժամանակաշրջանում՝ երկուսը կամ ավելին՝ իրար հետևից:

Please follow and like us: